ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
ՈՐՈՇՈՒՄ
11 սեպտեմբերի 2012 թվականի N 504-Ն
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏՈՆԱՎԱՃԱՌՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 27-րդ կետով, «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով`
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Երևան քաղաքում տոնավաճառ կազմակերպելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված
Երևան քաղաքի ավագանու
2012 թվականի սեպտեմբերի 11-ի
N 504-Ն որոշման
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏՈՆԱՎԱՃԱՌ (ՎԵՐՆԻՍԱԺ) ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԿԱՐԳ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Երևան քաղաքում տոնավաճառ (վերնիսաժ) կազմակերպում է Երևանի քաղաքապետարանը` քաղաքապետի որոշմամբ` շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված տոնական օրերին:
2. Երևանում կազմակերպվում են սեզոնային, տոնական, մասնագիտացված, գյուղատնտեսական, ունիվերսալ և այլ տեսակի տոնավաճառներ:
II. ՏՈՆԱՎԱՃԱՌԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ
3. Տոնավաճառ կազմակերպելու մասին որոշմամբ սահմանվում են.
i
ա) տոնավաճառի տեսակը, գտնվելու հասցեն,
բ) սկսելու և ավարտելու օրերը, աշխատանքի ժամերը,
գ) տոնավաճառին մասնակցելու համար դիմելու ժամկետները,
դ) տոնավաճառին մասնակցելու թույլտվության ձևը.
ե) տոնավաճառի կազմակերպման համար անհրաժեշտ միջոցառումներն ու դրանց իրականացման պատասխանատուները:
(3-րդ կետը փոփ. 30.04.14 թիվ 155-Ն որոշում)
4. Տոնավաճառ անցկացնելու մասին Երևանի քաղաքապետի որոշման վերաբերյալ հայտարարությունը տեղադրվում է Երևանի քաղաքապետարանի կայքում տոնավաճառ կազմակերպելու օրվանից առնվազն 15 օր առաջ, ինչպես նաև փակցվում վարչական շրջաններում և ուղարկվում ՀՀ մարզպետարաններ:
5. Տոնավաճառ կազմակերպելու մասին Երևանի քաղաքապետի որոշման վերաբերյալ դրա անցկացումից առնվազն մեկ շաբաթ առաջ գրավոր տեղեկացվում են ՀՀ ոստիկանությունը, ՀՀ պետեկամուտների կոմիտեն, ՀՀ պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, իսկ կախված տոնավաճառի բնույթից, նաև այլ պետական կառավարման մարմինները:
6. Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` կազմակերպիչ) կողմից տոնավաճառի մուտքի (մուտքերի) մոտ (բացօթյա տոնավաճառի դեպքում` այն մասերում, որտեղից որպես կանոն սպասվում է այցելուների առավելագույն հոսք) փակցվում է ցուցանակ` տոնավաճառի անվանման և անցկացման օրերի, ժամերի, կազմակերպչի հեռախոսահամարների վերաբերյալ:
7. Կազմակերպիչը ապահովում է տարածքում աղբամանների առկայությունը, իսկ օրվա ավարտին` աղբահանության կազմակերպումը, ինչպես նաև ժամանակավոր զուգարանների տեղադրումն ու աշխատանքը, եթե հարակից տարածքում հանրային զուգարաններ չկան:
8. Կազմակերպիչն ապահովում է իր ներկայացուցչի մասնակցությունը տոնավաճառի գործունեության ամբողջ ընթացքում: Կազմակերպչի ներկայացուցիչը`
ա) ըստ կազմակերպչի կողմից տրված թույլտվությունների կամ ներկայացված հայտերի հիման վրա կազմված ցուցակների գրանցում է տոնավաճառի մասնակիցներին,
բ) կատարում է մեքենաների, վաճառակետերի բաշխումը մասնակիցների միջև, նրանց կողմից,
գ) հետևում է տարածքի մաքրման աշխատանքներին,
դ) կատարում է օրենքով, սույն կարգով և տոնավաճառ կազմակերպելու մասին Երևանի քաղաքապետի որոշմամբ նախատեսված այլ գործողություններ,
ե) համագործակցում է տարածքի անվտանգությունը և հասարակական կարգը պահպանող մարմինների հետ:
III. ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԵՎ ՏՈՆԱՎԱՃԱՌԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ
9. Երևան քաղաքում կազմակերպված տոնավաճառում մասնակցելու համար անհրաժեշտ է առնվազն 3 օր առաջ դիմում ներկայացնել Երևանի քաղաքապետարան:
i
10. Դիմումին կից ներկայացվում են տվյալներ վաճառվող ապրանքի տեսակի մասին, ինչպես նաև`
ա) ֆիզիկական անձանց համար` անձնագրի պատճենը,
բ) անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների համար` պետական գրանցման վկայականի պատճենը:
(10-րդ կետը փոփ. 30.04.14 թիվ 155-Ն որոշում)
i
11. Դիմումատուին անվճար տրամադրվում է տոնավաճառի մասնակցի թույլտվություն, որի ձևը սահմանվում է քաղաքապետի որոշմամբ:
(11-րդ կետը փոփ. 30.04.14 թիվ 155-Ն որոշում)
i
12. Տոնավաճառին մասնակցելու համար անհատ ձեռնարկատերերը, կազմակերպությունները և ֆիզիկական անձինք Երևանի քաղաքապետարան կարող են դիմել նաև էլ. փոստի միջոցով և հեռախոսակապով: Հեռախոսով տոնավաճառին մասնակցելու հայտ ներկայացրած սույն կետում նշված անձինք, ընդգրկվում են համապատասխան ցուցակներում, որոնք տրամադրվում են կազմակերպչի ներկայացուցչին:
(12-րդ կետը փոփ. 30.04.14 թիվ 155-Ն որոշում)
i
13. Անհրաժեշտ փաստաթղթերը չներկայացնելու կամ թերի ներկայացնելու դեպքում, ինչպես նաև, եթե դիմումին կից նշված ապրանքի տեսակի մասին տվյալները չեն համապատասխանում նախատեսված տոնավաճառի տեսակի հետ թույլտվություն չի տրամադրվում:
(13-րդ կետը փոփ. 30.04.14 թիվ 155-Ն որոշում)
14. Թույլտվություն ստացած անձինք տոնավաճառին մասնակցելու համար ներկայանում են տոնավաճառը սկսելուց առնվազն 2 ժամ առաջ, գրանցվում և ստանում իրենց վաճառատեղերը:
15. Գրանցվելուց մասնակիցը պետք է իր մոտ ունենա քաղաքապետարանի տրված թույլտվությունը անձնագրի/պետական գրանցման վկայականի պատճենները, իսկ կազմակերպությունների ապրանքը վաճառողները` նաև լիազորագիր:
16. ՀՀ իրավական ակտերի և սույն կարգի խախտման դեպքում մասնակցին կարող է արգելվել մասնակցել տոնավաճառին:
IV. ՄԱՍՆԱԿՑԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
17. Տոնավաճառի մասնակիցը մասնակցության իրավունքը չի կարող փոխանցել այլ անձի:
18. Տոնավաճառի մասնակիցը` վաճառքի վայրում` չի կարող փոփոխություն կատարել (փոխել սեղանների դասավորվածությունը և այլն) առանց կազմակերպչի թույլտվության:
19. Մասնակիցը պարտավոր է տոնավաճառը ավարտվելուց հետո մաքրել իրեն հատկացված վաճառատեղը, աղբը և մնացած ապրանքը հանել ու տարածքը բերել նախկին տեսքի:
20. (20-րդ կետն ուժը կորցրել է 30.04.14 թիվ 155-Ն որոշում)
i
21. Վաճառողը առևտուրն իրականացնում է ՀՀ իրավական ակտերի և սույն կարգի հիման վրա: