ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ
դատարանի որոշում թիվ ԵԴ/23700/02/18
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/23700/02/18 2021 թ.
Նախագահող դատավոր` Ն. Գաբրիելյան
Դատավորներ` Լ. Գրիգորյան
Կ. Չիլինգարյան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող Ռ. Հակոբյան
զեկուցող Է. Սեդրակյան
Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Հ. Բեդևյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ս. Միքայելյան
Ա. Մկրտչյան
Տ. Պետրոսյան
Ն. Տավարացյան
2021 թվականի դեկտեմբերի 02-ին
գրավոր ընթացակարգով քննելով Իրինա Ավդալյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.07.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ` ըստ հայցի Վաչագան Ավդալյանի ընդդեմ Իրինա Ավդալյանի, Իննա Տեր-Անտոնյանցի` ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքը բաժանելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Վաչագան Ավդալյանը պահանջել է ճանաչել իր սեփականության իրավունքը ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքի, այն է` «OPEL VEKTRA B1.8» մակնիշի և «KAMAZ 5511» մակնիշի ավտոմեքենաների 1/2-րդ մասերի հանդեպ, Իրինա Ավդալյանից բռնագանձել ավտոմեքենաների վաճառքից ստացված գումարի 1/2-րդ մասերը` համապատասխանաբար 150.000 ՀՀ դրամ և 200.000 ՀՀ դրամ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Տ. Ստեփանյան) (այսուհետ` Դատարան) 19.04.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.06.2021 թվականի որոշմամբ Իրինա Ավդալյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է, և սահմանվել է ժամկետ` վերաքննիչ բողոքում թույլ տված խախտումները վերացնելու և այն կրկին ներկայացնելու համար:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 21.07.2021 թվականի որոշմամբ Իրինա Ավդալյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Իրինա Ավդալյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ և 368-րդ հոդվածի 5-րդ մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը վերադարձրել է այն հիմնավորմամբ, որ փոստային ծառայության կողմից փոստային առաքման անդորրագրի վրա «Տեր-Անտոնյանց» ազգանունը կրճատ է գրվել` վերջին «ց» տառը չի նշվել:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն, որ անդորրագրի վրա «ց» տառի բացակայությունն ինքնին չի կարող փաստել կամ հավաստել այն հանգամանքը, որ բողոքաբերի կողմից Վերաքննիչ դատարան ներկայացված բողոքը չի ուղարկվել գործին մասնակցող անձ` պատասխանող Իննա Տեր-Անտոնյանցին կամ բողոքաբերը չի ներկայացրել պատշաճ ապացույց վերաքննիչ բողոքը Իննա Տեր-Անտոնյանցին ուղարկելու վերաբերյալ:
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն փաստը, որ Իննա Տեր-Անտոնյանցին հասցեագրված առաքանին ուղարկվել է վերջինիս ճիշտ հասցեով և ստացվել է նրա կողմից (հիմք` փոստային կապի ազգային օպերատորի` ՀայՓոստի պաշտոնական էլեկտրոնային կայքում առկա տեղեկատվությունը «RR301293388AM» համարով առաքանու հանձնման վերաբերյալ):
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 21.07.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
i
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
i
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
i
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
i
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:
ՀՀ սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում անդրադարձել է դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի բաղադրատարր հանդիսացող` դատական ակտի բողոքարկման իրավունքի լիարժեք և արդյունավետ իրացումն ապահովելու խնդիրներին և այդ կապակցությամբ հայտնել է մի շարք սկզբունքային իրավական դիրքորոշումներ:
i
Անդրադառնալով սահմանադրորեն երաշխավորված անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացման իրավական խնդրին` ՀՀ սահմանադրական դատարանն իր 28.11.2007 թվականի թիվ ՍԴՈ-719 որոշման մեջ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. անձի` դատական պաշտպանության սահմանադրական իրավունքից ածանցվում է պետության պոզիտիվ պարտականությունը` ապահովել այն թե՛ նորմաստեղծ, թե՛ իրավակիրառ գործունեություն իրականացնելիս: ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի իրականացման կարգը և պայմանները սահմանում է օրենսդիրը: Օրենսդիրն այս գործընթացում օժտված է գնահատման որոշակի ազատությամբ, սակայն սա չի նշանակում, որ օրենսդիրն իրավասու է սահմանելու դատարան դիմելու իրավունքի իրացմանը վերաբերող ցանկացած իրավակարգավորում: ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված այս հիմնարար իրավունքի իրացման կարգը և պայմանները նախատեսող իրավակարգավորումները պետք է նպատակ հետապնդեն ապահովելու դատական պաշտպանության միջոցների գործնականում արդյունավետ երաշխավորումը, այլ խոսքով` արդարադատության պատշաճ իրականացումը և անձանց իրավունքների և ազատությունների գործնականում արդյունավետ պաշտպանությունը:
i
Մեկ այլ, այն է` 25.11.2008 թվականի թիվ ՍԴՈ-780 որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Ըստ ՀՀ սահմանադրական դատարանի 18.07.2013 թվականի թիվ ՍԴՈ-1037 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման` դատական ակտերի բողոքարկման ինստիտուտի նպատակը ոչ միայն ներկայացված պահանջի մերժման կամ բավարարման իրավաչափության ստուգումն է: Այս ինստիտուտն այն հիմնական և էական իրավական երաշխիքն է, որի միջոցով ապահովվում է ստորադաս դատարանի կողմից արդար դատաքննության իրավունքի հիմնական բաղադրատարրերի, մասնավորապես, 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասով և Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված դատավարական երաշխիքների պահպանումը: Բոլոր այն դեպքերում, երբ առաջին ատյանի դատարանը չի պահպանել հիշյալ դատավարական երաշխիքները, քաղաքացին չունենալով վերաքննության իրավունք, ըստ էության զրկվում է իր գործի արդար դատաքննության իրավունքն արդյունավետորեն իրացնելու հնարավորությունից և արդար դատաքննության իրավունքի խախտման դեմ պաշտպանության արդյունավետ միջոցից:
i
Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե՛ս, Ashingdane v. The United Kingdom, թիվ 8225/78 գանգատով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):
Եվրոպական դատարանը մեկ այլ վճռով նշել է, որ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «...պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը 6-րդ հոդվածի 1-ին կետին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում, և եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (տե՛ս, Khalfaoui v. France, թիվ 34791/97 գանգատով Եվրոպական դատարանի 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):
Եվրոպական դատարանը նշել է նաև, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները` խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Dumitru Gheorghe v. Romania գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, կետ 28):
i
Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներում (տե՛ս, ՍԴՈ-652, ՍԴՈ-690, ՍԴՈ-719, ՍԴՈ-765, ՍԴՈ-844, ՍԴՈ-873, ՍԴՈ-890, ՍԴՈ-932, ՍԴՈ-942, ՍԴՈ-1037, ՍԴՈ-1052, ՍԴՈ-1115, ՍԴՈ-1127, ՍԴՈ-1190, ՍԴՈ-1192, ՍԴՈ-1196, ՍԴՈ-1197, ՍԴՈ-1220, ՍԴՈ-1222, ՍԴՈ-1257, ՍԴՈ-1289) կարևորելով իրավակարգավորման մի շարք սկզբունքներ, նաև արձանագրել է, որ`
- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,
- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,
- դատարանի մատչելիությունը կարող է ունենալ այնպիսի սահմանափակումներ, որոնք չեն խաթարում այդ իրավունքի բուն էությունը,
- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,
- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով` դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և չհանգեցնի իրավունքի էության խախտման:
Բողոքարկման իրավունքի և այդ համատեքստում նաև դատարանի մատչելիության վերաբերյալ վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով կիրառման ենթակա իրավակարգավորումներին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` առաջին ատյանի դատարանի վճիռների և նույն օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որոշումների դեմ, վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն գործին մասնակցող անձինք:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 367-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերն ուղարկվում կամ հանձնվում են վերաքննիչ դատարան: Բողոք ներկայացնողը վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերի պատճեններն ուղարկում է գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը` դատական ակտը կայացրած դատարան:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի, 5-րդ մասի համաձայն` բողոքին կցվում են (...) բողոքը գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը` դատական ակտը կայացրած դատարանին ուղարկելու մասին ապացույցները (...):
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ օրենսդրի կողմից սահմանվել է այն ընթացակարգը, որի պահպանմամբ անձը կարող է իրացնել բողոքարկման իր իրավունքը: Ըստ այդմ, վերաքննիչ բողոք բերող անձը պարտավորվում է գործին մասնակցող անձանց պատշաճ ձևով ուղարկել բողոքի և դրան կից փաստաթղթերի պատճենները: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է նաև, որ բողոքի և դրան կից փաստաթղթերի պատճենները գործին մասնակցող անձանց ուղարկելու` վերաքննիչ բողոք բերող անձի պարտականության սահմանումն օրենսդրի կողմից ինքնանպատակ չէ, այլ ուղղված է գործին մասնակցող անձանց` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված իրենց իրավունքների լիարժեք և արդյունավետ իրականացման ապահովմանը, որոնցից է, օրինակ, վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու իրավունքը: Գործին մասնակցող անձը կարող է լիարժեք իրականացնել օրենքով սահմանված իր իրավունքները միայն այն դեպքում, երբ ծանոթ է վերաքննիչ բողոքին և դրա բովանդակությանը (տե՛ս, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ընդդեմ Ա/Ձ Հասմիկ Գալստյանի թիվ ԵԱՔԴ/0212/04/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.12.2017 թվականի որոշումը):
Ուստի ցանկացած պարագայում դատարանը պարտականություն է կրում ստուգելու` արդյոք բողոք բերած անձը բողոքն ուղարկել է գործին մասնակցող այլ անձանց, և արդյոք այն ուղարկվել է ճիշտ հասցեով, քանի որ դրա հիման վրա է դատարանն ապահովում կողմերի մրցակցության և իրավահավասարության սկզբունքի պատշաճ իրականացումը: Նշված պահանջը չպահպանելու դեպքում վերաքննիչ բողոքը ենթակա է վերադարձման:
i
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոք բերած անձն ըստ էության կատարել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջը, և բողոքն ուղարկվել է գործին մասնակցող անձանց թեկուզև որևէ թերությամբ նշված հասցեով կամ անվանմամբ, սակայն թերությունն այնպիսին չէր, որ խոչընդոտեր փոստային առաքանու հանձնումը հասցեատիրոջը, ապա միայն այդ հիմքով վերաքննիչ բողոքը վերադարձնելը գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականության դրսևորում է և կհանգեցնի անձի` դատարանի մատչելիության իրավունքի անհարկի սահմանափակման:
Սույն գործով Իրինա Ավդալյանը Դատարանի 19.04.2021 թվականի վճռի դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք` միաժամանակ միջնորդելով վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված պետական տուրքի վճարումը հետաձգել (հատոր 2-րդ, գ.թ. 73-77):
