010.0141.291010
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2010 թվականի հոկտեմբերի 5-ին
«ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 22-ի ՀՕ-137-Ն օրենքի 2.1-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՀՈԴՎԱԾ 2.1. Դատավորի պաշտոնում 10 և ավելի տարի աշխատած և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 5-րդ կետերով, ինչպես նաև 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերով պաշտոնից ազատված անձի` «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նշանակված տարիքային կենսաթոշակի (այսուհետ` պետական կենսաթոշակ) նկատմամբ սահմանվում է ամենամսյա հավելավճար (այսուհետ` հավելավճար) նրա` վերջին 1 տարվա ընթացքում որպես դատավոր զբաղեցրած պաշտոնի համար ստացած միջին աշխատավարձի 55 տոկոսի և պետական կենսաթոշակի տարբերության չափով:
Միջին աշխատավարձը հաշվարկելու, հավելավճարը հաշվարկելու, նշանակելու և վճարելու, ինչպես նաև ստաժը հաշվարկելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Պետական կենսաթոշակի և հավելավճարի հանրագումարի չափը չի կարող գերազանցել որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնի համար Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված պաշտոնային դրույքաչափի 100 տոկոսը:
Հավելավճարի չափը վերահաշվարկվում է`
1) պետական կենսաթոշակի չափը վերահաշվարկելու դեպքում.
2) որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնի համար Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված պաշտոնային դրույքաչափը բարձրացնելու դեպքում:
Սույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով սահմանված դեպքում հավելավճարի չափը վերահաշվարկվում է դրույքաչափի բարձրացմանը համամասնորեն: Հավելավճարի չափը վերահաշվարկելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին դատավորի պետական կենսաթոշակի նկատմամբ սահմանված հավելավճարը վերահաշվարկվում և վճարվում է «Դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Եթե դատավորին մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը նշանակված պետական կենսաթոշակի և դրա նկատմամբ սահմանված հավելավճարի հանրագումարի չափը բարձր է «Դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված չափից, ապա այն շարունակվում է վճարվել նախկին չափով:
Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը դատավորին նշանակված պետական կենսաթոշակի և հավելավճարի հանրագումարը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վերահաշվարկելու դեպքում չի կարող բարձր լինել «Դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված չափից:
Նախկին գերագույն դատարանի անդամ դատավորների հավելավճարը հաշվարկելիս (վերահաշվարկելիս) հիմք են ընդունվում Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորների համար գործող պաշտոնային դրույքաչափերը:
Նախկին պետական արբիտրաժի պետական արբիտրների հավելավճարը հաշվարկելիս (վերահաշվարկելիս) հիմք են ընդունվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական վերաքննիչ դատարանի դատավորների համար գործող պաշտոնային դրույքաչափերը:
Նախկին ժողովրդական դատավորների հավելավճարը հաշվարկելիս (վերահաշվարկելիս) հիմք են ընդունվում Հայաստանի Հանրապետության ընդհանուր իրավասության դատարանի դատավորների համար գործող պաշտոնային դրույքաչափերը:
ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
29 հոկտեմբերի 2010 թվականի
ՀՕ-141-Ն