ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/4860/05/16
դատարանի որոշում 2020 թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/4860/05/16
Նախագահող դատավոր` Ա. Բաբայան
Դատավորներ` Ա. Առաքելյան
Ա. Թովմասյան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող և զեկուցող Ռ. Հակոբյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Ե. Խունդկարյան
Գ. Հակոբյան
Տ. Պետրոսյան
Է. Սեդրակյան
Ն. Տավարացյան
2020 թվականի հուլիսի 03-ին
դռնբաց դատական նիստում քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) ներկայացուցիչ Արման Մնացականյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 24.10.2018 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «Ալմաքար» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի` 18.05.2016 թվականի թիվ 577/08 որոշումն (այսուհետ` Որոշում) անվավեր ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Որոշումը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ռ. Խանդանյան) (այսուհետ` Դատարան) 17.05.2017 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 24.10.2018 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 17.05.2017 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերության տնօրենը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
i
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Ընկերությունը փոստային առաքմամբ ծանուցվել է իր նկատմամբ վարչական վարույթ հարուցելու մասին, որով տեղեկացվել է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչությունում հարուցվել է վարչական վարույթ` Ընկերության չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ իրավահարաբերության ծագման պահին գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածով նախատեսված վարչական ակտ ընդունելու նպատակով: Ի կատարումն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 35-րդ և 38-րդ հոդվածներով վարչական մարմնին վերապահված պարտականությունների` առաջարկվել է եռօրյա ժամկետում ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչություն ներկայացնել նշվածի վերաբերյալ Ընկերության գրավոր բացատրությունները և/կամ առարկությունները, սակայն նշված ժամկետում հայցվորը վարույթի շրջանակներում անցկացվող լսումներին չի մասնակցել և բացատրություններ/առարկություններ չի ներկայացել: Դա նշանակում է, որ հարուցված վարչական վարույթի վերաբերյալ լսումներ անցկացնելու կոնկրետ ժամի և օրվա մասին տեղեկատվության բացակայությունն ըստ էության չի ազդում հայցվորի սուբյեկտիվ իրավունքների և օրինական շահերի անարգել իրականացման վրա և չի կարող հանգեցնել վարչական ակտի անվավերության:
Բացի այդ նույնանման փաստական հանգամանքներով թիվ ՎԴ/7680/05/16 վարչական գործով ըստ հայցի «Նոյ 777» ՍՊԸ-ի ընդդեմ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի` ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչության պետի կողմից 29.08.2016 թվականին ընդունված թիվ 1320/01 որոշումը և ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչության պաշտոնատար անձանց կողմից 16.09.2016 թվականին ընդունված թիվ 033470 որոշումը վերացնելու պահանջների մասին գործով կայացված վճռում Դատարանը վերոգրյալի կապակցությամբ հայտնել է հետևյալ դիրքորոշումը` «...հայցվոր ընկերությանը ծանուցելով` պատասխանող վարչական մարմինը վերջինիս հնարավորություն է ընձեռել արտահայտել իր դիրքորոշումները` բացատրությունները կամ առարկությունները: Դատարանն արձանագրում է, որ վարույթ հարուցելու և գրավոր բացատրություններ կամ առարկություններ ներկայացնել առաջարկելու վերաբերյալ վարչական մարմնի ծանուցագիրը հայցվոր ընկերությունը ստացել է 22.08.2016 թվականին այն դեպքում, երբ վարչական վարույթը եզրափակող վարչական ակտը` թիվ 1320/01 որոշումն, ընդունվել է 29.08.2016 թվականին: Այսինքն` հայցվոր ընկերությունը, անկախ ծանուցագրով սահմանված եռօրյա ժամկետից, մեկ շաբաթ ժամանակ է ունեցել իր դիրքորոշումը քննարկվող հարցի վերաբերյալ արտահայտելու, օգտվելու «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով իրեն վերապահված բոլոր իրավունքներից, իսկ եթե նշված ժամանակը հայցվորին բավարար չէր, վերջինս որևէ կերպ կաշկանդված չէր դիմել վարչական մարմնին` ժամկետը երկարաձգելու, նոր ժամկետ ներկայացնելու, կամ գրավոր դիրքորոշման փոխարեն բանավոր դիրքորոշումները ներկայացնելու հնարավորությունից: ...Դատարանի գնահատմամբ ծանուցագիրը վարույթի մասնակից ընկերության կողմից ստանալուց մեկ շաբաթ հետո վարչական ակտ ընդունելով, ծանուցագրով քննարկվող հարցի վերաբերյալ դիրքորոշում ներկայացնել ընկերությանն առաջարկելով` պատասխանող վարչական մարմինն ապահովել է վերջինիս լսված լինելու իրավունքը, մինչդեռ ընկերությունն ինքն է դրսևորել անտարբեր անգործություն, որի արդյունքում վարչական մարմնի գործողությունները չեն կարող գնահատվել ոչ իրավաչափ»:
Վերը հիշատակված վճռի դեմ հայցվոր «Նոյ 777» ՍՊԸ-ի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 14.03.2018 թվականի որոշմամբ մերժվել է և վճիռը թողնվել է անփոփոխ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 24.10.2018 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցն ամբողջությամբ մերժել կամ գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.
Վերաքննիչ դատարանն իրավացիորեն հիմնավոր է համարել Դատարանի պատճառաբանություններն առ այն, որ վարույթն իրականացնող պաշտոնատար անձը չի ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ հարկային պարտավորություններ ստանձնող անձի մասնակցությունն ապահովելու և վերջինիս կողմից իր իրավունքները լիարժեքորեն իրացնելու իրական հնարավորություն ընձեռելու տեսանկյունից, ուստի Որոշումն ընդունվել է օրենքի սխալ մեկնաբանման և կիրառման արդյունքում: Նման պայմաններում վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման, և Վերաքննիչ դատարանի որոշումը պետք է թողնել անփոփոխ:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչության 8-րդ բաժնի պետի 06.05.2016 թվականի թվագրությամբ ծանուցագրով Ընկերության տնօրեն Արամ Մակարյանին հայտնվել է, որ ըստ հարկային մարմնում առկա անձնական հաշվի քարտի` Ընկերությունը 05.05.2016 թվականի դրությամբ ունի 22.176.664 ՀՀ դրամ չկատարված պարտավորություն: Նշված հարկային պարտավորությունը սահմանված ժամկետներում չկատարելու դեպքի առթիվ Ընկերության տնօրեն Արամ Մակարյանը 13.05.2016 թվականին հրավիրվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչության 8-րդ բաժին (ք. Աբովյան, Բարեկամության հրապարակ 1)` վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմմանը մասնակցելու համար: Նշված ծանուցագրով Ընկերության տնօրենին միաժամանակ հայտնվել է, որ հարուցվել է վարչական վարույթ Ընկերության չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածով նախատեսված վարչական ակտ ընդունելու նպատակով, և առաջարկվել է եռօրյա ժամկետում ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչություն ներկայացնել վերը նշվածի վերաբերյալ գրավոր բացատրություններ և/կամ առարկություններ: Նշված ծանուցագիրն Ընկերությունում ստացվել է 13.05.2016 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 46, 48).
2) ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչության պետի Որոշմամբ որոշվել է Ընկերությունից գանձել 21.214.664 ՀՀ դրամ պարտավորության գումար (հատոր 1-ին, գ.թ. 43-44):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
i
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, եթե առնվազն մեկ այլ գործով ստորադաս դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտում միևնույն նորմը կիրառվել է կամ չի կիրառվել հակասող մեկնաբանությամբ, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` վարչական վարույթի ընթացիկ փուլում լսումների անցկացման վերաբերյալ վարչական վարույթի մասնակիցներին պատշաճ ծանուցելու առանձնահատկությունների վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն իրավական հարցադրմանը, թե ի՞նչ տեղեկություններ պետք է պարունակի վարչական վարույթի ընթացիկ փուլում լսումների անցկացման վերաբերյալ վարույթի մասնակցին հասցեագրված ծանուցագիրը:
i
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` նույն օրենքը սահմանում է վարչարարության հիմունքները, կարգավորում է վարչական ակտեր ընդունելու (...) հետ կապված` վարչական մարմինների և ֆիզիկական կամ իրավաբանական անձանց (...) միջև ծագած հարաբերությունները:
i
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն` վարչական վարույթը վարչական մարմնի` վարչական ակտ ընդունելուն ուղղված գործունեությունն է:
i
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի կանոնակարգման համաձայն` վարչական վարույթը բաղկացած է միմյանց փոխկապակցված` վարույթի հարուցման, ընթացիկ և եզրափակիչ փուլերից: Հարուցման փուլը մեկնարկում է անձի (անձանց) դիմումով կամ վարչական մարմնի նախաձեռնությամբ, ընթացիկ փուլի ընթացքում իրականացվում են վարչական գործի քննարկման հետ կապված` նույն օրենքով նախատեսված գործառույթները, որն ավարտվում է եզրափակիչ փուլով` վարչական ակտի ընդունմամբ:
i
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական վարույթի մասնակիցներ են` (ա) վարչական ակտի հասցեատերը` այն անձը, ով դիմել է վարչական ակտ ընդունելու համար (դիմող), կամ այն անձը, ում նկատմամբ վարչական մարմինն իր նախաձեռնությամբ ընդունելու է վարչական ակտ, (բ) երրորդ անձինք` այն անձինք, որոնց իրավունքները կամ օրինական շահերը կարող են շոշափվել վարույթի արդյունքում ընդունվելիք վարչական ակտով:
i
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դիմումի հիման վրա վարչական մարմինը վարչական վարույթի հարուցումից հետո` եռօրյա ժամկետում, վարույթի մասնակիցներին կամ նրանց ներկայացուցիչներին ծանուցում է վարչական վարույթի հարուցման մասին: Նշված անձանց (...) վարչական մարմինը ծանուցում է վարույթի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների անցկացման տեղի, օրվա, ժամի և այլ պայմանների մասին:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական մարմինը իր նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելիս վարույթի մասնակիցներին կամ նրանց ներկայացուցիչներին պատշաճ ձևով ծանուցում է վարչական վարույթ հարուցելու մասին, եթե վարչական վարույթի հարուցումից մինչև վարչական ակտն ընդունելու միջև ընկած ժամանակահատվածը երեք օրից ավելի է:
i
Նույն օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմինը վարչական վարույթի ընթացքում պարտավոր է վարույթի մասնակիցներին և նրանց ներկայացուցիչներին հնարավորություն տալ արտահայտվելու վարչական վարույթում քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` լսումներ կարող են չանցկացվել, եթե` (ա) վարչական վարույթի արդյունքում ընդունվելու է բարենպաստ վարչական ակտ, որը չի միջամտում այլ անձանց իրավունքների իրականացմանը, կամ վարչական ակտի հասցեատերը չի պնդում, որ լսումներ անցկացվեն, (բ) դիմումն ակնհայտ անհիմն է, (գ) ընդունվում է բանավոր վարչական ակտ: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` լսումներ չեն անցկացվում, եթե` (ա) անհրաժեշտություն է առաջանում անհապաղ ընդունելու վարչական ակտ, քանի որ հապաղումը կարող է հանգեցնել հանրության համար որևէ վտանգի առաջացման, (բ) ընդունվում է այլ ձևի վարչական ակտ: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` լսումներ չեն անցկացվում կամ կարող են չանցկացվել նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ օրենսդիրը, որպես ընդհանուր կանոն, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրել է վարույթի մասնակիցներին և նրանց ներկայացուցիչներին լսելու վարչական մարմնի պարտականությունը, որի համաձայն` վարչական մարմինը պարտավոր է վերջիններիս հնարավորություն տալ արտահայտվելու տվյալ վարույթում քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ:
Միաժամանակ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերում օրենսդիրը նախատեսել է վարչական վարույթի ընթացքում լսումներ անցկացնելու կանոնից որոշ բացառություններ: Ընդ որում, նշված հոդվածի 2-րդ մասը սահմանում է լսումներ չանցկացնելու այն հիմքերը, որոնց առկայության դեպքում վարչական մարմինն ունի հայեցողական լիազորություն ընտրելու լսումներ անցկացնելու կամ չանցկացնելու երկու իրավաչափ լուծումներից մեկը: Վարչական վարույթի ընթացքում լսումներ չանցկացնելու հայեցողական հիմքերն են.
ա) վարչական վարույթի արդյունքում ընդունվելու է բարենպաստ վարչական ակտ, որը չի միջամտում այլ անձանց իրավունքների իրականացմանը, կամ վարչական ակտի հասցեատերը չի պնդում, որ լսումներ անցկացվեն,
բ) վարչական վարույթի հարուցման համար հիմք հանդիսացած դիմումն ակնհայտ անհիմն է,
գ) վարչական վարույթի արդյունքում ընդունվելու է բանավոր վարչական ակտ:
Մինչդեռ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է լսումներ չանցկացնելու իմպերատիվ հիմքերը, որոնք են`
ա) անհրաժեշտություն է առաջացել անհապաղ ընդունելու վարչական ակտ, քանի որ հապաղումը կարող է հանգեցնել հանրության համար որևէ վտանգի առաջացման,
բ) վարչական վարույթի արդյունքում ընդունվելու է այլ ձևի վարչական ակտ:
Ընդ որում, լսումներ չանցկացնելու` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» կետում ամրագրված իմպերատիվ հիմքը համահունչ է նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասում նախատեսված այն իրավակարգավորման հետ, որ անմիջական սպառնացող վտանգը կանխելու կամ արդեն իսկ առաջացած վտանգի հետևանքները վերացնելու դեպքերում վարչական վարույթը կարող է սահմանափակվել միայն եզրափակիչ փուլով:
ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է նաև, որ վարչական վարույթի ընթացքում լսումներ չանցկացնելու վերոգրյալ դեպքերը սպառիչ չեն, քանի որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 4-րդ մասում օրենսդիրն ամրագրել է, որ օրենքով կարող են նախատեսվել լսումներ չանցկացնելու հայեցողական և իմպերատիվ այլ հիմքեր:
Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածին, արձանագրել է, որ այդ հոդվածով նախատեսված իրավական նորմերի բովանդակային վերլուծությունը վկայում է այն մասին, որ օրենսդիրը նախատեսել է վարչական վարույթի մասնակիցներին ծանուցման հետ կապված վարչական մարմնի հետևյալ պարտականությունները.
1) դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի հարուցման մասին ծանուցելը,
2) վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի հարուցման մասին ծանուցելը,
3) վարույթի մասնակիցներին վարույթի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների անցկացման տեղի, օրվա, ժամի և այլ պայմանների մասին ծանուցելը (տե՛ս, Սարգիս Խաչատրյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Շենգավիթի հարկային տեսչության թիվ ՎԴ/7107/05/14 վարչական գործով 20.07.2017 թվականի որոշումը):
Մեկ այլ` թիվ ՎԴ/6067/05/16 որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը, որպես ընդհանուր կանոն, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրել է վարույթի մասնակիցներին և նրանց ներկայացուցիչներին լսելու վարչական մարմնի պարտականությունը, որի համաձայն` վարչական մարմինը պարտավոր է վերջիններիս հնարավորություն տալ արտահայտվելու տվյալ վարույթում քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վարչական վարույթի մասնակիցների լսված լինելու իրավունքի գործնական իրացումը կարող է տեղի ունենալ միայն վարույթի ընթացիկ փուլում, երբ վարչական մարմինն իրականացնում է գործի փաստերի ուսումնասիրություն և պարզում է կիրառման ենթակա իրավական ակտերը. այս փուլում կատարվում են վարչական ակտ ընդունելուն ուղղված հիմնական գործողությունները, մասնավորապես` վարչական գործի բոլոր, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքների բացահայտումը, անհրաժեշտ ապացույցների ձեռքբերումը և գնահատումը, գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը: Բացի այդ, վարույթի ընթացիկ փուլում լսումները պետք է իրականացվեն այն հաշվառմամբ, որ վարույթի մասնակիցները դեռ հնարավորություն ունենան իրենց դիրքորոշմամբ ազդելու վարչական մարմնի որոշման վրա: Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ «... ծանուցագրով Տիգրան Սահակյանին առաջարկվել է եռօրյա ժամկետում Կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչություն ներկայացնել վերը նշվածի վերաբերյալ իր գրավոր բացատրությունները և/կամ առարկությունները, ինչը, սակայն, չի կարող փոխարինել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով նախատեսված լսումներին` լսումներ չանցկացնելու, ինչպես նաև վարչական վարույթը միայն եզրափակիչ փուլով իրականացնելու հիմքերի բացակայության պայմաններում: Փաստորեն, Կոմիտեի 18.08.2016 թվականի թիվ 1617/02 որոշմանն ուղղված վարչական վարույթի ընթացքում լսումներ չանցկացնելու հետևանքով Տիգրան Սահակյանը ոչ իրավաչափ կերպով զրկվել է իր նկատմամբ հարկային պարտավորություններ առաջադրելուն ուղղված վարչական վարույթի լսումների շրջանակում գործի քննարկման և լուծման համար էական նշանակություն ունեցող հարցերի կապակցությամբ դիրքորոշումներ, ապացույցներ ներկայացնելու և այլ ընթացակարգային գործողությունների միջոցով վարչական մարմնի վերջնական որոշման վրա ազդելու հնարավորությունից (տե՛ս, Տիգրան Սահակյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/6067/05/16 վարչական գործով 25.12.2019 թվականի որոշումը):
