ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Քաղաքացիական գործերով վերաքննիչ Քաղաքացիական գործ թիվ 3-243 (ՎԴ)
դատարանի վճիռ 2008 թ.
Քաղաքացիական գործ թիվ 3519, 3753/2007թ.
Նախագահող դատավոր` Վ. Ավանեսյան
Դատավորներ Գ. Մատինյան
Դ. Խաչատրյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` Հ. Մանուկյանի
մասնակցությամբ դատավորներ` Ա. Մկրտումյանի
Վ. Աբելյանի
Ս. Սարգսյանի
Դ. Ավետիսյանի
Հ. Ղուկասյանի
Ս. Օհանյանի
2008 թվականի ապրիլի 23-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Արմեն Ստեփանյանի վճռաբեկ բողոքը վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.12.2007 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Արմեն Ստեփանյանի ընդդեմ Արամ, Ֆլորա, Հասմիկ, Գոռ Ստեփանյանների և Գայանե Գևորգյանի` բնակելի տարածության նկատմամբ բնակության իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնելու, հաշվառումից հանելու և վտարելու պահանջների մասին, ըստ հակընդդեմ հայցի Արամ Ստեփանյանի ընդդեմ Արմեն Ստեփանյանի` Արմեն Ստեփանյանին տրված անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայականը մասնակի անվավեր ճանաչելու, պապի ունեցած բաժնի և իր կողմից կատարված շինարարական ավելացումների նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին, և ըստ հայցի Հրանուշ Թարխանյանի ընդդեմ Արմեն Ստեփանյանի` բնակելի տան և հողամասի նվիրատվության պայմանագիրն անվավեր ճանաչելու և նվիրատվությունը վերացնելու պահանջի մասին
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Արմեն Ստեփանյանը պահանջել է փոխհատուցմամբ դադարեցնել Գայանե Գևորգյանի, Ֆլորա և Հասմիկ Ստեփանյանների օգտագործման իրավունքը Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում գտնվող բնակելի տան նկատմամբ, նրանց հանել հաշվառումից և վտարել այդ տանից:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Արամ Ստեփանյանը պահանջել է մասնակի անվավեր ճանաչել Արմեն Ստեփանյանին տրված անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականը, պապի ունեցած բաժնի և իր կողմից կատարված շինարարական ավելացումների նկատմամբ ճանաչել սեփականության իրավունքը:
Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի 22.08.2007 թվականի վճռով Արմեն Ստեփանյանի հայցը բավարարվել է, իսկ Արամ Ստեփանյանի հակընդդեմ հայցը` մերժվել:
Դիմելով դատարան` Հրանուշ Թարխանյանը պահանջել է անվավեր ճանաչել և վերացնել իր և Արմեն Ստեփանյանի միջև 14.07.2006 թվականին կնքված բնակելի տան և հողամասի նվիրատվության պայմանագիրը:
Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի 24.09.2007 թվականի վճռով Հրանուշ Թարխանյանի հայցը մերժվել է:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 02.11.2007 թվականի որոշմամբ վերոնշյալ քաղաքացիական գործերը միացվել են մեկ վարույթում:
Վերաքննիչ դատարանի 29.12.2007 թվականի վճռով Արմեն Ստեփանյանի և Արամ Ստեփանյանի հայցերը մերժվել են, իսկ Հրանուշ Թարխանյանի հայցը` բավարարվել:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արմեն Ստեփանյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Հրանուշ Թարխանյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
1. Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 600-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, և չի կիրառել նույն օրենսգրքի 594-րդ հոդվածը և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Հայցվորը չի հիմնավորել հայցապահանջի հիմքում դրված այն հանգամանքները, որ նվիրատվության պայմանագիր կնքելուց հետո նվիրատուի գույքային, ընտանեկան կամ առողջական վիճակը վատթարացել է, և պայմանագրի կատարումը կհանգեցնի նրա կենսամակարդակի էական իջեցման:
Կողմերի միջև իրականում կնքվել է նվիրատվության պայմանագիր, հետևաբար, այն պայմանով լինել չէր կարող և չէր վավերացվի նոտարի կողմից որպես նվիրատվություն:
2. Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 601-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Հայցվորը չի հիմնավորել նվիրատուի կողմից նվիրատուի կամ նրա ընտանիքի անդամներից որևէ մեկի կյանքի դեմ ոտնձգություն կատարելու փաստը:
i
3. Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Պատասխանողներից որևէ մեկն Արմեն Ստեփանյանի հետ չի կնքել նոտարական կարգով վավերացված գրավոր պայմանագիր, և տեղի չի ունեցել օգտագործման իրավունքի պետական գրանցում, հետևաբար, պատասխանողները ձեռք չեն բերել օգտագործման իրավունք, և դրա իրականացման պայմանները չեն սահմանվել:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.12.2007 թվականի վճիռը` Հրանուշ Թարխանյանի հայցը բավարարելու և Արմեն Ստեփանյանի հայցը մերժելու մասերով, և օրինական ուժ տալ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի 22.08.2007 թվականի և 24.09.2007 թվականի վճիռներին:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.
Սույն քաղաքացիական գործով կիրառելի են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 600-րդ և 601-րդ հոդվածները: Վեճի առարկա նվիրատվության պայմանագիրը ենթակա է անվավեր ճանաչման, քանի որ նվիրառուն ոտնձգություն է կատարել նվիրատուի կյանքի դեմ: Բացի այդ նվիրատվության պայմանագիրը կնքելուց հետո վատթարացել է նվիրատուի գույքային և ընտանեկան դրությունը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1. 14.07.2006 թվականին Հրանուշ Թարխանյանի և Արմեն Ստեփանյանի միջև կնքվել է նվիրատվության պայմանագիր, որի համաձայն` Հրանուշ Թարխանյանն իրեն պատկանող անշարժ գույքը նվիրել է Արմեն Ստեփանյանին: Պայմանագրի պայմանները կատարվել են. Արմեն Ստեփանյանը ընդունել է նվիրատվությունը և 08.08.2006 թվականին անշարժ գույքի նկատմամբ ձեռք է բերել սեփականության իրավունք:
2. Ստելա Արևշատյանը 2006 թվականի հուլիս ամսին Հրանուշ Թարխանյանին հասցրել է մարմնական վնասվածքներ:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ.
1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործարքն անվավեր է` նույն օրենսգրքով սահմանված հիմքերով դատարանի կողմից այն այդպիսին ճանաչելու ուժով (վիճահարույց գործարք) կամ անկախ այդպիսի ճանաչումից (առոչինչ գործարք):
Գործարքների անվավերության հիմքերը սահմանված են օրենսգրքի 305-315-րդ հոդվածներով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 600-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նվիրատուն իրավունք ունի հրաժարվել ապագայում նվիրառուին գույք կամ իրավունք փոխանցելու կամ նվիրառուին գույքային պարտականությունից ազատելու խոստում պարունակող պայմանագիրը կատարելուց, եթե պայմանագիրը կնքելուց հետո նվիրատուի գույքային կամ ընտանեկան դրությունը կամ առողջական վիճակն այնքան է վատթարացել, որ նոր պայմաններում պայմանագրի կատարումը կառաջացնի նրա կենսամակարդակի էական իջեցում:
Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ.
1. մի շարք վավերապայմանների առկայության դեպքում նվիրատուն հնարավորություն է ստանում հրաժարվելու պայմանագրի կատարումից: Այսինքն, հոդվածով նվիրատուի համար նախատեսվում է կնքված պայմանագրի կատարումից հրաժարում և չի կարող արդեն իսկ կատարված պայմանագրի անվավեր ճանաչման հիմք հանդիսանալ,
2. նվիրատվության պայմանագրի կատարումից հրաժարման պարտադիր վավերապայման է նվիրատուի գույքային, ընտանեկան կամ առողջական դրության այնպիսի վատթարացումը, որի պայմաններում պայմանագրի կատարումը կառաջացնի նրա կենսամակարդակի էական իջեցում:
Այսինքն, նվիրատուի գույքային, ընտանեկան կամ առողջական դրության վատթարացումն ոչ թե պայմանագրի կատարման հետևանք է, այլ պայմանագրի առարկայի օտարման հետ առնչություն չունեցող այլ գործոնների` վրա հասնելու արդյունք, որոնց առաջացումը նվիրատուն չէր կարող գիտակցել պայմանագիրը կնքելիս:
Նման եզրահանգման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում այն հանգամանքը, որ նվիրատվության պայմանագիր կնքելիս նվիրատուն պարտավոր է գիտակցել պայմանագրի առարկա հանդիսացող գույքի օտարման հնարավոր հետևանքները:
i
Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին (տե՛ս օրինակ` «Քնար-88» ՍՊԸ ընդդեմ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության, 21.12.2006 թ. քաղ. գործ թիվ 3-2504/ՏԴ, (գումար բռնագանձելու պահանջով)):
Սակայն կարևորելով սույն բողոքի հիմքում ընկած իրավական հարցադրումը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում կրկին անդրադառնալ նշված հարցին:
i
Սույն քաղաքացիական գործի քննության ժամանակ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն` վճռի մեջ պետք է նշվեն վերաքննիչ դատարանի կողմից պարզված գործի հանգամանքները, ապացույցները, որոնց վրա հիմնված են վերաքննիչ դատարանի հետևություններն այդ հանգամանքների մասին, և փաստարկները, որոնցով վերաքննիչ դատարանը մերժում է այս կամ այն ապացույցները, ինչպես նաև այն օրենքները, ՀՀ միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը վճիռ կայացնելիս:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի թե՛ փաստական և թե՛ իրավական հիմնավորումները:
Վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:
Վճռում ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:
Վճռի իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա վճռի իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական վճռի օրինականությունը (տե՛ս ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն ընդդեմ «Քնար-88» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, քաղ. գործ թիվ 3-2504/ՏԴ (գումար բռնագանձելու պահանջով)):
Սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը նվիրատվության պայմանագիրն անվավեր ճանաչելու մասին հայցի բավարարման հիմքում դրել է այն հանգամանքը, որ այն կնքելուց հետո վատթարացել է նվիրատուի գույքային դրությունը, քանի որ նվիրատուն զրկվում է իր միակ ապրուստի միջոց հանդիսացող տնամերձ հողամասը օգտագործելու և տնօրինելու իրավունքից:
Հիմք ընդունելով վերոնշյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհիմն է Վերաքննիչ դատարանի կողմից նվիրատվության պայմանագրի անվավեր ճանաչումը, քանի որ նվիրատուի գույքային դրության վատթարացումը ոչ թե պայմանագիրն անվավեր ճանաչելու, այլ դեռևս չկատարված պայմանագրի կատարումից հրաժարվելու հիմք է:
Բացի այդ, վճռում չեն նշվել Հրանուշ Թարխանյանի և Արմեն Ստեփանյանի միջև կնքված նվիրատվության պայմանագրի առարկա հանդիսացող գույքի օտարման հետ առնչություն չունեցող այն գործոնները, որոնք հանգեցրել են նվիրատուի գույքային դրության վատթարացմանը:
2) Բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 601-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նվիրատուն իրավունք ունի վերացնել նվիրատվությունը, եթե նվիրառուն ոտնձգություն է կատարել նրա, նրա ընտանիքի անդամներից կամ մերձավոր ազգականներից որևէ մեկի կյանքի դեմ կամ նվիրատուին դիտավորյալ պատճառել է մարմնական վնասվածքներ:
Սույն քաղաքացիական գործի փաստերի համաձայն` նվիրատուի նկատմամբ ոտնձգությունը կատարվել է ոչ թե Արմեն Ստեփանյանի, այլ Ստելա Արևշատյանի կողմից, ինչը չի կարող հիմք հանդիսանալ Արմեն Ստեփանյանի հետ կնքված նվիրատվության պայմանագրի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 601-րդ հոդվածի կիրառման համար:
3) Վճռաբեկ բողոքի երրորդ հիմքին Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում, քանի որ այն Վերաքննիչ դատարանի կողմից գնահատման առարկա չի դարձվել:
Վճռաբեկ բողոքի պատասխանում ներկայացված փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի առաջին և երկրորդ հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով վերանայվող դատական ակտը բեկանելու համար:
i
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հրանուշ Թարխանյանի հայցի մասով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը մասնակիորեն փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով Հրանուշ Թարխանյանի հայցի մասով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը մասնակիորեն փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.12.2007 թվականի վճռի` Հրանուշ Թարխանյանի հայցը բավարարելու և Արմեն Ստեփանյանի հայցը մերժելու մասերը:
2. Հրանուշ Թարխանյանի հայցի մասով վճիռը փոփոխել` Հրանուշ Թարխանյանի հայցը մերժել:
3. Արմեն Ստեփանյանի հայցի մասով գործն ուղարկել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
4. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Հ. Մանուկյան
Դատավորներ` Ա. Մկրտումյան
Վ. Աբելյան
Ս. Սարգսյան
Դ. Ավետիսյան
Հ. Ղուկասյան
Ս. Օհանյան