020.1294.190716
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
ՄԱՐԵՏԱ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 249-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
19 հուլիսի 2016թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի (զեկուցող), Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`
դիմող Մարետա Առաքելյանի,
գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավախորհրդատվական բաժնի գլխավոր մասնագետ Վ. Դանիելյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Մարետա Առաքելյանի դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Մարետա Առաքելյանի` 29.02.2016թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
ՈՒսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. ՀՀ քաղաքացիական օրենսգիրքն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից` 1998 թվականի մայիսի 5-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել` 1998 թվականի հուլիսի 28-ին և ՀՀ Ազգային ժողովի կողմից 17.06.1998թ. ընդունված` «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի համաձայն ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 1-ից:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` «Գրավ դրված գույքի վրա առանց դատարան դիմելու բռնագանձում տարածելու կարգը» վերտառությամբ 249-րդ հոդվածը սահմանում է.
«1. Գրավառուն իր պահանջի բավարարման նպատակով իրավունք ունի առանց դատարան դիմելու գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու և իրացնելու այն, այդ թվում` գրավ դրված գույքը հիմնական պարտավորության համապատասխան չափի դիմաց գրավառուին կամ գրավառուի նշած երրորդ անձին ի սեփականություն հանձնելու, եթե`
1) դա նախատեսված է գրավի պայմանագրով, կամ`
2) առկա է գրավառուի և գրավատուի միջև կնքված գրավոր համաձայնություն, իսկ եթե գրավի պայմանագիր կնքելու համար պահանջվել է երրորդ անձի համաձայնություն կամ թույլտվություն, ապա նաև վերջինիս գրավոր համաձայնությունը` առանց դատարանի վճռի գրավ դրված գույքի իրացման մասին:
2. Գրավով ապահովված պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում գրավառուն գրավոր` պատշաճ ձևով ծանուցում է գրավատուին առանց դատարան դիմելու գրավի առարկայի բռնագանձման մասին (բռնագանձման ծանուցում): Գրավատուն իրավունք ունի դատական կարգով վիճարկելու սույն հոդվածի համաձայն գրավի առարկայի բռնագանձման օրինականությունը, որի պարագայում դատարանը կարող է կասեցնել գրավի առարկայի բռնագանձման ընթացքը: Դատարանը կարող է կասեցնել գրավի առարկայի բռնագանձման ընթացքը, եթե գրավատուն կտրամադրի գրավի առարկայի արժեքին համարժեք ապահովում` գրավառուի հնարավոր վնասները հատուցելու համար:
Բռնագանձման ծանուցումը պարտապանին պատշաճ ձևով հանձնելուց հետո գրավառուն իրավունք ունի գրավի առարկան վերցնելու իր տիրապետման տակ (եթե շարժական գույք է), ինչպես նաև խելամիտ քայլեր ձեռնարկելու գրավի առարկան պահպանելու, սպասարկելու և դրա անվտանգությունն ապահովելու համար:
Բռնագանձման ծանուցումը պարտապանին հանձնելուց երկու ամիս հետո գրավառուն սույն օրենսգրքի ուժով իրավունք ունի սույն օրենսգրքի 195 հոդվածի պահպանմամբ գրավատուի անունից իրացնելու գրավի առարկան ուղղակի վաճառքի կամ հրապարակային սակարկությունների միջոցով, եթե գրավատուն և գրավառուն գրավի առարկայի իրացման այլ կարգ չեն նախատեսել: Գրավառուն պարտավոր է գրավի առարկան իրացնել տվյալ պահին շուկայում գործող ողջամիտ գնով»:
Օրենսգրքի վիճարկվող 249-րդ հոդվածը գործող խմբագրությամբ ամրագրվել է 04.10.2005 թվականի ՀՕ-188-Ն ՀՀ օրենքով:
2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին. դիմողի ամուսնու` Գեղամ Առաքելյանի և «Յունիբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` բանկ) միջև 20.07.2007 թվականին կնքված թիվ 068-23 վարկային պայմանագրի համաձայն` բանկը բնակելի տուն ձեռք բերելու նպատակով նրան տրամադրել է 36.000.000 ՀՀ դրամ գումար վարկ` տարեկան 15 տոկոս տոկոսադրույքով` մինչև 20.07.2019 թվականը մարելու պայմանով: Բանկի օգտին գրավադրվել է ձեռք բերվող` Երևանի Դավթաշեն 3-րդ թաղամասի թիվ 59/1 հասցեի տունը և հողամասը:
12.10.2009 թվականին կնքված անշարժ գույքի հաջորդող հիփոթեքի թիվ 270-23/ԱՀ պայմանագրի համաձայն` բանկը Գեղամ Առաքելյանին տարեկան 24 տոկոս տոկոսադրույքով տրամադրել է 50.000 ԱՄՆ դոլար վարկ` մինչև 12.10.2011 թվականը մարելու պայմանով: «Կենտրոն» նոտարական գրասենյակի նոտար Նունե Սարգսյանի կողմից 12.10.2009 թվականին վավերացված համաձայնության համաձայն` դիմողը համաձայնել է, որ Գեղամ Առաքելյանը (ամուսինը) գրավադրի իրենց ամուսնության ընթացքում ձեռք բերված` Երևանի Դավթաշեն 3-րդ թաղամասի թիվ 59/1 հասցեի տունը, իսկ վարկային պարտավորությունները չկատարելու դեպքում` համաձայնել է, որ գրավառուի պահանջները բավարարվեն գրավ դրված գույքի հաշվին` առանց դատարան դիմելու:
Բանկի կողմից 15.03.2011 թվականին Գեղամ Առաքելյանին ուղարկված և վերջինիս կողմից ստացված թիվ 269 բռնագանձման ծանուցման համաձայն` բանկը նշել է, որ Գեղամ Առաքելյանի կողմից 10-օրյա ժամկետում պարտավորությունները պատշաճ չկատարվելու դեպքում ծանուցումը հանձնելուց 2 ամիս հետո բանկն իրավունք ունի ուղղակի վաճառքի կամ հրապարակային սակարկությունների միջոցով իրացնելու իր օգտին գրավադրված` Երևանի Դավթաշեն 3-րդ թաղամասի թիվ 59/1 հասցեի բնակելի տունը:
Արտադատական բռնագանձման արդյունքում` գրավադրված բնակելի տունը 17.10.2012 թվականի թիվ 858/ԱՀ պայմանագրի համաձայն սեփականության իրավունքով հանձնվել է բանկի վարչության նախագահի տեղակալ Օվսաննա Առաքելյանին:
Դիմողի և նրա ամուսնու կողմից 15.05.2013 թվականին հայց է ներկայացվել Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ «Յունիբանկ» ՓԲԸ-ի, Օվսաննա Առաքելյանի, ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Երևանի ստորաբաժանման, երրորդ անձ` «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի` սեփականության իրավունքը վերականգնելու, անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքները կիրառելու պահանջների մասին:
Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի դրույթները` դատարանը թիվ ԵԱԴԴ/0529/02/13 քաղաքացիական գործով 21.10.2014 թվականին կայացրել է վճիռ, որով մերժել է հայցը:
Վճիռը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան: Վերաքննիչ քաղաքացիական դատարանը` հիմնավոր համարելով վերաքննիչ բողոքում նշված այն հանգամանքը, որ բանկի կողմից խախտվել է գրավադրված գույքի արտադատական կարգով բռնագանձման` ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված` գրավատուին ծանուցելու իմպերատիվ պահանջը, 29.01.2015 թվականին որոշում է կայացրել վերաքննիչ բողոքը մասնակիորեն բավարարելու և գործը նույն դատարան ամբողջ ծավալով նոր քննության ուղարկելու մասին:
ՀՀ վճռաբեկ դատարանը 27.11.2015 թվականի որոշմամբ բեկանել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.01.2015 թվականի որոշումը` օրինական ուժ տալով ընդհանուր իրավասության դատարանի 21.10.2014 թվականի վճռին:
3. Դիմողը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածը` իրավակիրառ պրակտիկայի կողմից դրան տրված բովանդակության մասով, հակասում է ՀՀ Սահմանադրության 10-րդ, 60-րդ և 61-րդ հոդվածներին` այնքանով, որքանով չի համապատասխանում սեփականության իրավունքի ճանաչման, երաշխավորման և պաշտպանության սահմանադրական մոտեցումներին:
Համադրելով ՀՀ Սահմանադրության 10-րդ և 60-րդ հոդվածներում ամրագրված երաշխիքները և վիճարկվող օրենսգրքի 249-րդ հոդվածի 1-ին մասի` «Գրավառուն իր պահանջի բավարարման նպատակով իրավունք ունի առանց դատարան դիմելու գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու և իրացնելու այն» դրույթը` դիմողն իր վերը նշված եզրահանգումը փաստարկում է հետևյալ կերպ. «ա) ակնհայտ է, որ արտադատական կարգով գրավադրված գույքի իրացման դեպքում նախատեսված է սեփականատիրոջ կամքին հակառակ առանց դատարանի որոշման գրավառուի կողմից սեփականության բռնագանձում, որը ենթադրում է սեփականատիրոջ կամքին հակառակ սեփականության իրավունքից զրկում, բ) ակնհայտ է, որ վիճելի իրավական նորմում բացակայում են սեփականության իրավունքից զրկման համար անհրաժեշտ օրենքով նախատեսված օբյեկտիվ հիմքերը»:
Դիմողը, վկայակոչելով ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-903 որոշման մեջ ամրագրված` սեփականությունից զրկելու հիմնական պարտադիր պայմանները, գտնում է, որ սեփականության իրավունքից զրկումը պետք է իրականացվի դատարանի միջոցով, անհատույց կերպով` որպես պատասխանատվությունից բխող հարկադիր գործողություն: Մինչդեռ անձի սեփականության նկատմամբ գրավառու բանկի հավակնությունը ներկայումս ձևավորված դատաիրավակիրառ պրակտիկայում լուծվում է գրավառու բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից իրականացվող բռնագանձման գործընթացի համատեքստում, նրանց հայեցողությամբ և հանգեցնում է սեփականությունից զրկելու կամայականությունների և ապօրինությունների:
Իր դատական պաշտպանության իրավունքի ենթադրյալ խախտումը հիմնավորելու համար դիմողը, արձանագրելով, որ օրենսգրքի վիճարկվող հոդվածի հիման վրա բանկն արտադատական կարգով բռնագանձել է իր գույքը, իրեն չի ծանուցել գրավի առարկայի բռնագանձման մասին, չի ուղարկել բռնագանձման ծանուցագրեր, գտնում է, որ դրա արդյունքում ինքը, որպես տան համասեփականատեր, զրկվել է գույքի բռնագանձման օրինականությունը վիճարկելու հնարավորությունից, հետևաբար` սեփականության իրավունքի դատական պաշտպանության իրավունքից: Բացի դրանից, ըստ դիմողի` վիճարկվող նորմում բավարար հստակությամբ չի բացահայտվում գրավադրված գույքի նկատմամբ սեփականության իրավունքի դադարեցման կամավոր և հարկադիր հիմքերի համադրման մեխանիզմները: Ըստ դիմողի` վիճարկվող նորմի առաջին մասում նախատեսված` սեփականության արտադատական իրացումը հանդիսանում է սեփականությունից զրկում սեփականատիրոջ կամքին հակառակ, իսկ երկրորդ մասը նախատեսում է սեփականատիրոջ գույքը պարտքի դիմաց հանձնելու մասին համաձայնության առկայության պարտադիր պայման և սահմանում, որ գույքի արտադատական բռնագանձումը չի կարող իրականացվել, եթե բացակայում է սեփականությունը հանձնելու մասին սեփականատիրոջ կամքով գրավատուի հետ կնքված գրավոր համաձայնությունը: Ըստ դիմողի` նման պայմանագիրը` տունը պարտքի դիմաց բանկին հանձնելու մասին, պետք է կազմվեր գրավոր ձևով և վավերացվեր նոտարական կարգով: Դիմողը, վկայակոչելով ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԿԴ/2013/02/12 և ԵԱԴԴ/0529/02/13 քաղաքացիական գործերով կայացրած որոշումները, գտնում է, որ Վճռաբեկ դատարանը դատական պրակտիկայում վիճարկվող նորմին տված իր տարբեր, իրարամերժ և հակասական մեկնաբանություններով սահմանափակել է իր դատական պաշտպանության և սեփականության իրավունքները, հանգեցրել իր իրավունքների և օրինական շահերի ոտնահարման:
Իր դիրքորոշումը հիմնավորելու համար դիմողը վկայակոչում է ՀՀ սահմանադրական դատարանի մի շարք որոշումներ, ինչպես նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի թիվ 1 արձանագրությունը:
4. Պատասխանող կողմը գտնում է, որ դիմողի կողմից վիճարկվող դրույթները չեն հակասում ՀՀ Սահմանադրությանը: Անդրադառնալով դիմողի կողմից վկայակոչված` Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 1-ին արձանագրությանը` պատասխանողը նշում է, որ արձանագրության 1-ին հոդվածը չի վերաբերում մասնավոր անձանց միջև զուտ պայմանագրային բնույթ ունեցող հարաբերություններին:
Ըստ պատասխանողի` ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 4-րդ մասում խոսքը վերաբերում է սեփականությունից զրկելուն, ինչը ենթադրում է անձի կամքին հակառակ սեփականության իրավունքի փոխանցում, մինչդեռ քննարկվող հոդվածի շրջանակներում անձը սեփականությունը կորցնում է գրավի առարկայի նկատմամբ նախապես տրված կամահայտնության պայմաններում: Պատասխանողն արձանագրում է, որ գրավի առարկան արտադատական կարգով իրացնելու դեպքում անհրաժեշտ է, որ անձն իր համաձայնությունը հայտնի կա՛մ անմիջականորեն գրավի պայմանագրով, կա՛մ գրավի պայմանագրից առանձին` գրավոր համաձայնությամբ: Նման իրավակարգավորմամբ օրենսդիրն անձի կամքի հստակ արտահայտման երաշխիք է սահմանել. կամքի արտահայտումը պետք է իրականացվի բացառապես գրավոր, այն է` օբյեկտիվ նյութական կրիչի վրա: Հետևաբար, ըստ պատասխանողի, անձը նախապես համաձայնում է իր պարտավորությունները պատշաճ չկատարելու դեպքում հնարավոր իրավական հետևանքներին, և այս մասով վերջիններս կանխատեսելի են անձի համար: Նշված տրամաբանությունը հատուկ է քաղաքացիաիրավական հարաբերություններում պարտավորությունների էությանը:
Պատասխանողի կարծիքով` դիմողն անհիմն է վկայակոչում վիճարկվող դրույթի` անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքին հնարավոր հակասությունը, քանզի օրենսգրքի 249-րդ հոդվածը գրավատուին իրավունք է վերապահում դատական կարգով վիճարկելու նույն հոդվածի համաձայն գրավի առարկայի բռնագանձման օրինականությունը, որի պարագայում դատարանը կարող է կասեցնել գրավի առարկայի բռնագանձման ընթացքը:
Ըստ պատասխանողի` դիմողը սույն սահմանադրական վեճի շրջանակներում ակնհայտորեն վիճարկում է խնդրո առարկա դրույթների` իր նկատմամբ կիրառման իրավաչափությունը:
Ինչ վերաբերում է ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից կայացված հակասական ակտերին գնահատական տալուն, ապա, ըստ պատասխանողի, ՀՀ սահմանադրական դատարանի իրավասությանը չի վերաբերում դատական ակտերի իրավաչափության քննությունն ու դրանց իրավական գնահատական տալը:
Հաշվի առնելով վերոգրյալը` պատասխանող կողմը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածով սահմանված դրույթները համապատասխանում են ՀՀ Սահմանադրության պահանջներին: Միաժամանակ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ դիմողը վիճարկում է նորմի կիրառման իրավաչափությունը, պատասխանողը միջնորդում է գործի վարույթը կարճել:
5. ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմողը սահմանադրական կոնկրետ վերահսկողության շրջանակներում մատնանշում է երկու խնդիր, այն է`
1. իր` որպես գրավի առարկայի նկատմամբ ընդհանուր սեփականության իրավունք ունեցող անձի սեփականության իրավունքը խախտելը,
2. դատական պաշտպանության իրավունքը չապահովելը` գրավ դրված գույքի վրա արտադատական կարգով բռնագանձում տարածելու ընթացքում:
ՈՒստի սույն գործով բարձրացված սահմանադրաիրավական վեճի լուծման նպատակով ՀՀ սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հիմնախնդիրներին`
1) արդյո՞ք գրավադրված գույքի վրա արտադատական կարգով բռնագանձում տարածելու կարգը` իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ, համահունչ է ՀՀ Սահմանադրությամբ պաշտպանվող սեփականության իրավունքի բովանդակությանը,
2) արդյո՞ք օրենսգրքի 249-րդ հոդվածի իրավակարգավորումները չեն սահմանափակում ՀՀ Սահմանադրությամբ, ինչպես նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով սահմանված` դատարանի մատչելիության իրավունքն այնքանով, երբ անձը կարող է զրկվել դատական պաշտպանության իրավունքից:
6. Համադրելով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածով սահմանված դրույթների հետ` ՀՀ սահմանադրական դատարանը հարկ է համարում անդրադառնալ «սեփականութունից զրկում» ինստիտուտի սահմանադրաիրավական բովանդակությանը: Մասնավորապես, ՀՀ սահմանադրական դատարանն իր` 13.07.2010թ. ՍԴՈ-903 որոշմամբ վերահաստատել է սեփականությունից զրկելու հետևյալ հիմնական տարրերը, այն է`
«- սեփականությունից զրկելու դեպքում տեղի է ունենում սեփականատիրոջ կամքին և համաձայնությանը հակառակ գույքի նկատմամբ իր սեփականության իրավունքի անհատույց դադարեցում.
- սեփականությունից զրկումը կիրառվում է որպես պատասխանատվության միջոց.
- սեփականությունից զրկելու դեպքում տեղի է ունենում տվյալ գույքի նկատմամբ սեփականատիրոջ տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավազորությունների միաժամանակյա դադարեցում` առանց շարունակության երաշխավորման»:
Գրավադրված գույքի վրա արտադատական կարգով բռնագանձում տարածելու իրավահարաբերություններում գույքի սեփականատիրոջ կամքի և համաձայնության արտահայտման վերաբերյալ հարկ է արձանագրել հետևյալը.
նախ` կնքելով գրավի պայմանագիրը` գրավատուն տալիս է իր համաձայնությունը գրավով ապահովված պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում իրեն պատկանող գրավադրված գույքի նկատմամբ սեփականության իրավունքի հնարավոր դադարման վերաբերյալ,
երկրորդ` գրավատուն տալիս է իր համաձայնությունը գրավով ապահովված պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում արտադատական կարգով գույքի վրա բռնագանձում տարածելու և իրացնելու հնարավորության վերաբերյալ: Ընդ որում, համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի` նման համաձայնությունը կարող է տրվել ինչպես գրավի պայմանագրով, այնպես էլ գրավատուի և գրավառուի միջև կնքված առանձին համաձայնությամբ,
երրորդ` գրավադրված գույքի վրա գրավառուի կողմից արտադատական կարգով բռնագանձում տարածելուց առաջ գրավատուն հնարավորություն ունի կա՛մ միջոցներ ձեռնարկել գրավով ապահովված պարտավորությունը կատարելու համար և դրանով կանխել գրավադրված գույքի նկատմամբ սեփականության իրավունքի կորուստը, կա՛մ դատական կարգով վիճարկել արտադատական կարգով բռնագանձման օրինականությունը:
Վերոհիշյալ երեք հնարավոր իրավիճակներից առաջին երկուսում (որոնք կարող են համընկնել գրավի պայմանագրում արտադատական կարգով բռնագանձման պայման նախատեսվելու դեպքում) գրավադրվող գույքի սեփականատիրոջ կամաարտահայտությունը դրսևորվում է ակտիվ գործողություններով` համապատասխան պայմանագիր կամ համաձայնագիր կնքելու միջոցով, և այդպիսի ակտիվ գործողությունների կատարումը պարտադիր պայման է: Երրորդում սեփականատիրոջ կամքը կարող է արտահայտվել պասիվ գործողությամբ, երբ տեղեկանալով գրավադրված գույքի արտադատական կարգով բռնագանձման մասին` նա չի ձեռնարկում արտադատական կարգով բռնագանձումը կասեցնելուն ուղղված` օրենքով սահմանված որևէ գործողություն:
Վերջինիս դեպքում ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված սեփականության իրավունքի պաշտպանության տեսանկյունից առանձնակի կարևորություն ունեն սեփականատիրոջ իրավունքների ապահովման և արդյունավետ պաշտպանության իրավակարգավորումները:
ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վիճարկվող հոդվածի համատեքստում սեփականության իրավունքի պաշտպանությունը սերտորեն փոխկապակցված է դատական պաշտպանության իրավունքի հետ: Վերլուծելով վիճարկվող հոդվածի դրույթները` հարկ է առանձնացնել գրավադրված գույքի նկատմամբ սեփականատիրոջ իրավունքների ապահովման հետևյալ իրավական երաշխիքները.
