ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Հայաստանի Հանրապետության ԵԷԴ/0033/15/09
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
Գործ թիվ ԵԷԴ/0033/15/09
Նախագահող դատավոր` Ս. Համբարձումյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Դ. Ավետիսյանի
մասնակցությամբ դատավորներ Ա. Պողոսյանի
Հ. Ասատրյանի
Ս. Ավետիսյանի
Ե. Դանիելյանի
Ս. Օհանյանի
քարտուղարությամբ Մ. Ավագյանի
մասնակցությամբ պաշտպան Մ. Զիլֆուղարյանի
2013 թվականի ապրիլի 18-ին ք. Երևանում
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2012 թվականի հոկտեմբերի 12-ի որոշման դեմ դատախազ Ա.Մուրադյանի վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
1. Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի քաղաքային դատարանի 2004 թվականի նոյեմբերի 23-ի դատավճռով Գարեգին Հենրիկի Հովսեփյանը մեղավոր է ճանաչվել ՌԴ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասով, 222-րդ հոդվածի 2-րդ մասով: ՌԴ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասով Գ.Հովսեփյանը դատապարտվել է ազատազրկման 10 տարի ժամկետով և տուգանքի 10.000 ՌԴ ռուբլու չափով` ավազակային հարձակման յուրաքանչյուր դրվագի համար, իսկ 222-րդ հոդվածի 2-րդ մասով` ազատազրկման 3 տարի ժամկետով: ՌԴ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառմամբ` Գ.Հովսեփյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 12 տարի ժամկետով և տուգանք 10.000 ՌԴ ռուբլու չափով:
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարությունների երկկողմ համաձայնության հիման վրա դատապարտյալ Գ.Հովսեփյանը հետագա պատիժը կրելու համար հանձնվել է Հայաստանի Հանրապետությանը:
2. 2009 թվականի օգոստոսի 21-ին ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության պետը միջնորդություն է ներկայացրել Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան)` խնդրելով ՌԴ Մոսկվայի քաղաքային դատարանի 2004 թվականի նոյեմբերի 23-ի դատավճիռը համապատասխանեցնել ՀՀ օրենսդրությանը:
Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի սեպտեմբերի 10-ի որոշմամբ միջնորդությունը բավարարվել է: Գ.Հովսեփյանի վերաբերյալ ՌԴ Մոսկվայի քաղաքային դատարանի 2004 թվականի նոյեմբերի 23-ի դատավճռով ՌԴ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասով արարքը համապատասխանեցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերին, իսկ ՌԴ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 2-րդ մասով արարքը համապատասխանեցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասին: Գ.Հովսեփյանի նկատմամբ նշանակված պատիժը թողնվել է անփոփոխ:
3. Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի սեպտեմբերի 10-ի որոշման դեմ 2012 թվականի օգոստոսի 6-ին վերաքննիչ բողոք են բերել դատապարտյալ Գ.Հովսեփյանը և նրա պաշտպան Մ.Զիլֆուղարյանը:
Վերաքննիչ դատարանի 2012 թվականի օգոստոսի 9-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը թողնվել է առանց քննության` ժամկետանց լինելու պատճառաբանությամբ:
Նույն անձինք 2012 թվականի օգոստոսի 15-ին միջնորդություն են ներկայացրել Առաջին ատյանի դատարան` խնդրելով նույն դատարանի 2009 թվականի սեպտեմբերի 10-ի որոշման բողոքարկման բաց թողնված ժամկետը համարել հարգելի:
Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի սեպտեմբերի 5-ի որոշմամբ միջնորդությունը բավարարվել է, նույն դատարանի 2009 թվականի սեպտեմբերի 10-ի որոշման բողոքարկման բաց թողնված ժամկետը համարվել է հարգելի և վերականգնվել է:
4. Դատապարտյալ Գ.Հովսեփյանի և նրա պաշտպան Մ.Զիլֆուղարյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2012 թվականի հոկտեմբերի 12-ին որոշում է կայացրել բողոքը բավարարելու, Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի սեպտեմբերի 10-ի որոշումը բեկանելու մասին: Գ.Հովսեփյանի վերաբերյալ ՌԴ Մոսկվայի քաղաքային դատարանի 2004 թվականի նոյեմբերի 23-ի դատավճիռը համապատասխանեցվել է ՀՀ քրեական օրենսգրքին.
ա) ՌԴ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը համապատասխանեցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերին և պատիժ է սահմանվել ազատազրկում 8 տարի ժամկետով:
բ) ՌԴ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը համապատասխանեցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասին և պատիժ է սահմանվել ազատազրկում 3 տարի ժամկետով:
գ) ՌԴ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասը համապատասխանեցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասին և, հանցանքների համակցությամբ պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Գ.Հովսեփյանի նկատմամբ վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում 10 տարի ժամկետով:
դ) Գ.Հովսեփյանի պատժի սկիզբը հաշվվել է 2004 թվականի մայիսի 28-ից:
5. Վերաքննիչ դատարանի 2012 թվականի հոկտեմբերի 12-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել դատախազ Ա.Մուրադյանը, որը Վճռաբեկ դատարանի 2013 թվականի փետրվարի 8-ի որոշմամբ վարույթ է ընդունվել:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը
6. Առաջին ատյանի դատարանն իր 2009 թվականի սեպտեմբերի 10-ի որոշման մեջ արձանագրել է. «Դատապարտյալի արարքը որակված` ՌԴ քր. օր-ի 162 հոդվածի 2-րդ մասով /սանկցիան նախատեսում է ազատազրկում` հինգից տասը տարի ժամկետով և տուգանք` մինչև մեկ միլիոն ռուբլու չափով կամ աշխատավարձի չափով կամ այլ եկամուտների պահումով մինչև հինգ տարի ժամկետով/ պետք է համապատասխանեցնել 18.04.2003թ. ՀՀ քր. օր-ի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերին /սանկցիան նախատեսում է ազատազրկում` վեցից տասը տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա/, իսկ ՌԴ քր. օր-ի 222 հոդվածի 2-րդ մասով / սանկցիան նախատեսում է ազատազրկում` երկուսից վեց տարի ժամկետով/ պետք է համապատասխանեցնել 18.04.2003թ. ՀՀ քր. օր-ի 235 հոդվածի 2-րդ մասին /սանկցիան նախատեսում է ազատազրկում` երկուսից վեց տարի ժամկետով/» (տե՛ս նյութեր, թերթ 17):
7. Վերաքննիչ դատարանն իր 2012 թվականի հոկտեմբերի 12-ի որոշումը պատճառաբանել է հետևյալ կերպ. «(...) դատարանը համապատասխանեցման ժամանակ խախտել է Մոսկվայի կոնվենցիայի 12-րդ հոդվածի, ինչպես նաև Ստրասբուրգի Կոնվենցիայի 10-րդ հոդվածի դրույթները` ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով պատիժներ չի սահմանել, իսկ ՌԴ դատավճռով նշանակված պատիժը` 12 տարի ժամկետով ազատազրկումն առանց հիմնավորումների թողել է անփոփոխ, որով թույլ է տվել դատական սխալ` ճիշտ չի կիրառել քրեական օրենքը:
Գարեգին Հենրիկի Հովսեփյանն ավազակային հարձակման համար ՌԴ դատավճռով իրեն վերագրվող արարքները կատարել է 2004թ. մարտի 1-ին և 2004թ. մարտի 16-ին: Այդ հանցագործությունների համար դրանք կատարելու ժամանակ ՀՀ-ում գործող քրեական օրենքով` ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով որպես պատիժ էր նախատեսվում ազատազրկում 4-8 տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված վերոնշյալ պատժաչափը խստացվել է 24.07.2004թ. ուժի մեջ մտած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով, որով որպես պատիժ է նախատեսվել ազատազրկում 6-10 տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
(...)
