Սեղմել Esc փակելու համար:
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԶԻԿՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ`...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԶԻԿՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱ ...

 

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

Քաղ. Երևան 4 հուլիսի 2023 թ.

 

ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԶԻԿՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 317-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 337-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Ա. Թունյանի, Հ. Հովակիմյանի, Է. Շաթիրյանի, Ս. Սաֆարյանի, Ա. Վաղարշյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

դիմողի` Սուսաննա Բազիկյանի ներկայացուցիչ Կ. Թունյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված Ազգային ժողովի ներկայացուցիչ` Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման և սպասարկման բաժնի պետ Մ. Ստեփանյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Սուսաննա Բազիկյանի դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 2-րդ մասի և 337-րդ հոդվածի 1-ին մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը (այսուհետ նաև` Օրենսգիրք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998 թվականի մայիսի 5-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել` 1998 թվականի հուլիսի 28-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 1-ին:

i

Օրենսգրքի` «Անվավեր գործարքներով հայցային վաղեմության ժամկետները» վերտառությամբ 317-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է.

«2. Վիճահարույց գործարքի անվավեր ճանաչման և դրա անվավերության հետևանքների կիրառման մասին հայցը կարող է ներկայացվել, եթե գործարքը կնքվել է բռնության կամ սպառնալիքի ազդեցության տակ, դրա դադարման օրվանից (313 հոդվածի 1-ին կետ) կամ այն օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, երբ հայցվորն իմացել էր կամ պարտավոր էր իմանալ գործարքն անվավեր ճանաչելու համար հիմք ծառայող հանգամանքների մասին»:

i

Օրենսգրքի` «Հայցային վաղեմության ժամկետի հաշվարկը» վերտառությամբ 337-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է.

«1. Հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Այդ կանոնից բացառությունները սահմանվում են սույն օրենսգրքով և այլ օրենքներով»:

Վիճարկվող դրույթները որևէ փոփոխության կամ լրացման չեն ենթարկվել:

i

Սահմանադրական դատարանն իր 2021 թվականի սեպտեմբերի 28-ի ՍԴՈ-1611 որոշմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 2-րդ մասը և 337-րդ հոդվածի 1-ին մասը ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող` այն մեկնաբանմամբ, համաձայն որի` «(...) «պարտավոր էր իմանալ» կամ «պետք է իմացած լիներ» հասկացությունները վերաբերում են այն իրավիճակներին, երբ քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում անձը ողջամիտ ուշադրության դեպքում կիմանար իր իրավունքի ենթադրյալ խախտման մասին»:

Գործի քննության առիթը Սուսաննա Բազիկյանի (այսուհետ նաև` Դիմող)` 2023 թվականի մարտի 27-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով դիմումը, պատասխանողի գրավոր բացատրությունը, ինչպես նաև վերլուծելով Օրենսգրքի վերաբերելի դրույթները և գործում առկա մյուս փաստաթղթերը` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Գործի դատավարական նախապատմությունը(1)

 

1) Սույն գործի դատավարական նախապատմությունը ներկայացվում է` հիմք ընդունելով Դիմողի կողմից դիմումի շրջանակներում ներկայացված տվյալները, ինչպես նաև սույն գործով ներկայացված դատական ակտերով հաստատված հանգամանքները:

 

i

1.1. Թիվ ԱՎԴ1/0006/04/16 սնանկության գործի առնչությամբ

i

1. Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ նաև` Դատարան) թիվ ԱՎԴ1/0006/04/16 սնանկության գործով 2016 թվականի փետրվարի 17-ին կայացրած վճռով Արմեն Հակոբյանին ճանաչել է սնանկ:

2. Դատարանը 2016 թվականի օգոստոսի 15-ին կայացրել է «Արմեն Միսակի Հակոբյանի գույքն ուղղակի գործարքով վաճառելու թույլտվության մասին» որոշում(2):

_______________________

2) «Արմեն Միսակի Հակոբյանի գույքն ուղղակի գործարքով վաճառելու թույլտվության մասին» Դատարանի որոշումը վկայակոչված է վերաքննիչ քաղաքացիական և Վճռաբեկ դատարանների համապատասխան որոշումներում:

 

3. Վերաքննիչ քաղաքացիական դատարանը, քննելով Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2016 թվականի օգոստոսի 15-ի` «Արմեն Հակոբյանի գույքն ուղղակի գործարքով վաճառելու թույլտվության մասին» որոշման դեմ Սուսաննա Բազիկյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը, 2017 թվականի փետրվարի 2-ին(3) որոշել է մերժել վերաքննիչ բողոքը, Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 15.08.2016 թ. որոշումը թողնել անփոփոխ` օրինական ուժի մեջ:

________________________

i

3 Թիվ ԱՎԴ1/0006/04/16 սնանկության գործով վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշման մեջ որպես որոշման հրապարակման ամսաթիվ նշված է 2016 թվականի փետրվարի 2-ը, սակայն նույն սնանկության գործով Վճռաբեկ դատարանի որոշման շրջանակներում, ինչպես նաև www.datalex.am դատական տեղեկատվական համակարգում որպես դատական ակտի հրապարակման ամսաթիվ նշվում է 2017 թվականի փետրվարի 2-ը:

 

Տվյալ որոշմամբ վերաքննիչ քաղաքացիական դատարանը, ի թիվս այլնի, արձանագրել է հետևյալը. «Տվյալ դեպքում «Սնանկության մասին» ՀՀ օրենքը գույքի վաճառքն ուղիղ գործարքով իրականացնելու համար չի նախատեսում երրորդ անձի, ում գույքով ապահովված է պարտատերերի ցանկում ընդգրկված ապահովված պարտատիրոջ պահանջը, համաձայնության առկայության պայման, ուստի Դատարանի կողմից ճիշտ է գնահատվել հաստատման ենթակա փաստերի շրջանակը և թույլ չի տրվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումներ:

(...)

Վերոնշյալ նորմի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին մասի և «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 77-րդ հոդվածի վերլուծությունից հետևում է, որ դատարանը կողմին ծանուցելու պարտականություն ունի միայն դատական նիստ հրավիրելու կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու դեպքում, իսկ գույքն ուղղակի գործարքով վաճառելու մասին միջնորդության քննությունն իրականացվում է առանց դատական նիստ հրավիրելու: Վերաքննիչ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ Դատարանը բողոքաբերին ծանուցելու պարտականություն չի կրել, հետևաբար բողոքի նշված փաստարկը նույնպես գնահատվում է չհիմնավորված»:

4. Վճռաբեկ դատարանը, քննելով վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.02.2017 թվականի որոշման դեմ Սուսաննա Բազիկյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը, 2019 թվականի հունիսի 7-ին որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.02.2017 թվականի որոշումը և գործը` Արմեն Հակոբյանի սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյանի ներկայացրած` Արմեն Հակոբյանի վարկային պարտավորությունների ապահովման միջոց հանդիսացող, «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում գրավադրված` Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 1/2 շենքի թիվ 230 բնակարանը 110.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով Շուշանիկ Ղազարյանին վաճառել թույլատրելու և նշված բնակարանի նկատմամբ կիրառված բոլոր արգելանքները և սահմանափակումները վերացնելու մասին միջնորդությունը քննարկելու մասով, ուղարկել ՀՀ սնանկության դատարան` նոր քննության:

Հիշյալ որոշմամբ Վճռաբեկ դատարանը, ի թիվս այլնի, փաստել է. «(...) Սուսաննա Բազիկյանը տեղեկացված չի եղել իրեն համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքի վաճառքի գործընթացի վերաբերյալ, քանի որ գործում բացակայում են ապացույցներ ինչպես սնանկության գործով կառավարչի, այնպես էլ Դատարանի կողմից այդ գործընթացի մասին Սուսաննա Բազիկյանին տեղեկացնելու վերաբերյալ: Մինչդեռ Վճռաբեկ դատարանը կարևորում է, որ Սուսաննա Բազիկյանը, լինելով գրավի առարկա գույքի համասեփականատեր, պետք է իրական հնարավորություն ունենար մասնակցելու գրավի առարկա գույքի վաճառքին վերաբերող գործընթացին, այդ թվում` իրական հնարավորություն ստանալով օգտվելու «Սնանկության մասին» ՀՀ օրենքով կամ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով իր համար սահմանված երաշխիքներից:

Այսպիսով, նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի 15.08.2016 թվականի որոշումն ուղղակիորեն շոշափել է Սուսաննա Բազիկյանի իրավունքները և օրինական շահերը, մինչդեռ վերջինիս համար չի ապահովվել նշված որոշման կայացմանը նախորդող գործընթացին մասնակցելու իրական հնարավորություն, որպիսի հանգամանքն էլ անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Սուսաննա Բազիկյանը սնանկության վարույթում իր գույքի վաճառքի վերաբերյալ գործընթացին մասնակից չդարձվելու հետևանքով զրկվել է իր իրավունքներից իրապես օգտվելու հնարավորությունից, ինչի արդյունքում սահմանափակվել է նրա` ինչպես ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված` դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքը, այնպես էլ ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածով և Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածով սահմանված սեփականության իրավունքը»:

 

i

1.2. Թիվ ՍնԴ/0129/02/19 քաղաքացիական գործի առնչությամբ

i

1. Սնանկության դատարանը, քննելով ՍնԴ/0129/02/19 քաղաքացիական գործն ըստ հայցի Սուսաննա Բազիկյանի ընդդեմ Արմեն Հակոբյանի, Արմեն Հակոբյանի սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյանի, Շուշանիկ Ղազարյանի, «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի, Վարդան Ավետիսյանի` անշարժ գույքի առուվաճառքի և հաջորդող գրավի գործարքը, դրա հիման վրա կատարված սեփականության իրավունքի և գրավի իրավունքի պետական գրանցումներն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին, 2020 թվականի օգոստոսի 28-ին վճռել է Սուսաննա Բազիկյանի հայցը մերժել` հայցային վաղեմության ժամկետը լրանալու հիմքով:

Սույն վճռով սնանկության դատարանը փաստել է. «Հայցադիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում Դատարանն արձանագրում է, որ հայցվոր կողմը գործարքն անվավեր ճանաչելու հիմքում դրել է այն հանգամանքը, որը հայցվորը, հանդիսանալով գույքի սեփականատեր, տեղեկացված չի եղել գույքի օտարման մասին և հնարավորություն չի ունեցել պատշաճ օգտվելու անշարժ գույքը ձեռք բերելու իր իրավունքներից:

i

Հայցվորը «16.12.2016 թվական» թվագրությամբ թիվ ԱՎԴ1/0006/04/16 սնանկության գործով վերաքննիչ բողոքում մասնավորապես նշել է.

«(...) Բողոքաբերը գույքի վաճառքի մասին տեղեկացել է բացառապես 23.09.2016 թվականին, երբ բանկը բողոքաբերին առաջարկել է ներկայանալ բանկ, որպեսզի քննարկվեր գույքի ուղղակի գործարքով վաճառքի որոշ հանգամանքներ և որպեսզի բողոքաբերը բանկին հանձներ գույքի բանալիները: (...)»:

Այսպիսով հայցվորը գործարքն անվավեր ճանաչելու համար իր կողմից նշված հիմքերի վերաբերյալ տեղեկացված է եղել դեռևս 2016 թվականի սեպտեմբերի 23-ից, ուստի վաղեմության ժամկետի հաշվարկը պետք է սկսել հենց տեղեկացված լինելու օրվանից:

Համադրելով վերը նշված վերլուծությունները սույն քաղաքացիական գործի փաստերի հետ` Դատարանը փաստում է, որ հայցվորը հայցադիմումը ներկայացրել է հայցային վաղեմության ժամկետի ավարտից շուրջ երկու տարի հետո` 2019 թվականի սեպտեմբերի 24-ին»:

2. Վերաքննիչ քաղաքացիական դատարանը, քննելով Սուսաննա Բազիկյանի` սնանկության դատարանի 28.08.2020 թվականի վճռի դեմ ներկայացրած վերաքննիչ բողոքը, 2021 թվականի փետրվարի 8-ին որոշել է Սուսաննա Բազիկյանի վերաքննիչ բողոքը բավարարել մասնակի, սնանկության դատարանի 28.08.2020 թվականի վճիռը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` ամբողջ ծավալով նոր քննության:

Տվյալ որոշմամբ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը, ի թիվս այլնի, արձանագրել է. «(...) սույն գործով Դատարանը հայցային վաղեմություն կիրառելով հաշվի չի առել այն, որ օրենսդիրը նման պահանջներով հայցային վաղեմության հաշվարկի սկիզբ է դիտել հայցվորի կողմից գործարքն անվավեր ճանաչելու համար հիմք ծառայող հանգամանքների մասին իմանալու կամ իմանալու պարտավորության առկայության հանգամանքները, այլ ոչ թե գործարքի մասին իմանալու կամ այդպիսի պարտականություն ունենալու հանգամանքը:

Կարևոր է շեշտադրել այն հանգամանքը, որ խախտված իրավունքի պաշտպանությունը պետք է իրական լինի և ոչ տեսական, ինչը սույն գործի հանգամանքների, հայցային վաղեմության հարցը քննարկելիս նշանակում է նաև ուշադրության արժանացնել այն հանգամանքը, թե արդյոք անձը հնարավորություն ուներ իր իրավունքի արդյունավետ պաշտպանությունն իրականացնել, քանի դեռ դատական կարգով չէր վերացվել դատարանի կայացրած որոշումը:

i

Ավելին, դատարան ներկայացված հայցադիմումով հայցվորը որպես հայցի փաստական հիմք նշել է ոչ թե գործարքի վերաբերյալ տեղեկացված լինել/չլինելու հանգամանքը, այլ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից թիվ ԱՎԴ1/0006/04/16 սնանկության գործով կայացված «Արմեն Հակոբյանի գույքն ուղղակի գործարքով վաճառելու թույլտվության մասին» որոշումը վերացվելու հանգամանքը` վիճելի գործարքի օրինական հիմքի բացակայությունը, ինչի մասին բողոքաբերն ավելի վաղ, քան ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից որոշում կայացնելու պահը` 07.06.2019 թվականը, իմանալ չէր կարող ուստի սույն գործով հայցային վաղեմության ժամկետը պետք է հաշվարկել է ոչ թե իրավունքի խախտման մասին տեղեկանալու պահից, այլ գործարքն անվավեր ճանաչելու համար բողոքաբերի գնահատմամբ հիմք ծառայող հանգամանքի վերաբերյալ տեղեկանալու պահից (...)»:

3. Վճռաբեկ դատարանը, քննելով Շուշանիկ Ղազարյանի և Վարդան Ավետիսյանի` վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.02.2021 թվականի որոշման դեմ ներկայացրած վճռաբեկ բողոքը, 2022 թվականի նոյեմբերի 18-ին որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.02.2021 թ. որոշումը և օրինական ուժ տալ սնանկության դատարանի 28.08.2020 թ. վճռին:

i

Տվյալ որոշմամբ Վճռաբեկ դատարանը, ի թիվս այլնի, արձանագրել է. «Իր իրավունքի խախտման մասին Հայցվորն իմացել է 2016 թվականին, ինչը հաստատվում է նրանով, որ Հայցվորը այդ ժամանակ թիվ ԱՎԴ1/0006/04/16 սնանկության գործով ներկայացրել է վերաքննիչ բողոք:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը փաստում է նաև, որ հայցվորը որևէ կերպ կաշկանդված չէր ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 15.08.2016 թվականի որոշումը վերաքննության կարգով բողոքարկելուց բացի ներկայացնել նաև հայցադիմում` անշարժ գույքի առուվաճառքի և հաջորդող գրավի գործարքը, դրա հիման վրա կատարված սեփականության իրավունքի և գրավի իրավունքի պետական գրանցումներն անվավեր ճանաչելու պահանջների մասին, որոնք անմիջականորեն խախտել են իր սուբյեկտիվ իրավունքները:

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Սուսաննա Բազիկյանն իր իրավունքի խախտման հարցում համոզված լինելու պահից չիրացնելով դատական պաշտպանության իր իրավունքը, սույն գործով բաց է թողնի իր իրավունքի պաշտպանության հայց ներկայացնելու` հայցային վաղեմության օրենքով սահմանված մեկամյա ժամկետը»:

 

2. Դիմողի դիրքորոշումները

Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը հակասում է Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասին, 61 և 63-րդ հոդվածներին:

Դիմողը նշում է. «Իրավակիրառ պրակտիկայում, ինչպես նաև օրենսդրական կարգավորումների պայմաններում անձի կողմից իր իրավունքների պաշտպանության գործին ձեռնամուխ լինելը կարող է պայմանավորված լինել երկու գործոններով.

1. Երբ անձը հիմնավոր կասկածներ ունի իր իրավունքի խախտման /տվյալ դեպքում` գույքի վերաբերյալ կնքված գործարքի/ վերաբերյալ, որը պայմանավորված չէ որևէ դատական ակտի առկայությամբ,

2. Երբ անձի իրավունքը խախտված է դատական ակտով, այդ խախտումը հաստատվում է համապատասխան /վերադաս դատական ատյանի կողմից կայացված/ դատական ակտով, որպիսի պարագայում գործ ունենք ոչ թե հիմնավոր կասկածների կամ կայացված որոշման չհամաձայնելու, այլ օրենքով նախատեսված կարգով ձևավորված դատական ատյանի կողմից օրենքով սահմանված կարգով կայացված և օրինական ուժ ստացած դատական ակտով արձանագրված իրավունքի խախտման հետ, և այդ իրավունքի խախտումից ածանցվել է անձի իրավունքի խախտումը /կնքվել է գործարք/»:

Դիմողը պնդում է, որ քննարկման առարկա դատական գործի շրջանակներում վիճարկվող դրույթներին տրվել է այնպիսի մեկնաբանություն, համաձայն որի` հայցային վաղեմության ժամկետը հաշվելիս հաշվի չեն առնվում այն դեպքերը, երբ անձի նկատմամբ կայացված դատական ակտով է ճանաչվում իրավունքի խախտման փաստը, և դիմողը դատարանում բարձրացնում է իրավունքի խախտման այդ փաստից ածանցվող և իր իրավունքը խախտող գործարքի կնքման անվավերության հարց:

Դիմողը նաև հայտնում է, որ անիմաստ է քննարկման առարկա իրավիճակում վիճարկել այն գործարքի վավերությունը, որի կնքման թույլտվությունը տրվել է դատական ակտով, քանի որ այդ պարագայում սկզբում պետք է հասնել տվյալ դատական ակտի բեկանմանը, որից հետո նոր միայն կսկսվի գործարքն անվավեր ճանաչելու հայց ներկայացնելու համար նախատեսված հայցային վաղեմության ժամկետի հաշվարկը:

Դիմողը, նշելով, որ քննարկման առարկա գործով վիճարկվող դրույթներին Վճռաբեկ դատարանի կողմից տրված մեկնաբանության պայմաններում արժեզրկվում է ընդհանրապես դատարանի որոշման, մասնավորապես` տվյալ դեպքում հենց Վճռաբեկ դատարանի կայացրած որոշման իրավաբանական ուժն ու կարևորությունը, գտնում է, որ բոլոր այն դեպքերում, երբ անձի կողմից բարձրացվող գործարքի անվավերության հարցն անմիջականորեն կապված է գործարքի կնքման հիմք հանդիսացող դատական ակտի հետ, գործարքի անվավերության հայց ներկայացնելու համար հայցային վաղեմության ժամկետի հաշվարկը պետք է սկսել այն դատական ակտի բեկանման պահից, որով թույլատրվել է գործարքի կնքումը:

Ամփոփելով իր դիրքորոշումը` Դիմողը խնդրում է. «(...) Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասին, 61-րդ և 63-րդ հոդվածներին հակասող ճանաչել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 2-րդ մասին և 337-րդ հոդվածի 1-ին մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը»:

 

3. Պատասխանողի դիրքորոշումները

Ազգային ժողովը (այսուհետ` Պատասխանող) գտնում է, որ իրավակիրառ պրակտիկայում վիճարկվող դրույթներին տրված մեկնաբանությունը համապատասխանում է Սահմանադրությանը:

Անդրադառնալով դիմումում նկարագրված փաստական հանգամանքներին` Պատասխանողը հայտնում է, որ պարտապանին սնանկ ճանաչելուց բխող գործընթացների, այդ թվում` գրավադրված գույքի վաճառքի մասին իրապես չտեղեկացնելը հանգեցրել է երրորդ անձ գրավատուի իրավունքների խախտման. «Հետևաբար այդ իսկ պահից էլ կամ նվազագույնը խախտման իրավական հետևանքները իր վրա տարածվելու պահից վերջինս գիտի կամ պարտավոր է իմանալ իր իրավունքի խախտման մասին և ձեռնարկել համապատասխան քայլեր` խախտված իրավունքների վերականգնման ուղղությամբ: Վերոգրյալից հետևում է, որ առկա է բավարար իրավական գործիքակազմ սեփականության իրավունքի լիարժեք պաշտպանության համար»:

Պատասխանողը նաև գտնում է, որ քննարկվող դեպքում անհրաժեշտ է տարբերակել «իրավունքի խախտման մասին իմանալ» և «իրավունքի խախտման փաստը հաստատող ապացուցողական բազա ձեռք բերելու» իրավիճակները, որոնք չպետք է նույնացվեն: Իրավունքի խախտման մասին իմանալու պահից սահմանված վաղեմության ժամկետում շահագրգիռ անձը պարտավոր է գործողություններ ձեռնարկել իր իրավունքների պաշտպանության նպատակով, իսկ խախտման փաստը հիմնավորող ապացույցների ձեռքբերման գործընթացը կարող է իրականացվել զուգահեռ:

Ի լրումն վերոգրյալի` Պատասխանողը նաև նշում է. «ՀՀ քաղաքացիական դատավարությունը նախատեսում է նաև գործի քննության կասեցման ինստիտուտ: Հետևապես, եթե անձը տեղեկացել է իր իրավունքների խախտման մասին, կարող է դիմել դատական պաշտպանության համար, իսկ հետագայում խախտման փաստը հաստատող այլ դատական գործի (նախադատելի փաստ կամ ապացույց ձեռքբերելուն միտված դատական գործ) քննության պայմաններում վերջինս զրկված չէ և ունի բավարար իրավական հնարավորություն սկզբնական գործի քննությունը կասեցնելու (...) մինչև առնչվող գործով վերջնական դատական ակտի կայացման պահը»:

Եզրափակելով իր դիրքորոշումը` Պատասխանողը խնդրում է վիճարկվող դրույթները, հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը, ճանաչել Սահմանադրությանը համապատասխանող:

 

4. Գործի շրջանակներում պարզման ենթակա հանգամանքները

Սույն գործով սահմանադրաիրավական վեճի շրջանակներում Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը.

- արդյո՞ք վիճարկվող դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված այն մեկնաբանությունը, ըստ որի` անձի իրավունքի խախտման փաստը, այն է` գործարքն անվավեր ճանաչելու համար հիմք ծառայող հանգամանքն օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված լինելու պարագայում` տվյալ վիճահարույց գործարքի անվավեր ճանաչման և դրա անվավերության հետևանքների կիրառման վերաբերյալ քաղաքացիական գործերով հայցային վաղեմության ժամկետի սկիզբ է համարվում անձի` իր իրավունքի խախտման հարցում համոզված լինելու պահը` այն չպայմանավորելով իրավունքի խախտման փաստը հաստատող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու պահով (այն դեպքերում, երբ գործարքի վավերության վիճարկման հիմքը դատական ակտով թույլ տրված իրավունքի խախտումն է), համահունչ է անձի սեփականության և դատական պաշտպանության հիմնական իրավունքների վերաբերյալ սահմանադրաիրավական կարգավորումներին:

Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել, որ թեև Վճռաբեկ դատարանի խնդրո առարկա որոշման շրջանակներում բառացիորեն բացակայում է քննարկման առարկա մեկնաբանությունը, սակայն տվյալ դատական ակտի ուսումնասիրությունը վկայում է, որ Վճռաբեկ դատարանն իր որոշման հիմքում դրել է հայցային վաղեմության ժամկետի հաշվարկման վերաբերյալ հիշատակված մեկնաբանությունը:

 

5. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները

i

5.1. Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասը հռչակում է.

«1. Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը»:

i

Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը հռչակում են.

«1. Յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք:

(...)

3. Սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»:

Սահմանադրության «Սահմանադրական կարգի հիմունքները» գլխում ամրագրված 10-րդ հոդվածը ելակետային դերակատարություն ունի սեփականության հարաբերությունների սահմանադրաիրավական կանոնակարգման համար: Սեփականության իրավունքի ճանաչումը և դրանից բխող պարտավորությունը` պաշտպանել այդ իրավունքը, պետության հիմնարար պարտականություններն են: Վկայակոչված հոդվածի տրամաբանական շարունակությունը սահմանադիրն ամրագրել է Սահմանադրության 60-րդ հոդվածում` սահմանելով սեփականատիրոջ իրավազորությունների այն եռամիասնությունը, որը կազմում է սահմանադրական այս իրավունքի բովանդակային հիմքը:

i

Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում (ՍԴՈ-92, ՍԴՈ-630, ՍԴՈ-649, ՍԴՈ-650, ՍԴՈ-667, ՍԴՈ-669, ՍԴՈ-735, ՍԴՈ-815, ՍԴՈ-901, ՍԴՈ-903, ՍԴՈ-1009, ՍԴՈ-1056, ՍԴՈ-1073, ՍԴՈ-1142, ՍԴՈ-1189, ՍԴՈ-1203, ՍԴՈ-1210 և այլն) անդրադարձել է սեփականության իրավունքի սահմանադրաիրավական բովանդակության բացահայտման, այդ իրավունքի պաշտպանության, հնարավոր սահմանափակման խնդիրներին` իրավական դիրքորոշումներ արտահայտելով սեփականության իրավունքի էության, այդ իրավունքի սահմանափակման, դադարման հետ կապված հարաբերությունների իրավակարգավորման սահմանադրականության վերաբերյալ` կարևորելով այդ բնագավառում սահմանադրական կարգի սկզբունքներից բխող իրավական միջոցների գործադրման անհրաժեշտությունը:

i

Սահմանադրական դատարանը 2018 թվականի հոկտեմբերի 30-ի ՍԴՈ-1432 որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ «Սեփականության իրավունքը որպես ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետության պայմաններում անձի իրավունքների ու ազատությունների երաշխավորման բնութագրիչ, միաժամանակ նաև` որպես մասնավոր և հանրային իրավահարաբերությունների կարգավորման կառուցակարգ ունի սահմանադրաիրավական կարևոր նշանակություն»:

Սահմանադրական դատարանը վերոնշյալ որոշմամբ նաև արձանագրել է, որ «(...) ինչպես միջազգային իրավական, այնպես էլ սահմանադրական մակարդակներով հաստատագրված է հանրային իշխանության պոզիտիվ պարտականությունը` ապահովել սեփականության իրավունքի անձեռնմխելիության երաշխիքներ, մասնավորապես.

առաջին` առանց որևէ խտրականության ճանաչել և պաշտպանել սեփականության իրավունքն անկախ դրա դրսևորման ձևերի,

երկրորդ` երաշխավորել սեփականության իրավունքի պաշտպանությունը` նախադրյալներ ստեղծելով սեփականատիրոջ կողմից օրինական հիմքով իրեն պատկանող գույքի ազատ տիրապետման, օգտագործման և տնօրինման, ինչպես նաև սեփականության բոլոր ձևերի ազատ զարգացման և հավասար իրավական պաշտպանության համար,

երրորդ` Սահմանադրությամբ կանխորոշված նպատակով սահմանել սեփականության իրավունքի իրացման ազատության օրենքով թույլատրելի շրջանակը,

չորրորդ` երաշխավորել օրենքով սահմանված դեպքերում` դատական կարգով անձին սեփականությունից զրկելու, ինչպես նաև հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականությունը հարկադիր օտարելու և նախնական ու համարժեք փոխհատուցում ապահովելու վերաբերյալ սահմանադրաիրավական պահանջների կատարումը»:

i

Վերահաստատելով և զարգացնելով սեփականության իրավունքի վերաբերյալ նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, ինչպես նաև դիտարկելով դրանք հայցային վաղեմության ինստիտուտի համատեքստում` Սահմանադրական դատարանն իր` 2021 թվականի սեպտեմբերի 28-ի ՍԴՈ-1611 որոշմամբ փաստել է. «(...) սեփականության իրավունքի հետ առնչակցություն ունեցող ցանկացած օրենսդրական կարգավորում, դրա մեկնաբանություն և կիրառում պետք է համապատասխանեն նշյալ իրավունքի առնչությամբ Սահմանադրությամբ ամրագրված կարգավորումներին և Սահմանադրական դատարանի` ներկայացրած իրավական դիրքորոշումներին, մասնավորապես` դրանք պետք է երաշխավորեն սեփականության իրավունքի պաշտպանությունը` նախադրյալներ ստեղծելով սեփականատիրոջ կողմից օրինական հիմքով իրեն պատկանող գույքի ազատ տիրապետման, օգտագործման և տնօրինման, ինչպես նաև սեփականության բոլոր ձևերի ազատ զարգացման և հավասար իրավական պաշտպանության համար, պետք է երաշխավորեն օրենքով սահմանված դեպքերում` դատական կարգով անձին սեփականությունից զրկելու վերաբերյալ սահմանադրաիրավական պահանջների կատարումը, ինչպես նաև երաշխավորեն սեփականության իրավունք ձեռք բերելու նկատմամբ լեգիտիմ ակնկալիքների հիմքով սեփականության իրավունքի պաշտպանությունը»:

5.2. Սեփականության իրավունքի իրացման որոշակի առանձնահատկություններ դրսևորվում են, մասնավորապես, սնանկության վարույթի շրջանակներում:

i

«Սնանկության ինստիտուտը տնտեսական հարաբերությունների բնականոն ընթացքի ապահովմանն ուղղված պետության միջամտության առանձնահատուկ դրսևորում է, որը, մի կողմից` կոչված է առավելագույնս բավարարել պարտատերերի պահանջները` վարույթի շրջանակներում հավաքագրված միջոցներն արդար բաշխելով վերջիններիս միջև, մյուս կողմից` օրենսդրական կարգավորումների ներդրման միջոցով փրկել գոյատևման ընդունակ տնտեսվարող սուբյեկտներին» (ՍԴՈ-1609, 14.09.2021թ.):

Հաշվի առնելով սնանկության վարույթի առանձնահատկությունները, դրա շրջանակներում իրականացվող դատավարական ընթացակարգերի իրավական բնույթն ու հետևանքները` առանձնակի կարևորություն է ձեռք բերում ոչ միայն պարտատերերի և պարտապանների, այլև սնանկության վարույթի շրջանակներում երրորդ անձ գրավատուների իրավունքների և օրինական շահերի հավասարակշռված պաշտպանությունը:

Այս առումով Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վերջիններս սնանկության վարույթ ներգրավվում են սեփականության իրավունքով իրենց պատկանող և պարտապանի պարտավորությունների կատարման ապահովման համար գրավադրված գույքի` սնանկության վարույթի հետ անմիջական առնչության համատեքստում, որպիսի պայմաններում խնդրո առարկա սուբյեկտների և սնանկության վարույթի այլ մասնակիցների իրավունքների հարաբերակցության և արդարացի հավասարակշռության ապահովումը դառնում է առավել քան նպատակային` անհրաժեշտության դեպքում զուգակցելով իրար հետ առանձին դեպքերում չհատվող սնանկության և քաղաքացիական ու քաղաքացիադատավարական օրենսդրության համապատասխան իրավակարգավորումները:

Սնանկության վարույթում գրավադրված գույքի իրացման եղանակներից մեկը դատարանի` գույքն ուղղակի գործարքով վաճառելու թույլտվություն տալու մասին որոշման հիման վրա գրավադրված գույքի իրացումն է, ըստ որի` կնքվում է համապատասխան գործարք: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ իրավակիրառ պրակտիկան զարգացել է այն տրամաբանությամբ, որ սնանկության վարույթում պետք է երաշխավորվի գրավատու հանդիսացող երրորդ անձի կողմից իր գույքի վաճառքին վերաբերող գործընթացին մասնակցելու իրական հնարավորությունը: Միաժամանակ, սնանկության վարույթը կարգավորող օրենսդրությունը չի ամրագրում խնդրո առարկա դատական ակտի բեկանման հիման վրա դրա համապատասխան հետևանքների վերացման անմիջական հնարավորություն, այլ կերպ ասած` գույքն ուղղակի գործարքով վաճառելու թույլտվություն տալու մասին դատարանի որոշման բեկանումը վերադաս դատարանի կողմից ուղղակիորեն չի հանգեցնում դրա հիման վրա կնքված գործարքի վերացման:

Այս համատեքստում Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ երրորդ անձ գրավատուին սեփականության իրավունքով պատկանող գույքի վերաբերյալ կնքված ենթադրյալ վիճահարույց գործարքի անվավեր ճանաչման և դրա անվավերության հետևանքների կիրառման մասին հայցը ներկայացնելը գործուն երաշխիք է անձի` Սահմանադրությամբ երաշխավորված սեփականության իրավունքի պաշտպանության համար` հաշվի առնելով այն, որ տվյալ գործարքի կնքման հիմքում ընկած է եղել բեկանված դատական ակտ: Նման պայմաններում առանցքային է հայցային վաղեմության ինստիտուտի` իրավական բովանդակության բացահայտումը` գործարքն անվավեր ճանաչելու համար հիմք ծառայող հանգամանքն օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված լինելու համատեքստում:

Այսպիսով, առանձնակի արժևորելով հայցային վաղեմության ինստիտուտի կիրառման շրջանակներում անձի սեփականության իրավունքի երաշխավորման անհրաժեշտությունը` Սահմանադրական դատարանը գտնում է, որ իրավակիրառ պրակտիկայում վերոգրյալ ինստիտուտին տրված ցանկացած մեկնաբանություն պետք է համահունչ լինի անձի սեփականության իրավունքի վերաբերյալ սահմանադրաիրավական կարգավորումներին և Սահմանադրական դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումներին, մասնավորապես` այդ մեկնաբանության շրջանակներում պետք է երաշխավորվի սեփականության իրավունքի պաշտպանությունը` նախադրյալներ ստեղծելով ինչպես սեփականատիրոջ կողմից օրինական հիմքով իրեն պատկանող գույքի ազատ տիրապետման, օգտագործման և տնօրինման համար` ընդհանուր առմամբ, այնպես էլ` սեփականատիրոջ` սեփականության իրավունքի դադարման հիմք հանդիսացող ենթադրյալ վիճահարույց գործարքի անվավեր ճանաչման և դրա անվավերության հետևանքների կիրառման մասին հայց ներկայացնելիս` ապահովելով սեփականության իրավունքի արդյունավետ դատական պաշտպանությունը:

5.3. Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

i

Սահմանադրական դատարանն իր բազմաթիվ որոշումներում անդրադարձել է դատական պաշտպանության հիմնարար իրավունքին` բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունն ու ընդգծելով առանձնակի կարևորությունը` հիմնական իրավունքների և ազատությունների երաշխավորման ու պաշտպանության գործում: Իր մի քանի որոշումներում (ՍԴՈ-690, 719, 733, 765, 780, 849, 873, 890, 918, 922, 936, 1037, 1052, 1062, 1114, 1115, 1190, 1191, 1192, 1196, 1197, 1220, 1222, 1231, 1249, 1254, 1257, 1263, 1265, 1268, 1275, 1289, 1290, 1293, 1395) արդար դատաքննության և դատական բողոքարկման, դատարանի մատչելիության վերաբերյալ արտահայտած դիրքորոշումները Սահմանադրական դատարանը վերահաստատել և ընդհանրացրել է 2018 թվականի հունիսի 19-ի ՍԴՈ-1420 որոշմամբ` արձանագրելով, որ`

«- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,

- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,

- դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը,

- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,

- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով` դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և իր ծանրությամբ չհանգեցնի իրավունքի էության խախտման»:

Սահմանադիրը, մարդու հիմնական իրավունքները և ազատությունները դիտարկելով իբրև ժողովրդավարական և իրավական պետության անսասան հիմքեր, դրանց ապահովումը երաշխավորել է իրավունքների պաշտպանության և վերականգնման արդյունավետ ընթացակարգերով, որոնք կենսագործվում են դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների իրացման միջոցով` թույլ չտալով այլ հիմնական իրավունքներին և ազատություններին կրել լոկ հռչակագրային բնույթ:

Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի երաշխավորման համատեքստում առանձնակի կարևորություն ունի հայցային վաղեմության ինստիտուտի իրավական բովանդակության բացահայտումը: Այսպես.

i

Սահմանադրական դատարանն իր` 2019 թվականի դեկտեմբերի 6-ի ՍԴՈ-1495 որոշմամբ, վաղեմության ժամկետի ինստիտուտը դիտարկելով իրավունքի իրականացման ժամկետային սահմանափակման համատեքստում, արձանագրել է. «(...) քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված ժամկետներն (...) նպատակ ունեն ոչ միայն ժամանակի առումով կանոնակարգելու քաղաքացիական շրջանառությունը, այլ նաև ապահովելու քաղաքացիական հարաբերությունների սուբյեկտների կողմից իրենց իրավունքների իրացման հնարավորությունը, դրդելու անձանց կատարելու իրենց պարտականությունները, ինչպես նաև խթանելու խախտված իրավունքների ժամանակին պաշտպանությունը»:

i

Սահմանադրական դատարանն իր` 2021 թվականի սեպտեմբերի 28-ի ՍԴՈ-1611 որոշմամբ արձանագրել է. «(...) հայցային վաղեմության ինստիտուտը կողմերից մեկի դիտանկյունից հանդես է գալիս որպես դատարան դիմելու իրավունքի սահմանափակում` դատավարական կոնկրետ կանոնի հիմքով, որը, միևնույն ժամանակ, համապատասխանում է իրավունքի սահմանափակման իրավաչափության (...) չափանիշներին: Ուստի, նշյալ ինստիտուտի և իրավակարգավորումների` այդ հանգամանքին հակասող որևէ եղանակով մեկնաբանություն և կիրառում կհակասի վերջիններիս սահմանադրաիրավական բովանդակությանը»:

Նույն որոշմամբ Սահմանադրական դատարանը փաստել է. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավունքին առնչվող դիրքորոշումներում Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է, որ վաղեմության ժամկետները «ծառայում են մի քանի կարևոր նպատակների, որոնցից են` իրավական որոշակիության և վերջնականության ապահովումը, հնարավոր պատասխանողներին հնացած և հետևաբար դժվարությամբ վիճարկելի պահանջներից պաշտպանությունը, անարդար որոշումների նախականխումն այն դեպքերում, երբ դատարանից պահանջվի լուծել պահանջը վաղ անցյալում տեղի ունեցած փաստերի հաստատման միջոցով և այնպիսի ապացույցներով, որոնք զգալի ժամանակ անցնելու պատճառով այլևս անարժանահավատ կամ ոչ ամբողջական են դարձել» (Սթաբինգսը և այլք ընդդեմ Միացյալ Թագավորության, թիվ 22083/93 և 22095/93 դիմումներ, կետ 51, 1996 թվականի հոկտեմբերի 22-ի վճիռ, ինչպես նաև Կոեմեն և այլք ընդդեմ Բելգիայի, թիվ 32492/96 և 4 այլ դիմումներ, 146 կետ, 2000 թվականի հունիսի 22-ի վճիռ)»:

i

2021 թվականի սեպտեմբերի 28-ի ՍԴՈ-1611 որոշմամբ Սահմանադրական դատարանը նշել է նաև. «(...) հայցային վաղեմության ինստիտուտն ինքնին ուղղված է քաղաքացիական շրջանառության մեջ սեփականության, տնտեսական գործունեությամբ զբաղվելու, արդյունավետ դատական պաշտպանության, արդար դատաքննության իրավունքներին և մյուս սահմանադրական արժեքներին առնչվող քննարկված նպատակների երաշխավորմանն ու դրա միջոցով քաղաքացիական շրջանառության կայունության, իրավահարաբերությունների որոշակիության, դրանց մասնակիցների բարեխղճության, իրավունքների պաշտպանության գործիքակազմերի բարեխիղճ օգտագործման, արդյունքում նաև` իրավահարաբերությունների ոչ թե մեկ, այլ բոլոր սուբյեկտների հիմնարար իրավունքների պաշտպանության ապահովմանը: Նշված նպատակները բացառիկ կարևորություն ունեն իրավական պետության կայացման տեսանկյունից և պետք է ընկած լինեն հայցային վաղեմությանն առնչվող ցանկացած իրավակարգավորման և իրավակիրառական պրակտիկայի հիմքում»:

Վերոնշյալ որոշմամբ Սահմանադրական դատարանը նաև արձանագրել է, որ «(...) հայցային վաղեմության ինստիտուտի նպատակն է կանոնակարգել քաղաքացիական շրջանառությունը, ստեղծել իրավական կապերի որոշակիություն ու կայունություն, ապահովել իրավահարաբերության մասնակիցների կարգապահությունը, նպաստել պայմանագրերի կատարմանը, ապահովել քաղաքացիական իրավահարաբերության սուբյեկտների իրավունքների և շահերի ժամանակին պաշտպանությունը: Խախտված քաղաքացիական իրավունքների պաշտպանության համար ողջամիտ ժամանակային սահմանափակումների բացակայությունը կհանգեցներ պատասխանողների և երրորդ անձանց իրավունքների ու շահերի խախտման, որոնք միշտ չէ, որ նախապես կարող էին հաշվի առնել գործի քննության համար նշանակություն ունեցող տեղեկությունների և փաստերի հավաքման ու պահպանման անհրաժեշտությունը: Միաժամանակ, հայցային վաղեմության կիրառումը քաղաքացիական շրջանառության մասնակիցներին պաշտպանում է անհիմն պահանջներից և միաժամանակ դրդում է նրանց ժամանակին հոգ տանել իրենց իրավունքների իրացման և պաշտպանության մասին»:

5.4. Խնդրո առարկա ինստիտուտի վերաբերյալ Սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով վիճարկվող դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականության գնահատմանը` Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն սահմանադրաիրավական վեճի հանգուցալուծումն առավելապես պայմանավորված է վիճարկվող դրույթներում բովանդակվող «իր իրավունքի խախտման փաստը» ձևակերպման` բացառապես դատական ակտով հաստատված լինելու բովանդակային հստակ ծավալների բացահայտմամբ:

i

Թիվ ՍնԴ/0129/02/19 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 2022 թվականի նոյեմբերի 18-ի որոշմամբ վիճարկվող դրույթներին տրված մեկնաբանության արդյունքում ստացվում է, որ այն դեպքում, երբ գործարքի կնքման հիմքը դատական ակտն է, որը բեկանվել է վերադաս դատարանի կողմից, տվյալ գործարքի անվավեր ճանաչման և անվավերության հետևանքների կիրառման վերաբերյալ քաղաքացիական գործերով հայցային վաղեմության ժամկետի սկիզբ է համարվում անձի` իր իրավունքի խախտման հարցում համոզված լինելու պահը` հաշվի չառնելով այն հանգամանքը, որ տվյալ պայմաններում իրավունքի խախտման փաստը կարող է հաստատվել բացառապես օրինական ուժի մեջ մտած դատական ակտով:

Սահմանադրական դատարանը արձանագրում է, որ օրենսդիրը վիճարկվող դրույթների շրջանակներում անվավեր գործարքներով հայցային վաղեմության ժամկետների հաշվարկման ելակետ է դիտել «իր իրավունքի խախտման», այն է` «գործարքն անվավեր ճանաչելու համար հիմք ծառայող հանգամանքների մասին» իմանալու հանգամանքը: Այս համատեքստում ակնհայտ է, որ այն դեպքում, երբ վիճահարույց գործարքը կնքվել է դատական ակտի հիման վրա, անձի իրավունքի խախտման փաստի մասին կարելի է խոսել բացառապես գործարքի կնքման հիմքում ընկած դատական ակտը բեկանող վերադաս դատարանի դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու պայմաններում: Այլ խոսքով` նման իրավիճակում անձի իրավունքի խախտման առկայությունն ինքնին կարող է հավաստվել բացառապես վերադաս դատարանի կողմից գործարքի հիմքում ընկած դատական ակտի բեկանմամբ, քանզի միայն համապատասխան դատական ակտի բեկանումն է ազդարարում անձի իրավունքի խախտման մասին:

ՀՀ քաղաքացիական օրենսդրության ուսումնասիրությունը թույլ է տալիս փաստել, որ վիճահարույց գործարքի անվավեր ճանաչման և դրա անվավերության հետևանքների կիրառման մասին հայցապահանջների համար օրենսդիրը սահմանել է հայցային վաղեմության ընդհանուր ժամկետից ավելի կրճատ` մեկամյա ժամկետ, ինչպես նաև այդ ժամկետի հաշվարկման ընդհանուր կարգից բացառություն, այն է` երբ հայցվորն իմացել էր կամ պարտավոր էր իմանալ գործարքն անվավեր ճանաչելու համար հիմք ծառայող հանգամանքների մասին:

Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը գտնում է, որ վիճահարույց գործարքի անվավեր ճանաչման և դրա անվավերության հետևանքների կիրառման մասին հայցապահանջների համար օրենսդրությամբ սահմանված մեկամյա ժամկետի սահմանումն ինքնանպատակ չէ` հաշվի առնելով այն, որ սույն ժամկետի սահմանումը հետապնդում է, մի կողմից` խախտված քաղաքացիական իրավունքների վերականգնման դատական պաշտպանության իրավունքի ապահովման, մյուս կողմից` քաղաքացիական շրջանառության հենասյուներից մեկը հանդիսացող սկզբունքի` պայմանագրի ազատության սկզբունքի երաշխավորման նպատակներ` վերջնարդյունքում ապահովելով քաղաքացիաիրավական հարաբերությունների կայունությունն ու կանխատեսելիությունը:

5.5. Սահմանադրական դատարանը գտնում է, որ խախտված իրավունքների արդյունավետ դատական պաշտպանությունը պետք է լինի իրական, այլ ոչ թե կրի երևութական բնույթ, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր կոնկրետ գործով դատարանները պետք է հայցային վաղեմության հարցը քննելիս միանշանակ հետևություն անեն, թե արդյո՞ք անձն ուներ իրական հնարավորություն իր իրավունքի արդյունավետ դատական պաշտպանությունն իրականացնելու համար, քանի դեռ դատական կարգով չէր բեկանվել համապատասխան դատական ակտը:

Իրավական պետության սահմանադրաիրավական հայեցակարգից և դրանից ածանցվող իրավական որոշակիության սահմանադրաիրավական սկզբունքից ուղղակիորեն բխում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի նկատմամբ վստահելիության կամ այլ կերպ ասած` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի ճշմարտացիության կանխավարկածը, որը քննարկվող դեպքում ենթադրում է, որ անձի` իր իրավունքի խախտման վերաբերյալ սուբյեկտիվ ընկալումներից ավելի վեր պետք է դասվեն օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված փաստական հանգամանքները, ինչը, բացի այն, որ երաշխավորում է անձի` իր խախտված իրավունքի դատական կարգով վերականգնելը, նաև լիովին համապատասխանում է հայցային վաղեմության ինստիտուտի սահմանադրաիրավական բովանդակությանն այն առումով, որ անձի` իր իրավունքի խախտման փաստը կարող է հաստատվել բացառապես օրինական ուժի մեջ մտած դատական ակտով:

Այս առումով ակնհայտ է, որ գործարքի կնքման հիմքը դատական ակտն է, առանց որի բեկանման` չի կարելի գալ միանշանակ հետևության` գործարքն անվավեր ճանաչելու համար հիմք ծառայող հանգամանքների, կամ որ նույնն է` անձի իրավունքի խախտման փաստի առկայության մասին:

Ողջ վերոգրյալի լույսի ներքո Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ իրավակիրառ պրակտիկան պետք է առաջնորդվի այն տրամաբանությամբ, որ սնանկության վարույթի շրջանակներում գույքն ուղղակի գործարքով վաճառելու թույլտվություն տալու մասին դատարանի որոշման հիման վրա կնքված գործարքի անվավեր ճանաչման և դրա անվավերության հետևանքների կիրառման վերաբերյալ քաղաքացիական գործերով հայցային վաղեմության ժամկետի սկիզբը պետք է հաշվարկել տվյալ գործարքի կնքման թույլտվություն տվող դատական ակտը բեկանող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու պահից:

Վերոգրյալը հիմք է տալիս եզրահանգելու, որ հիշատակված սահմանադրաիրավական արժեքների` սեփականության իրավունքի երաշխավորման և արդյունավետ դատական պաշտպանության ապահովման հետ անհամատեղելի է իրավակիրառ պրակտիկայում ձևավորված մեկնաբանությունն առ այն, որ անձի իրավունքի խախտման փաստը, այն է` գործարքն անվավեր ճանաչելու համար հիմք ծառայող հանգամանքը օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված լինելու պարագայում` տվյալ վիճահարույց գործարքի անվավեր ճանաչման և դրա անվավերության հետևանքների կիրառման վերաբերյալ քաղաքացիական գործերով հայցային վաղեմության ժամկետի սկիզբ է համարվում անձի` իր իրավունքի խախտման հարցում համոզված լինելու պահը, և հաշվի չի առնվում այն հանգամանքը, որ իրավունքի խախտման փաստը հաստատված է եղել օրինական ուժի մեջ մտած դատական ակտով:

Այս համատեքստում Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն սահմանադրաիրավական վեճի առարկա օրենսդրական դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը խնդրահարույց է անձի արդյունավետ դատական պաշտպանության իրականացման տեսանկյունից նաև այն առումով, որ խնդրահարույց մեկնաբանության արդյունքում ստացվում է, որ անձը, անկախ դատարանի համապատասխան որոշումը բողոքարկելու հանգամանքից, պետք է ներկայացներ հայցադիմում` գույքն ուղղակի գործարքով վաճառելու թույլտվություն սահմանող դատարանի որոշման հիման վրա գործարքն անվավեր ճանաչելու պահանջով` այդ պահին դեռևս գոյություն չունեցող (չհաստատված) փաստի` դատարանի որոշմամբ իր իրավունքը խախտված լինելու հիմքով:

Նման իրավիճակում ստացվում է, որ նախ`

- դատարանը քննության առարկա պետք է դարձներ վիճարկվող գործարքն անվավեր ճանաչելու համար հիմք ծառայող այնպիսի հանգամանքները, որոնք, ըստ էության, վիճարկվում էին այլ դատարանում,

- խնդրո առարկա իրավիճակը, ըստ էության, հանգեցնելու էր նաև տվյալ դատական գործի վարույթի կասեցման` հաշվի առնելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի իրավակարգավորումն առ այն, որ դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը, եթե` անհնարին է տվյալ գործի քննությունը մինչև (...) քաղաքացիական, (...) դատավարության կարգով քննվող այլ հարցով կամ գործով եզրափակիչ ակտ կայացնելը.

կամ

- ընդհուպ մինչև` ակնհայտ անհիմն հայց ներկայացնելուց բխող օրենքով նախատեսված բացասական հետևանքների, լրացուցիչ դատական ծախսերի ռիսկի` հաշվի առնելով այն, որ տվյալ քաղաքացիական գործի շրջանակներում քննության առարկա է դառնալու մեկ այլ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտի իրավաչափության հարցը, որը դուրս է դատարանի քննության տիրույթից:

Վերոգրյալը վկայում է նաև տվյալ ընթացակարգով դատական պաշտպանության իրավունքի իրացման անարդյունավետության մասին:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ դատավարական ինստիտուտների համապատասխան նորմերին մեկնաբանություն հաղորդելիս դատարանները պետք է որպես ուղենիշ որդեգրեն այն մոտեցումները, որոնք առավելագույնս ապահովում են Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի արդյունավետության բարձր մակարդակը` այս համատեքստում հաշվի առնելով, ի թիվ այլնի, նաև դատարանի մատչելիության աստիճանը, դատավարության խնայողականությունն ու արագությունը, անձին ձևական պահանջներով չծանրաբեռնելու անհրաժեշտությունը, իսկ վերջնարդյունքում` մատուցվող արդարադատության պատշաճ որակը:

i

Սահմանադրական դատարանն իր վերոնշյալ ՍԴՈ-1611 որոշմամբ արձանագրել է, որ «(...) հայցային վաղեմության ինստիտուտը ևս նպատակ ունի ապահովել հիմնական իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման անհրաժեշտ երաշխիքներ, և պետք է հանգեցնի ոչ թե նշված իրավունքների էության ձևախեղմանը, այլ վերջիններիս արդյունավետ իրացմանն ու պաշտպանությանը»:

Վերահաստատելով և զարգացնելով իր իրավական դիրքորոշումները` Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ անձի սեփականության և արդյունավետ դատական պաշտպանության իրավունքների երաշխավորման համատեքստում իրավակիրառ պրակտիկայում հայցային վաղեմության ինստիտուտին տրված ցանկացած մեկնաբանության շրջանակներում պետք է հավասարապես պաշտպանվեն ինչպես պատասխանողի և երրորդ անձանց շահերը` նրանց դեմ անհիմն հայց ներկայացնելու տեսանկյունից, այնպես էլ հայցվորի` սեփականության և արդյունավետ դատական պաշտպանության իրավունքները:

Վերոգրյալի լույսի ներքո Սահմանադրական դատարանը գտնում է, որ վիճարկվող դրույթներին իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում տրվել է սույն որոշման մեջ տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանություն. դատական պրակտիկան պետք է առաջնորդվի այն մոտեցմամբ, որ այն բոլոր դեպքերում, երբ գործարքի վավերության վիճարկման հիմքը դատական ակտով թույլ տրված իրավունքի խախտումն է, հայցային վաղեմության ժամկետի հաշվարկի սկիզբ պետք է համարել այդ իրավունքի խախտումը ճանաչելու մասին համապատասխան դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու պահը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետով, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, 170-րդ հոդվածով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 2-րդ մասը և 337-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում են Սահմանադրությանը` այն մեկնաբանությամբ, համաձայն որի` այն դեպքում, երբ գործարքի վավերության վիճարկման հիմքը դատական ակտով թույլ տրված իրավունքի խախտումն է, ապա հայցային վաղեմության ժամկետի հաշվարկի սկիզբ է համարվում այդ իրավունքի խախտումը ճանաչելու մասին համապատասխան դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու պահը:

i

2. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն` Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման` օրենքով սահմանված կարգով, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 2-րդ մասը և 337-րդ հոդվածի 1-ին մասը Դիմողի նկատմամբ կիրառվել են սույն որոշմամբ տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ:

i

3. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

    ՆԱԽԱԳԱՀՈՂ                              Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

 

4 հուլիսի 2023 թվականի

ՍԴՈ-1693

 

Հրապարակվել է ՍԴ պաշտոնական կայքէջում (concourt.am)` 7 հուլիսի 2023 թվական:

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
04.07.2023
N ՍԴՈ-1693
Որոշում