COUR EUROPEENNE DES DROITS DE L'HOMME
EUROPEAN COURT OF HUMAN RIGHTS
ԵՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
i
ՄԵԼԻՔՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(Գանգատ թիվ 9737/06)
ՎՃԻՌ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
19 փետրվար 2013
ՎԵՐՋՆԱԿԱՆ
19/05/2013
i
Սույն վճիռը վերջնական է դարձել Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն: Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:
Մելիքյանն ընդդեմ Հայաստանի գործում,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (Երրորդ Բաժանմունք) Պալատը, հետևյալ կազմով`
Josep Casadevall, Նախագահ,
Alvina Gyulumyan,
Corneliu Birsan,
Jan Sikuta,
Nona Tsotsoria,
Kristina Pardalos,
Johannes Silvis, դատավորներ,
և Santiago Quesada, Բաժանմունքի քարտուղար,
2013 թվականի հունվարի 29-ին կայացած դռնփակ նիստում,
կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը:
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
i
1. Վարույթը հարուցվել է 2006 թվականի մարտի 9-ին` Հայաստանի Հանրապետության քաղաքացի տկն. Էմիլիա Մելիքյանի («դիմումատու») կողմից «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի («Կոնվենցիա») 34-րդ հոդվածի համաձայն, Հայաստանի Հանրապետության դեմ բերված գանգատի (թիվ 9737/06) հիման վրա:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը («Կառավարություն») ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն. Գ. Կոստանյանը:
3. Դիմումատուն մասնավորապես պնդել է, որ նա ի վիճակի չի եղել վիճարկել կառավարության կայացրած որոշման օրինականությունը ներպետական դատարաններում:
i
4. 2009 թվականի հունվարի 7-ին գանգատն ուղարկվել է Կառավարություն: Որոշվել է նաև իրականացնել գործի ընդունելիության և ըստ էության միաժամանակյա քննություն (29-րդ հոդվածի կետ 1):
ՓԱՍՏԵՐԸ
I. ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
5. Դիմումատուն ծնվել է 1949 թվականին Երևանում:
6. 1986 թվականից մինչև 2005 թվականը դիմումատուն աշխատել է «Պարեն» գիտաարտադրական և նախագծային պետական փակ բաժնետիրական ընկերությունում (այսուհետ` «Ընկերություն»):
i
7. 2001 թվականի հուլիսի 27-ին ընդունվեց օրենք, որը սահմանում էր պետական գույքի մասնավորեցման ծրագիրը 2001-ից 2003 թվականի միջև ընկած ժամանակահատվածի համար, որտեղ ընկերությունը թվարկված էր որպես մասնավորեցման ենթակա բազմաթիվ պետական ընկերություններից մեկի:
8. 2004 թվականի փետրվարի 5-ին Ընկերության աշխատակիցները դիմել են Կառավարությանը` խնդրելով, որ Ընկերության գույքը մասնավորեցվի իրենց ուղղակիորեն վաճառելու միջոցով: Այս պահանջն ընդունվել և Կառավարության կողմից քննվում է Ընկերության բաժնետոմսերի մասնավորեցման վերաբերյալ Կառավարության որոշման նախագծի պատրաստման ընթացքում:
9. 2004 թվականի հունիսի 10-ին Կառավարությունն որոշում ընդունեց (այսուհետ` «Որոշում»), որի 1.2 կետը սահմանում էր, որ Ընկերության բաժնետոմսերի մասնավորեցումը պետք է տեղի ունենա տենդերի միջոցով: Որոշումը ներկայացվել է ՀՀ Նախագահի վավերացմանը:
10. 2004 թվականի հուլիսի 7-ի նամակով` պետական գույքի կառավարման վարչությունը (այսուհետ` ՊԳԿՎ) տեղեկացրել է Ընկերության աշխատակիցներին, որ համապատասխան տենդերի գործընթացը բաց է նրանց համար:
11. Չպարզված օրը, մինչև Նախագահի կողմից որոշման վավերացումը, կատարվել են մի շարք փոփոխություններ` այդ թվում` 1.2 կետում:
i
12. 2004 թվականի հոկտեմբերի 8-ին ՀՀ Նախագահը վավերացրել է որոշումը, որի փոփոխված 1.2 կետը նախատեսում էր, որ ընկերության բաժնետոմսերը պետք է մասնավորեցվեն երրորդ անձի` Ա.Կ.-ին, ուղղակի վաճառքի միջոցով:
13. 2004 թվականի դեկտեմբերի 1-ին Ընկերության աշխատակիցները, այդ թվում` դիմումատուն, մի շարք համատեղ պահանջներ են ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան, ընդդեմ Կառավարության և ՊԳԿՎ-ի` հայցելով, inter alia, որոշման որոշակի դրույթների կիրառման արգելքը և ընկերության բաժնետոմսերը ձեռք բերելու իրենց նախապատվության իրավունքի ճանաչումը: Պահանջներն ընդունվել են քննության նույն օրը:
i
14. Ընդհանուր իրավասության դատարանի դատավարությունում հայցվորները ներկայացրել են լրացուցիչ պահանջ` որոշման օրինականությունը վիճարկելու և այն մասամբ անվավեր ճանաչելու մասին, մասնավորապես` նրանք պնդում էին, որ որոշումն ընդունվել է «Իրավական ակտերի մասին» օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ, 38-րդ հոդվածի 2-րդ և 68-րդ հոդվածի 4-րդ ու 7-րդ մասերի, «Պետական գույքի մասնավորեցման մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) 10-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Սահմանադրության 1-ին, 5-րդ և 8-րդ հոդվածների խախտմամբ: Բացի դրանից, նրանք միջնորդություն են ներկայացրել դատարանին չկիրառել քաղաքացիական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածը իրենց պահանջի նկատմամբ` պնդելով, որ այս դրույթը, որով խախտվել է դատարան դիմելու իրենց իրավունքը, հակասահմանադրական է և չի համապատասխանում Կոնվենցիայի 6-րդ հոդվածին: Նրանք դատարանին ներկայացրել են նաև այլ միջնորդություն` պահանջելով, որ որպես այլընտրանք սահմանադրական վերահսկողության վարույթ հարուցել այդ դրույթի սահմանադրականությունը քննելու համար: Ըստ դիմումատուի ընդհանուր իրավասության դատարանը երբեք չի անդրադարձել միջնորդություններին:
15. 2005 թվականի հունվարի 25-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը որոշել է մերժել բոլոր պահանջները` համարելով, որ դրանք հիմնավորված չեն, բացառությամբ անվավեր ճանաչելու մասին պահանջի, որի առնչությամբ ըստ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի, ընդհանուր իրավասության դատարանը որոշել է կարճել վարույթները` այն հիմքով, որ դա ընդհանուր իրավասության դատարանների քննությանը ենթակա չէ: Դրանով իսկ Ընդհանուր իրավասության դատարանը հղում է կատարել Քաղաքացիական օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասին և Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությանը:
16. 2005 թվականի փետրվարի 8-ին դիմումատուն ներկայացրել է վերաքննիչ բողոք:
17. 2005 թվականի հունիսի 6-ին դիմումատուն Վերաքննիչ քաղաքացիական դատարան է ներկայացրել նմանատիպ միջնորդություններ, ինչ ներկայացրել էր ընդհանուր իրավասության դատարանին:
18. 2005 թվականի հունիսի 22-ին դիմումատուն պահանջ է ներկայացրել Վերաքննիչ քաղաքացիական դատարան, որպեսզի վերջինս պարտավորեցնի ՊԳԿՎ-ին տրամադրել որոշման նախապատրաստման հետ կապված որոշակի փաստաթղթերի բնօրինակները կամ վավերացված պատճենները: Պահանջն ստացվել էր, բայց կառավարությունն ըստ երևույթի, չի իրականացրել այն:
19. 2005 թվականի հունիսի 28-ին Վերաքննիչ քաղաքացիական դատարանը քննեց բոլոր պահանջները, այդ թվում նաև` անվավեր ճանաչելու պահանջը և որոշեց մերժել դրանք` համարելով անհիմն: Դրանով իսկ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը եզրակացրեց, որ Հայաստանի Կառավարությունը` որպես ընկերության սեփականատեր, գործել է իր լիազորությունների շրջանակում` տնօրինելով այն օրինական ձևով` որոշում ընդունելով, որը հետագայում վավերացվել է Նախագահի կողմից:
20. 2005 թվականի հուլիսի 13-ին դիմումատուն բողոք է ներկայացրել Օրենքի դրույթների վերաբերյալ:
21. 2005 թվականի սեպտեմբերի 9-ին դիմումատուն նմանատիպ միջնորդություն է ներկայացրել, ինչ ներկայացրել էր ստորադաս դատարանում:
22. Նույն օրը Վճռաբեկ դատարանը բեկանել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի վճիռը` անվավեր ճանաչելու պահանջի մասով, և որոշում է կայացրել այդ մասով վարույթը դադարեցնել` ընդհանուր իրավասության դատարանի հիմնավորած նույն հիմքով:
i
23. 2006 թվականի նոյեմբերի 16-ին սահմանադրական դատարանը հակասահմանադրական և անվավեր է ճանաչել քաղաքացիական դատավարության օրենսգրքի 160 հոդվածի § 1 երկրորդ պարբերությունը:
II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ
Ա. 1995 թվականի ՀՀ Սահմանադրություն
24. Սահմանադրության համապատասխան դրույթները մինչև 2005 թվականի նոյեմբերի 27-ի փոփոխությունները շարադրված էին հետևյալ կերպ`
Հոդված 38
«Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքները և ազատությունները օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իրավունք:
Յուրաքանչյուր ոք ունի Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված իր իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության իրավունք»:
Հոդված 39
«Յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից իր գործի հրապարակային քննության իրավունք»:
Հոդված 100
«Սահմանադրական դատարանն օրենքով սահմանված կարգով` 1) որոշում է օրենքների, Ազգային ժողովի որոշումների, Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, կառավարության որոշումների համապատասխանությունը Սահմանադրությանը»:
Հոդված 101
«Սահմանադրական դատարան կարող են դիմել`1) Հանրապետության Նախագահը [Հայաստանի], 2)պատգամավորների առնվազն մեկ երրորդը, 3) Հանրապետության Նախագահի [Հայաստանի] և պատգամավորության թեկնածուները` ընտրությունների արդյունքների հետ կապված վեճերով, 4) կառավարությունը...»
25. Վերոգրյալ 38, 39 և 100 հոդվածները 2005 թվականի նոյեմբերի 27-ի փոփոխություններով, որն ուժի մեջ է մտել 2005 թվականի դեկտեմբերի 6-ին շարադրված են հետևյալ կերպ`
Հոդված 18
«Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:
Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքները և ազատություններն օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իրավունք»:
Հոդված 19
«Յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք»:
Հոդված 101
«Սահմանադրությամբ և սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով սահմանադրական դատարան կարող են դիմել` 1) Հանրապետության Նախագահը, 2) Ազգային ժողովը, 3) պատգամավորների առնվազն մեկ հինգերորդը, 4) կառավարությունը, 5) տեղական ինքնակառավարման մարմինները, 6) յուրաքանչյուր ոք` կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականությունը, 7) դատարանները և գլխավոր դատախազը` իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործին առնչվող նորմատիվ ակտերի դրույթների սահմանադրականության հարցերով, 8) մարդու իրավունքների պաշտպանը, ... և 9) Հանրապետության Նախագահի և պատգամավորության թեկնածուները... Սահմանադրական դատարանը գործը քննում է միայն համապատասխան դիմումի առկայության դեպքում»:
i
Բ. Քաղաքացիական օրենսգիրք (ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 1-ից)
i
26. Քաղաքացիական օրենսգրքի համապատասխան դրույթները շարադրված են հետևյալ կերպ`
Հոդված 14: Քաղաքացիական իրավունքների պաշտպանության եղանակները
«Քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է: ... (6) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ակտն անվավեր ճանաչելով, ...»
Հոդված 15: Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ակտն անվավեր ճանաչելը
«1. Օրենքին կամ այլ իրավական ակտերին չհամապատասխանող և քաղաքացու կամ իրավաբանական անձի քաղաքացիական իրավունքները ու օրենքով պաշտպանվող շահերը խախտող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ակտը դատարանով կարող է ճանաչվել անվավեր:
2. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածին համապատասխան, որոշում է օրենքների, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը»:
Հոդված 163: Սեփականության իրավունքի հասկացությունը և բովանդակությունը
«Սեփականատերն իրավունք ունի իրեն պատկանող գույքի նկատմամբ, իր հայեցողությամբ, կատարել օրենքին չհակասող և այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող ցանկացած գործողություն, այդ թվում` իր գույքը որպես սեփականություն օտարել այլ անձանց, նրանց փոխանցել այդ գույքի օգտագործման, տիրապետման և տնօրինման իրավունքները, գույքը գրավ դնել կամ տնօրինել այլ եղանակով»:
Հոդված 171: Պետական գույքի մասնավորեցումը (ապապետականացումը)
«Պետությունը կարող է իր սեփականության ներքո գտնվող գույքը հանձնել քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականությանը` պետական գույքի մասնավորեցման (ապապետականացման) մասին օրենքներով սահմանված կարգով»:
i
Գ. Քաղաքացիական Դատավարության Օրենսգիրք (ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 12-ին)
i
27. Քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան դրույթները, որոնք ուժի մեջ են մտել քննարկվող ժամանակահատվածում, շարադրված են հետևյալ կերպ`
Հոդված 109: Գործի վարույթի կարճման հիմքերը
«Դատարանը կարճում է գործի վարույթը, եթե ..., [inter alia], վեճը ենթակա չէ դատարանում քննության»:
Հոդված 159: Պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց` օրենքին հակասող ակտերն անվավեր ճանաչելու կամ նրանց գործողությունը (անգործությունը) վիճարկելու հիմքերը
«Պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց` օրենքին հակասող ակտերն անվավեր ճանաչելու կամ նրանց գործողությունը (անգործությունը) վիճարկելու (այսուհետ` ակտն անվավեր ճանաչելու) համար հիմք են նշված ակտն օրենքին հակասելը և դիմողի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ու օրենքներով երաշխավորված իրավունքի և (կամ) ազատության խախտման փաստի առկայությունը»:
Հոդված 160: Պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց` օրենքին հակասող ակտերն անվավեր ճանաչելու մասին դիմումը
«1. Պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց` օրենքին հակասող ակտերն անվավեր ճանաչելու մասին դիմումը, գործերի ենթակայությանը համապատասխան, տրվում է քաղաքացիական գործեր քննող դատարան կամ տնտեսական դատարան:
Դատարանի քննությանը ենթակա չեն այն ակտերն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումները, որոնց` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցի որոշելը, սահմանադրական դատարանի բացառիկ իրավասությունն է:
2. Դիմումը կարող է վերաբերել օրենքին հակասող ակտին կամ դրա որևէ մասի ...»:
i
Դ. Իրավական ակտերի մասին ՀՀ օրենք (ուժի մեջ է մտել 2002 թվականի մայիսի 31-ին)
i
28. Օրենքի համապատասխան դրույթները, որոնք ուժի մեջ են մտել քննարկվող ժամանակահատվածում, շարադրված են հետևյալ կերպ`
Հոդված 27: Իրավական ակտերի նախագծերի մշակումը
«2. Ծավալով կամ կարևորությամբ նշանակալից օրենքի կամ նորմատիվ իրավական այլ ակտի նախագծի մշակման աշխատանքների սկզբում նախագիծը մշակող մարմինը կարող է պատրաստել դրա հայեցակարգը: Հայեցակարգում տրվում են կարգավորման ենթակա հարաբերությունների բնութագիրը և ապագա իրավական ակտի նպատակները, շարադրվում են հիմնական դրույթները, վերլուծվում են նախագծվող նորմերի կիրարկման ենթադրվող հետևանքները, կարող է ներկայացվել իրավական ակտի նախնական կառուցվածքը»:
Հոդված 38: Իրավական ակտերի ընդունման օրը
«2. Իրավական ակտի հերթական համարը սահմանում է իրավական ակտն ընդունող մարմինը` միայն արաբական թվանշաններով: Համարների հերթականությունը վերսկսվում է յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից: Գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը պետք է համարակալվեն միայն ամբողջական թվանշաններով»:
Հոդված 68: Իրավական ակտերի պահանջների կատարումը
«4. Եթե իրավական ակտում նախատեսված նորմի պահանջի կատարում կարող է միայն իրականացվել այդ իրավական ակտով նախատեսված իրավական այլ ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է իրավական այլ ակտի ընդունմամբ, ապա իրավական ակտն այդ նորմի մասով գործում է համապատասխան իրավական այլ ակտն ուժի մեջ մտնելու պահից:
«7. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները կամ դրանց պաշտոնատար անձինք պարտավոր են իրենց լիազորությունների շրջանակում աջակցել անձանց նրանց իրավունքներն իրականացնելիս կամ պարտականությունները կատարելիս, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել նրանց խախտված իրավունքների վերականգնման համար, ինչպես նաև վերացնել անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացմանը խոչընդոտող հանգամանքները, եթե այդ իրավունքների իրականացումը կամ պարտականությունների կատարումը չի հակասում պետական և հասարակական անվտանգության շահերին, հասարակական կարգին, հանրության առողջությանն ու բարքերին, կամ դրա հետևանքով չեն խախտվի այլոց իրավունքներն ու ազատությունները, պատիվը և բարի համբավը»:
Ե. Պետական գույքի մասնավորեցման մասին ՀՀ Օրենք (ուժի մեջ է մտել 1998 թվականի փետրվարի 10-ին)
i
29. Օրենքի համապատասխան դրույթները, որոնք ուժի մեջ են մտել քննարկվող ժամանակահատվածում, շարադրված են հետևյալ կերպ`
Հոդված 3: Մասնավորեցման հասկացությունը և օբյեկտները
«1. ... Պետական գույքի (բացառությամբ պետական հիմնարկներին ամրացված շարժական գույքի) մասնավորեցման մասին որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` սույն օրենքով սահմանված կարգով»:
Հոդված 10: Ընկերությունների (ձեռնարկությունների) և «փոքր» մասնավորեցման օբյեկտների աշխատավորական կոլեկտիվի անդամների` մասնավորեցմանը մասնակցելու իրավունքը
«1. Մասնավորեցվող ընկերության (ձեռնարկության) կամ «փոքր» մասնավորեցման օբյեկտի աշխատավորական կոլեկտիվի անդամ համարվող անձինք ունեն այդ ընկերության (ձեռնարկության) կամ «փոքր» մասնավորեցման օբյեկտի գույքը ձեռք բերելու հավասար իրավունքներ»:
Հոդված 14: Պետական գույքի մասնավորեցման ձևերը
«1. Պետական գույքի մասնավորեցումն իրականացվում է հետևյալ հիմնական ձևերով` ... գ) մրցույթ, [և] դ) ուղղակի վաճառք
2. Պետական գույքի մասնավորեցման ձևի մասին որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` սույն օրենքով սահմանված կարգով»:
Հոդված 18: Պետական գույքի մասնավորեցումն ուղղակի վաճառքի ձևով
«1. Պետական գույքը մասնավորեցվում է ուղղակի վաճառքի ձևով` տվյալ ընկերության աշխատավորական կոլեկտիվին, տվյալ պետական գույքի վարձակալին, տվյալ ընկերության ոչ պետական բաժնեմասի սեփականատիրոջը (սեփականատերերին), տվյալ գույքի հավանական գնորդին, եթե այն նախօրոք հայտնի է:
2. ... Մասնավորեցման ծրագրում ընդգրկված պետական գույքը տվյալ ընկերության աշխատավորական կոլեկտիվին ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնելու հիմք կարող է հանդիսանալ կոլեկտիվի կողմից լիազորված պետական մարմին ներկայացված հայտը»:
Զ. Գիտական հետազոտությունների և նախագծման/պլանավորման կազմակերպությունների մասնավորեցման և օպտիմալացման հայեցակարգը
30. 2001 թվականի սեպտեմբերի 13-ին կառավարությունը հաստատել է գիտական հետազոտությունների և նախագծման/պլանավորման կազմակերպությունների մասնավորեցման հայեցակարգ, որոնք բաժանվում էին երեք կատեգորիաների: Երրորդ կատեգորիան, որը ներառում էր տիպային նախագծային աշխատանքներ իրականացնող և փորձնական արտադրությունում ընդգրկված կազմակերպություններ` ինչպիսին ընկերությունն է, որի մասնավորեցումը համարվում էր նպատակահարմար: Սահմանվել էր, որ նման կազմակերպությունների մասնավորեցումը պետք է տեղի ունենար աշխատակիցներին ուղղակի վաճառքի միջոցով, և կիրառվող մոտեցումն այն էր, որ մասնավորեցումը չպետք է պետական գույքի զուտ առուվաճառքի նպատակ հետապնդի:
Է. Քաղաքացիներ Սոֆիկ Գասպարյանի և Արտակ Զեյնալյանի կողմից բերված գանգատների հիման վրա Սահմանադրական Դատարանի 2006 թվականի նոյեմբերի 16-ի որոշումը Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 160 հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ
i
31. Սահմանադրական դատարանը Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունը ճանաչեց 2005 թվականի նոյեմբերի 27-ին փոփոխված Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածներին հակասող և անվավեր, քանի որ այն չի երաշխավորել իշխանությունների հավասարակշռումը, լուրջ բաց է առաջացրել իրավական ակտերի դատական վերահսկողության առումով և վտանգել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18-րդ հոդվածի առաջին պարբերությամբ նախատեսված` անձի իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության իրավունքի իրականացումը: Դրանով իսկ սահմանադրական դատարանը վճռեց, որ գոյություն է ունեցել դատական մի պրակտիկա, ըստ որի, Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասին երկրորդ պարբերությունը ներպետական դատարանների կողմից կիրառվել է մերժելու համար իրավական ակտերի, այդ թվում` նախագահի հրամանագրերի և կառավարության որոշումների օրինականությունը վիճարկող պահանջների դատական քննությունը:
ԻՐԱՎՈՒՆՔԸ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
i
32. Դիմումատուն բողոքարկել է կոնվենցիայի 6-րդ և 13-րդ հոդվածների հիմքով` նշելով, որ նա զրկված է եղել ներպետական դատարաններում որոշման օրինականությունը վիճարկելու իր իրավունքից: Դատարանը գտնում է, որ այս գանգատն էապես բարձրացրել է դատարան դիմելու իրավունքի հարցը և պետք է քննվի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի տեսանկյունից, որն էլ համապատասխանաբար նախատեսում է`
«Երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները ... յուրաքանչյուր ոք իրավունք ունի արդար ... դատաքննության ... տրիբունալի ... կողմից»
Ա. Ընդունելիությունը
ratione materiae համատեղելիությունը
33. Կառավարությունը պնդեց, որ 6-րդ հոդվածը կիրառելի չէ քննարկվող վարույթի նկատմամբ: Մասնավորապես` Կառավարությունը, լինելով Ընկերության միակ բաժնետերը և ունենալով սեփականության իրավունք, գործել է իր իրավազորությունների շրջանակում` ընդունելով որոշում, ինչով և տնօրինել է իր սեփականությունը: Դիմումատուն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ Ընկերության բաժնետոմսեր գնելու իրավունք չի ունեցել և որոշման ենթադրյալ անօրինականության հարցը չի կարող որևէ ազդեցություն ունենալ այս առումով: Հետևաբար, Ընկերության բաժնետոմսերը գնելու դիմումատուի պահանջը ներպետական օրենսդրությամբ իրավական հիմնավորում չի ունեցել, ինչից էլ բխում է, որ տվյալ գործով իրավունքի մասին վեճ առկա չէ: Բացի այդ, որոշման անվավեր ճանաչելու հետևանքը ուղղակիորեն որոշիչ նշանակություն չի ունեցել ընկերությունը գնելու դիմումատուի ենթադրյալ իրավունքի համար:
34. Դիմումատուն պնդում էր, որ 6-րդ հոդվածը կիրառելի է իր գործի նկատմամբ: Մասնավորապես` նրա գործը վերաբերում էր Կոնվենցիայի 6-րդ հոդվածի իմաստի ներքո «վեճի», քանզի նա վիճարկում էր պետական մարմնի կայացրած որոշումների և գործողությունների օրինականության հարցը: Ավելին, նման վեճը կապված Կոնվենցիայի 6-րդ հոդվածի իմաստով քաղաքացիական իրավունքին, քանի որ վիճարկվող իրավունքը ճանաչված է եղել ներպետական օրենսդրությամբ:
35. Դատարանը կրկնում է, որ իր նախադեպային իրավունքի սկզբունքներին համաձայն, նախ պետք է պարզի, թե արդյոք առկա է «վեճ» (մրցակցություն) այնպիսի իրավունքի վերաբերյալ, որն առնվազն վիճելի հիմքերով կարող է ճանաչվել ներպետական օրենսդրությամբ: Վեճը պետք է լինի իրական և լուրջ: Այն կարող է վերաբերել ոչ միայն որևէ իրավունքի փաստացի գոյությանը, այլև նրա շրջանակներին և կիրառման ձևերին: Վարույթի ելքը պետք է ուղղակիորեն որոշիչ լինի քննարկվող իրավունքի համար: Վերջապես իրավունքը պետք է լինի «քաղաքացիական» (տե՛ս Mennitto v. Italy[GC], no. 33804/96, § 23, ECHR 2000X):
36. Առաջին հերթին, դատարանը նշում է, որ դիմումատուի հայցով վարույթ է հարուցվել, որտեղ նա պնդում է, որ որոշումն ընդունվել է օրենքի խախտմամբ, մասնավորապես` իր իրավունքը` ընկերությունում բաժնետոմսեր գնելու, որը որոշմամբ վաճառվել է այլ անձի: Հետևաբար` տվյալ գործում առկա է վեճ, որն իրական և լուրջ է:
i
37. Երկրորդ, ինչ վերաբերում է այն հարցին, թե իրավունքի վերաբերյալ վեճ առկա է, թե ոչ, դատարանը նշում է, որ տվյալ գործով Կառավարությունը` որպես ընկերության սեփականատիրոջ, տնօրինել է իր սեփականությունն` այն վաճառելով երրորդ անձի: Հետևաբար, կարող է պարզվել, որ վիճարկվող որոշումն ընդունվել է իշխանության կողմից հայեցողական լիազորություններ իրականացնելիս: (տե՛ս Bozhilov v. Bulgaria (dec.), no. 41978/98, 22 նոյեմբեր 2001): Այնուամենայնիվ, Դատարանը նշում է, որ որևէ ընկերության ուղղակի վաճառքը աշխատակիցներին նախատեսված է Օրենքի 18-րդ հոդվածով` որպես պետական գույքի մասնավորեցման ձևերից մեկի (տե՛ս վերևում 29-րդ պարբերությունը): Ավելին` Օրենքի 10-րդ հոդվածը հստակորեն նախատեսել է, որ մասնավորեցված ընկերությունների աշխատակազմերի անդամները նման ընկերությունների գույքը գնելու հավասար իրավունքներ են ունեցել (տե՛ս ibid): Ելնելով վերոնշյալ իրավական դրույթներից` Դատարանը գտնում է, որ դիմումատուի պահանջն այն մասին, որ նա իրավունք ուներ գնել գույք` մասնավորապես Ընկերության բաժնետոմսեր վերջինիս մասնավորեցման ժամանակ, զուրկ չէ իրավական հիմքից և նման իրավունքը, կարելի է ասել, որ առնվազն վիճելի հիմքերով, ենթակա է ճանաչման ներպետական օրենսդրությամբ: Հետևաբար, տվյալ գործով առկա է իրավունքի վերաբերյալ վեճ:
38. Դատարանն այնուհետև նշում է, որ որոշման անօրինական և անվավեր ճանաչելու հնարավորությունը` Ընկերությունը Ա.Կ.ին վաճառելու մասով, ուղղակիորեն որոշիչ էր դիմումատուի` հետագայում ընկերության բաժնետոմսեր ձեռք բերելու իրավունքի համար: Հետևաբար, կարելի է սահմանել, որ թեև քննարկվող վարույթի նպատակը չի եղել դիմումատուի իրավունքի դադարեցումը, այնուամենայնիվ դա որոշիչ է եղել նման իրավունքի համար:
39. Վերջապես, Դատարանը նշում է, որ դիմումատուի` բաժնետոմսեր ձեռք բերելու և տնօրինելու իրավունքը, ներառում էր հստակ դրամական շահ և անկասկած համարվում էր «քաղաքացիական»:
40. Ամփոփելով` Դատարանը նշում է, որ վարույթը, որտեղ դիմումատուն փորձում էր որոշումն անվավեր ճանաչել, ընկնում է 6-րդ հոդվածի քաղաքացիական գլխի շրջանակների ներքո: Հետևաբար կառավարության առարկությունը ratione materiae-ի հետ անհամատեղելիության վերաբերյալ ենթակա է կարճման:
41. Դատարանը նշում է, որ սույն բողոքը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի (ա) ենթակետի իմաստով ակնհայտ անհիմն չէ: Դատարանն այնուհետև նշում է, որ այն անընդունելի չէ որևէ այլ հիմքով: Հետևաբար, այն պետք է հայտարարվի ընդունելի:
Բ. Գործի ըստ էության քննություն
42. Կառավարությունը պնդում էր, որ ներպետական դատարանները չեն մերժել դիմումատուի` որոշումն մասնակիորեն անվավեր ճանաչելու գանգատի քննությունը: Մասնավորապես, ըստ դիմումատուի գանգատի` քաղաքացիական վարույթ է հարուցվել, որի ընթացքում դիմումատուին հնարավորություն է տրվել վիճարկելու որոշման օրինականությունը: Ե՛վ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանի դատարանը, և՛ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը բողոքը քննել և մերժել են` այն համարելով չհիմնավորված և գտել են, որ Կառավարության որոշումն ընդունվել է օրենքի պահանջներին համապատասխան: Բացի դրանից, դիմումատուի` որոշումն անվավեր ճանաչելու վերաբերյալ պահանջն ավելի շատ վերաբերում էր դրա ենթադրյալ հակասահմանադրականությանը, քան անօրինականությանը, քանզի դիմումատուն` ի հիմնավորումն իր պահանջի, ընդհանուր իրավասության դատարանում պնդում էր, որ որոշումն ընդունվել է Կոնվենցիայի մի շարք դրույթների խախտմամբ:
43. Կառավարությունը պնդում էր նաև, որ քննարկվող ժամանակաշրջանում Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասը դեռ ուժի մեջ է եղել և հակասահմանադրական է ճանաչվել ավելի քան մեկ տարի անց, մասնավորապես` 2006 թվականի նոյեմբերի 16-ին և միայն դատական պրակտիկայի համատեքստում, ըստ որի` այդ դրույթը ներպետական դատարանների կողմից կիրառվել է Նախագահի հրամանագրերի կամ Կառավարության որոշումների օրինականության հարցը բարձրացնող պահանջների քննությունը մերժելու համար: Նշված գործում, ներպետական դատարանները կիրառել են Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասը` որոշման ենթադրյալ հակասահմանադրականության և ոչ թե անօրինականության վերաբերյալ դիմումատուի պահանջի համատեքստում: Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության` Սահմանադրական դատարանի կողմից հակասահմանադրական ճանաչվելու փաստի առկայությունը բացառում է սույն գործի քննության նպատակահարմարությունը:
44. Դիմումատուն պնդում էր, որ ներպետական դատարաններում զրկված է եղել որոշման օրինականությունը վիճարկելու իրավունքից: Թեև ներպետական դատարանները վարույթ են ընդունել դիմումատուի պահանջը, սակայն որոշել են դադարեցնել վարույթը, հետևաբար, ըստ էության այն չեն քննել: Ներպետական օրենսդրությամբ չի եղել որևէ դատական մարմին, որտեղից նա կարող էր փոխհատուցում ստանալ: Հետևաբար, նա զրկված է եղել դատարան դիմելու իր իրավունքից, որը երաշխավորված է 6-րդ հոդվածով:
45. Դատարանը կրկնում է, որ դատարան դիմելու իրավունքը, որի մաս է կազմում բողոքարկման իրավունքը, բացարձակ չէ և կարող է սահմանափակումների ենթարկվել` պետական կարգավորման տեսքով: Այս առումով պետությունն ունի որոշակի գնահատողական թույլատրելի հայեցողություն: Այնուամենայնիվ, կիրառված սահմանափակումները չպետք է սահմանափակեն անձին տրված բողոքարկման հնարավորությունը նմանատիպ ձևով կամ այնպիսի չափով, որը կվնասի իրավունքի բուն էությունը: Բացի այդ, սահմանափակումը չի համապատասխանի հոդված 6-ին, եթե այն չի հետապնդում իրավաչափ նպատակ և եթե առկա չէ համաչափության ողջամիտ հարաբերություն օգտագործվող միջոցների և այն նպատակի միջև, որը պետք է իրականացվի (տե՛ս among other authorities, Tolstoy Miloslavsky v. the United Kingdom, 13 July 1995, § 59, Series A no. 316 B; Papon v. France, no. 54210/00, § 90, ECHR 2002-VII; and Boyajyan v. Armenia, no. 38003/04, § 42, 22 March 2011).
i
46. Անդրադառնալով սույն գործի հանգամանքներին` Դատարանը նշում է, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, քննարկվող ժամանակահատվածում անհատներն իրավունք են ունեցել պետական մարմինների անօրինական գործողություններն անվավեր ճանաչելու (տե՛ս վերևում Քաղաքացիական օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասը և Քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախկին 159-րդ հոդվածը, 26-րդ և 27-րդ պարբերություններ): Այնուամենայնիվ, Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասին 2-րդ պարբերությամբ, որը դիմումատուի գործով կիրառվել է ներպետական դատարանների կողմից, ամբողջությամբ սահմանափակվել է դիմումատուի հնարավորությունը` իրականացնելու գործադիր իշխանության կայացրած որոշման, մասնավորապես` որոշման դեմ դատական պաշտպանության իրավունքը` անկախ այն հանգամանքից, որոշման ենթադրյալ հակաօրինականությունը կամ հակասահմանադրականությունը վկայակոչվել է թե ոչ: Կառավարությունը պնդում էր, որ ներպետական դատարանները չեն մերժել քննել դիմումատուի` որոշումն անվավեր ճանաչելու վերաբերյալ պահանջը, և այն, որ դիմումատուի պահանջն ավելի շատ վերաբերում էր որոշման հակասահմանադրականությանը, քան նրա հակաօրինականությանը: Այս առումով, Դատարանը նշում է, որ դիմումատուի` որոշումն անվավեր ճանաչելու մասին պահանջը վճռաբեկ դատարանի կողմից 2005 թվականի սեպտեմբերի 9-ին թողնվել է առանց քննության (տե՛ս վերևում` § 22): Հետևաբար, Կառավարության այն պնդումը, որ ներպետական դատարանները քննել են պահանջը չի բխում գործի փաստական հանգամանքներից:
i
47. Նմանապես, ինչպես երևում է գործի նյութերից, դիմումատուն, ի հիմնավորումն որոշումն անվավեր ճանաչելու մասին իր պահանջի, հաստատում էր, որ որոշումն ընդունվել է օրենքի պահանջների խախտմամբ, մասնավորապես` «Իրավական ակտերի մասին» օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ, 38-րդ հոդվածի 2-րդ և 68-րդ հոդվածի 4-րդ և 7-րդ մասերի, Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Սահմանադրության 1-ին, 5-րդ և 8-րդ հոդվածների (տե՛ս վերևում` § 14): Հետևաբար, կառավարության այն պնդումը, որ դիմումատուի պահանջն ավելի շատ վերաբերել է որոշման հակասահմանադրականությանը, քան դրա հակաօրինականությանը գործի փաստական հանգամանքների վրա ևս հիմնված չէ: Այս առումով Դատարանը նշում է, որ ներպետական դատարանները չեն մատնանշել, թե արդյոք Քաղաքացիական օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը և Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունը կիրառվել են դիմումատուի պահանջի նկատմամբ միայն այն մասով, որը վերաբերում է որոշման ենթադրյալ հակասահմանադրականությանը և եթե դա այդպես է, որոնք էին որոշման հակաօրինականության վերաբերյալ մասը առանց քննության թողնելու պատճառները: Հետևաբար, կարելի է եզրակացնել, որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունը դիմումատուի պահանջի նկատմամբ կիրառվել է ամբողջությամբ: Այս առումով, Դատարանը հաշվի է անում այն հանգամանքը, որ ինչպես Սահմանադրական դատարանն իր 2006 թվականի նոյեմբերի 16-ի որոշման մեջ նշել է, գոյություն է ունեցել դատական մի պրակտիկա, համաձայն որի Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունը ներպետական դատարանների կողմից կիրառվել է Նախագահի կամ Կառավարության կայացրած որոշման օրինականությունը վիճարկող պահանջները մերժելու համար (տե՛ս վերևում` § 31): Վերջապես, քանի դեռ Սահմանադրական դատարանի որոշումը վերաբերելի է, Դատարանը նշում է, որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 1 մասի երկրորդ պարբերությունը անհամատեղելի է Սահմանադրության` անձանց իրավունքների և ազատությունների դատական պաշտպանությունը երաշխավորող դրույթների հետ, և ճանաչում է անվավեր:
48. Ելնելով վերոգրյալից` Դատարանը գտնում է, որ ներպետական դատարանները, կիրառելով նման չհիմնավորված սահմանափակում դիմումատուի` գործադիր իշխանության կայացրած ենթադրյալ անօրինական գործողության դեմ դատական պաշտպանության իրավունքի նկատմամբ, խախտել է դիմումատուի դատարան դիմելու իրավունքի բուն էությունը:
i
49. Համապատասխանաբար, խախտվել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը:
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԱՅԼ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ
50. Դիմումատուն նաև բողոքել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի մասով` այն մասին, որ ներպետական դատարանները չեն քննել իր միջնորդությունները, իսկ Կառավարությունը չի կատարել Վերաքննիչ դատարանի հանձնարարությունը` տրամադրել փաստաթղթերի վավերացված պատճենները: Այնուհետև նա բողոքել է թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի մասով` Ընկերության բաժնետոմսեր գնելու անհնարինության վերաբերյալ:
i
51. Իր տրամադրության տակ գտնվող բոլոր նյութերի լույսի ներքո և այնքանով, որքանով այդ բողոքները գտնվում են իր դատազորության ներքո` Դատարանը գտնվում է, որ դրանցով չի բացահայտվում Կոնվենցիայով սահմանված իրավունքների և ազատությունների առերևույթ խախտման որևէ դեպք: Այսպիսով հետևում է, որ գանգատի այս մասը պետք է մերժվի ակնհայտ անհիմն լինելու պատճառով` համաձայն Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի:
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
i
52. Կոնվենցիայի 41-րդ հոդվածը սահմանում է.
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»:
Ա. Վնաս
53. Դիմումատուն պահանջել է 165,000 եվրո` ինչպես նյութական, այնպես էլ ոչ նյութական վնասի համար:
54. Կառավարությունն առարկել է այս պահանջը:
55. Դատարանը որևէ պատճառահետևանքային կապ չի տեսնում ենթադրյալ խախտման և նյութական վնասի միջև, հետևաբար, մերժում է պահանջը: Միևնույն ժամանակ, դատարանը գտնում է, որ դիմումատուն կրել է ոչ նյութական վնաս` ներպետական դատարաններում որոշման օրինականությունը վիճարկելու անհնարինության հետևանքով: Առաջնորդվելով արդարացիության սկզբունքով` ոչ նյութական վնասի համար Դատարանը դիմումատուին հատկացնում է 3,600 եվրո գումար:
Բ. Ծախսեր և ծախքեր
56. Դիմումատուն այս գլխի ներքո որևէ պահանջ չի ներկայացրել:
Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույք
57. Դատարանը պատշաճ է համարում, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնվի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած փոխառության առավելագույն տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոսային կետ:
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ
1. Հայտարարում է դատարան դիմելու իրավունքի ենթադրյալ խախտման վերաբերյալ բողոքը ընդունելի, իսկ գանգատի մնացած մասը անընդունելի:
2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում` դատարան դիմելու իրավունքի առումով:
3. Վճռում է, որ`
i
(ա) Պատասխանող պետությունը, վճիռը կոնվենցիայի 44 հոդվածի 2-րդ կետի համաձայն ուժի մեջ մտնելուց հետո, երեք ամսվա ընթացքում, դիմումատուին պետք է վճարի 3, 600 եվրո (երեք հազար վեց հարյուր եվրո)` ավելացրած ոչ դրամական վնասի նկատմամբ վճարման ենթակա հարկերը, որը պետք է փոխարկվի պատասխանող պետության արժույթի` վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով:
(բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո մինչև վճարման օրը պետք է վճարվի վերը նշված գումարի պարզ տոկոս` պարտավորությունների չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած փոխառության առավելագույն տոկոսադրույքի չափով` գումարած երեք տոկոսային կետ:
4. Մերժում է դիմումատուի արդարացի փոխհատուցման պահանջի մնացյալ մասը:
Կատարված է անգլերենով և գրավոր կերպով ծանուցվել է 2013 թվականի փետրվարի 19-ին` համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի:
Santiago Quesada Քարտուղար |
Josep Casadevall Նախագահ |