i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/1299/02/11 2014 թ. |
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/1299/02/11 |
|
Նախագահող դատավոր` Կ. Հակոբյան Դատավորներ` Գ. Մատինյան Տ. Նազարյան |
|
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
Նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի |
մասնակցությամբ դատավորներ |
Գ. Հակոբյանի |
|
Վ. Աբելյանի |
|
Ս. Անտոնյանի |
|
Վ. Ավանեսյանի |
|
Ա. Բարսեղյանի |
|
Մ. Դրմեյանի |
|
Է. Հայրիյանի |
|
Տ. Պետրոսյանի |
|
Ե. Սողոմոնյանի |
2014 թվականի մայիսի 08-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Նունյա Առաքելյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.10.2013 թվականի որոշման դեմ` ըստ Նունյա Առաքելյանի հայցի ընդդեմ Քնարիկ Մարտիրոսյանի, Սարգիս և Հայկազ Առաքելյանների` տնից վտարելու պահանջի մասին, և ըստ Քնարիկ Մարտիրոսյանի, Սարգիս և Հայկազ Առաքելյանների հակընդդեմ հայցի ընդդեմ Նունյա Առաքելյանի` առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Նունյա Առաքելյանը պահանջել է Քնարիկ Մարտիրոսյանին, Սարգիս և Հայկազ Առաքելյաններին վտարել Երևանի Սևքարեցի Սաքոյի փողոցի թիվ 44/2 տնից:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Քնարիկ Մարտիրոսյանը, Սարգիս և Հայկազ Առաքելյանները պահանջել են անվավեր ճանաչել Երևանի Սևքարեցի Սաքոյի փողոցի թիվ 44/2 տան վերաբերյալ 17.07.2008 թվականին Քնարիկ Մարտիրոսյանի և Նունյա Առաքելյանի միջև կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 13.09.2012 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.12.2012 թվականի որոշմամբ Քնարիկ Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 13.09.2012 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ս. Հովսեփյան) (այսուհետ` Դատարան) 09.07.2013 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը բավարարվել է` վճռվել է որպես առոչինչ գործարքի` 17.07.2008 թվականին Քնարիկ Մարտիրոսյանի և Նունյա Առաքելյանի միջև կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի անվավերության հետևանք` անվավեր ճանաչել Երևանի Սևքարեցի Սաքոյի փողոցի թիվ 44 տան և հողամասի նկատմամբ Նունյա Առաքելյանի անվամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը, Քնարիկ Մարտիրոսյանի և Նունյա Առաքելյանի միջև 17.07.2008 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը դիտել որպես Քնարիկ Մարտիրոսյանի կողմից Նունյա Առաքելյանից փոխառությամբ ստացված 6.536.605 ՀՀ դրամի վերադարձելիությունն ապահովելու նպատակով կնքված գրավի պայմանագիր:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 18.10.2013 որոշմամբ Նունյա Առաքելյանի և նրա ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 09.07.2013 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նունյա Առաքելյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Քնարիկ Մարտիրոսյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 49-րդ, 51-րդ, 53-րդ և 132-րդ հոդվածները, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ, 304-րդ և 306-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 878-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը չի իրականացրել գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն ու անտեսել է, որ իր և Քնարիկ Մարտիրոսյանի միջև 17.07.2008 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրում հստակ նշվել է, որ Քնարիկ Մարտիրոսյանն իրենից ստացել է ամբողջ գումարը, այսինքն` 7.000.000 ՀՀ դրամը:
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև նախաքննության մարմնի որոշումը, որով հաստատվել է, որ Քնարիկ Մարտիրոսյանը 7.000.000 ՀՀ դրամով Նունյա Առաքելյանին է վաճառել իրեն սեփականության իրավունքով պատկանող վիճելի տունը: Նշված որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը հաստատվել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Քնարիկ Մարտիրոսյանի և մյուսների ներկայացուցիչը, ընդունելով վիճելի տունը 7.000.000 ՀՀ դրամով վաճառված լինելու փաստը, իրեն առաջարկել է հետ ստանալ նշված գումարը:
Վերաքննիչ դատարանը չի գնահատել Դատարանում Քնարիկ Մարտիրոսյանի և մյուսների ներկայացուցչի բացատրությունները, վկա Տիմոֆեյ Իլյինի ցուցմունքը, որոնցով հաստատվում է այն փաստը, որ Քնարիկ Մարտիրոսյանի գործողություններն ուղղված են եղել ոչ թե փոխառությամբ գումար վերցնելուն, այլ` գույքը վաճառելուն:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը, մերժելով քրեական գործի նյութերը պահանջելու վերաբերյալ իր միջնորդությունը, իրեն զրկել է վիճելի տունը Քնարիկ Առաքելյանին վարձով տրամադրված լինելու և վերջինիս կողմից 60.000 ՀՀ դրամը` որպես այդ տանը բնակվելու համար վարձավճար, վճարելու փաստը հաստատող ապացույցները Դատարան ներկայացնելու հնարավորությունից:
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ Քնարիկ Մարտիրոսյանին և մյուսներին թույլատրելով շարունակել բնակվել վիճելի բնակարանում` ինքն օգտվել է սեփականատիրոջը վերապահված իր իրավունքներից:
Վերաքննիչ դատարանը, առանց հիմնավորելու իր պատճառաբանությունը, կողմերի միջև փոխառության իրավահարաբերության առկայության փաստը հաստատված է համարել` հիմք ընդունելով միայն Քնարիկ Մարտիրոսյանի հայտարարությունը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 18.10.2013 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 13.09.2012 թվականի վճռին:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա մերժման, քանի որ Նունյա Առաքելյանը որևէ ապացույց չի ներկայացրել Դատարան, որը կհաստատեր 7.000.000 ՀՀ դրամն ամբողջությամբ վճարված լինելու փաստը, ինչպես նաև կողմերի միջև վարձակալության իրավահարաբերության առկայությունը:
Վճիռ կայացնելիս Դատարանը ուսումնասիրել, հետազոտել և գնահատել է գործում առկա բոլոր ապացույցները:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Երևանի Արաբկիր համայնքի Սևքարեցի Սաքոյի փողոցի թիվ 44 հասցեում գտնվող տունը և հողամասը սեփականության իրավունքով պատկանել են Քնարիկ Մարտիրոսյանին (հատոր 1-ին, գ.թ. 37-39).
2) ««ԻԹԲ» Միջազգային Առևտրային Բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) և Սամվել Առաքելյանի միջև 04.10.2005 թվականին կնքվել է թիվ Ֆ 80-2005 վարկային պայմանագիրը, որի համաձայն` Բանկը պարտավորվել է Սամվել Առաքելյանին հատկացնել 5.000.000 ՀՀ դրամի չափով վարկ: Դրամական պարտավորության կատարումն ապահովելու նպատակով նույն օրը կնքվել է հիփոթեքի պայմանագիր (հատոր 1, գ.թ. 45).
3) ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի ավագ հարկադիր կատարող Հ. Մինասյանը, հիմք ընդունելով Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի կողմից 01.03.2007 թվականին տրված կատարողական թերթը, 29.01.2008 թվականին որոշում է կայացրել էլեկտրոնային համակարգի կիրառմամբ Երևանի Սևքարեցի Սաքոյի փողոցի թիվ 44 տունը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին (հատոր 1-ին, գ.թ. 43).
4) 25.06.2008 թվականին Սամվել Առաքելյանի անվամբ Բանկի իրավահաջորդ «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ին կանխիկ վճարվել է 6.141.418,40 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 61).
5) Քնարիկ Մարտիրոսյանի և Նունյա Առաքելյանի միջև 17.07.2008 թվականին կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, որի համաձայն` Քնարիկ Մարտիրոսյանը Նունյա Առաքելյանին է վաճառել Երևանի Սևքարեցի Սաքոյի փողոցի թիվ 44 հասցեում գտնվող բնակելի տունն իր հողամասով: Պայմանագրի 4-րդ կետում նշվել է, որ անշարժ գույքը վաճառվել է 7.000.000 ՀՀ դրամով, գումարն ամբողջությամբ Նունյա Առաքելյանից ստացել է Քնարիկ Մարտիրոսյանը: Նշված պայմանագրից բխող իրավունքը գրանցվել է, որի վերաբերյալ Նունյա Առաքելյանին 05.08.2008 թվականին տրվել է անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2509804 վկայականը (հատոր 1-ին, գ.թ. 6-9).
6) Երևանի քաղաքապետի 29.07.2008 թվականի թիվ 3499-Ա որոշման հավելվածի համաձայն` Նունյա Առաքելյանի դիմումի հիման վրա Երևանի Սևքարեցի Սաքոյի փողոցի թիվ 44 հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրվել է Երևանի Սևքարեցի Սաքոյի փողոցի թիվ 44/2 հասցեն (հատոր 1-ին, գ.թ. 101, 102).
7) 07.07.2011 թվականի դրությամբ Նունյա Առաքելյանը վերը նշված հասցեում չի բնակվել: Նույն օրվա դրությամբ այդ հասցեում բնակվել են Նունյա Առաքելյանի եղբայրը` Սարգիս Առաքելյանը, և վերջինիս կինը` Քնարիկ Մարտիրոսյանը (հատոր 1-ին, գ.թ. 10).
8) Արաբկիրի քննչական բաժնի քննիչ Մ. Գրիգորյանը քրեական գործի վարույթը կարճելու և Նունյա Առաքելյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին 27.12.2011 թվականին որոշում կայացնելիս հիմնավորված է համարել նաև, որ վիճելի տունը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու ընթացքում Քնարիկ Մարտիրոսյանը Նունյա Առաքելյանին առաջարկել է մարել Բանկի հանդեպ ունեցած պարտքերը` դրա դիմաց նույն տունն առուվաճառքի պայմանագրով Նունյա Առաքելյանի անվամբ ձևակերպելու պայմանով: Այդ նպատակով Նունյա Առաքելյանը շուրջ 6.500.000 ՀՀ դրամ է վճարել, որից հետո վիճելի տունը հանվել է աճուրդից, վիճելի տանը բնակվել շարունակելու կապակցությամբ Սամվել Առաքելյանը 2010 թվականի հոկտեմբեր ամսից մինչև 2011 թվականի ապրիլ ամիսն ընկած ժամանակահատվածում ամսական 60.000 ՀՀ դրամ վարձավճար է տվել Նունյա Առաքելյանին, իսկ երբ 2011 թվականի մայիս ամսից սկսած չեն վճարել վարձավճարները` Նունյա Առաքելյանը պահանջել է դուրս գալ տնից: Վիճելի տունը վաճառելու հանգամանքը հիմնավորվել է նաև վկա Տիմոֆեյ Իլյինի ցուցմունքով (հատոր 1-ին, գ.թ. 94, 95).
9) Երևան քաղաքի դատախազ Հր. Բադալյանը, քննելով քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին 27.12.2011 թվականի որոշումը վերացնելու վերաբերյալ Քնարիկ Մարտիրոսյանի բողոքը, 30.01.2012 թվականին որոշում է կայացրել բողոքը մերժելու մասին` որոշման մեջ նաև նշելով, որ վերը նշված տունը Նունյա Առաքելյանի կողմից օրինական ճանապարհով ձեռք բերելու հանգամանքը հիմնավորվել է, Նունյա Առաքելյանը նշված տունը գնելիս ծախսել է ընդհանուր 7.000.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 104, 105).
10) Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, քննության առնելով Արաբկիրի քննչական բաժնի քննիչ Մ. Գրիգորյանի և Երևան քաղաքի դատախազ Հր. Բադալյանի վերը նշված որոշումների դեմ Քնարիկ Մարտիոսյանի բողոքը, պատճառաբանելով, որ այդ որոշումները կայացվել են օրենքին համապատասխան, որևէ անձի իրավունքներն ու ազատությունները խախտված չեն, այն մերժել է (հատոր 1-ին, գ.թ. 118, 119).
11) 17.06.2013 թվականի դատական նիստին վկա Տիմոֆեյ Իլյինը ցուցմունք է տվել այն մասին, որ Քնարիկ Մարտիրոսյանն իրեն առաջարկել է գնել իր տունը 40.000 ԱՄՆ դոլարով, սակայն ինքը չի համաձայնել: Հետագայում Տիմոֆեյ Իլյինն իմացել է, որ Քնարիկ Մարտիրոսյանը տունը վաճառել է Նունյա Առաքելյանին (հատոր 3-րդ, գ.թ. 70, 84):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար:
Սույն որոշման շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ շինծու գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու վերաբերյալ գործերով ապացուցման առարկան որոշելու առանձնահատկություններին և ապացուցման բեռի բաշխման իրավական խնդրին:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` շինծու գործարքը, այսինքն` մեկ այլ գործարքի քողարկման նպատակով կնքված գործարքը, առոչինչ է: Այդ գործարքի նկատմամբ, հաշվի առնելով դրա էությունը, կիրառվում են այն գործարքին վերաբերող կանոնները, որը կողմերն իրականում նկատի են ունեցել շինծու գործարքը կնքելիս:
i
Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է գրավոր գործարքների նկատմամբ շինծու լինելու հիմքով առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու հարցին: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գրավոր գործարքների նկատմամբ շինծու լինելու հիմքով առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման համար անհրաժեշտ է ապացուցել, որ գործարքն իրականում կնքվել է ոչ այն ստորագրած անձանց միջև, կամ այն ստորագրած անձանց կամքը չի համապատասխանում պայմանագրում շարադրվածին: Այսինքն` շինծու գործարքն առկա է այն դեպքում, երբ կողմերի միջև իրականում ծագում են իրավահարաբերություններ, սակայն դրանք իրենց բնույթով այլ են, քան այն իրավահարաբերությունները, որոնք կողմերը ցանկանում են ներկայացնել երրորդ անձանց (տե՛ս «Սինկրիստալ» ՍՊԸ-ն ընդդեմ Գագիկ Բղդոյանի, Եվգինյա Բղդոյանի և երրորդ անձ ՀՀ կենտրոնական դեպոզիտարիա ԻԿԿ-ի թիվ 3-623(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2008 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը, զարգացնելով վերը նշված դիրքորոշումը, հարկ է համարում նշել, որ գրավոր գործարքների նկատմամբ շինծու լինելու հիմքով առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման գործերով ապացուցման առարկան, մասնավորապես, կազմում են հետևյալ փաստերը.
- օրենքով սահմանված ձևին համապատասխանող գործարքի առկայությունը.
- այդ գործարքը վիճարկելու իրավունք ունենալը (շահագրգիռ անձ հանդիսանալը).
- գործարքը կնքելիս կողմերի իրական կամարտահայտությունը.
- վիճարկվող գործարքում նշված քաղաքացիական իրավահարաբերություններից տարբերվող` իրականում այլ քաղաքացիական իրավահարաբերությունների առկայությունը.
- կողմերի միջև իրականում առկա քաղաքացիական իրավահարաբերությունները վիճարկվող գործարքով քողարկելու նպատակի առկայությունը:
Ընդ որում, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի ընդհանուր կանոնի համաձայն` նշված հանգամանքները պետք է ապացուցի այդ փաստերը վկայակոչող կողմը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին:
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը:
Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:
Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:
Որոշման իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա որոշման իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական որոշման օրինականությունը:
i
Դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է որոշում կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե՛ս Ալվարդ Խաչատրյանի օրինական ներկայացուցիչ Թեհմինե Խաչատրյանն ընդդեմ Արմեն, Անահիտ Խաչատրյանների և մյուսների թիվ ԿԴ03/0026/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2008 թվականի որոշումը):
Սույն գործով Վերաքննիչ դատարանը, նշելով նաև, որ «դեռևս 28.12.2012 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը նշել է, որ պայմանագրով սահմանված 7.000.000 ՀՀ դրամը Նունյա Առաքելյանը Քնարիկ Մարտիրոսյանին առձեռն չի տվել, թեև պայմանագիրը պարունակել է հակառակի մասին համապատասխան դրույթ», «Նունյա Առաքելյանի` որպես վիճելի անշարժ գույքի սեփականատեր գրանցված լինելը դեռևս բավարար չէ փաստելու այն հանգամանքը, որ կողմերի միջև կնքված առուվաճառքի պայմանագիրը կատարվել է, քանի որ նախ` ինչպես նշվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.12.2012 թվականի որոշմամբ, չի հիմնավորվել բնակարանի արժեքն ամբողջությամբ վճարված լինելու հանգամանքը, բացի այդ, վիճելի պայմանագիրը կնքելուց հետո պատասխանողները շարունակել են ապրել վիճելի տանը, և հայցվորի կողմից վտարման պահանջը ներկայացվել է միայն երեք տարի անց` 14.07.2011 թվականին», «Նունյա Առաքելյանի կողմից չի ներկայացվել որևէ ապացույց այն մասին, որ Քնարիկ Մարտիրոսյանի կողմից դրամական միջոցների պարբերական վճարումներն ուղղված են եղել ոչ թե կողմերի միջև գոյություն ունեցող փոխառության պարտավորությունների կատարմանը, այլ անշարժ գույքի վարձակալության վարձավճարների վճարմանը», «Նունյա Առաքելյանի կողմից չի ներկայացվել թույլատրելի ապացույց կողմերի միջև վարձակալության իրավահարաբերությունների առկայության մասին», գտել է, որ Նունյա Առաքելյանի վերաքննիչ բողոքը չի պարունակում բավարար հիմքեր և հիմնավորումներ` Դատարանի 09.07.2013 թվականի վճիռը բեկանելու համար:
Այսինքն` Վերաքննիչ դատարանը գտել է, որ սույն գործով կողմերի միջև իրականում եղել են փոխառության իրավահարաբերություններ, իսկ անշարժ գույքի առուվաճառքի 17.07.2008 թվականի պայմանագրով այդ իրավահարաբերությունները քողարկվել են առուվաճառքի իրավահարաբերություններով:
Վճռաբեկ դատարանը, վերը շարադրված դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններին, գտնում է, որ Վերաքննիչ դատարանի եզրահանգումներն անհիմն են, քանի որ սույն գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ կողմերի կամքն ի սկզբանե ուղղված է եղել փոխառության պայմանագիր կնքելուն, և որ կողմերը մտադրություն կամ նպատակ են ունեցել քողարկելու փոխառության պայմանագիրը:
Ավելին, սույն գործում առկա է Երևանի քաղաքապետի 29.07.2008 թվականի թիվ 3499-Ա որոշումը, որի քաղվածքի համաձայն` Նունյա Առաքելյանի դիմումի հիման վրա Սևքարեցի Սաքոյի թիվ 44 հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրվել է Սևքարեցի Սաքոյի փողոց թիվ 44/2 հասցեն:
Երևանի քաղաքապետի վերը նշված որոշումը կարող է հաստատել այն հանգամանքը, որ Նունյա Առաքելյանը, սեփականության իրավունքով իրեն պատկանող անշարժ գույքին հասցե տրամադրելու խնդրանքով դիմելով քաղաքապետարան, դրսևորել է այնպիսի վարքագիծ, որը վկայում է վերջինիս` հենց անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելու և այդ պայմանագրից ծագած իր իրավունքը իրացնելու մասին, ինչն իր հերթին կարող է բացառել Նունյա Առաքելյանի մոտ փոխառության պայմանագիր կնքելու մտադրության առկայությունը:
Բացի այդ, սույն գործով վկա Տիմոֆեյ Իլյինի ցուցմունքի համաձայն` Քնարիկ Մարտիրոսյանը դիմել է իրեն` Սևքարեցի Սաքոյի թիվ 44 հասցեի տունը վաճառելու մտադրությամբ և առաջարկել է այն գնել, սակայն ստանալով իր մերժումը` այն վաճառել է Նունյա Առաքելյանին, որպիսի փաստը կարող էր վկայել Քնարիկ Մարտիրոսյանի` առուվաճառքի պայմանագիր կնքելու մտադրություն ունենալու մասին:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ կողմերի միջև գոյություն են ունեցել փոխառության պարտավորություններ, անհիմն է, քանի որ Վերաքննիչ դատարանը ոչ միայն չի անդրադարձել Վճռաբեկ դատարանի կողմից նշված Երևանի քաղաքապետի 29.07.2008 թվականի թիվ 3499-Ա որոշման հավելվածին, վկա Տիմոֆեյ Իլյինի ցուցմունքին, չի հիմնավորել դրանք մերժելը, այլ նաև անտեսել է, որ չի հաստատվել գրավոր գործարքների նկատմամբ շինծու լինելու հիմքով առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու համար անհրաժեշտ պայմաններից այն, որ գործարքը ստորագրած անձանց կամքը չի համապատասխանել պայմանագրում շարադրվածին:
Վերոգրյալ պատճառաբանությունների լույսի ներքո Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր է նաև վճռաբեկ բողոքի մյուս հիմքը` կապված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման հետ, քանի որ ստորադաս դատարանները գործում եղած ոչ բոլոր ապացույցներն են գնահատել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ:
Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.10.2013 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան |
Դատավորներ` |
Գ. Հակոբյան |
|
Վ. Աբելյան |
|
Ս. Անտոնյան |
|
Վ. Ավանեսյան |
|
Ա. Բարսեղյան |
|
Մ. Դրմեյան |
|
Է. Հայրիյան |
|
Տ. Պետրոսյան |
|
Ե. Սողոմոնյան |