Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 179-ՐԴ ՀՈԴ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական               Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                        թիվ ՏԴ1/0810/02/17

    Քաղաքացիական գործ թիվ ՏԴ1/0810/02/17    2020 թ.

Նախագահող դատավոր` Ա. Խառատյան

    Դատավորներ`        Ս. Թորոսյան

                       Ն. Բարսեղյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2020 թվականի հունիսի 29-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի Գրետա Թամրազյանի ընդդեմ «Դիլիջանի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի` «Դիլիջանի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Գ. Անտոնյանի 31.08.2017 թվականի թիվ 57 հրամանն անվավեր ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.09.2019 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Գրետա Թամրազյանի ներկայացուցիչ Կարեն Լևոնյանի բերած վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Գրետա Թամրազյանը պահանջել է անվավեր ճանաչել «Դիլիջանի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Գ. Անտոնյանի 31.08.2017 թվականի թիվ 57 հրամանը:

ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Կուրեխյան) (այսուհետ` Դատարան) 12.07.2019 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.09.2019 թվականի որոշմամբ Գրետա Թամրազյանի միջնորդությունը` վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված դատավարական ժամկետի բացթողման պատճառը հարգելի համարելու և այն վերականգնելու մասին, մերժվել է և Գրետա Թամրազյանի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գրետա Թամրազյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

i

Վերաքննիչ դատարանը, համարելով, որ Դատարանը դատական ակտն ուղարկել է բողոքաբերին ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետի պահպանմամբ (հաջորդ օրը` 15.07.2019 թվականին), գտել է, որ բողոքաբերը զրկված չի եղել դատական ակտն օրենքով սահմանված ժամկետի պահպանմամբ բողոքարկելու հնարավորությունից, մինչդեռ վերաքննիչ բողոք է ներկայացրել միայն 19.08.2019 թվականին (բողոքարկման վերջնաժամկետը լրացել է 15.08.2019 թվականին), ուստի գտել է, որ հիմնավոր չէ բողոքաբերի միջնորդությունը` վերաքննիչ բողոք բերելու դատավարական ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ:

Վերաքննիչ դատարանի նման եզրահանգումն անհիմն է, քանի որ օրենսդիրը, տարբեր դատավարական օրենքներով սահմանելով դատավարական ժամկետներ, նախ և առաջ նպատակ է հետապնդել ընդգծել այն ողջամիտ ժամկետները, երբ դատավարական սուբյեկտները, ստանալով այս կամ այն իրավունքը, կարող են իրագործել այն: Մասնավորապես` տվյալ դեպքում խոսքը գնում է վերջնական դատական ակտի բողոքարկման մասին, որի համար օրենսդիրը նախատեսել է բողոքարկման հստակ ժամկետ, այն է` մեկամսյա ժամկետ:

Սույն գործի փաստերով հաստատվում է, որ Դատարանը վճիռը կայացրել է 12.07.2019 թվականին և 15.07.2019 թվականին ելքագրված թիվ ԴԴ-29-Ե-4273/19 գրությամբ` փոստային առաքմամբ այն ուղարկել Գրետա Թամրազյանին, ով 17.07.2019 թվականին ստացել է փոստային առաքանին: Այսինքն` որպես վճռի բողոքարկման ժամկետի սկիզբ հանդիսացել է 17.07.2019 թվականը, իսկ բողոքը ներկայացվել է` 19.08.2019 թվականին, քանի որ 17.08.2019 թվականը համընկել է ոչ աշխատանքային` շաբաթ օրվա հետ, հետևաբար այն ներկայացվել է դրան հաջորդող աշխատանքային օրը, որը հանդիսացել է 19.08.2019 թվականը:

Հատկանշական է, որ բողոքաբերն իր միջնորդության մեջ հստակ ընդգծել է պատճառը, որը նրա համար հիմք է հանդիսացել դատական ակտի դեմ բողոքը ներկայացնելու այն ժամկետներում, որը ներկայացրել է, մասնավորապես նշելով, որ դատական ակտն իրեն հանձնվել է 17.07.2019 թվականին, որի վերաբերյալ ապացույցը գտնվում է քաղաքացիական գործում, որից հետո նոր սկսել է իր համար հոսել օրենսդրի կողմից սահմանված մեկամսյա ժամկետը տվյալ դատական ակտը բողոքարկելու համար:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 05.09.2019 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, կրկին անդրադառնում է դատարանի կողմից դատական ակտը գործին մասնակցող անձին հանձնելու պարտականության պատշաճ կատարմանը:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը: Ուղղված լինելով դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների երաշխավորմանը, այդուհանդերձ, օրենսդրի կողմից սահմանված են բողոքարկման իրավունքի իրացման որոշակի պայմաններ, որոնցից են ժամկետային սահմանափակումները:

i

Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) կողմից բողոքարկման իրավունքի և դրա իրացման պայմանների վերաբերյալ հայտնած դիրքորոշումներին: Այսպես` Եվրոպական դատարանն արձանագրել է, որ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «(...) պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը չի համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, եթե այն չհետապնդի իրավաչափ նպատակ, և եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (տե՛ս, Khalfaoui v. France գործով Եվրոպական դատարանի 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):

Պետության կողմից սահմանված` բողոք բերելու ժամկետային սահմանափակումների վերաբերյալ կանոններն ուղղված են իրավական որոշակիության երաշխավորմանը: Դատավարության կողմերը պետք է գիտակցեն դատավարական նմանատիպ կանոնների կիրառումն իրենց նկատմամբ: Բայց և այնպես այդ կանոնները և դրանց կիրառումը չպետք է խոչընդոտեն դատավարության մասնակիցների կողմից պաշտպանության հասանելի միջոցներն օգտագործելուն (տե՛ս, Magomedov and others v Russia գործով Եվրոպական դատարանի 28.06.2017 թվականի վճիռը, կետ 87):

Եվրոպական դատարանը բազմիցս ընդգծել է, որ իր առջև դրված չէ ազգային դատարանների փոխարեն գործելու խնդիր: Ներպետական օրենսդրության մեկնաբանության խնդիրների լուծումը նախ և առաջ ազգային դատարանների գործառույթն է, իսկ Եվրոպական դատարանի դերակատարումը պարզելն է, թե արդյոք ազգային դատարանների կողմից տրված մեկնաբանությունները համատեղելի են Կոնվենցիայի հետ: Վերոշարադրյալը հատկապես վերաբերում է դատարանների կողմից դատավարական այնպիսի նորմերի մեկնաբանությանը, ինչպիսիք են, օրինակ, դատավարական փաստաթղթեր կամ բողոք ներկայացնելու ժամկետների սահմանափակումները (տե՛ս, Perez de Rada Cavanilles v. Spain գործով Եվրոպական դատարանի 28.10.1998 թվականի վճիռը, կետ 43):

Կոնվենցիայի 6-րդ հոդվածը չի պարտադրում Պայմանավորվող պետություններին ստեղծել վերաքննիչ կամ վճռաբեկ դատարաններ: Այնուամենայնիվ, պետությունը, որը հիմնադրել է նման դատարաններ, պետք է հոգա այն մասին, որ այդ դատարանների առջև երաշխավորվեն Կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված իրավունքները: Բացի այդ, ներպետական օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումները կախված են կոնկրետ գործով դատավարության առանձնահատուկ հատկանիշներից, և կարևոր է ուշադրության արժանացնել այդ գործի ամբողջ դատավարական ընթացքը` իրականացված ներպետական իրավական համակարգին համապատասխան, և այդ Բարձրագույն դատարանի կողմից ունեցած դերակատարումն այդ գործում, քանի որ բողոքի ընդունելիությանը ներկայացվող չափանիշները կարող են լինել ավելի խիստ, քան հայցադիմումինը (տե՛ս, Beles lesand others v. The Czech Republic գործով Եվրոպական դատարանի 12.11.2002 թվականի վճիռը, կետ 62):

Հայցադիմում կամ բողոք ներկայացնելու իրավունքը պետք է իրացվի այն պահից սկսած, երբ համապատասխան անձը ձեռք է բերել իրական հնարավորություն ծանոթանալու դատարանի որոշման հետ, որը շոշափում է նրա իրավունքները կամ օրինական շահերը, կամ նրա համար առաջացնում է որոշակի հետևանքներ: Հակառակ դեպքում, դատարանները կստանային հնարավորություն դատական ակտերի կայացման մասին անձանց ուշացմամբ ծանուցելով էապես սահմանափակել անձանց կողմից բողոք բերելու իրավունքը, անգամ` բացառել այդ հնարավորությունը: Դատական ծանուցումները համարվում են միջոց դատարանի և դատավարության մասնակիցների միջև փոխազդեցություն ստեղծելու համար և ուղղված են դատավարության մասնակիցներին կայացված ակտերի մասին տեղեկացնելուն, ինչպես նաև նրանց` այդ ակտերը բողոքարկելու հնարավորություն տալուն: Կոնվենցիայի 6-րդ հոդվածը չի սահմանում դատական ակտերի հանձնման կոնկրետ եղանակ, ինչպես, օրինակ, պատվիրված նամակով ուղարկելն է: Սակայն միաժամանակ դատարանի որոշումն անձին պետք է հանձնված լինի այնպիսի եղանակով, որը հնարավորություն կտա ստուգել ինչպես դատական ակտը փոխանցված լինելու հանգամանքը, այնպես էլ այն հանձնելու ստույգ օրը (տե՛ս, Ivanova and Ivashova v. Russia գործով Եվրոպական դատարանի 26.04.2017 թվականի վճիռը, կետեր 41, 45-46):

Դատարանի մատչելիության իրավունքի դրսևորումներից է համարվում կայացված որոշումների մասին պատշաճ ծանուցում ստանալու իրավունքը, մասնավորապես այն դեպքերում, երբ բողոք բերելու իրավունքը սահմանափակված է որոշակի ժամկետներով

(տե՛ս, Zavodnik v. Slovenie գործով Եվրոպական դատարանի 21.08.2015 թվականի վճիռը, կետ 71):

Կողմերը պետք է ունենան հայց կամ բողոք բերելու հնարավորություն այն պահից սկսած, երբ նրանք արդյունավետ կերպով տեղեկացվել են դատական ակտի մասին, որը նրանց համար առաջացնում է հետևանքներ կամ շոշափում է նրանց իրավունքները կամ օրինական շահերը: Որպես դատարանի և դատավարության կողմի միջև կապի միջոց` ծանուցումները կողմին հաղորդակից են դարձնում դատական ակտին և նրա հիմքերին` դրանով անձին ընձեռելով հնարավորություն ներկայացնելու բողոք, եթե նա անհրաժեշտ կհամարի (տե՛ս, Miragall Escolano and others v. Spain գործով Եվրոպական դատարանի 25.01.2000 թվականի վճիռը, կետ 37):

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նաև փաստել է, որ անձի բողոքարկման իրավունքը, հանդիսանալով դատարանի մատչելիության իրավունքի բաղկացուցիչ տարր, կարող է իրացվել այն դեպքում, երբ անձն իրական հնարավորություն է ձեռք բերել ծանոթանալու դատարանի որոշման հետ: Ներպետական օրենսդրությամբ դատական ակտը հրապարակելու, գործին մասնակցող անձանց հանձնելու և նրանց ուղարկելու ընթացակարգեր սահմանելով` օրենսդիրը նպատակ է հետապնդում այդ միջոցներով ստեղծել բավարար հիմքեր և երաշխիքներ, որպեսզի անձինք կարողանան անխաթար կերպով օգտվելու իրենց դատական պաշտպանության իրավունքից: Ուստի ելնելով այդ նպատակներից` դատավարական նորմերով սահմանված` դատական ակտը հրապարակելու և գործին մասնակցող անձանց հանձնելու կամ նրանց ուղարկելու ընթացակարգերը պետք է ուղղված լինեն պաշտպանության միջոցներն ավելի հասանելի դարձնելուն, այլ ոչ դրանք ոչ իրավաչափորեն սահմանափակելուն: ՀՀ վճռաբեկ դատարանը, ամփոփելով Եվրոպական դատարանի որոշումներում արտահայտված դիրքորոշումները, եզրահանգել է, որ թեև Կոնվենցիայի 6-րդ հոդվածը հստակ չի սահմանում, թե դատարանի կայացրած ակտն ինչ կերպով պետք է հանձնվի անձին, սակայն միանշանակ է այն, որ դատական ակտը պետք է հանձնվի այնպիսի եղանակով, որը հնարավորություն կտա իրապես պարզելու ինչպես դատական ակտի փոխանցված լինելու հանգամանքը, այնպես էլ այն հանձնելու ստույգ օրը: Դատական ակտի հանձնման կոնկրետ եղանակ չսահմանելով հանդերձ` Կոնվենցիան և դրա կիրառումը պահանջում են, որպեսզի անձի բողոքարկման իրավունքի իրացումը սերտորեն փոխկապակցված լինի դատարանի կայացրած ակտին ծանոթանալու իրական հնարավորության հետ: Այսինքն` դատավարական նորմերը պետք է սահմանվեն այնպես, որպեսզի գործին մասնակցող անձանց համար իրական հնարավորություն ապահովեն տիրապետելու դատական ակտի բովանդակությանը, և չարդարացված կերպով չսահմանափակվի նրանց բողոք բերելու իրավունքը (տե՛ս, նաև «Եղիցի Լույս-ԲՀ» ՍՊԸ-ն ընդդեմ «Արմինե» Ա/Կ-ի թիվ ԿԴ/0412/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.05.2019 թվականի որոշումը):

Մեկ այլ գործով ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այն դեպքում, երբ բողոքարկման իրավունքի իրացման ժամկետի բացթողումը պայմանավորված է ստորադաս դատարանի անգործությամբ, բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու հարցը քննարկելիս վերադաս դատարանը պետք է առաջնորդվի անձի` իր իրավունքների պաշտպանության համար դատարան դիմելու և դրա մատչելիության սկզբունքներով (տե՛ս, Ալբերտ Հովհաննիսյանն ընդդեմ Լորիկ Վարդանյանի թիվ ԵՇԴ/0245/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 16.03.2016 թվականի որոշումը):

i

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ այս կապակցությամբ ՀՀ սահմանադրական դատարանն իր 09.02.2016 թվականի թիվ ՍԴՈ-1254 որոշմամբ արձանագրել է, որ օրենսդրորեն պետք է սահմանվեն անհրաժեշտ ու բավարար երաշխիքներ դատական ակտը բողոք բերողի կողմից ամբողջությամբ ու ողջամիտ ժամկետում ստանալու և դատարանի մատչելիության ու արդար դատաքննության իր իրավունքն արդյունավետ իրացնելու համար: Վերը նշվածի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ չնայած այն հանգամանքին, որ դատական ակտերի բողոքարկման ժամկետը, որպես կանոն, հաշվարկվում է հրապարակման պահից, այնուամենայնիվ, անհրաժեշտ են օրենսդրական բավարար երաշխիքներ, որոնք կապահովեն անձի` դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների արդյունավետ իրացումը:

i

Միաժամանակ ՀՀ սահմանադրական դատարանը վերահաստատել է 22.12.2015 թվականի թիվ ՍԴՈ-1249 որոշմամբ արտահայտված այն իրավական դիրքորոշումը, որ երբ վճռաբեկ բողոքը վճռաբեկ դատարան բերելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառ է հանդիսանում համապատասխան բողոքարկվող դատական ակտը բողոքաբերից անկախ պատճառներով վերջինիս ուշ հասու լինելու հանգամանքը, ապա բողոքաբերը պետք է ներկայացնի բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն` կցելով համապատասխան հանգամանքը հավաստող, վկայող ապացույցները, իսկ վճռաբեկ դատարանը` տվյալ հանգամանքի հաշվառմամբ բավարարի ներկայացված միջնորդությունը: Այդ դեպքում բաց թողնված ժամկետը վճռաբեկ դատարանի կողմից վերականգնվում է իրավունքի ուժով (ex jure)` համապատասխան դատական ակտում այդ մասին փաստելով:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ինչպես վերը նշված, այնպես էլ ՀՀ սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները կիրառելի են նաև վերաքննության կարգով բողոքարկման իրավակարգավորումների նկատմամբ:

Ելնելով վերոշարադրյալից` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ հանդիսանալով դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների բաղադրատարրերից մեկը` բողոքարկման իրավունքը կարող է սահմանափակվել պետության կողմից, սակայն այդ սահմանափակումները` ներառյալ ժամկետայինները, չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատարանը, պարզելով, որ գործին մասնակցող անձը դատավարական ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով, որոշում է կայացնում բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե` վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է:

Վճռաբեկ դատարանը, սույն որոշման շարադրված իրավական վերլուծությունների համատեքստում անդրադառնալով և համեմատական վերլուծության ենթարկելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համարժեք կարգավորումները, հարկ է համարում արձանագրել հետևյալը.

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ընդհանուր իրավասության դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված է մեկամսյա ժամկետ: Այդ ժամկետում վերաքննիչ բողոք բերելու իրավունքի լիարժեք և արդյունավետ իրականացման համար օրենքն ընդհանուր իրավասության դատարանին պարտավորեցնում է վճիռը հրապարակվելուց անմիջապես հետո դրա օրինակը հանձնել գործին մասնակցած անձանց, իսկ նրանցից որևէ մեկի ներկայացած չլինելու դեպքում հրապարակման կամ առնվազն հաջորդ օրը պատվիրված նամակով ուղարկել նրան: Միաժամանակ այն դեպքում, երբ գործին մասնակցող անձը բաց է թողնում վերոգրյալ ժամկետը, վերջինս իրավունք ունի ներկայացնելու դրա բաց թողնելու պատճառները հարգելի համարելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն, որի քննարկումը վերաքննիչ դատարանը պարտավոր է իրականացնել` հաշվի առնելով նաև այն հանգամանքը, թե արդյոք ընդհանուր իրավասության դատարանը պահպանել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված` վճիռը հրապարակվելուց անմիջապես հետո դրա օրինակը գործին մասնակցող անձանց հանձնելու, իսկ նրանցից որևէ մեկի ներկայացած չլինելու դեպքում` հրապարակման կամ առնվազն հաջորդ օրը պատվիրված նամակով ուղարկելու կանոնը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի կարգավորումների համաձայն` վճիռը հրապարակվում է դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով և վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել: Փաստորեն, եթե վճիռը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվելուց հետո դրա օրինակը չի հանձնվել անձին, ապա հրապարակման հաջորդ օրն այն պետք է ուղարկվի պատվիրված նամակով: Այսինքն` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը որդեգրել է այն մոտեցումը, համաձայն որի` առձեռն հանձնվելու եղանակի իրագործված չլինելու պայմաններում պատվիրված նամակով վճռի օրինակն ուղարկելը դիտարկվում է որպես առաջինին համարժեք, դրան փոխարինող միջոց:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ եթե ՀՀ քաղաքացիական դատավարության նախկին օրենսգրքի համաձայն վճռի հրապարակումը կատարվում էր դատական նիստով, ապա գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի պայմաններում այն իրականացվում է դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով, այսինքն` դատական նիստ հրավիրելու և նիստում դատական ակտի եզրափակիչ մասը հրապարակելու փոխարեն դատական ակտը հրապարակվում է դատական իշխանության պաշտոնական կայքում: Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության գործող օրենսգրքով սահմանել է նախկինում գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքից տարբերվող հրապարակման նոր կարգ, սակայն դատարաններին չի ազատել դատական ակտի օրինակն անձին առձեռն հանձնելու կամ ուղարկելու պարտականությունից:

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ օրենսդիրը նախատեսել է հրապարակման նոր կարգ, բայց միաժամանակ պահպանել է դատական ակտի առձեռն հանձնման կամ ուղարկման` դատարանի պարտականությունը: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենսդիրը դատական ակտը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելը չի դիտարկել դատական ակտին հաղորդակից դարձնելու դատարանի պարտականության պատշաճ իրականացում, քանի որ հակառակ պարագայում իմաստազուրկ է դառնում հրապարակման այդ կարգին զուգահեռ դատական ակտի հանձնման կամ ուղարկման եղանակների պահպանումը:

Այսինքն` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի կարգավորումներից բխող հրապարակման նոր կարգը չի բացառում և չի դադարեցնում դատարանի` վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրը գործին մասնակցող անձանց ուղարկելու պարտականությունը, եթե մինչ այդ այն առձեռն նրանց չի հանձնվել:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

i

Վերաքննիչ դատարանը, «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» 05.09.2019 թվականի որոշմամբ քննարկելով Գրետա Թամրազյանի կողմից բերված վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողումը հարգելի համարելու և բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը և վերաքննիչ բողոքը, պարզել է. «Տվյալ դեպքում Դատարանի վճիռը հրապարակվել է 12.07.2019 թվականին, Դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին համապատասխան վճռի օրինակը դրա հրապարակման հաջորդ օրն

(13.07.2019 թվականը և 14.07.2019 թվականը եղել են ոչ աշխատանքային օրեր, դրան հաջորդող առաջին աշխատանքային օրը 15.07.2019 թվականն է) ուղարկել է

բողոքաբերին (հատոր 2-րդ, գ.թ. 121-124), ընդ որում դատական ակտը` 15.07.2019 թվականին ուղարկված լինելու փաստը չի վիճարկում նաև բողոքաբերը, նշելով, որ 12.07.2019 թվականի դատական ակտը Գրետա Թամրազյանին է ուղարկվել 15.07.2019 թվականին ելքագրված թիվ ԴԴ 29 Ե 4273/19 գրությամբ, որը հայցվորին է հանձնվել 17.07.2019 թվականին:

(...) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ բողոքաբերը զրկված չի եղել դատական ակտը օրենքով սահմանված ժամկետի պահպանմամբ բողոքարկելու հնարավորությունից, մինչդեռ վերաքննիչ բողոք է ներկայացրել միայն 19.08.2019 թվականին /բողոքարկման վերջնաժամկետը լրացել է 15.08.2019 թվականին/, հետևաբար Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ժամկետի բացթողումը հարգելի համարելու հիմքեր առկա չեն, ուստի այն ենթակա չէ վերականգնման» (հատոր 2-րդ գ.թ. 157-158):

Մինչդեռ սույն գործի փաստերը համադրելով վերը նշված իրավական դիրքորոշումների հետ և անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Դատարանի 12.07.2019 թվականի վճիռը պատվիրված նամակով (փոստային անդորրագիր թիվ RL027334118AM) 16.07.2019 թվականին ուղարկվել է Գրետա Թամրազյանին (հատոր 2-րդ գ.թ. 123) ՀՀ Տավուշի մարզ, քաղաք Դիլիջան, Շահումյան 1-ին նրբանցք թիվ 2 տուն հասցեով, որը վերջինս ստացել է 19.07.2019 թվականին (հատոր 2-րդ գ.թ. 124): Դատարանի 12.07.2019 թվականի վճռի դեմ Գրետա Թամրազյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել 19.08.2019 թվականին փոստային ծառայությանը հանձնելու եղանակով, միաժամանակ ներկայացված վերաքննիչ բողոքով խնդրել է հաշվի առնել այն հանգամանքը, որ Դատարանի 12.07.2019 թվականի դատական ակտը Գրետա Թամրազյանին է ուղարկվել 15.07.2019 թվականին ելքագրված թիվ ԴԴ 29 Ե 4273/19 գրությամբ, որը հայցվորին է հանձնվել 17.07.2019 թվականին, ուստի միջնորդել է բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարել: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում առկա է բողոքաբերից անկախ պատճառներով դատական ակտը նրան ուշ հասու լինելու հանգամանքը, քանի որ Դատարանը դատական ակտը դատավարության մասնակցին ուղարկել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջի խախտմամբ, 12.07.2019 թվականի վճիռը հաջորդ աշխատանքային օրը` 15.07.2019 թվականին (13.07.2019 և 14.07.2019 թվականները ոչ աշխատանքային օրեր են), պատվիրված նամակով չի ուղարկել Գրետա Թամրազյանին:

i

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Գրետա Թամրազյանի միջնորդությունը ենթակա էր բավարարման, և բաց թողնված ժամկետը Վերաքննիչ դատարանի կողմից պետք է վերականգնվեր իրավունքի ուժով (ex jure), քանի որ առկա է եղել բողոքաբերից անկախ պատճառներով դատական ակտը նրան ուշ հասու լինելու հանգամանքը, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից: Հետևաբար Վերաքննիչ դատարանի կողմից սխալ է մեկնաբանվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասը, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, քանի որ, ոչ իրավաչափորեն մերժելով Գրետա Թամրազյանի` վերաքննիչ բողոք բերելու ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը, Վերաքննիչ դատարանը սահմանափակել է Գրետա Թամրազյանի` բողոքարկման իրավունքի իրականացման հնարավորությունը` արդյունքում զրկելով վերջինիս վերադաս դատարանի մատչելիության իրավունքից:

i

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի և 405-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.09.2019 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Ս. Միքյելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

 

 

pin
Վճռաբեկ դատարան
29.06.2020
N ՏԴ1/0810/02/17
Որոշում