Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 218-ՐԴ ՀՈԴ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

i

    Վերաքննիչ քաղաքացիական            Քաղաքացիական գործ թիվ 3-132 (ՎԴ)

    դատարանի վճիռ                                             2008 թ.

Քաղաքացիական գործ թիվ 07-3993

Նախագահող դատավոր` Վ. Ավանեսյան

Դատավորներ` Գ. Մատինյան

Դ. Խաչատրյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Հ. Մանուկյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Ա. Մկրտումյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Սարգսյանի

                                              Դ. Ավետիսյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ս. Օհանյանի

                                              

2008 թվականի մարտի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Ա. Եփրեմյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.11.2007 թվականի վճռի դեմ` ըստ Ա. Եփրեմյանի հայցի ընդդեմ Ն. Մանվելյանի` անհիմն հարստացման գումարները վերադարձնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

i

Դիմելով դատարան` Ա. Եփրեմյանը պահանջել է Ն. Մանվելյանից բռնագանձել 4.042.000 ՀՀ դրամ` որպես անհիմն խնայած վարձավճարի գումար և 50.526 ՀՀ դրամ` որպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսներ:

Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 15.10.2007 թվականի վճռով հայցը մերժվել է:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 11.30.2007 թվականի վճռով հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ա. Եփրեմյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով:

i

1) Դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի օրինական ուժի մեջ մտած 28.06.2007 թվականի վճռով հաստատվել է, որ Ն. Մանվելյանի կողմից առևտրային տարածքն առանց հայցվորի համաձայնության օգտագործվելու հետևանքով որպես անհիմն խնայված գումար Ն. Մանվելյանը պարտավոր է Ա. Եփրեմյանին վճարել մեկ ամսվա համար 385.000 ՀՀ դրամ, ինչպես նաև տոկոսներ:

Օրինական ուժի մեջ մտած վերոհիշյալ դատական ակտով հաստատված հանգամանքը սույն քաղաքացիական գործը քննելիս չպետք է կրկին անգամ ապացուցվեր:

i

2) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 218-րդ հոդվածի պահանջները, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ, 191-րդ, 193-րդ, 197-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Բողոքարկվող վճռում չեն պահպանվել օրենքով վճռին առաջադրված պահանջները և կայացվել է չհիմնավորված վճիռ: Վճռում չի տրվել դրա իրավական և փաստական հիմնավորումները:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ տվյալ դեպքում Ն. Մանվելյանն առանց Ա. Եփրեմյանի համաձայնության է օգտագործել ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքը, որի արդյունքում Ա. Եփրեմյանի հաշվին խնայել է գումարներ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 193-րդ և 197-րդ հոդվածների խախտման վերաբերյալ հիմնավորումները վճռաբեկ բողոքում բացակայում են:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 30.11.2007 թվականի վճիռը և այն փոփոխել` հայցը բավարարել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Երևանի Վարդանանց 22 հասցեի տարածքը ընդհանուր սեփականության իրավունքով պատկանում է Ա. Եփրեմյանին և Ն. Մանվելյանին:

2) Վերաքննիչ քաղաքացիական դատարանի օրինական ուժի մեջ մտած 28.06.2007 թվականի վճռով Ա. Եփրեմյանի հայցն ընդդեմ Ն. Մանվելյանի բավարարվել է, կիրառելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածը: Վճռով հաստատված է համարվել, որ «Նարինե Մանվելյանը միայնակ շարունակել է գործունեությունը վիճելի տարածքում, ինչի հետևանքով ստացել է եկամուտներ», որի արդյունքում վճռվել է բռնագանձել անհիմն խնայած մեկ ամսվա վարձավճար որպես ուրիշի հաշվին խնայված գույք:

3) Վեճի առարկա տարածքը զբաղեցնում է Ընկերությունը:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) բողոքն առաջին հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանը, որոշելու համար վճռաբեկ բողոքի հիմքի հիմնավորվածությունը, բողոքի սահմաններում պետք է քննարկման առարկա դարձնի հետևյալ իրավական հարցը.

Արդյո՞ք օրենքի մեկնաբանության մասին դատարանի իրավական դիրքորոշումը ընդգրկվում է դատական ակտի պրեյուդիցիալ կապի (նախադատելիության) օբյեկտիվ սահմաններում, այսինքն ունի նախադատելի նշանակություն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նախկինում քննված քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված հանգամանքները դատարանում այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում:

Այսինքն` օրինական ուժի մեջ մտած սկզբնական դատական ակտի նախադատելիության պայմանավորում է նոր կայացվելիք դատական ակտի բովանդակությունն այն մասով, որը վերաբերում է նախկինում քննված այլ գործով արդեն իսկ հաստատված հանգամանքներին:

Գործին մասնակցող անձանց համար նախադատելիությունը նշանակում է որոշակի սահմաններում ապացուցման պարտականությունից ազատում, ինչպես նաև արգելք կրկին ապացուցելու կամ հետագա դատավարություններում հերքելու նման հանգամանքները: Նախադատելիությունը դատարանի համար ենթադրում է պարտականություն ներմուծելու նման հանգամանքը նոր կայացվող դատական ակտում:

i

Դատական ակտի պրեյուդիցիալ կապի կամ նախադատելիության օբյեկտիվ սահմանները որոշվում են հանգամանքների այն շրջանակով, որոնք պետք է հաստատված լինեն օրինական ուժի մեջ մտած դատական ակտով և ենթակա չեն կրկին ապացուցման կամ հերքման այլ գործ քննելիս: (տե՛ս` «Սաթնէ» ՍՊԸ ընդդեմ Աշոտ և Հենրիկ Այվազյանների` հողի վարձակալության իրավունքի առուվաճառքի պայմանագիրը լուծելու, Ընկերությանը պատկանող և 17.02.2003 թվականին կնքված հողի վարձակալության իրավունքի առուվաճառքի պայմանագրով ձեռք բերված օղակաձև զբոսայգու 5-րդ հատվածում 0,04 հա հողամասի նկատմամբ վարձակալության իրավունքը վերադարձնելուն պարտավորեցնելու պահանջի մասին թիվ 3-93 (ՎԴ) քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 29.02.2008 թվականի որոշումը):

Սույն քաղաքացիական գործով Ա. Եփրեմյանի և Ն. Մանվելյանի միջև նույնանման փաստական հանգամանքներով այլ քաղաքացիական գործով կայացված Վերաքննիչ քաղաքացիական դատարանի օրինական ուժի մեջ մտած 28.06.2007 թվականի վճռով հաստատվել է, որ «... Նարինե Մանվելյանը միայնակ շարունակել է գործունեությունը վիճելի տարածքում, ինչի հետևանքով ստացել է եկամուտներ»: Վերաքննիչ դատարանը այս վեճի նկատմամբ կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածը` պատասխանողից բռնագանձելով «անհիմն խնայած մեկ ամսվա վարձավճար» որպես ուրիշի հաշվին խնայված գույք:

Այսինքն, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի օրինական ուժի մեջ մտած 28.06.2007 թվականի վճռով այլ վերաբերելի փաստերի հետ մեկտեղ հաստատված է համարվել Նարինե Մանվելյանի կողմից վեճի առարկա տարածքում ձեռնարկատիրական գործունեության իրականացման փաստը, որի նկատմամբ Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածը և եկել եզրահանգման, որ Նարինե Մանվելյանը անհիմն խնայել է վեճի առարկա տարածքի մեկ ամսվա վարձավճարը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նախկինում քննված գործով նախադատելի փաստ կարող է որակվել Նարինե Մանվելյանի կողմից վեճի առարկա տարածքում միայնակ ձեռնարկատիրական գործունեության իրականացումը, իսկ դրա արդյունքում մեկ ամսվա վարձավճարի անհիմն խնայած լինելը կամ չլինելը դատական իրավական որակումն է, որը կատարվել է վերոնշյալ և մի շարք այլ վերաբերելի փաստերի հետազոտության և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածի մեկնաբանության արդյունքում:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Նարինե Մանվելյանի կողմից գումար խնայած լինելը կամ չլինելը սույն քաղաքացիական գործով նախադատելի հանգամանք չէ և չի կարող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառման հիմք հանդիսանալ:

Վճռաբեկ դատարանը նման եզրահանգման համար հիմք է ընդունում դատավորի անկախության սկզբունքը և որպես այդ սկզբունքի կարևոր դատավարական երաշխիք` օրենքի մեկնաբանության և դրա հիման վրա որոշման կայացման լիարժեք անկախությունը:

Այսպես, ՀՀ Սահմանադրության 97-րդ հոդվածի համաձայն` արդարադատություն իրականացնելիս դատավորն անկախ է, ենթարկվում է միայն Սահմանադրությանը և օրենքին: Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում դատարանը կիրառում է իրավունքի նորմը` ղեկավարվելով դրա բովանդակության սեփական ընկալմամբ: Դատարանի պարտականությունների մեջ է մտնում որոշելը, թե տվյալ գործով ինչ օրենքներ են ենթակա կիրառման և ինչպես պետք է դրանք կիրառվեն: Ընդ որում, դատարանները պարտավոր են ղեկավարվել նորմատիվ նյութի սեփական ընկալմամբ (Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 13.10.1994 թվականի թիվ R(94)12 հանձնարարական, 5-րդ սկզբունք), քանի որ գործում է դատարանի կողմից օրենքի պատշաճ իմացության կանխավարկածը (jura novit curia):

Բացի այդ, իրավունքի նորմի բովանդակության կամ դրա մեկնաբանության հարցը գործով ապացուցման առարկայի սահմաններից դուրս է, այն չի հաստատվում ապացույցներով: Իրավունքի նորմի մեկնաբանությունը հատուկ տրամաբանական գործընթաց է, որը նույնական չէ ապացուցման գործընթացին: Կողմերն իրավասու են իրենց իրավական դիրքորոշումներով ազդել դատարանի կարծիքի ձևավորման վրա, սակայն օրենքի կիրառումը, ինչը օրենքի մեկնաբանության հետևանք է, վերջին հաշվով դատարանի մենաշնորհն է:

Ինչ վերաբերում է դատական նախադեպի ինստիտուտին որպես իրավունքի աղբյուր, ապա ինքնին դատական նախադեպը` լինելով ինքնուրույն ինստիտուտ, չի կարող ածանցյալ լինել նախադատելիության դատավարական ինստիտուտից: Նախադեպը դա դատական իրավաստեղծության արդյունք է, իսկ նախադատելիությունը` դատական ակտի օրինական ուժի և վերջնականության հետևանք: Նախադատելիության սահմանները էապես նեղ են և արտահայտվում են միայն ապացուցման ոլորտում:

i

Բացի դա, դատական ակտի հիմնավորումների (այդ թվում` օրենքի մեկնաբանությունների) պարտադիր բնույթը սահմանված է միայն Վճռաբեկ դատարանի կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտերի համար (ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ կետ):

 

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ դատարանի իրավական դիրքորոշումը նախադատելի հանգամանք չէ: Իրավունքի սեփական ընկալման հիմքով դատարանն իրավասու է կատարել որոշակի եզրահանգումներ: Նախադատելի այս դեպքում կարող է լինել հաստատված հանգամանքը, սակայն ոչ դատարանի իրավական դիրքորոշումը:

 

2) Բողոքը երկրորդ հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` անձը, ով առանց օրենքով, այլ իրավական ակտերով կամ գործարքով սահմանված հիմքերի ուրիշ անձի (տուժողի) հաշվին ձեռք է բերել գույք կամ խնայել է այն (ձեռք բերողը), պարտավոր է տուժողին վերադարձնել անհիմն ձեռք բերած կամ խնայած գույքը (անհիմն հարստացումը), բացառությամբ սույն օրենսգրքի 1099 հոդվածով նախատեսված դեպքերի:

Վերոգրյալ հոդվածից հետևում է, որ անհիմն հարստացման հետևանքով պարտավորության առաջացման համար անհրաժեշտ է երկու վավերապայմանների միաժամանակյա առկայությունը`

1. որպեսզի անձը ուրիշի հաշվին ձեռք բերի կամ խնայի գույք

2. գույքի ձեռք բերումը կամ խնայումը տեղի ունենա իրավական հիմքի բացակայությամբ:

Հիմք ընդունելով վերոնշյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհիմն է վճռաբեկ բողոքի փաստարկն այն մասին, որ Նարինե Մանվելյանը անհիմն խնայել է վեճի առարկա տարածքի մեկ ամսվա վարձավճարը, քանի որ`

ա) վեճի առարկա տարածքը օգտագործում է ոչ թե Նարինե Մանվելյանը, այլ Ընկերությունը.

բ) Նարինե Մանվելյանի` որպես ֆիզիկական անձի կողմից ուրիշի հաշվին գույք ձեռք բերելու կամ խնայելու փաստը գործով հաստատված չէ:

Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործով Նարինե Մանվելյանը պատշաճ պատասխանատու չէ, որի հիմքով հայցը ենթակա էր մերժման:

Ինչ վերաբերում է 197-րդ և 193-րդ հոդվածների խախտման մասին վճռաբեկ բողոքի փաստարկներին, Վճռաբեկ դատարանը դրանց չի անդրադառնում, քանի որ վճռաբեկ բողոքում բացակայում են խախտման հիմնավորումները:

Միաժամանակ, հիմք ընդունելով վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի վճարումը մասնակիորեն հետաձգելու վերաբերյալ Ա. Եփրեմյանի միջնորդությունը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ա. Եփրեմյանից ենթակա է բռնագանձման չվճարված 92.775,78 (իննսուներկու հազար յոթ հարյուր յոթանասունհինգ դրամ յոթանասունութ լումա) ՀՀ դրամ պետական տուրքը:

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.11.2007 թվականի վճիռը թողնել օրինական ուժի մեջ:

2. Ա. Եփրեմյանից բռնագանձել 92.775,78 (իննսուներկու հազար յոթ հարյուր յոթանասունհինգ դրամ յոթանասունութ լումա) ՀՀ դրամ պետական տուրքը:

3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Հ. Մանուկյան

Դատավորներ` Ա. Մկրտումյան

Վ. Աբելյան

Ս. Սարգսյան

Դ. Ավետիսյան

Հ. Ղուկասյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
27.03.2008
N 3-132 (ՎԴ)
Որոշում