Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԴԻՄՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ...

 

 

020.1356.070317

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 141-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 7 մարտի 2017թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով.

Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

դիմողի` ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ներկայացուցիչներ` ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Հ. Մարգարյանի և Վ. Էնֆիաջյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչներ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հ. Սարգսյանի և նույն վարչության իրավախորհրդատվական բաժնի գլխավոր մասնագետ Վ. Դանիելյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005թ. փոփոխություններով) 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 68-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների դիմումի հիման վրա` ՀՀ ընտրական օրենսգրքի 141-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը ՀՀ Ազգային ժողովի թվով 32 պատգամավորների` 2016 թվականի նոյեմբերի 17-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

ՈՒսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով ՀՀ ընտրական օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Որպես սահմանադրական դատարան դիմելու իրավունքի հիմք` դիմող կողմը վկայակոչել է ՀՀ Սահմանադրության (2015թ. փոփոխություններով) 168-րդ (1-ին կետ) և 169-րդ (1-ին մասի 2-րդ կետ) հոդվածները: Այդ հոդվածների հիմքերով ՀՀ սահմանադրական դատարանը գործ քննելու իրավասություն չունի, քանի որ ըստ ՀՀ Սահմանադրության (2015թ. փոփոխություններով) 209-րդ հոդվածի 6-րդ մասի` վերոհիշյալ հոդվածները «...ուժի մեջ են մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: Մինչ այդ շարունակում են գործել 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության համապատասխան դրույթները»:

Սույն գործով դիմումի քննությունը Սահմանադրական դատարանն իրականացնում է` ղեկավարվելով 2005թ. փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթներով:

2. ՀՀ ընտրական օրենսգիրքը (ՀՕ-54-Ն) ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2016 թվականի մայիսի 25-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 2016 թվականի մայիսի 28-ին և ուժի մեջ է մտել 2016 թվականի հունիսի 1-ից:

Օրենսգրքի` սույն գործով վիճարկվող` «Երևանի, Գյումրու և Վանաձորի ավագանիների ընտրությունների արդյունքների ամփոփումը» վերտառությամբ 141-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է.

«5. Եթե սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով մանդատների բաշխման արդյունքով կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից) մեկը ստանում է տեղերի 40 տոկոսից ավելին, սակայն ոչ բացարձակ մեծամասնությունը, ապա տեղերի բացարձակ մեծամասնությունը տրվում է այդ կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին): Եթե տեղերի 40 տոկոսից ավելին ստանում է երկու կուսակցություն (կուսակցությունների դաշինք), սակայն ոչ բացարձակ մեծամասնությունը, ապա տեղերի բացարձակ մեծամասնությունը տրվում է այն կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին), որն ստացել է առավել թվով մանդատներ: Մնացած մանդատները բաշխվում են մանդատների բաշխմանը մասնակցելու իրավունք ստացած մյուս կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների միջև»:

Օրենսգրքի վերոհիշյալ հոդվածը լրացվել է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2016 թվականի հոկտեմբերի 20-ին ընդունված ՀՕ-158-Ն օրենքով (հոդված 18), որը ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել է 2016 թվականի հոկտեմբերի 29-ին և ուժի մեջ է մտել 2016 թվականի նոյեմբերի 14-ին:

3. Դիմող կողմը գտնում է, որ ՀՀ ընտրական օրենսգրքի վիճարկվող նորմը հակասում է ՀՀ Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 2-րդ, 5-րդ, 7-րդ, 9-րդ, 28-րդ, 181-րդ և 182-րդ հոդվածներին: Ըստ դիմողի` «վերլուծելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի» 141-րդ հոդվածի 5-րդ մասը` ակնհայտ է դառնում, որ այն չի կարգավորում, չի հիմնավորում և չի սահմանում հետևյալ հասկացությունները` ինչ է բացարձակ մեծամասնությունը և ինչ կարգով են բաշխվում մնացած մանդատները կուսակցությունների միջև, ինչ համամասնությամբ»: Դիմողը գտնում է, որ Երևանի, Գյումրու և Վանաձորի ավագանիների ընտրությունների արդյունքների ամփոփման կարգը նախատեսող իրավակարգավորմամբ ներդրված «բոնուսային» համակարգով «ոչ միայն սեփական քվեների, այլ նաև 6 և 8 տոկոս նվազագույն ընտրական շեմը չհաղթահարող կուսակցությունների քվեների արդյունքում ստացած 40 տոկոսից ավելի տեղեր ունեցող կուսակցությանը մեխանիկորեն տրվում է տեղերի բացարձակ մեծամասնությունը», որը հակասում է ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածին, քանի որ «մեծամասնության իշխանությունը ձևավորվում է ոչ թե ժողովրդի կողմից ստացված քվեների արդյունքում, այլ արհեստականորեն «բոնուսային» համակարգով սահմանվող բացարձակ մեծամասնությամբ», որը «հիմք է դառնում առանց ավագանիների քվեարկության համայնքի ղեկավարի նշանակմանը, այսինքն խախտվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 7-րդ հոդվածում ամրագրված գաղտնի քվեարկությամբ ընտրություն կատարելու սկզբունքը, ինչը տեսականորեն հիմք է ստեղծում Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում ժողովրդի կողմից 40 տոկոսից ցածր, նույնիսկ 10-15 տոկոս վստահության քվե ստացած քաղաքական ուժերին ունենալու բացարձակ մեծամասնություն և առանց որևէ քվեարկության նշանակել քաղաքապետ»: Բացի դրանից, ըստ դիմող կողմի` ՀՀ ընտրական օրենսգրքի վիճարկվող իրավակարգավորմամբ «սահմանված չէ» ընտրությունների արդյունքներով մանդատների բաշխման արդյունքով տեղերի «բացարձակ մեծամասնությունը» եզրույթը` ի տարբերություն Ազգային ժողովի ընտրությունների: Ի տարբերություն Ազգային ժողովի ընտրությունների, որի դեպքում «բացարձակ մեծամասնությունը տրվում է ոչ թե քաղաքական ուժերից մանդատներ վերցնելով, այլ ավելացվում է մանդատների ընդհանուր թիվը»` Ազգային ժողովի պատգամավորների առնվազն թվի (101)` օրենսգրքով ամրագրման պարագայում, «իսկ Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքների համար ընտրական օրենսգրքով ամրագրված է համապատասխանաբար 65 և 33 ավագանու անդամների թվերը, որը ըստ օրենքի պահանջի անփոփոխ է և ավելացման ենթակա չէ»: Արդյունքում, ինչպես եզրակացնում է դիմողը, «Երևանի, Գյումրու և Վանաձորի ՏԻՄ ընտրություններում որևէ քաղաքական ուժի կամ դաշինքի ընտրական օրենսգրքի 141-րդ հոդվածի 5-րդ մասում ամրագրված մեխանիզմով բացարձակ մեծամասնությունը ապահովելու արդյունքում մյուս կուսակցությունները զրկվում են իրենց մանդատներից»: Ըստ դիմող կողմի` «վերը նշված իրողությունների ներքո ընտրական օրենսգրքի 141-րդ հոդվածի 5-րդ մասը հնարավորություն է տալիս քաղաքական ուժերին «բոնուսային» համակարգի միջոցով արհեստականորեն ստանալ բացարձակ մեծամասնություն և առանց ավագանու քվեարկության «նշանակել» համայնքի ղեկավար»:

4. Պատասխանող կողմը վիճարկվող դրույթների, ՀՀ ընտրական օրենսգրքի 5, 96, 123 և 124-րդ հոդվածների ու ՀՀ Սահմանադրության 2, 5, 7, 28, 181 և 182-րդ հոդվածների դրույթների համադրման արդյունքում գտնում է, որ ՀՀ ընտրական օրենսգրքի 141-րդ հոդվածի 5-րդ մասը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը: Մասնավորապես, ըստ պատասխանողի` Սահմանադրությունը «...որևէ կերպ չի անդրադառնում Երևանի, Գյումրու և Վանաձորի ավագանու ընտրությունների արդյունքներն ամփոփելու և մանդատները բաշխելու կարգին», իսկ ՀՀ Սահմանադրության 181-րդ հոդվածի 2-րդ մասն «...ուղղակիորեն ավագանու ընտրությունների արդյունքներն ամփոփելու և մանդատները բաշխելու կարգը սահմանելու լիազորությունը պատվիրակում է ՀՀ օրենսդրին»:

Ըստ պատասխանողի` ՀՀ ընտրական օրենսգրքի 141-րդ հոդվածի 5-րդ մասի և ՀՀ Սահմանադրության 182-րդ հոդվածի միջև «...որևէ հակասություն կամ համակարգային կապ նույնպես առկա չէ, քանի որ վերջինիս կարգավորման առարկան ոչ թե ընտրությունների կարգն է, այլ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները»:

Անդրադառնալով հավասարության սկզբունքով ընտրական իրավունքի իրացման վերաբերյալ դիմող կողմի փաստարկին` պատասխանող կողմը գտնում է, որ «Հավասարության սկզբունքն ընտրական իրավունքի ... հիմքերից մեկն է: Ժողովրդավարության հրամայական պահանջներից մեկը բոլոր քաղաքացիների քաղաքական հավասարությունն է` «մեկ մարդ` մեկ ձայն» սկզբունքով»: Ըստ պատասխանողի` «...նույն ընտրական համակարգով նույն ընտրությունների ժամանակ քվեարկող բոլոր ընտրողները ... պետք է ունենան հավասար թվով ձայն` պարտավորեցնելով ապահովել հավասարությունն ինչպես օրենսդրությամբ, այնպես էլ իրավակիրառական պրակտիկայում` թե պասիվ և թե ակտիվ ընտրական իրավունքի համար», հետևաբար, ինչպես եզրակացնում է պատասխանողը, «ՀՀ ընտրական օրենսգրքի վիճարկվող դրույթը չի հակասում ՀՀ Սահմանադրության 7-րդ և, հետևաբար` 28-րդ հոդվածներին»:

Պատասխանող կողմն անդրադառնում է ներկայացուցչական ժողովրդավարության էությանը` դիտարկելով այն ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածի համատեքստում, և գտնում է, որ «Առկա չէ նաև որևէ հակասություն ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածով ամրագրված ներկայացուցչական ժողովրդավարության սկզբունքին: Հակառակ պարագայում ոչ միայն նշված դրույթը, այլ նաև ՀՀ ընտրական օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև մեծամասնության բոնուսի համակարգի ինստիտուտը կհակասի ժողովրդաիշխանության սկզբունքին»: Նշված «իրավակարգը», ըստ պատասխանողի, «... միտված է ապահովելու ընտրական և կառավարման համակարգերի կայունությունը, և դրանից կարող է օգտվել բացառապես մանդատների ավելի քան 40 տոկոսը վերցրած ուժը»:

Պատասխանող կողմը եզրակացնում է, որ «... ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված Երևանի, Գյումրու և Վանաձորի ավագանու մանդատների բաշխման կարգը ՀՀ Սահմանադրությանը չի հակասում, և, հետևաբար, առկա չէ հակասություն ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածին: ՀՀ Սահմանադրությունը չի արգելում համայնքի ավագանու ընտրության ժամանակ մեծամասնության բոնուսի համակարգի կիրառումը»:

5. Սույն գործի քննության շրջանակներում վիճարկվող նորմի սահմանադրականությունը գնահատելիս Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում պարզել.

