i
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ` ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՎԹԱՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՊԵՐԱՏԻՎ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԵՎ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԵՎ ՌԱԴԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Ռուսաստանի Դաշնության Կառավարությունը, այսուհետ` Կողմեր,
հիմք ընդունելով 1986 թվականի սեպտեմբերի 26-ի` միջուկային վթարի վերաբերյալ օպերատիվ իրազեկման մասին կոնվենցիան,
առաջնորդվելով 1986 թվականի սեպտեմբերի 26-ի` միջուկային վթարի կամ ճառագայթային վթարային իրավիճակների դեպքում օգնության մասին կոնվենցիայի սկզբունքներով,
i
հիմք ընդունելով 1994 թվականի հունիսի 17-ի` միջուկային անվտանգության մասին կոնվենցիան,
i
ղեկավարվելով 1992 թվականի հունիսի 26-ի` ատոմային էներգիան խաղաղ նպատակներով օգտագործելու բնագավառում համագործակցության հիմնական սկզբունքների մասին համաձայնագրով, 2000 թվականի սեպտեմբերի 25-ի` Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ռուսաստանի Դաշնության Կառավարության միջև` ատոմային էներգիան խաղաղ նպատակներով օգտագործելու բնագավառում համագործակցության վերաբերյալ համաձայնագրով, 2010 թվականի օգոստոսի 20-ի` Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ռուսաստանի Դաշնության Կառավարության միջև` Հայաստանի Հանրապետության տարածքում ատոմային կայանի նոր էներգաբլոկների կառուցման հարցում համագործակցության մասին համաձայնագրով, 2014 թվականի դեկտեմբերի 20-ի` Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ռուսաստանի Դաշնության Կառավարության միջև` հայկական ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցում համագործակցության մասին համաձայնագրով,
i
հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը հանդիսանում են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անդամներ և 1979 թվականի հոկտեմբերի 26-ի` միջուկային նյութի ֆիզիկական պաշտպանության մասին կոնվենցիայի անդամներ,
հաշվի առնելով, որ 2013 թվականի դեկտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ռուսաստանի Դաշնության Կառավարության միջև ստորագրվել է միջուկային անվտանգության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր,
ընդունելով ատոմային էներգիայի օգտագործման ժամանակ անվտանգության նպատակների առաջնայնությունը յուրաքանչյուր մարդու և, ընդհանուր առմամբ, հասարակության շահերում,
ձգտելով միջուկային և ճառագայթային անվտանգության բնագավառում միջազգային համագործակցության հետագա ամրապնդման,
առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ձգտումով` զարգացնել և խորացնել գործընկերային հարաբերությունները միջուկային և ճառագայթային անվտանգության բնագավառում` ի շահ երկու երկրների ժողովուրդների,
նպատակ ունենալով սահմանելու Կողմերի պետությունների տարածքներում միջուկային վթարների և պատահարների մասին օպերատիվ իրազեկման անհրաժեշտ տեղեկատվության և փորձի փոխանակման սկզբունքները` հաշվի առնելով ռադիոակտիվ նյութերի հնարավոր միջսահմանային արտանետումը,
նշելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Գլխավոր համաժողովի 55-րդ նստաշրջանում ընդունված` միջուկային անվտանգության հարցերով գործողությունների Պլանի իրագործման արդիականությունը,
համաձայնեցին ներքոնշյալի վերաբերյալ.
Հոդված 1
Սույն Համաձայնագիրը սահմանում է 1986 թվականի սեպտեմբերի 26-ի` միջուկային վթարի վերաբերյալ օպերատիվ իրազեկման մասին կոնվենցիայի 1-ին և 3-րդ հոդվածներում սահմանված տեղակայանքների կամ գործունեության հետ կապված միջուկային վթարի առաջացման դեպքում Կողմերի միջև համագործակցության, ինչպես նաև միջուկային և ճառագայթային անվտանգության վիճակի մասին տեղեկատվության փոխանակման պայմանները:
Սույն Համաձայնագիրը, միջուկային և ճառագայթային անվտանգության վիճակի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման մասով, տարածվում է ատոմային էներգիան խաղաղ նպատակներով օգտագործելու բնագավառում այն տեղակայանքների և գործունեության տեսակների վրա, որոնք նշված են 1986 թվականի սեպտեմբերի 26-ի` միջուկային վթարի վերաբերյալ օպերատիվ իրազեկման մասին կոնվենցիայի 1-ին հոդվածում:
Հոդված 2
Կողմերից մեկի պետության տարածքի տեղակայանքում կամ ատոմային էներգիան խաղաղ նպատակներով օգտագործման բնագավառում գործունեություն իրականացնելիս միջուկային վթարի դեպքում, որը հանգեցրել է կամ կարող է հանգեցնել ռադիոակտիվ նյութերի միջսահմանային արտանետման մյուս Կողմի պետության տարածք, այն Կողմը, որի պետության տարածքում տեղի է ունեցել այդպիսի միջուկային վթար, այդ մասին անհապաղ հայտնում է մյուս Կողմին և նրան է փոխանցում ունեցած ամբողջ տեղեկատվությունը այդ միջուկային վթարի մասին` 1986 թվականի սեպտեմբերի 26-ի` միջուկային վթարի վերաբերյալ օպերատիվ իրազեկման մասին կոնվենցիայի 5-րդ հոդվածին համապատասխան` ճառագայթային հետևանքները նվազագույնի հասցնելու նպատակով:
Հոդված 3
Եթե Կողմ պետություններից մեկի ճառագայթային հսկողության համակարգը գրանցում է ռադիացիոն անվտանգության նորմերի համեմատությամբ ճառագայթային վիճակի վատթարացման փաստ, և այդ փոփոխությունները կապված չեն միջուկային տեղակայանքի կամ այդ Կողմի պետության տարածքում գործունեության հետ, ապա այդ Կողմն այդ մասին անհապաղ տեղեկացնում է մյուս Կողմին և նրան տեղեկացնում է իրավիճակի հետագա զարգացման մասին:
Հոդված 4
1. Կողմերը իրենց իրավասու մարմինների միջոցով ամեն տարի (եթե չկա օպերատիվ անհրաժեշտություն կամ Կողմերի այլ պայմանավորվածություն), փոխանակում են միջուկային և ռադիացիոն անվտանգության մասին տեղեկություն, ինչպես սահմանված է սույն Համաձայնագրի 1-ին հոդվածով:
2. Կողմերն իրենց իրավասու մարմինների միջոցով որոշում են փոխանցվող տեղեկատվության ծավալը և այն տեղակայանքների ցանկը, որոնք նշված են սույն Համաձայնագրի 1-ին հոդվածում:
Հոդված 5
1. Սույն Համաձայնագրի իրականացման շրջանակներում Կողմերը չեն իրականացնում այնպիսի տեղեկատվության փոխանցում, որի փոխանցումն արգելված է Կողմերից յուրաքանչյուրի պետության օրենսդրությամբ, կամ որի փոխանցումը չի համապատասխանում միջազգային այն պայմանագրերին, որոնց մասնակից են Կողմերի պետությունները:
2. Տեղեկատվությունը, որը փոխանցվում է սույն Համաձայնագրի շրջանակներում կամ ստեղծվում է դրա իրականացման արդյունքում և Կողմերի կողմից դիտարկվում է որպես գաղտնիության պահպանում պահանջող տեղեկատվություն, հստակ որոշվում և նշվում է որպես այդպիսին:
Այնպիսի տեղեկատվություն պարունակող փաստաթղթերը, որոնք Հայկական կողմը դիտարկում է որպես ծառայողական գաղտնիք համարվող տեղեկատվություն, պետք է ունենան «Ծառայողական գաղտնիք» նշումը:
Այնպիսի տեղեկատվություն պարունակող փաստաթղթերը, որոնք Ռուսական կողմը դիտարկում է որպես սահմանափակ տարածման ծառայողական տեղեկատվություն, պետք է ունենան «Ծառայողական օգտագործման համար» նշումը:
Կողմերն առավելագույնս սահմանափակում են այն մարդկանց շրջանակը, որոնց համար հասանելի է այդպիսի տեղեկատվությունը, և ապահովում են դրա օգտագործումը միայն սույն Համաձայնագրով նախատեսված նպատակներով:
Այդպիսի տեղեկատվությանը Հայաստանի Հանրապետությունում վերաբերվում են որպես ծառայողական գաղտնիք համարվող տեղեկատվության, Ռուսաստանի Դաշնությունում` որպես սահմանափակ տարածման ծառայողական տեղեկատվության:
Այդպիսի տեղեկատվությունն ապահովվում է Կողմերից յուրաքանչյուրի պետության օրենսդրությանը համապատասխան պաշտպանությամբ:
Ամբողջ տեղեկատվությունը, որը փոխանցվում է սույն Համաձայնագրի շրջանակներում կամ ստեղծվում է դրա իրականացման արդյունքում, չի հրապարակվում և չի փոխանցվում երրորդ կողմի` առանց Կողմերի նախնական գրավոր համաձայնության:
3. Այդպիսի տեղեկատվության փոխանցման կարգը որոշվում է Կողմերի կողմից, յուրաքանչյուր առանձին դեպքի համար` Կողմերից յուրաքանչյուրի պետության օրենսդրությանը համապատասխան:
Հոդված 6
1. Սույն Համաձայնագրի շրջանակներում տեղեկատվության փոխանակումն իրականացվում է անվճար հիմունքներով:
2. Այն Կողմը, որն ստացել է տեղեկատվություն մյուս Կողմից` սույն հոդվածին համապատասխան, իրավունք ունի հայցելու լրացուցիչ պարզաբանումներ:
Հոդված 7
1. Կողմերի` սույն Համաձայնագրի կատարման համար պատասխանատու իրավասու մարմիններն են.
Հայկական կողմից` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը և Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն,
Ռուսական կողմից` «Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորացիան:
Իրավասու մարմինների, դրանց անվանումների կամ գործառույթների փոփոխության դեպքում Կողմերը նման փոփոխության մասին միմյանց տեղեկացնում են գրավոր, դիվանագիտական ուղիներով:
2. Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո Կողմերի իրավասու մարմինները համատեղ կմշակեն և կհաստատեն սույն Համաձայնագրի 2-րդ, 3-րդ և 4-րդ հոդվածներով նախատեսված պարտավորությունների կատարման գործնական միջոցառումները, այդ թվում`
1986 թվականի սեպտեմբերի 26-ի` Միջուկային վթարի վերաբերյալ օպերատիվ իրազեկման մասին կոնվենցիայից բխող` Կողմերի պետությունների պարտավորությունների իրականացման գծով կապի կետերի ռեկվիզիտների ցանկը,
տեղեկատվության փոխանցման ընթացակարգը, ձևերը, ինչպես նաև կապուղիների ստուգման կանոնակարգերը:
3. Կողմերի իրավասու մարմինների ներկայացուցիչները, ըստ անհրաժեշտության, բայց առնվազն տարին մեկ անգամ, անցկացնում են հանդիպումներ սույն Համաձայնագրի շրջանակներում համագործակցության հարցերի քննարկման համար:
Հոդված 8
Սույն Համաձայնագիրը չի շոշափում Կողմերից յուրաքանչյուրի` այլ միջազգային պայմանագրերից բխող իրավունքներն ու պարտականությունները, որոնց մասնակիցներն են Կողմերի պետությունները:
Հոդված 9
Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել լրացումներ կամ փոփոխություններ` համապատասխան արձանագրություններ կնքելու միջոցով, որոնք ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու կարգով:
Հոդված 10
Սույն Համաձայնագրի դրույթների կիրառման և (կամ) մեկնաբանման հետ կապված վիճելի հարցերը լուծվում են Կողմերի իրավասու մարմինների միջև` խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:
Հոդված 11
Սույն Համաձայնագրի իրագործման հետ կապված ցանկացած տեղեկատվության փոխանակման նպատակների համար օգտագործվում է ռուսերենը:
Հոդված 12
1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին գրավոր ծանուցումը Կողմերի կողմից դիվանագիտական ուղիներով ստացման ամսաթվից:
2. Սույն Համաձայնագիրն անժամկետ է:
3. Կողմերից յուրաքանչյուրը կարող է դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը այդ մասին մյուս Կողմին դիվանագիտական ուղիներով գրավոր ծանուցում ուղարկելու միջոցով: Այդ դեպքում սույն Համաձայնագրի գործողությունը դադարում է վեց ամիս հետո` հաշված այդպիսի ծանուցման ստացման ամսաթվից:
4. Սույն Համաձայնագրի գործողության դադարեցումը չի ազդում Կողմերի այն իրավունքների և պարտավորությունների վրա, որոնք առաջացել են սույն Համաձայնագրի իրականացման արդյունքում` մինչև դրա դադարեցումը, եթե Կողմերը չունեն այլ պայմանավորվածություն:
Կատարված է Երևան քաղաքում, 2015 թվականի հոկտեմբերի 7-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և ռուսերեն. ընդ որում` երկու տեքստերն էլ համազոր են:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2015թ. նոյեմբերի 24-ին