Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 7-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 7-ՐԴ, 17-ՐԴ ԵՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                                    ՎԲ-01/09

վերաքննիչ քրեական դատարանի

15-617/08 որոշում

Նախագահող դատավոր` Գ. Մելիք-Սարգսյան

Դատավորներ` Մ. Պետրոսյան

Մ. Ռեհանյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ա. Մկրտումյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Դ. Ավետիսյանի

                                              Հ. Ասատրյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

                   դատախազ                    Գ. Երեմյան

                   պաշտպաններ                 Ռ. Ռշտունի

                                              Ա. Զաքարյան

 

ք. Երևանում

 

2009 թվականի փետրվարի 17-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Ալեքսեյ Սարգսի Մկրտչյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2008 թվականի հուլիսի 21-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի բերած վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

i

1. 2002 թ. մարտի 13-ին Երևանի Նորք թաղամասի թիվ 89 տանը բռնկված հրդեհը հանգցնելուց հետո սենյակում հայտնաբերվել է նույն տան բնակիչ Արմինե Ափրոյանի դիակը, որի գլխի հետևի հատվածում հայտնաբերվել է գանգոսկրի կոտրվածք: Այս փաստի առթիվ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատախազի կողմից 2002 թ. մարտի 18-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 100-րդ հոդվածի հատկանիշներով:

2. 2002 թ. մարտի 21-ին քննիչ Ա. Հակոբյանը որոշում է կայացրել դիտավորությամբ սպանություն կատարելու կասկածանքով Ալեքսեյ Մկրտչյանին ձերբակալելու մասին:

2002 թ. մարտի 23-ին Ա. Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 100-րդ հոդվածով:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2002 թ. մարտի 23-ի որոշմամբ բավարարվել է քննիչի միջնորդությունը Ա. Մկրտչյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին:

i

3. 2002 թ. ապրիլի 23-ին որոշում է կայացվել Ա. Մկրտչյանին առաջադրված մեղադրանքը փոփոխելու և նրան ՀՀ քրեական օրենսգրքի 100-րդ հոդվածով և 96-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք առաջադրելու մասին:

Ա. Մկրտչյանը մեղադրվել է այն բանում, որ 2002 թ. մարտի 12-ի լույս 13-ի գիշերը` ժամը 00-ի սահմաններում, ոգելից խմիչք օգտագործած վիճակում գնացել է իր հարևանուհի Արմինե Ափրոյանի տուն, որտեղ վիճաբանության մեջ մտնելով նրա հետ` օղու շշով մեկ անգամ հարվածել է նրա գլխին: Վերջինս հայհոյել է Ա. Մկրտչյանին և փորձել է ձեռքերով հարվածել նրան: Ա. Մկրտչյանը, Ա. Ափրոյանին սպանելու դիտավորությամբ ձախ ձեռքով բռնելով նրա ուսից, մարմինը թեքել, իջեցրել է իր կողմը ու աջ ձեռքում բռնած շշով ուժգին երկրորդ անգամ հարվածել է նրա գլխի հետևի հատվածին: Ստացած հարվածներից Ա. Ափրոյանը ուշակորույս վայր է ընկել` դեմքով դեպի հատակը: Ա. Ափրոյանի սպանության դիտավորությունը մինչև վերջ հասցնելու նպատակով Ա. Մկրտչյանը երկու անգամ փայտի կտորով հարվածել է գետնին ընկած Ա. Ափրոյանի գլխի նույն հատվածին ու սպանել է նրան: Այնուհետև հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով իրենց տնից վերցրած նավթով դիտավորությամբ հրկիզել է տունը և դիակը` տան սեփականատեր Ա. Դուրյանին պատճառելով 735.000 ՀՀ դրամի նյութական վնաս:

4. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատախազը 2002 թ. մայիսի 30-ին հաստատել է քննիչի կողմից կազմված մեղադրական եզրակացությունը, և գործն ուղարկվել է դատարան:

2002 թ. մայիսի 31-ին գործը վարույթ է ընդունվել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում:

i

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2004 թ. հուլիսի 8-ի դատավճռով Ալեքսեյ Մկրտչյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով` 10 տարի ժամկետով ազատազրկման, 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` 3 տարի ժամկետով ազատազրկման: Վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 10 տարի ժամկետով:

5. Պաշտպան Ռ. Ռշտունու վերաքննիչ բողոքի հիման վրա վերանայելով քրեական գործը` վերաքննիչ դատարանը 2005 թ. մարտի 18-ի որոշմամբ գործը վերադարձրել է լրացուցիչ նախաքննության:

i

Վերաքննիչ դատարանը նախաքննության ընթացքում քրեական գործի վարույթ իրականացնող մարմնի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 194-րդ հոդվածի, 195-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների խախտումը դիտել է որպես քրեադատավարական օրենքի էական խախտում, որը հնարավոր չէ վերացնել վերաքննիչ դատարանի դատաքննության ընթացքում:

6. Վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել մեղադրող Գ. Պապոյանը:

ՀՀ վճռաբեկ դատարանը 2005 թ. մայիսի 6-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը թողել է առանց բավարարման, իսկ վերաքննիչ դատարանի 2005 թ. մայիսի 18-ի որոշումը` անփոփոխ:

7. Լրացուցիչ նախաքննություն կատարելու համար գործն ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատախազին, որը 2005 թ. մայիսի 23-ին գործի նախաքննությունը հանձնարարել է Ա. Բարսեղյանին:

2005 թ. հունիսի 8-ին քրեական գործը վարույթ է ընդունել ՀՀ գլխավոր դատախազին առընթեր ՀԿԳ քննիչ Հ. Ղարախանյանը և կատարել նախաքննություն:

2005 թ. սեպտեմբերի 26-ին կազմվել է մեղադրական եզրակացություն, որում մասնավորապես նշվել է, որ լրացուցիչ նախաքննությամբ հերքվել են Ա. Մկրտչյանի նկատմամբ ոստիկանության աշխատակիցների կողմից բռնություն գործադրելու և խոստովանական ցուցմունքներ կորզելու փաստերը:

8. 2005 թ. սեպտեմբերի 26-ին գործն ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան: 2005 թ. հոկտեմբերի 3-ին գործն ընդունվել է վարույթ:

i

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2007 թ. հոկտեմբերի 24-ի դատավճռով Ալեքսեյ Մկրտչյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել ազատազրկման` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով` 8 տարի ժամկետով, 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով` 1 տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի կարգով վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 8 տարի 7 ամիս ժամկետով:

9. Դատավճռի դեմ բերված վերաքննիչ բողոքով մեղադրողը խնդրել է Ա. Մկրտչյանի նկատմամբ սահմանել ազատազրկման ձևով ավելի խիստ պատիժ, իսկ պաշտպան Ա. Զաքարյանը խնդրել է կայացնել արդարացման դատավճիռ:

Վերաքննիչ դատարանը 2008 թ. փետրվարի 1-ին որոշում է կայացրել Ա. Մկրտչյանի խափանման միջոց կալանքը վերացնելու և նրան կալանքից ազատ արձակելու վերաբերյալ` նկատի ունենալով, որ նա դատապարտվել է ազատազրկման 8 տարի 7 ամիս ժամկետով, սակայն նախնական կալանքի տակ է գտնվում 5 տարի 10 ամիս 8 օր, իսկ 2003 թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի պահանջի համաձայն` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ պահելու ժամկետը հաշվակցվում է ազատազրկման ձևով նշանակված պատժին` մեկ օրը մեկուկես օրվա դիմաց, որպիսի հաշվակցման արդյունքում Ա. Մկրտչյանը ենթակա է կալանքից ազատ արձակման:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2008 թվականի հուլիսի 21-ի որոշմամբ Ալեքսեյ Մկրտչյանի վերաբերյալ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2007 թվականի հոկտեմբերի 24-ի դատավճիռն ամբողջությամբ բեկանվել է: Վերաքննիչ դատարանը որոշել է Ալեքսեյ Մկրտչյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի առաջին մասով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով քրեական հետապնդումը դադարեցնել, գործի վարույթը կարճել և նրան արդարացնել կատարված հանցագործությանը նրա մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառով:

10. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2008 թվականի հուլիսի 21-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազը բերել է վճռաբեկ բողոք:

i

Վճռաբեկ դատարանը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի հիման վրա, 2008 թվականի դեկտեմբերի 16-ի որոշմամբ բողոքն ընդունել է վարույթ:

Պաշտպաններ Ռ. Ռշտունու և Ա. Զաքարյանի կողմից ներկայացվել է վճռաբեկ բողոքի պատասխան, որտեղ արտահայտելով իրենց դիրքորոշումը գործով կայացված դատական ակտերի և բերված բողոքի վերաբերյալ` խնդրել են ՀՀ գլխավոր դատախազի բերած վճռաբեկ բողոքը մերժել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

11. Քրեական գործ հարուցելու մասին 2002 թ. մարտի 18-ի որոշմամբ (տե՛ս վերը` կետ 1) նախաքննության կատարումը հանձնարարվել է քննիչ Ա. Հակոբյանին: Դատախազը նույն օրը նաև որոշում է կայացրել նախաքննությունը քննչական խմբի կողմից կատարելու մասին և որոշել է խմբի կազմում ընդգրկել դատախազության քննիչ Ա. Հակոբյանին և դատախազի օգնական Գ. Գևորգյանին: Խմբի ղեկավար է նշանակվել քննիչ Ա. Հակոբյանը, որին հանձնարարվել է գործն ընդունել իր վարույթ: Քննիչ Ա. Հակոբյանի կողմից քրեական գործը վարույթ ընդունելու մասին որոշումը նյութերում չկա:

12. 2002 թ. մարտի 21-ին որպես կասկածյալ հարցաքննության ժամանակ Ա. Մկրտչյանը խոստովանական ցուցմունք է տվել այն մասին, որ դեպքի օրը` ժամը 11-12-ի կողմը, գնացել է Արմինեի տուն, նրա հետ վիճաբանել է իր տուն մարմնավաճառ աղջիկներ բերելու կապակցությամբ: Արմինեն վրդովվել է, իր հասցեին արել վիրավորական արտահայտություն, վերցրել է օղու դատարկ շիշը և սպառնացել, որ կհարվածի: Ինքը խլել է շիշը և հարվածել Արմինեի գլխին, որից վերջինս ուշագնաց ընկել է գետնին: Տեսնելով, որ նա չի շարժվում, ինքը մեկ անգամ էլ նրա գլխին հարվածել է փայտով: Մտածելով, որ Արմինեն մահացել է, ինքը գնացել է Ավան, զանգել է մորը և կատարվածի մասին պատմել նրան: Հետքերը թաքցնելու նպատակով մոր հետ որոշել են տունը և դիակը այրել: Իրենց տնից վերցրել են նավթ, եկել են Արմինեի տուն, ինքը սպասել է ներքևում, իսկ մայրը բարձրացել է վերև, որոշ ժամանակ անց իջել է, և իրենք գնացել են Ավան-Առինջում գտնվող իրենց տուն:

Այս ցուցմունքը տեսաձայնագրվել է տեսախցիկով:

2002 թ. մարտի 22-ին նշված հանգամանքները Ա. Մկրտչյանը պնդել է քննչական փորձարարություն կատարելու ժամանակ:

2002 թ. մարտի 23-ին որպես վկա հարցաքննվել է Ա. Մկրտչյանի մայրը` Հայկանուշ Դանիելյանը, որն իր ձեռքով գրած ցուցմունքում հայտնել է, որ իրոք, դեպքի օրը` ժամը 11:30-ի սահմաններում, իր որդին` Ալեքսեյը եկել է իրենց տուն և այլայլված իրեն պատմել, որ վիճել է Արմինեի հետ, շշով հարվածել է նրա գլխին, ապա իրենց տնից նավթ է բերել և վառել դիակն ու տունը:

13. Երբ 2002 թ. մարտի 23-ին Ա. Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել (տես վերը` կետ 2), նա իրեն մեղավոր է ճանաչել և տվել խոստովանական ցուցմունք` նշելով, որ դիակի ու տան հրկիզումը կատարել է անձամբ:

14. Պաշտպան Ա. Քարամյանը միջնորդություն է ներկայացրել Ա. Մկրտչյանի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ` պատճառաբանելով, որ վերջինս իրեն հայտնել է ծեծի և բռնության միջոցով խոստովանական ցուցմունքներ կորզելու մասին: Այդ հարցը պարզելու համար քննիչ Ա. Հակոբյանը 2002 թ. ապրիլի 19-ին նշանակել է դատաբժշկական փորձաքննություն: Ա. Մկրտչյանի դատաբժշկական փորձաքննության թիվ 364/հ եզրակացությամբ պարզվել է, որ նրա մոտ մարմնական վնասվածքների օբյեկտիվ հատկանիշներ չեն հայտնաբերվել:

15. Լրացուցիչ նախաքննությամբ որպես ապացույց է համարվել Ա. Մկրտչյանի` որպես կասկածյալի հարցաքննության և քննչական փորձարարության տեսաձայնագրությունը և տեսաձայնագրային փորձաքննության եզրակացությունը, որով հաստատված է համարվել տեսաձայնագրման իսկությունը: Այդ կապակցությամբ ցուցմունք է վերցվել օպերատոր Էդգար Հարությունյանից: Հարցաքննվել են նաև քննչական փորձարարությանը որպես ընթերակա մասնակցած Աշոտ Շավեշյանը և Սենիկ Փանոսյանը, որոնք նշել են, որ Ալեքսեյ Մկրտչյանը հանցանքը խոստովանել է կամովին, և նրա վրա բռնության հետքեր չեն եղել:

Գրություն է ստացվել ՀՀ ոստիկանության կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքից այն մասին, որ 2002 թ. մարտ ամսին քրեական հետախուզության աշխատակիցների մեջ Արման Հակոբյան, Սաքո, Սուրո անունով անձինք չեն աշխատել: Դա հաստատել է նաև որպես վկա հարցաքննված օպեր լիազոր Սարգիս Հայրապետյանը` նշելով նաև, որ ինքը նշված քրեական գործի հետ առնչություն չի ունեցել:

16. Ալեքսեյ Մկրտչյանի վերաբերյալ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2007 թվականի հոկտեմբերի 24-ի դատավճռով հաստատված է համարվել հետևյալը.