- ՀՀ Սահմանադրության (2015թ. փոփոխություններով) 181-րդ հոդվածում նախատեսված` տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության սահմանադրաիրավական, ինչպես նաև միջազգային իրավապայմանների երաշխավորումը,

- ավագանիների ընտրություններն անցկացնելու սահմանադրաիրավական սկզբունքի իրացման երաշխավորումը` որպես նաև տեղական ինքնակառավարումը երաշխավորելու սահմանադրաիրավական պահանջի կատարման էական պայման (ՀՀ Սահմ. (2015թ. փոփոխություններով) հոդվածներ 7, 9),

- ավագանիների ընտրությունների արդյունքների ամփոփման եվրոպական նորմատիվ իրավական կարգավորման պրակտիկան և վիճարկվող իրավակարգավորման շրջանակներում վերջինիս արտացոլման առանձնահատկությունները, հաշվի առնելով նաև ՀՀ Սահմանադրության (2015թ. փոփոխություններով) 181-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված օրենսդրական կարգավորման հայեցողական ազատության իրացման սահմանադրական և միջազգային իրավական չափորոշիչներն ու սկզբունքները,

- ընտրական իրավունքի հիմնական սկզբունքների սահմանադրաիրավական բովանդակության և դրանց օրենսդրական երաշխավորման վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումների իրացումը:

Սույն գործի շրջանակներում վիճարկվող նորմի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելիս Սահմանադրական դատարանն առաջնորդվում է նաև «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջներով:

6. ՀՀ Սահմանադրության (2015թ. փոփոխություններով) 9-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է տեղական ինքնակառավարումը որպես ժողովրդավարության էական հիմք, որի ձևավորման սահմանադրաիրավական սկզբունքը համայնքի ավագանիների` ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով ընդհանուր, հավասար, ազատ և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա գաղտնի քվեարկությամբ ընտրություններն են (Սահմ. հոդված 7), ինչպես նաև համայնքի ղեկավարի` նույն օրենսգրքին համապատասխան ուղղակի կամ անուղղակի ընտրությունը (Սահմ. հոդված 181, մաս 1):

Սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-167, ՍԴՈ-408, ՍԴՈ-412, ՍԴՈ-703, ՍԴՈ-1027, ՍԴՈ-1028, ՍԴՈ-1076 որոշումներում բազմիցս անդրադարձել է ընտրական իրավունքի իրացման հիմնական սկզբունքների սահմանադրաիրավական բովանդակությանը, արձանագրել` ընտրական գործընթացները կանոնակարգող օրենսդրության նորմերում այդ սկզբունքներն անվերապահ երաշխավորելու կարևորությունը` պետական իշխանության համակարգում ժողովրդավարության սկզբունքների հաստատման և հետագա զարգացման ու ամրապնդման` ՀՀ Սահմանադրությամբ նախանշված գործընթացներում:

Սահմանադրական դատարանը վերահաստատելով վերոհիշյալ որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները, սույն գործով կարևորում է ընտրական իրավունքը` վերջինիս սահմանադրաիրավական բովանդակությանը համապատասխան իրացնելու անհրաժեշտությունը նաև հանրային իշխանության տեղական մարմինների ձևավորման գործընթացներում: Սահմանադրական դատարանը գտնում է, որ որևէ առանձնահատկություն, նախապայման (այդ թվում` ընտրական այս կամ այն համակարգի կիրառման պարագայում) սահմանադրաիրավական առումով չի կարող իրավաչափ հիմք հանդիսանալ հիմնավորելու ընտրական իրավունքի հիմնարար սկզբունքներից հնարավոր որևէ շեղում: ՀՀ Սահմանադրության 7-րդ (ավագանիների ընտրությունների մասով) և 181-րդ հոդվածների սահմանադրաիրավական բովանդակությունից է բխում այդ սկզբունքների անվերապահ երաշխավորման պահանջը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում:

Միաժամանակ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ, թեև ընտրական իրավունքի սկզբունքների և ընտրությունների կարգի միջև անխզելի կապն առկա է, սակայն դրանք չեն կարող նույնացվել կամ հակադրվել միմյանց:

7. ՀՀ Սահմանադրության 7-րդ, 9-րդ և 181-րդ հոդվածների ընդհանուր իրավական բովանդակությունից հետևում է, որ ՀՀ-ում տեղական ինքնակառավարման մարմինները ձևավորվում են համայնքներում` ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված սկզբունքներին ու ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգին համապատասխան կազմակերպված ընտրությունների հիման վրա, ընդ որում.

ա) ավագանիները` որպես սահմանադրական սկզբունք` ընդհանուր, հավասար, ազատ և ուղղակի ընտրական իրավունքի իրացմամբ և գաղտնի քվեարկությամբ,

բ) համայնքի ղեկավարը` ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով` ուղղակի կամ անուղղակի ընտրությամբ: Ընդ որում, ուղղակի ընտրակարգով համայնքի ղեկավարի ընտրության դեպքում են կիրառելի ընտրական իրավունքի իրացման` ՀՀ Սահմանադրության 7-րդ հոդվածում սահմանված սկզբունքները:

Այսպիսով, եթե համայնքի ավագանին համայնքի բնակիչների կողմից ընտրվում է բացառապես ընդհանուր, հավասար, ազատ, ուղղակի և գաղտնի ընտրության արդյունքում, ապա համայնքի ղեկավարի ընտրության (ուղղակի կամ անուղղակի) հարցը, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կարգն ընդհանրապես սահմանվում է Սահմանադրության 181-րդ հոդվածի իրավակարգավորման համաձայն: Վերջինս վկայում է, որ Սահմանադրությունը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության որևէ կոնկրետ մոդել (ընտրակարգ) չի նախատեսում, այլ այն թողնում է օրենսդրի հայեցողությանը:

Այսպիսով, սահմանադրականության տեսանկյունից, ինչպես նաև առաջնորդվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջներով, իրավաչափ է ՀՀ ընտրական օրենսգրքով ինչպես համայնքի ավագանու անդամների` ընդհանուր, հավասար, ազատ, ուղղակի և գաղտնի քվեարկությամբ, այնպես էլ համայնքի ղեկավարի` ուղղակի կամ անուղղակի ընտրական իրավունքի սկզբունքներով ընտրությունների կազմակերպման կարգ սահմանելը, ինչն ըստ էության պատգամավորների ձայների գրեթե 4/5 մեծամասնությամբ 2016 թվականի մայիսի 25-ին իրացվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից` «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի ընդունմամբ:

Հարկ է արձանագրել, որ տեղական ինքնակառավարման ինստիտուտի ձևավորման սահմանադրական և օրենսդրական նման կարգի սահմանումն ունի նաև միջազգային իրավական հիմնավորում: Մասնավորապես, Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի (ՀՀ-ի համար ուժի մեջ է մտել 01.05.2002թ., ՍԴՈ-332) 3-րդ հոդվածի, ինչպես նաև Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի` Տեղական ինքնակառավարման մարմիններում մասնակցության իրավունքի վերաբերյալ լրացուցիչ արձանագրության (ՀՀ-ի համար ուժի մեջ է մտել 01.09.2013թ., ՍԴՈ-1067) 1-ին հոդվածի իրավական ընդհանուր բովանդակությունից է հետևում տեղական ինքնակառավարմանը (ինքնակառավարման ձևավորմանը) քաղաքացիների մասնակցությունը, մասնավորապես` սահմանադրական կարգին համապատասխան համայնքներում ինչպես ներկայացուցչական (ավագանի), այնպես էլ օրենքով սահմանված կարգով վերջիններիս հաշվետու գործադիր մարմիններ (այդ թվում` համայնքի ղեկավար) ձևավորելու միջոցով:

Այսպիսով, դիմող կողմը, ՀՀ ընտրական օրենսգրքի 141-րդ հոդվածի 5-րդ մասի իրավակարգավորման շրջանակներում վիճարկելով ավագանիների ընտրությունների արդյունքների ամփոփման կարգը, փոխկապակցելով այն համայնքի ղեկավարի ընտրության գործող ընթացակարգի հետ, անտեսել է տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման սահմանադրական կարգի առանձնահատկությունը, համաձայն որի` ՀՀ Սահմանադրությամբ նախատեսվել են միայն համայնքների ավագանիների (այդ թվում` Երևանի, Գյումրու և Վանաձորի) ընտրություններում ընտրական իրավունքի իրացման սկզբունքները (ընդհանուր, հավասար, ազատ և ուղղակի ընտրություններ, գաղտնի քվեարկություն), ինչպես նաև համայնքի ղեկավարի` ՀՀ ընտրական օրենսգրքին համապատասխան ուղղակի կամ անուղղակի սկզբունքով ընտրության նախապայմանը: Հետևաբար, սահմանադրաիրավական, ինչպես նաև միջազգային իրավական վերոնշյալ կարգավորումներով է պայմանավորված ՀՀ ընտրական օրենսգրքում` ավագանիների (այդ թվում` Երևանի, Գյումրու և Վանաձորի), ինչպես նաև համայնքների ղեկավարների (այդ թվում` Երևանի, Գյումրու և Վանաձորի) ընտրությունների կարգի սահմանադրաիրավական բովանդակությունը:

ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սահմանադրականության տեսանկյունից սույն գործով սկզբունքային նշանակություն ունեն ՀՀ Սահմանադրության հատկապես 7-րդ և 181-րդ հոդվածների իրավակարգավորումները:

8. Վեճի առարկա իրավակարգավորման սահմանադրաիրավական բովանդակության բացահայտման տեսանկյունից սահմանադրական դատարանը կարևորում է այն հանգամանքը, որ ՀՀ Սահմանադրությամբ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կազմակերպման, անցկացման, արդյունքների ամփոփման իրավակարգավորման շրջանակներում որևէ այլ նախապայման (բացի ընտրական իրավունքի իրացման սկզբունքների պահպանումից), ի տարբերություն ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների, սահմանված չէ: ՈՒստի անհիմն են համայնքի ավագանու և ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների կարգի վերաբերյալ դիմող կողմի համեմատական փաստարկները կամ պնդումներն ըստ էության այն մասին, թե համայնքի ավագանու` ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված ընտրակարգը պետք է համադրելի լինի ՀՀ Ազգային ժողովի` ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված կարգին:

ՀՀ Սահմանադրության (2015թ. փոփոխություններով) 89-րդ հոդվածի համաձայն` ՀՀ Ազգային ժողովում կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորման, հետևաբար և` համապատասխան ընտրակարգի սահմանման հայեցողությունը վերապահվել է օրենսդիր մարմնին, որի իրացման սահմանադրաիրավական պայմանը նման մեծամասնության ձևավորումն է: ՀՀ Սահմանադրության 181-րդ հոդվածի 2-րդ մասն ամբողջությամբ ՀՀ ընտրական օրենսգրքին է վերապահել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կարգի սահմանումը: Սակայն, որևէ սահմանադրաիրավական հիմք առկա չէ այդ կարգերի նույնական կամ համանման լինելու առնչությամբ:

Միաժամանակ, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ չնայած ՀՀ Ազգային ժողովի և համայնքների ավագանիների ընտրությունների դեպքում մանդատների բաշխման ընթացակարգերը տարբեր են, սակայն երկու դեպքում էլ դրանք հետապնդում են համանման նպատակ, այն է` սահմանված որոշակի նվազագույն տեղեր կամ քվեներ ստացած կուսակցությանը հավելյալ տեղեր (մանդատներ, բոնուսներ) տրամադրելու միջոցով ապահովել որոշակի մեծամասնություն` կայուն կառավարում ապահովելու նպատակով: Դա նույնպես Սահմանադրությունից բխող իրավաչափ նպատակ է, սակայն չի կարող հիմք հանդիսանալ այդ երկու գործընթացների իրավակարգավորումները նույնականացնելու համար: Ելնելով համապետական և տեղական ընտրությունների բնույթից ու դրանց առանձնահատկություններից` Սահմանադրությունը, ինչպես նշվեց, բացառապես օրենսդրին է վերապահել ընտրակարգի ձևի ու բովանդակության (մոդելի) ընտրության և տվյալ հարաբերությունների իրավակարգավորման հայեցողությունը:

9. Անդրադառնալով Երևանի, Գյումրու և Վանաձորի ավագանիների ընտրությունների արդյունքների ամփոփման իրավակարգավորման շրջանակներում ավագանու մանդատների բաշխման սահմանված կարգի և այդ բաշխման չափորոշիչ` «բացարձակ մեծամասնություն» եզրույթի վերաբերյալ դիմող կողմի հարցադրումներին, Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում խնդիրը նախևառաջ դիտարկել ՀՀ Սահմանադրության 181-րդ հոդվածի 2-րդ մասի իրավակարգավորման համատեքստում, համաձայն որի` «Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կարգը սահմանվում է Ընտրական օրենսգրքով»: «Ընտրությունների կարգ» եզրույթն ընդգրկում է ընտրական ողջ գործընթացը, այդ թվում` քվեարկության արդյունքների ամփոփումը:

ՀՀ ընտրական օրենսգրքի 141-րդ հոդվածի նորմերի համադրված վերլուծությունը վկայում է, որ Երևանի, Գյումրու և Վանաձորի ավագանիների ընտրությունների արդյունքների ամփոփման իրավակարգավորման հիմքում դրված է այդ համայնքներում ավագանու ընտրություններին մասնակցած կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների միջև ավագանու անդամների մանդատների բաշխման` իրար հաջորդող, հետևյալ կանոնները.

- ավագանու անդամների մանդատները բաշխվում են կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների միջև` նրանցից յուրաքանչյուրին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվին համամասնորեն` կիրառելով հետևյալ հաշվարկի ձևը. յուրաքանչյուր ընտրական ցուցակին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը բազմապատկվում է ընտրական ցուցակներին հասանելիք մանդատների թվով, արդյունքը բաժանվում է մանդատների բաշխմանը մասնակցող ընտրական ցուցակներին կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի վրա, և առանձնացվում են ամբողջ թվերը, որոնք յուրաքանչյուր կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակին հասանելիք մանդատների թվերն են,

- մնացած մանդատներն ընտրական ցուցակների միջև բաշխվում են ըստ մնացորդների մեծության հերթականության` յուրաքանչյուրին մեկական մանդատ սկզբունքով, իսկ մնացորդների մեծության հավասարության դեպքում վիճարկվող մանդատը տրվում է այն ընտրական ցուցակին, որին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվն ամենամեծն է, իսկ դրանց հավասարության դեպքում մանդատը տրվում է վիճակահանությամբ,

- եթե մանդատների բաշխման արդյունքով կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից) մեկը ստանում է ավագանու անդամների մանդատների (տեղերի) 40 տոկոսից ավելին, սակայն ոչ բացարձակ մեծամասնությունը, ապա այդ մանդատների (տեղերի) բացարձակ մեծամասնությունը տրվում է այդ կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին),

- եթե ավագանու անդամների մանդատների (տեղերի) 40 տոկոսից ավելին ստանում է երկու կուսակցություն (կուսակցությունների դաշինք), սակայն ոչ բացարձակ մեծամասնությունը, ապա ավագանու անդամների մանդատների (տեղերի) բացարձակ մեծամասնությունը տրվում է այն կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին), որն ստացել է առավել թվով մանդատներ,

- մնացած մանդատները բաշխվում են մանդատների բաշխմանը մասնակցելու իրավունք ստացած մյուս այն կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների միջև, որոնք ստացել են կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի համապատասխանաբար` 6 (վեց) և 8 (ութ) տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի` 16.12.2016թ. 01-598 գրությամբ Սահմանադրական դատարանին տրամադրված տեղեկանքի հիման վրա վիճարկվող նորմերի իրավակիրառական պրակտիկայի ուսումնասիրությունը վկայում է, որ վերոթվարկյալ ընթացակարգերին համապատասխան են ամփոփվել և մանդատները բաշխվել 2016 թվականի հոկտեմբերի 2-ին անցկացված Գյումրու ավագանու ընտրությունների արդյունքները:

Ինչպես հետևում է Երևանի, Գյումրու և Վանաձորի ավագանու անդամների մանդատների բաշխման իրար հաջորդող` վերը թվարկված, կանոնակարգումներն այդ համայնքներում ավագանիների ընտրությունների արդյունքների ամփոփման ողջ գործընթացի իրավակարգավորման պարտադիր և սկզբունքային տարրերն են, որոնցից որևէ մեկի բացառումը կիմաստազրկի ողջ գործընթացը, կհանգեցնի իրավական անորոշության և ընտրական գործընթացի ձախողման:

Դիմող կողմը վիճարկելով ՀՀ ընտրական օրենսգրքի 141-րդ հոդվածի 5-րդ մասի սահմանադրականությունը` առանձնացնելով ավագանու անդամների մանդատների բաշխման, ըստ էության, ավարտական փուլն իրավակարգավորման ողջ տրամաբանությունից, մասնավորապես.