1) գրավատուի պատշաճ ծանուցումը գրավադրված գույքի վրա արտադատական կարգով բռնագանձում տարածելու մասին (բռնագանձման ծանուցում),
2) արտադատական կարգով բռնագանձման օրինականության դատական վիճարկման հնարավորությունը,
3) գրավադրված գույքի նկատմամբ արտադատական կարգով բռնագանձում տարածելը գրավառուի կողմից բռնագանձման ծանուցումը պարտապանին հանձնելուց երկու ամիս հետո,
4) գրավառուի կողմից գրավի առարկայի իրացումը տվյալ պահին շուկայում գործող ողջամիտ գնով:
Մյուս կողմից, օրենսգրքի 249-րդ հոդվածը սահմանում է գրավատուի մի շարք պարտականություններ, մասնավորապես` դատարանը կարող է կասեցնել գրավի առարկայի բռնագանձման ընթացքը, «եթե գրավատուն կտրամադրի գրավի առարկայի արժեքին համարժեք ապահովում` գրավառուի հնարավոր վնասները հատուցելու համար»: Այս դրույթը, դիտարկելով ՀՀ Սահմանադրության 10-րդ (Սեփականության երաշխավորումը), 60-րդ (Սեփականության իրավունքը), ինչպես նաև 61-րդ (Դատական պաշտպանության իրավունքը և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու իրավունքը) և 78-րդ (Համաչափության սկզբունքը) հոդվածների լույսի ներքո, Սահմանադրական դատարանը գտնում է, որ այն անհամաչափ ծանրաբեռնում է գրավատուի` արտադատական կարգով բռնագանձումը կասեցնելու հնարավորությունը, քանի որ կասեցնելու համար պարտավորեցնում է գրավատուին տրամադրել ապահովում ոչ թե գրավառուի հնարավոր վնասների, այլ գրավ դրված առարկայի արժեքի չափով: Մի շարք դեպքերում գրավադրված գույքի արժեքը մի քանի անգամ կարող է գերազանցել ոչ միայն գրավով ապահովված հիմնական պարտավորության, այլ` նաև գրավառուի հնարավոր վնասների չափը: Նման իրավակարգավորման պարագայում գրավատուի համար հիմնականում անիրագործելի է դառնում գրավի առարկայի բռնագանձման ընթացքը կասեցնելու վերաբերյալ օրենքով նախատեսված իրավունքի իրացումը:
7. ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ գրավառուի կողմից գրավատուին պատշաճ ձևով ծանուցելու (բռնագանձման ծանուցում) օրենսդրական պահանջն ինքնանպատակ չէ և հետապնդում է գրավատուի նաև այլ իրավունքների իրականացման ապահովման նպատակ: Մասնավորապես, ծանուցման պահանջը կոչված է ապահովելու գրավատուի մեկ այլ` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 252-րդ հոդվածով սահմանված իրավունքը, որի համաձայն` «պարտապանը կամ երրորդ անձ հանդիսացող գրավատուն իրավունք ունի, մինչև գրավի առարկան վաճառելը, ցանկացած ժամանակ դադարեցնել դրա վրա բռնագանձումը և դրա իրացումը` կատարելով գրավով ապահովված պարտավորությունը կամ դրա այն մասը, որի կատարումը կետանցվել է: Այդ իրավունքը սահմանափակող համաձայնությունն առոչինչ է»:
Բացի դրանից, օրենսդրի կողմից գրավառուի` գրավատուին պատշաճ կարգով ծանուցելու պարտականության ամրագրումը նպատակ է հետապնդում երաշխավորելու գրավատուի դատական պաշտպանության իրավունքը:
Այդ առումով, ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ մասը պետք է կիրառվի վերոնշյալ նորմերով նախատեսված` գրավատուի իրավունքների ապահովման համատեքստում, հակառակ դեպքում` օրենսդրությամբ գրավատուին ընձեռված` բռնագանձման օրինականությունը վիճարկելու կամ բռնագանձումը դադարեցնելու իրավունքների իրականացումն արդյունավետ չի լինի և չի բխի ՀՀ Սահմանադրության պահանջներից:
Մյուս կողմից, օրենսդիրը վիճարկվող հոդվածի 2-րդ մասի երկրորդ և երրորդ պարբերություններում որպես պատշաճ ծանուցման հասցեատեր դիտարկում է ոչ թե գրավատուին, այլ պարտապանին: Մասնավորապես` «Բռնագանձման ծանուցումը պարտապանին պատշաճ ձևով հանձնելուց հետո գրավառուն իրավունք ունի գրավի առարկան վերցնելու իր տիրապետման տակ (եթե շարժական գույք է), ինչպես նաև խելամիտ քայլեր ձեռնարկելու գրավի առարկան պահպանելու, սպասարկելու և դրա անվտանգությունն ապահովելու համար: Բռնագանձման ծանուցումը պարտապանին հանձնելուց երկու ամիս հետո գրավառուն սույն օրենսգրքի ուժով իրավունք ունի սույն օրենսգրքի 195 հոդվածի պահպանմամբ գրավատուի անունից իրացնելու գրավի առարկան ուղղակի վաճառքի կամ հրապարակային սակարկությունների միջոցով, եթե գրավատուն և գրավառուն գրավի առարկայի իրացման այլ կարգ չեն նախատեսել»:
Ըստ վերոհիշյալ կարգավորման` գրավադրված գույքի վրա արտադատական կարգով բռնագանձում կատարելու մասին գրավառուն պատշաճ ձևով ծանուցում է և՛ գրավատուին, և՛ պարտապանին, սակայն միայն պարտապանին ծանուցելուց երկու ամիս հետո նա օրենքի ուժով իրավունք է ստանում իրացնելու գրավի առարկան:
Վիճարկվող հոդվածում տարբեր հասցեատերերի` գրավատուի կամ պարտապանի օրենսդրորեն ամրագրումը կարող էր և որևէ խնդիր չառաջացնել, եթե գրավատուն և պարտապանը միշտ հանդիսանար միևնույն անձը: Սակայն այլ է իրավիճակը, երբ պարտապանը և գրավատուն չեն համընկնում: Օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «2. Գրավատու կարող է լինել ինչպես պարտապանը, այնպես էլ երրորդ անձը»:
Վիճարկվող հոդվածի տառացի մեկնաբանությունից հետևում է, որ, ի տարբերություն գրավով ապահովված պարտավորության պարտապանին ծանուցելու դեպքի, երրորդ անձ գրավատուին ծանուցելու դեպքում բռնագանձման ծանուցումը վերջինիս հանձնելուց մեկ օր հետո գրավառուն ձեռք է բերում գրավի առարկան ուղղակի վաճառքի կամ հրապարակային սակարկությունների միջոցով իրացնելու իրավունք:
Հարկ է նշել նաև, որ թեև գրավի պայմանագրի կողմերը`գրավատուն և գրավառուն, որպես քաղաքացիաիրավական պարտավորության կողմեր, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի համաձայն` կոչվում են պարտապան և պարտատեր, այնուամենայնիվ, վիճարկվող հոդվածի տրամաբանությունից բխում է, որ պարտապանը հանդիսանում է գրավով ապահովված հիմնական պարտավորության կողմը:
i
Այդ առումով, օրենսդիրը հստակորեն և միանշանակ չի կարգավորել այն հարցերը, թե գրավատուին ինչ ժամկետում ծանուցելուց հետո գրավառուն կարող է իրացնել գրավի առարկան: Վիճարկվող հոդվածում որևէ խոսք չկա այն գրավատուի կամ գրավատուների մասին, որոնք պարտապան չեն հանդիսանում: Նման կարգավորումները մի շարք խնդիրներ կարող են առաջացնել մարդու սեփականության հիմնարար իրավունքի երաշխավորման տեսանկյունից: Մասնավորապես` այդ անորոշության հետևանքով պարտապան չհանդիսացող գրավատուները պարտապան հանդիսացող գրավատուների համեմատ չեն օգտվում իրենց սեփականության պաշտպանության հավասար պայմաններից: Գրավով ապահովված պարտավորությունը չկատարող կամ ոչ պատշաճ կատարող անբարեխիղճ պարտապան-գրավատուն պարտադիր կերպով ծանուցվում է բռնագանձման մասին, որից միայն երկու ամիս անց կարող է նրա գրավադրված գույքն իրացվել, իսկ պարտապան չհանդիսացող գրավատուին նման հնարավորություն կարող է և չտրվել, քանի որ վիճարկվող դրույթում ամրագրված երկամսյա ժամկետն առնչվում է պարտապանին, այլ ոչ թե գրավատուներին: Բացի դրանից, նման կարգավորումը երրորդ անձ հանդիսացող գրավատուին կարող է զրկել գրավի առարկայի բռնագանձման օրինականությունը դատական կարգով վիճարկելու հնարավորությունից, ինչպես նաև գործնականում կարող է խոչընդոտ հանդիսանալ նաև օրենսգրքի 252-րդ հոդվածում ամրագրված իրավունքի իրականացման համար: Այդ մասին է վկայում նաև ՀՀ վճռաբեկ դատարանի` ինչպես 28.11.2014թ. թիվ ԵԿԴ/2013/02/12 դատական գործով, այնպես էլ 27.11.2015թ. թիվ ԵԱԴԴ/0529/02/13 դատական գործով կայացված որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումների ուսումնասիրումը, երբ երկու դեպքում էլ խոսքը վերաբերում է ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող գրավադրված գույքի վրա արտադատական կարգով բռնագանձում տարածելու դեպքում գրավատուներին պատշաճ ծանուցելուն:
i
8. ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը:
Սահմանադրական այս դրույթը ներառում է սեփականության իրավունքի իրացման երկու կարևորագույն երաշխիք`
- Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է սեփականության բոլոր ձևերը, և`
- Հայաստանի Հանրապետությունը հավասարապես պաշտպանում է սեփականության բոլոր ձևերը:
i
ՀՀ Սահմանադրության 28-րդ հոդվածի համաձայն` բոլորը հավասար են օրենքի առջև, ինչից բխում է, որ օրենքով ամրագրված երաշխիքներից և ընթացակարգերից պետք է օգտվեն համանման իրավիճակում գտնվող բոլոր սուբյեկտները:
Հավասարության սկզբունքը Հայաստանի Հանրապետությունից պահանջում է, որ տարբերություն չդրվի սեփականության նույն ձևի շրջանակներում տարբեր սուբյեկտներին պատկանող սեփականությունը պաշտպանելիս:
i
ՀՀ Սահմանադրության 75-րդ հոդվածի համաձայն` «Հիմնական իրավունքները և ազատությունները կարգավորելիս օրենքները սահմանում են այդ իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր»:
Օրենսգրքի վիճարկվող 249-րդ հոդվածը նվիրված է գրավադրված գույքի վրա առանց դատարան դիմելու բռնագանձում տարածելու կարգին, ինչը հանդիսանում է գրավի պայմանագրի միջոցով սեփականատիրոջ` օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տնօրինելու իրավունքի իրականացման համար անհրաժեշտ ընթացակարգ: Սակայն նման ընթացակարգը պետք է լինի իրավաչափ, ինչպես նաև չխախտի օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքը: Ինչպես վիճարկվող դրույթի, այնպես էլ իրավակիրառական պրակտիկայի վերլուծությունը ցույց է տալիս, որ օրենսդրական կարգավորման անորոշությունը հնարավորություն չի տալիս հստակ հասկանալու, թե պարտապան չհանդիսացող գրավատուն ինչ ընթացակարգային երաշխիքներից է օգտվում բռնագանձման ծանուցման առնչությամբ, ինչն էլ վիճարկվող կարգավորումները երրորդ անձ հանդիսացող գրավատուի առնչությամբ դարձնում է ոչ արդյունավետ:
ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերությունում «գրավատու» եզրույթի սահմանադրաիրավական բովանդակությունից բխում է, որ տվյալ իրավահարաբերություններում «գրավատու» եզրույթը վերաբերում է ոչ միայն պարտապան-գրավատուին, այլ նաև այդ հարաբերություններում հանդես եկող երրորդ անձ գրավատուին: Միաժամանակ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ և երրորդ պարբերություններում «պարտապան» եզրույթի սահմանադրաիրավական բովանդակությունից հետևում է, որ «պարտապան» եզրույթը վերաբերում է ոչ միայն պարտապան-գրավատուին, այլ նաև տվյալ իրավահարաբերություններում հանդես եկող երրորդ անձ գրավատուին:
Խնդիրն այն է, որ «Բռնագանձման ծանուցումը պարտապանին հանձնելուց երկու ամիս հետո» ձևակերպման բովանդակային ծավալում այլ գրավատուներին չներառելով` օրենսդիրն երրորդ անձ հանդիսացող գրավատուի համար հստակ ու միանշանակ չի երաշխավորում այդ երկամսյա ժամկետը, ինչը խախտում է օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքը: Այս ամենի արդյունքում երրորդ անձ հանդիսացող գրավատուն կարող է զրկվել ոչ միայն գրավադրված գույքի բռնագանձումը և դրա իրացումը դադարեցնելու իր իրավունքից` կատարելով գրավով ապահովված պարտավորությունը կամ դրա այն մասը, որի կատարումը կետանցվել է, այլ` նաև բռնագանձման օրինականությունը վիճարկելու իրավունքից:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
i
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
i
2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերությունը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը` տվյալ պարբերությունում «գրավատու» եզրույթի այնպիսի սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի` «գրավատու» եզրույթը վերաբերում է ոչ միայն պարտապան-գրավատուին, այլ նաև տվյալ իրավահարաբերություններում հանդես եկող երրորդ անձ գրավատուին:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ և երրորդ պարբերությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը` տվյալ պարբերություններում «պարտապան» եզրույթի այնպիսի սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի` «պարտապան» եզրույթը վերաբերում է ոչ միայն պարտապան-գրավատուին, այլ նաև տվյալ իրավահարաբերություններում հանդես եկող երրորդ անձ գրավատուին:
4. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերությունում «եթե գրավատուն կտրամադրի գրավի առարկայի արժեքին համարժեք ապահովում» բառակապակցությունը` այն մասով, որով գրավատուին կարող է պարտադրվել գրավառուի հնարավոր վնասների չափից ավելի ապահովման տրամադրում, ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին և 78-րդ հոդվածին հակասող և անվավեր:
5. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 1-ին մասի 9.1-րդ կետի և 69-րդ հոդվածի 12-րդ մասի պահանջներից ելնելով` դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման` օրենքով սահմանված կարգով:
6. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
19 հուլիսի 2016 թվականի
ՍԴՈ-1294