Տուժող Արմինե Ափրոյանը, չունենալով բնակության վայր, իր նախկին հարևանուհի Արմիդա Դուրյանի թույլտվությամբ, առանց վարձավճարի բնակվել է նրա ամուսնու սեփականությունը համարվող` Երևան քաղաքի Նորքի թիվ 89 տան երկրորդ հարկում: Արմինե Ափրոյանին հաճախակի այցելել են տարբեր մարդիկ, հիմնականում տղամարդիկ, որը վրդովմունք է առաջացրել հարևանների շրջանում: Այդ կապակցությամբ հարևանները բողոք են ներկայացրել ոստիկանություն, և ոստիկանները Արմինե Ափրոյանին նախազգուշացրել են հարևանների հանգիստը խանգարելու համար:

Արմինե Ափրոյանը հարևաններից առավ մտերիմ է եղել ամբաստանյալ Ալեքսեյ Մկրտչյանի և նրա մոր` Հայկանուշ Դանիելյանի հետ: Ինչպես Արմինե Ափրոյանը, այնպես էլ Ալեքսեյ Մկրտչյանը հաճախ են այցելել միմյանց, օգնել իրար տարբեր կենցաղային հարցերում:

2002 թ. մարտի 12-ին` ժամը 24-ի սահմաններում, Ալեքսեյ Մկրտչյանը ոգելից խմիչք օգտագործած վիճակում գնացել է Արմինե Ափրոյանի տուն, որտեղ նա մենակ է եղել: Միասին սուրճ խմելու և զրուցելու ընթացքում նրանց միջև վիճաբանություն է սկսվել: Արմինե Ափրոյանը հայհոյել է Ալեքսեյ Մկրտչյանին, իսկ վերջինս շշով, այնուհետև վառարանի մոտ դրված փայտի կտորով մի քանի անգամ հարվածել է նրա գլխին: Արմինե Ափրոյանը վայր է ընկել և ստացած վնասվածքների հետևանքով տեղում մահացել: Իր կողմից կատարված հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով Ալեքսեյ Մկրտչյանը իրենց տնից նավթ է բերել և նավթի միջոցով հրկիզել ինչպես Արմինե Ափրոյանի կացարանը, այնպես էլ դրա հատակին ընկած Արմինե Ափրոյանի դիակը` տուժող Ա. Դուրյանին պատճառելով խոշոր չափի` 735.000 ՀՀ դրամի վնաս:

17. 2008 թվականի հուլիսի 21-ի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը գտել է, որ «մեղսագրված արարքում Ալեքսեյ Սարգսի Մկրտչյանի մեղավորությունը հաստատված չէ այն ապացուցված չլինելու պատճառով և սպառված են նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները, հետևապես դատավճիռը պետք է բեկանել ամբողջությամբ, վարույթը կարճել և նրան արդարացնել մեղսագրված հանցագործությանը նրա մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառով»:

 

Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

18. Վճռաբեկ բողոք բերած անձը գտնում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2008 թվականի հուլիսի 21-ի որոշումն անօրինական է, անհիմն և չպատճառաբանված, կայացվել է նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներով: Վերաքննիչ դատարանն անտեսել է Ալեքսեյ Մկրտչյանի մեղավորությունն ապացուցված լինելու հանգամանքը, անտեսել է լրացուցիչ նախաքննության, առաջին ատյանի դատարանի և վերաքննիչ դատարանի դատաքննությունների շրջանակներում ձեռք բերված ու հետազոտված ապացույցները, միակողմանի մոտեցում դրսևորելով` մեղադրանքների հիմքից հանել է թույլատրելի ապացույցներն ու արդարացրել Ալեքսեյ Մկրտչյանին` դրանով իսկ թույլ տալով դատական սխալ և հանդես գալով պաշտպանական կողմում: Վերաքննիչ դատարանի որոշման հիմքում դրվել են գործի տվյալներից չբխող և իրականությանը չհամապատասխանող պատճառաբանություններ և հիմնավորումներ, որոնք հակասում են թե օրենքին և թե սույն գործով Վճռաբեկ դատարանի կայացրած 2005 թ. մայիսի 6-ի որոշմանը: Այսպես, չնայած վերաքննիչ դատարանում դատաքննության առարկա է հանդիսացել լրացուցիչ նախաքննության ընթացքում ձեռք բերած և 2005 թ. սեպտեմբերի 26-ին հաստատված մեղադրական եզրակացությամբ ու 2007 թ. հոկտեմբերի 24-ի դատավճռով մեղադրանքի հիմքում դրված ու հետազոտված ապացույցները, սակայն դրանց փոխարեն արդարացման դատական ակտի հիմքում դրվել և վերլուծվել են սկզբնական նախաքննության արդյունքներով կազմված և 2002 թ. մայիսի 30-ին հաստատված մեղադրական եզրակացությամբ մեղադրանքի հիմքում դրված ապացույցները: Այն դեպքում, երբ դրանք արդեն իսկ Վճռաբեկ դատարանի 2005 թ. մայիսի 6-ի որոշմամբ ճանաչված են եղել անթույլատրելի:

i

Հենվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ և 105-րդ հոդվածների վրա` Վերաքննիչ դատարանն անհիմն հետևություն է արել այն մասին, թե ընթերականեր Ա. Շավեշյանի, Ա. Փանոսյանի և հետաքննության մարմնի աշխատակիցներ Ա. Գրիգորյանի, Ա. Կարապետյանի, Ա. Պողոսյանի և մյուսների ցուցմունքները չեն կարող դրվել մեղադրանքի հիմքում: Մինչդեռ այդ ցուցմունքները թույլատրելի են և պետք է դրվեին մեղադրանքի հիմքում: Վճռաբեկ դատարանի 2005 թ. մայիսի 6-ի որոշմամբ ուղղակի հանձնարարություն է տրվել հարցաքննելու ոստիկանության աշխատակիցներին: Այդ որոշման պահանջները կատարելով` նախաքննության մարմինը և դատարանը պարտավոր էին հարցաքննել նրանց, քանի որ Քրեական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 4-րդ մասը թույլ է տալիս նշված անձանց հարցաքննել որպես վկա և ցուցմունքները դնել մեղադրանքի հիմքում: Ինչ վերաբերում է ընթերակաների և այլ անձանց հարցաքննությանը, ապա դա նույնպես բխում է ինչպես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 4-րդ մասի, այնպես էլ Վճռաբեկ դատարանի հիշյալ որոշման պահանջներից, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի պահանջների կատարման անհրաժեշտությունից: Չեն խախտվել նաև Քրեական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի պահանջները, քանի որ ոստիկանության աշխատակիցները, ընթերակաները և այլ անձինք հարցաքննվել են նշված անհրաժեշտությունից ու պահանջներից ելնելով:

19. Նախաքննության մարմինը և առաջին ատյանի դատարանը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի պահանջների պահպանմամբ կատարելով Վճռաբեկ դատարանի որոշման պահանջները, ստուգման ենթարկելու և օգտագործելու եղանակով ձեռք են բերել հանցագործությունը Ալեքսեյ Մկրտչյանի կողմից կատարված լինելու փաստը հաստատող, ինչպես նաև բռնությամբ նրանից ցուցմունքներ կորզելու պնդումները հերքող նոր, բավարար ապացույցներ, որոնք և դրվել են քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով մեղադրանքների ու դատավճռի հիմքում: Սկզբնական նախաքննության որևէ ապացույց մեղադրանքի հիմքում չի դրվել:

20. Նկատի ունենալով, որ քրեական գործ հարուցելուց մինչև դրա դատաքննությունը կազմված փաստաթղթերը, այդ թվում հարցաքննությունների, քննչական փորձարարության, զննման և այլ արձանագրությունները, փորձագետների եզրակացությունները, ինչպես նաև տեսագրություններն իրենց մեջ պարունակում են ապացուցողական նշանակության փաստական տվյալներ, որոնցով հաստատվում են քրեական գործի համար նշանակություն ունեցող հանգամանքներ, ուստի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 106-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետի պահանջների պահպանմամբ դրանք ճանաչվել են ապացույց հանդիսացող այլ փաստաթղթեր, իրեղեն ապացույցներ և կցվել քրեական գործին:

21. Վերաքննիչ դատարանը ոչնչով չհիմնավորված և միակողմանի հետևություններ է արել, թե հանցագործության կատարմանը Ա. Մկրտչյանի մասնակցությունը չի հաստատվել, և սպառվել են նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները:

i

22. Բողոքի հեղինակը գտնում է, որ վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քրեական օրենսգրքի 6-րդ, 7-րդ, 11-րդ, 48-րդ, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 2-րդ, 7-րդ, 8-րդ, 17-րդ, 25-րդ, 127-րդ, 106-րդ հոդվածներով սահմանված դրույթներն ու սկզբունքները: Նշված խախտումների արդյունքում անհիմն, չպատճառաբանված և ապօրինի որոշման կայացմամբ ոտնահարվել են տուժող, հանգուցյալ Արմինե Ափրոյանի, նրա հարազատների, ինչպես նաև արդարադատության և մարդու իրավունքների պաշտպանության շահերը, առանձնապես ծանր հանցագործություն կատարած անձը խուսափել է քրեական պատասխանատվությունից: Դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական և դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում վերաքննիչ դատարանի կայացրած դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը, խախտում է սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը: Այսինքն առկա են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված պայմանները:

Նշված խախտումներով արդարացման որոշում կայացնելով` վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, այսինքն` նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա:

23. Վերոգրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրում է ամբողջությամբ բեկանել և փոփոխել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2008 թվականի հուլիսի 21-ի դատական ակտը և օրինական ուժ տալ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2007 թվականի հոկտեմբերի 24-ի դատական ակտին:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

24. Բողոքում նշված հիմքերի սահմաններում վերլուծելով գործի նյութերը` Վճռաբեկ դատարանը գտավ, որ վճռաբեկ բողոքը պետք է բավարարել հետևյալ պատճառաբանություններով.

I. Առաջին ատյանի դատարանի կողմից որպես ապացույց չթույլատրվող նյութերն օգտագործելու հարցը.

25. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ քրեական գործով ապացույցներ են ցանկացած փաստական տվյալները, որոնց հիման վրա օրենքով որոշված կարգով հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը, դատարանը պարզում են քրեական օրենքով նախատեսված արարքի առկայությունը կամ բացակայությունը, այդ արարքը կասկածյալի կամ մեղադրյալի կողմից կատարելը կամ չկատարելը և մեղադրյալի մեղավորությունը կամ անմեղությունը, ինչպես նաև գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ: Նույն հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետի համաձայն` քրեական դատավարությունում որպես ապացույցներ թույլատրվում են նաև այլ փաստաթղթերը:

i

Այլ փաստաթղթերին վերաբերող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 122-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ փաստաթուղթ է թղթային, մագնիսական, էլեկտրոնային կամ այլ կրիչի վրա բառային, թվային, գծագրական կամ այլ նշանային ձևով արված ցանկացած գրառում, որով կարող են հաստատվել քրեական գործի համար նշանակություն ունեցող տվյալները:

Փաստորեն ապացույցի այս տեսակն իր մեջ ներառում է տեղեկության (ինֆորմացիայի) նյութական կրողների բոլոր տեսակները, եթե այն նշանակություն ունի ապացուցման ենթակա հանգամանքները պարզելու համար:

i

26. Իրեղեն ապացույցների հասկացությունն ամրագրած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` իրեղեն ապացույցներ են այն առարկաները, որոնք հանցագործության գործիք են ծառայել կամ իրենց վրա հանցագործության հետքեր են պահպանել, կամ հանցավոր գործողությունների օբյեկտներ են եղել, ինչպես նաև հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամը, այլ արժեքները և մյուս բոլոր առարկաները, որոնք կարող են հանցագործությունը հայտնաբերելու, գործի փաստական հանգամանքները պարզելու, մեղավորներին ի հայտ բերելու, մեղադրանքը հերքելու կամ պատասխանատվությունը մեղմելու միջոցներ ծառայել: Նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ առարկան իրեղեն ապացույց է ճանաչվում քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ: Իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 122-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն օրենսգրքի 115-րդ հոդվածի առաջին մասում նշված հատկանիշներ պարունակող փաստաթղթերը կարող են ծառայել նաև որպես իրեղեն ապացույցներ: Նույն հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ այլ փաստաթղթերն ապացույց են ճանաչվում վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ:

27. Այլ փաստաթղթերի` ապացույցի կարգավիճակ ձեռք բերելու համար որևէ քննչական գործողության կատարում չի պահանջվում. անհրաժեշտ է կոնկրետ փաստաթուղթն ապացույց ճանաչելու և գործի նյութերին կցելու մասին որոշման ընդունում: Նախաքննության ընթացքում մեղադրող կողմի հավաքած փաստաթղթերը կցվում են գործին և դառնում ապացույց քննիչի (հետաքննության մարմնի) որոշմամբ:

28. Ինչպես երևում է գործի նյութերից` Վճռաբեկ դատարանը, 2005 թ. մայիսի 6-ի որոշմամբ անփոփոխ թողնելով Ալեքսեյ Մկրտչյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով քրեական գործը լրացուցիչ նախաքննության ուղարկելու մասին ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2005 թ. մարտի 18-ի որոշումը, նշել է, որ քննչական խմբի ղեկավարի կողմից առանց քրեական գործը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելու գործով քննչական գործողություններ կատարելը քրեադատավարական օրենքի էական խախտում է, և քննիչի կողմից թույլ տրված օրինականության սկզբունքի խախտմամբ ստացված ապացույցներն անթույլատրելի են:

29. Ելնելով այն բանից, որ առաջին նախաքննության ընթացքում ապացույցները ձեռք են բերվել քննչական և դատավարական գործողություններ կատարելու իրավունք չունեցող անձանց կողմից և չեն կարող օգտագործվել որպես ապացույցներ, գործը վարույթ ընդունած քննիչը նոր նախաքննությամբ դրանք մեղադրանքի հիմքում չի դրել:

Լրացուցիչ նախաքննությամբ, պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 115-րդ և 122-րդ հոդվածների հիման վրա` քննիչի որոշումներով այլ փաստաթղթեր և իրեղեն ապացույցներ են ճանաչվել քրեական գործի փաստական հանգամանքները պարզելու համար նշանակություն ունեցող տվյալները հաստատող օբյեկտիվ տեղեկություններ պարունակող փորձաքննությունների եզրակացությունները, այդ թվում` տեսաձայնագրային փորձաքննության եզրակացությունը, տեսաերիզների զննման արձանագրությունը, քննչական փորձարարության փաստերի տեսագրությունները պարունակող տեսաձայներիզները, որոնք նոր նախաքննությամբ հարցաքննված վկաների ցուցմունքների հետ միասին դրվել են մեղադրանքի հիմքում:

30. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով մեղադրանքի հիմքում դրված ապացույցները թույլատրելի են, քանի որ որպես ապացույց օգտագործված նյութերը ձեռք են բերվել` ա/ սույն գործով տվյալ դատավարական գործողությունը կատարելու համար լիազորված սուբյեկտի կողմից. բ/ միայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասում նշված աղբյուրներից. գ/ քննչական և դատավարական գործողությունների կատարման կարգի պահպանմամբ. դ/ քննչական և դատավարական գործողությունների ընթացքի և արդյունքների ամրագրումը կարգավորող օրենքի բոլոր պահանջներին համապատասխան:

31. Անհիմն է վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությունը, թե Ալեքսեյ Մկրտչյանին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով մեղադրանք առաջադրելու և դատավճիռ կայացնելու հիմք է հանդիսացել 2002 թ. մարտի 21-ին` որպես կասկածյալի տված նրա խոստովանական ցուցմունքը, 2002 թ. մարտի 22-ին կազմված քննչական փորձարարության արձանագրությունը, 2002 թ. մարտի 23-ի` որպես մեղադրյալի խոստովանական ցուցմունքը, ինչպես նաև նրա մոր` Հայկանուշ Դանիելյանի 2002 թ. մարտի 23-ի և վկա Ռոբերտ Վլասյանի 2002 թ. մարտի 21-ի ցուցմունքներն այն մասին, որ Ալեքսեյն իրենց հայտնել է, որ Արմինեի սպանությունը և տան հրկիզումն ինքն է կատարել: Ինչպես երևում է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2007 թ. հոկտեմբերի 24-ի դատավճռից` առաջին նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցները, այդ թվում` վերևում թվարկվածները, Ալեքսեյ Մկրտչյանի մեղադրանքի հիմքում չեն դրվել:

32. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված փաստարկների առկայության պայմաններում անհիմն են վերաքննիչ դատարանի հետևություններն այն մասին, թե առաջին ատյանի դատարանը մեղադրական դատավճռի հիմքում դրել է որպես ապացույց չթույլատրվող նյութեր:

II. Հետաքննության մարմնի աշխատակցի և ընթերակայի` որպես վկա հարցաքննելու իրավաչափությունը.

33. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն` որպես վկա չեն կարող կանչվել և հարցաքննվել դատավորը, այդ թվում նաև` լիազորությունները դադարեցված, դատախազը, քննիչը, հետաքննության մարմնի աշխատակիցը և դատական նիստի քարտուղարը` կապված այն քրեական գործի հետ, որում նրանք իրականացրել են իրենց դատավարական լիազորությունները, բացառությամբ տվյալ գործի վարույթի ընթացքում թույլ տրված սխալների և չարաշահումների քննության, նոր ի հայտ եկած հանգամանքներով տվյալ գործի նորոգման կամ կորցրած վարույթի վերականգնման դեպքերի:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ քննչական գործողության արձանագրության ոչ լրիվությունը չի կարող մեղադրանքի նպատակներով լրացվել հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, ինչպես նաև ընթերակայի և այլ անձանց ցուցմունքներով:

34. Ինչպես երևում է Վճռաբեկ դատարանի 2005 թ. մայիսի 6-ի որոշումից, նախաքննության մարմնին հանձնարարվել է նոր նախաքննությամբ ստուգել բռնության գործադրմամբ ցուցմունքներ կորզելու վերաբերյալ Ա. Մկրտչյանի բերած փաստարկները, հարցաքննել նրա մատնանշած ոստիկանության աշխատակիցներին, կատարել առերեսումներ և հանգել համապատասխան հետևության:

35. Կատարելով որոշման պահանջները և ղեկավարվելով գործի արդարացի քննության սկզբունքով (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդված)` բռնության գործադրմամբ ցուցմունքներ կորզելու հետ կապված նախաքննության մարմինը գործի վարույթի ընթացքում թույլ տրված սխալների և չարաշահումների կապակցությամբ որպես վկաներ հարցաքննել է Ա. Մկրտչյանի մատնանշած ոստիկանության աշխատակիցներին, ինչպես նաև քննչական գործողություններին մասնակցած ընթերականերին և այլ անձանց: Այսինքն` սույն գործով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի պահանջները չեն խախտվել: Չեն խախտվել նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները, քանի որ ոստիկանության աշխատակիցները, ընթերակաները և այլ անձինք չեն հարցաքննվել քննչական գործողության արձանագրության ոչ լրիվությունը մեղադրանքի նպատակներով լրացնելու համար:

36. նոր նախաքննությամբ հերքվել է Ալեքսեյ Մկրտչյանի նկատմամբ ոստիկանության աշխատակիցների կողմից բռնություն գործադրելու և այլ եղանակով խոստովանական ցուցմունքներ կորզելու փաստը:

37. Ինչ վերաբերում է վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, թե սպանության դեպքը 2002 թ. մարտի 13-ի գիշերը` ժամը 00-ի սահմաններում, կատարված լինելու փաստը չի համընկնում տուժողի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ վերջինիս մահվան վրա հասնելու տվյալներին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առաջին ատյանի դատարանը փորձագետի եզրակացությունը գնահատել է` հաշվի առնելով գործի բոլոր հանգամանքներն իրենց համակցության մեջ:

38. Նույնը վերաբերում է նաև Երևանի Նորքի թիվ 89 տանը տեղի ունեցած հրդեհի կապակցությամբ նախապատրաստված նյութերով կազմված հրդեհի մասին ակտին:

39. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առաջին ատյանի դատարանը հաշվի է առել վերը նշված փաստական տվյալները և գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման արդյունքում հանգել է ճիշտ հետևության:

i

40. Մինչդեռ վերաքննիչ դատարանը, խախտելով գործի արդարացի քննության սկզբունքն ամրագրած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի և ապացույցների գնահատմանը վերաբերող 127-րդ հոդվածի պահանջները, թույլ է տվել քրեադատավարական օրենքի էական խախտում, որն ազդել է գործի ելքի վրա, հանգեցրել գործով ոչ ճիշտ որոշում կայացնելուն և դա այն դեպքում, երբ արդարացվածի մեղավորությունը կատարված հանցագործության մեջ կասկած չի հարուցում, ուստի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 420-րդ հոդվածի հիման վրա վերաքննիչ դատարանի որոշումը ենթակա է բեկանման:

41. Քանի որ գործի նյութերով հերքվում են վերաքննիչ դատարանի որոշման մեջ նշված` կատարված հանցագործությանն Ալեքսեյ Մկրտչյանի մասնակցությունն ապացուցված չլինելու մասին բոլոր փաստարկները և հաստատվում Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավճռի օրինական, հիմնավորված ու պատճառաբանված լինելը, անհրաժեշտ է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիման վրա բեկանել Ալեքսեյ Մկրտչյանի վերաբերյալ վերաքննիչ դատարանի որոշումը և օրինական ուժ տալ առաջին ատյանի դատարանի դատավճռին:

42. Սույն գործով թույլ տրված դատավարական իրավունքի խախտումները հանգեցրել են դատական սխալի, որի արդյունքում կայացված որոշումը չի համապատասխանում արդարության պահանջներին:

Նշված դատական սխալը, որն ազդել է գործի արդյունքի վրա, խաթարում է արդարադատության բուն էությունը, դատարանի որոշման` որպես արդարադատության ակտի իմաստը, խախտում է սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը:

43. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քննվող բողոքի կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ, 403-406-րդ, 419-420-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ալեքսեյ Սարգսի Մկրտչյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2008 թվականի հուլիսի 21-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2007 թվականի հոկտեմբերի 24-ի դատավճռին:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ա. Մկրտումյան

Դատավորներ` Դ. Ավետիսյան

Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Հ. Ղուկասյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
17.02.2009
N ՎԲ-01/09
Որոշում