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.06.2021 թվականի որոշմամբ Իրինա Ավդալյանի` պետական տուրքի վճարումը հետաձգելու միջնորդությունը մերժվել է, իսկ վերաքննիչ բողոքը վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ վերաքննիչ բողոքին կցված չէ օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարման փաստը հաստատող ապացույց, ինչպես նաև վերաքննիչ բողոքում բողոք բերող անձը չի նշել պատասխանող Իննա Տեր-Անտոնյանցի անունն ու հասցեն և վերաքննիչ բողոքին չի կցել վերաքննիչ բողոքը վերջինիս ուղարկելու մասին ապացույցը: Միաժամանակ Վերաքննիչ դատարանի 23.06.2021 թվականի որոշմամբ սահմանվել է ժամկետ` արձանագրված խախտումը վերացնելու և որոշումը ստանալուց հետո 15-օրյա ժամկետում բողոքը կրկին ներկայացնելու համար (հատոր 2-րդ, գ.թ. 80-81):
Իրինա Ավդալյանը, Դատարանի 19.04.2021 թվականի վճռի դեմ կրկին ներկայացնելով վերաքննիչ բողոք, ի թիվս այլի, կցել է պետական տուրքի վճարման անդորրագիր, ինչպես նաև վերաքննիչ բողոքը 08.07.2021 թվականին հետևյալ անձին և հասցեով ուղարկելու, այն է` «Հայաստան, Երևան, Կուրղինյան 21/2 շ., 37 բն. Իննա Տեր-Անտոնյան» բովանդակությամբ թիվ RR301293388AM կոդով (առաքանի թիվ 207) փոստային անդորրագիրը (հատոր 2-րդ, գ.թ. 98):
Վերաքննիչ դատարանն իր 21.07.2021 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը կրկին վերադարձրել է այն պատճառաբանությամբ, որ բողոք բերած անձը չի պահպանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածով սահմանված կանոնը: Մասնավորապես` կրկին ներկայացված վերաքննիչ բողոքին չի կցվել դրա օրինակը Իննա Տեր-Անտոնյանցին ուղարկելու փաստը հաստատող որևէ վերաբերելի ապացույց: Մասնավորապես` Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ «հիշյալ փոստային առաքանին (թիվ 207 առաքանի, կոդը` RR301293388AM), Վերաքննիչ դատարանը չի դիտում բողոքը որպես գործին մասնակցող անձ Իննա Տեր-Անտոնյանցին ուղարկելու փաստը հավաստող պատշաճ ապացույց, քանի որ դրանում որպես ստացող նշված է Իննա Տեր-Անտոնյանը»: Վերոգրյալի հետ մեկտեղ Վերաքննիչ դատարանը 21.07.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ արձանագրել է, որ վերաքննիչ բողոք բերած անձի կողմից վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելիս թույլ է տրվել նոր խախտում (հատոր 2-րդ, գ.թ. 100-101):
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Ըստ գործում առկա հայցադիմումի` պատասխանող Իննա Տեր-Անտոնյանցի հասցեն է` «ք. Երևան, Կուրղինյան փողոց 21/2 շենք, բն. 37» (հատոր 1-ին, գ.թ. 4):
Դատարանի 19.04.2021 թվականի վճռի դեմ Իրինա Ավդալյանի բերած վերաքննիչ բողոքի օրինակը 08.07.2021 թվականին փոստային առաքմամբ ուղարկվել է ք. Երևան, Կուրղինյան փողոց 21/2 շենք, բնակարան 37 հասցեով, որը Իննա Տեր-Անտոնյանցը ստացել է 09.07.2021 թվականին (ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից):
Վճռաբեկ դատարանը կարևորում է, որ կողմերի մրցակցության և հավասարության սկզբունքի պահպանության անհրաժեշտությունից ելնելով` վերաքննիչ բողոք ներկայացնող անձը պարտավոր էր վերաքննիչ բողոքն ուղարկել նաև գործին մասնակցող անձանց, ընդ որում, այնպիսի պատշաճ կարգով և հասցեով, որը կապահովեր վերջիններիս կողմից բողոքի ստացումը: Նման պատշաճ հասցեն տվյալ դեպքում գործին մասնակցող անձանց հայցադիմումում նշված հասցեներն են: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատավարության մասնակցի վրա պատշաճ կարգով բողոքը գործին մասնակցող անձանց ուղարկելու պարտականությունն այնպիսի սահմանափակում չէ, որը խաթարի դատարանի մատչելիության իրավունքը: ՈՒստի Իրինա Ավդալյանը պարտավոր էր պատշաճ կարգով բողոքն ուղարկել Իննա Տեր-Անտոնյանցին:
Անդրադառնալով նշված պարտականությունը Իրինա Ավդալյանի կողմից կատարված լինելուն` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վերաքննիչ բողոքին կից ներկայացված փոստային անդորրագրից պարզ է դառնում, որ թեև հասցեատիրոջ ազգանունը նշվել է թերությամբ, սակայն թերությունն այնպիսինը չէ, որ կասկածի տակ դներ Իրինա Ավդալյանի կողմից իր դատավարական պարտականությունը կատարված լինելու փաստը: Այդ մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ հետագայում Վճռաբեկ դատարան է ներկայացվել հասցեատիրոջ կողմից այդ առաքանին ստանալու վերաբերյալ ապացույց: Այսպիսով, ոչ էական թերություն պարունակող փոստային անդորրագիրը չհամարելով որպես բողոքը գործին մասնակցող այլ անձին ուղարկած լինելը հավաստող ապացույց` Վերաքննիչ դատարանը սահմանափակել է Իրինա Ավդալյանի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները: Ընդ որում, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ այդ սահմանափակումը չի համապատասխանում Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, քանի որ չի հետապնդում որևէ իրավաչափ նպատակ, և կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև առկա չէ համաչափության ողջամիտ հարաբերակցություն: Արդյունքում Իրինա Ավդալյանը զրկվել է իր գործի արդար դատաքննության իրավունքն արդյունավետորեն իրացնելու հնարավորությունից և արդար դատաքննության իրավունքի ենթադրյալ խախտման դեմ պաշտպանության արդյունավետ միջոցից, քանի որ գործնականում չի ապահովվել բողոքարկման ընթացակարգի միջոցով ենթադրյալ դատական սխալի բացահայտումը և ուղղումը:
i
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի խախտում:
i
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:
i
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.07.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Ռ. Հակոբյան
Զեկուցող Է. Սեդրակյան
Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Հ. Բեդևյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ս. Միքայելյան
Ա. Մկրտչյան
Տ. Պետրոսյան
Ն. Տավարացյան
Հատուկ կարծիք
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ԵԴ/23700/02/18 քաղաքացիական գործով 02.12.2021 թվականին
կայացված որոշման վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), գրավոր ընթացակարգով քննելով Իրինա Ավդալյանի բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.07.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ` ըստ հայցի Վաչագան Ավդալյանի ընդդեմ Իրինա Ավդալյանի, Իննա Տեր-Անտոնյանցի` ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքը բաժանելու պահանջի մասին, 02.12.2021 թվականին որոշել է «Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.07.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը»:
i
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Ս. Անտոնյանս, համաձայն չլինելով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից 02.12.2021 թվականին թիվ ԵԴ/23700/02/18 քաղաքացիական գործով կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում եմ իմ հատուկ կարծիքը նույն որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ:
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Վաչագան Ավդալյանը պահանջել է ճանաչել իր սեփականության իրավունքը ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքի, այն է` «OPEL VEKTRA B1.8» մակնիշի և «KAMAZ 5511» մակնիշի ավտոմեքենաների 1/2-րդ մասերի հանդեպ, Իրինա Ավդալյանից բռնագանձել ավտոմեքենաների վաճառքից ստացված գումարի 1/2-րդ մասերը` համապատասխանաբար 150000 ՀՀ դրամ և 200000 ՀՀ դրամ գումար:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Տ. Ստեփանյան) (այսուհետ` Դատարան) 19.04.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.06.2021 թվականի որոշմամբ Իրինա Ավդալյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է, և սահմանվել է ժամկետ` վերաքննիչ բողոքում թույլ տված խախտումները վերացնելու և այն կրկին ներկայացնելու համար:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 21.07.2021 թվականի որոշմամբ Իրինա Ավդալյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Իրինա Ավդալյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Սույն վճռաբեկ բողոքը քննվել է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 196-րդ հոդվածի 8-րդ մասը:
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ լրացուցիչ վճիռ կայացնելու մասին միջնորդությունը Դատարան է ներկայացվել 03.07.2020 թվականին, Դատարանը միջնորդությունը քննել է 24.07.2020 թվականին, իսկ դրա վերաբերյալ որոշումը կայացրել է 30.07.2020 թվականին: Նշված դատական ակտի դեմ վերաքննիչ բողոքը ներկայացվել է 30.07.2020 թվականին, երբ դեռևս հրապարակված չի եղել միջնորդությունը քննության առնելու վերաբերյալ որոշումը:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ միջնորդության մեջ նշված հիմքերով վերաքննիչ բողոք չի ներկայացվել:
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ սույն գործով առկա է եղել լրացուցիչ վճիռ կայացնելու հիմք, քանի որ Դատարանը, վճռի պատճառաբանական մասում անդրադառնալով աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց դրամական հատուցում վճարելու պարտավորության հարցին, վճռի եզրափակիչ մասում, ըստ էության, չի լուծել այդ պահանջի բավարարման կամ մերժման հարցը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է կայացնել նոր դատական ակտ` բավարարել լրացուցիչ վճիռ կայացնելու մասին միջնորդությունը:
Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ սույն գործով Իրինա Ավդալյանը Դատարանի 19.04.2021 թվականի վճռի դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք` միաժամանակ միջնորդելով վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված պետական տուրքի վճարումը հետաձգել (հատոր 2-րդ, գ.թ. 73-77):
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.06.2021 թվականի որոշմամբ Իրինա Ավդալյանի` պետական տուրքի վճարումը հետաձգելու միջնորդությունը մերժվել է, իսկ վերաքննիչ բողոքը վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ վերաքննիչ բողոքին կցված չէ օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարման փաստը հաստատող ապացույց, ինչպես նաև վերաքննիչ բողոքում բողոք բերող անձը չի նշել պատասխանող Իննա Տեր-Անտոնյանցի անունն ու հասցեն և վերաքննիչ բողոքին չի կցել վերաքննիչ բողոքը վերջինիս ուղարկելու մասին ապացույցը: Միաժամանակ Վերաքննիչ դատարանի 23.06.2021 թվականի որոշմամբ սահմանվել է ժամկետ` արձանագրված խախտումը վերացնելու և որոշումը ստանալուց հետո 15-օրյա ժամկետում բողոքը կրկին ներկայացնելու համար (հատոր 2-րդ, գ.թ.80-81):
Իրինա Ավդալյանը, Դատարանի 19.04.2021 թվականի վճռի դեմ կրկին ներկայացնելով վերաքննիչ բողոք, ի թիվս այլոց, կցել է պետական տուրքի վճարման անդորրագիր, ինչպես նաև վերաքննիչ բողոքը 08.07.2021 թվականին հետևյալ անձին և հասցեով ուղարկելու, այն է` «Հայաստան, Երևան, Կուրղինյան 21/2 շ., 37 բն. Իննա Տեր-Անտոնյան» բովանդակությամբ թիվ RR301293388AM կոդով (առաքանի թիվ 207) փոստային անդորրագիրը (հատոր 2-րդ, գ.թ. 98):
i
Վերաքննիչ դատարանն իր 21.07.2021 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը կրկին վերադարձրել է այն պատճառաբանությամբ, որ բողոք բերած անձը չի պահպանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածով սահմանված կանոնը: Մասնավորապես` կրկին ներկայացված վերաքննիչ բողոքին չի կցվել դրա օրինակը Իննա Տեր-Անտոնյանցին ուղարկելու փաստը հաստատող որևէ վերաբերելի ապացույց: Մասնավորապես` Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ «հիշյալ փոստային առաքանին (թիվ 207 առաքանի, կոդը` RR301293388AM), Վերաքննիչ դատարանը չի դիտում բողոքը որպես գործին մասնակցող անձ Իննա Տեր-Անտոնյանցին ուղարկելու փաստը հավաստող պատշաճ ապացույց, քանի որ դրանում որպես ստացող նշված է Իննա Տեր-Անտոնյանը»: Վերոգրյալի հետ մեկտեղ Վերաքննիչ դատարանը 21.07.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ արձանագրել է, որ վերաքննիչ բողոք բերած անձի կողմից վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելիս թույլ է տրվել նոր խախտում (հատոր 2-րդ, գ.թ. 100-101):
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրել է հետևյալը.
Ըստ գործում առկա հայցադիմումի` պատասխանող Իննա Տեր-Անտոնյանցի հասցեն է` «ք. Երևան, Կուրղինյան փողոց 21/2 շենք, բն. 37» (հատոր 1-ին, գ.թ. 4): Դատարանի 19.04.2021 թվականի վճռի դեմ Իրինա Ավդալյանի բերած վերաքննիչ բողոքի օրինակը 08.07.2021 թվականին փոստային առաքմամբ ուղարկվել է ք. Երևան, Կուրղինյան փողոց 21/2 շենք, բնակարան 37 հասցեով, որը Իննա Տեր-Անտոնյանցը ստացել է 09.07.2021 թվականին (ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից):
Վճռաբեկ դատարանը կարևորել է, որ կողմերի մրցակցության և հավասարության սկզբունքի պահպանության անհրաժեշտությունից ելնելով` վերաքննիչ բողոք ներկայացնող անձը պարտավոր էր վերաքննիչ բողոքն ուղարկել նաև գործին մասնակցող անձանց, ընդ որում, այնպիսի պատշաճ կարգով և հասցեով, որը կապահովեր վերջիններիս կողմից բողոքի ստացումը: Նման պատշաճ հասցեն տվյալ դեպքում գործին մասնակցող անձանց հայցադիմումում նշված հասցեներն են: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատավարության մասնակցի վրա պատշաճ կարգով բողոքը գործին մասնակցող անձանց ուղարկելու պարտականությունն այնպիսի սահմանափակում չէ, որը խաթարի դատարանի մատչելիության իրավունքը: Ուստի Իրինա Ավդալյանը պարտավոր էր պատշաճ կարգով բողոքն ուղարկել Իննա Տեր-Անտոնյանցին:
i
Անդրադառնալով նշված պարտականությանը Իրինա Ավդալյանի կողմից կատարված լինելուն` Վճռաբեկ դատարանը փաստել է, որ վերաքննիչ բողոքին կից ներկայացված փոստային անդորրագրից պարզ է դառնում, որ թեև հասցեատիրոջ ազգանունը նշվել է թերությամբ, սակայն թերությունն այնպիսինը չէ, որ կասկածի տակ դներ Իրինա Ավդալյանի կողմից իր դատավարական պարտականությունը կատարված լինելու փաստը: Այդ մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ հետագայում Վճռաբեկ դատարան է ներկայացվել հասցեատիրոջ կողմից այդ առաքանին ստանալու վերաբերյալ ապացույց: Այսպիսով, ոչ էական թերություն պարունակող փոստային անդորրագիրը չհամարելով որպես բողոքը գործին մասնակցող այլ անձին ուղարկած լինելը հավաստող ապացույց` Վերաքննիչ դատարանը սահմանափակել է Իրինա Ավդալյանի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները: Ընդ որում, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ այդ սահմանափակումը չի համապատասխանում Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, քանի որ չի հետապնդում որևէ իրավաչափ նպատակ, և կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև առկա չէ համաչափության ողջամիտ հարաբերակցություն: Արդյունքում Իրինա Ավդալյանը զրկվել է իր գործի արդար դատաքննության իրավունքն արդյունավետորեն իրացնելու հնարավորությունից և արդար դատաքննության իրավունքի ենթադրյալ խախտման դեմ պաշտպանության արդյունավետ միջոցից, քանի որ գործնականում չի ապահովվել բողոքարկման ընթացակարգի միջոցով ենթադրյալ դատական սխալի բացահայտումը և ուղղումը:
Վճռաբեկ դատարանի որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի հետ համաձայն չեմ, գտնում եմ, որ վճռաբեկ բողոքը պետք է մերժվեր հետևյալ պատճառաբանությամբ.
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` բողոքին կցվում են (...) բողոքը գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը` դատական ակտը կայացրած դատարանին ուղարկելու մասին ապացույցները: (...)
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ օրենսդրի կողմից սահմանվել է այն ընթացակարգը, որի պահպանմամբ անձը կարող է իրացնել բողոքարկման իր իրավունքը: Ըստ այդմ, վերաքննիչ բողոք բերող անձը պարտավորվում է գործին մասնակցող անձանց պատշաճ ձևով ուղարկել բողոքի և դրան կից փաստաթղթերի պատճենները: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է նաև, որ բողոքի և դրան կից փաստաթղթերի պատճենները գործին մասնակցող անձանց ուղարկելու` վերաքննիչ բողոք բերող անձի պարտականության սահմանումն օրենսդրի կողմից ինքնանպատակ չէ, այլ ուղղված է գործին մասնակցող անձանց` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված իրենց իրավունքների լիարժեք և արդյունավետ իրականացման ապահովմանը, որոնցից է, օրինակ, վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու իրավունքը: Գործին մասնակցող անձը կարող է լիարժեք իրականացնել օրենքով սահմանված իր իրավունքները միայն այն դեպքում, երբ ծանոթ է վերաքննիչ բողոքին և դրա բովանդակությանը (տե՛ս, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ընդդեմ Ա/Ձ Հասմիկ Գալստյանի թիվ ԵԱՔԴ/0212/04/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.12.2017 թվականի որոշումը):
i
Տվյալ դեպքում, ուսումնասիրելով (թիվ 207 առաքանի, կոդը` RR301293388AM) անդորրագիրը, հարկ եմ համարում նշել, որ անդորրագիրը տեղեկություն չի բովանդակում բողոքի օրինակը գործին մասնակցող անձ Իննա Տեր-Անտոնյանցին հասցեագրված լինելու վերաբերյալ: Այն հասցեագրված է Իննա Տեր-Անտոնյանին, ով չի հանդիսանում սույն գործով գործին մասնակցող անձ, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունը վերաքննիչ բողոք բերած անձի կողմից վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելիս նոր խախտում թույլ տալու վերաբերյալ իրավաչափ է, և բխում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի իրավակարգավորումից: Միաժամանակ գտնում եմ, որ նշված խախտումը ձևական խախտում չէ, քանի որ վերաքննիչ բողոքը գործին մասնակցող անձանց ուղարկելն ապահովում է դատավարության ընթացքում մրցակցության և հավասարության սկզբունքների իրականացումը: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը սահմանում է, որ քաղաքացիական դատավարությունն իրականացվում է կողմերի մրցակցության և իրավահավասարության հիման վրա: Նշված իրավանորմի մեկնաբանությունը ցույց է տալիս, որ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ ունի հավասար իրավունքներ և կրում է հավասար պարտականություններ: Ընդ որում, այդ իրավունքները և պարտականությունները փոխադարձ են: Տվյալ դեպքում վերաքննիչ բողոք ներկայացնող անձի` վերաքննիչ բողոքը գործի քննությանը մասնակցող մյուս անձանց ուղարկելու պարտականությունը համապատասխանում է վերջիններիս իրավունքին` ստանալու վերաքննիչ բողոքի պատճենը: Հետևաբար` բողոք ներկայացնող անձի կողմից իր վրա դրված պարտականությունը չիրականացնելը սպառնում է գործին մասնակցող անձանց իրավունքների խախտմանը, քանի որ վերջիններս, ըստ էության, անտեղյակ են մնում դատավարության ընթացքից, իսկ բողոքը ստանալու հանգամանքը հաստատված համարելով, չենք կարող հաստատապես ասել թե ով է այն ստացել` վերը նշված անդորրագրում նշված` Իննա Տեր-Անտոնյանը, թե գործին մասնակցող անձ` Իննա Տեր-Անտոնյանցը:
Հետևաբար` գտնում եմ, որ վճռաբեկ բողոքը պետք է մերժել, իսկ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.07.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը պետք է թողնվեր օրինական ուժի մեջ:
Դատավոր Ս. Անտոնյան
Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 2 դեկտեմբերի 2021 թվական: