(ուժը կորցրել է 01.06.12 թվականից` 30.11.11 ՀՕ-288-Ն օրենք)
i
010.0001.081003
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2003 թվականի սեպտեմբերի 24-ին
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՄԱՍԻՆ
i
ԳԼՈՒԽ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ՀՈԴՎԱԾ 1. |
ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ |
Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք ունեցող և բնակվող օտարերկրյա քաղաքացիներին, քաղաքացիություն չունեցող անձանց ու փախստականի կարգավիճակ ունեցող անձանց (այսուհետ` քաղաքացիներ) տրամադրվող սոցիալական ապահովության քարտեր (այսուհետ` սոցիալական քարտ) հատկացնելու, կիրառելու և սոցիալական քարտի համարի կիրառման հետ կապված հարաբերությունները:
ՀՈԴՎԱԾ 2. |
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ |
1. Սոցիալական քարտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, սույն օրենքից, այլ օրենքներից, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից և իրավական այլ ակտերից:
2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
ՀՈԴՎԱԾ 3. |
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՐՏԻ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ |
1. Սոցիալական քարտը քաղաքացիներին հատկացվող փաստաթուղթ է, որի միջոցով ապահովվում է քաղաքացիների սոցիալական ապահովության իրավունքի իրականացումը:
2. Սոցիալական քարտի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Սոցիալական քարտը տրվում է անվճար:
3. Սոցիալական քարտը հատկացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ` լիազորված մարմին):
ՀՈԴՎԱԾ 4. |
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՐՏԻ ՀԱՄԱՐԸ |
1. Քաղաքացուն հատկացվող սոցիալական քարտի համարը եզակի է և փոփոխման ենթակա չէ:
2. Սոցիալական քարտի համարի ձևավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
ՀՈԴՎԱԾ 5. |
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ |
Սոցիալական քարտերի համակարգի ստեղծման նպատակը տեղեկատվական համակարգերում անհատական տվյալների մշակման ընթացքում քաղաքացու նույնականացումը (իդենտիֆիկացումը), օրենսդրությամբ սահմանված կարգով տեղեկատվության փոխանակման գործընթացների կանոնակարգումը, բարելավումը և քաղաքացու անհատական տվյալների գաղտնիության ապահովումն է:
ԳԼՈՒԽ 2.
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱԶԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՐՏԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
ՀՈԴՎԱԾ 6. |
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱԶԱՆ |
i
1. Սոցիալական քարտերի տեղեկատվական բազան (այսուհետ` տեղեկատվական բազա) սոցիալական քարտեր ստացած քաղաքացիների` սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված անհատական տվյալների ամբողջությունն է:
2. Տեղեկատվական բազան ձևավորվում է քաղաքացիների ներկայացրած և համապատասխան պետական կառավարման մարմինների տրամադրած տվյալների հիման վրա:
(6-րդ հոդվածը փոփ. 23.05.06 ՀՕ-94-Ն օրենք)
i
ՀՈԴՎԱԾ 7. |
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱԶԱՅՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԸ ԵՎ ԲԱԶԱՅԻ ՎԱՐՈՒՄԸ |
1. Տեղեկատվական բազան ներառում է քաղաքացիների սոցիալական քարտերի համարները, ինչպես նաև քաղաքացիներին վերաբերող հետևյալ տվյալները.
1) անունը, ազգանունը և հայրանունը.
2) ծննդյան օրը, ամիսը և տարին.
3) սեռը.
4) Հայաստանի Հանրապետության մինչև 16 տարեկան քաղաքացիների համար ծննդյան վկայականի, իսկ 16 տարին լրացած քաղաքացիների համար անձնագրի սերիան և համարը.
5) օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակը հավաստող փաստաթղթի սերիան և համարը.
6) Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունք ունեցող և բնակվող, սակայն կացության կարգավիճակ չունեցող օտարերկրյա քաղաքացիների համար անձնագրի կամ ծննդյան վկայականի սերիան և համարը.
7) փախստականի կարգավիճակ ունեցողների համար կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի սերիան և համարը.
8) այն իրավասու մարմնի անվանումը, գտնվելու վայրը, որտեղ ներկայացվել է սոցիալական քարտ ստանալու հայտը (այսուհետ` հայտ).
9) սոցիալական քարտի հատկացման օրը, ամիսը և տարին.
10) մահվան դեպքում` մահվան օրը, ամիսը և տարին:
2. Պետական կառավարման մարմինների կողմից տեղեկատվական բազան ձևավորելու համար անհրաժեշտ տվյալները լիազորված մարմնին տրամադրելու և տեղեկատվական բազան վարելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Սոցիալական քարտ ստանալու համար ներկայացված անհատական տվյալների գաղտնիությունը պաշտպանվում է օրենքով սահմանված կարգով:
(7-րդ հոդվածը փոփ. 22.12.10 ՀՕ-263-Ն օրենք)
ՀՈԴՎԱԾ 8. |
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՐՏ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏՎՅԱԼՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ |
1. Քաղաքացիները, սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-7-րդ կետերում նշված տվյալները` հայտերում լրացնելու միջոցով, ներկայացնում են համապատասխան իրավասու մարմնին, որն այդ տվյալները փոխանցում է լիազորված մարմնին:
2. Իրավասու մարմինների ցանկը, քաղաքացիների կողմից տվյալներ ներկայացնելու և իրավասու մարմինների կողմից քաղաքացիների անհատական տվյալները լիազորված մարմին փոխանցելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Սոցիալական քարտ ստանալու համար ներկայացվող տվյալներն անհրաժեշտության դեպքում հաստատվում են սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 4-7-րդ կետերում նշված փաստաթղթերով:
i
ՀՈԴՎԱԾ 9. |
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՐՏ ՀԱՏԿԱՑՆԵԼԸ ԿԱՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՐՏ ՀԱՏԿԱՑՆԵԼԸ ՄԵՐԺԵԼԸ |
1. Ներկայացված հայտի հիման վրա լիազորված մարմինը, 30 օրվա ընթացքում, տեղեկատվական բազա է մուտքագրում քաղաքացու անհատական տվյալները և`
1) ձևավորում է քաղաքացու սոցիալական քարտի համարը և սոցիալական քարտը փոխանցում է այն մարմնին, որից ստացվել է քաղաքացու հայտը.
2) մերժում է քաղաքացու հայտը` այդ մասին տեղեկացնելով այն մարմնին, որից ստացվել է քաղաքացու հայտը:
2. Սոցիալական քարտ ստանալու հայտը մերժվում է, եթե`
1) քաղաքացուն արդեն հատկացվել է սոցիալական քարտ.
2) հայտը պարունակում է անճշտություններ:
Հայտը մերժելու մասին հայտնվում է գրավոր` նշելով դրա պատճառը և կրկին դիմելու ընթացակարգերը:
3. Քաղաքացին իրավասու մարմնից անձամբ կամ իր ներկայացուցչի միջոցով ստանում է իր սոցիալական քարտը կամ սոցիալական քարտ տալը մերժելու մասին փաստաթուղթը:
3.1. Սոցիալական քարտից հրաժարվող քաղաքացուն, իր դիմումի հիման վրա, լիազորված մարմինը տրամադրում է տեղեկանք:
Տեղեկանքի ձևը և տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
4. Քաղաքացուն սոցիալական քարտ հատկացնելու և դրան առնչվող փաստաթղթերը պահպանելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(9-րդ հոդվածը փոփ. 22.02.07 ՀՕ-102-Ն օրենք)
ՀՈԴՎԱԾ 10. |
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱԶԱՅՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՓՈՓՈԽԵԼԸ, ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ՆՈՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՐՏ ԿԱՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՐՏԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿ ՀԱՏԿԱՑՆԵԼԸ |
1. Տեղեկատվական բազայում ներառված անհատական տվյալները փոփոխվում են`
1) պետական կառավարման համապատասխան մարմնից ստացված` մահացած անձանց վերաբերող տեղեկատվության հիման վրա.
2) քաղաքացու դիմելու դեպքում, եթե բազայում ներառված` քաղաքացու անհատական տվյալներում առկա են անճշտություններ, կամ փոխվել է քաղաքացուն վերաբերող` տեղեկատվական բազայում ներառված որևէ անհատական տվյալ:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերում քաղաքացուն հատկացվում է նոր սոցիալական քարտ:
3. Քաղաքացուն հատկացվում է սոցիալական քարտի կրկնօրինակ, եթե`
1) կորել է քաղաքացու սոցիալական քարտը.
2) սոցիալական քարտը գործածության համար դարձել է ոչ պիտանի:
4. Տեղեկատվական բազայում ներառված` քաղաքացիների անհատական տվյալներում փոփոխություններ կատարելու, նոր սոցիալական քարտ կամ սոցիալական քարտի կրկնօրինակ հատկացնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
*! ՀՈԴՎԱԾ 11. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՐՏԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՐՏԻ ՀԱՄԱՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
i
1. Սոցիալական քարտի համարը կիրառվում է քաղաքացիների անհատական տվյալները մշակելիս`
1) քաղաքացուն աշխատավարձ և դրան հավասարեցված եկամուտ վճարելու, սոցիալական ապահովության և ապահովագրության պետական ու ոչ պետական ծրագրերով նախատեսված կենսաթոշակ, նպաստ, հատուցում նշանակելու և վճարելու ժամանակ.
2) հարկեր, տուրքեր, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ, ինչպես նաև պարտադիր այլ վճարներ վճարելու ժամանակ.
3) կազմակերպությունների կողմից այն տեղեկատվական բազաները վարելու ժամանակ, որտեղից սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված գործառնություններն իրականացնելու համար օրենքով սահմանված դեպքերում տեղեկատվություն է տրամադրվում պետական կառավարման մարմիններին.
4) քաղաքացու կողմից բանկային հաշիվ բացելու ժամանակ.
5) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական և համայնքային ենթակայության կազմակերպությունների թղթային ու ինքնաշխատ տեղեկատվական բազաները վարելու ժամանակ:
2. (11-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրել է 22.02.07 ՀՕ-102-Ն օրենք)
3. Սոցիալական քարտի և սոցիալական քարտի համարի կիրառման կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
4. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված գործառնություններն իրականացնելիս սոցիալական քարտ չունեցող անձը ներկայացնում է սույն օրենքի 9-րդ հոդվածի 3.1-րդ մասով սահմանված տեղեկանքը:
(11-րդ հոդվածը փոփ. 23.05.06 ՀՕ-94-Ն, 22.02.07 ՀՕ-102-Ն օրենքներ)
ԳԼՈՒԽ 3.
ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄՆԻ ՈՒ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀՈԴՎԱԾ 12. |
ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
i
1. Լիազորված մարմինն իրավունք ունի`
1) իրավասու մարմիններից ստանալ սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված տվյալները.
2) ճշտել տեղեկատվական բազա մուտքագրվող տվյալների հավաստիությունը.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից ստանալ անհրաժեշտ տեղեկություններ տեղեկատվական բազան վարելու և սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տվյալները ճշտելու համար:
2. Լիազորված մարմինը պարտավոր է`
1) սույն օրենքի և այլ իրավական ակտերի համաձայն` ապահովել տեղեկատվական բազայի բնականոն գործունեությունը, իր իրավասության շրջանակներում ընդունել նորմատիվ ակտեր և տալ պարզաբանումներ սոցիալական քարտերի համակարգի աշխատանքների կազմակերպման ու տեղեկատվական բազան վարելու վերաբերյալ.
2) սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում ձևավորել սոցիալական քարտերի համարները, իրավասու մարմիններ փոխանցել քաղաքացիների սոցիալական քարտերը.
3) տեղեկատվական բազայից տվյալներ տրամադրել` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.
4) քաղաքացու դիմելու դեպքում նրան տրամադրել տեղեկատվական բազայում ներառված` նրա անհատական տվյալների մասին ամբողջական տեղեկատվություն.
5) Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից ստացված տեղեկատվության հիման վրա կամ քաղաքացու դիմելու դեպքում փոփոխություններ կատարել քաղաքացու` տեղեկատվական բազայում ներառված անհատական տվյալներում.
6) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով քաղաքացուն տրամադրել նոր սոցիալական քարտ կամ սոցիալական քարտի կրկնօրինակ:
(12-րդ հոդվածը փոփ. 23.05.06 ՀՕ-94-Ն օրենք)
ՀՈԴՎԱԾ 13. |
ՔԱՂԱՔԱՑՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
i
1. Քաղաքացին իրավունք ունի`
1) ստանալ սոցիալական քարտ.
2) իրավասու մարմիններից անվճար ստանալ սոցիալական քարտ ստանալու հայտի ձևաթուղթ.
3) դիմել լիազորված մարմին` տեղեկատվական բազայում ներառված իր անհատական տվյալներին ծանոթանալու կամ դրանցում փոփոխություններ կատարելու համար ստանալ այդ տվյալների մասին ամբողջական տեղեկատվություն.
4) դիմել լիազորված մարմին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով նոր սոցիալական քարտ կամ սոցիալական քարտի կրկնօրինակ ստանալու համար:
2. Քաղաքացին պարտավոր է`
1) սոցիալական քարտ կամ սույն օրենքի 9-րդ հոդվածի 3.1-րդ մասով սահմանված տեղեկանք ստանալու համար դիմելիս համապատասխան իրավասու մարմին ներկայացնել հավաստի տվյալներ և անհրաժեշտ փաստաթղթեր.
2) իր սոցիալական քարտը կամ սույն օրենքի 9-րդ հոդվածի 3.1-րդ մասով սահմանված տեղեկանը ներկայացնել այն մարմիններ, որոնց դա անհրաժեշտ է սույն օրենքի 11-րդ հոդվածի պահանջները կատարելու համար:
(13-րդ հոդվածը փոփ. 23.05.06 ՀՕ-94-Ն, 22.02.07 ՀՕ-102-Ն օրենքներ)
ՀՈԴՎԱԾ 14. |
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ |
Սույն օրենքը խախտողները պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:
ՀՈԴՎԱԾ 15. |
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՐՏԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ |
Սոցիալական քարտին վերաբերող որոշումները կարող են բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով:
ԳԼՈՒԽ 4.
ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ՀՈԴՎԱԾ 16. |
ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
ՀՈԴՎԱԾ 17. |
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ |
1. Սույն օրենքի 11-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հուլիսի 1-ից:
2. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը հատկացված անհատական քարտերը համարվում են վավեր: Անհատական քարտերը սոցիալական քարտերով փոխանակելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
i
3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 2002 թվականի սեպտեմբերի 24-ի «Անհատական ծածկագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:
8 հոկտեմբերի 2003 թվականի
ՀՕ-1-Ն
--------------------------------------------------
ԻՐՏԵԿ - *! 22.12.10 ՀՕ-263-Ն օրենքով փոփոխություն է կատարվել
սույն օրենքի 11-րդ հոդվածում, որն ուժի մեջ պետք է կմտներ 2013
թվականի հունվարի 1-ից, սական քանի որ 01.06.12 թվականից սույն
օրենք ուժը կորցրել է, ապա փոփոխությունները չեն կարող կատարվել: