Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱՆ ԵՎ ՆՈՐ ՆՈՐՔ ՎԱՐՉԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱՆ ԵՎ ՆՈՐ ՆՈՐՔ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ...

 

 

020.1382.241017

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱՆ ԵՎ ՆՈՐ ՆՈՐՔ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 52-ՐԴ ԳԼԽԻ 451, 453, 455, 457, 458 ԵՎ 459-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 24 հոկտեմբերի 2017 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

դիմողի` Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավախորհրդատվական բաժնի գլխավոր մասնագետ Վ. Դանիելյանի,

համաձայն ՀՀ Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 71-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 52-րդ գլխի 451, 453, 455, 457, 458 և 459-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հունիսի 15-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, ինչպես նաև հետազոտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը, գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը (այսուհետ` օրենսգիրք) ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998 թվականի հուլիսի 1-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 1998 թվականի սեպտեմբերի 1-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 12-ին:

Օրենսգրքի` «Անմեղսունակ անձանց նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթը» վերտառությամբ 52-րդ գլխի 451, 453, 455, 457, 458 և 459-րդ հոդվածները սահմանում են.

 

«ՀՈԴՎԱԾ 451. ԲԺՇԿԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՐԿԱԴՐԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ

 

1. Բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու գործերով նյութերի մինչդատական նախապատրաստումը կատարվում է նախաքննության ձևով:

2. Քննիչը, դատախազը որոշում են կայացնում բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթ հարուցելու մասին:

3. Քննչական գործողություններին կարող են մասնակցել պաշտպանը, օրինական ներկայացուցիչը, այն անձը, որի նկատմամբ հարուցված է բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթ` բացառությամբ այն դեպքերի, երբ նրա հոգեկան վիճակը խոչընդոտում է մասնակցությանը:

4. Եթե անձը, որի նկատմամբ իրականացվում է բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթ, իր հոգեկան վիճակի պատճառով չի կարող մասնակցել գործով վարույթին, քննիչը կամ դատախազն այդ մասին կազմում են արձանագրություն, որն ուղարկվում է դատավորին` համապատասխան անձին անգործունակ ճանաչելու հարցը լուծելու համար:

...

ՀՈԴՎԱԾ 453. ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾՆ ԱՆՋԱՏԵԼԸ

 

Եթե քրեական գործի ընթացքում պարզվի, որ հանցակիցներից որևէ մեկն արարքը կատարելու պահին գտնվել է անմեղսունակության վիճակում, ապա նրա նկատմամբ գործն առանձնացվում է առանձին վարույթում:

...

ՀՈԴՎԱԾ 455. ՕՐԻՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ

 

Այն անձանց գործերով, որոնց նկատմամբ իրականացվում է բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթ, քննիչի, դատախազի, դատարանի որոշմամբ որպես օրինական ներկայացուցիչներ գործին մասնակցում են մերձավոր ազգականները կամ այն բժշկական հաստատության ներկայացուցիչը, որտեղ գտնվում է անձը:

...

ՀՈԴՎԱԾ 457. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

1. Անմեղսունակության վիճակում քրեական օրենսգրքով չթույլատրված արարք կատարած անձանց նկատմամբ չեն կարող կիրառվել խափանման միջոցներ: Դատարանի կողմից անմեղսունակության փաստը հաստատվելուց հետո կիրառվող խափանման միջոցը ենթակա է անհապաղ վերացման:

2. Այդ անձանց նկատմամբ անհրաժեշտության դեպքում կիրառվում են հետևյալ անվտանգության միջոցները`

1) հսկողության համար հիվանդին հանձնելը ազգականներին, հոգաբարձուներին, խնամակալներին` իրազեկելով առողջապահության մարմիններին.

2) հոգեբուժական հիվանդանոցում տեղավորելը:

 

ՀՈԴՎԱԾ 458. ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱԶԳԱԿԱՆՆԵՐԻՆ, ԽՆԱՄԱԿԱԼՆԵՐԻՆ, ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻՆ ՀԱՆՁՆԵԼԸ

 

1. Քրեական օրենքով չթույլատրված արարք կատարած, սակայն հասարակության համար վտանգ չներկայացնող անձի անմեղսունակության փաստը հաստատվելու պահից նա կարող է հանձնվել ազգականների, խնամակալների, հոգաբարձուների հսկողությանը` այդ մասին տեղյակ պահելով առողջապահության մարմիններին:

2. Տվյալ միջոցն ընտրելու մասին քննիչը, դատախազը, դատարանը կայացնում են պատճառաբանված որոշում:

 

ՀՈԴՎԱԾ 459. ԱՆՁԻՆ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ ՏԵՂԱՎՈՐԵԼԸ

 

1. Քրեական օրենքով չթույլատրված արարք կատարած և հասարակության համար վտանգ ներկայացնող անձի անմեղսունակության փաստը հաստատվելու պահից նա կարող է տեղավորվել հոգեբուժական հաստատությունում:

2. Հոգեբուժական հաստատությունում տեղավորելը թույլատրվում է քննիչի պատճառաբանված որոշմամբ, որը հաստատում է դատարանը»:

Ընդունումից ի վեր օրենսգրքի 451, 453 և 455-րդ հոդվածները փոփոխությունների չեն ենթարկվել, իսկ 457, 458 և 459-րդ հոդվածները փոփոխվել են 25.05.2006թ. ՀՕ-91-Ն ՀՀ օրենքով:

2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին.

01.05.2015թ. Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը բավարարել է ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչի միջնորդությունը` մեղադրյալ Արամ Մելիքսեթի Գյումուշյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրելով կալանավորումը` երկու ամիս ժամկետով:

27.07.2015թ. Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ստացվել է քրեական գործն ըստ մեղադրանքի` Արամ Մելիքսեթի Գյումուշյանի և այլոց:

Դատարանի 11.02.2016թ. որոշմամբ ամբաստանյալ Արամ Մելիքսեթի Գյումուշյանի նկատմամբ նշանակվել է ստացիոնար դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննություն: Համալիր ստացիոնար դատահոգեբուժական և դատահոգեբանական փորձաքննության` 17.03.2016թ. եզրակացության համաձայն` իրեն մեղսագրվող արարքի նկատմամբ Արամ Մելիքսեթի Գյումուշյանը ճանաչվել է անմեղսունակ:

Դատարանի 14.03.2017թ. որոշմամբ ամբաստանյալ Արամ Մելիքսեթի Գյումուշյանի նկատմամբ նշանակվել է կրկնակի ստացիոնար դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննություն: Համալիր ստացիոնար դատահոգեբուժական և դատահոգեբանական փորձաքննության` 21.04.2017թ. եզրակացության համաձայն` իրեն մեղսագրվող արարքի նկատմամբ Արամ Մելիքսեթի Գյումուշյանը ճանաչվել է անմեղսունակ:

08.06.2017թ. դատական նիստին ամբաստանյալ Արամ Մելիքսեթի Գյումուշյանի պաշտպանը միջնորդություն է ներկայացրել դատարանին` խնդրելով ամբաստանյալ Արամ Մելիքսեթի Գյումուշյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնել և կիրառել անվտանգության միջոց:

12.06.2017թ. դատարանը որոշել է կասեցնել գործի վարույթը և դիմել ՀՀ սահմանադրական դատարան` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 52-րդ գլխի 451, 453, 455, 457, 458 և 459-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով:

3. Դիմողը գտնում է, որ օրենսգրքի վիճարկվող նորմերը հակասում են ՀՀ Սահմանադրության 3, 26, 27, 28, 29, 61, 63, 75 և 79-րդ հոդվածներին:

Իր դիրքորոշումը դիմողը հիմնավորում է նրանով, որ օրենսգրքի վերլուծությունից հետևում է, որ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու մասին գործերով վարույթի կարգը որոշվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 52-րդ գլխում ընդգրկված կանոններով և օրենսգրքի ընդհանուր կանոններով, որոնք տարածվում են այն դեպքերի վրա, երբ մինչդատական վարույթում է պարզվում, որ անձը քրեական օրենսգրքով չթույլատրված արարքը կատարել է անմեղսունակության վիճակում, և այդ վարույթի կարգով քրեական գործն ուղարկվել է դատարան:

Ըստ այդմ էլ, դիմողն արձանագրում է, որ այն դեպքերում, երբ մեղադրական եզրակացությունն ուղարկվել է դատարան ընդհանուր հիմունքներով քննություն իրականացնելու համար, և դատարանում է պարզվում, որ անձը քրեական օրենսգրքով չթույլատրված արարքը կատարել է անմեղսունակության վիճակում, ապա նման դեպքերում վարույթի առանձնահատկություններ նախատեսված չեն ոչ օրենսգրքի 52-րդ գլխում, ոչ էլ որևէ այլ գլխում: Ըստ դիմողի` միայն օրենսգրքի 361-րդ հոդվածից է անուղղակիորեն բխում, որ այդ դեպքում վարույթը պետք է շարունակվի ընդհանուր կարգով, և եթե դատարանը գտնի, որ անհրաժեշտություն կա անձի նկատմամբ կիրառելու բժշկական բնույթի հարկադրական միջոց, ապա կիրառում է այն:

Դիմողը նշում է նաև, որ այս ընդհանուր մոտեցումներից հետևում է, որ եթե գործն ընդհանուր հիմունքներով է գտնվում դատարանում, և պարզվում է, որ անձը հանցանքը կատարել է անմեղսունակության վիճակում, ապա դատարանն իրավունք չունի որոշում կայացնելու բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթ հարուցելու մասին և ըստ այդմ` կիրառելու նաև այդ վարույթի շրջանակներում անձի նկատմամբ կիրառվող կանոնները, այդ թվում` պաշտպանի միջնորդությամբ նշված անվտանգության միջոցը: Նման միջնորդություն ներկայացնելու իրավունք չունի նաև որևէ այլ սուբյեկտ, քանի որ դատախազը նման որոշում, ըստ օրենսգրքի 451-րդ հոդվածի 2-րդ մասի` կայացնում է միայն մինչդատական վարույթի շրջանակներում: Դիմողը նշում է, որ վիճակն է՛լ ավելի է բարդացել` պայմանավորված այն հանգամանքով, որ փորձագետը եզրակացություն է տվել, որ անձը չի կարող գտնվել կալանքի տակ, բայց, մյուս կողմից էլ` վտանգավոր է հանրության համար: Դատարանը, սակայն, ներկա իրավակարգավորումների պատճառով ստիպված է անմեղսունակ անձի նկատմամբ պահպանել խափանման միջոցը, ինչը չի բխում անձի իրավունքներից և օրինական շահերից:

Դիմողն արձանագրում է նաև, որ այն դեպքերում, երբ մինչդատական վարույթի շրջանակներում միջնորդություն է ներկայացվում հատուկ վարույթի շրջանակներում գործը քննելու վերաբերյալ, սակայն գործի դատական քննության փուլում պարզվում է, որ անձը հանցանքը կատարել է մեղսունակության պայմաններում, ապա նման դեպքերում բացակայում է նաև հատուկ վարույթից ընդհանուր վարույթին անցնելու կարգը:

4. Պատասխանողը կարծում է, որ օրենսգրքի 52-րդ գլխի 457-րդ և 459-րդ հոդվածներով սահմանված դրույթները համապատասխանում են ՀՀ Սահմանադրության պահանջներին: Միաժամանակ, վկայակոչելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի դրույթները` պատասխանողը կարծում է, որ դատարանի վարույթում գտնվող գործով կիրառման ենթակա են օրենսգրքի միայն 457-րդ և 459-րդ հոդվածները. դատարանի կողմից օրենսգրքի վիճարկվող` 451-րդ, 453-րդ, 455-րդ և 458-րդ հոդվածների մասով դիմումը չի բավարարում «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի պահանջներին, և այդ մասով վարույթը ենթակա է կարճման:

Օրենսգրքի 457-րդ հոդվածի առնչությամբ պատասխանողն արձանագրում է, որ վերջինս կազմված է երկու նախադասությունից, որից առաջինն իմպերատիվ պահանջ է, որ անմեղսունակ անձանց նկատմամբ, անկախ դատավարության փուլից, որևէ դեպքում չի կարող կիրառվել խափանման միջոց, իսկ երկրորդ նախադասությունը վերաբերում է դատական քննության ժամանակ անձի անմեղսունակության փաստը հայտնաբերելու դեպքում դատարանի կողմից խափանման միջոցն անհապաղ վերացնելուն: Ըստ պատասխանողի` օրենսգրքի 457-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է անվտանգության միջոցների կիրառման հնարավորություն «այդ անձանց», այն է` նույն հոդվածի 1-ին մասի երկու նախադասություններով սահմանված նորմերի հասցեատերերի, այդ թվում` այն անձանց նկատմամբ, ում անմեղսունակությունը հայտնի է դարձել դատական քննության փուլում: Պատասխանողը գտնում է, որ թեև այստեղ օրենսդիրը հատուկ չի նշում, որ դատարանն անցում է կատարում ընդհանուր վարույթից հատուկ վարույթի, սակայն այն բխում է քննարկվող նորմերի վերոգրյալ մեկնաբանությունից: Այս առումով պատասխանողը հիմնավոր չի համարում դիմողի այն եզրակացությունը, որ «Արդյունքում` դատարանը կանգնել է անելանելի վիճակի առջև»:

Պատասխանողը գտնում է նաև, որ օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությունը թեև գտնվում է հատուկ վարույթների` «Անմեղսունակ անձանց նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթը» վերտառությամբ 52-րդ գլխում, այն կիրառելի է բացառապես այն դեպքում, երբ դատական քննությունն իրականացվում է ընդհանուր վարույթի կարգով, և հայտնաբերվում է, որ անձն անմեղսունակ է: Այս առումով պատասխանողը հիմնավոր չի համարում նաև դիմողի այն եզրակացությունը, որ անձի նկատմամբ խափանման միջոցը կարող է վերացվել, երբ իրականացվում է բժշկական հարկադրանքի միջոց կիրառելու վարույթ: Ըստ պատասխանողի` օրենսգրքի համակարգային վերլուծությունը վկայում է այն մասին, որ օրենսդիրն ուղղակի դրույթ չի սահմանել անձի անմեղսունակության փաստի հայտնաբերման դեպքում դատական քննության փուլում ընդհանուր վարույթից բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու հատուկ վարույթի անցման և համապատասխան որոշման կայացման մասին, սակայն նման հետևությունն ուղղակիորեն բխում է օրենսգրքի 457-րդ հոդվածի իրավակարգավորումներից:

Օրենսգրքի 459-րդ հոդվածի առնչությամբ պատասխանողն արձանագրում է, որ թեև դիտարկվող հոդվածի 1-ին մասն ընդհանուր ձևակերպմամբ սահմանում է, որ անկախ քրեական դատավարության փուլից անձի անմեղսունակության փաստը հաստատվելուն պես նա տեղավորվում է հոգեբուժական հաստատությունում, եթե այդ անձը հասարակության համար վտանգ է ներկայացնում, հոդվածի 2-րդ մասը վերաբերում է բացառապես նախաքննության փուլին, ինչը դեռևս չի բացառում դատական քննության փուլում այդ հարցի լուծման հնարավորությունը` չնայած նման ուղղակի իրավակարգավորումն այդ հոդվածում բացակայում է: Պատասխանողը կարծում է, որ քննարկվող իրավական խնդրի հաղթահարման հարցում բավարար է ինչպես ՀՀ վճռաբեկ դատարանի, այնպես էլ ՀՀ սահմանադրական դատարանի իրավական գործիքակազմը մինչև ՀՀ Ազգային ժողովի կողմից համապատասխան իրավակարգավորումների սահմանումը:

Միաժամանակ, պատասխանողը հայտնում է, որ ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակված և ՀՀ Ազգային ժողովի նախորդ գումարման ժամանակ ՀՀ Ազգային ժողով ներկայացված ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի 342-րդ հոդվածի 6-րդ մասում արդեն իսկ ուղղակիորեն նախատեսվում է դատարանի կողմից բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու որոշման կայացման հնարավորություն («Գտնելով, որ մեղադրյալն արարքը կատարելու պահին եղել է անմեղսունակության վիճակում, կամ հանցագործությունը կատարելուց հետո հիվանդացել է հոգեկան հիվանդությամբ, որը զրկել է նրան իր գործողությունների համար իրեն հաշիվ տալու կամ իր գործողությունները ղեկավարելու հնարավորությունից, դատարանը կայացնում է բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու մասին որոշում»):

5. Դիմումի ուսումնասիրության արդյունքներով Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմողը հատկապես բարձրացնում է անմեղսունակ անձանց նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթի առանձնահատկություններին առնչվող խնդիր: Մասնավորապես, շեշտելով մինչդատական վարույթում հիմնախնդրի իրավակարգավորման հստակությունը, դատական քննության փուլում այն համարում է ոչ լիարժեք, քանի որ անձի անմեղսունակությունը գործի դատական քննության փուլում պարզվելու դեպքում դատարանը զրկված է բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու հնարավորությունից:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմումում բարձրացված հիմնախնդիրները պետք է դիտարկվեն վիճարկվող նորմերի և դրանց հետ համակարգային առումով փոխկապակցված` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի այլ նորմերի համակարգային ամբողջականության տեսանկյունից` ելնելով անմեղսունակ ճանաչված անձի և հանրային անվտանգության ապահովման անհրաժեշտությունից:

Այսպես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 52-րդ գլուխը նվիրված է անմեղսունակ անձանց նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու վարույթին, և իրենից ներկայացնում է հատուկ վարույթ: Այս գլխում հաջորդաբար շարադրված են դիտարկվող վարույթի հիմնական կանոնները` սկսած վարույթի հարուցումից մինչև դատարանի կողմից ընդունվելիք որոշումները: Կարևորվում է հատկապես դիտարկվող գլխի առաջին` 450-րդ հոդվածը, որը սահմանում է. «1. Բժշկական բնույթի հարկադրական միջոցները դատարանը կիրառում է այն անձանց նկատմամբ, ովքեր քրեական օրենքով չթույլատրված արարքը կատարել են անմեղսունակ վիճակում, եթե այդ անձինք շարունակում են վտանգավոր լինել հասարակության համար:

2. Բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու մասին գործերով վարույթի կարգը որոշվում է սույն օրենսգրքի ընդհանուր կանոններով և սույն գլխի հոդվածներով»:

i

Վերոգրյալից բխում է, որ օրենսդիրը դատարանին հնարավորություն է ընձեռել առաջնորդվել ինչպես օրենսգրքի 52-րդ գլխի կանոններով, այնպես էլ ընդհանուր կանոններով, որոնցից սույն գործի շրջանակներում առավելապես կարևորվում է 361-րդ հոդվածը, համաձայն որի` «1. Այն դեպքում, երբ հետաքննության, նախաքննության կամ դատական քննության ժամանակ առաջացել է ամբաստանյալի մեղսունակության կամ գործով վարույթն իրականացնելու պահին նրա կողմից իր գործողությունների համար հաշիվ տալու և դրանք ղեկավարելու ունակության հարցը, որի կապակցությամբ նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննություն, դատարանը պարտավոր է դատավճիռ կայացնելիս այդ հարցը քննարկել ևս մեկ անգամ:

2. Գտնելով, որ ամբաստանյալը արարքը կատարելու պահին եղել է անմեղսունակ վիճակում, կամ հանցագործությունը կատարելուց հետո հիվանդացել է հոգեկան հիվանդությամբ, որը զրկել է նրան իր գործողությունների համար իրեն հաշիվ տալու կամ այդ գործողությունները ղեկավարելու հնարավորությունից, դատարանն ընդունում է համապատասխան որոշում»:

Վերոգրյալից բխում է, որ դիտարկվող նորմը թույլ է տալիս դատարանին դատական քննության փուլում թե՛ պարզել ամբաստանյալի մեղսունակության հարցը, թե՛ կայացնել համապատասխան որոշում: Ընդ որում, դիմողն էլ է նշում դիտարկվող հոդվածի նման կիրառության հնարավորության մասին: Իսկ օրենսգրքի 464-րդ հոդվածն էլ ամրագրում է, թե ինչ որոշում դատարանը կարող է ընդունել խնդրո առարկա իրավիճակում: Օրենսգրքի 464-րդ հոդվածը, մասնավորապես, սահմանում է. «1. Անձի կողմից քրեական օրենքով չթույլատրված արարքն անմեղսունակության վիճակում կատարելն ապացուցված համարելով` դատարանը որոշում է կայացնում անձին քրեական պատասխանատվությունից և պատժից ազատելու ու նրա նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու մասին:

2. Եթե անձը հասարակության համար մեծ վտանգ չի ներկայացնում և կարիք չունի իր նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցների կիրառման, դատարանը կայացնում է գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում: Եթե արարքը կատարելու պահին անձը գտնվել է անմեղսունակության վիճակում, իսկ դատական քննության պահին առողջացել է, դատարանը նույնպես որոշում է կայացնում գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին»:

Օրենսգրքի 361, 450 և 464-րդ հոդվածների համադրված վերլուծության արդյունքում Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ նշված հոդվածներն իրենց համադրության մեջ թույլ են տալիս դատարանին դատական քննության փուլում պարզելով ամբաստանյալի մեղսունակության հարցը` անմեղսունակ անձի նկատմամբ կիրառել բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ:

Առկա իրավակարգավորումների ընդհանուր տրամաբանությունից նույնպես բխում է, որ երբ դատական քննության փուլում ի հայտ են գալիս բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառման վարույթի հիմքեր, ապա դատարանը` կողմերի կարծիքը լսելուց հետո, սեփական նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդությամբ կարող է որոշում կայացնել քրեական վարույթը բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառման վարույթի փոխակերպելու մասին:

Ինչ վերաբերում է անվտանգության միջոցներ կիրառելուն, ապա օրենսդիրը չի սահմանափակել նման հնարավորությունը դատարանի համար և չի պայմանավորել դրա իրացումը դատախազի կամ քննիչի միջնորդությամբ կամ որոշմամբ: Օրենսգրքի 457-րդ հոդվածն ամրագրում է, որ անմեղսունակության վիճակում քրեական օրենսգրքով չթույլատրված արարք կատարած անձանց նկատմամբ չեն կարող կիրառվել խափանման միջոցներ: Սահմանադրական դատարանի գնահատմամբ` այն ընդհանուր դրույթ է և վերաբերում է թե՛ նախնական քննության փուլին, թե՛ դատական քննության փուլին: Նույն հոդվածն ամրագրում է նաև, որ դատարանի կողմից անմեղսունակության փաստը հաստատվելուց հետո կիրառվող խափանման միջոցը ենթակա է անհապաղ վերացման: Հոդվածը նաև ամրագրում է, որ «Այդ անձանց նկատմամբ անհրաժեշտության դեպքում կիրառվում են հետևյալ անվտանգության միջոցները`

1) հսկողության համար հիվանդին հանձնելը ազգականներին, հոգաբարձուներին, խնամակալներին` իրազեկելով առողջապահության մարմիններին.

2) հոգեբուժական հիվանդանոցում տեղավորելը»:

Դիտարկվող հոդվածից հետևում է, որ դատական քննության փուլում օրենսգրքի 361-րդ հոդվածի ուժով անձի մեղսունակության հարցը պարզելուց հետո դատարանն արդեն իսկ օրենսգրքի 457-րդ հոդվածի ուժով կիրառում է անվտանգության միջոցներ:

6. Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել նաև, որ սույն դիմումի համար առիթ է հանդիսացել հատկապես բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու առնչությամբ առաջին ատյանի դատարանի համապատասխան լիազորությունների առկայության անհստակությունը: Իսկ վերջինս պայմանավորված է օրենսգրքի 451-րդ հոդվածի, մասնավորապես` դրա 2-րդ մասի, իրավակարգավորման բնույթով, համաձայն որի` բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթ հարուցելու մասին որոշումը կայացնում են քննիչը, դատախազը:

Այս կապակցությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում փաստել, որ օրենսգրքի 451-րդ հոդվածը վերաբերում է բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու մինչդատական վարույթին: Վերաբերելով բացառապես մինչդատական վարույթում անմեղսունակության բացահայտման դեպքերին` այս հոդվածը, սակայն, չի ենթադրում, որ դատական քննության փուլում անձի անմեղսունակությունը պարզելու դեպքում ևս անհրաժեշտ է բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթ հարուցելու մասին քննիչի կամ դատախազի որոշումը: Օրենսդիրը տարանջատել է անմեղսունակների նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթի` մինչդատական և դատական փուլերը:

Այսուհանդերձ, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության գործող օրենսգրքով դատարանին հնարավորություն ընձեռելով իրականացնելու հատուկ վարույթ, այսուհանդերձ, չեն հստակեցվել դատավարական մանրամասները, ինչը կբացառեր իրավակիրառ պրակտիկայում տարաբնույթ մոտեցումները: Միջազգային փորձի ուսումնասիրությունը վկայում է, որ շատ երկրներում /օրինակ` Գերմանիա, Լիտվա, Էստոնիա և այլն/, ինչպես նաև ՀՀ Ազգային ժողով ներկայացված` ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծում հստակ կարգավորվում են բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառման առանձնահատկություններն ինչպես մինչդատական, այնպես էլ դատական քննության փուլերում:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ, մինչև օրենսդիր մարմնի կողմից դատական քննության փուլում անմեղսունակ ճանաչված անձի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառման դատավարական առանձնահատկությունների հստակ կանոնակարգումը, դատարանները, տվյալ անձի և հանրային անվտանգության պաշտպանության անհրաժեշտությունից ելնելով, ինչպես նաև հաշվի առնելով օրենսգրքի 457 և 464-րդ հոդվածների պահանջները, պետք է որոշում կայացնեն.

ա) անձի կողմից քրեորեն պատժելի արարքն անմեղսունակության վիճակում կատարելն ապացուցված համարելով` նրան քրեական պատասխանատվությունից և պատժից ազատելու մասին,

բ) նրա նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու մասին` կաշկանդված չլինելով օրենսգրքի 451-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչպես նաև 459-րդ հոդվածի 2-րդ մասի այն դրույթով, համաձայն որի` «Հոգեբուժական հաստատությունում տեղավորելը թույլատրվում է քննիչի պատճառաբանված որոշմամբ...»:

Ինչ վերաբերում է դիմողի մյուս հարցադրմանը (նախնական քննությունն իրականացվել է անձի անմեղսունակության կանխավարկածով, սակայն գործի դատական քննության փուլում պարզվում է, որ անձը հանցանքը կատարել է մեղսունակ վիճակում), Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն գործի շրջանակներում վերջինս չի կարող դառնալ քննության առարկա: Մասնավորապես, ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի ուժով դատարանը կարող է դիմել Սահմանադրական դատարան իր վարույթում գտնվող կոնկրետ գործով, մինչդեռ դիմողի կողմից բարձրացված տվյալ հարցադրումը դուրս է կոնկրետ գործի շրջանակներից:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 1-ին կետով, 101-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 71-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 52-րդ գլխի 451, 453, 455, 457, 458, և 459-րդ հոդվածները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը` սույն որոշման մեջ ամրագրված իրավական դիրքորոշումների շրջանակներում:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

24 հոկտեմբերի 2017 թվականի

ՍԴՈ-1382

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
24.10.2017
N ՍԴՈ-1382
Որոշում