ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Հայաստանի Հանրապետության ԵԱՔԴ/0218/06/12
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
Գործ թիվ ԵԱՔԴ/0218/06/12
Նախագահող դատավոր` Ա. Դանիելյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Դ. Ավետիսյանի
մասնակցությամբ դատավորներ Հ. Ասատրյանի
Ս. Ավետիսյանի
Ե. Դանիելյանի
Ա. Պողոսյանի
Ս. Օհանյանի
քարտուղարությամբ Մ. Ավագյանի
մասնակցությամբ
պաշտպան Ա. Ստեփանյանի
2013 թվականի ապրիլի 18-ին ք. Երևանում
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2012 թվականի դեկտեմբերի 21-ի որոշման դեմ մեղադրյալ Ռոբերտ Արմենի Հակոբյանի պաշտպան Ա.Ստեփանյանի վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
1. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում 2012 թվականի դեկտեմբերի 4-ի որոշմամբ հարուցվել է թիվ 09116812 քրեական գործը ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
2012 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմամբ Ռոբերտ Արմենի Հակոբյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ «2011 թվականի հունիս ամսին, Երևան քաղաքի Պ.Սևակի և Կ.ՈՒլնեցու փողոցների խաչմերուկում գտնվող թիվ 127 միջնակարգ դպրոցի մոտ, ուրիշի գույքի բացահայտ հափշտակություն կատարելու նպատակով, քաշել-պոկելու միջոցով բացահայտ հափշտակել է Սոնա Ամբարջյանի պարանոցի ոսկյա շղթան իր խաչով և դիմել փախուստի` վերջինիս պատճառելով զգալի չափի` 120.000 ՀՀ դրամի գույքային վնաս» (տե՛ս նյութեր, թերթ 20):
2. 2012 թվականի դեկտեմբերի 7-ին նախաքննության մարմինը միջնորդություն է ներկայացրել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան)` մեղադրյալ Ռ.Հակոբյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:
Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմամբ նախաքննության մարմնի միջնորդությունը բավարարվել է, մեղադրյալ Ռ.Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը` երկու ամիս ժամկետով:
3. Մեղադրյալ Ռ.Հակոբյանի պաշտպան Ա.Ստեփանյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2012 թվականի դեկտեմբերի 21-ի որոշմամբ բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումը` թողել օրինական ուժի մեջ:
4. Վերաքննիչ դատարանի 2012 թվականի դեկտեմբերի 21-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել մեղադրյալ Ռ.Հակոբյանի պաշտպան Ա.Ստեփանյանը:
Վճռաբեկ դատարանի 2013 թվականի մարտի 21-ի որոշմամբ պաշտպան Ա.Ստեփանյանի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5. Նախաքննության մարմինը 2012 թվականի դեկտեմբերի 7-ին «Անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին» որոշում է կայացրել, որի եզրափակիչ մասում նշել է, որ «Ռ.Հակոբյանին թիվ 09116812 քրեական գործով ներգրավել որպես մեղադրյալ, նրան մեղադրանք առաջադրել ՀՀ քր. օր.-ի 176 հոդվածի 1-ին մասով` այդ մասին ստորագրությամբ հայտնելով նրան և միաժամանակ նրան հանձնել որոշման օրինակը» (տե՛ս նյութեր, թերթ 20):
6. Մեղադրյալ Ռ.Հակոբյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունն Առաջին ատյանի դատարանում քննարկելու ընթացքում Ռ.Հակոբյանի պաշտպան Ա.Ստեփանյանը հայտնել է, որ իր պաշտպանյալին օրենքով սահմանված կարգով մեղադրանք չի առաջադրվել, որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը նրան չի տրամադրվել, և նա չգիտի, թե ինչում է մեղադրվում (տե՛ս նյութեր, դատական նիստի ձայնային արձանագրման կրիչը, թերթ 25):
7. Վերաքննիչ դատարանը, քննարկելով Ռ.Հակոբյանին օրենքով սահմանված ընթացակարգով մեղադրանք չառաջադրելու վերաբերյալ պաշտպան Ա.Ստեփանյանի փաստարկը, եզրահանգել է, որ այդ հարցը դուրս է վերաքննիչ դատարանում առաջին ատյանի դատարանի որոշման օրինականության և հիմնավորվածության ստուգման շրջանակներից և ենթակա է բողոքարկման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով սահմանված վերադասության կարգով (տե՛ս նյութեր, դատական նիստի ձայնային արձանագրման կրիչը, թերթ 60):
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.
8. Բողոք բերած անձը փաստարկել է, որ սույն գործով ստորադաս դատարանների կողմից կայացված դատական ակտերը հիմնավորված չեն և առերևույթ հակասում են Ա.Ավետիսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2008 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԱՎԴ/0022/06/08 և Տ.Վահրադյանի գործով Վճռաբեկ դատարանի 2008 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ ԼԴ/0197/06/08 որոշումներին:
Բողոքաբերը փաստարկել է նաև, որ սույն գործով ստորադաս դատարանների կողմից թույլ են տրվել դատավարական խախտումներ, որոնք Ռ.Հակոբյանի համար կարող են առաջացնել ծանր հետևանքներ, մասնավորապես` նա կարող է երկար ժամանակով զրկվել ազատությունից:
Ի հիմնավորումն իր վերոշարադրյալ փաստարկների` բողոք բերած անձը նշել է, որ նախաքննական մարմինը ո՛չ միջնորդություն ներկայացնելիս, ո՛չ այդ միջնորդության քննության ընթացքում չի ներկայացրել որևէ տվյալ, որը կհիմնավորեր, որ Ռ.Հակոբյանը կարող է կատարել միջնորդության մեջ նշված` կալանքի անհրաժեշտությունը հիմնավորող գործողությունները:
9. Բողոքի հեղինակը նշել է նաև, որ խախտվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 203-րդ հոդվածի 2-րդ մասը, որը քննիչին պարտավորեցնում է մեղադրյալի ինքնության մեջ հավաստիանալուց հետո նրան հայտարարել որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը և բացատրել առաջադրված մեղադրանքի էությունը: Այդ գործողությունների կատարումը մեղադրյալի և քննիչի ստորագրությամբ հաստատվում է` որոշման մեջ նշելով մեղադրանքի առաջադրման ամիսը, օրը, ժամը և թվականը: Քննիչի կողմից վերոնշյալ դատավարական պահանջը չկատարելու հետևանքով խախտվել է Ռ.Հակոբյանի պաշտպանության իրավունքն այն առումով, որ նա որպես մեղադրյալ չի հարցաքննվել, նրա համար պարզ չի եղել մեղադրանքի էությունը, և նա չի հասկացել, թե ինչից պետք է պաշտպանվի:
10. Վերոգրյալի հիման վրա` բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012 թվականի դեկտեմբերի 7-ի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012 թվականի դեկտեմբերի 21-ի որոշումները, Ռ.Հակոբյանին ազատել կալանքից:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
i
11. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակն օրենքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական գործառույթի իրացումն է: Այս առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կալանավորման պայմաններից մեկի` անձին մեղադրյալի դատավարական կարգավիճակ տրված լինելու քրեադատավարական պահանջի մեկնաբանման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: ՈՒստի, անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:
12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. օրինական և հիմնավո՞ր են արդյոք Ռ.Հակոբյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ ստորադաս դատարանների որոշումներն այն պարագայում, երբ դատարանները չեն պարզել կալանավորման ինքնուրույն պայմանի, այն է` Ռ.Հակոբյանին մեղադրյալի դատավարական կարգավիճակ տրված լինելու հանգամանքը:
13. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն`
«1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով.
(...)
գ) անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը` իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար,
(...)»:
ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունք: Մարդուն կարելի է ազատությունից զրկել օրենքով սահմանված դեպքերում և կարգով: Օրենքը կարող է նախատեսել ազատությունից զրկում միայն հետևյալ դեպքերում`
(...)
4) առկա է հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա անհրաժեշտ է անձի կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու նպատակով.
(...)»:
Մեջբերված կոնվենցիոն և սահմանադրական դրույթները Վճռաբեկ դատարանը վերլուծել է Վ.Գևորգյանի գործով որոշման մեջ, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(...) կալանքը որպես խափանման միջոց ընտրելիս դատարանը պարտավոր է անդրադառնալ կալանավորման պայմանների և հիմքերի առկայությանը: Կալանավորման պայմանը փաստական տվյալներով հաստատված հանգամանքներ են, որոնց բացակայությունը բացառում է խափանման միջոցի կիրառումը: Կալանավորման պայմանների թվում հատուկ կարևորություն ունի անձի կողմից իրեն վերագրվող հանցագործությունը կատարած լինելու հիմնավոր կասկածը, որի առկայությունը հավաստելուց հետո միայն հնարավոր է անդրադառնալ կալանավորման հիմքերին: Ավելին, եթե առկա չէ անձի կողմից հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկած, ապա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասում թվարկված` կալանավորման հիմքերի առկայության հարցի քննարկումն այլևս անիմաստ է:
Հիմնավոր կասկածի հետ մեկտեղ կալանավորման պայմաններ են նաև համապատասխան քրեաիրավական որակմամբ հարուցված քրեական գործի առկայությունը, գործի նյութերում անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման առկայությունը, ՀՀ քրեական օրենսգրքի 24-րդ հոդվածով սահմանված տարիքը, որոշակի խումբ անձանց համար, օրինակ` պատգամավորներ, դատավորներ, անձեռնմխելիության պարտադիր հաղթահարումը:
(...) քրեական վարույթն իրականացնող մարմնի` կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդության քննարկման արդյունքներով դատարանը`
ա) պետք է արձանագրի հիմնավոր կասկածի առկայությունը կամ բացակայությունը,
բ) պետք է պարզի կալանավորման մյուս պայմանների առկայությունը,
i
գ) այն դեպքում, երբ դատարանը կհանգի այն հետևության, որ վարույթն իրականացնող մարմնի ներկայացրած նյութերը բավարար են արձանագրելու, որ առկա է անձի կողմից հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկած, և միաժամանակ կալանավորման մյուս պայմանները նույնպես առկա են, ապա պետք է կայացնի հիմնավորված և պատճառաբանված որոշում այն մասին, թե արդյոք առկա են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված հիմքերից որևէ մեկը կամ մի քանիսը: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված հիմքերի առկայության վերաբերյալ դատարանի հետևությունը ևս պետք է հիմնավորված լինի վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված համապատասխան տեղեկություններով, փաստերով կամ ապացույցներով: (...)» (տե՛ս Վահրամ Գևորգյանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0678/06/10 որոշման 19-րդ և 22-րդ կետերը):
14. Սույն որոշման նախորդ կետում և համապատասխանաբար Վ.Գևորգյանի գործով որոշման մեջ շարադրված վերլուծությունից երևում է, որ կալանավորման պայմաններից մեկն անձին մեղադրյալի դատավարական կարգավիճակ տրված լինելն է, որը հաստատվում է գործի նյութերում անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման առկայությամբ: Կալանավորման այս պայմանը ուղղակիորեն կապված է ՀՀ քրեադատավարական օրենքի 134-րդ հոդվածի 3-րդ մասում առկա այն պահանջի հետ, որ կալանավորումը և գրավը կարող են կիրառվել միայն մեղադրյալի նկատմամբ:
15. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Մեղադրյալ է այն անձը, որի նկատմամբ որոշում է կայացված որպես մեղադրյալ ներգրավելու մասին»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Մեղադրյալը, (...) իրավունք ունի`
1) իմանալ` ինչում է մեղադրվում, որի համար մեղադրանք առաջադրելուց, արգելանքի վերցվելուց կամ խափանման միջոց ընտրելու մասին որոշումը հայտարարելուց հետո քրեական հետապնդման մարմնից անմիջապես անվճար ստանալ որպես մեղադրյալ ներգրավման մասին որոշման պատճենը.
2) արգելանքի վերցվելուց հետո հետաքննության մարմնից, քննիչից կամ դատախազից անմիջապես անվճար ստանալ սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված իր իրավունքների մասին գրավոր ծանուցում և պարզաբանում.
(...)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 203-րդ հոդվածի համաձայն`
«1. Մեղադրանքը պետք է առաջադրվի տվյալ անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին քննիչի կողմից որոշումն ընդունելու պահից ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում, սակայն բոլոր դեպքերում ոչ ուշ, քան մեղադրյալի ներկայանալու կամ նրան բերման ենթարկելու օրը: Մեղադրանք առաջադրելու` սույն հոդվածով սահմանված ժամկետն ընդհատվում է, եթե մեղադրյալը թաքնվում է քննությունից:
2. Քննիչը, հավաստիանալով մեղադրյալի ինքնության մեջ, նրան հայտարարում է որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը և բացատրում առաջադրված մեղադրանքի էությունը: Այդ գործողությունների կատարումը մեղադրյալի և քննիչի ստորագրությամբ հաստատվում է` որոշման մեջ նշելով մեղադրանքի առաջադրման ամիսը, օրը, ժամը և թվականը:
3. Մեղադրանք առաջադրելիս քննիչը պարտավոր է մեղադրյալին բացատրել սույն օրենսգրքի 65 հոդվածով նախատեսված նրա իրավունքները և պարտականությունները: Որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման պատճենը նրա իրավունքների և պարտականությունների ցանկի հետ հանձնվում է մեղադրյալին: Մեղադրանքի առաջադրման, մեղադրյալին նրա իրավունքները բացատրելու և որոշման պատճենը հանձնելու մասին քննիչը կազմում է արձանագրություն, որն ստորագրում են քննիչը, մեղադրյալը և այդ գործողությունները կատարելիս ներկա գտնվող մյուս անձինք:
4. Որոշման մեջ կամ արձանագրությունում ստորագրելուց մեղադրյալի կամ այլ անձի հրաժարվելու դեպքում քննիչը դրա վրա նշում է կատարում ստորագրելուց հրաժարվելու մասին և 24 ժամվա ընթացքում հայտնում է դատախազին»:
Մեջբերված քրեադատավարական նորմերի համակարգային վերլուծությունից երևում է, որ կալանավորումը կարող է կիրառվել միայն մեղադրյալի նկատմամբ: Այսինքն` այն անձի նկատմամբ, ով հաջորդաբար անցել է մեղադրյալի կարգավիճակ ձեռք բերելու հետևյալ փուլերը`
ա) անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման կայացում,
բ) անձին որպես մեղադրյալ ներգրավելու որոշման մասին տեղեկացում,
գ) առաջադրված մեղադրանքի էության պարզաբանում,
դ) անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման պատճենի և մեղադրյալի իրավունքների և պարտականությունների ցանկի հանձնում:
Շարադրված հաջորդականությամբ կատարված գործողությունների արդյունքում է, որ անձին օրենքով սահմանված կարգով մեղադրանք է առաջադրվում, և նա ձեռք է բերում մեղադրյալի դատավարական կարգավիճակ: Ընդ որում, նշված բոլոր գործողությունների կատարումը պետք է հավաստվի համապատասխան փաստաթղթերով և հաստատվի մեղադրյալի և քննիչի ստորագրությամբ, իսկ մեղադրյալի կողմից ստորագրելուց հրաժարվելու դեպքում` քննիչի համապատասխան նշումով:
Վերոգրյալի հետ մեկտեղ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ այն դեպքում, երբ անձը թաքնվում է քննությունից, նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար բավարար է նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման կայացումը` պայմանով, որ հետագայում, հայտնաբերվելուց հետո նա կտեղեկացվի որպես մեղադրյալ ներգրավելու որոշման մասին, նրան կպարզաբանվի առաջադրված մեղադրանքի էությունը, և նրան կհանձնվեն որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման պատճենը և մեղադրյալի իրավունքների և պարտականությունների ցանկը, ապա նա անհապաղ (72 ժամվա ընթացքում) կտարվի դատավորի մոտ (դատավորի մոտ տարվելու մասին տե՛ս Տիգրան Վահրադյանի գործով Վճռաբեկ դատարանի 2008 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ ԼԴ/0197/06/08 որոշման 34-րդ կետը):
16. Հիմք ընդունելով սույն որոշման 13-15-րդ կետերում շարադրված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քրեական վարույթն իրականացնող մարմնի` կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդության քննարկման արդյունքներով դատարանն ի թիվս այլոց պետք է պարզի կալանավորման ինքնուրույն պայմանի առկայությունը, մասնավորապես այն, թե արդյոք անձին տրվել է մեղադրյալի դատավարական կարգավիճակ: Նշված հանգամանքը պարզելու նպատակով դատարանը պարտավոր է ստուգել, թե նախաքննության մարմնի կողմից ներկայացվել են արդյոք համապատասխան տեղեկություններ, փաստեր կամ ապացույցներ այն մասին, որ անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում է կայացվել, անձը տեղեկացվել է այդ որոշման մասին, բացի այդ, նրան պարզաբանվել է առաջադրված մեղադրանքի էությունը, և հանձնվել են որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման պատճենն ու մեղադրյալի իրավունքների և պարտականությունների ցանկը: Հակառակ պարագայում, անձի կալանավորումը և համապատասխանաբար նաև նրա ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի սահմանափակումը կհամարվի կամայական և անօրինական:
17. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ նախաքննության մարմնի կողմից որոշում է կայացվել Ռ.Հակոբյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նշված որոշման եզրափակիչ մասի համաձայն` Ռ.Հակոբյանին պետք է մեղադրանք առաջադրվի ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասով, այդ մասին ստորագրությամբ հայտնվի նրան և հանձնվի որոշման օրինակը: Դրա հետ մեկտեղ, սակայն, նախաքննության մարմնի կողմից չեն ներկայացվել համապատասխան տեղեկություններ, փաստեր կամ ապացույցներ այն մասին, որ Ռ.Հակոբյանին հայտարարվել է որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը, նրան բացատրվել է մեղադրանքի էությունը, նրան հանձնվել է որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման պատճենը և իրավունքների ու պարտականությունների ցանկը (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):
Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարաններում Ռ.Հակոբյանի պաշտպան Ա.Ստեփանյանը հայտնել է, որ իր պաշտպանյալին օրենքով սահմանված կարգով մեղադրանք չի առաջադրվել, նա չգիտի, թե ինչումն է մեղադրվում, սակայն Առաջին ատյանի դատարանը պաշտպանի փաստարկն անտեսել է, իսկ Վերաքննիչ դատարանը գտել է, որ այդ հարցը ենթակա չէ քննարկման վերաքննիչ դատարանում առաջին ատյանի դատարանի որոշման օրինականության և հիմնավորվածության ստուգման շրջանակներում, այլ ենթակա է բողոքարկման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով սահմանված կարգով (տե՛ս սույն որոշման 6-7-րդ կետերը):
18. Սույն որոշման 13-16-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո գնահատելով սույն որոշման 17-րդ կետում մեջբերված փաստական հանգամանքները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ռ.Հակոբյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելիս ստորադաս դատարանները չեն ստուգել, թե նախաքննության մարմնի կողմից ներկայացվել են արդյոք համապատասխան տեղեկություններ, փաստեր կամ ապացույցներ այն մասին, որ անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը հայտարարվել է Ռ.Հակոբյանին, նրան պարզաբանվել է առաջադրված մեղադրանքի էությունը, և հանձնվել են որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման պատճենն ու մեղադրյալի իրավունքների և պարտականությունների ցանկը: Այլ խոսքով` սույն գործով դատարանները չեն պարզել կալանավորման ինքնուրույն պայմանի, այն է` անձին մեղադրյալի դատավարական կարգավիճակ տրված լինելու հանգամանքը: Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ռ.Հակոբյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ ստորադաս դատարանների որոշումներն օրինական և հիմնավոր չեն:
20. Ինչ վերաբերում է բողոքաբերի այն փաստարկին, որ նախաքննական մարմինը ո՛չ միջնորդություն ներկայացնելիս, ո՛չ այդ միջնորդության քննության ընթացքում չի ներկայացրել որևէ տվյալ, որը կհիմնավորեր, որ Ռ.Հակոբյանը կարող է կատարել միջնորդության մեջ նշված` կալանքի անհրաժեշտությունը հիմնավորող գործողությունները (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը), ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կալանավորման պայմանը հիմնավորված չլինելու պարագայում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասում թվարկված` կալանավորման հիմքերի առկայության հարցի քննարկումն այլևս անիմաստ է (mutatis mutandis տե՛ս Վահրամ Գևորգյանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0678/06/10 որոշման 19-րդ կետը):
21. Հիմք ընդունելով սույն որոշման մեջ շարադրված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ռ.Հակոբյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու ընթացքում ստորադաս դատարանների կողմից թույլ են տրվել դատավարական օրենքի էական խախտումներ, որոնք ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա և հանգեցրել անօրինական և չհիմնավորված որոշման կայացմանը, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ և 406-րդ հոդվածների հիման վրա Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու հիմք է հանդիսանում: ՈՒստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը պետք է բավարարել, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա մեղադրյալ Ռոբերտ Արմենի Հակոբյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012 թվականի դեկտեմբերի 21-ի որոշումը բեկանել և Ռոբերտ Արմենի Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը վերացնել:
Վճռաբեկ դատարանը փաստում է նաև, որ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2013 թվականի մարտի 26-ի որոշմամբ մերժվել է մեղադրյալ Ռ.Հակոբյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին քննիչի միջնորդությունը, և նա 2013 թվականի ապրիլի 4-ից գտնվում է ազատության մեջ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Մեղադրյալ Ռոբերտ Արմենի Հակոբյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012 թվականի դեկտեմբերի 21-ի որոշումը բեկանել և Ռոբերտ Արմենի Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը վերացնել:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Դ. Ավետիսյան
Դատավորներ` Հ. Ասատրյան
Ս. Ավետիսյան
Ե. Դանիելյան
Ա. Պողոսյան
Ս. Օհանյան