ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 նոյեմբերի 2018 թվականի N 1246-Ն
ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՆ ՀԱՆՁՆՎԱԾ (ԱՄՐԱՑՎԱԾ) ԳՈՒՅՔԸ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասին և 9-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել պետական մարմնին հանձնված (ամրացված) գույքը հաշվեկշռում հաշվառելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Պետական մարմինների ղեկավարներին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում, սահմանել պետական մարմնին հանձնված (ամրացված) գույքի ներքին հաշվառման կարգը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2018 թվականի նոյեմբերի 8-ի
N 1246-Ն որոշման
ԿԱՐԳ
ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՆ ՀԱՆՁՆՎԱԾ (ԱՄՐԱՑՎԱԾ) ԳՈՒՅՔԸ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ
1. Սույն կարգով կարգավորվում են պետական մարմնին հանձնված (ամրացված) գույքը պետական մարմնի հաշվեկշռում (ֆինանսական վիճակի մասին հաշվետվությունում) հաշվառելու հետ կապված հարաբերությունները:
2. Պետական մարմնի գույքը ձևավորվում է օրենսդրությամբ սահմանված կարգով նրա տիրապետմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից:
3. Պետական մարմնին հանձնվող գույքի կազմը և չափը որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Հանձնվող գույքն օգտագործվում է իր նպատակային նշանակությանը համապատասխան: Եթե հանձնվող գույքը պետք է օգտագործվի ոչ իր նպատակային նշանակությամբ, ապա գույքը հանձնելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվում է նաև հանձնվող գույքի օգտագործման և տիրապետման կարգը:
4. Պետական մարմնին գույքը հանձնվում է հանձնման-ընդունման ակտին համապատասխան:
5. Պետական մարմնին հանձնված գույքի հաշվապահական հաշվառումն իրականացվում է «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներին համապատասխան:
6. Պետական մարմնին հանձնված (ամրացված) գույքի ներքին հաշվառման կարգը սահմանում է համապատասխան պետական մարմնի ղեկավարը, իսկ Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմում և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմում` նախագահի աշխատակազմի և վարչապետի աշխատակազմի ղեկավարը: