Սեղմել Esc փակելու համար:
ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆ ԱՊԱՀՈՎԵԼ Է ԱՐԴՅՈ՞Ք...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆ ԱՊԱՀՈՎԵԼ Է ԱՐԴՅՈ՞Ք ԴԻՄՈՂԻ ԱՐԴԱՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                         ԵԴ/0188/11/18

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԴ/0188/11/18

Նախագահող դատավոր` Ռ.Բարսեղյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ

դատարան),

 

                   նախագահությամբ            Հ. Ասատրյանի

                   մասնակցությամբ դատավորներ Ս. Ավետիսյանի

                                             Ե. Դանիելյանի

                                             Լ. Թադևոսյանի

                                             Ս. Օհանյանի

 

    2021 թվականի ապրիլի 21-ին                  ք. Երևանում

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի հունվարի 10-ի որոշման դեմ դիմող Մարինա Հրանտի Պողոսյանի ներկայացուցիչ Դ.Գյուրջյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2018 թվականի ապրիլի 27-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Մ.Բաբայանը թիվ 18-330մ/դ-15 գրությամբ, ի պատասխան «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Հրանտի Պողոսյանի` ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին հասցեագրված` 2018 թվականի ապրիլի 10-ի դիմումի, հայտնել է, որ այն կոնկրետ նախապատրաստվող կամ արդեն կատարված հանցագործության մասին որևէ տեղեկություն չի պարունակում, որն անհրաժեշտ պայման է ֆիզիկական և իրավաբանական անձի կողմից ներկայացված դիմումը հանցագործության մասին հաղորդում համարելու համար:

2. 2018 թվականի մայիսի 7-ին դիմող Մ.Պողոսյանը բողոք է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` խնդրելով ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ հատուկ քննչական ծառայության անգործությունը և վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցնել իր կողմից ներկայացված հաղորդման կապակցությամբ կայացնել քրեական գործ հարուցելու մասին որոշում:

3. Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի հոկտեմբերի 2-ի որոշմամբ դիմող Մ.Պողոսյանի բողոքը մերժվել է:

4. Դիմող Մ.Պողոսյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան), 2019 թվականի հունվարի 10-ի որոշմամբ բողոքը մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի հոկտեմբերի 2-ի որոշումը:

5. Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ դիմող Մ.Պողոսյանի ներկայացուցիչ Դ.Գյուրջյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի ապրիլի 30-ի որոշմամբ ընդունվել է վարույթ(1):

_____________________________

i

1) Ծանոթություն. Վերոնշյալ վճռաբեկ բողոքը քննության է առնվել սույն գործով կիրառման ենթակա քրեադատավարական նորմերի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ ՀՀ Վճռաբեկ դատարանի` թիվ ԵԴ/0426/11/18 գործով 2019 թվականի սեպտեմբերի 18-ին ներկայացված դիմումի հիման վրա ՀՀ Սահմանադրական դատարանի` 2020 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-66 որոշումը ստանալուց հետո:

 

Վճռաբեկ դատարանի` 2020 թվականի նոյեմբերի 13-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

6. Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի դեկտեմբերի 26-ի դատական նիստի ընթացքում դիմող Մ.Պողոսյանը նախագահող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել, որը դատարանի` նույն օրվա որոշմամբ մերժվել է: Դրանից հետո Մ.Պողոսյանը դատական նիստի ընթացքում հանդես է եկել հայտարարությամբ, որ նման պայմաններում չի ցանկանում շարունակել մասնակցել վերաքննիչ բողոքի քննությանը, և հեռացել է դատական նիստերի դահլիճից: Դիմողի ներկայացուցիչ Մ.Շուշանյանը միացել է վերջինիս և նշել, որ դատարանը կարող է առանց բողոքաբերի և վերջինիս ներկայացուցչի մասնակցության քննել բողոքը և որոշում կայացնել: Նախագահող դատավորը հայտարարել է, որ դիմողը և դիմողի ներկայացուցիչը հեռացել են դատական նիստերի դահլիճից` հայտարարելով, որ նիստը կարող է շարունակվել իրենց բացակայությամբ: Նախագահող դատավորը նաև հայտնել է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության ներկայացուցիչը գրությամբ դատարանին խնդրել է դատական նիստը շարունակել իր բացակայությամբ: Դատարանը որոշել է դատական նիստը շարունակել դիմողի, դիմողի ներկայացուցչի և ՀՀ հատուկ քննչական ծառայության ներկայացուցչի բացակայությամբ, հրապարակել է վիճարկվող դատական ակտի և վերաքննիչ բողոքի էությունը, որից հետո աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառաբանությամբ դատական նիստը հետաձգել ու վերանշանակել է 2019 թվականի հունվարի 10-ին` ժամը 13.00-ին(2):

_____________________________

2) Տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, դատական նիստի արձանագրություն, թերթ 35-36:

 

6.1. 2019 թվականի հունվարի 10-ին` ժամը 13.00-ին, նշանակված դատական նիստի մասին դիմող Մ.Պողոսյանին և ներկայացուցիչ Մ.Շուշանյանին ծանուցագրեր են ուղարկվել 2018 թվականի դեկտեմբերի 27-ին(3):

_____________________________

3) Տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 41, 44:

 

6.2. Դիմող Մ.Պողոսյանը վերոնշյալ դատական նիստի վերաբերյալ ծանուցումը ստացել է 2019 թվականի հունվարի 12-ին, իսկ Մ.Շուշանյանին ուղարկված ծանուցագիրը «չպահանջված» նշումով հետ է վերադարձվել(4):

_____________________________

4) Տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 42, 45:

 

6.3. 2019 թվականի հունվարի 10-ին` ժամը 13.00-ին, դատական նիստը վերսկսվել է: Նախագահող դատավորը հայտնել է, որ դատական նիստին չեն ներկայացել դատավարության մասնակիցները, ում դատական նիստի օրվա և ժամի վերաբերյալ ծանուցագրերը պատշաճ ուղարկված են եղել: Նախագահող դատավորը պարզաբանել է, որ դատարանը դատական ստուգումն ավարտել է և դատարանի տրամադրության տակ եղած նյութերը բավարար են խորհրդակցական սենյակ հեռանալու և դատական ակտ կայացնելու համար, որից հետո հեռացել է խորհրդակցական սենյակ:

6.4. Վերաքննիչ դատարանի դատական ակտը հրապարակվել է 2019 թվականի հունվարի 10-ին(5):

_____________________________

5) Տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, դատական նիստի արձանագրություն, թերթ 46:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

7. Բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատավարական իրավունքի այնպիսի էական խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա:

Բողոքաբերը, մասնավորապես, փաստել է, որ Վերաքննիչ դատարանում դատական նիստն առաջին անգամ նշանակվել է 2018 թվականի դեկտեմբերի 26-ին, սակայն այդ օրը բողոքն ըստ էության չի քննվել: Բողոքի քննության երկրորդ նիստը նշանակվել է 2019 թվականի հունվարի 10-ին, ինչի մասին Մ.Պողոսյանը ծանուցվել է 2019 թվականի հունվարի 12-ին:

i

Բողոքաբերն արձանագրել է, որ անձն ունի իր խախտված իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք, որն իրացնելիս օգտվում է արդար դատաքննության իրավունքից և դրա բաղադրիչներից` իր գործով քննությանը մասնակցելու և լսված լինելու իրավունքներից: Բողոքաբերը փաստել է, որ իր գործի քննությանը մասնակցելու իրավունքից օգտվելու համար անձը պետք է լինի պատշաճ ծանուցված, ինչն ուղղակիորեն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով պարտավորեցնում է Վերաքննիչ դատարանին ծանուցելու անձին բողոքի քննության տեղի և ժամանակի մասին:

Բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանի ծանուցումը ժամանակին չի հասել Մ.Պողոսյանին, վերջինս ծանուցված չի եղել իր բողոքի քննության օրվա և ժամի մասին, սակայն Վերաքննիչ դատարանն առանց Մ.Պողոսյանի` ծանուցված լինելը հավաստող, վերջինիս ստորագրությամբ հաստատված հետադարձ ծանուցման թերթիկի առկայության, ոչ միայն քննել է վերաքննիչ բողոքը, այլ նաև ավարտել է բողոքի քննությունը և հեռացել խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու:

8. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2019 թվականի հունվարի 10-ի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. Վերաքննիչ դատարանն ապահովել է արդյո՞ք դիմող Մ.Պողոսյանի արդար դատաքննության իրավունքն այն պայմաններում, երբ վերջինիս վերաքննիչ բողոքի քննությունն իրականացրել է առանց իր մասնակցության Վերաքննիչ դատարանի դատական նիստի տեղի և ժամանակի մասին պատշաճ ծանուցված լինելը հավաստող ապացույցների բացակայության պարագայում:

i

10. ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք»:

i

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք (...) նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք»:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր շահերին առնչվող քրեական գործի քննության իրավունք»:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածի համաձայն` «(...)

7. Դատարանն ապահովում է առաջին ատյանի և վերաքննիչ դատարաններում գործի քննությանը կողմերի մասնակցության իրավունքը (...)»:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «գործի քննության տեղի և ժամանակի մասին կողմերը ծանուցվում են (...)»:

11. Մեջբերված նորմերի առնչությամբ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ մրցակցության սկզբունքն արդար դատաքննության հիմնարար իրավունքի բաղկացուցիչ տարր է: Այդ սկզբունքի իմաստով դատաքննության ժամանակ և՛ մեղադրանքի, և՛ պաշտպանության կողմերի համար պետք է հավասարապես երաշխավորվի ողջամիտ հնարավորություն` իր գործը ներկայացնելու այնպիսի պայմաններում, որը նվազ բարենպաստ չի լինի, քան այն հնարավորությունը, որը տրամադրվում է մրցակից կողմին: Այսինքն` մրցակցության սկզբունքն անհրաժեշտ է դիտարկել կողմերի հավասարության հիմնարար պահանջի հետ միասնության մեջ, ինչը, ի թիվս այլոց, ենթադրում է, որ կողմը պետք է հնարավորություն ունենա պաշտպանելու իր իրավունքներն ու օրինական շահերը, ծանոթանալու մյուս կողմի ներկայացրած փաստարկներին և ապացույցներին: Նշվածն արդար դատական քննության իրավունքի ապահովման կարևորագույն նախապայման է, քանի որ քննության իրականացումն առանց կողմերի հավասար տեղեկացվածության նշանակում է մրցակցության և կողմերի հավասարության հիմնարար դրույթների անհամաչափ ձևականացում և առարկայազրկում: Այլ խոսքով` ինչպես առաջին ատյանի դատարանը, այնպես էլ նշյալ դատարանի կայացրած դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը դատական ստուգման ենթարկելիս Վերաքննիչ դատարանը պարտավոր են միջոցներ ձեռնարկել կողմերի հավասարության և մրցակցային դատավարության ապահովման ուղղությամբ: Այսպիսով, դատական քննությանը մասնակցելը կողմերի` քրեադատավարական օրենքով երաշխավորված իրավունքն է, իսկ նշված իրավունքի ապահովման պարտականությունը կրում է դատարանը: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արդար դատական քննություն իրականացնելու պահանջը ՀՀ ներպետական իրավունքի իմաստով ևս հավասարապես վերաբերելի է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում անցկացվող դատական քննությանը(6):

_____________________________

i

6) Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Հարություն Պետրոսյանի գործով 2018 թվականի ապրիլի 18-ի թիվ ԵԿԴ/0102/11/17, Ամալյա Ղարիբյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԿԴ/0008/06/11, Նոյ Մուսայելյանի գործով 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԿԴ1/0007/06/12, Հակոբ Մկրտչյանի գործով 2016 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵԿԴ/0230/01/14, Ռաֆայել Քոթանջյանի գործով 2016 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԿԴ3/0010/06/15 որոշումները:

 

12. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի դեկտեմբերի 26-ի դատական նիստի ընթացքում դիմող Մ.Պողոսյանը նախագահող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել, որը դատարանի` նույն օրվա որոշմամբ մերժվել է: Դրանից հետո դիմող Մ.Պողոսյանը հայտարարել է, որ նման պայմաններում չի ցանկանում մասնակցել վերաքննիչ բողոքի քննությանը և հեռացել է դատական նիստերի դահլիճից: Դիմողին միացել է վերջինիս ներկայացուցիչ Մ.Շուշանյանը` հայտարարելով, որ դատարանը կարող է առանց բողոքաբերի և վերջինիս ներկայացուցչի մասնակցության քննել վերաքննիչ բողոքը և որոշում կայացնել: Դրանից հետո նախագահող դատավորը հայտարարել է, որ դատական նիստերի դահլիճից հեռացել են դիմողը, դիմողի ներկայացուցիչը, իսկ ՀՀ հատուկ քննչական ծառայության ներկայացուցիչը դատարանին գրությամբ խնդրել է դատական նիստը շարունակել իր բացակայության պայմաններում: Արդյունքում դատարանը շարունակել է դատական նիստը, հրապարակել է դատական ակտը և վերաքննիչ բողոքի բովանդակությունը, որից հետո աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառաբանությամբ, դատական նիստը հետաձգել ու վերանշանակել է 2019 թվականի հունվարի 10-ին, ժամը 13.00-ին(7): 2019 թվականի հունվարի 10-ին` ժամը 13.00-ին, նշանակված դատական նիստի մասին դիմող Մ.Պողոսյանին և ներկայացուցիչ Մ.Շուշանյանին ծանուցագրերն ուղարկվել են 2018 թվականի դեկտեմբերի 27-ին(8): Դիմող Մ.Պողոսյանը նշված ծանուցագիրը ստացել է 2019 թվականի հունվարի 12-ին, իսկ Մ.Շուշանյանին ուղարկված ծանուցագիրը` «չպահանջված» նշումով հետ է վերադարձվել(9): 2019 թվականի հունվարի 10-ին վերսկսված դատական նիստի ժամանակ նախագահող դատավորը հայտնել է, որ չեն ներկայացել դատավարության մասնակիցները, ովքեր պատշաճ ծանուցված են եղել դատական նիստի օրվա և ժամի վերաբերյալ: Դատական ստուգումն ավարտելուց հետո նախագահող դատավորը հայտնել է, որ դատարանի տրամադրության տակ եղած նյութերը բավարար են խորհրդակցական սենյակ հեռանալու և դատական ակտ կայացնելու համար(10): Վերաքննիչ դատարանի դատական ակտը հրապարակվել է 2019 թվականի հունվարի 10-ին(11):

_____________________________

7) Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

8) Տե՛ս սույն որոշման 6.1-րդ կետը:

9) Տե՛ս սույն որոշման 6.2-րդ կետը:

10) Տե՛ս սույն որոշման 6.3-րդ կետը:

11) Տե՛ս սույն որոշման 6.4-րդ կետը:

 

13. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստերը գնահատելով սույն որոշման 10-11-րդ կետերում ներկայացված իրավանորմերի և վկայակոչված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև Վերաքննիչ դատարանը, հետաձգելով դատական նիստը, հերթական դատական նիստի տեղի և ժամանակի վերաբերյալ դիմողին և նրա ներկայացուցչին ծանուցագրեր ուղարկել է, սակայն չունենալով վերջիններիս կողմից այդ ծանուցագրերը ստացած լինելը հավաստող ապացույցներ, չի ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ` դիմողի և նրա ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին ապահովելու համար, և դատական նիստը շարունակել է վերջիններիս բացակայությամբ` չապահովելով դիմող Մ.Պողոսյանի արդար դատաքննության իրավունքը, մասնավորապես դրա տարրերից` մրցակցության հիմնարար պահանջը և անձի` դատարանի առջև կանգնելու ու լսված լինելու իրավունքը: Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ չնայած 2018 թվականի դեկտեմբերի 26-ի նիստի ժամանակ դիմողը և նրա ներկայացուցիչը հայտարարել են, որ չեն ցանկանում մասնակցել նիստին, և որ այն կարող է շարունակվել իրենց բացակայությամբ, այնուամենայնիվ Վերաքննիչ դատարանը հետաձգել է դատական նիստը, որի մասին ծանուցել է դիմողին և նրա ներկայացուցչին, սակայն հետամուտ չի եղել պարզելու, թե արդյո՞ք վերջիններս ստացել են ծանուցագրերը:

14. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Վերաքննիչ դատարանը չի ապահովել դիմող Մ.Պողոսյանի արդար դատաքննության իրավունքն այն պայմաններում, երբ վերջինիս վերաքննիչ բողոքի քննությունն իրականացրել է առանց նրա մասնակցության Վերաքննիչ դատարանի դատական նիստի տեղի և ժամանակի մասին պատշաճ ծանուցված լինելը հավաստող ապացույցների բացակայության պարագայում:

i

15. Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը թույլ է տվել քրեադատավարական օրենքի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ և 23-րդ հոդվածների պահանջների խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի, հիմք է ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու և գործը նույն դատարան նոր քննության ուղարկելու համար(12):

_____________________________

12) Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Հրայր Հովսեփյանի վերաբերյալ գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 որոշումը:

 

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դիմող Մարինա Հրանտի Պողոսյանի դիմումի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2018 թվականի հոկտեմբերի 2-ի որոշումն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի հունվարի 10-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Հ. Ասատրյան

Դատավորներ Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան

Ս. Օհանյան

 

__________________________________

ԻՐՏԵԿ - սույն որոշումը բացակայում է www.datalex.am կայքէջում, իսկ Միասնական կայքում այն հրապարակվել է 2021 թվականի հունիսի 23-ին:

 

Միասնական կայք 14.06.21-27.06.21

 

 

pin
Վճռաբեկ դատարան
21.04.2021
N ԵԴ/0188/11/18
Որոշում