Առաջին ատյանի դատարանը, Գ.Հովսեփյանի կատարած արարքները համապատասխանեցնելով ՀՀ օրենսդրությանը, վերջինիս նկատմամբ ՌԴ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 2-րդ մասով նշանակված պատժաչափը` ազատազրկում 3 տարի ժամկետով, անփոփոխ թողնելով, չի խախտել Կոնվենցիաներով սահմանված համապատասխան պահանջները, նկատի ունենալով, որ ՀՀ օրենսդրությամբ տվյալ արարքի համար /ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մաս/ ազատազրկման առավելագույն ժամկետը կազմում է 6 տարի, որն ավելի պակաս չէ, քան նշանակվել է ՌԴ-ում կայացված դատավճռով:
Սակայն, առաջին ատյանի դատարանն անտեսել է ինչպես Մոսկվայի Կոնվենցիայի 12-րդ հոդվածի, այնպես էլ Ստրասբուրգի Կոնվենցիայի 10-րդ հոդվածի դրույթները Գ.Հովսեփյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով սահմանված պատիժն անփոփոխ թողնելիս և հաշվի չի առել այն հանգամանքը, որ տվյալ հանցանքը կատարելու ժամանակ ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված ազատազրկման առավելագույն ժամկետը եղել է ութ տարի, որն ավելի պակաս է, քան ՌԴ դատավճռով Գ.Հովսեփյանի նկատմամբ նշանակված տասը տարի ժամկետով ազատազրկումը:
Վերաքննիչ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում Գ.Հովսեփյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի [2-րդ մասի] 1-ին և 4-րդ կետերով պետք է սահմանել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված պատժի առավելագույն չափը` ազատազրկում ութ տարի ժամկետով:
Միևնույն ժամանակ, Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով Գ.Հովսեփյանին վերագրվող հանցանքների համակցության մեջ մտնող ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով սահմանված պատժի մեղմացումը, հանգում է այն հետևության, որ անհրաժեշտ է մեղմացնել նաև հանցանքների համակցությամբ նշանակված պատիժները մասնակի գումարելու միջոցով որոշվող վերջնական պատժաչափը» (տե՛ս նյութեր, թերթ 129-138):
3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
8. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը նշանակված պատժի մասով անհիմն է և անօրինական, դրա արդյունքում խախտվել են միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները:
Ըստ բողոքաբերի` Վերաքննիչ դատարանը, դատապարտյալ Գ.Հովսեփյանի նկատմամբ 10 տարի ժամկետով ազատազրկում նշանակելով, խախտել է «Դատապարտյալների փոխանցման մասին» Ստրասբուրգի կոնվենցիայի 10-րդ հոդվածի պահանջը, համաձայն որի` համապատասխանեցնելու մասին դատական ակտ կայացնելիս դատարանը պարտավոր է ղեկավարվել դատավճռով նշանակված պատժամիջոցի իրավական բնույթով և տևողությամբ:
9. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոքի հեղինակը խնդրել է պատժի մասով բեկանել Վերաքննիչ դատարանի 2012 թվականի հոկտեմբերի 12-ի որոշումը և Գ.Հովսեփյանի նկատմամբ Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի սեպտեմբերի 10-ի որոշմամբ նշանակված պատիժը թողնել անփոփոխ:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
10. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակն օրենքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական գործառույթի իրացումն է: Այս առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պատժի կատարման (հետագա կրման) նպատակով Հայաստանի Հանրապետությանը հանձնված անձի նկատմամբ օտարերկրյա պետության դատարանի կողմից կայացված դատավճիռը ճանաչելու և ՀՀ օրենսդրությանը համապատասխանեցնելու վերաբերյալ որոշում կայացնելիս դատարանի իրավազորության սահմանների կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: ՈՒստի, անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:
11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք ՌԴ Մոսկվայի քաղաքային դատարանի կողմից Գ.Հովսեփյանի նկատմամբ ավազակային հարձակման համար նշանակված պատիժը հանցանքը կատարելու պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիային համապատասխանեցնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը:
i
12. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 499.8-րդ հոդվածի համաձայն`
«1. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում օտարերկրյա պետությունների դատարանների դատավճիռները ենթակա են ճանաչման Հայաստանի Հանրապետությունում:
2. Օտարերկրյա պետությունների դատարանների դատավճիռների` Հայաստանի Հանրապետությունում ճանաչելու հիմքերը, ճանաչման ենթակա դատավճիռների (որոշումների) տեսակները սահմանվում են տվյալ պետության հետ կնքված կամ նրա մասնակցությամբ գործող Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով:
(...)»:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև պատժի կատարման (հետագա կրման) նպատակով դատապարտյալների փոխանցման վերաբերյալ երկկողմ իրավահարաբերությունները կարգավորվում են 1983 թվականի մարտի 21-ին Ստրասբուրգում կնքված «Դատապարտյալների փոխանցման մասին» կոնվենցիայով (այսուհետ` Ստրասբուրգի կոնվենցիա) և 1998 թվականի մարտի 6-ին Մոսկվայում կնքված «Պատժի հետագա կրման համար ազատազրկման դատապարտվածներին փոխանցելու մասին» կոնվենցիայով (այսուհետ` Մոսկվայի կոնվենցիա):
Ստրասբուրգի կոնվենցիայի 2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Մի կողմի տարածքում դատապարտված անձը, սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան, կարող է փոխանցվել մեկ այլ Կողմի` պատիժը կրելու համար: (...)»:
Նույն կոնվենցիայի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Կատարող պետության իրավասու մարմինները պետք է.
ա) շարունակեն դատավճռի կատարումն անմիջապես կամ դատական կամ վարչական որոշման հիման վրա` 10 հոդվածում սահմանված պայմաններով.
(...)»:
Ստրասբուրգի կոնվենցիայի 10-րդ հոդվածի համաձայն`
«1. Կատարումը շարունակելու դեպքում Կատարող պետությունը պարտավոր է ղեկավարվել Դատապարտող պետության կողմից կայացված դատավճռի պատժամիջոցի իրավական բնույթով և տևողությամբ:
2. Եթե պատժամիջոցի բնույթը և տևողությունը չեն համապատասխանում Կատարող պետության օրենսդրությանը, կամ եթե այդ է պահանջում վերջինիս օրենսդրությունը, ապա Կատարող պետությունը կարող է պատժամիջոցը դատական կամ վարչական որոշմամբ հարմարեցնել (համապատասխանեցնել) իր օրենսդրությամբ նման բնույթի հանցագործությունների համար նախատեսված պատժին կամ այլ պատժամիջոցների:
Պատժի կամ պատժամիջոցի բնույթը հնարավորության դեպքում պետք է համապատասխանեն կատարման ենթակա դատավճռով սահմանված պատժի կամ պատժամիջոցի բնույթին: Այն իր բնույթով և պատժի ժամկետով չի կարող խստացնել Դատապարտող պետության կողմից նշանակված պատժամիջոցը և ոչ էլ գերազանցել Կատարող պետության օրենսդրությամբ նախատեսված պատժի առավելագույն ժամկետը»:
Մոսկվայի կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն` «Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի քաղաքացիները, ինչպես նաև նրա տարածքում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք ազատազրկման են դատապարտվել մյուս Պայմանավորվող կողմում, սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան պատիժը կրելու համար կարող են փոխանցվել այն Պայմանավորվող կողմին, որի քաղաքացիներն են նրանք հանդիսանում կամ որի տարածքում մշտապես բնակվում են (եթե քաղաքացիություն չունեցող անձ են հանդիսանում)»:
Նույն կոնվենցիայի 12-րդ հոդվածի համաձայն` «Վճռի կատարման պետությունը ապահովում է պատժի կրման շարունակությունն իր օրենսդրությանը համապատասխան` չվատթարացնելով դատապարտյալի վիճակը (...):
