ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՔՐԴ/0198/01/08
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` Հ. Ասատրյանի
մասնակցությամբ դատավորներ` Ս. Ավետիսյանի
Ե. Դանիելյանի
Լ. Թադևոսյանի
Ա. Պողոսյանի
Ս. Օհանյանի
քարտուղարությամբ` Մ. Պետրոսյանի
2021 թվականի նոյեմբերի 26-ին ք. Երևանում
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2008 թվականի օգոստոսի 7-ի որոշման դեմ Վահե Ռոմենի Ղազարյանի` հիմնարար խախտման հիմքով ներկայացված վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
i
1. 2008 թվականի մարտի 1-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է թիվ 62202508 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով, 235-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով և 316-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով:
i
2008 թվականի մարտի 2-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է թիվ 62202608 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով:
Նախաքննության մարմնի` նույն օրվա մեկ այլ որոշմամբ, թիվ 62202508 քրեական գործը միացվել է թիվ 62202608 քրեական գործին և նախաքննությունը շարունակվել է 62202608 համարով:
2008 թվականի մարտի 3-ին Վահե Ռոմենի Ղազարյանը ձերբակալվել է:
2008 թվականի մարտի 6-ին Վ.Ղազարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի` 2008 թվականի մարտի 6-ի որոշմամբ Վ.Ղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը` 2 (երկու) ամիս ժամկետով:
Նախաքննության մարմնի` 2008 թվականի ապրիլի 8-ի որոշմամբ Վ.Ղազարյանի վերաբերյալ գործի նյութերն անջատվել են առանձին վարույթում:
2008 թվականի ապրիլի 18-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի քրեական դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանի` 2008 թվականի հունիսի 10-ի դատավճռով Վ.Ղազարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ և դատապարտվել ազատազրկման` 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով:
3. Վ.Ղազարյանի պաշտպաններ Լ.Սահակյանի, Ե.Վարոսյանի և Տ.Սաֆարյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան), 2008 թվականի օգոստոսի 7-ի որոշմամբ բողոքը մերժել է` Առաջին ատյանի դատարանի` 2008 թվականի հունիսի 10-ի դատավճիռը թողնելով օրինական ուժի մեջ:
4. Վճռաբեկ դատարանի` 2009 թվականի մարտի 17-ի որոշմամբ դատապարտյալ Վ.Ղազարյանի բողոքը վերադարձվել է:
5. 2021 թվականի մայիսի 13-ին Վահե Ղազարյանը հիմնարար խախտման հիմքով վճռաբեկ բողոք է բերել, որը Վճռաբեկ դատարանի` 2021 թվականի օգոստոսի 25-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Վճռաբեկ դատարանի` 2021 թվականի սեպտեմբերի 15-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ: Վճռաբեկ դատարանի` 2021 թվականի հոկտեմբերի 13-ի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2008 թվականի օգոստոսի 7-ի որոշման դեմ Վ.Ղազարյանի վճռաբեկ բողոքի քննության ընթացակարգը վերանայվել է որոշվել բողոքի քննությունն իրականացնել դատական նիստում:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
6. Նախաքննության մարմնի կողմից Վահե Ղազարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «(...) Նա անմիջական մասնակցություն է ունեցել 2008 մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած լայնածավալ բռնություններով, ջարդերով, հրկիզումներով, պետական, հանրային և մասնավոր գույքի ոչնչացմամբ, վնասումով, բացահայտ հափշտակություններով, իշխանության ներկայացուցիչներին զինված դիմադրություն ցույց տալով, հրազենի, պայթուցիկ նյութերի, որպես զենք օգտագործելու համար հարմարեցված տարատեսակ առարկաների գործադրմամբ, սպանություններով զուգորդված զանգվածային անկարգությունների կատարմանը, այն է` 2008 թվականի մարտի 1-ին ջարդելով վնասել է Ֆրանսիայի դեսպանատան դիմաց` Գրիգոր Լուսավորիչ փողոցի վրա գտնվող շինարարության պարիսպները` վերածելով դրանք մետաղյա ձողերի, դիմադրություն ցուցաբերելու և մարմնական վնասվածքներ պատճառելու համար հարմարեցված առարկաների, որից հետո, ժամը 15-ի սահմաններում զանգվածային անկարգությունների մյուս մասնակիցների հետ չենթարկվելով հակաօրինական գործողությունները դադարեցնելու ոստիկանների պահանջներին, գոռալով, հայհոյանքներ տալով, Երևանի քաղաքապետարանի մոտ հասարակական կարգի պահպանության գծով ծառայություն իրականացնող, իշխանության ներկայացուցիչներ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելով` մետաղյա ձողեր, քարեր և այլ իրեր է նետել վերջիններիս վրա, ինչպես նաև մասնակցել է ջարդարարների հարձակումներից տարբեր ուղղություններով փախչող ոստիկանների հետապնդմանը (...)»(1):
___________________________
1) Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 269-275:
6.1. Առաջին ատյանի դատարանում, գործի քննության ընթացքում, պաշտպանության կողմը միջնորդել է դատարան հրավիրել և որպես վկա հարցաքննել Արմեն Մարտիրոսյանին, ինչը դատարանի կողմից մերժվել է(2):
___________________________
2) Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, դատական նիստի արձանագրություն, թերթեր 72-73:
6.2. Առաջին ատյանի դատարանը հաստատված է համարել, որ ամբաստանյալ Վ.Ղազարյանը անմիջական մասնակցություն է ունեցել 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած լայնածավալ բռնություններով, ջարդերով, հրկիզումներով, պետական, հանրային և մասնավոր գույքի ոչնչացմամբ, վնասումով, բացահայտ հափշտակություններով, իշխանության ներկայացուցիչներին զինված դիմադրություն ցույց տալով, հրազենի, պայթուցիկ նյութերի, որպես զենք օգտագործելու համար հարմարեցված տարատեսակ առարկաների գործադրմամբ, սպանություններով զուգորդված զանգվածային անկարգությունների կատարմանը, և անձամբ կատարել է նշված գործողություններից հետևյալը` ջարդելով վնասել է պարիսպներ` վերածելով դրանք մետաղյա ձողերի, բռնություն է գործադրել ոստիկանների նկատմամբ` նետելով նրանց վրա մետաղյա ձողեր, քարեր և այլ իրեր, երբ նրանք իրականացնելիս են եղել հասարակական կարգի պահպանության գծով ծառայությունը, հետապնդել է ջարդարարների հարձակումից փախչող ոստիկաններին(3):
___________________________
3) Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 92-94:
6.3. Առաջին ատյանի դատարանը մեղադրական դատավճռի հիմքում դրել է վկաներ` Գառնիկ Սարգսյանի, ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Էդուարդ Վարդերեսյանի, նույն բաժանմունքի օպերլիազոր Գագիկ Գևորգյանի ցուցմունքները, զանգվածային անկարգությունների տեսաձայնագրություններ պարունակող լազերային տեսասկավառակի զննության արձանագրությունը, ապացույց ճանաչված 9 լուսանկարները, դեպքի վայրի զննության արձանագրությունները, պայթունատեխնիկական և քիմիական համալիր փորձաքննությունների` 2008 թվականի մարտի 21-ի թիվ 07100803 և 07050803 եզրակացությունները(4):
___________________________
4) Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 92-93:
7. Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, 2008 թվականի օգոստոսի 7-ի որոշմամբ փաստել է. «(...) Վահե Ղազարյանը անմիջական մասնակցություն է ունեցել 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած լայնածավալ բռնություններով, ջարդերով, հրկիզումներով, պետական, հանրային և մասնավոր գույքի ոչնչացմամբ, վնասումով, բացահայտ հափշտակություններով, իշխանության ներկայացուցիչներին զինված դիմադրություն ցույց տալով, հրազենի, պայթուցիկ նյութերի, որպես զենք օգտագործելու համար հարմարեցված տարատեսակ առարկաների գործադրմամբ, սպանություններով զուգորդված զանգվածային անկարգությունների կատարմանը, այն է` ջարդելով վնասել է պարիսպներ` վերածելով դրանք մետաղյա ձողերի, բռնություն է գործադրել ոստիկանների նկատմամբ` նետելով նրանց վրա մետաղյա ձողեր, քարեր և այլ իրեր, երբ նրանք իրականացնելիս են եղել հասարակական կարգի պահպանության գործով ծառայությունը, հետապնդել է ջարդարարների հարձակումից փախչող ոստիկաններին, այսինքն կատարել հանցանք, որ նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի 2-րդ մասով, Երևանի քրեական դատարանի կողմից նրա գործողություններին տրվել է ճիշտ քրեաիրավական գնահատական, այդ առթիվ ամբաստանյալի և նրա պաշտպանների պատճառաբանությունները հերքվում են գործի փաստական տվյալների վերոնշյալ համակցությամբ, ուստի առաջին ատյանի դատարանի 10.06.2008 թվականի դատավճիռը պետք է թողնել օրինական ուժի մեջ, իսկ ամբաստանյալ Ղազարյանի նկատմամբ քրեական գործի վարույթը կարճելու առումով պաշտպանների կողմից բերված վերաքննիչ բողոքը` մերժել (...)»(5):
___________________________
5) Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 144-148:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
8. Բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանները խախտել են «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` նաև Եվրոպական կոնվենցիա) և ՀՀ օրենսդրության մի շարք նորմեր: Մասնավորապես, բողոքաբերը փաստել է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված դատավճռում գործի փաստական հանգամանքների մասին շարադրված դատարանի հետևությունները չեն համապատասխանում հետազոտված ապացույցներին, դատարանը թույլ է տվել քրեադատավարական օրենքի էական խախտումներ:
Ըստ բողոքաբերի` քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված, ինչպես նաև դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցներով հիմնավորվել է, որ իր գործողություններում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմը:
Անդրադառնալով վկաներ Է.Վարդերեսյանի, Գ.Գևորգյանի ցուցմունքներին` բողոքաբերը փաստել է, որ դատարանը չէր կարող որպես ապացույց օգտագործել ոստիկանների տված իրարամերժ, հակասական և ոչ արժանահավատ ցուցմունքները և դրանք դնել դատավճռի հիմքում, քանի որ ինչպես նրանց ցուցմունքների, այնպես էլ մյուս ապացույցների հետազոտմամբ հաստատվում է, որ նշված ոստիկանները կամ չեն եղել ընդհանրապես տվյալ վայրում, կամ էլ այնտեղ չեն տեսել իրեն: Վկա Գառնիկ Սարգսյանի ցուցմունքի հետ կապված բողոքաբերը նշել է, որ դատարանը չի պատճառաբանել, թե հատկապես ինչ հիմքերով է արժանահավատ համարել վկայի նախաքննական, այլ ոչ թե դատարանում տված ցուցմունքները:
Բողոք բերած անձը նշել է նաև, որ ստորադաս դատարանները խախտել են ՀՀ Սահմանադրությամբ և Եվրոպական կոնվենցիայով ամրագրված պաշտպանության և արդար դատաքննության իրավունքը, որը դրսևորվել է նրանում, որ դատաքննության ընթացքում պաշտպանության կողմը միջնորդություն է ներկայացրել դատարան հրավիրել և որպես վկա հարցաքննել ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանին, ով դատաքննության ընթացքում ուսումնասիրված ապացույցների համաձայն ներկա և ականատես է եղել կատարվածին, ինչն Առաջին ատյանի դատարանի կողմից մերժվել է:
9. Վերոգրյալի հիման վրա, բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Առաջին ատյանի դատարանի` 2008 թվականի հունիսի 10-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի` 2008 թվականի օգոստոսի 7-ի որոշումը, կայացնել արդարացման դատական ակտ, քրեական գործի վարույթը կարճել` ճանաչելով և հռչակելով իր անմեղությունը մեղսագրված արարքում:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
10. Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք սույն գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտերը խաթարում են արդարադատության բուն էությունը, խախտում են սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը:
i
11. ՀՀ Սահմանադրության 68-րդ հոդվածի համաձայն` «1. Ոչ ոք չի կարող կրկին դատվել նույն արարքի համար:
2. Սույն հոդվածի 1-ին մասի դրույթները չեն խոչընդոտում գործի վերանայմանը` օրենքին համապատասխան, եթե առկա են նոր կամ նոր երևան եկած հանգամանքներ, կամ գործի քննության ժամանակ տեղ են գտել հիմնարար թերություններ, որոնք կարող էին ազդել գործի արդյունքի վրա»:
i
Եվրոպական կոնվենցիային կից 7-րդ արձանագրության 4-րդ հոդվածի համաձայն` «1. Ոչ ոք չպետք է միևնույն պետության իրավազորության շրջանակներում երկրորդ անգամ դատվի կամ քրեական դատավարության կարգով պատժվի այն հանցագործության կապակցությամբ, որի համար նա արդեն վերջնականապես արդարացվել է կամ դատապարտվել այդ պետության օրենքին և քրեական դատավարությանը համապատասխան:
2. Նախորդ կետի դրույթները չեն խոչընդոտում գործի վերանայմանը տվյալ պետության օրենքին և քրեական դատավարությանը համապատասխան, եթե ի հայտ են եկել նոր կամ նոր բացահայտված փաստեր, կամ նախորդ քննության ժամանակ տեղ են գտել էական թերություններ, որոնք կարող էին ազդել դրա արդյունքի վրա (...)»:
i
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Եվրոպական կոնվենցիային կից 7-րդ արձանագրության 4-րդ հոդվածի համատեքստում դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ պետական իշխանությունները պետք է հարգեն օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պարտադիրությունը և թույլատրեն գործով վարույթի վերսկսում միայն այն դեպքերում, երբ այն կատարելու լեգիտիմ հիմքերը գերազանցում են իրավական որոշակիության սկզբունքը: Մասնավորապես, այն դատական ակտի վերանայումը, որն օրինական ուժ է ստացել, չպետք է թույլատրվի միայն գործը վերաքննելու և նոր որոշում կայացնելու նպատակով, այլ պետք է հետապնդի դատական սխալները և արդարադատության իրականացման ընթացքում թույլ տրված խախտումները շտկելու նպատակ(6):
___________________________
6) Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Bratyakin v. Russia գործով 2006 թվականի մարտի 9-ի որոշումը, գանգատ թիվ 72776/01:
i
Միևնույն ժամանակ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ թիվ 7 արձանագրության 4-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով, «հիմնարար խախտում» հասկացությունը ենթադրում է միայն դատավարական ընթացակարգի լուրջ խախտումը, որն էապես խաթարում է նախորդ դատավարության ամբողջականությունը, կարող է հիմք հանդիսանալ ոչ անձի օգտին գործի վերանայման համար, եթե նա արդարացվել է կամ մեղավոր է ճանաչվել նվազ ծանր հանցագործության համար, քան օրենքով նախատեսվածը, որը ենթակա էր կիրառման: Հետևաբար, նման դեպքերում, դատախազի կամ վերադաս դատարանի կողմից զուտ գործով ապացույցների պարզ վերագնահատումը չէր կարող բավարարել նշված չափանիշին: Այնուամենայնիվ, ինչ վերաբերում է իրավիճակներին, երբ անձը մեղավոր է ճանաչվել և գործի վերանայումը կարող է լինել իր օգտին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ թիվ 7 արձանագրության Բացատրական զեկույցի 31-րդ կետում ընդգծված է, որ «4-րդ հոդվածը չի խոչընդոտում գործի կրկնակի քննությանը` հօգուտ դատապարտված անձի, և դատական ակտի ցանկացած այլ փոփոխությանը` ի շահ դատապարտյալի»: Նման դեպքերում, համապատասխանաբար, խախտման բնույթը նախ և առաջ ենթակա է գնահատման` պարզելու համար, թե արդյո՞ք թույլ է տրվել պաշտպանական իրավունքի խախտում, և, ըստ այդմ, արդյո՞ք գործով առկա է եղել խոչընդոտ` արդարադատության պատշաճ իրականացման համար: Վերջապես, 7-րդ արձանագրության 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` գործի վերանայման հիմքերն ամեն դեպքում, in fine, պետք է լինեն այնպիսին, որ «ազդեն գործի ելքի վրա»` կամ հօգուտ անձի, կամ հակառակը(7):
___________________________
7) Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Mihalache v. Romania գործով 2019 թվականի հուլիսի 8-ի վճիռը, գանգատ թիվ 54012/10, կետ 133:
i
11.1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Նույն անձի վերաբերյալ, նույն դեպքի առիթով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի կամ որոշման առկայությունը բացառում է քրեական գործը նորոգելը մեղադրանքն ավելի ծանրով փոխարինելու կամ ավելի խիստ պատիժ նշանակելու կամ մեկ այլ հիմքով, որն առաջ կբերի անձի վիճակի վատթարացում»:
i
11.2. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` «Նույն հոդվածի երկրորդ մասի կանոնները չեն գործում այն բացառիկ դեպքերում, երբ գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որի արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը, խախտում է սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը»:
11.3. Վերը մեջբերված քրեադատավարական նորմերը Վճռաբեկ դատարանը վերլուծել է Մկրտիչ Սարգսյանի գործով որոշմամբ և իրավական դիրքորոշումներ արտահայտել առ այն, որ «(...) Օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը կարող են վերանայվել բացառապես նյութական կամ դատավարական իրավունքի հիմնարար խախտման (կամ նոր երևան եկած կամ նոր հանգամանքների) հիմքով: Նման իրավակարգավորումը բխում է իրավաչափ այն գաղափարից, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայումը ընդհանուր կանոնից բացառություն է և, որպես այդպիսին, ենթադրում է բողոքարկման բացառիկ հիմքերի առկայություն:
i
Հարկ է ընդգծել, որ «հիմնարար խախտումը» ենթադրում է խախտման առավել ծանր բնույթ, քան քրեական օրենքի սխալ կիրառումը կամ քրեադատավարական օրենքի էական խախտումը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-398-րդ հոդվածներ): Հիմնարար խախտման էությունը դրսևորվում է նրանում, որ այն ի սկզբանե կանխորոշում է քրեական գործի քննության ոչ ճիշտ ընթացքը, բովանդակազրկում դրա նշանակությունը` դրանով իսկ վկայելով անօրինական և չհիմնավորված դատական ակտ կայացված լինելու մասին: (...)»(8):
___________________________
8) Տե՛ս, Մկրտիչ Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի հունիսի 5-ի թիվ ԵՄԴ/0020/01/14 որոշման 19-20-րդ կետերը:
i
11.4. «Հիմնարար խախտման» էությանն անդրադարձել է նաև ՀՀ Սահմանադրական դատարանը` թիվ ՍԴՈ-1431 որոշմամբ ընդգծելով հետևյալը. «(...) Հիմնարար խախտումը պետք է պատճառահետևանքային կապի մեջ գտնվի ընդունված և արդարադատության բուն էությունը խաթարող դատական ակտի հետ: Քրեական արդարադատությունը, վերջին հաշվով, ուղղված է անմեղ անձին արդարացնելուն, հանցանք կատարած անձին դատապարտելուն, նրա նկատմամբ արդարացի պատիժ նշանակելուն, հանցագործությունից տուժած անձի իրավունքներն ու իրավաչափ շահերը պաշտպանելուն, նրան պատճառված վնասը հատուցելուն: Այսինքն` առերևույթ հիմնարար խախտումը պետք է արժեզրկի քրեական գործով իրականացված արդարադատությունը, նսեմացնի կայացված դատական ակտի դերն ու նշանակությունը: Մասնավորապես` այդպիսի վիճակ կարող է առաջանալ այն դեպքում, երբ գործը քննվել և դատական ակտը կայացվել է դատարանի ոչ օրինական կազմով, կամ երբ անձը դատապարտվել է այնպիսի արարքի համար, որը ստացել է ակնհայտ սխալ իրավական գնահատական»(9):
___________________________
9) Տե՛ս, ՀՀ Սահմանադրական դատարանի` 2018 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ ՍԴՈ-1431 որոշման 4.3-րդ կետը:
i
12. Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` «1. Յուրաքանչյուր ոք (...) նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
(...)
3. Քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի հետևյալ նվազագույն իրավունքները.
դ) հարցաքննելու իր դեմ ցուցմունք տվող վկաներին կամ իրավունք ունենալու, որ այդ վկաները ենթարկվեն հարցաքննության, և իրավունք ունենալու` իր վկաներին կանչելու ու հարցաքննելու միևնույն պայմաններով, ինչ իր դեմ ցուցմունք տված վկաները (...)»:
12.1. Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի կապակցությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով 2018 թվականի սեպտեմբերի 20-ի վճռով(10) արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.
___________________________
10) Տե՛ս Mushegh Saghatelyan v. Armenia գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 2018 թվականի սեպտեմբերի 20-ի վճիռը, գանգատ թիվ 23086/08:
- որոշելու համար, թե արդյոք վարույթն ընդհանուր առմամբ արդար է եղել, թե` ոչ, պետք է հաշվի առնել, թե արդյոք պահպանվել են պաշտպանության կողմի իրավունքները, և արդյոք դիմումատուին հնարավորություն է տրվել վիճարկելու ապացույցների իսկությունը և առարկելու դրանց օգտագործման դեմ: Ի լրումն, ապացույցների որակը պետք է քննարկման առարկա հանդիսանա, ներառյալ` արդյոք այդ ապացույցների ձեռքբերման հանգամանքները կասկած չեն առաջացնում դրանց վստահելիության և ճշգրտության վերաբերյալ(11),
___________________________
11) Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Bykov v. Russia գործով 2009 թվականի մարտի 10-ի վճիռը, գանգատ թիվ 4378/02, 89-90-րդ կետեր, Huseyn and Others v. Azerbaijan գործով 2011 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 35485/05, 199-200-րդ կետեր:
- որպես ընդհանուր կանոն` դատարաններն են գնահատում իրենց ներկայացված ապացույցները, ինչպես նաև այն ապացույցների վերաբերելիությունը, որոնք վկայակոչում է պաշտպանության կողմը: Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետով նրանց թույլատրվում է, կրկին որպես ընդհանուր կանոն, որոշել` արդյոք անհրաժեշտ է անձանց որպես վկա կանչելը` կոնվենցիոն համակարգում այդ բառին տրված «ավտոնոմ» նշանակությամբ: Ապացույցները վերցնելու համատեքստում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հատուկ ուշադրություն է դարձրել կողմերի հավասարության սկզբունքին համապատասխանությանը, որն արդար դատաքննության հիմնարար հայեցակետերից մեկն է, և որով ենթադրվում է, որ դիմումատուին պետք է «տրվի իր գործն այնպիսի պայմաններում ներկայացնելու ողջամիտ հնարավորություն, որն իր համար ոչ բարենպաստ պայմաններ չի ստեղծի` համեմատած իր հակառակորդի հետ»(12),
___________________________
12) Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Kasparov and Others v. Russia գործով 2013 թվականի հոկտեմբերի 3-ի վճիռը, գանգատ թիվ 21613/07, 57-58-րդ կետեր:
- չնայած սովորաբար ազգային դատարաններն են որոշում կայացնում վկային կանչելու անհրաժեշտության և նպատակահարմարության վերաբերյալ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բացառիկ հանգամանքներում կարող է հանգել այն եզրակացության, որ այդպես չվարվելը հակասում է Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածին(13),
___________________________
13) Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Bricmont v. Belgium գործով 1989 թվականի հուլիսի 7-ի վճիռը, գանգատ թիվ 10857/84, 89-րդ կետ, Popov v. Russia գործով 2006 թվականի հուլիսի 13-ի վճիռը, գանգատ թիվ 26853/04, 188-րդ կետ, Dorokhov v. Russia գործով 2008 թվականի փետրվարի 14-ի վճիռը, գանգատ թիվ 66802/01, 65-րդ կետ:
- եթե վկաներին հարցաքննելու մասին մեղադրյալի միջնորդությունն ավելորդ բարդություններ չի առաջացնում, բավարար հիմնավորված է, առնչվում է մեղադրանքի էությանը և թերևս կարող է ամրապնդել պաշտպանությունը կամ նույնիսկ հանգեցնել արդարացման դատավճռի, ապա ներպետական իշխանություններն այդ միջնորդությունը մերժելու համար պետք է համապատասխան պատճառաբանություններ ներկայացնեն(14),
___________________________
14) Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Topic v. Croatia գործով 2013 թվականի հոկտեմբերի 10-ի վճիռը, գանգատ թիվ 51355/10, 42-րդ կետ, Polyakov v. Russia գործով 2009 թվականի հունվարի 29-ի վճիռը, գանգատ թիվ 77018/01, 36-րդ կետ:
- չնայած դիմումատուին դատապարտելիս ներպետական դատարանները, ոստիկանության ծառայողների ցուցմունքներից բացի, հղում են կատարել այլ ապացույցների, միակ ապացույցը, որով ուղղակիորեն ենթադրվում էր դիմումատուի մասնակցությունն այդ արարքների կատարմանը, և որով տրամադրվում էր դրանց մանրամասները, տվյալ ցուցմունքներն էին: Բոլոր մյուս ապացույցները, որոնց դատարանները հղում են կատարել, անուղղակի ապացույցներ են, և չի կարելի ասել, որ դրանք ուղղակիորեն ցույց են տալիս դիմումատուի առնչությունը մեղսագրվող արարքներին(15),
___________________________
15) Տե՛ս Mushegh Saghatelyan v. Armenia գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նշված վճիռը, 206-րդ կետ:
- Մարդու իրավունքների եվրոպական դատարանը քննել է մի շարք գործեր, որոնց դեպքում հրապարակային միջոցառման ժամանակ անհատին իր պահվածքի պատճառով քրեական հետապնդման են ենթարկել և դատապարտել` հիմնվելով բացառապես այն ոստիկանության ծառայողների ցուցմունքների վրա, որոնք ակտիվորեն ներգրավված են եղել վիճարկվող իրադարձություններում: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գտել է, որ այդ վարույթներում դատարանները պատրաստակամորեն և անվերապահորեն ընդունել են ոստիկանության ծառայողների ցուցմունքները և դիմումատուին որևէ հնարավորություն չեն տվել հակառակ ապացույցներ ներկայացնելու: Այն վճռել է, որ այս մեղադրանքների հիմքում ընկած այն հիմնական փաստերի վերաբերյալ վեճի դեպքում, երբ մեղադրանքի կողմի միակ վկաներն այն ոստիկանության ծառայողներն են եղել, որոնք ակտիվ դեր են ունեցել վիճարկվող իրադարձություններում, դատարանները պետք է պարտադիր օգտագործեին յուրաքանչյուր ողջամիտ հնարավորություն` ստուգելու նրանց մեղադրական ցուցմունքները(16):
___________________________
16) Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Kasparov and Others v. Russia գործով 2013 թվականի հոկտեմբերի 3-ի վճիռը, գանգատ թիվ 21613/07, 64-րդ կետ, Navalnyy and Yashin v. Russia գործով 2014 թվական դեկտեմբերի 4-ի վճիռը, գանգատ թիվ 76201/11, 83-րդ կետ, Frumkin v. Russia գործով 2016 թվականի հունվարի 5-ի վճիռը, գանգատ թիվ 74568/12, 165-րդ կետ:
13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`
- Վ.Ղազարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա անմիջական մասնակցություն է ունեցել 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած լայնածավալ բռնություններով, ջարդերով, հրկիզումներով, պետական, հանրային և մասնավոր գույքի ոչնչացմամբ, վնասումով, բացահայտ հափշտակություններով, իշխանության ներկայացուցիչներին զինված դիմադրություն ցույց տալով, հրազենի, պայթուցիկ նյութերի, որպես զենք օգտագործելու համար հարմարեցված տարատեսակ առարկաների գործադրմամբ, սպանություններով զուգորդված զանգվածային անկարգությունների կատարմանը, այն է` 2008 թվականի մարտի 1-ին ջարդելով վնասել է Ֆրանսիայի դեսպանատան դիմաց` Գրիգոր Լուսավորիչ փողոցի վրա գտնվող շինարարության պարիսպները` վերածելով դրանք մետաղյա ձողերի, դիմադրություն ցուցաբերելու և մարմնական վնասվածքներ պատճառելու համար հարմարեցված առարկաների, որից հետո, ժամը 15-ի սահմաններում զանգվածային անկարգությունների մյուս մասնակիցների հետ չենթարկվելով հակաօրինական գործողությունները դադարեցնելու ոստիկանների պահանջներին, գոռալով, հայհոյանքներ տալով, Երևանի քաղաքապետարանի մոտ հասարակական կարգի պահպանության գործով ծառայություն իրականացնող, իշխանության ներկայացուցիչներ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելով` մետաղյա ձողեր, քարեր և այլ իրեր է նետել վերջիններիս վրա, ինչպես նաև մասնակցել է ջարդարարների հարձակումներից տարբեր ուղղություններով փախչող ոստիկանների հետապնդմանը(17),
___________________________
17) Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:
- Առաջին ատյանի դատարանում, գործի քննության ընթացքում, պաշտպանության կողմը միջնորդել է դատարան հրավիրել և որպես վկա հարցաքննել Արմեն Մարտիրոսյանին, ինչը դատարանի կողմից մերժվել է(18),
___________________________
18) Տե՛ս սույն որոշման 6.1-րդ կետը:
- Առաջին ատյանի դատարանը հաստատված է համարել, որ ամբաստանյալ Վ.Ղազարյանը անմիջական մասնակցություն է ունեցել 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած լայնածավալ բռնություններով, ջարդերով, հրկիզումներով, պետական, հանրային և մասնավոր գույքի ոչնչացմամբ, վնասումով, բացահայտ հափշտակություններով, իշխանության ներկայացուցիչներին զինված դիմադրություն ցույց տալով, հրազենի, պայթուցիկ նյութերի, որպես զենք օգտագործելու համար հարմարեցված տարատեսակ առարկաների գործադրմամբ, սպանություններով զուգորդված զանգվածային անկարգությունների կատարմանը, և անձամբ կատարել է նշված գործողություններից հետևյալը` ջարդելով վնասել է պարիսպներ` վերածելով դրանք մետաղյա ձողերի, բռնություն է գործադրել ոստիկանների նկատմամբ` նետելով նրանց վրա մետաղյա ձողեր, քարեր և այլ իրեր, երբ նրանք իրականացնելիս են եղել հասարակական կարգի պահպանության գծով ծառայությունը, հետապնդել է ջարդարարների հարձակումից փախչող ոստիկաններին(19):
___________________________
19) Տե՛ս սույն որոշման 6.2-րդ կետը:
- Առաջին ատյանի դատարանը մեղադրական դատավճռի հիմքում դրել է վկաներ` Գառնիկ Սարգսյանի, ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Էդուարդ Վարդերեսյանի, նույն բաժանմունքի օպերլիազոր Գագիկ Գևորգյանի ցուցմունքները, զանգվածային անկարգությունների տեսաձայնագրություններ պարունակող լազերային տեսասկավառակի զննության արձանագրությունը, ապացույց ճանաչված 9 լուսանկարները, դեպքի վայրի զննության արձանագրությունները, պայթունատեխնիկական և քիմիական համալիր փորձաքննությունների` 2008 թվականի մարտի 21-ի թիվ 07100803 և 07050803 եզրակացությունները(20),
___________________________
20) Տե՛ս սույն որոշման 6.3-րդ կետը:
- Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, դատական ակտում նշել է, որ Վ.Ղազարյանն անմիջական մասնակցություն է ունեցել 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած լայնածավալ բռնություններով, ջարդերով, հրկիզումներով, պետական, հանրային և մասնավոր գույքի ոչնչացմամբ, վնասումով, բացահայտ հափշտակություններով, իշխանության ներկայացուցիչներին զինված դիմադրություն ցույց տալով, հրազենի, պայթուցիկ նյութերի, որպես զենք օգտագործելու համար հարմարեցված տարատեսակ առարկաների գործադրմամբ, սպանություններով զուգորդված զանգվածային անկարգությունների կատարմանը, այն է` ջարդելով վնասել է պարիսպներ` վերածելով դրանք մետաղյա ձողերի, բռնություն է գործադրել ոստիկանների նկատմամբ` նետելով նրանց վրա մետաղյա ձողեր, քարեր և այլ իրեր, երբ նրանք իրականացնելիս են եղել հասարակական կարգի պահպանության գործով ծառայությունը, հետապնդել է ջարդարարների հարձակումից փախչող ոստիկաններին(21):
___________________________
21) Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
14. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-12-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների, Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների լույսի ներքո, ինչպես նաև հաշվի առնելով այդ դիրքորոշումների համատեքստում արդար դատաքննության իրավունքի ներկայիս զարգացումը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, Վ.Ղազարյանի մեղադրանքը հիմնավորելիս, առավելապես հիմնվելով ոստիկանության աշխատակիցների ցուցմունքների վրա` չեն ապահովել Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից մատնանշված` արդար դատաքննության իրավունքի երաշխիքները: Դատարանները Վ.Ղազարյանի մեղքը հիմնավորող ապացուցողական զամբյուղում ծանրակշիռ դեր հատկացնելով ոստիկանության աշխատակիցների ցուցմունքներին` պատշաճ գնահատման չեն ենթարկել այն, որ վերջիններս ակտիվորեն ներգրավված են եղել վիճարկվող իրադարձություններում, ինչը ողջամտորեն կասկածի տակ է դնում նրանց ցուցմունքների վստահելիությունն ու արժանահավատությունը: Մասնավորապես, սույն գործով վճռորոշ ապացույցները, որոնցով ուղղակիորեն հիմնավորվել է Վ.Ղազարյանի մասնակցությունը նրան վերագրված արարքի կատարմանը, վիճարկվող իրադարձությունների անմիջական մասնակիցներ` ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Է.Վարդերեսյանի, նույն բաժանմունքի օպերլիազոր Գ.Գևորգյանի ցուցմունքներն են:
Նման պայմաններում, ստորադաս դատարանները չեն օգտագործել յուրաքանչյուր ողջամիտ հնարավորություն` ստուգելու այն ոստիկանության ծառայողների մեղադրական ցուցմունքները, որոնք ակտիվ դեր են ունեցել Վ.Ղազարյանին մեղսագրվող արարքի կատարման ժամանակահատվածում: Ավելին, ինչպես նշվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռում, պաշտպանական կողմին հնարավորություն չի ընձեռվել արդյունավետորեն վիճարկելու ոստիկանության աշխատակիցների ցուցմունքների իսկությունը և առարկելու դրանց օգտագործման դեմ: Այսինքն` բողոքաբերի փաստարկներն այն մասին, որ պաշտպանական կողմին հնարավորություն չի ընձեռվել արդյունավետորեն վիճարկելու ոստիկանության աշխատակիցների ցուցմունքների իսկությունը և առարկելու դրանց օգտագործման դեմ, ընդունելի են Վճռաբեկ դատարանի համար, քանի որ պաշտպանական կողմին հնարավորություն չի տրվել դատարան հրավիրելու վկա Ա.Մարտիրոսյանին և ապացուցողական զանգվածում ներառելու վերջինիս ցուցմունքները, որը կասկածի տակ էր դնում ոստիկանության աշխատակիցների կողմից ներկայացված տվյալներն ու հիմնավորում դեպքի հանգամանքների վերաբերյալ պաշտպանական կողմի առաջ քաշված վարկածը: Այլ կերպ, ոստիկանության աշխատակիցների կողմից ներկայացված տվյալներն անվերապահորեն ընդունելը` առանց պաշտպանական կողմին լիարժեք հնարավորություն ընձեռելու մրցակցային դատավարության պայմաններում արդյունավետորեն վիճարկելու իր դեմ տրված ցուցմունքների արժանահավատությունը, ինչպես արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով, այնպես էլ սույն գործով, հանգեցրել է Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված` արդար դատաքննության իրավունքի խախտման(22):
___________________________
22) Տե՛ս Matevosyan v. Armenia գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 2019 թվականի հոկտեմբերի 10-ի վճիռը, գանգատ թիվ 61730/08, 41-րդ կետ, mutatis mutandis, Mushegh Saghatelyan v. Armenia գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 2018 թվականի սեպտեմբերի 20-ի վճիռը, գանգատ թիվ 23086/08:
15. Վերոգրյալի հաշվառմամբ անդրադառնալով նաև ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքը կատարելու մեջ Վ.Ղազարյանի մեղավորության հարցին` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել հետևյալը.
i
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Հանցանք գործելու մեջ անձի մեղավորության մասին հետևությունը չի կարող հիմնվել ենթադրությունների վրա, այն պետք է հաստատվի գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ»:
i
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի համաձայն` «Գործով հավաքված ապացույցները ենթակա են բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման` ձեռք բերված ապացույցի վերլուծության, այն այլ ապացույցների հետ համադրելու, նոր ապացույցներ հավաքելու, ապացույցների ձեռքբերման աղբյուրներն ստուգելու միջոցով»:
i
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի համաձայն` «1. Յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման` վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից:
2. Հետաքննության մարմնի աշխատակիցը, քննիչը, դատախազը, դատավորը, ղեկավարվելով օրենքով, ապացույցները գնահատում են ապացույցների համակցության մեջ` դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված իրենց ներքին համոզմամբ»:
i
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Մեղադրական դատավճիռը չի կարող հիմնված լինել ենթադրությունների վրա և կայացվում է միայն այն դեպքում, երբ հանցանքը կատարելու մեջ ամբաստանյալի մեղավորությունն ապացուցված է դատական քննության ընթացքում: Հանցանքը կատարելու մեջ ամբաստանյալի մեղավորությունը կարող է համարվել ապացուցված, եթե դատարանը, ղեկավարվելով անմեղության կանխավարկածով, հիմնվելով պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում դատական քննության ընթացքում գործի հանգամանքների հետազոտման արդյունքների վրա, դատաքննության ժամանակ հետազոտված հավաստի ապացույցների հիման վրա, ամբաստանյալի մեղավորության մասին չփարատվող բոլոր կասկածները նրա օգտին մեկնաբանելով, սույն օրենսգրքի 360 հոդվածի առաջին մասի 1-4-րդ կետերում նշված հարցերին տալիս է հաստատող պատասխաններ»:
15.1. Վերլուծելով ապացուցման քրեադատավարական կանոնները, մասնավորապես անդրադառնալով «ապացույցների բավարարություն» հասկացությանը` Վճռաբեկ դատարանն Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով որոշման մեջ նշել է, որ.
«(...) «Ապացույցների բավարարությունը» որոշելու չափանիշներն են.
1) անմեղության կանխավարկածը,
2) վարույթն իրականացնող մարմինների ներքին համոզմունքը,
3) դատավարական որոշումների հիմնավորվածությունը և պատճառաբանվածությունը:
(...) Հանցանք կատարելու մեջ անձի մեղավորությունը հաստատված համարելը ոչ այլ ինչ է, քան անմեղության կանխավարկածի հաղթահարում: Միևնույն ժամանակ, անձին դատապարտելու համար համարժեք ապացույցների բավարար համակցության բացակայությունը նշանակում է, որ անձի անմեղության կանխավարկածը հաղթահարված չէ: Այլ խոսքով` քրեական դատավարության ընթացքում չապացուցված մեղավորությունը հավասարազոր է ապացուցված անմեղության:
(...) Ներքին համոզմունքը, որպես ապացույցների գնահատման արդյունք, բնութագրվում է օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնների անխզելի կապով. այն, մի կողմից, պետք է բխի հետազոտվող ապացույցների բավարար համակցությունից և հիմնվի դրանց վրա, իսկ մյուս կողմից, անկողմնակալ դիտորդի մոտ պետք է առաջացնի այն վստահությունը, որ ապացույցները հետազոտվել են արդարության բոլոր պահանջների պահպանմամբ:
(...) Ապացույցի արժանահավատության հատկանիշը նույնպես վերաբերում է ապացույցի բովանդակային գնահատմանը: Արժանահավատ է այն ապացույցը, որի ճշմարտացիությունը կասկած չի հարուցում: Ապացույցն արժանահավատության տեսանկյունից գնահատելիս դատարանը պետք է հիմք ընդունի հետևյալ հանգամանքները.
