Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 36...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 366-ՐԴ ԵՎ 35-ՐԴ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                              ԱՐԴ/0121/01/11

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

գործ թիվ ԱՐԴ/0121/01/11

Նախագահող դատավոր` Ա. Խաչատրյան

    Դատավորներ`        Ա. Հովհաննիսյան

                       Ս. Ավետիսյան

                                                                               

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Դ. Ավետիսյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Ե. Դանիելյանի

                                              Հ. Ասատրյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

    քարտուղարությամբ                          Մ. Պետրոսյանի

 

մասնակցությամբ

    ամբաստանյալ                               Գ. Ղազարյանի

 

    մեղադրող                                  Ն. Հակոբյանի

 

    2012 թվականի մարտի 30-ին                           ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2011 թվականի դեկտեմբերի 7-ի որոշման դեմ ամբաստանյալ Գեղամ Միսակի Ղազարյանի պաշտպան Լ.Ավագյանի և մեղադրող Ն.Հակոբյանի վճռաբեկ բողոքները,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2010 թվականի դեկտեմբերի 31-ին հարուցվել է թիվ 48119010 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով:

Նախաքննության մարմնի 2011 թվականի փետրվարի 4-ի որոշմամբ Գեղամ Միսակի Ղազարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

2011 թվականի փետրվարի 4-ի մեկ այլ որոշմամբ թիվ 48119010 քրեական գործից անջատվել է Գ.Ղազարյանի և մյուսների մասը և քրեական գործին շնորհվել է թիվ 48119010/1 համարը:

2011 թվականի օգոստոսի 23-ին թիվ 48119010/1 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի սեպտեմբերի 30-ի դատավճռով, դատական քննության արագացված կարգի կիրառմամբ, Գ.Ղազարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտվել է ազատազրկման 1 տարի ժամկետով:

3. Ամբաստանյալ Գ.Ղազարյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2011 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի սեպտեմբերի 30-ի դատավճիռը:

4. Վերաքննիչ դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 7-ի որոշման դեմ վճռաբեկ բողոքներ են բերել ամբաստանյալ Գ.Ղազարյանի պաշտպան Լ.Ավագյանը և մեղադրող Ն.Հակոբյանը:

Վճռաբեկ դատարանի 2012 թվականի հունվարի 19-ի որոշմամբ ամբաստանյալ Գ.Ղազարյանի պաշտպան Լ.Ավագյանի և մեղադրող Ն.Հակոբյանի վճռաբեկ բողոքներն ընդունվել են վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Ամբաստանյալ Գ.Ղազարյանը դատապարտվել է այն բանի համար, որ 2010 թվականի դեկտեմբերի 30-ին` ժամը 14:00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Եղեգնուտ-Երասխահուն ավտոճանապարհին մի խումբ անձանց` Մարգար Մարգարյանի, Վահագն Ավետիսյանի, Հովհաննես և Արա Մարգարյանների, Արթուր Մանուկյանի և մյուսների հետ միասին վիճաբանության մեջ է մտել Եղեգնուտ գյուղի բնակիչներ` Հովհաննես Ներսիսյանի, Ռուբիկ Մկրտչյանի, Հովհաննես Մկրտումյանի, Գարիկ Ներսիսյանի և Արա Եղիազարյանի հետ, որի ընթացքում կատարել է խուլիգանություն` վերջիններիս հասցեին տվել է հայհոյանքներ, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով և զուգորդվել նրանց նկատմամբ բռնություն գործադրելով, սպառնալիքներ տալով ու Հ.Ներսիսյանի նկատմամբ բռնություն գործադրելով (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, էջ 163):

6. Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ մեղադրողը մեղադրական եզրակացության մեջ չի առարկել արագացված կարգ կիրառելու դեմ, իսկ Առաջին ատյանի դատարանում միջնորդել է ամբաստանյալ Գ.Ղազարյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և նրան դատապարտել ազատազրկման 3 տարի ժամկետով (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, էջեր 92 և 154):

7. Վերաքննիչ բողոք ներկայացրել է միայն ամբաստանյալ Գ.Ղազարյանը և խնդրել է ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա` իր նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել (տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, էջեր 2, 3):

Վերաքննիչ դատարանի դատական ակտի համաձայն. «Վերաքննիչ դատարանի դատաքննության ընթացքում մեղադրող Ն.Հակոբյանը վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջների համապատասխան դրույթները և պատճառաբանելով, որ սույն գործով ձեռք բերված ապացույցները բավարար չեն ամբաստանյալ Գ.Ղազարյանի նկատմամբ մեղադրական դատական ակտ կայացնելու համար, հայտարարեց ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին:

Վերաքննիչ դատարանը գտնում է, որ քրեական գործի ներկա փուլում և շրջանակներում մեղադրողի կողմից մեղադրանքից հրաժարվելու հանգամանքն ինքնին չի կարող բավարար հիմք հանդիսանալ սույն քրեական գործի վարույթը կարճելու և ամբաստանյալ Գ.Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու համար» (տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, էջ 37):

8. Վերաքննիչ դատարանում մեղադրող Ն.Հակոբյանը մեղադրանքից հրաժարվելու վերաբերյալ հետևյալ հայտարարությունն է արել. «Սույն քրեական գործի շրջանակներում առկա են չփարատված կասկածներ այն մասին, որ ամբաստանյալ Գեղամ Ղազարյանը կատարել է իրեն վերագրվող հանցավոր արարքը, դրանք պետք է մեկնաբանել ի օգուտ ամբաստանյալի, քանի որ տուժողներն իրենց ցուցմունքները դատաքննության ընթացքում չեն պնդել, իսկ լուսանկարով ճանաչման ներկայացնելու արձանագրությունը կազմելիս տուժողներին ներկայացվել է Գեղամ Ղազարյանի բավականին երիտասարդ տարիքի լուսանկարը» (տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, էջ 38):

9. Վերաքննիչ դատարանի դատական ակտի` «Գործի դատավարական նախապատմություն» հատվածում ներառվել են հետևյալ պարբերությունները. «Քրեական գործի ուսումնասիրությունից պարզվել է, որ Արմեն Վոլոդյայի Սահակյանն իրականում Արմեն Գագիկի Սարգսյանն է` ծնված 11.06.1978թ., բնակվող` ք.Երևան, Բագրատունյաց փ., 26-րդ շենքի 21-րդ բնակարանում:

Միաժամանակ պարզվել է, որ.

Գործով վկա Վիոլետա Սարգսյանը ցուցմունքներ է տվել այն մասին, որ 2011 թ.-ի հուլիսի 03-ին իր որդին Գագիկ Սարգսյանը եկել է տուն ծեծված վիճակում, սակայն իրեն ոչինչ չի պատմել: Ինքն այդ մասին հայտնել է իր ամուսնուն` Արմեն Սարգսյանին, որը տեսնելով որդուն ծեծված վիճակում` դուրս է եկել բնակարանից: Որոշ ժամանակ անց իր բնակարանի պատուհանից տեսել է իրենց շենքի բակում կանգնած սև գույնի «տոյոտա» և սպիտակ գույնի «տոյոտա ջիպ» մակնիշի ավտոմեքենաներ: Այնուհետև, տեսել է, որ «ջիպ» ավտոմեքենայից իջել են 3 հոգի, որոնցից մեկի ձեռքում եղել է ատրճանակ:

Նրանցից մեկը հայհոյել է ամուսնուն, իսկ մյուսը ատրճանակով կրակել է ամուսնու ուղղությամբ:

Այնուհետև, Վիոլետա Սարգսյանն իրեն ճանաչման ներկայացված լուսանկարներում պատկերված անձանցից ճանաչել է Վահագն Հրաչիկի Խաչատրյանին և հայտնել, որ դա այն անձն է, ով կրակել է իր ամուսնու վրա:

2011 թ-ի օգոստոսի 20-ին որոշում է կայացվել Վահագն Հրաչիկի Խաչատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով, 258 հոդվածի 4-րդ մասով և 235 հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, այն բանի համար, որ նա 2011 թ.-ի հուլիսի 03-ին` ժամը 21-ից 21:30-ի սահմաններում, նախնական համաձայնության գալով Էդուարդ Ալբերտի Հակոբյանի և քննությամբ դեռևս չպարզված ևս երեք անձանց հետ, Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցի 26 շենքի բակում վեճի է բռնվել նույն շենքի 21 բնակարանի բնակիչ Արմեն Գագիկի Սարգսյանի հետ` վերջինիս կողմից իր ընկերոջ` Էդուարդ Հակոբյանի հորեղբոր որդուն` Հրանտ Գրիգորի Հակոբյանին, հարվածելու պատճառը պարզելու համար, որի ընթացքում, դիտավորությամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով Ա.Սարգսյանի և նշված շենքի բակում գտնվող անձանց նկատմամբ, հրազենի գործադրմամբ, շուրջ 10 րոպե տևողությամբ սեռական բնույթի հայհոյանքներ է տվել Ա.Սարգսյանի հասցեին, այնուհետև Արմեն Սարգսյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ իր մոտ ապօրինի պահվող, գործով չպարզված հրազենից կրակոցներ է արձակել Ա.Սարգսյանի ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել` դեպքի վայրից դիմել է փախուստի:

Նույն օրը վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

24.10.2011թ. Վահագն Խաչատրյանը բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժին: 25.10.2011թ-ին վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով, 258 հոդվածի 4-րդ մասով և 235 հոդվածի 1-ին մասով:

ՀԿԳ ավագ քննիչ Վ.Մուրադյանը, նկատի ունենալով, որ առաջադրված մեղադրանքում Վահագն Խաչատրյանը իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել այն մասին, որ 2011թ. հուլիսի 3-ին` ժամը 17.00-ից մինչև 00:30-ը գտնվել է Երևան քաղաքի Պուշկինի փողոցի 50 հասցեում գտնվող «Նաիրի Ինշուրանս» ՍՊԸ-ին պատկանող գրասենյակում և մասնակցել գործնական քննարկման, նրա այլուրեքությունն ստուգելու նպատակով հարցաքննված վկաները` «Նաիրի Ինշուրանս» ՍՊԸ-ի աշխատակիցներ Դավիթ Բաղդասարյանը, Հրաչ Եղիազարյանը և Տիգրան Գավուրմաջյանը նույնպես ցուցմունքներ են տվել այն մասին, որ 2011թ. հուլիսի 3-ին` ժամը 17-ից մինչև 23-ը գտնվել»:

Վերաքննիչ դատարանի դատական ակտի` «Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը» հատվածում ներառվել են հետևյալ պարբերությունները. «վերծանումներ ստանալու միջնորդության մեջ հիմնավորված կերպով պատճառաբանել դատավարական գործողության կատարման անհրաժեշտությունը: Ընդ որում, մինչ հեռախոսազանգերի վերծանումները ստանալու միջնորդություն ներկայացնելը նախաքննական մարմնի կողմից մեղադրյալ Վ.Խաչատրյանի այլուրեքությունը ներկայացված պատճառաբանությունները ստուգելու առումով կատարվել են բազմաթիվ քննչական գործողություններ, սակայն դրանք բավարար չեն գործի հանգամանքները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու առումով, որի հիման վրա դատարան ներկայացվել հիշյալ միջնորդությունը:

Դատարանը միջնորդությունը մերժելու մասին որոշման նկարագրական-պատճառաբանական մասում ներկայացնելով միջնորդությունը հարուցած նախաքննական մարմնի պատճառաբանությունները, ըստ էության ընդունել է հեռախոսային վերծանումների մուտքային և ելքային վերծանումները ստանալու և հետազոտելու անհրաժեշտությունը, սակայն յուրովի մեկնաբանելով քրեադատավարական նորմը` խուրհուրդ է տվել այն ստանալ վկաներ Դավիթ Բաղդասարյանից, Հրաչ Եղիազարյանից և Տիգրան Գավուրմաջյանից, այսինքն փորձել է ուղղորդել նախաքննական մարմնի գործողությունները:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` քննիչը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության համար լիազորված է ինքնուրույն ուղղություն տալ քննությանը, ընդունել անհրաժեշտ որոշումներ, իրականացնել քննչական և այլ դատավարական գործողություններ:

Սույն քրեական գործի տեսանկյունից նախաքննական մարմինը` ելնելով քրեական գործի քննության առանձնահատկություններից, որոշել է պարզաբանման ենթակա հանգամանքները ստուգել առանց այդ մասին վկաներին տեղեկացնելու, այսինքն` կիրառել է քրեական գործի հանգամանքները բացահայտելու հատուկ մարտավարություն:

Նշված հարցի կապակցությամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը ԵԿԴ/0586/10/11 գործով կայացված որոշմամբ արտահայտել է իր դիրքորոշումը, որի համաձայն` «դատարանի կողմից վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը մերժելու պարագայում, տվյալ դեպքում հնարավոր չէ ապահովել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածով ամրագրված պահանջների կատարումը, ինչը հանգեցրել է դատավարական իրավունքի այնպիսի խախտման, որը հիմք է դատական ակտը բեկանելու և բողոքը մասնակի բավարարելու առումով նոր դատական ակտ կայացնելու համար»:

Այսպիսով ներկայացված պատճառաբանություններից ակնհայտ է, որ գործով բացահայտման ենթակա հանգամանքների պարզաբանման համար մեղադրյալ Վ.Խաչատրյանի պատճառաբանությունները ստուգելու առումով վկաներ Դավիթ Բաղդասարյանին, Հրաչ Եղիազարյանին և Տիգրան Գավուրմաջյանին պատկանող հեռախոսահամարների վերծանումները ստանալու հանգամանքը պարտադիր է:

Բողոք բերած անձը նշել է, որ հեռախոսազանգերի վերծանումները ստանալու թույլտվություն տալու միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշումն անհիմն է և զրկում է վարույթն իրականացնող մարմնին` քրեական գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտում ապահովելու հնարավորությունից:

Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բողոքը բավարարել և վարույթն իրականացնող մարմնին թույլատրել ստանալ վկաներ Դավիթ Բաղդասարյանին պատկանող 096-00-00-97, Հրաչ Եղիազարյանին պատկանող` 093-43-39-76 և Տիգրան Գավուրմաջյանին պատկանող` 093-71-17-71 բջջային» (տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, էջեր 41-42):

 

Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

10. Ամբաստանյալ Գ.Ղազարյանի պաշտպան Լ.Ավագյանը փաստարկել է, որ առկա է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-րդ կետով նախատեսված հիմքը, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար:

11. Մասնավորապես, բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 366-րդ հոդվածի 4-րդ մասի, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, ճիշտ չի մեկնաբանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ, 5-րդ կետերը:

Ի հիմնավորումն իր վերոշարադրյալ փաստարկի` բողոքի հեղինակը նշել է, որ մեղադրանքից հրաժարվելը մեղադրողի բացարձակ իրավունքն է, հետևաբար, եթե մեղադրողը դատարանում հրաժարվում է մեղադրանքից, դատական ակտը չի կարող թողնվել անփոփոխ: Բողոքաբերը նշել է նաև, որ սույն գործով մեղադրողը մեղադրանքից հրաժարվել է հանցակազմի բացակայության հիմքով, ինչը բավարար հիմք է դատարանի կողմից Գ.Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու համար:

Ըստ բողոքաբերի, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջն այն մասին, որ կասկածյալը կամ մեղադրյալը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը: Հետևաբար, մեղադրողի կողմից մեղադրանքից հրաժարվելը, անկախ արագացված դատաքննության կարգ կիրառելու հանգամանքից, Վերաքննիչ դատարանի համար հանդիսանում է նոր երևան եկած հանգամանք:

12. Վերոգրյալի հիման վրա` բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումը, կայացնել արդարացման դատավճիռ և հռչակել Գ.Ղազարյանի անմեղությունն առաջադրված մեղադրանքում:

13. Մեղադրող Ն.Հակոբյանը փաստարկել է, որ առկա են վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված հիմքերը, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար և վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրված առերևույթ դատական սխալ, որը կարող է առաջացնել կամ առաջացրել է ծանր հետևանքներ:

14. Բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է ՀՀ Սահմանադրության 6-րդ, 19-րդ, 21-րդ հոդվածների և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջները:

Ի հիմնավորումն իր վերոշարադրյալ փաստարկի` բողոք բերած անձը նշել է, որ մեղադրող կողմն է կրում մեղադրանքն ապացուցելու պարտականությունը, մինչդեռ մեղադրողի կողմից մեղադրանքն ապացուցված լինելու կապակցությամբ հիմնավոր կասկած հայտնելու և մեղադրանքից հրաժարվելու պարագայում, Վերաքննիչ դատարանը դուրս է եկել իր իրավասության շրջանակից և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածով նախատեսված մրցակցության սկզբունքի խախտմամբ իրականացրել է մեղադրողի պարտականություններ, այն է` մեղադրանքի բացակայության պարագայում Գ.Ղազարյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը թողել է օրինական ուժի մեջ:

15. Վերոգրյալից բացի բողոքաբերը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 3-րդ, 5-րդ, 6-րդ, 19-րդ, 21-րդ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ, 9-րդ, 17-րդ, 18-րդ հոդվածների պահանջները:

Ի հիմնավորումն իր վերոշարադրյալ փաստարկի` բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանն իր որոշման նկարագրական-պատճառաբանական մասում, մասնավորապես, «Գործի դատավարական նախապատմությունը» և «Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը» մասերում անհիմն ու չպատճառաբանված կերպով զետեղել է Գ.Ղազարյանի վերաբերյալ գործի հետ առնչություն չունեցող, այլ անձանց վերաբերյալ, այլ քրեական գործով կայացված դատական ակտերից վերցված` թվով 16 պարբերություն:

16. Ելնելով վերոգրյալից` բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումը և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

17. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակը օրենքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական գործառույթի իրացումն է: Այս առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մեղադրողի կողմից դատարանում մեղադրանքից հրաժարվելու իրավասության սահմանների կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: ՈՒստի, անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

 

I. Վերաքննիչ դատարանի դատական ակտի կառուցվածքը.

 

i

18. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. դատական ակտի նկարագրական-պատճառաբանական մասում գործի փաստական հանգամանքներից տարբերվող և մեղադրանքի հետ առնչություն չունեցող փաստական հանգամանքներ բովանդակելու պայմաններում օրինակա՞ն է արդյոք Վերաքննիչ դատարանի դատական ակտը:

19. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի համաձայն`

«1. Դատարանի դատավճիռը պետք է լինի օրինական և հիմնավորված:

2. Դատարանի դատավճիռն օրինական է, եթե այն կայացվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, սույն օրենսգրքի և այն օրենքների պահանջների պահպանմամբ, որոնց նորմերը կիրառվում են տվյալ քրեական գործը լուծելիս:

3. Դատարանի դատավճիռը հիմնավորված է, եթե`

դրա հետևությունները հիմնված են միայն դատաքննության ժամանակ հետազոտված ապացույցների վրա.

այդ ապացույցները բավարար են մեղադրանքը գնահատելու համար.

դատարանի կողմից հաստատված ճանաչված հանգամանքները համապատասխանում են դատարանում հետազոտված ապացույցներին:

4. Դատարանի դատավճիռը պետք է լինի պատճառաբանված: Պատճառաբանման ենթակա են դատարանի կողմից դատավճռում շարադրվող բոլոր հետևությունները և որոշումները»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 370-րդ հոդվածի համաձայն`

i

«Դատավճռի ներածական մասում ցույց է տրվում`

1) որ դատավճիռը կայացվել է Հայաստանի Հանրապետության անունից.

2) դատավճիռը կայացնելու ժամանակը և վայրը.

3) դատավճիռը կայացնող դատարանի անունը, դատարանի կազմը, դատական նիստի քարտուղարը, մեղադրողը, պաշտպանը, տուժողը, քաղաքացիական հայցվորը, քաղաքացիական պատասխանողը, նրանց ներկայացուցիչները.

4) ամբաստանյալի անունը, հայրանունը, ազգանունը, նրա ծննդյան թվականը, ամիսը, օրը և ծննդավայրը, ընտանեկան դրությունը, աշխատանքի վայրը, զբաղմունքը, կրթությունը և ամբաստանյալի անձին վերաբերող այլ տեղեկություններ, որոնք նշանակություն ունեն գործի համար.

5) այն քրեական օրենքը, որով նախատեսված հանցանքի կատարման համար մեղադրյալին մեղադրանք է առաջադրվել»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի համաձայն`

«Դատավճռի նկարագրական-պատճառաբանական մասում ցույց է տրվում`

1) մեղադրանքի բովանդակությունը.

2) գործի հանգամանքների, մեղադրանքի ապացուցված լինելու և ամբաստանյալի մեղավորության մասին դատարանի հետևությունները.

3) այն ապացույցները, որոնց վրա հիմնված են դատարանի հետևությունները.

4) օրենքի այն նորմերը, որոնցով դատարանը ղեկավարվել է որոշում ընդունելիս:

Եթե դատավճիռը կայացնելիս դատարանը կիրառել է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը, ապա նշվում է նաև համապատասխան պայմանագիրը»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի համաձայն`

«Դատավճռի եզրափակիչ մասում նշվում են`

1) դատարանի որոշումները.

2) դատարանի դատավճռի բողոքարկման կարգը:

Եթե առկա է դատավճռում նշված հարաբերությունները կարգավորող Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը, ապա դատավճռում նշվում են նաև համապատասխան պայմանագիրը և դրանից բխող այն իրավունքը (իրավունքները), որից (որոնցից) կարող է օգտվել դատապարտյալը կամ արդարացվածը»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի համաձայն`

i

«1. Բողոքը քննելու արդյունքում` վերաքննիչ դատարանը կայացնում է դատական ակտ, որն ամբողջությամբ կամ մասամբ փոխարինում է առաջին ատյանի դատարանի դատական ակտին:

2. Վերաքննիչ դատարանը դատական ակտը կայացնում է սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կանոններով` հաշվի առնելով սույն հոդվածում շարադրված պահանջները»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի լույսի ներքո մեկնաբանելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ, 370-372-րդ հոդվածները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ առաջին ատյանի դատարանի կողմից կայացվող դատական ակտի` դատավճռի կառուցվածքին և բովանդակությանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ներկայացվող պահանջները վերաբերելի են նաև վերադաս դատական ատյանի` վերաքննիչ դատարանի կողմից կայացվող դատական ակտին: Այլ կերպ` վերաքննիչ դատարանի դատական ակտերը ևս պետք է կազմված լինեն ներածական, նկարագրական-պատճառաբանական և եզրափակիչ մասերից, որոնց ներկայացվում են նույն բովանդակային պահանջները, ինչ դատավճռին:

20. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով դատական ակտի կառուցվածքին և բովանդակությանը որոշակի պահանջներ ներկայացնելը պայմանավորված է այն հանգամանքով, որ դատական ակտը պետք է ամբողջական տեղեկություն պարունակի քննված գործի վերաբերյալ, ինչպես նաև ներառի դատարանի կողմից լուծման ենթակա բոլոր հարցերի պատասխանները: Բացի այդ, դատական ակտի տարբեր կառուցվածքային մասերում (ներածական, նկարագրական-պատճառաբանական, եզրափակիչ) արտացոլված տեղեկությունը պետք է ներքին միասնություն և տրամաբանական կապ ունենա, այդ թվում` վերաբերի միևնույն քրեական գործին, հակառակ պարագայում, դատարանի դատական ակտն անօրինական է:

21. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Վերաքննիչ դատարանը, ստուգման ենթարկելով Առաջին ատյանի դատարանի որոշման օրինականությունը և հիմնավորվածությունը, իր դատական ակտի նկարագրական-պատճառաբանական մասում, մասնավորապես` «Գործի դատավարական նախապատմությունը» և «Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները» հատվածներում շարադրել է սույն գործի` Առաջին ատյանի դատարանի դատավճռով հաստատված փաստական հանգամանքներից տարբերվող և սույն գործին չվերաբերող, այլ անձանց վերաբերյալ փաստական հանգամանքներ (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը):

22. Սույն որոշման 19-20-րդ կետերում շարադրված իրավական վերլուծության լույսի ներքո գնահատելով սույն որոշման 21-րդ կետում մեջբերված փաստական հանգամանքները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով որոշում կայացնելիս վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածով սահմանված` օրինականության սկզբունքի խախտում այն առումով, որ դատարանի կողմից չեն պահպանվել վերաքննիչ դատարանի կողմից կայացվող դատական ակտին քրեադատավարական օրենքով ներկայացվող պահանջները:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանի դատական ակտն անօրինական է, քանի որ դրա նկարագրական-պատճառաբանական մասում շարադրված են գործի փաստական հանգամանքներից տարբերվող և մեղադրանքի հետ առնչություն չունեցող փաստական հանգամանքներ:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Քրեադատավարական օրենքի էական խախտումներ են դատական քննության ժամանակ սույն օրենսգրքի սկզբունքների և այլ ընդհանուր դրույթների խախտումները, որոնք գործին մասնակցող անձանց` օրենքով երաշխավորված իրավունքներից զրկելու կամ դրանցում սահմանափակելու կամ այլ ճանապարհով խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, ազդել են կամ կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա»:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված օրինականության սկզբունքի խախտումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով հանդիսանում է քրեադատավարական օրենքի էական խախտում, հետևաբար Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և գործը Վերաքննիչ դատարան` նոր քննության ուղարկելու հիմք է:

 

II. Մեղադրողի կողմից մեղադրանքից հրաժարվելու իրավասության սահմանները.

 

23. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ վերաքննության փուլում մեղադրողի կողմից մեղադրանքից հրաժարվելու հանգամանքը բավարար հիմք չէ քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու համար:

24. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 12-րդ կետի համաձայն` ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը «իրավասու է քննելու բոլոր քրեական գործերը, քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված այլ գործեր (նյութեր), ինչպես նաև վերահսկողություն իրականացնելու քրեական գործի մինչդատական վարույթի նկատմամբ»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Գործի քննությունը դատարանում կատարվում է միայն ամբաստանյալի նկատմամբ և միայն այն մեղադրանքի սահմաններում, որով նրան մեղադրանք է առաջադրվել»:

Վերոշարադրյալ քրեադատավարական նորմերի համակարգային վերլուծությունից երևում է, որ քրեական գործն ըստ էության քննվում է միայն առաջին ատյանի դատարանում: Առաջին ատյանում են ընդհանրապես և դատական քննության փուլում են մասնավորապես հետազոտվում մեղադրանքի հիմքում դրված ապացույցները և, ի թիվս այլոց, պատասխան է տրվում ամբաստանյալի մեղավորության հարցին: Այլ կերպ` անձին (անձանց) ներկայացված մեղադրանքի օրինականության և հիմնավորվածության ստուգումը բացառապես առաջին ատյանի դատարանի դատական քննության առարկան է:

25. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի համաձայն`

i

«1. Քրեական գործը դատարանի կողմից քննելիս մեղադրողը լիազորված է`

(...)

9) հրաժարվել մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուց.

10) դատարանում հրապարակել մեղադրական եզրակացությունը, առաջին ատյանի և վերաքննիչ դատարանում հանդես գալ ճառով և ռեպլիկով, իսկ վճռաբեկ դատարանում` ներկա գտնվել նիստին:

(...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 306-րդ հոդվածի համաձայն`

i

«1. Դատախազը, դատական քննության ընթացքում օգտվելով սույն օրենսգրքով սահմանված իր իրավունքներից, դատարանում պաշտպանում է մեղադրանքը:

(...)

3. Դատախազը պարտավոր է հրաժարվել մեղադրանքից, եթե իր համոզմամբ այն չի հաստատվել դատական քննության ընթացքում:

4. Մեղադրանքից դատախազի հրաժարվելու դեպքում դատարանը կարճում է քրեական գործով վարույթը և դադարեցնում քրեական հետապնդումը, իսկ եթե դատախազը հրաժարվում է առանձին մեղադրյալի մասով` դադարեցնում է քրեական հետապնդումն այդ մեղադրյալի նկատմամբ»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 391-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Դատաքննությունն սկսվում է նախագահողի կողմից դատական ակտի բովանդակության, ինչպես նաև վերաքննիչ բողոքի և դրա դեմ առկա պատասխանների էության շարադրմամբ»:

26. Սույն որոշման 24-րդ կետում շարադրված վերլուծության լույսի ներքո վերլուծելով սույն որոշման 25-րդ կետում մեջբերված քրեադատավարական նորմերը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրողը մեղադրանքը պաշտպանելու, մեղադրանքի ծավալները փոփոխելու, ինչպես նաև մեղադրանքից հրաժարվելու իրավասությամբ օժտված է բացառապես առաջին ատյանի դատարանում: Առաջին ատյանի դատարանի դատական ակտի` դատավճռի կայացմամբ ավարտվում է մեղադրանքի հիմնավորվածության և օրինականության ստուգումը և, հետևաբար, սահմանափակվում է նաև մեղադրողի` մեղադրանքից հրաժարվելու իրավասությունը:

27. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 377-րդ հոդվածի համաձայն`

«Առաջին ատյանի դատարանների դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքներով գործերը քննում է քրեական վերաքննիչ դատարանը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 385-րդ հոդվածի համաձայն`

i

«1. Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում:

2. Բացառությամբ սույն օրենսգրքի 45.1 գլխի կանոններով քննված գործերի, վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է գործում եղած, իսկ սույն օրենսգրքի 382 հոդվածի երրորդ մասով նախատեսված բացառիկ դեպքերում` նաև լրացուցիչ ներկայացվող ապացույցներով»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 386-րդ հոդվածի համաձայն` «Վերաքննիչ բողոքի հիման վրա վերաքննիչ դատարանը ստուգում է գործի փաստական հանգամանքների բացահայտման և քրեական օրենքի կիրառման ճշտությունը, ինչպես նաև գործը քննելիս և լուծելիս քրեական դատավարական օրենքի նորմերի պահպանումը»:

Վերոշարադրյալ քրեադատավարական դրույթների վերլուծությունից երևում է, որ վերաքննիչ դատարանում գործը քննվում է բացառապես վերաքննիչ բողոքի առկայության պարագայում և բացառապես դրա հիմքերի ու հիմնավորումների սահմաններում: Այլ կերպ` վերաքննության առարկան ոչ թե գործի ըստ էության քննությունն է, այլ առաջին ատյանի դատարանի դատական ակտի օրինականության և հիմնավորվածության ստուգումը: Դրանով պայմանավորված` վերաքննիչ դատարանում դատաքննությունն սկսվում է ոչ թե մեղադրողի կողմից մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի հրապարակմամբ, այլ նախագահողի կողմից դատական ակտի բովանդակության, ինչպես նաև վերաքննիչ բողոքի և դրա դեմ առկա պատասխանների էության շարադրմամբ:

28. Հիմք ընդունելով սույն որոշման նախորդ կետում շարադրված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ դատարանում մեղադրանքի պաշտպանություն չի իրականացվում, հետևաբար նաև` մեղադրողն օժտված չէ մեղադրանքից հրաժարվելու լիազորությամբ: Այլ կերպ` եթե մեղադրողը մեղադրանքից հրաժարվելու իր լիազորությունը չի իրացնում առաջին ատյանի դատարանում, որտեղ իրականացվում է գործի` ամբողջ ծավալով քննություն, ապա քրեական գործի հետագա քննությունների ընթացքում, այսինքն` վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում, որտեղ ստուգվում են ստորադաս դատարանների կողմից կայացված ակտերի օրինականությունն ու հիմնավորվածությունը, զրկվում է նման նախաձեռնությամբ հանդես գալու հնարավորությունից:

29. Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նաև ընդգծել, որ այն դեպքերում, երբ գործի ըստ էության քննության արդյունքում դատական ակտի կայացումից հետո մինչ այդ դատական ակտն ուժի մեջ մտնելն ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնք հիմք են հանդիսանում դատախազի կողմից մեղադրանքի վերաբերյալ իր կարծիքը փոխելու համար, դատախազն իրավասու է համապատասխան հիմնավորումներով բողոք ներկայացնել վերադաս դատարան: Համանման կերպով, այն դեպքում, երբ վերոնշյալ հանգամանքներն ի հայտ են եկել այն ժամանակ, երբ քրեական գործը գտնվում է վերաքննիչ դատարանի վարույթում, դատախազն իրավասու է մեղադրանքի վերաբերյալ իր կարծիքը փոխելու վերաբերյալ հիմնավորված միջնորդություն ներկայացնել վերաքննիչ կամ վճռաբեկ դատարան:

Վերոնշյալ բողոքի կամ միջնորդության բավարարումը վերաքննիչ դատարանի համար պարտադիր բնույթ չի կրում և դատարանը որոշում է կայացնում ընդհանուր հիմունքներով:

30. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ մեղադրողը մեղադրական եզրակացության մեջ չի առարկել արագացված կարգ կիրառելու դեմ, իսկ Առաջին ատյանի դատարանում միջնորդել է ամբաստանյալ Գ.Ղազարյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և նրան դատապարտել 3 տարի ժամկետով ազատազրկման (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

Առաջին ատյանի դատարանը, դատական քննության արագացված կարգի կիրառմամբ, Գ.Ղազարյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտել է 1 տարի ժամկետով ազատազրկման (տե՛ս սույն որոշման 2-րդ կետը):

Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է նաև, որ Վերաքննիչ դատարանը գործը վերանայել է միայն ամբաստանյալ Գ.Ղազարյանի վերաքննիչ բողոքի հիման վրա` նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու սահմաններում: Մեղադրողը վերաքննիչ բողոք չի ներկայացրել, մինչդեռ Վերաքննիչ դատարանի դատաքննության ընթացքում հանդես է եկել մեղադրանքից հրաժարվելու հայտարարությամբ` նշելով, որ առկա են չփարատված կասկածներ Գ.Ղազարյանին վերագրվող հանցավոր արարքի վերաբերյալ (տե՛ս սույն որոշման 7-րդ և 8-րդ կետերը):

Վերանայման ենթարկելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը` Վերաքննիչ դատարանն օրինական ուժի մեջ է թողել Առաջին ատյանի դատարանի դատավճիռը (տե՛ս սույն որոշման 3-րդ կետը):

31. Սույն որոշման 24-29-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո մեկնաբանելով սույն որոշման 30-րդ կետում մեջբերված փաստական հանգամանքները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հիմնավոր է Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ վերաքննության փուլում մեղադրողի կողմից մեղադրանքից հրաժարվելու հանգամանքը բավարար հիմք չէ քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքները բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Գեղամ Միսակի Ղազարյանի վերաբերյալ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2011 թվականի սեպտեմբերի 30-ի դատավճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Դ. Ավետիսյան

Դատավորներ` Ե. Դանիելյան

Հ. Ասատրյան

Հ. Ղուկասյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
30.03.2012
N ԱՐԴ/0121/01/11
Որոշում