Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 30...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 309-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության               ԼԴ/0141/01/14  

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԼԴ/0141/01/14

Նախագահող դատավոր` Մ. Պետրոսյան

դատավորներ` Մ. Արղամանյան

Մ. Պապոյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Ս. Ավետիսյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Հ. Ասատրյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Լ. Թադևոսյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

                   քարտուղարությամբ`          Մ. Ավագյանի

                   

                   մասնակցությամբ` պաշտպան    Ա. Պապիկյանի

                   տուժողի իրավահաջորդ        Հ. Հովակիմյանի

 

2018 թվականի հուլիսի 20-ին ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում քննության առնելով Կարեն Ալեքսանդրի Կունգուրցևի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի հուլիսի 18-ի որոշման դեմ Կ.Կունգուրցևի պաշտպան Ա.Պապիկյանի և տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ա.Ֆանյանի վճռաբեկ բողոքները,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2013 թվականի հոկտեմբերի 12-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Վանաձոր քաղաքի Տարոնի քննչական բաժանմունքում հարուցվել է թիվ 19123213 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով:

Նախաքննության մարմնի` 2013 թվականի հոկտեմբերի 4-ի որոշմամբ Կարեն Ալեքսանդրի Կունգուրցևը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության մարմնի` 2014 թվականի օգոստոսի 26-ի որոշմամբ Կ.Կունգուրցևին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով:

2014 թվականի սեպտեմբերի 26-ին թիվ 19123213 քրեական գործն ըստ մեղադրանքի Կ.Կունգուրցևի` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

2. Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2016 թվականի ապրիլի 15-ի դատավճռով ճանաչվել և հռչակվել է Կ.Կունգուրցևի անմեղությունը` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում` արարքում հանցակազմի բացակայության հիմքով: Առաջին ատյանի դատարանը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 360.1-րդ հոդվածով, կայացրել է նաև լրացուցիչ որոշում:

3. Դատախազ Վ.Դոլմազյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2017 թվականի հուլիսի 18-ի որոշմամբ բողոքը մասնակիորեն բավարարել է, Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի ապրիլի 15-ի դատավճիռը բեկանել և փոփոխել` Կ.Կունգուրցևին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով, և նշանակել պատիժ` ազատազրկում` 7 (յոթ) տարի ժամկետով: Նշանակված պատժին հաշվակցելով Կ.Կունգուրցևի կալանքի տակ գտնվելու 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս 2 (երկու) օրը` վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 4 (չորս) տարի 5 (հինգ) ամիս 28 (քսանութ) օր ժամկետով:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոքներ են բերել ամբաստանյալի պաշտպան Ա.Պապիկյանը և տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ա.Ֆանյանը:

Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 22-ի որոշմամբ վճռաբեկ բողոքներն ընդունվել են վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքների պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

5. Կ.Կունգուրցևին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն արարքի համար, որ «2013թ. հոկտեմբերի 09-ից Վանաձոր քաղաքում անց է կացվել ձեռքի գնդակի հանրապետական մրցաշար, որին մասնակցել են Երևան քաղաքի Աջափնյակ, Դավիթաշեն համայնքների, ԽՄՕՄ, Ալավերդի, Վանաձոր քաղաքների և Արցախի Հանրապետության թիմերը: Երևան քաղաքի Աջափնյակ և Ալավերդի քաղաքի թիմերը հանգրվանել են Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան 23 հասցեում գտնվող «Վանաձորի Ղարաքեշիշյանի անվան 1-ին արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի շենքում: Աջափնյակ համայնքի թիմի կազմում Վանաձոր քաղաք է ժամանել նաև գործով տուժող, ներկայումս հանգուցյալ Դավիթ Հովակիմյանը:

2013թ. հոկտեմբերի 12-ին, ժամը 17:30-ի սահմաններում Ալավերդու թիմի անդամներ Անդրանիկ Մելիքյանը և Արմեն Հակոբյանը միասին դուրս են եկել գիշերօթիկ դպրոցից` զբոսնելու: Վանաձոր քաղաքի Երկաթուղայինների այգուն հարակից Տերյան փողոցի վրա Վանաձոր քաղաքի բնակիչներ Գոռ Պողոսյանը և Կարեն Սիմոնյանը դիտողություն են արել նրանց` «իրենց երկար նայելու պատճառով», որի կապակցությամբ նրանց միջև վեճ է ծագել: Վերջիններս պայմանավորվել և պարզաբանումներ ստանալու համար իրենց խոսակցությունը շարունակելու նպատակով գնացել են Վանաձոր քաղաքի ավտոկայանի մոտ գտնվող Երկաթուղայինների այգի: Արմեն Հակոբյանը Երևան քաղաքի Աջափնյակ թիմի մարզիկ Ռաֆիկ Սարգսյանի 094158556 բջջային հեռախոսահամարից զանգահարել է Դավիթ Հովակիմյանի 098135134 բջջային հեռախոսահամարին, հայտնել կատարվածի մասին: Իմանալով միջադեպի մասին, նշված այգի են ժամանել նաև Դավիթ Հովակիմյանը, Աշոտ Համբարձումյանը, Գևորգ Ավագյանը, Աշոտ Կռոյանը, Ալավերդու թիմի անդամներ Անդրանիկ Մելիքյանը, Արմեն Հակոբյանը, Գառնիկ Հոբոսյանը, Տարոն Կամոյանը, Դավիթաշենի թիմի անդամներ Ավետիս Մուրադյանը, Նարեկ Բազիկյանը, Էդուարդ Գոջաբաշյանը, Վանաձորի թիմի անդամ էրիկ Դալլաքյանը: Դավիթ Հովակիմյանը և Աշոտ Համբարձումյանն այգի են գնացել Կարեն Դեմիրճյան փողոցով, իսկ մյուսները այգու միջով: Այդ ընթացքում Գոռ Պողոսյանը զանգահարել և այգի է հրավիրել նաև իր մտերիմներին Վանաձոր քաղաքի բնակիչներ Արթուր և Արեն Բաղդասարյաններին, Արթուր Հակոբյանին և Արեն Կարակալպակյանին: Այգում խոսակցության ընթացքում Գոռ Պողոսյանն ապտակել է Արմեն Հակոբյանին, որից հետո սկսվել է փոխադարձ քաշքշուկ, որի ընթացքում Կարեն Սիմոնյանը ձեռքերով և գետնից վերցրած փայտե կտորով հարվածել է Գառնիկ Հոբոսյանի մարմնի տարբեր մասերին, ծեծի ենթարկել նրան` պատճառել առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող գլխի շրջանի քերծվածքներ: Այնուհետև լսելով ոստիկանության աշխատակիցների գալու մասին, Դավիթ Հովակիմյանն ընկերների հետ տարբեր ճանապարհներով դիմել են փախուստի ճանապարհին հայհոյելով վանաձորցիների հասցեին: Դավիթ Հովակիմյանը, Աշոտ Համբարձումյանը և Ռաֆիկ Սարգսյանը փախուստի են դիմել Կարեն Դեմիրճյան փողոցով, որի ընթացքում Աշոտ Համբարձումյանը նույնպես հայհոյանքներ է տվել վանաձորցիների հասցեին: Այգով փախուստի դիմող տղաներին ընդառաջ է եկել Կարեն Կունգուրցևը: Նա լսելով, որ փախուստի դիմող տղաները հայհոյում են վանաձորցիների հասցեին, շրջվել ու հետապնդել է փախուստի դիմած տղաներին, դուրս եկել Կարեն Դեմիրճյան փողոց, հետապնդել Դավիթ Հովակիմյանին մոտեցող Աշոտ Համբարձումյանին: Կարեն Կունգուրցևը հասնելով վերջիններիս Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան 23 հասցեում գտնվող «Վանաձորի Ղարաքեշիշյանի անվան 1-ին արհեստագործական պետական ուսումնարան»-ի շենքի հարավային կողմում ձեռքով թիկունքի կողմից հարվածել է Աշոտ Համբարձումյանի ուսին, որից հետո Դավիթ Հովակիմյանը ձեռքով մեկ անգամ հարվածել է Կարեն Կունգուրցևի դեմքին: Կարեն Կունգուրցևը ապօրինաբար կյանքից զրկելու սպանելու դիտավորությամբ դանակով մեկ անգամ հարվածել է Դավիթ Հովակիմյանի կրծքավանդակի ձախ կեսի շրջանում` կյանքի համար կենսական կարևորագույն նշանակություն ունեցող օրգանի սրտի ուղղությամբ և վերջինիս պատճառել կրծքավանդակի ձախ կեսի առաջակողմնային մակերեսի ծակած-կտրած թափանցող վիրավորում, որն ուղեկցվել է ձախ թոքի վերին բլթի միջանցիկ և կույր, սրտապարկի, սրտի ձախ փորոքի հետին-կողմնային պատի միոէպիկարդիալ շերտի շոշափող ընթացքով միջանցիկ վնասումներով մարմնական վնասվածքներ, սակայն վերջինիս ընկերների` Ռաֆիկ Սարգսյանի, Աշոտ Համբարձումյանի, Գևորգ Ավագյանի, Աշոտ Կռոյանի կողմից օգնության հասնելուց հետո Կարեն Կունգուրցևը դիմել է փախուստի և հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով:

Դեպքից անմիջապես հետո Դավիթ Հովակիմյանին նրա մարզիչ Հրաչյա Մխիթարյանը, Էրիկ Դալլաքյանը և Աշոտ Կռոյանը տաքսի ավտոմեքենայով տեղափոխել են «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն, որտեղ բժշկական սպասարկում իրականացնողների անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով, մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու պատճառով ժամը 21:35-ին Դավիթ Հովակիմյանը մահացել է կրծքավանդակի ձախ կեսի թափանցող ծակած-կտրած վիրավորումով, արյան զանգվածային կորստով պայմանավորված ծանր աստիճանի հեմոռագիկ շոկից»1:

_______________________

1 Տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթեր 217-219:

 

6. 2014 թվականի օգոստոսի 26-ին թիվ 19123213 քրեական գործի նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է նոր քրեական գործ` «(...) Վլադիմիր Ղուկասյանի կողմից անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու պատճառով անզգուշությամբ բուժվող հիվանդ Դավիթ Հովակիմյանի մահն առաջացնելու դեպքի առթիվ» և առանձնացվել առանձին վարույթում(2):

_______________________

2) Տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթեր 185-186:

 

7. Առաջին ատյանի դատարանի դատավճռի համաձայն` «(...) Այսպիսով, վերլուծելով դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցները իրենց վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված ներքին համոզմամբ, ամբաստանյալի մեղավորության վերաբերյալ չփարատված բոլոր կասկածները նրա օգտին մեկնաբանելով, դատարանը եկավ այն եզրահանգման, որ Կարեն Կունգուրցևի մեղավորությունը չհաստատվեց գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ, ուստի Կարեն Կունգուրցևին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում պետք է ճանաչել և հռչակել անմեղ` արարքում հանցակազմի բացակայության հիմքով»(3):

_______________________

3) Տե՛ս քրեական գործ, հատոր 8, թերթեր 201-204:

 

8. Վերաքննիչ դատարանը, Կ.Կունգուրցևին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով, արձանագրել է, որ. «(...) Հանցանքի կատարման մեջ անձի մեղավորության` փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորված լինելու, ապացույցների ստուգման և իրավական գնահատության վերաբերյալ ՀՀ քրեադատավարական օրենսդրության (...) հիմնարար իրավադրույթների և ՀՀ քրեական օրենսգրքի 34-րդ, 104-րդ, 112-րդ հոդվածների (...) վերլուծության համատեքստում Վերաքննիչ դատարանը փաստում է, որ քրեական գործով ձեռք բերված ապացույցների մեջ չկա գեթ մեկ օբյեկտիվ փաստական տվյալ, որը կհիմնավորի, որ ամբաստանյալ Կարեն Կունգուրցևը դիտավորություն, նպատակ է ունեցել կյանքից զրկելու տուժող Դավիթ Հովակիմյանին:

Քրեական գործով ձեռք բերված ապացույցներով Վերաքննիչ դատարանը հիմնավորված է համարում ամբաստանյալ Կարեն Կունգուրցևի կողմից կենցաղային հողի վրա առաջացած վիճաբանության ընթացքում տուժող Դավիթ Հովակիմյանի կրծքավանդակի ձախ կեսի շրջանում կյանքի համար կենսական կարևորագույն նշանակություն ունեցող օրգանի` սրտի ուղղությամբ մեկ անգամ դանակով հարվածելը, ինչի հետևանքով տուժող Դավիթ Հովակիմյանի առողջությանը պատճառվել է ծանր վնաս` անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահ:

(...)

1) Քրեական գործով ձեռք բերված ապացույցներով չի հիմնավորվում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի սուբյեկտիվ կողմը, այն է` ամբաստանյալ Կարեն Կունգուրցևի ուղղակի դիտավորությունը կյանքից զրկելու տուժող Դավիթ Հովակիմյանին:

Այս եզրահանգումը կատարելիս Վերաքննիչ դատարանը նկատի է առնում քրեական գործով հիմնավորված այն հանգամանքները, որ ամբաստանյալ Կարեն Կունգուրցևի կողմից տուժող Դավիթ Հովակիմյանի կրծքավանդակի շրջանին հասցվել է դանակի մեկ հարված, որից հետո ամբաստանյալը դիմել է փախուստի: Քրեական գործով ձեռք բերված ապացույցներով նաև հիմնավորված է, որ ամբաստանյալը և տուժող Դավիթ Հովակիմյանը նախկինում, մինչև դեպքի պահը իրար չեն ճանաչել, ամբաստանյալ Կարեն Կունգուրցևը այգում Ռուսական եկեղեցու մոտ տեղի ունեցած նախորդած վիճաբանությանը չի մասնակցել, վիճաբանության կողմերից որևէ մեկի հետ բարեկամական կամ թշնամական հարաբերություններ չի ունեցել, դեպքի վայրում հայտնվել է պատահականորեն:

2) Ամբաստանյալ Կարեն Կունգուրցևի կողմից տուժող Դավիթ Հովակիմյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու դիտավորությունը քրեական գործի նյութերով հիմնավորված է.

3) Ամբաստանյալ Կարեն Կունգուրցևի կողմից տուժող Դավիթ Հովակիմյանի կրծքավանդակի ձախ կեսի շրջանին դանակով հարվածելու և տուժողի մահվան միջև սուբյեկտիվ կողմից առկա է անզգույշ մեղք: Վերոհիշյալ եզրահանգումը կատարելիս Վերաքննիչ դատարանը նկատի է առնում նաև այն հանգամանքը, որ 2014թ. օգոստոսի 26-ին որոշում է կայացվել թիվ 19123213 քրեական գործի նյութերով բուժսպասարկում իրականացնող անձի կողմից անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու պատճառով անզգուշությամբ բուժվող հիվանդ Դավիթ Հովակիմյանի մահն առաջացնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 130 հոդվածի (Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը) 2-րդ մասով նոր քրեական գործ հարուցելու և այն առանձին վարույթում առանձնացնելու մասին: Նշված գործով Վլադիմիր Ղուկասյանը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 21.04.2015թ. դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասով դատապարտվել է ազատազրկման 3 տարի ժամկետով` զրկվելով բժշկական գործունեությամբ զբաղվելու իրավունքից 2 տարի ժամկետով:

Վերը նշված հիմնավորումներով Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Կարեն Կունգուրցևի կողմից կատարված արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներին` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ»(4):

_______________________

4) Տե՛ս քրեական գործ, հատոր 11, թերթեր 99-106:

 

Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի սահմաններում ներքոշարադրյալ հիմնավորումներով.

9. Ամբաստանյալ Կ.Կունգուրցևի պաշտպան Ա.Պապիկյանը նշել է, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ են տրվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի այնպիսի կոպիտ և էական խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա և հանգեցրել են գործի սխալ լուծմանը:

Մասնավորապես, բողոքաբերը հայտնել է, որ Վերաքննիչ դատարանը սխալ է կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետը: Բողոքի հեղինակը նշել է, որ տուժողի մահանալու փաստը եղել է բուժաշխատողի գործողությունների կամ անգործության հետևանքը, այնինչ Վերաքննիչ դատարանի կողմից կատարված վերաորակման արդյունքում ստացվում է, որ տուժողի մահվան պատճառը Կ.Կունգուրցևի գործողություններն են:

9.1 Միևնույն ժամանակ, բողոք բերած անձը հայտնել է, որ Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատման և վերլուծության չի ենթարկել գործով ձեռքբերված ապացույցները, նախաքննական և դատաքննական ցուցմունքները, որոնք եղել են հակասական և իրարամերժ: Ըստ բողոքաբերի` Վերաքննիչ դատարանը չի պատճառաբանել, թե ինչ չափորոշիչներով է առաջնորդվել` այս կամ այն ապացույցների որոշ մասին մյուսների նկատմամբ առավել կամ նվազ նշանակություն տալով կամ դրանց մի մասն արժանահավատ, իսկ մյուսներն անարժանահավատ համարելով: Արդյունքում, բողոքաբերի պնդմամբ, Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ, 104-107-րդ, 127-րդ հոդվածները:

10. Վերոգրյալի հիման վրա պաշտպան Ա.Պապիկյանը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի հուլիսի 18-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի ապրիլի 16-ի դատավճռին կամ քրեական գործն ուղարկել նոր քննության:

11. Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ա.Ֆանյանն իր բողոքում նշել է, որ ստորադաս դատարանը դատական ակտ կայացնելիս սխալ է կիրառել նյութական օրենքը, չի կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ և 5-րդ հոդվածները, կիրառել է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, ինչպես նաև չի պահպանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ, 18-րդ, 23-րդ, 25-րդ, 35-րդ, 107-րդ, 126-127-րդ, 358-րդ, 360-րդ և 366-րդ հոդվածների պահանջները:

Անդրադառնալով Կ.Կունգուրցևի արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով վերաորակելու իրավաչափությանը` բողոքաբերը, վկայակոչելով Վճռաբեկ դատարանի` Կ.Հովհաննիսյանի և մյուսների գործով 2013 թվականի հոկտեմբերի 13-ի թիվ ԵԿԴ/0087/01/12 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, գտել է, որ Վերաքննիչ դատարանն ամբաստանյալին մեղսագրել է նյութական հանցակազմով նկարագրված ավարտված արարք, որի հետևանքները ոչ թե ամբաստանյալի գործողությունների արդյունքում են վրա հասել, այլ առաջացել են մեկ այլ անձի անգործության հետևանքով:

Մասնավորապես, բողոք բերած անձը հայտնել է, որ քրեական գործի քննության ընթացքում դրա նյութերով հարուցվել է մեկ այլ քրեական գործ, որով բժիշկ Վ.Ղուկասյանը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի` թիվ ԼԴ/0170/01/14 դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով դատապարտվել է երեք տարի ազատազրկման, ինչպես նաև զրկվել է մասնագիտական գործունեությամբ զբաղվելու իրավունքից երկու տարի ժամկետով: Տվյալ քրեական գործով կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության թիվ 14-1150 եզրակացությամբ հաստատվել է, որ Դ.Հովակիմյանի մահվան և Վ.Ղուկասյանի կողմից իր մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու միջև առկա է անմիջական պատճառական կապ: Արդյունքում բողոքաբերը եզրահանգել է, որ Դ.Հովակիմյանի մահը վրա է հասել ոչ թե հասցված վնասվածքից, այլ ծանր աստիճանի հեմոռագիկ շոկից, որն արդյունք էր բժիշկ Վ.Ղուկասյանի անգործության:

Նման պայմաններում դատարանը Կ.Կունգուրցևին մեղսագրել է նյութական հանցակազմով նկարագրված ավարտված արարք, որի հետևանքներն արդյունք չեն նրա գործողությունների, այսինքն` ըստ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի` նշված հետևանքներն առաջացել են մեկ այլ անձի անգործության, այն է` բժիշկ Վ.Ղուկասյանի ոչ պատշաճ և ոչ ժամանակին ցուցաբերած բժշկական օգնության հետևանքով:

11.1 Բողոք բերած անձն անդրադարձել է նաև մեկ այլ քրեական գործով ձեռքբերված ՕՀՄ արդյունքների, հարցաքննության արձանագրությունների` կոնկրետ քրեական գործի շրջանակում օգտագործման իրավաչափությանը: Ապացույցների բավարարության չափանիշների վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի մի շարք որոշումների մեջբերմամբ բողոքաբերը գտել է, որ գործով ձեռքբերված ապացույցները բավարար չեն Կ.Կունգուրցևի մասնակցությունը մեղսագրվող արարքում հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշով հիմնավորված համարելու համար:

12. Վերոգրյալի հիման վրա տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ա.Ֆանյանը խնդրել է Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի հուլիսի 18-ի որոշումը բեկանել և փոփոխել, Կ.Կունգուրցևին ճանաչել անպարտ և հռչակել նրա անմեղությունն առաջադրված մեղադրանքում:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. Կ.Կունգուրցևին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված արարքը վերաորակելով և նրան մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով` Վերաքննիչ դատարանը պահպանել է արդյոք գործը բացառապես անձին առաջադրված մեղադրանքի սահմաններում քննելու օրենսդրական պահանջը:

i

14. ՀՀ Սահմանադրության 67-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` «Հանցագործության համար մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի` (...) իր պաշտպանությունը նախապատրաստելու և իր ընտրած փաստաբանի հետ հաղորդակցվելու համար բավարար ժամանակ և հնարավորություններ ունենալու իրավունք»:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետի համաձայն` «Քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի հետևյալ նվազագույն իրավունքները.

(...)

բ. բավարար ժամանակ ու հնարավորություններ` իր պաշտպանությունը նախապատրաստելու համար, (...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Գործի քննությունը դատարանում կատարվում է միայն ամբաստանյալի նկատմամբ և միայն այն մեղադրանքի սահմաններում, որով նրան մեղադրանք է առաջադրվել»:

i

15. Վճռաբեկ դատարանը, իր նախադեպային իրավունքում անդրադառնալով դատական քննության սահմանների վերաբերյալ խնդրին, բազմիցս վերահաստատել է իրավական դիրքորոշումներն առ այն, որ.

«Թե առաջին ատյանի դատարանը, թե վերաքննիչ դատարանը և թե վճռաբեկ դատարանը ամբաստանյալի կամ դատապարտյալի նկատմամբ գործը քննելիս և լուծելիս չեն կարող դուրս գալ նրան առաջադրված մեղադրանքի սահմաններից: Հակառակ դեպքում կխախտվի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածով նախատեսված սկզբունքը` «Կասկածյալի և մեղադրյալի պաշտպանության իրավունքը և դրա ապահովումը»: Մասնավորապես կխախտվեն այն հիմնարար իրավադրույթները, որ «Կասկածյալը և մեղադրյալն ունեն պաշտպանության իրավունք», և որ «Քրեական վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է կասկածյալին և մեղադրյալին բացատրել նրանց իրավունքները և ապահովել օրենքով չարգելված բոլոր միջոցներով մեղադրանքից նրանց պաշտպանվելու փաստացի հնարավորությունը» (Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասեր): Եթե Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածում օգտագործված «մեղադրանք» եզրույթը հասկացվի սոսկ «քրեաիրավական որակում» իմաստով և այն իր մեջ չներառի արարքի քրեաիրավական որակման հիմքում ընկած փաստական հանգամանքները, ապա կասկածյալի և մեղադրյալի պաշտպանության իրավունքը չի լինի կոնկրետ և իրական, այլ կլինի վերացական և պատրանքային, քանի որ առանց փաստական հիմքի` քրեաիրավական որակումից պաշտպանվելու իրավունքը առարկայազուրկ է:

(...)

Կասկածյալի և մեղադրյալի պաշտպանության իրավունքի, ինչպես նաև գործի դատական քննության սահմանների առումով «մեղադրանք» հասկացությունը ներառում է նաև արարքի քրեաիրավական որակման հիմքում ընկած փաստերը (...)»(5):

_______________________

5) Տե՛ս Արթուր Սերոբյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի` 2007 մարտի 30-ի թիվ ՎԲ-46/07 որոշման 4.2-րդ կետը:

 

«(...) Մեղադրանքի ձևակերպումը պետք է արտացոլի մեղսագրվող գործողությունների կամ անգործության բովանդակությունը, հետևաբար պետք է ներառի հանցակազմի բոլոր պարտադիր հատկանիշները բնութագրող փաստական տվյալները: Փաստական տվյալների ներառումն անհրաժեշտ նախապայման է, որպեսզի մեղադրանքի մեջ նշվի այն քրեական օրենքը, որով նախատեսված են հանրության համար վտանգավոր, հակաիրավական և քրեորեն պատժելի արարքի հատկանիշները, այսինքն` հանգեցնի մեղադրանքում ձևակերպված արարքին համապատասխան իրավաբանական գնահատական տալուն:

(...) Գործի դատական քննությունը սահմանափակված է այն անձանց շրջանակով, որոնց նկատմամբ կայացվել է դատական քննություն նշանակելու մասին որոշում և այդ անձանց նկատմամբ առաջադրված մեղադրանքի ծավալով: Սա պայմանավորված է մի կողմից` մեղադրյալի (ամբաստանյալի) պաշտպանության իրավունքն իրական և արդյունավետ կազմակերպելու անհրաժեշտությամբ, իսկ մյուս կողմից` այն հանգամանքով, որ դատարանը` որպես արդարադատություն իրականացնող մարմին, չի կարող ինքնուրույն ձևակերպել նոր մեղադրանք` փոխարինելով քրեական հետապնդման մարմիններին: Ընդ որում, դատական քննության սահմաններն ընդգծելու և մեղադրյալի (ամբաստանյալի) պաշտպանության իրավունքն ապահովելու տեսանկյունից անհրաժեշտ է, որ «մեղադրանք» եզրույթը հասկացվի որպես արարքի քրեաիրավական որակման և դրա հիմքում ընկած փաստական հանգամանքների ամբողջություն:

(...)»(6):

_______________________

6) Տե՛ս Արկադի Պապյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի` 2010 թվականի նոյեմբերի 5-ի թիվ ՏԴ/0115/01/09 որոշման 18-րդ և 23-րդ կետերը:

 

i

16. Նախորդ կետում արտահայտված իրավական դիրքորոշումների հիման վրա Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ պաշտպանության իրավունքը` որպես անմիջականորեն գործող իրավունք, չպետք է լինի վերացական և պատրանքային, այլ պետք է լինի կոնկրետ և իրական: Իսկ պաշտպանության իրավունքի պատշաճ ապահովումը նախ ենթադրում է, որ առաջադրված մեղադրանքը քրեաիրավական որակումից զատ պետք է պարունակի նաև այդ որակման հիմքում դրված փաստերը` անձին դրանից յուրաքանչյուրն արդյունավետ կերպով վիճարկելու հնարավորություն ընձեռելով: Հետևաբար, պաշտպանության իրավունքի երաշխավորման նպատակով թե առաջին ատյանի, թե վերաքննիչ և թե վճռաբեկ դատարանն ամբաստանյալի նկատմամբ գործը քննելիս և լուծելիս չեն կարող դուրս գալ նրան առաջադրված մեղադրանքի հիմքում ընկած փաստական հանգամանքների շրջանակից: Ավելին` դատարանը` որպես արդարադատություն և ոչ թե քրեական հետապնդում իրականացնող մարմին, սահմանափակված է ամբաստանյալին առաջադրված մեղադրանքի ծավալով: Այսինքն` ինչպես քրեական գործի քննության ընթացքում, այնպես էլ դրա արդյունքում դատական ակտ կայացնելիս դատարանը չի կարող քննարկման առարկա դարձնել այնպիսի փաստական հանգամանքներ, որոնք արտացոլված չեն եղել անձին առաջադրված մեղադրանքում(7):

_______________________

7) Տե՛ս mutatis mutandis Վճռաբեկ դատարանի` Սմբատ Գրիգորյանի գործով 2017 թվականի օգոստոսի 30-ի թիվ ԿԴ2/0054/01/15 որոշումը:

 

Հակառակ պարագայում կարող է վտանգվել անձի պաշտպանության իրավունքը, քանի որ վերջինս բավարար ժամանակ և հնարավորություն չի ունեցել պաշտպանվելու դատական ակտով անձին մեղսագրված, սակայն ի սկզբանե մեղադրանքի ծավալում չընդգրկված փաստական տվյալներից:

17. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Կ.Կունգուրցևին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինաբար կյանքից զրկելու` սպանելու դիտավորությամբ, դանակով մեկ անգամ հարվածել է Դ.Հովակիմյանի կրծքավանդակի ձախ կեսի շրջանում` կյանքի համար կենսական կարևորագույն նշանակություն ունեցող օրգանի` սրտի ուղղությամբ և վերջինիս պատճառել կրծքավանդակի ձախ կեսի առաջակողմնային մակերեսի ծակած-կտրած թափանցող վիրավորում, որն ուղեկցվել է ձախ թոքի վերին բլթի միջանցիկ և կույր, սրտապարկի, սրտի ձախ փորոքի հետին-կողմնային պատի միոէպիկարդիալ շերտի շոշափող ընթացքով միջանցիկ վնասումներով մարմնական վնասվածքներ, սակայն վերջինիս ընկերների` Ռաֆիկ Սարգսյանի, Աշոտ Համբարձումյանի, Գևորգ Ավագյանի, Աշոտ Կռոյանի կողմից օգնության հասնելուց հետո Կ.Կունգուրցևը դիմել է փախուստի և հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով(8):

_______________________

8) Մանրամասն տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

 

Առաջին ատյանի դատարանը 2016 թվականի ապրիլի 15-ի դատավճռով ճանաչել և հռչակել է Կ.Կունգուրցևի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ` արարքում հանցակազմի բացակայության հիմքով(9):

_______________________

9) Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

 

Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, 2017 թվականի հուլիսի 18-ի որոշմամբ Կ.Կունգուրցևին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված արարքը վերաորակելով և նրան մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով նախատեսված հանցանքի կատարման մեջ, հիմնավորված է համարել ամբաստանյալի կողմից կենցաղային հողի վրա առաջացած վիճաբանության ընթացքում տուժող Դ.Հովակիմյանի կրծքավանդակի ձախ կեսի շրջանում կյանքի համար կենսական կարևորագույն նշանակություն ունեցող օրգանի` սրտի ուղղությամբ մեկ անգամ դանակով հարվածելը, ինչի հետևանքով տուժող Դ.Հովակիմյանի առողջությանը պատճառվել է ծանր վնաս` անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահ:

Ի հիմնավորումն վերոնշյալ եզրահանգման` Վերաքննիչ դատարանը հաստատված է համարել, որ`

ա) քրեական գործով ձեռք բերված ապացույցներով չի հիմնավորվում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի սուբյեկտիվ կողմը,

բ) ամբաստանյալ Կ.Կունգուրցևի կողմից տուժող Դ.Հովակիմյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու դիտավորությունը քրեական գործի նյութերով հիմնավորված է,

գ) ամբաստանյալ Կ.Կունգուրցևի կողմից տուժող Դ.Հովակիմյանի կրծքավանդակի ձախ կեսի շրջանին դանակով հարվածելու և տուժողի մահվան միջև սուբյեկտիվ կողմից առկա է մեղքի անզգույշ ձև(10):

_______________________

10) Մանրամասն տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

 

18. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 14-16-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կ.Կունգուրցևին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով վերաորակելու արդյունքում Վերաքննիչ դատարանը խախտել է ամբաստանյալի` ՀՀ Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով ամրագրված պաշտպանության իրավունքը:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Կ.Կունգուրցևին առաջադրված մեղադրանքի ծավալում ընդգրկված չի եղել իր գործողությունների արդյունքում տուժող Դ.Հովակիմյանին մահ պատճառելու հատկանիշը: Այսինքն` այդպիսի փաստական տվյալ Կ.Կունգուրցևին չի մեղսագրվել: Մինչդեռ նյութական հանցակազմի դեպքում օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշներից է հետևանքը և պատճառահետևանքային կապը արարքի և դրա միջև: Հետևաբար անձին նյութական հանցակազմով նկարագրված հանցանք մեղսագրելիս առաջադրված մեղադրանքում պետք է նշվեն ոչ միայն հետևանքի, այլ նաև արարքի և դրա միջև պատճառահետևանքային կապի առկայությունը հավաստող փաստական հանգամանքները: Կոնկրետ դեպքում Վերաքննիչ դատարանը, վերաորակելով Կ.Կունգուրցևին մեղսագրված արարքը, ըստ էության դատական ակտով քննարկել և հաստատված է համարել Կ.Կունգուրցևի գործողությունների և տուժողի մահվան միջև պատճառահետևանքային կապը, որը Կ.Կոնգուրցևին մեղսագրված չի եղել: Դեռ ավելին` Կ.Կոնգուրցևին առաջադրված մեղադրանքում ուղղակիորեն սահմանված է, որ Դ.Հովակիմյանը մահացել է կրծքավանդակի ձախ կեսի թափանցող ծակած-կտրած վիրավորումով, արյան զանգվածային կորստով պայմանավորված ծանր աստիճանի հեմոռագիկ շոկից «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում բժշկական սպասարկում իրականացնողների անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով, մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու պատճառով(11):

_______________________

11) Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

 

Ընդ որում, մեկ այլ քրեական գործով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատվել է բժիշկ Վ.Ղուկասյանի մեղքն անզգուշությամբ տուժող Դ. Հովակիմյանի մահն առաջացնելու մեջ(12):

________________________

12) Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

 

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավադրույթը, արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանն իրավասու չէր Կ.Կունգուրցևին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված արարքը վերաորակելու ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով` որպես առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառել, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ:

Հետևաբար Վերաքննիչ դատարանը, Կ.Կունգուրցևին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված արարքը վերաորակելով և նրան մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով, չի պահպանել գործը բացառապես անձին առաջադրված մեղադրանքի սահմաններում քննելու օրենսդրական պահանջը:

19. Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելով և Կ.Կունգուրցևին մեղսագրվող արարքը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների խախտմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասից ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով վերաորակելով, թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ և 398-րդ հոդվածներով նախատեսված նյութական և դատավարական իրավունքի խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են և հիմք են Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու ու գործն Առաջին ատյանի դատարան նոր քննության ուղարկելու համար, որի պայմաններում միայն կարող է ապահովվել բողոքաբերների կողմից բարձրացված և սույն որոշման 9.1-րդ և 11.1-րդ կետերում նշված` գործում առկա ապացույցների գնահատման, դրանց թույլատրելիության և վերաբերելիության հարցերի ողջ ծավալով քննությունը:

20. Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատավարության տվյալ փուլում գրավը կարող է լինել երաշխիք ամբաստանյալ Կ.Կունգուրցևի ազատության մեջ գտնվելու դեպքում նրա հնարավոր ոչ իրավաչափ վարքագիծը չեզոքացնելու համար: ՈՒստի` ամբաստանյալ Կ.Կունգուրցևի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը պետք է փոխարինել գրավով:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքները բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Կարեն Ալեքսանդրի Կունգուրցևի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի հուլիսի 18-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Ամբաստանյալ Կարեն Ալեքսանդրի Կունգուրցևի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը փոխարինել այլընտրանքային խափանման միջոց գրավով` որպես գրավի չափ սահմանելով 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը, որը Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դեպոզիտ հաշվին վճարելուց հետո ամբաստանյալ Կարեն Ալեքսանդրի Կունգուրցևին ազատել կալանքից:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Ավետիսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
20.07.2018
N ԼԴ/0141/01/14
Որոշում