ա) ապացույցի աղբյուրի հատկանիշները (օրինակ` փորձագետի ձեռնհասությունը, ցուցմունք տվող անձի շահագրգռվածությունը, որոշ դեպքերում հոգեբանական և ֆիզիոլոգիական հատկանիշները, վիճակը, ինչպես նաև անձին վերաբերող այլ հատկանիշներ, որոնք կարող են ազդեցություն ունենալ այդ անձի կողմից գործի համար նշանակություն ունեցող հանգամանքներն ընկալելու, մտապահելու, վերարտադրելու գործընթացի վրա),
բ) ապացույցի ձևավորման հանգամանքները (օրինակ` վկայի կողմից կոնկրետ հանգամանքն ընկալելու պայմանները, պաշտպանի, ներկայացուցչի ներկայությունը և այլն),
(...):
Յուրաքանչյուր ապացույց արժանահավատության տեսանկյունից պետք է գնահատվի ապացույցների համակցության մեջ` բազմակողմանի և մանրամասն գնահատելով փաստական տվյալների ստացման աղբյուրները և ապացույցի ձևավորման ամբողջ ընթացքը: Ապացույցի արժանահավատության վերաբերյալ վերջնական որոշում կարող է կայացվել դրա բովանդակությունն այլ աղբյուրներից ստացված տեղեկությունների հետ համադրելու արդյունքում: Որոշակի փաստի վերաբերյալ այս կամ այն աղբյուրից ստացված տեղեկությունների արժանահավատությունը գնահատելու համար անհրաժեշտ է վերլուծել ստացված տեղեկությունների բովանդակությունը, համադրել դրանք այլ ապացույցների հետ, պարզել դրանց համապատասխանությունը կամ հակասությունը, հակասության դեպքում` դրա պատճառները:
Ապացույցի արժանահավատության վերաբերյալ դատարանի եզրահանգումները պետք է հիմնվեն գործում առկա փաստական տվյալների վրա:
(...) Ապացույցների գնահատման արդյունքում ձևավորված ներքին համոզմունքն իրավական նշանակություն է ստանում և օբյեկտիվացվում ապացույցների բավարարությունը որոշելու մյուս` դատավարական որոշումների հիմնավորման և պատճառաբանման չափանիշի միջոցով (...):
(...) Քրեական դատավարությունում մեղքի հարցը լուծելիս որպես ապացույցների բավարարության շեմ պետք է գործի «հիմնավոր կասկածից վեր» ապացուցողական չափանիշը: Ընդ որում, «հիմնավոր կասկածից վեր» ապացուցողական չափանիշ ասելով, պետք է հասկանալ փաստական տվյալների (ապացույցների) այնպիսի համակցություն, որը բացառում է հակառակի ողջամիտ հավանականությունը: Վերոգրյալը չի նշանակում, որ հանցանք գործելու մեջ անձի մեղավորությունն ընդհանրապես չի կարող առաջացնել որևէ կասկած, սակայն այդպիսի կասկածի հավանականության դեպքում դրա աստիճանը պետք է լինի աննշան (խիստ ցածր): Այլ խոսքով` մեղադրանքը կազմող յուրաքանչյուր փաստական հանգամանք պետք է հիմնավորվի ապացույցների այնպիսի ծավալով, որը կբացառի դրա ապացուցվածության վերաբերյալ ցանկացած ողջամիտ կասկած»(23):
___________________________
23) Տե՛ս Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշման 29-31-րդ և 33-րդ կետերը:
16. Սույն որոշման 15-15.1-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով 13-րդ կետում ներկայացված փաստական հանգամանքները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները պատշաճ վերլուծության չեն ենթարկել այն հարցը, թե ոստիկանության աշխատակիցների ցուցմունքները` սույն գործի փաստական հանգամանքների և գործի նյութերի համատեքստում արդյո՞ք կասկած չեն առաջացնում դրանց վստահելիության և ճշգրտության առումով, ինչն ուներ առանցքային նշանակություն` դրանց արժանահավատությունը, ինչպես նաև այլ փաստական տվյալների հետ համակցության մեջ գործի լուծման համար բավարարությունը որոշելու տեսանկյունից:
Այսպես. դատական ակտերով հաստատված փաստական հանգամանքների և գործի նյութերի համադրված վերլուծությունից հետևում է, որ Վ.Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին ակտիվորեն չենթարկվելու և նրանց նկատմամբ բռնություն գործադրելու համար(24), ինչը հիմնավորվել է վիճարկվող իրադարձությունների անմիջական մասնակիցներ` ոստիկանության աշխատակիցների ցուցմունքներով(25):
___________________________
24) Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:
25) Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:
Նման պայմաններում, դեպքի ժամանակագրությունը` 2008 թվականի մարտի 1-ին Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների պահից մինչև Վ.Ղազարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանքի առաջադրումը` ողջամտորեն ստվերում են այն հիմնավորող, գործով ուղղակի ապացույց հանդիսացող` ոստիկանության աշխատակիցների ցուցմունքների վստահելիությունն ու ճշգրտությունը` կասկածի տակ դնելով դրանց արժանահավատությունը և վկայում Վ.Ղազարյանի` Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված` արդար դատաքննության իրավունքի երաշխիքների խախտման մասին:
17. Հիմք ընդունելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտերը խաթարում են արդարադատության բուն էությունը, խախտում են սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը:
Նշվածը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի և 419-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիման վրա բեկանելու ստորադաս դատարանների` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը, ճանաչելու և հռչակելու Վ.Ղազարյանի անմեղությունը` ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում և քրեական գործի վարույթը կարճելու` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 21-րդ, 35-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վահե Ռոմենի Ղազարյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով Երևանի քրեական դատարանի` 2008 թվականի հունիսի 10-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2008 թվականի օգոստոսի 7-ի որոշումը բեկանել:
2. Վահե Ռոմենի Ղազարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում ճանաչել անմեղ և արդարացնել, քրեական գործի վարույթը կարճել` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում` հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Հ. Ասատրյան
Դատավորներ` Ս. Ավետիսյան
Ե. Դանիելյան
Լ. Թադևոսյան
Ա. Պողոսյան
Ս. Օհանյան
__________________________________
ԻՐՏԵԿ - սույն որոշման հրապարակման օրը www.datalex.am կայքէջում բացակայում է, իսկ Միասնական կայքում այն հրապարակվել է 2022 թվականի մայիսին 20-ին:
Միասնական կայք` 16.05.22-29.05.22