- հաշվի չի առել հիշյալ հոդվածի հատկապես 4-րդ և 5-րդ մասերի նորմերի անմիջական իրավական և տրամաբանական փոխկապակցվածությունը, միաժամանակ այդ հոդվածի 4-րդ մասը դիտարկելով որպես մի «կարգ», որը «...հնարավորություն է տալիս ժողովրդին ըստ Սահմանադրության 2-րդ հոդվածի ազատ ընտրությունների միջոցով իրականացնել իր իշխանությունը» (դիմումի 4-րդ էջ),

- անտեսել է, որ օրենսգրքի 141-րդ հոդվածի միայն 4-րդ մասի կիրառմամբ ավագանու անդամների մանդատների բաշխման իրավական գործընթացը լիարժեք չէ,

- ձևական տեսանկյունից վիճարկելով մանդատների բաշխման ամփոփման ավարտական փուլի (հիշյալ հոդվածի 5-րդ մաս) իրավակարգավորման սահմանադրականությունը, չի ներկայացրել որևէ հիմնավոր փաստարկ դրա հակասահմանադրականության վերաբերյալ, այլ հարցն ըստ էության դիտարկել է «բացարձակ մեծամասնություն» եզրույթի սահմանադրականության, ինչպես նաև համայնքի ղեկավարի ընտրության հարցում ավագանու անդամների մանդատների բաշխման կարգի կիրառման հնարավոր հետևանքի տեսանկյուններից:

Ինչ վերաբերում է վիճարկվող նորմում «բացարձակ մեծամասնություն» եզրույթի իմաստաբանական և սահմանադրաիրավական բովանդակության վերաբերյալ դիմող կողմի հարցադրմանը, ապա արդի հայերենի բացատրական բառարաններում այդ եզրույթը մեկնաբանվում է որպես «քվեարկողների կեսից ավելին» (օր.` «Արդի հայերենի բացատրական բառարան», հեղ.` Է. Բ. Աղայան): Ընտրական իրավունքում տարբերակվում են ձայների «բացարձակ», «պարզ», «հարաբերական» և «որակյալ» մեծամասնություն հասկացությունները: «Բացարձակ մեծամասնությունը» դիտարկվում է որպես ձայների 50 տոկոս + 1 ձայն: «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորման իմաստով, տվյալ հասկացությունը «հանրածանոթ» է` ելնելով դրա լեզվագիտական (բառարանային) հիշյալ ընդհանուր բնորոշումից, և չունի բազմիմաստ նշանակություն: Ընդ որում, օրենսդրի լիազորությունն է անհրաժեշտության դեպքում սահմանել ձայների տարբեր հարաբերակցություն, եթե դա կոնկրետ դեպքում ունի իրավակարգավորիչ որոշակի նշանակություն, ինչն առկա է նաև սահմանադրաիրավական բազմաթիվ կարգավորումներում (ՀՀ Սահմ. 103-րդ հոդվածի 2-րդ մաս, 192-րդ հոդվածի 1-ին մաս, ՀՀ Սահմ. (2005թ. փոփոխություններով) 102-րդ հոդվածի 4-րդ մաս և այլն): Այս համատեքստում հիմնավոր չէ դիմողների այն փաստարկը, որ «...ԱԺ ընտրությունների համար բացարձակ մեծությունը սահմանված է 54 տոկոսը...»: Այստեղ «բացարձակ մեծություն» եզրույթի մեջբերումը հիմնավոր չէ, քանի որ Ազգային ժողովի ընտրությունների առնչությամբ այն չի կիրառվել որպես Ընտրական օրենսգրքի նորմատիվ ձևակերպում, իսկ 54 տոկոսն ըստ իրավական բովանդակության (ՀՀ ընտրական օրենսգրքի 96, 97 և 98-րդ հոդվածներ)` ձայների այլ հարաբերակցություն է: Տվյալ պարագայում, ՀՀ Սահմանադրության 89-րդ հոդվածի 3-րդ մասի իմաստով, խոսքը վերաբերում է կայուն խորհրդարանական մեծամասնություն արտահայտող նվազագույն ցուցիչին (հաշվարկային հիմքին):

Հետևաբար, Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործով վիճարկվող նորմերում «բացարձակ մեծամասնություն» եզրույթն իր իմաստաբանական վերոհիշյալ բովանդակությանը համապատասխան մեկնաբանվելու ու կիրառվելու դեպքում սահմանադրականության խնդիր չի կարող հարուցել: ՀՀ ընտրական օրենսգրքի 141-րդ հոդվածի 5-րդ մասի նորմատիվ բովանդակության իմաստով այն նախատեսված է որոշակի կոնկրետ իրավահարաբերություններ կարգավորելու նպատակով: Մասնավորապես` «բացարձակ մեծամասնություն» եզրույթն արտահայտում է տվյալ համայնքում ավագանու տեղերի այն քանակը (50 տոկոս+1), որը դիտարկվում է որպես հաշվարկային հիմք մանդատների վերաբաշխման գործընթացի իրականացման համար` առաջնորդվելով նաև ՀՀ ընտրական օրենսգրքի 123-րդ հոդվածում սահմանված` Երևանի, Գյումրու և Վանաձորի ավագանիների տեղերի ընդհանուր քանակներից:

10. Անդրադառնալով ավագանիների ընտրությունների արդյունքների ամփոփման եվրոպական նորմատիվ իրավական կարգավորման պրակտիկային և վիճարկվող իրավակարգավորման շրջանակներում վերջինիս արտացոլման առանձնահատկություններին` Սահմանադրական դատարանը կարևորում է ոչ միայն Երևանի, Գյումրու և Վանաձորի ավագանիների ընտրությունների արդյունքների ամփոփման գործընթացի իրավակարգավորման ընտրության հարցում ՀՀ Սահմանադրության 181-րդ հոդվածի 2-րդ մասում նախատեսված հայեցողական ազատության իրացումը, այլև միջազգային իրավական պրակտիկայում առկա փորձն ու չափորոշիչները հաշվի առնելը: Մասնավորապես, Իտալիայում, Ֆրանսիայում, Հունաստանում նման փորձի ուսումնասիրությունը վկայում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրակարգի, այդ թվում` ներկայացուցչական մարմնի անդամների մանդատների բաշխման բազմազանության և, այսպես կոչված, «բոնուսային» (հավելյալ մանդատների բաշխման) համակարգի կիրառման մասին:

Սահմանադրական արդարադատության միջազգային պրակտիկան վկայում է, որ բոնուսային համակարգի կիրառման հիմքում պետք է դնել ընտրության մասնակցի ստացած ձայների հարաբերական մեծամասնության այնպիսի սահման, որը կվկայի ընտրված միջոցի և հետապնդվող նպատակի համաչափության մասին: Գործնականում նման սահման է համարվում ստացած տեղերի ոչ պակաս 40 տոկոսը:

Ընտրական այս կամ այն համակարգի ներդրման հայեցողական ազատության իրավական չափորոշիչների հատկանշման, ինչպես նաև ժողովրդավարական սկզբունքներով ընտրական համակարգի հետագա կատարելագործման առումով կարևոր են նաև Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով), ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի սկզբունքային մոտեցումները, համաձայն որոնց.

- «Ընտրական համակարգի ընտրությունը պետք է կատարվի ժողովրդավարության սկզբունքների հիման վրա, անկախ դրա` համամասնական, մեծամասնական կամ խառը լինելու հանգամանքից: Անհրաժեշտ է նշել, որ գոյություն չունի այնպիսի «լավագույն» ընտրական համակարգ, որը հնարավոր լինի ներդնել աշխարհի բոլոր պետություններում»: («Ընտրական իրավունքը և ընտրական վարչարարությունը Եվրոպայում», զեկույց, 12 հունիսի 2016թ.),

- «...Ընտրական համակարգի նպատակահարմարությունը որոշվում է ելնելով այն հանգամանքից, թե արդյոք այն արդարացի է` հաշվի առնելով տեղական պայմաններն ու խնդիրները»: («Ընտրական իրավունքը և ընտրական վարչարարությունը Եվրոպայում», զեկույց, 12 հունիսի 2016թ.):

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մի շարք գործերով ընդգծել է.

- «...Դատարանն ի սկզբանե նշում է, որ ինքն իրավասու չէ քննարկել ներպետական ընտրական իրավունքը վերացական կարգով, և ներպետական իրավունքի մեկնաբանումն ու կիրառումը բացառապես ներպետական մարմինների, մասնավորապես դատարանների իրավասությունն է»: (Gitonas and Others v. Greece, 1 July 1997, «44, Reports of Judgments and Decisions 1997 IV, and Bri'e v. Latvia (dec.), no. 47135/99, 29 June 2000),

- «Այս ոլորտում կանոնները տարբեր են ելնելով յուրաքանչյուր պետությանը ներհատուկ պատմական և քաղաքական գործոններից. Եվրոպայի խորհրդի անդամ բազմաթիվ պետությունների ընտրական օրենսդրություններում առկա տարբեր իրավիճակները ցույց են տալիս հնարավոր տարբերակների բազմազանությունը: 1-ին արձանագրության 3-րդ հոդվածի կիրառման նպատակներով ցանկացած ընտրական օրենսդրություն պետք է գնահատվի կոնկրետ պետության քաղաքական զարգացման լույսի ներքո, հետևաբար մի համակարգի համատեքստում անընդունելի առանձնահատկությունները կարող են արդարացված համարվել մեկ այլ համակարգի համատեքստում»: (Py v. France, no. 66289/01, «46, ECHR 2005 I),

- «Ինչ վերաբերում է ընտրական համակարգի ընտրությանը, ապա Դատարանը վերահաստատում է, որ Պայմանավորվող պետություններն այս ոլորտում ունեն լայն հայեցողություն: Այդ կապակցությամբ 1-ին արձանագրության 3-րդ հոդվածը սահմանում է միայն «ազատ» ընտրություններ, որոնք անցկացվում են «ողջամիտ պարբերականությամբ», «գաղտնի քվեարկությամբ» և «մարդկանց կարծիքի ազատ արտահայտումն ապահովող պայմաններում»: Այսպիսի ձևակերպումը չի սահմանում համամասնական ներկայացուցչության կամ մեծամասնական քվեարկության «կոնկրետ համակարգ ընտրելու պարտականություն»: (Mathieu-Mohin and Clerfayt, cited above, «54):

Այսպիսով, միջազգային իրավական վերոհիշյալ պրակտիկայի ուսումնասիրությունից հետևում է, որ ընտրական գործընթացների (այդ թվում` հանրային իշխանության տեղական մարմինների ընտրությունների) վերաբերյալ կառուցակարգային բնույթի իրավակարգավորումներ նախատեսելիս անհրաժեշտ է առաջնորդվել հետևյալ սկզբունքներով ու չափորոշիչներով.

- ընտրական այս կամ այն համակարգի ընտրությունը պետք է կատարվի ժողովրդավարական հիմնական սկզբունքների հիման վրա` սահմանադրորեն թույլատրելի հայեցողական ազատության շրջանակներում, միաժամանակ ելնելով այն իրողությունից, որ գոյություն չունի միջազգայնորեն ընդունելի կիրառման ենթակա միասնական մոդել (ընտրական համակարգ),

- ընտրական այս կամ այն համակարգն ընտրելիս անհրաժեշտաբար պետք է հաշվի առնվեն տեղական պայմաններն ու առանձնահատկությունները, քաղաքական մշակույթի զարգացման աստիճանը,

- ընտրական այս կամ այն համակարգի ընտրությունը պետք է երաշխավորի ազատ, արդար, ողջամիտ պարբերականությամբ և գաղտնի քվեարկությամբ անցկացվող ընտրություններ:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ Երևանի, Գյումրու և Վանաձորի համայնքների ավագանիների ընտրության` համամասնական ընտրակարգով ընտրական համակարգը` սույն գործով վիճարկվող նորմերի իրավակարգավորման շրջանակներում, չի հակասում վերը թվարկված միջազգային իրավական չափորոշիչներին:

11. Ինչ վերաբերում է համայնքի ավագանու անդամների մանդատների բաշխման արդյունքների և համայնքի ղեկավարի ընտրության միջև «հնարավոր» իրավական պատճառահետևանքային կապի վերաբերյալ դիմումում բարձրացված հարցին, ապա Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում այն դիտարկել ՀՀ ընտրական օրենսգրքի` սույն գործով վիճարկվող իրավակարգավորումը նախատեսող և վերջինիս հետ փոխկապակցված, ինչպես նաև օրենսդրության այլ նորմերի համակարգային վերլուծության համատեքստում: Այդ վերլուծությունը մասնավորապես վկայում է, որ ՀՀ ընտրական օրենսգրքի 5-րդ հոդվածում` Երևան, Գյումրի և Վանաձոր համայնքների ղեկավարների ընտրության կարգ սահմանելիս օրենսդիրն իրացրել է ՀՀ Սահմանադրության 181-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսված իր հայեցողական լիազորությունը, համաձայն որի` այդ համայնքների ղեկավարները պետք է ընտրվեն անուղղակի ընտրությամբ: Այդպիսի ընտրության կարգն առավել մանրամասնվել է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի (25.05.2016թ. խմբագրությամբ) 43, 44 և 46-րդ հոդվածներում, ինչպես նաև «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի (16.12.2016թ. խմբագրությամբ) 56, 73 և 76-րդ հոդվածներում: Այդ իրավակարգավորումներում օրենսդիրը նախատեսել է նաև համայնքի ղեկավարին «օրենքի ուժով ընտրված համարելու» կառուցակարգ, որի սահմանադրականությունը դիմող կողմը սույն գործի շրջանակներում չի վիճարկել:

Ելնելով վերոհիշյալ համայնքներում տեղական ինքնակառավարման առանձնահատկություններից` պայմանավորված սոցիալ-տնտեսական գործոններով, Սահմանադրական դատարանն իրավաչափ է համարում այդ համայնքներում ավագանու կողմից համայնքի ղեկավարի անուղղակի ընտրակարգը, ելնելով նաև ավագանու` որպես ներկայացուցչական մարմնի, և համայնքի ղեկավարի` որպես ավագանուն հաշվետու գործադիր մարմին հանդիսանալու փաստով պայմանավորված, իրավական կարգավիճակի առանձնահատկություններից (ՀՀ Սահմ. 182-րդ հոդվածի 4-րդ մաս):

Միաժամանակ, Սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենքով համայնքի ղեկավարի ընտրության անուղղակի կարգի նախատեսմամբ չի կարող փոխվել ՀՀ Սահմանադրության 181-րդ հոդվածի 1-ին մասի սահմանադրաիրավական բովանդակությունը: Մասնավորապես, ընտրության անուղղակի կարգի սահմանումը ենթադրում է համայնքի ղեկավարի ընտրություն (գործընթաց) ոչ թե համայնքի ընտրողների, այլ ընտրված (մանդատներ ստացած) ավագանու անդամների կողմից անմիջաբար, որի իրավական կարգն ու պայմանները ենթակա են օրենքով հստակեցման:

ՀՀ ընտրական օրենսգրքով (5-րդ հոդված) իրացվել է համայնքի ղեկավարի ընտրության կարգի վերաբերյալ ՀՀ Սահմանադրության 181-րդ հոդվածի 1-ին մասի պատվիրանը: ՀՀ ընտրական օրենսգիրքը սահմանադրական օրենք է (ՀՀ Սահմ. 103-րդ հոդվածի 2-րդ մաս), իսկ օրենքները պետք է համապատասխանեն սահմանադրական օրենքներին (ՀՀ Սահմ. 5-րդ հոդվածի 2-րդ մաս): Սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենսդրի պարտականությունն է ողջամիտ ժամկետում, երաշխավորելով ՀՀ ընտրական օրենսգրքի անցումային և եզրափակիչ դրույթներով նախատեսված ընտրական գործընթացների ամբողջականությունն ու անխախտելիությունը, ապահովել համայնքի ղեկավարի անուղղակի ընտրակարգի` ՀՀ Սահմանադրությունից բխող` ՀՀ ընտրական օրենսգրքում իրացված սկզբունքներին վերոհիշյալ օրենքների նորմատիվ դրույթների համապատասխանությունը` հաշվի առնելով նաև սույն որոշմամբ այդ հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները:

12. Վերոշարադրյալի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ.

ա) տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության կարգի որոշումը ՀՀ Սահմանադրությունը բացառապես վերապահել է օրենսդրի հայեցողությանը: Հետևաբար, Սահմանադրական դատարանը չի բացառում, որ օրենսդիրն իր քաղաքական կամքի դրսևորման արդյունքում կարող է նաև նախապատվությունը տալ այլ ընտրակարգի,

բ) օրենսդրին է վերապահված նաև ընտրական հարաբերություններում որոշում կայացնելու համար ընտրակարգի բնույթից ելնելով ձայների տարբեր հարաբերակցություն սահմանելու հայեցողությունը, որը բխում է նաև ՀՀ Սահմանադրության 181-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրաիրավական բովանդակությունից: Քննության առարկա գործով ձայների «բացարձակ մեծամասնություն» եզրույթը սույն որոշման 9-րդ կետում Սահմանադրական դատարանի կողմից ներկայացված բովանդակությանը համապատասխան ընկալվելու ու կիրառվելու դեպքում սահմանադրականության խնդիր չի կարող հարուցել,

գ) ցանկացած ընտրակարգին նախապատվություն տալու հայեցողական ազատության պարագայում պետք է երաշխավորվի համաչափությունն ընտրված միջոցի և հետապնդվող նպատակի միջև, ինչի բացակայության վերաբերյալ դիմողները հիմնավոր փաստարկներ չեն ներկայացրել,

դ) Սահմանադրությունն օրենսդրին է վերապահել նաև ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների տարբեր ընթացակարգեր սահմանելու հայեցողությունը և դրանցից մեկի կամ մյուսի ենթադրյալ «առավելությունների» կամ «թերությունների» վկայակոչումը կամ դրանց բացարձակ համադրելիության վերաբերյալ փաստարկները չեն կարող դիտարկվել որպես ՀՀ ընտրական օրենսգրքի նորմերի սահմանադրականությանը վերաբերելի խնդիր:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 1-ին կետով, 101-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 68-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 141-րդ հոդվածի 5-րդ մասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

7 մարտի 2017 թվականի

ՍԴՈ-1356

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
07.03.2017
N ՍԴՈ-1356
Որոշում