010.0003.210314
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2014 թվականի մարտի 11-ին
«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 20-ի ՀՕ-308 օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 103.1-ին հոդվածով.
«ՀՈԴՎԱԾ 103.1. ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՎ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ
1. Գլխավոր դատախազը յուրաքանչյուր տարի` մինչև ապրիլի 1-ը, Հանրապետության Նախագահին և Ազգային ժողով է ներկայացնում հաղորդում Հայաստանի Հանրապետության դատախազության նախորդ տարվա գործունեության մասին:
2. Ազգային ժողովի նախագահը հաղորդումը ստանալուց հետո` երկօրյա ժամկետում, այն դնում է շրջանառության մեջ և մեկամսյա ժամկետում ընդգրկում Ազգային ժողովի չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում:
3. Հաղորդումը քննարկվում է Ազգային ժողովի նիստում սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով հետևյալ տարբերությամբ.
1) մինչև 1 ժամ տևողությամբ զեկուցմամբ հանդես է գալիս Գլխավոր դատախազը.
2) հարակից զեկուցումներ չեն լինում.
3) հաղորդման քննարկումն ավարտվում է Գլխավոր դատախազի եզրափակիչ ելույթով` առանց որևէ փաստաթուղթ ընդունելու:»:
ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
21 մարտի 2014 թվականի
ՀՕ-3-Ն