i
Վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ լսումներ չանցկացնելու` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով նախատեսված թե՛ հայեցողական, թե՛ պարտադիր հիմքերի, ինչպես նաև վարչական վարույթը միայն եզրափակիչ փուլով իրականացնելու` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված հիմքի բացակայության պայմաններում վարչական մարմինը պարտավոր է վարչական վարույթի ընթացքում անցկացնել լսումներ: Ընդ որում, վարչական մարմինը պետք է ապահովի վարչական վարույթի մասնակիցների պատշաճ ծանուցումը լսումների անցկացման տեղի, օրվա, ժամի և այլ պայմանների մասին:
Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ վարչական վարույթի մասնակցի` վարչական վարույթի լսումներին մասնակցելու հնարավորությունը չպետք է անհիմն կերպով սահմանափակվի, այդ հնարավորությունից վարչական վարույթի մասնակիցը չպետք է զրկվի վարչական մարմնի գործողությամբ կամ անգործությամբ: Մասնավորապես` վարչական վարույթի հարուցման և իրականացման մասին վարչական վարույթի մասնակցի իրազեկումը (ծանուցումը) պետք է կատարվի այնպես, որ ողջամտորեն ապահովվի վերջինիս մասնակցությունը վարչական վարույթին: Իսկ այդ մասնակցության ապահովման համար նախ և առաջ վարույթի մասնակիցը պետք է ծանուցված լինի ինչպես վարչական վարույթի հարուցման մասին, այնպես էլ հարուցված վարչական վարույթի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների, այդ թվում` լսումների անցկացման տեղի, օրվա, ժամի և այլ պայմանների մասին: Նման կերպ վարույթի մասնակիցներին հնարավորություն կտրվի վարչական վարույթի լսումների ժամանակ վարչական գործի քննարկման և լուծման համար էական նշանակություն ունեցող այս կամ այն հարցի կապակցությամբ դիրքորոշումներ, ապացույցներ ներկայացնելու և այլ ընթացակարգային գործողություններ կատարելու միջոցով ազդել վարչական մարմնի վերջնական որոշման վրա:
Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վարչական վարույթի հարուցման մասին միայն վարույթի մասնակցին ծանուցելու պարտականության կատարումը վարչական մարմնին չի ազատում վարչական վարույթի ընթացիկ փուլում լսումների անցկացման վերաբերյալ վարույթի մասնակցին պատշաճ ծանուցելու պարտականության կատարումից: Ըստ այդմ, վարչական վարույթի ընթացիկ փուլում լսումների անցկացման վերաբերյալ վարույթի մասնակցին հասցեագրված ծանուցագիրը, ի թիվս այլնի, պետք է տեղեկություններ պարունակի լսումների անցկացման տեղի, օրվա, ժամի մասին: Հակառակ դեպքում վարույթի մասնակիցը կհամարվի վարչական վարույթի ընթացիկ փուլում լսումների անցկացման վերաբերյալ պատշաճ կերպով չծանուցված:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչության 8-րդ բաժնի պետի 06.05.2016 թվականի թվագրությամբ ծանուցագրով Ընկերության տնօրեն Արամ Մակարյանին հայտնվել է, որ ըստ հարկային մարմնում առկա անձնական հաշվի քարտի` Ընկերությունը 05.05.2016 թվականի դրությամբ ունի 22.176.664 ՀՀ դրամ չկատարված պարտավորություն: Նշված հարկային պարտավորությունը սահմանված ժամկետներում չկատարելու դեպքի առթիվ Ընկերության տնօրեն Արամ Մակարյանը 13.05.2016 թվականին հրավիրվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչության 8-րդ բաժին (ք. Աբովյան, Բարեկամության հրապարակ 1)` վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմմանը մասնակցելու համար: Նշված ծանուցագրով Ընկերության տնօրենին միաժամանակ հայտնվել է, որ հարուցվել է վարչական վարույթ Ընկերության չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածով նախատեսված վարչական ակտ ընդունելու նպատակով, և առաջարկվել է եռօրյա ժամկետում ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչություն ներկայացնել վերը նշվածի վերաբերյալ գրավոր բացատրություններ և/կամ առարկություններ: Նշված ծանուցագիրն Ընկերությունում ստացվել է 13.05.2016 թվականին: Քննարկվող վարչական վարույթի արդյունքում կայացվել է Որոշումը, որով որոշվել է Ընկերությունից գանձել 21.214.664 ՀՀ դրամ պարտավորության գումար:
Դատարանը, բավարարելով Ընկերության հայցը և անվավեր ճանաչելով Որոշումը, հաստատված է համարել, որ Ընկերությունը պատշաճ ձևով չի ծանուցվել գործի քննության ժամանակի և վայրի մասին` նշելով նաև, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի 06.05.2016 թվականի ծանուցագիրը չի համապատասխանում օրենքով սահմանված պահանջներին, քանի որ դրանում բացակայում է վարչական վարույթի անցկացման ժամի մասին տեղեկությունը:
Վերաքննիչ դատարանը, մերժելով Կոմիտեի վերաքննիչ բողոքը և անփոփոխ թողնելով Դատարանի վճիռը, արձանագրել է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածով նախատեսված վարչական ակտն ընդունելու նպատակով հարուցված վարչական վարույթի ժամանակի և վայրի մասին ծանուցագիրը որևէ տեղեկություն չի պարունակում, այլ դրանում ընդամենը նշում է կատարված եռօրյա ժամկետում գրավոր բացատրություններ և/կամ առարկություններ ներկայացնելու վերաբերյալ, ինչի հիման վրա Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ նշված ծանուցումը չի կարող դիտվել որպես «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական վարույթին հայցվոր կողմին պատշաճ ծանուցում ապահովելու վարչական մարմնի պարտականության իրականացում:
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո դիտարկելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
i
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդրի կողմից վարչական մարմնի համար իր նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելու և վարչական ակտ ընդունելու իմպերատիվ լիազորություն նախատեսված լինելու դեպքերից մեկն ամրագրված էր իրավահարաբերության ծագման պահին գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի (ընդունվել է 14.04.1997 թվականին, ուժի մեջ է մտել 30.05.1997 թվականին, ուժը կորցրել է 01.01.2018 թվականին` ՀՀ հարկային օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն) 29.1-րդ հոդվածով, որի համաձայն` հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում հարկային մարմինը կամ տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս: Ընդ որում, նշված իրավանորմի հիման վրա հարուցված վարչական վարույթի ընթացքում լսումների անցկացման վերաբերյալ իրավահարաբերության ծագման պահին գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքով այլ կարգավորում նախատեսված չէ, ուստի այդ հարցի նկատմամբ կիրառելի են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի համապատասխան իրավանորմերը («Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մաս):
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով վիճարկվող Որոշման կայացման նպատակով վարչական վարույթը հարուցվել է վարչական մարմնի նախաձեռնությամբ: Ընդ որում, տվյալ դեպքում բացակայել են լսումներ չանցկացնելու` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով նախատեսված թե՛ հայեցողական, թե՛ պարտադիր հիմքերը, ինչպես նաև վարչական վարույթը միայն եզրափակիչ փուլով իրականացնելու` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված հիմքը: Հետևաբար վիճարկվող որոշմանն ուղղված վարչական վարույթի ընթացքում պետք է անցկացվեին լսումներ, որոնց մասին Ընկերությունը` որպես վարչական վարույթի մասնակից, պետք է պատշաճ կերպով ծանուցվեր: Իսկ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական վարույթի լսումների անցկացման վերաբերյալ Ընկերությանը հասցեագրված ծանուցագիրը, ի թիվս այլնի, պետք է պարունակեր տեղեկություններ լսումների անցկացման տեղի, օրվա և ժամի մասին:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ տվյալ դեպքում վարչական գործի նյութերում առկա է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչության 8-րդ բաժնի պետի 06.05.2016 թվականի թվագրությամբ ծանուցագիրը` ուղղված Ընկերության տնօրեն Արամ Մակարյանին: Նշված ծանուցագրով Ընկերության տնօրեն Արամ Մակարյանին հայտնվել է, որ ըստ հարկային մարմնում առկա անձնական հաշվի քարտի` Ընկերությունը 05.05.2016 թվականի դրությամբ ունի 22.176.664 ՀՀ դրամ չկատարված պարտավորություն: Նշված հարկային պարտավորությունը սահմանված ժամկետներում չկատարելու դեպքի առթիվ Ընկերության տնօրեն Արամ Մակարյանը 13.05.2016 թվականին հրավիրվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչության 8-րդ բաժին (ք. Աբովյան, Բարեկամության հրապարակ 1)` վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմմանը մասնակցելու համար: Նշված ծանուցագրով Ընկերության տնօրենին միաժամանակ հայտնվել է, որ հարուցվել է վարչական վարույթ Ընկերության չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածով նախատեսված վարչական ակտ ընդունելու նպատակով, և առաջարկվել է եռօրյա ժամկետում ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչություն ներկայացնել վերը նշվածի վերաբերյալ գրավոր բացատրություններ և/կամ առարկություններ:
Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով նշված ծանուցագրի բովանդակությանը, փաստում է որ այն վերաբերում է երկու վարչական վարույթների.
1) վարչական իրավախախտման վերաբերյալ վարչական վարույթ. Ընկերության հարկային պարտավորությունը սահմանված ժամկետներում չկատարելու դեպքի առթիվ Ընկերության տնօրեն Արամ Մակարյանը 13.05.2016 թվականին հրավիրվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչության 8-րդ բաժին (ք. Աբովյան, Բարեկամության հրապարակ 1)` վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմմանը մասնակցելու համար.
2) չվճարված հարկային պարտավորության գումարը գանձելու վերաբերյալ վարչական վարույթ. այս վարույթի շրջանակում Ընկերության տնօրենին առաջարկվել է եռօրյա ժամկետում ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչություն ներկայացնել վերը նշվածի վերաբերյալ գրավոր բացատրություններ և/կամ առարկություններ:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված ծանուցագիրը սույն գործով վիճարկվող վարչական ակտի հիմքում ընկած` չվճարված հարկային պարտավորության գումարը գանձելու վերաբերյալ վարույթի շրջանակում լսումների անցկացման կոնկրետ տեղի, օրվա, ժամի մասին նշում չի պարունակում: Իսկ գործի նյութերում բացակայում է այդ մասին Ընկերությանը պատշաճ կերպով ծանուցած լինելու վերաբերյալ որևէ այլ ապացույց:
Փաստորեն, Որոշման հիմքում ընկած վարչական վարույթի ընթացքում լսումների անցկացման մասին Ընկերությունը պատշաճ կերպով չի ծանուցվել այն դեպքում, երբ բացակայել են լսումներ չանցկացնելու` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով նախատեսված թե՛ հայեցողական, թե՛ պարտադիր հիմքերը, ինչպես նաև վարչական վարույթը միայն եզրափակիչ փուլով իրականացնելու` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված հիմքը: Արդյունքում Ընկերությունը ոչ իրավաչափ կերպով զրկվել է իր նկատմամբ հարկային պարտավորություններ առաջադրելուն ուղղված վարչական վարույթի լսումների ժամանակ վարչական գործի քննարկման և լուծման համար էական նշանակություն ունեցող հարցերի կապակցությամբ դիրքորոշումներ, ապացույցներ ներկայացնելու և այլ ընթացակարգային գործողությունների միջոցով վարչական մարմնի վերջնական որոշման վրա ազդելու հնարավորությունից:
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերությանը եռօրյա ժամկետում ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչություն գրավոր բացատրություններ և/կամ առարկություններ ներկայացնելու մասին առաջարկությունը չի կարող փոխարինել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով նախատեսված լսումներն անցկացնելուն և դրանց տեղի, օրվա, ժամի վերաբերյալ վարչական վարույթի մասնակիցներին ծանուցելուն այն դեպքում, երբ լսումների անցկացումն օրենքի պահանջն է:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Որոշումն ընդունվել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 35-րդ և 38-րդ հոդվածների խախտմամբ: Հետևաբար Որոշումը ոչ իրավաչափ վարչական ակտ է և ենթակա է վերացման «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի ուժով: Նման իրավաչափ եզրահանգման եկել է նաև Վերաքննիչ դատարանը` մերժելով Կոմիտեի վերաքննիչ բողոքը և Որոշումն անվավեր ճանաչելու մասին Դատարանի վճիռը թողնելով անփոփոխ:
Միևնույն ժամանակ ամբողջ վերոգրյալի լույսի ներքո անդրադառնալով թիվ ՎԴ/7680/05/16 վարչական գործով ստորադաս դատարանների արտահայտած իրավական դիրքորոշումներին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
i
ՀՀ Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում վերանայելու միջոցով ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը Վճռաբեկ դատարանն ապահովում է, եթե առկա է իրավունքի զարգացման խնդիր, կամ տարբեր գործերով դատարանների կողմից նորմատիվ իրավական ակտը տարաբնույթ է կիրառվել կամ չի կիրառվել տարաբնույթ իրավաընկալման հետևանքով:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր ոք իր գործի քննության ժամանակ որպես իրավական փաստարկ իրավունք ունի վկայակոչելու նույնանման փաստերով այլ գործով Հայաստանի Հանրապետության դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտում առկա օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտի մեկնաբանությունները: Դատարանն անդրադառնում է նման իրավական փաստարկներին:
Տվյալ դեպքում բողոքաբերի կողմից, որպես իրավական փաստարկ, վկայակոչվել է թիվ ՎԴ/7680/05/16 վարչական գործով ըստ հայցի «Նոյ 777» ՍՊԸ-ի ընդդեմ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի` ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչության պետի կողմից 29.08.2016 թվականին ընդունված թիվ 1320/01 որոշումը և ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչության պաշտոնատար անձանց կողմից 16.09.2016 թվականին ընդունված թիվ 033470 որոշումը վերացնելու պահանջների մասին գործով կայացված դատական ակտերում ստորադաս դատարանների արտահայտած այն իրավական դիրքորոշումը, ըստ որի` ծանուցագիրը վարույթի մասնակից ընկերության կողմից ստանալուց մեկ շաբաթ հետո վարչական ակտ ընդունելով, ծանուցագրով քննարկվող հարցի վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելուն ընկերությանն առաջարկելով` պատասխանող վարչական մարմինն ապահովել է վերջինիս լսված լինելու իրավունքը:
Անհրաժեշտ համարելով ապահովել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 35-րդ և 38-րդ հոդվածների միատեսակ կիրառությունը, սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական վարույթի հարուցման մասին վարույթի մասնակցին ծանուցելով և վերջինիս եռօրյա ժամկետում իր դիրքորոշումները ներկայացնելու առաջարկ ներկայացնելով չի կարող ապահովվել անձի լսված լինելու իրավունքի իրացման հնարավորությունը, քանի որ վարչական վարույթի ընթացիկ փուլի, այսինքն` լսումների իրականացման մասին վարչական վարույթի մասնակցի իրազեկումը (ծանուցումը) պետք է կատարվի այնպես, որ ողջամտորեն ապահովվի վերջինիս մասնակցությունը վարչական վարույթին: Իսկ այդ մասնակցության ապահովման համար վարույթի մասնակիցը, բացի վարչական վարույթի հարուցման մասին ծանուցվելուց, պետք է ծանուցվի նաև հարուցված վարչական վարույթի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների, այդ թվում` լսումների անցկացման տեղի, օրվա, ժամի և այլ պայմանների մասին: Նման կերպ վարույթի մասնակիցներին հնարավորություն կտրվի վարչական վարույթի լսումների ժամանակ վարչական գործի քննարկման և լուծման համար էական նշանակություն ունեցող այս կամ այն հարցի կապակցությամբ դիրքորոշումներ, ապացույցներ ներկայացնելու և այլ ընթացակարգային գործողություններ կատարելու միջոցով ազդել վարչական մարմնի վերջնական որոշման վրա:
Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար, քանի որ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Որոշումն անվավեր ճանաչելու մասին Դատարանի վճիռը, կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ: Հետևաբար սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Կոմիտեի կողմից վճռաբեկ բողոքի համար պետական տուրքը վճարված լինելու պարագայում պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված` նկատի ունենալով, որ վերջինիս բողոքը ենթակա է մերժման:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 24.10.2018 թվականի որոշումը թողնել անփոփոխ:
2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող և զեկուցող Ռ. Հակոբյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Ե. Խունդկարյան
Գ. Հակոբյան
Տ. Պետրոսյան
Է. Սեդրակյան
Ն. Տավարացյան
Հրապարակման օրը` 24 սեպտեմբերի 2020 թվական: