Սեղմել Esc փակելու համար:
«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» 22.12....
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» 22.12.2010 ԹՎԱԿԱՆԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական վերաքննիչ                  Վարչական գործ թիվ ՎԴ/11173/05/13

    դատարանի որոշում                       2016թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/11173/05/13

Նախագահող դատավոր` Ք. Մկոյան

    Դատավորներ`        Ա. Առաքելյան

                       Գ. Ղարիբյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ե. Խունդկարյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Վ. Ավանեսյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Ռ. Հակոբյանի

                                              Ե. Սողոմոնյանի

                                              Ն. Տավարացյանի

 

2016 թվականի հուլիսի 22-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության (այսուհետ` Ծառայություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 25.02.2015 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ռազմիկ Մովսիսյանի ընդդեմ Ծառայության` Ծառայության պետի առաջին տեղակալ Ս. Սաիյանի կողմից կազմված թիվ ՄՄ/ԼԼ-1/10287-13 միջամտող վարչական ակտն անվավեր ճանաչելու և 1992-2003 թվականներին առանձնապես վնասակար, առանձնապես ծանր պայմաններում աշխատած ժամանակահատվածի համար կենսաթոշակի վերահաշվարկ կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ռազմիկ Մովսիսյանը պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության պետի առաջին տեղակալ Ս. Սաիյանի կողմից կազմված 23.09.2013 թվականի թիվ ՄՄ/ԼԼ-1/10287-13 միջամտող վարչական ակտը և Ծառայությանը պարտավորեցնել կատարելու 1992-2003 թվականներին առանձնապես վնասակար, առանձնապես ծանր պայմաններում աշխատած ժամանակահատվածի համար կենսաթոշակի վերահաշվարկ:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ղազարյան) (այսուհետ` Դատարան) 07.10.2014 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 25.02.2015 թվականի որոշմամբ Ծառայության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 07.10.2014 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ծառայությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

i

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել «Պետական կենսաթոշակների մասին» 22.12.2010 թվականի թիվ ՀՕ-243-Ն ՀՀ օրենքը, որը պետք է կիրառեր, կիրառել է «ՀՀ քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» ՀՀ օրենքը, որը չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ 1992-2003 թվականներին Ռազմիկ Մովսիսյանի աշխատած ժամանակահատվածը ստաժում 1,5 անգամ հաշվարկվել չէր կարող, քանի որ կենսաթոշակի գործում առկա է եղել մինչև 1992 թվականն արտոնյալ պայմաններով աշխատելու մասին գործատուի տված տեղեկանքը, իսկ 1992-2003 թվականներին արտոնյալ պայմաններով աշխատելու մասին տեղեկանքը Ռազմիկ Մովսիսյանը Ծառայության Երևանի Ավան և Նոր Նորքի տարածքային բաժին է ներկայացրել 2011 թվականին` արդեն իսկ «Պետական կենսաթոշակների մասին» 22.12.2010 թվականի ՀՕ-243-Ն ՀՀ օրենքի գործողության ժամանակահատվածում, երբ կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժը 1,5 անգամ հաշվարկելու դրույթ սահմանված չի եղել: Այսինքն` Ռազմիկ Մովսիսյանի` 1992-2003 թվականներին առանձնապես վնասակար, առանձնապես ծանր պայմաններում աշխատած ժամանակահատվածը 1,5 անգամ հաշվարկելը չի բխում ՀՀ կենսաթոշակային օրենսդրության պահանջներից:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 25.02.2015 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը մերժել կամ գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) 13.03.2013 թվականին «Ավանի աղի կոմբինատ» ՓԲԸ-ի կողմից տրված թիվ 41-09 տեղեկանքի համաձայն` Ռազմիկ Մովսիսյանը լրիվ աշխատանքային օրով աշխատել է հանքի ստորգետնյա տեղամասում 11.02.1971 թվականից մինչև 13.03.2013 թվականը` որպես հանքի ստորգետնյա տեղամասի երկրաբան (հատոր 1-ին, գ.թ. 16):

2) Ռազմիկ Մովսիսյանին 1985 թվականի մարտ ամսին արտոնյալ պայմաններով նշանակվել է կենսաթոշակ (հատոր 1-ին, գ.թ. 19-21):

3) 28.08.2013 թվականին Ռազմիկ Մովսիսյանը դիմել է Ծառայությանը` խնդրելով 1992-2003 թվականների համար առանձնապես վնասակար, առանձնապես ծանր պայմաններում աշխատած ժամանակահատվածի համար կատարել կենսաթոշակի վերահաշվարկ: Ծառայությունը 23.09.2013 թվականի թիվ ՄՄ/ԼԼ-1/10287-13 գրությամբ մերժել է Ռազմիկ Մովսիսյանի դիմումն այն պատճառաբանությամբ, որ կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժը 1,5 անգամ հաշվարկելու և այդ հիմքով կենսաթոշակը վերահաշվարկելու դրույթ Ռազմիկ Մովսիսյանի կողմից արտոնյալ պայմաններով աշխատելու մասին տեղեկանքը Ծառայություն ներկայացնելու պահին գործող օրենսդրությունը չի նախատեսել (հատոր 1-ին, գ.թ. 19-21):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից «Պետական կենսաթոշակների մասին» 22.12.2010 թվականի թիվ ՀՕ-243-Ն ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասը, 55-րդ հոդվածի 1-ին մասը չկիրառելու հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցին. արդյո՞ք լրացուցիչ փաստաթղթերի ներկայացման դեպքում նախկինում նշանակված կենսաթոշակը ենթակա է վերահաշվարկման ուժը կորցրած իրավական ակտով սահմանված կարգով:

Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով բողոքի հիմքում բարձրացված հարցադրումը, նախևառաջ հարկ է համարում անդրադառնալ վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառվող օրենսդրության հարցը որոշելու խնդրին:

22.12.2010 թվականին ընդունված և 01.01.2011 թվականից գործող «Պետական կենսաթոշակների մասին» թիվ ՀՕ-243-Ն ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` աշխատանքային կենսաթոշակը վերահաշվարկվում է, եթե`

1) փոխվել է աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը կամ աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը` տվյալ ամսվա 1-ից.

2) տարիքային կամ հաշմանդամության կենսաթոշակ նշանակելուց (կենսաթոշակը կենսաթոշակառուի գրավոր դիմումի հիման վրա վերահաշվարկելուց) 12 ամիս հետո կենսաթոշակառուն ներկայացրել է կենսաթոշակը նշանակելուց (կենսաթոշակը կենսաթոշակառուի գրավոր դիմումի հիման վրա վերահաշվարկելուց) հետո առնվազն վեց ամիս աշխատած լինելու մասին տեղեկանք` դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից.

3) կենսաթոշակառուն ներկայացրել է մինչև կենսաթոշակ նշանակելը (կենսաթոշակի տեսակը փոխելը) ընկած ժամանակահատվածում իր կամ մահացած կերակրողի աշխատանքային կամ մինչև տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքն ընկած ժամանակահատվածի այլ գործունեության վերաբերյալ լրացուցիչ փաստաթղթեր` դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից.

4) հաշմանդամության կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուն, մինչև տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալը, կենսաթոշակը նշանակելուց (վերահաշվարկելուց) 12 ամիս հետո ներկայացրել է այլ գործունեության ժամանակահատվածի մասին փաստաթուղթ` դիմումը և այդ փաստաթուղթը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից:

Վկայակոչված իրավանորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ կենսաթոշակի վերահաշվարկի իրավահարաբերություններն օրենքով սահմանված ինքնուրույն իրավահարաբերություններ են, որոնց ծագումը, բացառությամբ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, մյուս բոլոր դեպքերում պայմանավորված է կենսաթոշակառուի կողմից համապատասխան դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերն իրավասու մարմին ներկայացնելով:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ պետական կենսաթոշակների վերաբերյալ նախկինում գործող օրենսդրությամբ ևս կենսաթոշակի վերահաշվարկման իրավահարաբերության ծագումը պայմանավորված է եղել կենսաթոշակառուի կողմից նշանակված կենսաթոշակը վերահաշվարկելու համար դիմելու հանգամանքով:

i

Այսպես, «ՀՀ քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» 25.02.1992 թվականի թիվ ՀՕ-13 ՀՀ օրենքի (ուժի մեջ է մտել 01.07.1992 թվականին, ուժը կորցրել է 01.01.1996 թվականին) 35-րդ հոդվածի «ա» կետի համաձայն` նշանակված կենսաթոշակի վերահաշվարկումը կատարվում է կենսաթոշակի բարձրացման իրավունք վերապահող հանգամանքներ առաջանալիս` այն ամսվա սկզբից, որի ընթացքում կենսաթոշակառուն դիմել է կենսաթոշակը վերահաշվարկելու համար:

i

Նույն օրենքի 47-րդ հոդվածի համաձայն` այն կենսաթոշակառուները, որոնք տարիքային կամ հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ նշանակելուց հետո առնվազն 2 տարի աշխատել են ավելի բարձր վաստակով, քան այն վաստակը, որից հաշվարկվել էր կենսաթոշակը, կարող են դիմել կենսաթոշակի վերահաշվարկման համար: Կենսաթոշակի նոր չափը որոշվում է կենսաթոշակի վերահաշվարկման համար դիմելուն նախորդած վերջին 5 տարիների ընդհանուր վաստակից հաշվարկվող ամսական միջին փաստացի վաստակի համեմատությամբ, նույն օրենքով սահմանված կարգով:

Կենսաթոշակառուն, որը ոչ լրիվ ստաժի դեպքում տարիքային կամ հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ նշանակելուց հետո առնվազն 2 տարի աշխատել է, կարող է դիմել կենսաթոշակի վերահաշվարկման համար: Կենսաթոշակի նոր չափը որոշվում է դիմելու պահին առկա փաստացի ընդհանուր ստաժին համամասնական չափով:

Կենսաթոշակի յուրաքանչյուր հաջորդ վերահաշվարկը կատարվում է նույն հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված նախորդ վերահաշվարկից ոչ շուտ, քան 2 տարի հետո:

Եթե կենսաթոշակառուն, շարունակելով աշխատել, ձեռք է բերել լրիվ կենսաթոշակի նշանակման համար բավարար ստաժ, ապա նրա դիմումի համաձայն կատարվում է կենսաթոշակի համապատասխան վերահաշվարկ` անկախ այն բանից, թե ոչ լրիվ ստաժի դեպքում կենսաթոշակ նշանակելուց հետո որքան ժամանակ է անցել:

Կենսաթոշակի վերահաշվարկը կենսաթոշակառուի ընտրությամբ կատարվում է կամ այն վաստակից, որից կենսաթոշակը սկզբնապես նշանակվել է կամ էլ վերջին 5 տարիների ընդհանուր վաստակից հաշվարկվող ամսական միջին փաստացի վաստակից: Այն դեպքերում, երբ կենսաթոշակի նշանակումից հետո կենսաթոշակառուն ընտանեկան դրության փոփոխման, աշխատանքի ընդունվելու կամ այն դադարեցնելու կապակցությամբ ձեռք է բերում կամ կորցնում ընտանիքի անաշխատունակ անդամներին տրվող հավելումի իրավունք կամ այդ հավելումի չափը ենթակա է փոփոխման, նրա դիմումի համաձայն կատարվում է կենսաթոշակի համապատասխան վերահաշվարկ:

Եթե վերահաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է մինչև նույն օրենքն ուժի մեջ մտնելը նշանակված կենսաթոշակի չափից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին չափով:

i

Նույն օրենքի 48-րդ հոդվածի համաձայն` նախկին օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակված կենսաթոշակի վերահաշվարկը կատարվում է կենսաթոշակառուի ցանկությամբ, եթե կենսաթոշակառուն ներկայացնում է նույն օրենքով նախատեսված` կենսաթոշակի բարձրացման իրավունք տվող համապատասխան փաստաթղթեր (աշխատանքային ստաժի, վաստակի չափի, ընտանիքի կազմի վերաբերյալ և այլն):

Վերահաշվարկը կատարվում է դիմելուն նախորդած ոչ ավելի, քան 12 ամիսների համար:

«ՀՀ քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» 06.12.1995 թվականի թիվ ՀՕ-26 ՀՀ օրենքի (ուժի մեջ է մտել 01.01.1996 թվականին, ուժը կորցրել է 10.04.2003 թվականին) 11-րդ հոդվածի համաձայն` նույն օրենքով նախատեսված կենսաթոշակները հաշվարկվում են բազային (սոցիալական) կենսաթոշակին ավելացնելով յուրաքանչյուր մեկ լրիվ տարվա աշխատանքային (ապահովագրական) ստաժի համար տրվող հավելումը:

Նույն օրենքի 44-րդ հոդվածի համաձայն` նախկին օրենսդրությամբ նշանակված կենսաթոշակները վերահաշվարկվում են նույն օրենքին համապատասխան: Եթե վերահաշվարկված կենսաթոշակը ցածր է նախկին օրենսդրությամբ նշանակված կենսաթոշակից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին չափով:

i

«Պետական կենսաթոշակների մասին» 19.11.2002 թվականի թիվ ՀՕ-519-Ն ՀՀ օրենքի(ուժի մեջ է մտել 01.01.2003 թվականին, ուժը կորցրել է 01.01.2011 թվականին) 73-րդ հոդվածի համաձայն` մինչև նույն օրենքն ուժի մեջ մտնելը նշանակված կենսաթոշակը վերահաշվարկվում է կենսաթոշակի գործում առկա փաստաթղթերով հաշվարկված ստաժին համապատասխան` հաշվի առնելով նույն օրենքի 17-19-րդ հոդվածներին համապատասխան սահմանված հիմնական կենսաթոշակի չափը, ապահովագրական ստաժի մեկ տարվա արժեքը և կենսաթոշակառուի անձնական գործակիցը:

«Պետական կենսաթոշակների մասին» 22.12.2010 թվականի թիվ ՀՕ-243-Ն ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության համաձայն` մինչև նույն օրենքի ուժի մեջ մտնելը «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի նոյեմբերի 19-ի ՀՕ-519 օրենքով նշանակված կենսաթոշակը վերահաշվարկելու համար լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու դեպքում կենսաթոշակը վերահաշվարկվում է նույն օրենքով սահմանված կարգով: Այդ դեպքում կենսաթոշակի գործում առկա` օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված ստաժում առանձնապես ծանր, առանձնապես վնասակար պայմաններում աշխատած ժամանակահատվածը, քաղաքացիական ավիացիայի աշխատողների` թռիչքային ժամերով հաշվարկված ժամկետները, վկայությամբ հաստատված ժամանակահատվածը, երեխաների խնամքի ժամանակահատվածը, ուսումնական հաստատություններում առկա (ցերեկային) ուսման ժամանակահատվածն աշխատանքային ստաժում պահպանվում են նույնությամբ:

Վերը նշված իրավական նորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թե՛ նախկինում գործող և թե՛ ներկայումս գործող օրենսդրությունը նախատեսել է, որ կենսաթոշակը վերահաշվարկելու իրավունք վերապահող հանգամանքներ առաջանալու դեպքում վերահաշվարկ կատարելու իրավահարաբերությունները ծագում են միայն կենսաթոշակառուի կողմից համապատասխան դիմում ներկայացնելու հիմքով, բացառությամբ հիմնական կենսաթոշակի չափը կամ աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը փոխվելու դեպքերի:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ թե՛ նախկինում գործող և թե՛ ներկայումս գործող օրենսդրությունը նախատեսել է, որ կենսաթոշակը վերահաշվարկելու համար լրացուցիչ փաստաթղթերի ներկայացման դեպքում նախկինում նշանակված կենսաթոշակը ենթակա է վերահաշվարկման գործող օրենքի դրույթներին համապատասխան:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կենսաթոշակը վերահաշվարկելու իրավահարաբերությունների նկատմամբ կիրառելի է կենսաթոշակառուի կողմից վերահաշվարկելու համար լիազոր մարմին դիմելու պահի դրությամբ գործող օրենսդրությունը:

Սույն գործի փաստերի համաձայն` 13.03.2013 թվականին «Ավանի աղի կոմբինատ» ՓԲԸ-ի կողմից տրված թիվ 41-09 տեղեկանքի համաձայն` Ռազմիկ Մովսիսյանը լրիվ աշխատանքային օրով աշխատել է հանքի ստորգետնյա տեղամասում 11.02.1971 թվականից մինչև 13.03.2013 թվականը` որպես հանքի ստորգետնյա տեղամասի երկրաբան: 28.08.2013 թվականին Ռազմիկ Մովսիսյանը դիմել է Ծառայությանը` խնդրելով 1992-2003 թվականների համար առանձնապես վնասակար, առանձնապես ծանր պայմաններում աշխատած ժամանակահատվածի համար կատարել կենսաթոշակի վերահաշվարկ: Ծառայությունը 23.09.2013 թվականի թիվ ՄՄ/ԼԼ-1/10287-13 գրությամբ մերժել է Ռազմիկ Մովսիսյանի դիմումը:

Սույն գործով Դատարանը հայցը բավարարելու հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ տվյալ դեպքում Ռազմիկ Մովսիսյանի կենսաթոշակի հետ կապված իրավահարաբերությունները ծագել են մինչև 10.04.2003 թվականը գործող «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի ընդունումը, իսկ Ծառայության կողմից կիրառված 10.04.2003 թվականից գործող «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը սույն իրավահարաբերությունների նկատմամբ կիրառելի չէ, այլ կիրառելի են «ՀՀ քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» 06.12.1995 թվականի թիվ ՀՕ-26 ՀՀ օրենքի դրույթները, որոնցով կենսաթոշակն արտոնյալ պայմաններով հաշվարկելու և նշանակված կենսաթոշակը վերահաշվարկելու կանոններ նախատեսված են եղել:

Վերաքննիչ դատարանը, իրավաչափ համարելով Դատարանի եզրահանգումն առ այն, որ Ծառայության կողմից կիրառված 10.04.2003 թվականից գործող «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը սույն իրավահարաբերությունների նկատմամբ կիրառելի չէ, այլ կիրառելի են «ՀՀ քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» 06.12.1995 թվականի թիվ ՀՕ-26 ՀՀ օրենքի դրույթները, մերժել է Ծառայության վերաքննիչ բողոքը:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների կողմից սույն գործով «Պետական կենսաթոշակների մասին» 22.12.2010 թվականի թիվ ՀՕ-243-Ն ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելուց առաջ գործող իրավակարգավորումների կիրառումն իրավաչափ չէ հետևյալ պատճառաբանությամբ:

Սույն գործի փաստերի համաձայն` կենսաթոշակը վերահաշվարկելու դիմումը և լրացուցիչ փաստաթուղթը (տեղեկանքը) Ռազմիկ Մովսիսյանը ներկայացրել է 28.08.2013 թվականին, հետևաբար վերը նշված իրավական դիրքորոշումների հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կենսաթոշակը վերահաշվարկելու կարգը պետք է որոշվի 28.08.2013 թվականի դրությամբ գործող օրենսդրության հիման վրա:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ կենսաթոշակի նշանակման, հաշվարկման և վերահաշվարկման հետ կապված հարաբերությունները մինչև «Պետական կենսաթոշակների մասին» 22.12.2010 թվականի թիվ ՀՕ-243-Ն ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը, այն է` մինչև 01.01.2011 թվականը, կարգավորվել են նախ` «ՀՀ քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» 25.02.1992 թվականի թվականի թիվ ՀՕ-13 ՀՀ օրենքով, ապա` «ՀՀ քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» 06.12.1995 թվականի թիվ ՀՕ-26 ՀՀ օրենքով, այնուհետև` «Պետական կենսաթոշակների մասին» 19.11.2002 թվականի թիվ ՀՕ-519-Ն ՀՀ օրենքով:

i

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` ուժը կորցրած իրավական ակտի գործողությունը տարածվում է մինչև դրա ուժը կորցնելու օրը ծագած հարաբերությունների վրա, եթե նույն օրենքով կամ ակտն ուժը կորցրած ճանաչելու մասին իրավական ակտով այլ բան նախատեսված չէ:

Վերոնշյալից հետևում է, որ այն դեպքերում, երբ իրավական ակտն ուժը կորցրած է ճանաչվում, այդ ակտի գործողությունը տարածվում է միայն մինչև դրա ուժը կորցնելու օրը ծագած հարաբերությունների վրա և չի տարածվում դրանից հետո ծագած հարաբերությունների վրա, եթե նույն օրենքով կամ ակտն ուժը կորցրած ճանաչելու մասին իրավական ակտով այլ բան նախատեսված չէ: Այսինքն` ըստ ժամանակի մեջ իրավական ակտերի գործողության համընդհանուր սկզբունքի` իրավական ակտի գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ եղած ժամանակահատվածում ծագած իրավահարաբերությունների նկատմամբ: Այլ կերպ ասած` իրավական ակտի կիրառելիության հարցն ուղղակիորեն կապված է կարգավորման առարկան կազմող իրավահարաբերության ծագման պահի հետ:

Սույն գործի փաստական հանգամանքները համադրելով վերոնշյալ իրավական վերլուծությունների հետ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում կենսաթոշակի վերահաշվարկման իրավահարաբերության ծագման պահ է հանդիսանում Ռազմիկ Մովսիսյանի` Ծառայությանը կենսաթոշակի վերահաշվարկման վերաբերյալ դիմում տալու օրը, հետևաբար սույն գործով կիրառման ենթակա են Ռազմիկ Մովսիսյանի կողմից կենսաթոշակի վերահաշվարկման համար դիմում տալու օրվա` 28.08.2013 թվականի դրությամբ գործող իրավակարգավորումները, որոնք սահմանված են «Պետական կենսաթոշակների մասին» 22.12.2010 թվականի թիվ ՀՕ-243-Ն ՀՀ օրենքով:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով մինչև «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելը գործող իրավական ակտերը կիրառելի կլինեին միայն այն դեպքում, եթե Ռազմիկ Մովսիսյանը կենսաթոշակի վերահաշվարկման դիմումը ներկայացներ մինչև «Պետական կենսաթոշակների մասին» 22.12.2010 թվականի թիվ ՀՕ-243-Ն ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը: Մինչդեռ վերջինս կենսաթոշակի վերահաշվարկման վերաբերյալ դիմումով Ծառայությանը դիմել է 28.08.2013 թվականին, հետևաբար սույն գործով կիրառելի են «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումները, որոնց համաձայն` նշանակված կենսաթոշակը վերահաշվարկելու համար լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու դեպքում կենսաթոշակը վերահաշվարկվում է նույն օրենքով սահմանված կարգով:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ «Պետական կենսաթոշակների մասին» 22.12.2010 թվականի թիվ ՀՕ-243-Ն ՀՀ օրենքի 38-րդ հոդվածը սպառիչ կերպով սահմանում է կենսաթոշակը վերահաշվարկելու հիմքերը, և դրանցում բացակայում է դիմողի կողմից հայցվող` առանձնապես ծանր, առանձնապես վնասակար պայմաններում աշխատած ժամանակահատվածով պայմանավորված կենսաթոշակը վերահաշվարկելու հիմքը:

i

Անդրադառնալով ստորադաս դատարանների այն պատճառաբանությանը, որ Ռազմիկ Մովսիսյանի կենսաթոշակի հետ կապված իրավահարաբերությունները ծագել են մինչև «Պետական կենսաթոշակների մասին» 19.11.2002 թվականի թիվ ՀՕ-519-Ն ՀՀ օրենքի ընդունումը, հետևաբար Ռազմիկ Մովսիսյանը կենսաթոշակի վերահաշվարկման լեգիտիմ ակնկալիք է ունեցել, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները սխալ են կիրառել լեգիտիմ ակնկալիքի ինստիտուտը, որին անդրադարձել է նաև ՀՀ սահմանադրական դատարանը (տե՛ս «Պետական կենսաթոշակների մասին» 19.11.2002 թվականի թիվ ՀՕ-519-Ն օրենքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասին ՀՀ սահմանադրական դատարանի 15.01.2008 թվականի թիվ ՍԴՈ-723 որոշումը):

ՀՀ սահմանադրական դատարանը նշել է, որ մինչև «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելն առանձնապես վնասակար, առանձնապես ծանր պայմաններում աշխատած և կենսաթոշակի նշանակում ստացած անձինք ակնկալիք են ունեցել, որ իրենց կենսաթոշակը ենթակա է հաշվարկման արտոնյալ կարգով, սակայն նույն օրենքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով այդ արտոնյալ կարգը վերացվել է` անտեսելով նաև նշված պայմաններում աշխատած անձանց ակնկալիքն առ այն, որ իրենց կենսաթոշակը հաշվարկվելու է արտոնյալ կարգով: Անձի իրավական վիճակը վատթարացնող նորմերի հետադարձ ուժի արգելման սկզբունքն իրավական անվտանգության սկզբունքի հետ մեկտեղ կոչված է ապահովելու լեգիտիմ ակնկալիքների հանդեպ հարգանքը:

ՀՀ սահմանադրական դատարանը, արձանագրելով նշանակված կենսաթոշակի վերահաշվարկի արդյունքում դրա տեսակի փոփոխման (վատթարացման) արգելքը, միաժամանակ ճանաչել է նաև որոշակի պայմաններում աշխատած և կենսաթոշակի նշանակում ստացած անձանց` արտոնյալ կենսաթոշակ ստանալու հանդեպ լեգիտիմ ակնկալիքը: Ընդ որում, ՀՀ սահմանադրական դատարանը լեգիտիմ ակնկալիքի առկայությունը ճանաչել է միայն այն անձանց համար, որոնք աշխատել և կենսաթոշակի նշանակում են ստացել:

Ըստ ՀՀ սահմանադրական դատարանի դիրքորոշման` կենսաթոշակի հանդեպ լեգիտիմ ակնկալիքը ծագելու համար միայն աշխատելու փաստը բավարար չէ, անձի նկատմամբ պետք է արդեն իսկ նշանակված լինի կենսաթոշակ, կամ վերջինս պետք է արդեն իսկ կենսաթոշակի իրավունք ձեռք բերած լինի, որպեսզի դրա հանդեպ լեգիտիմ ակնկալիքը գործի: Ըստ այդմ` ՀՀ սահմանադրական դատարանը ճանաչել է ոչ թե որոշակի պայմաններում աշխատած անձանց լեգիտիմ ակնկալիքը այդ ընթացքում գործող իրավակարգավորումներով կենսաթոշակ ստանալու նկատմամբ, այլ արդեն իսկ կենսաթոշակի իրավունք ձեռք բերած անձանց լեգիտիմ ակնկալիքն այդ իրավունքը ձեռք բերելու պահին գործող իրավակարգավորումներով կենսաթոշակ ստանալու և դրա չափը այլևս չնվազեցնելու հանդեպ:

ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ օրենսդիրն իրավասու է օրենսդրական փոփոխությունների արդյունքում սահմանելու կենսաթոշակի հետ կապված իրավահարաբերությունների կարգավորման լիովին նոր համակարգ, որը, սակայն, չի կարող վերացնել այն կենսաթոշակները, այդ թվում` արտոնյալ կարգով նշանակվող, որոնք ստանալու իրավունքն անձը ձեռք է բերել նախկինում գործող օրենսդրության հիման վրա:

Այսպիսով, ՀՀ սահմանադրական դատարանն անձի կենսաթոշակ ստանալու լեգիտիմ ակնկալիքը կապել է կենսաթոշակ ստանալու իրավունքի` արդեն իսկ ծագած լինելու հետ:

ՀՀ սահմանադրական դատարանի` վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով անձի լեգիտիմ ակնկալիքի իրավունքին` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անձի լեգիտիմ ակնկալիքի պաշտպանությունը մի կողմից պարտավորեցնում է պետությանը անձի հանդեպ գործել բարեխիղճ, մյուս կողմից, սակայն, անձի լեգիտիմ ակնկալիքի պաշտպանության կիրառման համար կարևոր է նաև անձի դրսևորած վարքագծի բարեխղճությունը և ողջամտությունը: Այսինքն, թեև լեգիտիմ ակնկալիքն օգտագործվում է որպես անձի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության արդյունավետ միջոց, այնուամենայնիվ, պետք է գոյություն ունենան նաև դրա չարաշահումը բացառող երաշխիքներ:

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ անձի սոցիալական ապահովության սահմանադրական իրավունքի իրացումը երաշխավորելու համար համապատասխան իրավակարգավորում ստեղծելու բացառիկ իրավասությունը վերապահված է օրենսդիր մարմնին, որը կոչված է իրականացնելու այդ բնագավառի, այդ թվում նաև` կենսաթոշակների հետ կապված իրավահարաբերությունների օրենսդրական քաղաքականությունը: Ըստ այդմ, կենսաթոշակային օրենսդրությունը 1992-2011 թվականներն ընկած ժամանակահատվածում պարբերաբար ենթարկվել է փոփոխությունների: Այսպես` 01.07.1992 թվականից մինչև 01.01.1996 թվականը գործել է «ՀՀ քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» թիվ ՀՕ-13 օրենքը, 01.01.1996 թվականից մինչև 01.01.2003 թվականը գործել է «ՀՀ քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» թիվ ՀՕ-26 օրենքը, 01.01.2003 թվականից մինչև 01.01.2011 թվականը գործել է «Պետական կենսաթոշակների մասին» թիվ ՀՕ-519-Ն ՀՀ օրենքը, իսկ 01.01.2011 թվականից ուժի մեջ է մտել «Պետական կենսաթոշակների մասին» թիվ ՀՕ-243-Ն օրենքը:

Վճռաբեկ դատարանը նաև արձանագրում է, որ վերը նշված իրավական ակտերն իրենց գործողության ընթացքում ևս բազմիցս ենթարկվել են փոփոխությունների և լրացումների, ինչը պայմանավորված է կենսաթոշակային համակարգի հավասարակշռության ապահովման, քաղաքացիների կենսաթոշակային ապահովության մակարդակի կայունության և աճի ապահովման անհրաժեշտությամբ:

Սույն գործով ներկայացված հայցադիմումով Ռազմիկ Մովսիսյանը փաստում է, որ 1992 թվականին դիմել է 1987-1992 թվականների ժամանակահատվածի կենսաթոշակի վերահաշվարկման համար` ներկայացնելով աշխատանքի բնույթի մասին գործատուի կողմից տրված ճշտող տեղեկանքը, 1995 թվականին դիմել է 1990-1995 թվականների ժամանակահատվածի կենսաթոշակի վերահաշվարկման համար` ներկայացնելով աշխատավարձի չափի վերաբերյալ տեղեկանք, մինչդեռ հետագայում` 1992-2003 թվականներն ընկած ժամանակահատվածում, արտոնյալ պայմաններում աշխատելու վերաբերյալ տեղեկանքը չի ներկայացրել և չի դիմել լիազոր մարմին` կենսաթոշակի վերահաշվարկման համար` մինչև «Պետական կենսաթոշակների մասին» թիվ ՀՕ-243-Ն օրենքն ուժի մեջ մտնելը: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ «Պետական կենսաթոշակների մասին» թիվ ՀՕ-519-Ն օրենքի 73-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվող դրույթն առ այն, որ լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու դեպքում կենսաթոշակը վերահաշվարկվում է նույն օրենքով սահմանված կարգով և համարվում է նոր նշանակում, ՀՀ սահմանադրական դատարանի 15.01.2008 թվականի թիվ ՍԴՈ-723 որոշմամբ ճանաչվել է ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր, ինչը նշանակում է, որ Ռազմիկ Մովսիսյանն առնվազն 15.01.2008 թվականից մինչև 01.01.2011 թվականը հնարավորություն է ունեցել լիազոր մարմնին ներկայացնելու կենսաթոշակի վերահաշվարկ կատարելու մասին դիմումը և արտոնյալ պայմաններում աշխատելու վերաբերյալ տեղեկանքը, սակայն ցուցաբերել է անգործություն:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում Ռազմիկ Մովսիսյանը դեռևս «ՀՀ քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» թիվ ՀՕ-26 օրենքի` մինչև 01.01.2003 թվականը ուժի մեջ լինելու, ինչպես նաև 01.01.2003 թվականից ուժի մեջ մտած «Պետական կենսաթոշակների մասին» թիվ ՀՕ-519-Ն ՀՀ օրենքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի` ՀՀ սահմանադրական դատարանի կողմից 15.01.2008 թվականին անվավեր ճանաչելու պայմաններում զրկված չի եղել մինչև «Պետական կենսաթոշակների մասին» թիվ ՀՕ-519-Ն ՀՀ օրենքի ուժը կորցնելու պահը` 01.01.2011 թվականը, կենսաթոշակի վերահաշվարկման համար լիազոր մարմին դիմելու հնարավորությունից:

Ավելին, օրենսդրի կողմից կենսաթոշակային օրենսդրությունում պարբերաբար փոփոխություններ կատարելու պայմաններում վերջինս կարող էր կանխատեսել օրենսդրական այնպիսի փոփոխությունների հնարավորությունը, որոնց պայմաններում այլևս կբացակայեր նախկինում գործող օրենսդրության համաձայն կենսաթոշակի վերահաշվարկ կատարելու հնարավորությունը, հետևաբար լեգիտիմ ակնկալիքի սկզբունքը սույն գործով կիրառելի չէ, քանի որ հայցվորի կողմից չի դրսևորվել համապատասխան բարեխիղճ և ողջամիտ վարքագիծ, այն է` 1992-2003 թվականների ժամանակահատվածի համար կենսաթոշակի վերահաշվարկի պահանջը չի ներկայացվել նշված ժամանակահատվածում գործող կենսաթոշակային օրենսդրության գործողության ժամանակ, երբ նշված պահանջը կարող էր քննարկվել:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում կիրառելի են «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ գործող օրենքի կարգավորումները, որոնց համաձայն` նշանակված կենսաթոշակը վերահաշվարկելու համար լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու դեպքում կենսաթոշակը վերահաշվարկվում է նույն օրենքով սահմանված կարգով, որը, սակայն, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար պայմաններում աշխատած ժամանակահատվածով պայմանավորված կենսաթոշակը վերահաշվարկելու հիմք չի նախատեսում:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցը բավարարելու հիմք չէր կարող հանդիսանալ Վերաքննիչ դատարանի այն հետևությունը, որ Ռազմիկ Մովսիսյանի կենսաթոշակի հետ կապված իրավահարաբերությունները ծագել են մինչև «Պետական կենսաթոշակների մասին» 19.11.2002 թվականի թիվ ՀՕ-519-Ն ՀՀ օրենքի ընդունումը, քանի որ տվյալ դեպքում գործի լուծման համար էական նշանակություն ունի ոչ թե ընդհանրապես կենսաթոշակային իրավահարաբերության ծագման, այլ կենսաթոշակի վերահաշվարկման` որպես օրենքով նախատեսված ինքնուրույն իրավահարաբերության ծագման պահը: Ըստ այդմ, կիրառելով կենսաթոշակի վերահաշվարկման դիմումը ներկայացնելու պահին գործող օրենքը` Ծառայությունն օրենքի կիրառման առումով որևէ սխալ թույլ չի տվել:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` հայցվող գործողության իրավաչափությունը որոշվում է դատական ակտի կայացման դրությամբ ձեռք բերված ապացույցների շրջանակում և դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ գործողության կատարման հայցի քննարկման ընթացքում դատարանների կողմից պարզման ենթակա հարցերին` կարևորելով նշված հայցատեսակով վարչական մարմիններին պարտադրվող գործողությունների իրավաչափության գնահատման անհրաժեշտությունը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վարչական մարմնին որոշակի գործողություն կատարելուն պարտավորեցնելու համար պետք է հաստատվի, որ հայցվող գործողությունը կատարելու համար առկա են փաստական և իրավական բավարար հիմքեր, և գործը քննելու ու դատական ակտ կայացնելու պահի դրությամբ գործող կոնկրետ հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջներից բխում է հայցվող գործողությունը կատարելու վարչական մարմնի իրավասությունը:

Դատարաններն իրավասու չեն վարչական մարմնին պարտավորեցնելու կատարել այնպիսի գործողություն, որը կհանդիսանա ոչ իրավաչափ, հետևաբար որոշակի գործողություն կատարելուն վարչական մարմնին պարտավորեցնելու համար դատաքննությամբ պետք է ձեռք բերվեն բավարար և անհերքելի ապացույցներ առ այն, որ հայցվող գործողությունն իրավաչափ է:

Սույն գործով Դատարանը գործողության կատարման հայցը բավարարելիս, իսկ Վերաքննիչ դատարանը Դատարանի վճիռն անփոփոխ թողնելիս պատճառաբանել են, որ սույն գործով կիրառելի են «ՀՀ քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» 06.12.1995 թվականի թիվ ՀՕ-26 ՀՀ օրենքի դրույթները, մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարաններն իրենց դատական ակտերում անտեսել են այն հանգամանքը, որ դատական ակտ կայացնելու պահի դրությամբ գործող իրավական ակտերի պահանջներից չի բխում հայցվող գործողության կատարումը, և գործող իրավական կարգավորումների պայմաններում առկա չեն հիմքեր սույն գործով հայցվող գործողության կատարումը վարչական մարմնին պարտավորեցնելու համար, հետևաբար հայցը ենթակա էր մերժման:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի վերոգրյալ հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Նկատի ունենալով, որ սույն գործով վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, ուստի Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասը, գտնում է, որ Ռազմիկ Մովսիսյանից ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման 8.000 ՀՀ դրամ` որպես Դատարանի 06.12.2013 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրք: Բացի այդ, Ռազմիկ Մովսիսյանից հօգուտ Ծառայության պետք է բռնագանձել նաև 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրք, և 40.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրք:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 25.02.2015 թվականի որոշումը և այն փոփոխել` Ռազմիկ Մովսիսյանի հայցը մերժել:

2. Ռազմիկ Մովսիսյանից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 8.000 ՀՀ դրամ` որպես ՀՀ վարչական դատարանի 06.12.2013 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրք:

Ռազմիկ Մովսիսյանից հօգուտ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության բռնագանձել 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրք, և 40.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրք:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան

Դատավորներ` Վ. Ավանեսյան

Ս. Անտոնյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

Ե. Սողոմոնյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
22.07.2016
N ՎԴ/11173/05/13
Որոշում