Սեղմել Esc փակելու համար:
ԿԱՆԱՆՑ ԵՎ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՎԱՍԱՐ ԻՐԱՎՈՒՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿԱՆԱՆՑ ԵՎ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՎԱՍԱՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՎԱ ...

 

22.02.2020 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2013 թվականի մայիսի 20-ին

 

i

ԿԱՆԱՆՑ ԵՎ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՎԱՍԱՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՎԱՍԱՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ I
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Սույն օրենքի կարգավորման առարկան

 

1. Սույն օրենքը սահմանում է քաղաքական, սոցիալական, տնտեսական, մշակութային և հասարակական կյանքի այլ ոլորտներում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման երաշխիքները և կարգավորում է դրանց առնչությամբ ծագող հարաբերությունները:

 

Հոդված 2. Սույն օրենքի նպատակն ու խնդիրները

 

1. Սույն օրենքի նպատակն է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում գենդերային հավասարության ապահովումը, կանանց և տղամարդկանց իրավական պաշտպանությունը գենդերային խտրականությունից, քաղաքացիական հասարակության ձևավորման աջակցումը և հասարակության մեջ ժողովրդավարական հարաբերությունների հաստատումը:

2. Սույն օրենքի խնդիրներն են ապահովել կանանց և տղամարդկանց`

1) իրավունքների, պարտականությունների և պատասխանատվության իրական հավասարությունը, նրանց նկատմամբ հավասար վերաբերմունքը և խտրականության բացառումը.

2) հնարավորությունների հավասարությունը.

3) արդյունքի հավասարությունը:

 

Հոդված 3. Սույն օրենքում օգտագործվող հասկացությունները

 

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հասկացությունները.

1) գենդեր, գենդերային` տարբեր սեռի անձանց ձեռքբերովի, սոցիալապես ամրագրված վարք, կանանց և տղամարդկանց միջև հարաբերությունների սոցիալական հայեցակետ, որն արտահայտվում է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, ներառյալ` քաղաքականությունը, տնտեսությունը, իրավունքը, գաղափարախոսությունը, մշակույթը, կրթությունը, գիտությունն ու առողջապահությունը.

2) գենդերային խտրականություն (ուղղակի, անուղղակի)` սեռի հատկանիշով անձանց իրավունքներն ու շահերը սահմանափակող ցանկացած տարբերակում, բացառում կամ նախապատվություն, որն ուղղված է կամ հանգեցնում է քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային և հասարակական կյանքի այլ ոլորտներում կանանց և տղամարդկանց իրավահավասարության ճանաչման, օգտագործման կամ իրականացման սահմանափակմանը կամ վերացմանը.

3) ուղղակի գենդերային խտրականություն` սեռային պատկանելությունն ուղղակիորեն մատնանշող խտրականություն.

4) անուղղակի գենդերային խտրականություն` խտրականություն առանց սեռային պատկանելության ուղղակի մատնանշման.

5) գենդերային հավասարության քաղաքականություն` պետական, հասարակական նպատակային գործունեություն` ուղղված հասարակական կյանքի բոլոր ոլորտներում կանանց և տղամարդկանց իրական հավասարության ապահովմանը.

6) գենդերային վիճակագրություն` սեռային բաշխմամբ վիճակագրություն, որն արտացոլում է սոցիալ-քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում կանանց և տղամարդկանց համապատասխան դիրքը և հասարակության մեջ առկա գենդերային հիմնախնդիրներն ու հարաբերությունները.

7) գենդերային փորձաքննություն` ներպետական իրավական համակարգի մշտադիտարկում և հանրային-իրավական վերլուծություն, ինչպես նաև նորմատիվ իրավական ակտերի նախագծերի կարգավորման ազդեցության գնահատում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների, հավասար հնարավորությունների, պարտականությունների, պատասխանատվության, գործընկերային հարաբերությունների և հավասար արդյունքի ապահովման և գենդերային խտրականության բացառման առումով.

8) գենդերային ներկայացվածություն` պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կամ որևէ կազմակերպության կազմում կանանց և տղամարդկանց ներկայացվածության համամասնություն.

9) գենդերային հավասարություն` կանանց և տղամարդկանց հավասար իրավական կարգավիճակ և դրա իրականացման համար հավասար հնարավորություններ, որոնք հնարավորություն են ընձեռում անձանց, անկախ սեռից, ազատորեն օգտագործելու իրենց ունակությունները քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային և հասարակական կյանքի այլ ոլորտներում մասնակցություն ունենալու համար.

10) գենդերային իրավահավասարություն` օրենքի առաջ կանանց և տղամարդկանց իրավունքների, պարտականությունների և պատասխանատվության հավասարություն` օրենքով սահմանված բացառությունների հաշվառմամբ.

11) գենդերային չափորոշիչներ (գենդերային զգայուն ինդիկատորներ)` ցուցիչներ կամ չափիչներ, որոնց քանակական և որակական ցուցանիշները կիրառում են որոշակի ժամանակահատվածում հասարակությունում գենդերային նշանակություն ունեցող փոփոխությունները հանրագումարի բերելու համար.

12) գենդերային հարաբերություններ` շփման մեջ կամ տարբեր տեսակի համատեղ գործունեության իրականացման ընթացքում կանանց և տղամարդկանց գենդերային բնույթի վարք և վարմունք.

13) գենդերային կարծրատիպեր` կանանց և տղամարդկանց միջև տարբերությունների մասին տվյալ ժամանակահատվածում տվյալ հասարակության մեջ առկա կարծրացած պատկերացումներ.

14) գենդերային վերլուծություն` հասարակության մեջ կանանց և տղամարդկանց դրության վրա հասարակական կյանքի համապատասխան ոլորտներում գործող կամ նախաձեռնվող ծրագրերի, իրավական ակտերի, պետական քաղաքականության տարբեր ներգործությունների գնահատման գործընթաց.

15) գենդերային քվոտաներ (քվոտավորում)` հասարակական կյանքի համապատասխան ոլորտներում օրենքով սահմանված հարաբերակցությամբ կանանց և տղամարդկանց հավասարակշռված ներկայացվածությունն ապահովող ժամանակավոր հատուկ միջոցների տեսակ, որը կարող է վերացվել հասարակական կյանքի համապատասխան ոլորտում կանանց և տղամարդկանց զուգակշռված (հավասարակշռված) ներկայացվածության հասնելուն համապատասխան.

16) համալիր մոտեցում գենդերային հավասարության հիմնախնդրին (մեյնսթրիմինգ)` ռազմավարություն, որի միջոցով կանանց և տղամարդկանց շահերը դառնում են քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային կամ հասարակական կյանքի այլ ոլորտներում իրավական ակտերի, քաղաքականության, ծրագրերի և միջոցառումների մշակման, կատարման, մշտադիտարկման և գնահատման գործընթացի անքակտելի բաղադրիչը, որն ուղղված է կանանց և տղամարդկանց միջև անհավասարության վերացմանը.

17) հավասար հնարավորություններ` իրական գենդերային իրավահավասարության հասնելու համար անհրաժեշտ միջոցների և պայմանների համակարգ.

18) արդյունքի հավասարություն` հավասարության հայեցակարգ, որին համապատասխան ճանաչվում է, որ կանանց և տղամարդկանց կողմից հավասար (միևնույն) արդյունքների հասնելու համար նրանց նկատմամբ անհրաժեշտ է դրսևորել տարբեր վերաբերմունք, քանի որ նրանց կենսապայմանները տարբեր են.

19) գործընկերային հարաբերություններ` հավասար պայմաններում կանանց և տղամարդկանց համագործակցություն կամ համատեղ մասնակցություն պետական և հասարակական կյանքին.

20) ժամանակավոր հատուկ միջոցներ` իրավական, կազմակերպական բնույթի ժամանակավոր միջոցներ` ուղղված հասարակական կյանքի` գենդերային կարծրատիպերով և գենդերային մշակույթի բացակայությամբ առավել աչքի ընկնող ոլորտներում սեռերից մեկի ներկայացուցիչների պաշտպանությանը.

21) սեռական ոտնձգություն` գենդերային խտրականության դրսևորումների տեսակ` խոսքային կամ ֆիզիկական դրսևորում ունեցող սեռական բնույթի գործողություններ կամ ցանկացած իրավիճակ, որոնք ուղղված են անձի արժանապատվությունը նվաստացնելուն, վախեցնելուն, թշնամությանը, ստորացմանը կամ նմանատիպ իրավիճակներին:

 

Հոդված 4. Գենդերային հավասարության քաղաքականության հիմնական սկզբունքները

 

1. Գենդերային հավասարության քաղաքականության սկզբունքներն են`

1) գենդերային հավասարության ապահովման ոլորտում միջազգային իրավունքի նորմերի պահպանումը.

2) սոցիալական արդարությունը.

3) գենդերային խտրականության բացառումը.

4) գենդերային հավասարության առաջընթացին քաղաքացիական հասարակության մասնակցությունը:

 

Հոդված 5. Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին օրենսդրությունը

 

1. Գենդերային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ նորմատիվ իրավական ակտերով:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են գենդերային հարաբերությունները կարգավորող այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

Հոդված 6. Գենդերային խտրականության արգելումը

 

1. Հասարակական կյանքի բոլոր ոլորտներում ուղղակի և անուղղակի գենդերային խտրականությունն արգելվում է:

2. Գենդերային ուղղակի խտրականության ձևեր են`

1) ընտանեկան դրության, հղիության և ընտանեկան պարտականությունների կատարման հիմքով խտրականությունը.

2) միևնույն կամ համարժեք աշխատանքի դիմաց տարբեր վարձատրությունը, աշխատանքի վարձատրության ցանկացած փոփոխությունը (բարձրացում կամ իջեցում) կամ աշխատանքի պայմանների վատթարացումը սեռի հատկանիշով.

3) սեռական ոտնձգությունը.

4) երբ անձը սեռի հատկանիշով ենթարկվել, ենթարկվում կամ կարող է ենթարկվել առավել վատ կամ անբարենպաստ վերաբերմունքի միևնույն կամ նմանատիպ իրավիճակում:

3. Գենդերային անուղղակի խտրականության ձևեր են`

1) գենդերային կարծրատիպերի վերարտադրությունը զանգվածային լրատվությամբ, կրթության և մշակույթի միջոցով.

2) այնպիսի պայմանների հաստատումը, պահանջների ներկայացումը, որոնք առաջացրել են կամ կարող են առաջացնել բացասական հետևանքներ` որոշակի սեռի անձանց վնաս պատճառելու ձևով:

4. Գենդերային խտրականություն չեն`

1) կանանց և տղամարդկանց հարաբերությունների կարգավորման հարցերում տարբերությունների սահմանումը` պայմանավորված հղիությամբ և ծննդաբերությամբ, երեխայի խնամքով և կրծքով կերակրելով.

2) օրենքով սահմանված դեպքերում բացառապես տղամարդկանց պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության անցնելը.

3) սույն օրենքի հիմքով ժամանակավոր հատուկ միջոցների կիրառումը, որոնք ուղղված են իրավական կարգավորման ենթակա քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային և այլ հարաբերություններում գենդերային հավասարության հաստատմանը.

4) կանանց և տղամարդկանց աշխատանքի պահպանման առանձնահատկությունները` կապված նրանց վերարտադրողական առողջության պահպանման հետ.

5) մասնագիտական որակավորմանը ներկայացվող պահանջների սահմանումը` հիմնված պարտականությունների` միայն որոշակի սեռի անձանց, կատարման հնարավորության վրա.

6) այն տարբերությունների սահմանումը, որը պայմանավորված է տարբեր սեռերի կենսաբանական առանձնահատկությամբ.

7) կրոնական կանոնական ծեսերը:

5. Արգելվում է անձի վերաբերյալ սեռի հատկանիշով պայմանավորված վիրավորական և նվաստացուցիչ հրապարակային հայտարարություն անելը, ներառյալ` զանգվածային լրատվության միջոցներով:

 

ԳԼՈՒԽ II
ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԴՐԱ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄԸ ԵՎ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 7. Գենդերային հավասարության ապահովման պետական քաղաքականությունը

 

1. Գենդերային հավասարության ապահովման պետական քաղաքականությունը ձևավորվում և իրականացվում է սույն օրենքով սահմանված սկզբունքներին համապատասխան` պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց կողմից:

2. Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները գենդերային հավասարության ապահովման պետական քաղաքականության ձևավորմանը և իրագործմանը մասնակցում են իրենց նախաձեռնությամբ:

 

Հոդված 8. Գենդերային հավասարության ապահովման պետական քաղաքականության հիմնական ուղղությունները

 

1. Գենդերային հավասարության ապահովման պետական քաղաքականության հիմնական ուղղություններն են`

1) գենդերային հավասարության հիմնախնդիրների վերաբերյալ միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումը.

2) գենդերային հավասարության ապահովման համար նորմատիվ իրավական բազայի ձևավորումը, կատարելագործումը, զարգացումը և միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին համապատասխանեցումը.

3) գենդերային հավասարության ապահովման համար գործուն իրավական և կազմակերպական մեխանիզմների ստեղծումը.

i

4) գենդերային հավասարության հասնելուն ուղղված պետական նպատակային ծրագրերի և միջոցառումների մշակումն ու իրագործումը և դրանց ֆինանսավորումը.

5) կանանց և տղամարդկանց հնարավորությունների միջև անհավասարության վերացմանը միտված ժամանակավոր հատուկ միջոցների կիրառումը.

6) գենդերային վիճակագրության և գենդերային հավասարության ապահովման պետական քաղաքականության իրագործման մշտադիտարկման իրականացումը.

7) գենդերային հավասարության խախտմանն ուղղված տեղեկատվությունից, քարոզչությունից հասարակության պաշտպանությունը.

8) գենդերային հավասարության մշակույթի ձևավորումը և քարոզչությունը.

9) պետական, տարածքային և համայնքային ծրագրերի և միջոցառումների ու զարգացման ռազմավարությունների մեջ գենդերային հավասարության հիմնախնդրի համալիր մոտեցումների ներդրումը:

 

Հոդված 9. Գենդերային հավասարության ապահովման պետական քաղաքականության իրագործման մշտադիտարկումը

 

1. Գենդերային հավասարության ապահովման պետական քաղաքականության իրագործման մշտադիտարկումն ու գնահատումն իրականացնում են պետական մարմինները Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով:

2. Գենդերային հավասարության ապահովման ծրագրեր և միջոցառումներ իրականացնող պետական և տեղական ինքնակառավարման մարմինները գենդերային հավասարության ուղղությամբ իրենց իրականացրած գործունեության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով ամենամյա տեղեկատվություն են ներկայացնում գենդերային հավասարության ապահովման պետական քաղաքականության իրագործման համար պատասխանատու Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնին (այսուհետ` պետական լիազոր մարմին) և կարող են դա հրապարակել զանգվածային լրատվության միջոցներով:

(9-րդ հոդ. փոփ. 21.01.20 ՀՕ-61-Ն օրենք)

 

Հոդված 10. Գենդերային վիճակագրությունը

 

1. Հայաստանի Հանրապետությունում գենդերային վիճակագրությունն իրականացվում է պետական վիճակագրության հետ կապված հարաբերությունները կարգավորող օրենքներին համապատասխան:

 

ԳԼՈՒԽ III
ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ

 

Հոդված 11. Գենդերային հավասարության երաշխիքները պետության կառավարման մեջ

 

1. Պետությունը` ի դեմս Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով լիազորված մարմինների և պաշտոնատար անձանց, իրավական, կազմակերպական և այլ մեխանիզմների միջոցով կանանց և տղամարդկանց համար երաշխավորում և ստեղծում է պետության կառավարմանը մասնակցելու համար հավասար հնարավորություններ:

2. Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված իրենց իրավասության սահմաններում խորհրդակցական, աշխատանքային մարմիններ, պատվիրակություններ, ընտրական հանձնաժողովներ, օրենքով սահմանված դեպքերում քվոտաներով և կոլեգիալության սկզբունքով այլ մարմիններ կազմավորելիս կամ քաղաքական, հայեցողական, քաղաքացիական պաշտոններում նշանակում կատարելիս կամ քաղաքական, հայեցողական, քաղաքացիական պաշտոններում նշանակվելու համար թեկնածություններ առաջարկելիս բացառում են գենդերային խտրականության դրսևորումները:

 

Հոդված 12. Հավասար ընտրական իրավունքների երաշխիքները

 

1. Կանայք և տղամարդիկ ունեն հավասար իրավունքներ և հավասար հնարավորություններ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, հանրաքվեներին մասնակցելիս:

2. Ընտրություններ անցկացնելիս կանայք և տղամարդիկ հավասարապես ապահովվում են արդարացի և իրական հնարավորություններով` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ ընտրելու և ընտրվելու իրավունքն իրականացնելու համար:

3. Կանանց և տղամարդկանց զուգակշռված (հավասարակշռված) ներկայացվածության հասնելու նպատակով պետությունը կարող է սահմանել ընտրովի մարմիններում առավել քիչ ներկայացված սեռի թեկնածուների աջակցմանն ուղղված ժամանակավոր հատուկ միջոցներ:

4. Ընտրություններին կուսակցությունների մասնակցությունը պետք է ապահովված լինի թեկնածուների ընտրական ցուցակներում գենդերային ներկայացվածությամբ` օրենքով սահմանված քվոտաներով:

5. Կանանց և տղամարդկանց ընտրական իրավունքները, դրանց երաշխիքները, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների, հանրաքվեների նախապատրաստման, կազմակերպման, անցկացման, մասնակցության, ինչպես նաև կուսակցությունների` գենդերային ներկայացվածության ապահովումը խրախուսելու և աջակցելու միջոցառումների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են օրենքով:

 

Հոդված 13. Գենդերային հավասարության երաշխիքները հանրային ծառայության մեջ

 

1. Կանայք և տղամարդիկ հանրային ծառայության ընդունվելու և մասնագիտական գործունեություն իրականացնելու համար ունեն հավասար իրավունքներ, պարտականություններ, պատասխանատվություն և հավասար հնարավորություններ:

2. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են ապահովել կանանց և տղամարդկանց` հանրային ծառայության ընդունվելու հավասար հնարավորություններ` իրենց ընդունակություններին և մասնագիտական պատրաստվածությանը համապատասխան:

3. Պետական մարմնում և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմերում աշխատողներին պաշտոններում նշանակելիս, աշխատանքային առաջխաղացում կամ մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով վերապատրաստման, ուսուցման գործուղում իրականացնելիս բացառվում են գենդերային խտրականության դրսևորումները:

4. Կանայք և տղամարդիկ հանրային ծառայության թափուր պաշտոնների համալրմանը իրավունք ունեն մասնակցելու օրենքով սահմանված կարգով` հավասարապես և հավասար պայմաններում:

5. Արգելվում է միայն մեկ սեռի անձանց համար հանրային ծառայության ընդունվելու մրցույթներ հայտարարելը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա ուղղակիորեն բխում է այլ անձանց իրավունքների և շահերի պաշտպանությունից:

6. Սույն հոդվածով սահմանված պահանջների խախտմամբ ընդունված ակտը կամ թափուր պաշտոնների համալրման համար անցկացված մրցույթն անվավեր է ճանաչվում դատական կարգով:

(13-րդ հոդ. փոփ. 21.01.20 ՀՕ-61-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ IV
ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄԸ

 

i
Հոդված 14. Գենդերային հավասարության ապահովման պետական քաղաքականության իրագործումը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր լիազորությունների սահմաններում`

1) իրագործում է գենդերային հավասարության ապահովման պետական քաղաքականությունը.

2) ապահովում է գենդերային հավասարության ապահովման քաղաքականության իրագործման ոլորտում պետական կառավարման համակարգի մարմինների գործունեության վերահսկողությունը.

3) մինչև յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակի վերջը հաղորդում է ներկայացնում նախորդող տարում գենդերային հավասարության ապահովման պետական քաղաքականության իրագործման արդյունքների և Հայաստանի Հանրապետությունում գենդերային հավասարության ոլորտում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, որը հրապարակում է զանգվածային լրատվության միջոցներով.

4) Միավորված ազգերի կազմակերպության «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայով (այսուհետ` Կոնվենցիա) սահմանված կարգով և ժամկետներում Գլխավոր քարտուղարին է ներկայացնում Կոնվենցիայի դրույթների կատարման վերաբերյալ զեկույցը.

5) հաստատում է գենդերային հավասարության վրա պետական քաղաքականության, ծրագրերի և միջոցառումների ազդեցության գնահատման կարգը.

6) ստեղծում է իրավական և կազմակերպական գործուն մեխանիզմներ գենդերային հավասարության պետական քաղաքականության ապահովման և իրագործման համար:

(14-րդ հոդ. փոփ. 21.01.20 ՀՕ-61-Ն օրենք)

 

Հոդված 15. Գենդերային հավասարության ապահովման պետական քաղաքականության իրագործումը պետական լիազոր մարմնի կողմից

 

1. Գենդերային քաղաքականության ոլորտում պետական լիազոր մարմինը`

1) մշակում և իրականացնում է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում գենդերային հավասարության ապահովման միասնական պետական քաղաքականությունը.

2) ներկայացնում է առաջարկություններ գենդերային հավասարության ապահովման պետական քաղաքականության ծրագրերի և միջոցառումների ֆինանսավորումը նախատեսելու վերաբերյալ.

3) ըստ անհրաժեշտության աջակցում է Հայաստանի Հանրապետությունում գենդերային հավասարության ապահովման պետական քաղաքականության իրագործման ուղղությամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող աշխատանքներին.

4) ուսումնասիրում և ամփոփում է գենդերային հավասարության ապահովման պետական քաղաքականության իրագործման վերաբերյալ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացրած ամենամյա տեղեկատվությունը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներկայացրած մշտադիտարկման արդյունքները և Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում տեղեկատվություն ամփոփման արդյունքների վերաբերյալ.

5) կազմակերպում է գենդերային հավասարության ոլորտում տեղեկատվական, քարոզչական աշխատանքներ և «Գենդերային գիտելիքների հիմունքների վերաբերյալ» թեմայով վերապատրաստման դասընթացներ:

 

Հոդված 16. Գենդերային հավասարության ապահովման պետական քաղաքականության իրագործումը տեղական ինքնակառավարման մարմինների կողմից

 

1. Տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց լիազորությունների շրջանակում միջոցառումներ են ձեռնարկում գենդերային հավասարության ապահովման պետական քաղաքականության իրագործման ուղղությամբ:

 

Հոդված 17. Քաղաքացիական հասարակության աջակցությունը գենդերային հավասարության ապահովմանը

 

1. Քաղաքացիական հասարակության անդամներն իրավունք ունեն`

1) մասնակցելու գենդերային հավասարության ապահովման պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընդունած որոշումների, ծրագրերի և միջոցառումների մշակմանը և իրագործմանը.

2) վեր հանելու գենդերային հավասարության խախտման փաստերը և գենդերային քաղաքականության ոլորտում պետական լիազոր մարմին ներկայացնել տվյալներ` գենդերային հավասարության ապահովման ոլորտում մշտադիտարկում իրականացնելու նպատակով.

3) իրականացնելու սույն օրենքի և գենդերային հավասարության ապահովման ոլորտում Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների կատարման մշտադիտարկումը.

4) իրականացնելու նորմատիվ իրավական ակտերի նախագծերի և գործող նորմատիվ իրավական ակտերի անկախ գենդերային փորձաքննություն, գենդերային վերլուծություն և այդ առնչությամբ համապատասխան եզրակացություն, առաջարկություն կամ օրենքների և այլ իրավական ակտերի նախագծեր մշակել և ներկայացնել իրավասու մարմիններ.

5) նախապատրաստելու գենդերային հավասարության ապահովման ոլորտի վերաբերյալ այլընտրանքային հրապարակային զեկույցներ, հաղորդումներ.

6) զանգվածային լրատվության միջոցներով իրականացնելու գենդերային հավասարության ապահովմանը միտված քարոզչություն.

7) իրականացնելու գենդերային հավասարության ապահովման պետական քաղաքականության աջակցմանն ուղղված օրինական այլ գործողություններ:

2. Զանգվածային լրատվության միջոցներն իրենց ծրագրերով, թողարկումներով գենդերային հավասարությանը վերաբերող տեղեկատվության տարածմամբ աջակցում են գենդերային հավասարության առաջընթացին:

 

Հոդված 18. Նորմատիվ իրավական ակտերի գենդերային փորձաքննությունը

 

1. Գենդերային փորձաքննությունն իրականացվում է նորմատիվ իրավական ակտի նախագծի ազդեցության գնահատման և նորմատիվ իրավական ակտի փորձաքննության միջոցով` «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

2. Գենդերային փորձաքննությունն իրականացվում է նորմատիվ իրավական ակտերի նախագծերի կարգավորման ազդեցության գնահատման, նորմատիվ իրավական ակտերում և դրանց նախագծերում գենդերային հավասարության խախտումների փաստերը բացառելու և վերացնելու, Հայաստանի Հանրապետության իրավական ակտերը գենդերային հավասարության ոլորտում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին և միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին համապատասխանեցնելու, քաղաքական, սոցիալական, տնտեսական, մշակութային և հասարակական կյանքի այլ ոլորտներում կանանց և տղամարդկանց համար հավասար իրավունքներ և հավասար հնարավորություններ ապահովելու սկզբունքը պահպանելու, կանանց և տղամարդկանց սեռի հատկանիշով խտրականությունից պաշտպանելու համար:

 

ԳԼՈՒԽ V
ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

 

Հոդված 19. Գենդերային հավասարության խախտման վերաբերյալ բողոքները և խախտման հետևանքով տուժած անձանց իրավունքների պաշտպանությունը

 

1. Այն անձը, որը կարծում է` իր նկատմամբ կիրառվել է գենդերային խտրականություն, իրավունք ունի իր իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու և խախտված իրավունքներն ու ազատությունները վերականգնելու համար դիմելու իրավասու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց և օրենքով սահմանված ժամկետում ստանալու պատասխան:

2. Սույն հոդվածի 1-ին մասի հիմքով պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, պաշտոնատար անձանց գենդերային հավասարության խախտման փաստով դիմելը չի սահմանափակում անձի դատական պաշտպանության իրավունքը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունն ստանալը:

3. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, ինչպես նաև կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևից) և դրանց պաշտոնատար անձանց գործողությունները կամ անգործությունը, որոնք հանգեցրել են գենդերային խտրականության, կարող են բողոքարկվել վարչական կամ դատական կարգով:

4. Գենդերային հավասարության խախտման հետևանքով տուժած անձանց իրավունքների պաշտպանությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով:

 

ԳԼՈՒԽ VI
ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

Հոդված 20. Գենդերային հավասարության ապահովման պետական քաղաքականության իրագործման ֆինանսավորումը

 

1. Գենդերային հավասարության ապահովման պետական քաղաքականությամբ նախատեսված ծրագրերի և միջոցառումների ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

2. Գենդերային հավասարության ապահովման պետական քաղաքականությամբ նախատեսված ծրագրերի և միջոցառումների իրականացման համար կարող են կատարվել նաև օրենքով չարգելված այլ աղբյուրներից հատկացումներ օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև այլ կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևից) և ֆիզիկական անձանց հանգանակություններ, նվիրատվություններ և այլ հատկացումներ, որոնք օգտագործվում են բացառապես գենդերային հավասարության ապահովման պետական, տարածքային և համայնքային զարգացման ծրագրերի և միջոցառումների ֆինանսավորման նպատակով:

 

ԳԼՈՒԽ VII
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ

 

Հոդված 21. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2013 թ. հունիսի 11
Երևան
ՀՕ-57-Ն

 

 

pin
ՀՀ 20.05.2013
N ՀՕ-57-Ն օրենք