Դատապարտյալը նշանակված պատիժը կրում է վճռի կայացման պետության դատարանի վճռի հիման վրա (...): Վճռի կատարման պետության դատարանը, ելնելով կայացված վճռից, որոշում է ընդունում դրա կատարման մասին` համաձայն իր պետության օրենքի սահմանելով ազատազրկման այնպիսի ժամկետ, ինչպիսին նշանակվել է վճռով:
Եթե վճռի կատարման պետության օրենսդրությամբ տվյալ արարքի համար ազատազրկման առավելագույն պատժաչափը պակաս է, քան նշանակվել է վճռով, ապա դատարանը սահմանում է ազատազրկման առավելագույն պատժաչափը, որը նախատեսված է այդ պետության օրենսդրությամբ»:
13. «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» 1969 թվականի մայիսի 23-ի Վիեննայի կոնվենցիայի 31-րդ հոդվածի համաձայն` միջազգային պայմանագիրը պետք է բարեխղճորեն մեկնաբանվի պայմանագրի հասկացությունների և դրանց համատեքստում ունեցած սովորական նշանակությանը համապատասխան, ինչպես նաև պայմանագրի առարկայի և նպատակի լույսի ներքո:
Սույն որոշման նախորդ կետում շարադրված կոնվենցիոն դրույթները բարեխղճորեն մեկնաբանելով դրանց առարկայի և նպատակի լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ինչպես Ստրասբուրգի կոնվենցիան, այնպես էլ Մոսկվայի կոնվենցիան, նախատեսելով պայմանագրի կողմ հանդիսացող պետության տարածքում դատապարտված անձին պատժի կատարման (հետագա կրման) նպատակով կողմ հանդիսացող մեկ այլ պետությանը փոխանցելու հնարավորություն, սահմանում են նաև դատավճռի կատարումն ապահովելու նպատակով անհրաժեշտ դատավարական գործողությունների իրականացման (տվյալ դեպքում` դատավճիռը Կատարող պետության օրենսդրությանը համապատասխանեցնելու) ընթացքում իրավասու մարմինների իրավազորության սահմանները, այդ թվում` դատավճռով նշանակված պատիժը փոխելու առումով:
Այսպես, քննարկվող երկու միջազգային պայմանագրերն էլ Կատարող պետությանը պարտավորեցնում են պատժի կատարումն ապահովելիս ղեկավարվել Դատապարտող պետության կողմից կայացված դատավճռի պատժամիջոցի իրավական բնույթով ու տևողությամբ, ինչպես նաև իրավասություն են վերապահում փոփոխության ենթարկել դատավճռով նշանակված պատժի ժամկետը միայն այն դեպքում, երբ Կատարող պետության ներպետական օրենսդրությամբ նույն արարքի համար նախատեսված առավելագույն պատժաչափն ավելի մեղմ է, քան Դատապարտող պետության դատարանի կողմից նշանակված պատժաչափը: Այս դեպքում համապատասխանեցում կատարող մարմինը սահմանում է ներպետական օրենսդրությամբ նույն արարքի համար նախատեսված առավելագույն պատժաչափը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ շարադրված կոնվենցիոն դրույթները չեն կարող մեկնաբանվել այնպես, որ դատավճռի համապատասխանեցման հարցի անհրաժեշտությունը քննելիս Կատարող պետության իրավասու մարմինները ղեկավարվեն հանցավորի կողմից արարքի փաստացի կատարման ժամանակ գործող օրենսդրությամբ: Ինչպես Ստրասբուրգի, այնպես էլ Մոսկվայի կոնվենցիաները նման իրավական պահանջ չեն բովանդակում և խոսքն այստեղ գնում է դատապարտյալի փոխանցման պահին Կատարող պետության տարածքում գործող օրենսդրության մասին:
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ստրասբուրգի կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ մասը հնարավորություն է տալիս դատավճռով նշանակված պատժամիջոցի բնույթի և տևողության համապատասխանեցում (փոփոխություն) կատարել նաև այն դեպքում, եթե այդ է պահանջում Կատարող պետության օրենսդրությունը: ՈՒստի Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն որոշման շրջանակներում վերլուծության ենթարկել ժամանակի ընթացքում և տարածության մեջ քրեական օրենքի գործողության կանոնները սահմանող ՀՀ քրեաիրավական նորմերը` պարզելու համար, թե արդյոք ՀՀ ներպետական օրենսդրությունը պարտավորեցնում է իրավասու մարմիններին համապատասխանեցման հարցի քննության ժամանակ ղեկավարվել հանցանքի կատարման պահին գործող օրենսդրությամբ:
14. Այսպես, ՀՀ քրեական օրենսգրքի 12-րդ հոդվածի համաձայն`
«1. Արարքի հանցավորությունը և պատժելիությունը որոշվում են դա կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով:
2. Հանցանքը կատարելու ժամանակ է համարվում հանրության համար վտանգավոր գործողությունը (անգործությունը) իրականացնելու ժամանակը` անկախ հետևանքները վրա հասնելու պահից»:
i
ՀՀ քրեական օրենսգրքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների տարածքում անձի կողմից հանցանք կատարելու դեպքում նրա պատասխանատվությունը վրա է հասնում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով, եթե անձը քրեական պատասխանատվության է կանչվել Հայաստանի Հանրապետության տարածքում, և եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ»:
i
ՀՀ քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հանցանք կատարած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձինք ենթակա են քրեական պատասխանատվության Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով, եթե նրանց կատարած արարքը ճանաչված է հանցագործություն դրա կատարման վայրի պետության օրենսդրությամբ, և եթե նրանք չեն դատապարտվել այլ պետությունում: Նշված անձանց դատապարտելիս պատիժը չի կարող գերազանցել օտարերկրյա այն պետության օրենքով նախատեսված պատժի վերին սահմանը, որի տարածքում կատարվել է հանցանքը»:
Ինչպես հետևում է ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության կանոնները սահմանող մեջբերված քրեաիրավական նորմի վերլուծությունից` արարքի հանցավորությունը և պատժելիությունը որոշվում են դա կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով, հետևաբար արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենքը չի կարող կիրառվել այն հանցագործությունների նկատմամբ, որոնք կատարվել են մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը: Ընդ որում, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում շեշտել, որ ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության վերոգրյալ մեխանիզմը գործում է բացառապես արարքի հանցավորությունը և պատժելիությունը որոշելու ժամանակ, այլ խոսքով` դատարանը պետք է ղեկավարվի արարքի կատարման պահին գործող քրեական օրենքով հանցավորի նկատմամբ քրեական պատասխանատվության հարցը լուծելիս: Միջազգային իրավունքի աղբյուրներում համընդհանուր ճանաչում ստացած` չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով (nullum crimen, nulla poena sine lege) սկզբունքին Վճռաբեկ դատարանը, ի թիվս այլոց, անդրադարձել է Գ.Պողոսյանի գործով որոշման մեջ (տե՛ս Գասպար Պողոսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ1/0013/01/11 որոշման 13-17-րդ կետերը):
Միևնույն ժամանակ, տարածության մեջ քրեական օրենքի գործողության կանոնները սահմանող շարադրված նորմերից բխում է, որ օտարերկրյա պետության տարածքում հանցանք կատարած անձանց, այդ թվում` ՀՀ քաղաքացիները (Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձինք) ենթակա են պատասխանատվության ՀՀ քրեական օրենսգրքով, եթե նրանք քրեական պատասխանատվության են կանչվել Հայաստանի Հանրապետության տարածքում (չեն դատապարտվել այլ պետությունում): Այս դեպքում քրեական պատասխանատվության հարցը լուծելիս հաշվի է առնվում նաև այն պետության օրենսդրությունը, որի տարածքում կատարվել է հանցավոր ոտնձգությունը և նման անձանց նկատմամբ չի կարող նշանակվել տվյալ օտարերկրյա պետության օրենքով նախատեսված պատժի վերին սահմանը գերազանցող պատիժ:
Մեջբերված դրույթների համադրված վերլուծությունից ակնհայտ է, որ օրենսդիրն արարքի հանցավորությունը և պատժելիությունը պայմանավորում է այն պետության օրենսդրությամբ, որի տարածքում կատարվել է ոտնձգությունը, իսկ ՀՀ քրեական օրենքի գործողությունը, այդ թվում` հանցանքի կատարման պահին գործող օրենքով ղեկավարվելու պահանջը, տարածում է միայն այն անձանց նկատմամբ, որոնց քրեական պատասխանատվության հարցը լուծվում է Հայաստանի Հանրապետության տարածքում: Պատժի կատարման (հետագա կրման) նպատակով հանձնված անձի նկատմամբ օտարերկրյա պետության դատարանի դատավճիռը ճանաչելու և համապատասխանեցնելու նպատակով իրականացվող դատավարական գործողությունները որևէ կերպ չեն կարող նույնացվել անձին քրեական պատասխանատվության ենթարկելու գործընթացի հետ, հետևաբար Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ ներպետական օրենսդրությունը չի պարտավորեցնում իրավասու մարմիններին համապատասխանեցում կատարելիս ղեկավարվել հանցանքի կատարման պահին գործող քրեական օրենքով:
15. Համադրելով միջազգային պայմանագրերի և ՀՀ ներպետական օրենսդրության վերոգրյալ կարգավորումները և հիմք ընդունելով սույն որոշման 13-րդ և 14-րդ կետերում շարադրված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ինչպես Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև պատժի կատարման (հետագա կրման) նպատակով դատապարտյալների փոխանցման վերաբերյալ երկկողմ իրավահարաբերությունները կարգավորող կոնվենցիաները, այնպես էլ ՀՀ ներպետական օրենսդրությունը չեն բովանդակում իրավական պահանջ առ այն, որ կատարումն ապահովելու նպատակով անհրաժեշտ դատավարական գործողությունների իրականացման ընթացքում իրավասու մարմինները (դատարանները) պետք է ղեկավարվեն հանցանքը կատարելու պահին գործող քրեական օրենքով:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ հանցանքը կատարելու պահին գործող օրենքով ղեկավարվելու պահանջը կիրառելի է բացառապես քրեական հետապնդման հարցը լուծելիս, իսկ պատժի կատարման պայմաններն ապահովելու նպատակով իրականացվող համապատասխանեցման ընթացքում դատարանն իրավասու չէ կիրառել այն, քանզի նշված պահանջի հիման վրա օտարերկրյա պետության դատարանի կողմից նշանակված պատիժը փոփոխելու արդյունքում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պատժի կատարման (հետագա կրման) նպատակով Հայաստանի Հանրապետությանը հանձնված անձի նկատմամբ օտարերկրյա պետության դատարանի կողմից կայացված դատավճիռը ճանաչելու և ՀՀ օրենսդրությանը համապատասխանեցնելու վերաբերյալ որոշում կայացնելիս դատարանի իրավազորությունը սահմանափակված է փոխանցման պահին գործող քրեական օրենքով: Այլ խոսքով` պատժի պայմանները կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետությանը հանձնված անձի նկատմամբ օտարերկրյա պետության դատարանի կողմից կայացված դատավճիռը, այդ թվում` նշանակված պատժի մասով, պետք է համապատասխանեցվի դատապարտյալի փոխանցման պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան դրույթներին:
16. Անդրադառնալով սույն գործի փաստական հանգամանքներին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՌԴ Մոսկվայի քաղաքային դատարանի 2004 թվականի նոյեմբերի 23-ի դատավճռով Գ.Հովսեփյանը մեղավոր է ճանաչվել ՌԴ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասով, 222-րդ հոդվածի 2-րդ մասով, հանցանքների համակցությամբ նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 12 տարի ժամկետով և տուգանք 10.000 ՌԴ ռուբլու չափով:
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարությունների երկկողմ համաձայնության հիման վրա դատապարտյալ Գ.Հովսեփյանը հետագա պատիժը կրելու համար հանձնվել է Հայաստանի Հանրապետությանը (տե՛ս սույն որոշման 1-ին կետը):
Առաջին ատյանի դատարանը 2009 թվականի սեպտեմբերի 10-ին որոշում է կայացրել Գ.Հովսեփյանի վերաբերյալ ՌԴ Մոսկվայի քաղաքային դատարանի 2004 թվականի նոյեմբերի 23-ի դատավճիռը ՀՀ գործող օրենսդրությանը համապատասխանեցնելու մասին: ՌԴ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը համապատասխանեցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերին, ՌԴ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասին, իսկ Գ.Հովսեփյանի նկատմամբ նշանակված պատիժը թողնվել է անփոփոխ (տե՛ս սույն որոշման 2-րդ և 5-րդ կետերը):
