Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ, ՓՈՐՁԱՔՆՆ ...

 

 

040.2164.250103

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«25» հունվարի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 դեկտեմբերի 2002 թվականի N 2164-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ, ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ, ՓՈՓՈԽՄԱՆ ԵՎ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարաբնակեցման գլխավոր նախագծի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման, փոփոխման և մոնիտորինգի անցկացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-ԻՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

դեկտեմբերի 19-ի N 2164-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ, ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ, ՓՈՓՈԽՄԱՆ ԵՎ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարաբնակեցման գլխավոր նախագծի մշակման առաջադրանքին, կազմին ու բովանդակությանը, ինչպես նաև այդ նախագծի փորձաքննության, համաձայնեցման, հաստատման, փոփոխման և մոնիտորինգի անցկացման ընթացակարգերին ներկայացվող հիմնական պահանջները:

2. Հայաստանի Հանրապետության տարաբնակեցման գլխավոր նախագիծը (այսուհետ` նախագիծ) պետական քաղաքաշինական քաղաքականության գերակա ուղղությունները հիմնավորող` վերլուծական բնույթի, մշտապես գործող և պարբերաբար արդիականացվող քաղաքաշինական ծրագրային փաստաթուղթ է:

3. Նախագծի հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերից, այդ թվում` սոցիալ-տնտեսական և տարածքային զարգացման ծրագրերից բխող համընդհանուր քաղաքաշինական զարգացման, տարաբնակեցման համակարգի կատարելագործման ռազմավարական ուղղությունների ընտրության նախադրյալների բացահայտումն է` փոխկապակցված անվտանգ ու առողջ կենսամիջավայրի ստեղծման, բնակավայրերի կայուն զարգացման, բնական և պատմամշակութային ժառանգության պահպանման հետ:

4. Նախագիծը մշակվում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքի համար:

5. Նախագծի հիմնադրույթները պարտադիր հաշվի են առնվում քաղաքաշինական ծրագրային այլ փաստաթղթերի նախագծման, ինչպես նաև ճյուղային, պետական նպատակային և համայնքային սոցիալ-տնտեսական ու տարածքային զարգացման ծրագրերի մշակման ընթացքում` քաղաքաշինական պլանավորման խնդիրներին առնչվող մասով:

6. Նախագիծը հիմք է հանդիսանում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից քաղաքաշինության ոլորտում փոխհամաձայնեցված ու նպատակային գործողությունների համակարգի ստեղծման և ապահովման համար:

 

II. ՆԱԽԱԳԾԻ ԿԱԶՄԻՆ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

7. Հայաստանի Հանրապետության տարաբնակեցման նախագծային փաստաթղթերը (այսուհետ` նախագծային փաստաթղթեր) մշակվում են երկու փուլով` Հայաստանի Հանրապետության տարաբնակեցման գլխավոր ուրվագիծ (այսուհետ` ուրվագիծ) և նախագիծ:

8. ՈՒրվագիծը մշակվում է քաղաքաշինության բնագավառի լիազորված պետական մարմնի (այսուհետ` լիազորված մարմին) կողմից կազմված առաջադրանքի հիման վրա և ենթակա է փորձաքննության ու շահագրգիռ մարմինների հետ համաձայնեցման:

9. ՈՒրվագիծը նախանշում է Հայաստանի Հանրապետության տարաբնակեցման և տարածքի քաղաքաշինական կազմակերպման պետական քաղաքականության հայեցակարգային դրույթները, տարաբնակեցման կատարելագործման հիմնական ուղղությունները` փոխկապակցված ռեսուրսային պոտենցիալի գնահատման, տարածքների գոտևորման, բնապահպանական իրավիճակի բարելավման, տրանսպորտային, ինժեներական ենթակառուցվածքների կատարելագործման հետ և հիմք է ծառայում նախագծի մշակման համար:

10. Նախագծում հստակեցվում են ուրվագծով ամրագրված հայեցակարգային դրույթները, հիմնավորվում տարաբնակեցման հեռանկարային համակարգի ձևավորման, կատարելագործման, քաղաքաշինական պլանավորման քաղաքականության հիմնական սկզբունքները` հանրապետության և առանձին տարածքային միավորների (մարզեր, մարզերի խմբեր, տարածաշրջաններ) կտրվածքով:

11. Նախագիծը ներառում է տարածքի համալիր վերլուծությունը, ռեսուրսային պոտենցիալի գնահատականը` մանրամասնեցված և կոնկրետացված յուրաքանչյուր մարզի կտրվածքով` համայնքների տարածքային զարգացման փոխկապակցվածության, ռեսուրսների համատեղ օգտագործման, հանրապետական, միջմարզային, ներմարզային ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքների համակարգերի կազմավորման համար անհրաժեշտ նախադրյալների բացահայտմամբ` տարածքի էկոլոգիական հավասարակշռության պահպանման պարտադիր պայմանով:

12. Նախագծի իրականացման անհրաժեշտ միջոցառումները մշակվում են առանձին տարածքային միավորների (մարզեր, տարածաշրջաններ) քաղաքաշինական զարգացման գերակա ուղղությունների և առանձնահատկությունների հաշվառմամբ` փոխկապակցված Հայաստանի Հանրապետության և մարզային սոցիալ-տնտեսական, ինչպես նաև ճյուղային նպատակային ծրագրերի հետ:

 

III. ՆԱԽԱԳԾԻ ԿԱԶՄՈՒՄ ՄՇԱԿՎՈՂ ՏԵՔՍՏԱՅԻՆ ԵՎ ԳՐԱՖԻԿԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

13. Նախագծի գրաֆիկական մասը ներառում է`

ա) Հայաստանի Հանրապետության դիրքը մերձակա երկրների համակարգում (1:3000000 և 1:800000 մասշտաբի քարտեզների վրա):

Գծագրում արտացոլվում են մերձակա երկրների հետ հանրապետությունում առկա և առաջարկվող տրանսպորտային կապերի հնարավորությունները` հետագա ելքերով դեպի Եվրոպայի և Ասիայի երկրներ.

բ) Հայաստանի Հանրապետության տարածքի հատակագծային կառուցվածքի ներկա վիճակը (1:200000 մասշտաբի քարտեզի վրա):

Գծագրում արտացոլվում են հանրապետության վարչատարածքային բաժանումը, բնակավայրերի համակարգը (քաղաքային և գյուղական), դրանց դասակարգումն ըստ բնակչության թվի, ինչպես նաև տրանսպորտային և ինժեներական ենթակառուցվածքները.

գ) Հայաստանի Հանրապետության տարածքի քաղաքաշինական վերլուծությունը և համալիր գնահատականը (1:200000 մասշտաբի քարտեզի վրա):

Գծագրում արտացոլվում են քաղաքաշինական գործունեությունը սահմանափակող գործոնները`

հատուկ պահպանվող տարածքները.

բնական և տեխնածին վտանգավոր պրոցեսներն ու երևույթները (սահքեր, հեղեղներ, խախտված հողեր և այլն).

սեյսմատեկտոնական պայմանները.

քաղաքաշինական և էկոլոգիական պրոբլեմային տարածաշրջանները.

ռեսուրսային պոտենցիալը (հողային, ջրային, ռեկրեացիոն, հումքային), դրանց որակական ու քանակական ցուցանիշները և գնահատականը.

տարածքի գոտևորումն ըստ տնտեսական-քաղաքաշինական յուրացվածության.

դ) Հայաստանի Հանրապետության տարաբնակեցման և տարածքի քաղաքաշինական կազմակերպման հեռանկարային կառուցվածքը (հիմնական գծագիր) (1:200000 մասշտաբի քարտեզի վրա):

Գծագրում արտացոլվում է Հայաստանի Հանրապետության տարածքի հեռանկարային հատակագծային կառուցվածքը, որը ներառում է քաղաքաշինական հիմնակմախքի տարածքային (գոտիներ), գծային (տրանսպորտային կապեր) և կետային (բնակավայրեր) տարրերի ու ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքներին, գոտիների և բնակավայրերի քաղաքաշինական զարգացման ռեժիմներին վերաբերող նախագծային առաջարկները.

ե) գրաֆիկական վերլուծություններ` առանձին տարածաշրջանների վերաբերյալ (համաձայն առաջադրանքի) (1:50000 և 1:100000 մասշտաբի քարտեզների վրա).

զ) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական հիմնակմախքի տարածքային տարրերի (գոտիներ) կատարելագործման և զարգացման ռեժիմները.

է) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական հիմնակմախքի գծային տարրերի (հաղորդակցության ուղիներ) կատարելագործման և զարգացման ուղիները.

ը) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական հիմնակմախքի կետային տարրերի (բնակավայրերի) զարգացման ռեժիմները.

թ) նախագծի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների ցանկը:

Յուրաքանչյուր գծագիր իր հերթին բաժանվում է համապատասխան թվով շերտերի (ըստ առանձին բնական և հատակագծային գործոնների հագեցվածության, ինչպես նաև տարածքի քաղաքաշինական կազմակերպման գործընթացում դրանց նշանակության):

14. Նախագծի բացատրագիրը` տեքստային և աղյուսակային մասերով, պետք է ընդգրկի սույն կարգի 11-րդ, 12-րդ և 13-րդ կետերի պահանջները` հետևյալ կառուցվածքով`

ա) Հայաստանի Հանրապետության տարածքի և տարաբնակեցման ներկա վիճակի քաղաքաշինական վերլուծություն և համալիր գնահատական, այդ թվում`

տարաբնակեցման գործընթացի վրա ազդող հիմնական գործոնները.

տարածքի ֆունկցիոնալ գոտևորման վերլուծությունն ըստ քաղաքաշինական-տնտեսական յուրացվածության աստիճանի.

Հայաստանի Հանրապետության տարածաշրջանային համակարգի քաղաքաշինական հիմնակմախքի ընդհանուր բնութագիրը.

Հայաստանի Հանրապետության տարածաշրջանային համակարգի էկոլոգիական հիմնակմախքի ընդհանուր բնութագիրը.

բ) Հայաստանի Հանրապետության տարաբնակեցման համակարգի կատարելագործման և տարածքի քաղաքաշինական կազմակերպման հիմնական ուղղությունները, այդ թվում`

ռեսուրսային պոտենցիալի ռացիոնալ օգտագործման հիմնախնդիրները.

Հայաստանի Հանրապետության տարաբնակեցման համակարգի քաղաքաշինական հիմնակմախքի կատարելագործման ռազմավարությունը.

գ) քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների զարգացման հիմնախնդիրները, այդ թվում`

Սևանի ջրհավաք ավազանի քաղաքաշինական զարգացման հիմնախնդիրները, տարածքի համալիր գնահատականը, ռեկրեացիոն համակարգի բարելավման քաղաքաշինական առաջնահերթ միջոցառումները, ռեկրեացիոն գոտու հատակագծային կառուցվածքի ձևավորման և կազմակերպման սկզբունքները.

Երևան քաղաքը Հայաստանի Հանրապետության տարաբնակեցման համակարգում երևանյան ագլոմերացիայի քաղաքաշինական-տնտեսական յուրացվածության վերլուծությունը, ռեսուրսային պոտենցիալի և ինժեներական ենթակառուցվածքների գնահատականը, ինժեներական նախապատրաստման խնդիրները, տարաբնակեցման քաղաքաշինական հիմնակմախքի կատարելագործումը.

Հայաստանի Հանրապետության սահմանային գոտու և սահմանային տարածաշրջանների բնութագիրը, քաղաքաշինական-տնտեսական յուրացվածության վերլուծությունը, տարածքային կազմակերպման առաջնահերթ հիմնախնդիրները.

դ) աղյուսակները կազմվում են ըստ սույն կետի «ա», «բ» և «գ» ենթակետերով սահմանված կառուցվածքի` ներառելով համապատասխան բաժիններով ներկայացված գործոնները, դրանց համեմատական վերլուծությունն ու ամփոփ արդյունքները:

 

IV. ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

15. Նախագծի մշակումը կազմակերպելու նպատակով` Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ ստեղծվում է նախագծի մշակումը համակարգող հանձնաժողով (այսուհետ` համակարգող հանձնաժողով)` շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

16. Նախագիծը մշակվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` լիազորված մարմնի պատվերով:

17. Լիազորված մարմինն ապահովում է նախագծի մշակումը, դրա հաստատումից հետո` իրականացման նկատմամբ վերահսկողությունն ու մոնիտորինգի անցկացումը:

18. Լիազորված մարմինը «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընտրված նախագծային փաստաթղթեր մշակող կազմակերպության հետ (այսուհետ` կատարող) կնքում է պայմանագիր և կատարողին հանձնում համակարգող հանձնաժողովի հետ համաձայնեցված նախագծման առաջադրանքը, ապահովում է պայմանագրով սահմանված ժամկետներում ելակետային նյութերի ստացումը կատարողի կողմից: Ելակետային նյութերի հավաստիության համար պատասխանատվությունը կրում է ելակետային նյութեր տրամադրող մարմինը:

19. Լիազորված մարմինը կարող է ելակետային նյութերի կամ դրանց մի մասի հավաքումը հանձնարարել կատարողին:

20. Նախագծի մշակման ընթացքում լիազորված մարմինը` կատարողի մասնակցությամբ, պայմանագրով նախատեսված փուլերով իրականացված աշխատանքները համաձայնեցնում է համակարգող հանձնաժողովի հետ:

i

21. Աշխատանքի ավարտից հետո նախագծային փաստաթղթերը ներկայացվում են համալիր փորձաքննության` Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի «Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության կարգը հաստատելու մասին» N 96 որոշմամբ սահմանված կարգով:

22. Լիազորված մարմինը փորձաքննության դրական եզրակացությունն ստանալուց հետո նախագիծը համաձայնեցնում է շահագրգիռ նախարարությունների և պետական կառավարման այլ մարմինների հետ` վերջիններիս կանոնադրական խնդիրներին առնչվող մասով:

23. Շահագրգիռ նախարարությունները և պետական կառավարման մյուս մարմինները նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները պատվիրատուին են տրամադրում նախագծային փաստաթղթերն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում:

24. Լիազորված մարմինն ամփոփում է ստացված առաջարկությունները և դիտողությունները և նախագիծը սահմանված կարգով ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը:

25. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվելուց հետո նախագծի հետագա իրականացման ընթացքի նկատմամբ վերահսկողությունն ու մոնիտորինգն ապահովում է լիազորված մարմինը` համագործակցելով պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ, վերջիններիս կողմից պարբերաբար մշակվող և արդիականացվող ծրագրերի փոխհամաձայնեցման ու համակարգման նպատակով` քաղաքաշինական պլանավորման խնդիրներին առնչվող մասով:

26. Նախագծի իրականացման ընթացքի վերաբերյալ մոնիտորինգային մշակումներն իրականացվում են հետևյալ հիմնական ուղղություններով`

ա) տարածագոտիների զարգացման ռեժիմներ.

բ) բնակավայրերի զարգացման ռեժիմներ.

գ) ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքներ.

դ) ճյուղային նպատակային ծրագրեր` քաղաքաշինության բնագավառին առնչվող մասով.

ե) տարածքային զարգացման ծրագրեր` քաղաքաշինության բնագավառին առնչվող մասով.

զ) քաղաքաշինության բնագավառի առաջնահերթ միջոցառումների իրականացում.

է) նախագծում ներառված այլ խնդիրներ:

27. Սույն կարգի 26-րդ կետում նշված ուղղությունների վերաբերյալ` իրենց կանոնադրական խնդիրներին առնչվող մասով, տեղեկատվություն են տրամադրում համապատասխան շահագրգիռ մարմինները` լիազոր մարմնի կողմից յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ տվյալ մարմիններ ներկայացվող գրավոր հարցման հիման վրա:

28. Նախագծում ներառված դրույթներն ու մոնիտորինգային դիտարկումների արդյունքում ստացված տեղեկատվությունը ներառվում են պետական քաղաքաշինական կադաստրում:

29. Նախագծի իրականացման ընթացքի վերլուծության հիմնական արդյունքներն ամփոփվում են լիազորված մարմնի կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարություն յուրաքանչյուր 2 տարին մեկ անգամ ներկայացվող հաշվետվությամբ:

30. Նախագծով սահմանված առանձին դրույթների, ինչպես նաև նախագծի բոլոր փոփոխությունները կատարվում են սույն կարգին համապատասխան:

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.12.2002
N 2164-Ն
Որոշում