Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 24-ՐԴ, 30-Ր...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 24-ՐԴ, 30-ՐԴ, 242-ՐԴ, 12 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                 Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                          թիվ ԵՇԴ/0397/02/15

    Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0397/02/15      2019թ.

Նախագահող դատավոր` Ա. Սմբատյան

    Դատավորներ`        Կ. Հակոբյան

                       Ա. Հունանյան

 

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Ա. Բարսեղյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2019 թվականի փետրվարի 20-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Զարգացման Հայկական Բանկ» բաց բաժնետիրական ընկերության (այսուհետ` Բանկ) ներկայացուցիչ Դավիթ Ազիզյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.06.2016 թվականի որոշման դեմ` ըստ Բանկի հայցի ընդդեմ Վարդուհի և Խաչատուր Թառլանյանների` գումարի բռնագանձման և բռնագանձումը գրավի առարկայի վրա տարածելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Բանկը պահանջել է Վարդուհի և Խաչատուր Թառլանյաններից բռնագանձել 44.483,46 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` բռնագանձումը տարածելով 28.10.2009 թվականին կնքված թիվ 349-Հ/2009 առուվաճառքի և հիփոթեքի պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման ապահովման համար Բանկի օգտին գրավադրված` Երևանի Ռ. Պատկանյան փողոցի թիվ 1/2 բնակելի տան վրա, պայմանագրային տոկոսների և տույժերի հաշվեգրումը շարունակել մինչև պարտավորության փաստացի կատարման օրը, ինչպես նաև Վարդուհի և Խաչատուր Թառլանյաններից բռնագանձել 430.000 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Կուբանյան) (այսուհետ` Դատարան) 12.03.2016 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` Դատարանը վճռել է Խաչատուր Թառլանյանից հօգուտ Բանկի բռնագանձել 44.483 ԱՄՆ դոլար 46 ԱՄՆ ցենտին համարժեք ՀՀ դրամ, որից 41.540 ԱՄՆ դոլար 9 ցենտին համարժեք ՀՀ դրամը` որպես վարկի մնացորդ, 2.641 ԱՄՆ դոլար 49 ցենտին համարժեք ՀՀ դրամը` որպես հաշվարկված տոկոսագումար, 148 ԱՄՆ դոլար 45 ցենտին համարժեք ՀՀ դրամը` որպես ժամկետանց վարկի գծով միանվագ տուգանք և չվճարված տույժ, 153 ԱՄՆ դոլար 43 ցենտին համարժեք ՀՀ դրամը` որպես ժամկետանց տոկոսի գծով չվճարված տույժ, բռնագանձել 430.000 ՀՀ դրամ նախապես վճարված պետական տուրքի գումարը, ինչպես նաև մինչև պարտքի փաստացի մարումը 28.10.2009 թվականին կնքված թիվ 349-Հ/2009 վարկային պայմանագրով հաշվեգրվող տոկոսները և տույժերը` բռնագանձումը տարածելով գրավի առարկա հանդիսացող` Երևանի Ռ. Պատկանյան փողոցի թիվ 1/2 հասցեի անշարժ գույքի` Խաչատուր Թառլանյանին սեփականության իրավունքով պատկանող 1/2 բաժնեմասի վրա: Դատարանը նաև վճռել է Խաչատուր Թառլանյանից ՀՀ պետական բյուջե բռնագանձել մինչև պարտքի փաստացի մարումը 28.10.2009 թվականին կնքված թիվ 349-Հ/2009 վարկային պայմանագրով հաշվեգրվող տոկոսների և տույժերի ընդհանուր գումարի 2 տոկոսը` որպես պետական տուրքի գումար: Հայցը` մնացած մասով, մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 23.06.2016 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 12.03.2016 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 24-րդ, 30-րդ, 242-րդ, 1243-րդ, 1244-րդ հոդվածները, խախտել է իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել գործում առկա ապացույցները: Մասնավորապես` Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ժառանգության բացման պահին ժառանգատու (պարտապան) Բաբկեն Թառլանյանի ժառանգներից Վարդուհի Թառլանյանը եղել է անչափահաս և այդ պարագայում Բանկը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ հոդվածին համապատասխան 12.11.2013 թվականի գրությամբ ծանուցել է Վարդուհի Թառլանյանի օրինական ներկայացուցիչ Խանում Նիկոյանին (Վարդուհի Թառլանյանի մորը): Հետևաբար Վարդուհի Թառլանյանի օրինական ներկայացուցիչ Խանում Նիկոյանին ծանուցելու փաստը հաստատում է Բանկի կողմից օրենքով սահմանված ժամկետում Բաբկեն Թառլանյանի իրավահաջորդ Վարդուհի Թառլանյանին պահանջ ներկայացնելու հանգամանքը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ժառանգության ընդունումը միակողմ գործարք է, որը Վարդուհի Թառլանյանն ինքնուրույն իրականացնելու իրավասություն չի ունեցել, իսկ Խանում Նիկոյանը, օրենքի հիման վրա հանդիսանալով Վարդուհի Թառլանյանի օրինական ներկայացուցիչը, տեղեկացված է եղել Բաբկեն Թառլանյանի ժառանգների նկատմամբ Բանկի ունեցած պահանջի մասին:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 23.06.2016 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը բավարարել ամբողջությամբ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Բանկի և վարկառու Բաբկեն Թառլանյանի միջև 28.10.2009 թվականին կնքված թիվ 349-Հ/2009 վարկային պայմանագրով վերջինիս տրամադրվել է 60.000 ԱՄՆ դոլարի չափով վարկ` տարեկան 16% տոկոսադրույքով, մինչև 28.10.2019 թվականը մարման ժամկետով: Պայմանագրի 1.10-րդ կետի համաձայն` նույն պայմանագրով նախատեսված ժամկետներում վարկի գումարի և հաշվարկված տոկոսագումարների չմարման դեպքում չմարված վարկի գումարը և հաշվարկված տոկոսագումարները համարվում են ժամկետանց: Պայմանագրի 1.11-րդ կետի համաձայն` վարկառուն Բանկին միանվագ վճարում է տուգանք` ժամկետանց վարկի գումարի 5%-ի չափով, և կետանցի յուրաքանչյուր օրվա համար տույժ` ժամկետանց վարկի գումարի 0,1%-ի չափով: Տույժի հաշվարկումը կատարվում է մինչև ժամկետանց վարկի փաստացի մարումը: Պայմանագրի 1.12-րդ կետի համաձայն` Վարկառուն ժամկետանց տոկոսագումարներ առաջանալու դեպքում Բանկին վճարում է տույժ` ժամկետանց տոկոսագումարների նկատմամբ 0,1%-ի չափով` յուրաքանչյուր ուշացած օրվա համար: Նույն պայմանագրի հավելվածով սահմանված է վարկի մայր գումարների և տոկոսների մարման ժամանակացույցը (հատոր 1-ին, գ.թ. 8-11):

2. Բանկի և Բաբկեն Թառլանյանի միջև 28.10.2009 թվականին կնքված թիվ 349-Հ/2009 առուվաճառքի և հիփոթեքի պայմանագրով Բաբկեն Թառլանյանը, ի ապահովումն վերոնշյալ վարկային պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման` գրավադրել է Երևանի Ռ. Պատկանյան փողոցի թիվ 1/2 հասցեի անշարժ գույքը (հատոր 1-ին, գ.թ. 12-13):

3. 30.10.2009 թվականին տրված թիվ 0194112 գրավի, հիփոթեքի իրավունքի գրանցման վկայականի համաձայն` Երևանի Ռ. Պատկանյան փողոցի թիվ 1/2 հասցեի անշարժ գույքի նկատմամբ գրանցվել է Բանկի գրավի իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 14-15):

4. 09.10.1996 թվականին տրված թիվ ԱԱ 070682 ծննդյան վկայականի համաձայն` 04.07.1996 թվականին ծնված Վարդուհի Թառլանյանի հայրը Բաբկեն Թառլանյանն է, մայրը` Խանում Նիկոյանը (հատոր 1-ին, գ.թ. 157):

5. 23.08.2013 թվականին տրված ԱԲ N131420 մահվան վկայականի համաձայն` Բաբկեն Թառլանյանը մահացել է 22.08.2013 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 159):

6. Բանկի կողմից 12.11.2013 թվականին Խաչատուր Թառլանյանին ու Խանում Նիկոյանին ուղղված և վերջիններիս կողմից 14.11.2013 թվականին ստացված ծանուցումների համաձայն` «Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Դուք հանդիսանում եք Բաբկեն Թառլանյանի հնարավոր ժառանգ, հայտնում ենք, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ և 1244-րդ հոդվածների համաձայն` ժառանգները ժառանգության վկայագիրը ստանալուց հետո իրենց անցած գույքի արժեքի սահմաններում հատուցում են ժառանգատուի պարտքերով պարտատերերի պահանջները: Ելնելով վերոգրյալից` առաջարկում ենք Բաբկեն Թառլանյանի ժառանգությունն ընդունելուց հետո քայլեր ձեռնարկել Բանկի նկատմամբ ժառանգատուի պարտավորությունների պատշաճ կատարման ուղղությամբ» (հատոր 1-ին, գ.թ. 162-163):

7. 07.03.2014 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` Բաբկեն Թառլանյանի գույքի նկատմամբ հավասարապես ժառանգներ են համարվում որդին` Խաչատուր Թառլանյանը (ծնված` 03.12.1993 թվականին), և դուստրը` Վարդուհի Թառլանյանը (ծնված` 04.07.1996 թվականին) (հատոր 1-ին, գ.թ. 17):

8. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին ուղղված Բանկի 13.03.2014 թվականի գրությամբ Բանկը չի առարկել, որպեսզի Խաչատուր և Վարդուհի Թառլանյաններին պատկանող, Բանկում գրավադրված Երևանի Ռ. Պատկանյան փողոցի թիվ 1/2 հասցեում գտնվող անշարժ գույքը (բնակելի տունը) բաժանվի մասերի` պահպանելով գրավի իրավունքը բաժանված բոլոր մասերի նկատմամբ (հատոր 1-ին, գ.թ. 164):

9. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 03.04.2014 թվականին տրված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 03042014-01-0159 վկայականի համաձայն` Երևանի Ռ. Պատկանյան փողոցի թիվ 1/2 հասցեի բնակելի տան նկատմամբ գրանցված է Խաչատուր Թառլանյանի (1/2 բաժնեմաս) և Վարդուհի Թառլանյանի (1/2 բաժնեմաս) սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 18):

10. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 03.04.2014 թվականին տրված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 03042014-01-0160 վկայականի համաձայն` Երևանի Ռ. Պատկանյան փողոցի թիվ 1/3 հասցեի ավտոտնակի նկատմամբ գրանցված է Խաչատուր Թառլանյանի (1/2 բաժնեմաս) և Վարդուհի Թառլանյանի (1/2 բաժնեմաս) սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 169):

11. Բանկի, գնորդ Հրանուշ Վիրաբյանի և վաճառողներ Խաչատուր և Վարդուհի Թառլանյանների միջև 04.04.2014 թվականին կնքվել է եռակողմ էսքրոու պայմանագիր` որպես գնորդի և վաճառողների միջև կնքվող գույքի առուվաճառքի պայմանագրի գնի վճարման երաշխավորված ապահովման միջոց, որի համաձայն` գնորդը գնում է Երևանի Ռ. Պատկանյան փողոցի թիվ 1/3 հասցեի ավտոտնակը (հատոր 1-ին, գ.թ. 197):

12. 07.04.2014 թվականին Բանկի կողմից տրված եզրակացությամբ Բանկը նպատակահարմար է գտել բավարարել Խաչատուր Թառլանյանի դիմումը և գրավից ազատել Խաչատուր և Վարդուհի Թառլանյաններին պատկանող` Երևանի Ռ. Պատկանյան փողոցի թիվ 1/3 հասցեի ավտոտնակը` Բաբկեն Թառլանյանի վարկային պայմանագրից բխող պարտքի մի մասը վճարելու պայմանով (հատոր 1-ին, գ.թ. 167):

13. Խանում Նիկոյանի, Խաչատուր և Վարդուհի Թառլանյանների անձնագրերի պատճենների համաձայն` վերջիններիս հաշվառման հասցեն է` Երևանի Ռ. Պատկանյան փողոցի թիվ 1/2 տունը (հատոր 1-ին, գ.թ. 146-148, 150):

14. Բանկի կողմից տրված տեղեկանքի համաձայն` Բաբկեն Թառլանյանի պարտքը Բանկի հանդեպ 02.02.2015 թվականի դրությամբ կազմում է ընդամենը 44.483,46 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 16):

15. Բաբկեն Թառլանյանի վերաբերյալ բանկային քաղվածքի համաձայն` պարտքի վերջնական մնացորդը 22.02.2016 թվականի դրությամբ կազմում է 41.540,09 ԱՄՆ դոլար` որպես վարկի մնացորդ, 8.958,1 ԱՄՆ դոլար` որպես հաշվարկված տոկոս, 2.259,78 ԱՄՆ դոլար` որպես ժամկետանց գումարի տույժ, 2.330,19 ԱՄՆ դոլար` որպես ժամկետանց տոկոսի տույժ (հատոր 1-ին, գ.թ. 204):

 

i

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է`

1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասների կողմից ժառանգության ընդունման և նրանց նկատմամբ պարտատերերի կողմից պահանջ ներկայացնելու վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար,

2) Վերաքննիչ դատարանի կողմից իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասների կողմից ժառանգության ընդունման և ժառանգատուի պարտատերերի կողմից նրանց նկատմամբ պահանջ ներկայացնելու առանձնահատկություններին` միաժամանակ վերահաստատելով և զարգացնելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` իր գործողություններով քաղաքացիական իրավունքներ ձեռք բերելու և իրականացնելու, իր համար քաղաքացիական պարտականություններ ստեղծելու ու դրանք կատարելու քաղաքացու ունակությունը (քաղաքացիական գործունակություն) լրիվ ծավալով ծագում է չափահաս, այսինքն` տասնութ տարեկան դառնալու պահից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասները կարող են գործարքներ կնքել իրենց օրինական ներկայացուցիչների` ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի գրավոր համաձայնությամբ, բացառությամբ նույն հոդվածի 2-րդ կետում նշված գործարքների: Այդպիսի անչափահասի կնքած գործարքը վավեր է նաև նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի` հետագայում տված գրավոր հավանության դեպքում: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասները, առանց ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնության, իրավունք ունեն (1) տնօրինել իրենց աշխատավարձը, կրթաթոշակը և այլ եկամուտները. (2) իրականացնել գիտության, գրականության կամ արվեստի ստեղծագործության, գյուտի կամ մտավոր գործունեության` օրենքով պահպանվող այլ արդյունքի հեղինակի իրավունքներ. (3) օրենքին համապատասխան` ավանդներ մուծել վարկային հաստատություններ և տնօրինել դրանք. (4) կնքել կենցաղային մանր գործարքներ և նույն օրենսգրքի 29-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված այլ գործարքներ: Տասնվեց տարեկան դառնալիս` անչափահասներն իրավունք ունեն նաև, կոոպերատիվների մասին օրենքներին համապատասխան, լինել կոոպերատիվի անդամ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ հոդվածի համաձայն` գործարքները քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 292-րդ հոդվածի համաձայն` միակողմ գործարքների նկատմամբ համապատասխանաբար կիրառվում են պարտավորությունների և պայմանագրերի մասին ընդհանուր դրույթները, եթե դրանք չեն հակասում օրենքին, գործարքի միակողմանի բնույթին և էությանը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1184-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգության դեպքում մահացածի գույքը (ժառանգությունը) անփոփոխ վիճակում, որպես միասնական ամբողջություն, անցնում է այլ անձանց (համապարփակ իրավահաջորդություն), եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքի կանոններով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1186-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգության զանգվածի մեջ է մտնում ժառանգության բացման օրը ժառանգատուին պատկանող գույքը` ներառյալ դրամը, արժեթղթերը, գույքային իրավունքները և պարտականությունները:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1187-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգությունը բացվում է քաղաքացու մահից հետո:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1188-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգության բացման ժամանակը քաղաքացու մահվան օրն է, իսկ նրան մահացած ճանաչելու դեպքում այդ մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրը, եթե այլ օր սահմանված չէ վճռում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1216-րդ հոդվածի համաձայն` առաջին հերթի ժառանգներն են ժառանգատուի երեխաները, ամուսինը և ծնողները: Ժառանգատուի թոռները ժառանգում են ներկայացման իրավունքով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգությունը ձեռք բերելու համար ժառանգը պետք է այն ընդունի: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` ժառանգի կողմից ժառանգության մի մասի ընդունումը նշանակում է իրեն հասանելիք ամբողջ ժառանգության ընդունում, անկախ այն բանից, թե ինչ է այն իրենից ներկայացնում և որտեղ է գտնվում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգությունն ընդունվում է ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգի դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1227-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգությունը կարող է ընդունվել ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1230-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգն իրավունք ունի հրաժարվել ժառանգությունից ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում` ներառյալ այն դեպքում, երբ նա արդեն ընդունել է ժառանգությունը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1234-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ըստ կտակի ժառանգության դեպքում, եթե գույքը կտակված է երկու կամ մի քանի ժառանգների` առանց նշելու նրանցից յուրաքանչյուրի կողմից ժառանգվող կոնկրետ գույքն ու իրավունքները և, ըստ օրենքի ժառանգության դեպքում, եթե գույքն անցնում է երկու կամ ավելի ժառանգների, ժառանգության բացման օրվանից գույքը վերածվում է ժառանգների ընդհանուր բաժնային սեփականության:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1242-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգության հետ կապված ծախսերը հատուցվում են հետևյալ հերթականությամբ`

առաջին հերթին հատուցվում են մինչև ժառանգատուի մահը նրա հիվանդության հետևանքով առաջացած և ժառանգատուի պատշաճ հուղարկավորության համար անհրաժեշտ ծախսերը.

երկրորդ հերթին հատուցվում են ժառանգության զանգվածի մեջ մտնող գույքը պահպանելու և կառավարելու, ինչպես նաև կտակը կատարելու հետ կապված ծախսերը.

երրորդ հերթին բավարարվում են ժառանգատուի պարտքերով պարտատերերի պահանջները.

չորրորդ հերթին բավարարվում են պարտադիր բաժնի իրավունք ունեցող ժառանգների պահանջները.

հինգերորդ հերթին հատուցվում են կտակային հանձնարարությունը կատարելու հետ կապված ծախսերը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտատերերն իրավունք ունեն ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում ներկայացնել իրենց պահանջները: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` պահանջները, մինչև ժառանգների կողմից ժառանգության իրավունքի վկայագիր ստանալը, կարող են ներկայացվել ժառանգությունն ընդունած ժառանգին կամ կտակակատարին, իսկ նշված անձանց բացակայության դեպքում` ժառանգության բացման վայրի նոտարին:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1244-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգները, ժառանգության իրավունքի վկայագիրը ստանալուց հետո, իրենց անցած գույքի արժեքի սահմաններում հատուցում են նույն օրենսգրքի 1242-րդ հոդվածում նշված ծախսերը: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` իրենց անցած ժառանգության արժեքի սահմաններում ժառանգները կրում են համապարտ պատասխանատվություն:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ ժառանգության իրավունքի վկայագիր ստանալուց հետո ժառանգը ժառանգատուի պարտքերով պարտատերերի առջև իրեն անցած գույքի սահմաններում կարող է կրել պարտավորություններ, եթե ժառանգության բացումից վեցամսյա ժամկետում պարտատերերի կողմից իրեն պահանջ է ներկայացվել: Պահանջների ներկայացման համար սահմանված վեցամսյա ժամկետի ավարտից հետո ներկայացված պահանջները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1244-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով, ենթակա չեն բավարարման, քանի որ մինչև ժառանգության իրավունքի վկայագիր ստանալը պահանջի ներկայացման դեպքում միայն ժառանգը կարող էր որոշել ժառանգությունն ընդունելու նպատակահարմարությունը (տե՛ս, Սեդա Սոնյանն ընդդեմ Իդա Էբզիմյանի թիվ 3-1778(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.12.2007 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, զարգացնելով վերը շարադրված իրավական դիրքորոշումները, արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ հոդվածի 1-ին կետով օրենսդրի կողմից ժառանգատուի պարտատերերի համար պահանջներ ներկայացնելու վերջնաժամկետ սահմանելն ինքնանպատակ չէ. այն կոչված է ապահովելու քաղաքացիաիրավական հարաբերությունների կայունությունը և որոշակիությունը` պայմանավորված ժառանգման իրավահարաբերությունների առանձնահատկություններով:

Ընդունելով ժառանգությունը` ժառանգը ոչ միայն ձեռք է բերում համապատասխան իրավունքներ, այլ նաև պարտավորություն է ստանձնում իրեն անցած գույքի արժեքի սահմաններում պատասխանատվություն կրելու ժառանգատուի պարտավորությունների համար: Հետևաբար յուրաքանչյուր դեպքում իր ժառանգման իրավունքն իրացնելիս ժառանգը պետք է հստակ պատկերացում ունենա ինչպես ժառանգության զանգվածի մեջ մտնող գույքի կազմի, այնպես էլ ժառանգատուի պարտավորությունների վերաբերյալ: Եթե ժառանգության զանգվածի կազմը, որպես կանոն, պարզ է լինում ժառանգի համար, այլ է իրավիճակը ժառանգատուի պարտավորությունների պարագայում: Վերջիններիս վերաբերյալ որոշակի պատկերացում ժառանգը կարող է ունենալ միայն այն դեպքում, երբ օրենքով սահմանված ժամկետում պարտատերերի կողմից ներկայացվեն համապատասխան պահանջներ: Նման պայմաններում ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ օրենսդիրը, ժառանգատուի պարտատերերի համար սահմանելով պահանջների ներկայացման վերջնաժամկետ, ըստ էության, նախադրյալներ է ապահովել ժառանգի համար ժառանգության զանգվածի մեջ մտնող գույքի և ժառանգատուի պարտավորությունների հաշվառմամբ որոշելու իր` ժառանգման իրավունքի իրացման հարցը: Ընդ որում, ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ հոդվածով սահմանված ժամկետը դասվում է իրավադադարեցնող ժամկետների շարքին, ինչը նշանակում է, որ այդ ժամկետի բացթողումը հանգեցնում է պարտատիրոջ իրավունքի կորստի: Այսպես` գործնականում չի բացառվում, որ ժառանգությունը բացվելուց հետո ժառանգատուի պարտատերը կարող է որոշակի տևական ժամանակ օբյեկտիվորեն չիմանալ պարտապանի մահվան մասին: Մինչդեռ ինչպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ հոդվածը, այնպես էլ ժառանգության հետ կապված ծախսերը հատուցելուն վերաբերող մյուս իրավանորմերն այդ կապակցությամբ որևէ բացառություն չեն նախատեսում: Ավելին, ՀՀ օրենսդրությունը, ի տարբերություն ՀՀ քաղաքացիական օրենսգրքով կարգավորվող որոշակի իրավահարաբերությունների, մասնավորապես` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 342-րդ հոդվածի (Հայցային վաղեմության ժամկետը վերականգնելը) և 1228-րդ հոդվածի 2-րդ կետի (Ժառանգությունն ընդունելը սահմանված ժամկետի ավարտից հետո) կարգավորումների, չի նախատեսում նաև համապատասխան անձի մահվան մասին տեղյակ չլինելու հիմքով պահանջատիրոջ կողմից ժառանգներին պահանջ ներկայացնելու ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու և (կամ) այդ ժամկետը վերականգնելու հնարավորություն: Ելնելով վերոգրյալից` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում պարտատերերի կողմից պահանջները չներկայացնելու դեպքում նրանք զրկվում են հետագայում պարտապանի ժառանգների դեմ իրենց պահանջները ներկայացնելու իրավունքի իրացման հնարավորությունից:

Բացի այդ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ հոդվածով օրենսդիրը սահմանափակել է նաև այն սուբյեկտների շրջանակը, որոնց ժառանգատուի պարտատերերը կարող են ներկայացնել իրենց պահանջները, մասնավորապես` պարտատերն իրավունք ունի իր պահանջը բացառապես ներկայացնելու ժառանգությունն ընդունած ժառանգներին, կտակակատարին կամ ժառանգության բացման վայրի նոտարին: Օրենսդիրը, ամրագրելով նշված սուբյեկտների շրջանակը և նրանց պահանջ ներկայացնելու ժամանակահատվածը, այդուհանդերձ, չի կարգավորել այդ պահանջների ներկայացման կարգը: Նման պայմաններում ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ յուրաքանչյուր դեպքում պարտատերն իր իրավունքը պետք է իրացնի այնպիսի եղանակով, որով հնարավոր է ապացուցել վերը թվարկված սուբյեկտներին ժառանգատուի պարտավորությունների վերաբերյալ տեղեկացնելու փաստը:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ և 1244-րդ հոդվածների փոխկապակցված վերլուծությամբ անդրադառնալով ժառանգությունն ընդունած ժառանգին պահանջ ներկայացնելու կարգին` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ նման պահանջ կարող է ներկայացվել ժառանգման իրավունք ունեցող այն անձանց, որոնց վարքագիծը վկայում է ժառանգության հնարավոր ընդունման փաստի մասին: Ընդ որում, նման պահանջը կարող է ինչպես անմիջականորեն հասցեագրվել ժառանգին, այնպես էլ վերջինիս ներկայացվել դատարան հայց հարուցելու միջոցով: ՀՀ վճռաբեկ դատարանի նման եզրահանգումը բխում է հայցի ինստիտուտի էությունից, մասնավորապես` հայցը նյութաիրավական և դատավարական հասկացություն է, որի նյութաիրավական կողմն արտահայտվում է հայցվորի կողմից պատասխանողին ներկայացվող իրավական պահանջի մեջ, իսկ դատավարական կողմը դատարանին հասցեագրված պահանջն է` քննել և լուծել կողմերի միջև ծագած վեճը: Հետևաբար ժառանգատուի պարտատերը, վերջինիս հետ ունեցած պարտավորությունից բխող պահանջ ներկայացնելով դատարան ընդդեմ ժառանգման իրավունք ունեցող անձի, հայցի նյութաիրավական կողմի տեսանկյունից իրացնում է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ հոդվածով իրենց վերապահված իրավունքը (տե՛ս, Գյուլփերի Ստեփանյանն ընդդեմ Անահիտ Սմբատյանի և մյուսների թիվ ԱՐԱԴ/0416/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):

Ամփոփելով վերոգրյալը` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ պարտատերերի կողմից պահանջների ներկայացման ժամկետի սահմանափակում դնելը նպատակաուղղված է ժառանգի կողմից ժառանգությունն ընդունելու իր իրավունքի իրացման համար բավարար հստակություն և որոշակիություն մտցնելուն, որպեսզի սահմանված ժամկետի ընթացքում ժառանգը հնարավորություն ունենա որոշել` ընդունել ժառանգությունը, թե` ոչ, կամ օրինակ` պարտատերերի կողմից նշված ժամկետում պահանջ ներկայացվելու դեպքում հրաժարվել ժառանգությունից, թե` ոչ: Ընդ որում, նման կարգավորումը կիրառելի է ինչպես նոտարին դիմում ներկայացնելու, այնպես էլ փաստացի տիրապետման կամ կառավարման եղանակով ժառանգությունն ընդունելու պարագայում: Երկու դեպքում էլ ժառանգը պետք է իրական պատկերացում ունենա ժառանգության զանգվածի վերաբերյալ (տե՛ս, «Յունիբանկ» ԲԲԸ-ն ընդդեմ Անիկ Ստեփանյանի իրավահաջորդ Սիմոն Արզումանյանի թիվ ԵԱՔԴ/2190/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):

i

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասների կողմից ժառանգությունն ընդունելու առանձնահատկություններին` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ժառանգության ընդունումը միակողմ գործարք է (տե՛ս, օրինակ, Սուսաննա Նեմչինովան ընդդեմ Կենտրոն նոտարական գրասենյակի նոտար Էմմա Շաբոյանի և Սուրեն Առաքելյանի թիվ ԵԿԴ/2472/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը), հետևաբար նշված հարաբերությունների նկատմամբ կիրառելի են տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասների կողմից գործարք կնքելու վերաբերյալ կարգավորումները: Այսինքն` տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասները ժառանգությունն ընդունում են` մասնավորապես նոտարին դիմում են ներկայացնում ինքնուրույն, սակայն անպայմանորեն իրենց օրինական ներկայացուցիչների գրավոր համաձայնությամբ:

Օրենսդրի կողմից նման կարգավորում նախատեսելը պայմանավորված է այն հանգամանքով, որ թեև տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասները որոշակի ծավալով օժտված են քաղաքացիական գործունակությամբ, սակայն մասնավորապես տարիքային առանձնահատկություններից ելնելով` այն դեռևս բավարար չէ, որպեսզի նշված խմբի մեջ մտնող անչափահասները լիարժեքորեն ունակ լինեն ընկալելու սեփական գործողություններով քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ ձեռք բերելու և իրացնելու իրավական հետևանքները: Հետևաբար դա է պատճառը, որ բացառությամբ որոշակի խումբ գործարքների, մնացած գործարքների դեպքերում օրենսդիրը պարտադիր է համարում նաև օրինական ներկայացուցչի համաձայնությունը:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վերոնշյալ կարգավորումն արդարացիորեն գործում է նաև ժառանգման ընդունման դեպքում` նկատի ունենալով այն հանգամանքը, որ տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասները պետք է լիարժեքորեն պատկերացում կազմեն ժառանգության ընդունման իրավական հետևանքների` մասնավորապես այն հանգամանքի մասին, որ ժառանգության ընդունումը ենթադրում է ինչպես իրավունքների, այնպես էլ պարտականությունների ստանձնում, որից էլ ելնելով` հետագայում ժառանգները կարող են պատասխանատվություն կրել ժառանգատուի պարտատերերի առջև: Հետևաբար տրամաբանական է, որ նշված դեպքերում ևս պահանջվում է օրինական ներկայացուցիչների համաձայնությունը, որպեսզի արդյունավետ կերպով իրականացվի տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահաս ժառանգների իրավունքների և շահերի ապահովումը:

Անդրադառնալով պարտատերերի կողմից տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասներին պահանջներ ներկայացնելու առանձնահատկություններին` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ քանի որ պահանջ ներկայացնելու նպատակն այն է, որ իր ժառանգման իրավունքն իրացնելիս ժառանգը հստակ պատկերացում ունենա ինչպես ժառանգության զանգվածի մեջ մտնող իրավունքների, այնպես էլ ժառանգատուի պարտավորությունների վերաբերյալ, պահանջ ներկայացնելը պետք է իրականացվի այնպես, որ ժառանգը տեղյակ լինի և լիարժեքորեն պատկերացում կազմի ժառանգության ընդունման հետևանքների մասին: Նկատի ունենալով, որ քաղաքացիական հարաբերության սուբյեկտը տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասն է, իսկ օրինական ներկայացուցիչն ապահովում է վերջինիս կողմից իր իրավունքների և պարտականությունների լիարժեք իրացումը` հավանություն տալով կամ չտալով անչափահասի կնքած գործարքներին, Վճռաբեկ դատարանը կարևորում է, որ դատարանների կողմից ուշադրություն պետք է դարձվի այս երկու հանգամանքներին միաժամանակ: Մասնավորապես անհրաժեշտ է պարզել, թե արդյոք և՛ տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասը, և՛ նրա օրինական ներկայացուցիչը տեղյակ են եղել պարտատիրոջ պահանջի մասին, և այդ հանգամանքը հաշվի առնելով` համապատասխանաբար ընդունել են ժառանգությունը կամ տվել համաձայնություն ժառանգության ընդունման մասին:

Սույն գործի փաստերի համաձայն` Բանկի և վարկառու Բաբկեն Թառլանյանի միջև 28.10.2009 թվականին կնքված վարկային պայմանագրով վերջինիս տրամադրվել է 60.000 ԱՄՆ դոլարի չափով վարկ, տարեկան 16% տոկոսադրույքով` մինչև 28.10.2019 թվականը մարման ժամկետով: Ի ապահովումն նշված պայմանագրի` նույն անձանց միջև 28.10.2009 թվականին կնքվել է առուվաճառքի և հիփոթեքի պայմանագիր, որով գրավադրվել է Երևանի Ռ. Պատկանյան փողոցի թիվ 1/2 հասցեի անշարժ գույքը: Բանկի կողմից տրված տեղեկանքի համաձայն` Բաբկեն Թառլանյանի պարտքը Բանկի հանդեպ 02.02.2015 թվականի դրությամբ կազմում է ընդամենը 44.483,46 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: Բաբկեն Թառլանյանի վերաբերյալ բանկային քաղվածքի համաձայն` պարտքի վերջնական մնացորդը 22.02.2016 թվականի դրությամբ կազմում է 41.540,09 ԱՄՆ դոլար` որպես վարկի մնացորդ, 8.958,1 ԱՄՆ դոլար` որպես հաշվարկված տոկոս, 2.259,78 ԱՄՆ դոլար` որպես ժամկետանց գումարի տույժ, 2.330,19 ԱՄՆ դոլար` որպես ժամկետանց տոկոսի տույժ:

Բաբկեն Թառլանյանը մահացել է 22.08.2013 թվականին: 07.03.2014 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` Բաբկեն Թառլանյանի գույքի նկատմամբ հավասարապես ժառանգներ են համարվում որդին` Խաչատուր Թառլանյանը (ծնված` 03.12.1993 թվականին), և դուստրը` Վարդուհի Թառլանյանը (ծնված` 04.07.1996 թվականին): Բանկի կողմից 12.11.2013 թվականին պահանջ է ներկայացվել Խաչատուր Թառլանյանին ու Խանում Նիկոյանին (Վարդուհի Թառլանյանի մորը):

13.03.2014 թվականի գրությամբ Բանկը չի առարկել, որպեսզի Խաչատուր և Վարդուհի Թառլանյաններին պատկանող, Բանկում գրավադրված` Երևանի Ռ. Պատկանյան փողոցի թիվ 1/2 հասցեում գտնվող բնակելի տունը բաժանվի մասերի` պահպանելով գրավի իրավունքը բաժանված բոլոր մասերի նկատմամբ: 03.04.2014 թվականին տրված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի համաձայն` Երևանի Ռ. Պատկանյան փողոցի թիվ 1/2 հասցեի անշարժ գույքի և նույն փողոցի 1/3 հասցեի ավտոտնակի նկատմամբ գրանցված է Խաչատուր Թառլանյանի (1/2 բաժնեմաս) և Վարդուհի Թառլանյանի (1/2 բաժնեմաս) սեփականության իրավունքը:

Բանկի, գնորդ Հրանուշ Վիրաբյանի և վաճառողներ Խաչատուր և Վարդուհի Թառլանյանների միջև 04.04.2014 թվականին կնքվել է եռակողմ էսքրոու պայմանագիր: Բանկի 07.04.2014 թվականի եզրակացությամբ Բանկը նպատակահարմար է գտել գրավից ազատել Խաչատուր և Վարդուհի Թառլանյաններին պատկանող` Երևանի Ռ. Պատկանյան փողոցի թիվ 1/3 հասցեի ավտոտնակը` Բաբկեն Թառլանյանի վարկային պարտավորության մի մասը մարելու պայմանով:

Դատարանը, Վարդուհի Թառլանյանի մասով հայցը մերժելով, պատճառաբանել է, որ գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ Բանկը Վարդուհի Թառլանյանին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ հոդվածով սահմանված կարգով պահանջ է ներկայացրել, հետևաբար Բանկի պահանջի իրավունքը Վարդուհի Թառլանյանի նկատմամբ չի ծագել:

Վերաքննիչ դատարանը, ըստ էության համաձայնելով Դատարանի եզրահանգման հետ, հավելել է, որ Խաչատուր Թառլանյանին և Խանում Նիկոյանին ուղղված ծանուցմամբ Բանկը Խանում Նիկոյանին դիտել է ոչ թե որպես Վարդուհի Թառլանյանի օրինական ներկայացուցիչ, այլ ժառանգատուի ամուսին:

Սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Իրավահարաբերության ծագման պահին գործող` 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս, Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու դեպքում պետք է հաշվի առնի, թե որքանով է այդ ապացույցը վերաբերելի և թույլատրելի տվյալ փաստական հանգամանքը հաստատելու կամ մերժելու համար (տե՛ս, Սվետլանա Ժուլիկյանն ընդդեմ Անահիտ Խաչատրյանի թիվ ԵՄԴ/0232/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):

Սույն գործով թեև Բանկն ուղղակիորեն պահանջ է ներկայացրել ժառանգներից միայն Խաչատուր Թառլանյանին, սակայն գործում առկա ապացույցներից ակնհայտ է, որ Վարդուհի Թառլանյանը ևս տեղյակ է եղել Բանկի պահանջից, ավելին` իր գործողություններով ընդունել է ժառանգության մաս կազմող պարտավորությունը` մասնավորապես կնքելով էսքրոու պայմանագիր, որից հետո Բանկը համաձայնել է գրավից ազատել Խաչատուր և Վարդուհի Թառլանյանների սեփականություն հանդիսացող ավտոտնակը` Բաբկեն Թառլանյանի պարտավորության մի մասը մարելու նպատակով: Բանկի պահանջի մասին Վարդուհի Թառլանյանի տեղյակ լինելու մասին են վկայում նաև այլ ապացույցներ` մասնավորապես ժառանգների նույն հաշվառման հասցեում բնակվելը, Բանկի ծանուցումը Վարդուհի Թառլանյանի մոր` Խանում Նիկոյանի կողմից ստանալը, ժառանգության իրավունքի վկայագիր ստանալուց հետո ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը գրանցելու համար Բանկի համաձայնությունը ստանալը: Հետևաբար Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործում առկա անուղղակի ապացույցների համադրության արդյունքում հիմնավորվում է, որ Վարդուհի Թառլանյանը տեղեկացվել է Բանկի ունեցած պահանջի մասին, այսինքն` ըստ էության Բանկը պահանջ է ներկայացրել նաև Վարդուհի Թառլանյանին: ՈՒստի ընդունելով հոր ժառանգությունը` Վարդուհի Թառլանյանն ընդունել է նաև ժառանգության զանգվածի մաս կազմող Բանկի հանդեպ ունեցած պարտավորությունը:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Բանկի պահանջն ընդդեմ Վարդուհի Թառլանյանի նույնպես հիմնավոր է եղել: Մինչդեռ Դատարանը վերը թվարկված փաստերի անտեսման արդյունքում սխալ եզրահանգման է եկել Բանկի պահանջի հիմնավորվածության վերաբերյալ, ինչն անտեսվել է նաև Վերաքննիչ դատարանի կողմից:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի քննության ժամանակ առարկություն է ներկայացվել դրամական պարտավորության չափի դեմ, որը պատշաճ քննության չի ենթարկվել: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրամական պարտավորության չափը ճշտելու համար անհրաժեշտ է գործի նոր քննություն Վարդուհի Թառլանյանի դեմ պահանջի չափի հիմնավորվածության գնահատման համար:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար: Միաժամանակ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ գործը նոր քննության է ուղարկվում միայն Վարդուհի Թառլանյանի դեմ ներկայացված հայցապահանջների մասով` նկատի ունենալով, որ Խաչատուր Թառլանյանի դեմ ներկայացված հայցապահանջների մասով Դատարանի վճիռը չի բողոքարկվել և ըստ այդմ` մտել է օրինական ուժի մեջ:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ

դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոնների համաձայն:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.06.2016 թվականի որոշումը և գործը` ըստ հայցի «Զարգացման Հայկական Բանկ» բաց բաժնետիրական ընկերության ընդդեմ Վարդուհի Թառլանյանի` գումարի բռնագանձման և բռնագանձումը գրավի առարկայի վրա տարածելու պահանջների մասով, ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Ա. Բարսեղյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
20.02.2019
N ԵՇԴ/0397/02/15
Որոշում