Մինչդեռ Վերաքննիչ դատարանը 2012 թվականի հոկտեմբերի 12-ին որոշում է կայացրել Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելու և փոփոխելու մասին: ՌԴ Մոսկվայի քաղաքային դատարանի 2004 թվականի նոյեմբերի 23-ի դատավճիռը ՀՀ օրենսդրությանը համապատասխանեցնելու արդյունքում Վերաքննիչ դատարանը Գ.Հովսեփյանի նկատմամբ նշանակված պատիժը մեղմացման առումով փոփոխել է, և հանցանքների համակցությամբ նրա նկատմամբ վերջնական պատիժ է սահմանել ազատազրկում` 10 տարի ժամկետով:
Վերաքննիչ դատարանն իր դատական ակտը պատճառաբանել է նրանով, որ Առաջին ատյանի դատարանը, Գ.Հովսեփյանի նկատմամբ ավազակային հարձակման համար սահմանված պատիժը թողնելով անփոփոխ, հաշվի չի առել, որ տվյալ հանցանքը կատարելու ժամանակ ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված ազատազրկման առավելագույն ժամկետը եղել է 8 տարի, որն իր տևողությամբ ավելի պակաս է, քան ՌԴ դատավճռով Գ.Հովսեփյանի նկատմամբ նույն արարքի համար սահմանված պատիժը` 10 տարի ժամկետով ազատազրկումը (տե՛ս սույն որոշման 3-րդ և 6-րդ կետերը):
17. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13-15-րդ կետերում շարադրված իրավական վերլուծության լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, սխալ մեկնաբանելով ժամանակի և տարածության մեջ քրեական օրենքի գործողության կանոնները սահմանող քրեաիրավական նորմերը, ինչպես նաև անտեսելով Ստրասբուրգի կոնվենցիայի 10-րդ և Մոսկվայի կոնվենցիայի 12-րդ հոդվածների պահանջները, գտել է, որ պատժի կատարման պայմաններն ապահովելու նպատակով օտարերկրյա պետության դատավճռի համապատասխանեցման հարցի քննության ժամանակ պետք է ղեկավարվել հանցանքի կատարման պահին գործող քրեական օրենքով: Արդյունքում, Վերաքննիչ դատարանը ՌԴ Մոսկվայի քաղաքային դատարանի դատավճռով Գ.Հովսեփյանի նկատմամբ ավազակային հարձակման համար նշանակված պատիժը համապատասխանեցրել է Ռուսաստանի Դաշնության տարածքում տվյալ հանցանքի կատարման պահին Հայաստանի Հանրապետության տարածքում գործող համապատասխան քրեաիրավական նորմի սանկցիային և մեղմացման առումով փոփոխել է այն:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՌԴ Մոսկվայի քաղաքային դատարանի կողմից Գ.Հովսեփյանի նկատմամբ ավազակային հարձակման համար նշանակված պատիժը հանցանքը կատարելու պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիային համապատասխանեցնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումն իրավաչափ չէ, դրա արդյունքում խախտվել են դատապարտյալ Գ.Հովսեփյանի հանձնման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները:
18. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված` քրեական օրենքի և միջազգային պայմանագրերի սխալ մեկնաբանում, որը չի համապատասխանում դրա իսկական իմաստին: Հետևաբար, նշված հանգամանքը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի հիման վրա հիմք է Վերաքննիչ դատարանի 2012 թվականի հոկտեմբերի 12-ի որոշումը բեկանելու և Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի սեպտեմբերի 10-ի որոշմանն օրինական ուժ տալու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դատապարտյալ Գարեգին Հենրիկի Հովսեփյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012 թվականի հոկտեմբերի 12-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի սեպտեմբերի 10-ի որոշմանը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Դ. Ավետիսյան
Դատավորներ` Ա. Պողոսյան
Հ. Ասատրյան
Ս. Ավետիսյան
Ե. Դանիելյան
Ս. Օհանյան