040.0104.090209
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
5 փետրվարի 2009 թվականի N 104-Ն
i
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 12-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական կադաստրի վարման կարգը` համաձայն հավելվածի:
i
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`
1) եռամսյա ժամկետում հաստատել պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական կադաստրի գրանցամատյանի ձևը և դրա վարման կարգը.
2) 2015 թվականի հունիսի 3-րդ տասնօրյակում հաստատել հուշարձանների պետական կադաստրի ներդրումն ապահովող` տվյալների շտեմարանի կառուցվածքը, հուշարձանների դասակարգիչները (ըստ նպատակային ու գործառնական նշանակության, ստեղծման (կառուցման) ժամանակաշրջանի, տեխնիկական վիճակի) և դիտանցման չափորոշիչները:
(2-րդ կետը փոփ. 11.04.13 թիվ 363-Ն որոշում)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2009 թվականի փետրվարի 5-ի
N 104-Ն որոշման
ԿԱՐԳ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների (այսուհետ` հուշարձաններ) պահպանության և օգտագործման բնագավառի (այսուհետ` հուշարձանների բնագավառ) պետական կադաստրի վարման, հուշարձանների հայտնաբերման, ուսումնասիրման, հաշվառման փաստաթղթերի ստեղծման գործառույթների իրականացման կարգը:
2. Սույն կարգի դրույթները վերաբերում են պետական հաշվառման վերցված (Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված) հուշարձաններին, ինչպես նաև այլ պետությունների տարածքներում գտնվող հայկական հուշարձաններին, որոնց վերաբերյալ տեղեկություններն ստացվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:
3. Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական կադաստրը (այսուհետ` հուշարձանների պետական կադաստր) Հայաստանի Հանրապետության պետական միասնական կադաստրային համակարգի բաղկացուցիչ մասն է, որի հիմքն անշարժ գույքի պետական կադաստրն է:
i
4. Հուշարձանների պետական կադաստրը տեղեկությունների համակարգ է, որը պարունակում է սույն կարգի 13-րդ կետով սահմանված` հուշարձանների պետական հաշվառման փաստաթղթերում ներառված տեղեկությունները:
(4-րդ կետը փոփ. 11.04.13 թիվ 363-Ն որոշում)
II. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՆՊԱՏԱԿԸ, ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ
5. Հուշարձանների պետական կադաստրի հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող հուշարձանների և այլ պետությունների տարածքներում գտնվող հայկական հուշարձանների` պատմական բնակավայրերի, հուշարձանախմբերի (պահպանական միավորների), առանձին հուշարձանների, դրանց մասը կազմող ինքնուրույն տարրերի, դրանց զբաղեցրած տարածքների պահպանական գոտիների հաշվառումը, գրանցումը, գնահատումը, դիտանցումների (մոնիթորինգ) իրականացումն է և, անհրաժեշտության դեպքում, դրանց վերաբերյալ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, իրավաբանական ու ֆիզիկական անձանց հավաստի, մատչելի և օպերատիվ տեղեկության տրամադրումն է:
6. Հուշարձանների պետական կադաստրի վարման հիմնական սկզբունքներն են`
i
1) Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող հուշարձանների, ինչպես նաև այլ պետությունների տարածքներում գտնվող հայկական հուշարձանների վերաբերյալ տվյալների ամբողջական հավաքագրումը, հաշվառումը, դասակարգումը (ըստ սեփականության ձևերի, նշանակության, տիպերի և այլն) և տրամադրումը.
2) հուշարձանների պետական կադաստրի և պետական այլ կադաստրների ու տեղեկատվական համակարգերի հետ համատեղելի ծրագրային ու տեխնիկական ապահովման միջոցների օգտագործումը.
3) կադաստրային միասնական դասակարգիչների ու ծածկագրման համակարգերի կիրառումը.
4) տվյալների շտեմարանի գրաֆիկական ու տեքստային մասերի պահպանումը տվյալների միասնական համակարգում.
5) տեղեկատվական համակարգի բաց լինելը` դրանից օգտվողների համար (բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի).
6) հուշարձանների մոնիթորինգի արդյունքում տվյալների շտեմարանի տվյալների թարմացումը և փոփոխությունների հաշվառումը (փոփոխությունների պատմության ստեղծում).
7) ֆունկցիոնալ և կառուցվածքային առումով ընդլայնման հնարավորություն ապահովող մոդուլային համակարգի կիրառումը.
8) այլ երկրատեղեկատվական համակարգերի հետ համատեղելի ծրագրային ու տեխնիկական ապահովման միջոցների օգտագործումը:
(6-րդ կետը փոփ. 11.04.13 թիվ 363-Ն որոշում)
7. Հուշարձանների պետական կադաստրի հիմնական խնդիրներն են`
1) հուշարձաններին վերաբերող փաստաթղթերի մշակման համար անհրաժեշտ տվյալների համակարգի ստեղծումը.
2) հուշարձանների բնագավառի օբյեկտների որակական, քանակական և համալիր գնահատումը.
3) հուշարձանների վերականգնման, պահպանության և օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար տվյալների համակարգի ստեղծումը.
4) հուշարձանների վերաբերյալ պատմական տեղեկությունների, կառուցվածքային փոփոխությունների, դրանց լուսանկարների, գծապատկերների, չափագրությունների և տեխնիկական վիճակի մասին տվյալների հավաքագրումը.
5) հուշարձանների բնագավառի օբյեկտներում բնական աղետների ու տեխնածին երևույթների ազդեցության գնահատումը և դրանց հետևանքների վերացման համար տեղեկատվական հիմքերի ստեղծումը.
6) նորահայտ օբյեկտներին հուշարձանի կարգավիճակ տալուց հետո դրանց նկատմամբ իրավունքների պետական գրանցման տեղեկությունների և դրանց պետական հաշվառման փաստաթղթերի ստեղծումը.
7) հուշարձանների օգտագործման նկատմամբ սահմանափակումների, ինչպես նաև սերվիտուտների գրանցումների հաշվառումը.
8) հուշարձանների վերաբերյալ արժանահավատ և լիարժեք տեղեկության տրամադրման մատչելիության ապահովումը.
9) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող հայկական հուշարձանների վերաբերյալ տեղեկությունների ստացումը.
10) հուշարձանների պետական կադաստրի տեղեկատվական բանկի ստեղծումը, որտեղ հավաքագրվում են հուշարձանների պետական հաշվառման արդյունքների հիման վրա ստացված բոլոր տեղեկությունները:
III. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՈՒՄԸ, ԴՐԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ, ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
8. Հայաստանի Հանրապետության հուշարձանների պետական կադաստրի վարումը, դրանց վերաբերող տեղեկությունների գրանցումը, հաշվառումը և մոնիթորինգի իրականացումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, ինչպես նաև օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին, արժանահավատ տվյալների հիման վրա` կառավարության լիազորած պետական մարմնի և դրան ենթակա կազմակերպությունների կողմից:
i
9. Հայաստանի Հանրապետության հուշարձանների պետական կադաստրի վարումը ներառում է`
1) հուշարձանների մասին տվյալների և ցուցանիշների սկզբնական հավաքումը, հաշվառումն ու դասակարգումը.
2) սկզբնական հաշվառման նյութերի և ցուցանիշների մուտքագրումը հուշարձանների պետական կադաստրի գրանցամատյաններում և հուշարձանների անձնագրերում.
3) հուշարձանների վերաբերյալ սկզբնական հաշվառման տվյալների և ցուցանիշների (տեքստային նյութեր, աղյուսակներ, քարտեզագրական և գրաֆիկական այլ նյութեր) էլեկտրոնային տարբերակների ձևավորումը` տեղեկությունների պահպանման և փոխանակման միասնական ցանցի և ծրագրային ապահովման շրջանակներում.
4) հուշարձանների ընթացիկ հաշվառումը, ինչը ներառում է հուշարձանների պետական կադաստրի գրանցամատյաններում, հուշարձանների անձնագրերում և տվյալների շտեմարանում ներառված տեղեկությունների` Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության կողմից սահմանված պարբերականությամբ թարմացումը` դրանց հավաստիությունը և արդիականությունն ապահովելու նպատակով.
5) հուշարձանների վերաբերյալ տեղեկությունների` սահմանված կարգով տրամադրումը:
(9-րդ կետը փոփ. 11.04.13 թիվ 363-Ն որոշում)
i
10. Հուշարձանների կադաստրի ծրագրային և տեխնիկական ապահովման, ինչպես նաև տվյալների փոխանակման համար անհրաժեշտ միջոցների կազմն ու տեխնիկական բնութագրերը սահմանում է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը` համաձայնեցնելով բազային և թեմատիկ երկրատեղեկատվական համակարգեր և բազմաֆունկցիոնալ կադաստր վարող շահագրգիռ պետական մարմինների հետ:
(10-րդ կետը փոփ. 11.04.13 թիվ 363-Ն որոշում)
11. Հուշարձանների կադաստրի համակարգի կադրերի վերապատրաստումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության կողմից մշակված և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հետ համաձայնեցված մեթոդական ծրագրերի և ուղեցույցների հիման վրա:
(11-րդ կետը փոփ. 11.04.13 թիվ 363-Ն որոշում)
i
12. Հուշարձաններին վերաբերող տեղեկությունների հաշվառումը կատարվում է յուրաքանչյուր միավորի համար առանձին, իսկ հուշարձանային համալիրների դեպքում` ինչպես համալիրի, այնպես էլ դրա կազմում գտնվող յուրաքանչյուր միավորի համար:
(12-րդ կետը փոփ. 11.04.13 թիվ 363-Ն որոշում)
13. Հուշարձանների պետական հաշվառման փաստաթղթերն են`
i
1) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված հուշարձանների պետական ցուցակները.
2) հուշարձանների վկայագրերը.
3) հուշարձանների բնագավառը կարգավորող իրավական ակտերը և նորմատիվատեխնիկական փաստաթղթերը.
4) հուշարձանների և դրանց պահպանական գոտիների զբաղեցրած տարածքների նպատակային ու գործառնական նշանակության մասին տվյալները.
5) հուշարձանի սեփականատիրոջ և օգտագործման ձև մասին տվյալները և դրանց փոփոխությունները.
6) հուշարձանի տեխնիկական վիճակի մասին տվյալները.
7) հուշարձանների տարածքների ինժեներաերկրաբանական պայմանների, մասնավորապես, տեղանքի կայունությանն սպառնացող վտանգավոր երևույթների մասին տեղեկությունները.
8) պատմաճարտարապետական հենակետային հատակագծերը, բնակավայրի պատմամշակութային հիմնավորման նախագծերը, քարտեզագրման ու վավերագրման վերաբերյալ նյութերը.
9) հուշարձանների ուսումնասիրման, չափագրման, ամրակայման, նորոգման և վերականգնման մասին նյութերն ու տեղեկությունները.
10) հուշարձանների պետական կադաստրի վարման գրանցամատյանները.
11) պատմավավերագրական, հնագիտական ուսումնասիրությունները, գիտական հրապարակումները.
12) հուշարձանների լուսանկարները, հուշարձանների մասին տեսաֆիլմերը.
13) հուշարձանների օգտագործման նկատմամբ սահմանափակումների և սերվիտուտների վերաբերյալ սահմանված կարգով գրանցված տվյալները.
14) հուշարձանների պահպանական պարտավորագրերը:
(13-րդ կետը փոփ. 11.04.13 թիվ 363-Ն որոշում)
14. Հաշվառման տվյալները գրանցվում են հուշարձանների պետական կադաստրի գրանցամատյաններում և փոխանցվում տեղեկատվական համակարգ:
15. Հուշարձաններին վերաբերող տեղեկությունները հուշարձանների պետական կադաստրի գրանցամատյաններում գրանցվում են` ըստ համայնքի, մարզի և Հայաստանի Հանրապետության` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումը, իսկ այլ պետությունների տարածքներում գտնվող հայկական հուշարձաններինը` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:
16. Հուշարձանների պետական կադաստրի գրանցամատյանները վարվում են ինչպես թղթային, այնպես էլ էլեկտրոնային ձևով: Թղթային և էլեկտրոնային կրիչների միջև տվյալների տարբերության դեպքում հիմք է ընդունվում թղթային տարբերակը:
17. Հուշարձանների պետական կադաստրի գրանցամատյաններում տվյալների փոփոխությունները գրանցվում են դրանց մուտքագրման համար նախատեսված կարգով և ժամկետում:
18. Հուշարձանների պետական կադաստրի վարման համար օգտագործվում են ճարտարապետական գծագրեր, տեղագրական հանույթներ և քարտեզներ, որոնք ապահովում են տեղեկության տեղադրումը դրանց վրա` հետևյալ մասշտաբներով`
1) հուշարձանի համար ճարտարապետական գծագրեր` 1:50, 1:100, 1:500.
2) պահպանական միավորների համար տեղագրական հանույթներ` 1:200, 1:500, 1:1000.
3) պատմական բնակավայրերի համար տեղագրական հանույթներ` 1:1000, 1:2000, 1:5000:
19. Հուշարձանների մոնիթորինգ անցկացվում է յուրաքանչյուր կառույցի տեխնիկական վիճակի պարզաբանման, համապատասխան ռեստավրացիոն մեթոդի ու դրանց վերականգնմանն ուղղված մարտավարության որոշման համար: Այն իրականացվում է կառավարության լիազորած պետական մարմնի և դրան ենթակա կազմակերպությունների կողմից: Հուշարձանների բնագավառում կատարվող մոնիթորինգի նոր արդյունքները ներառվում են հուշարձանների պետական կադաստրում:
i
20. Հուշարձանների կադաստրի վարման ծրագրային ապահովումը պետք է բավարարի հետևյալ պայմանները`
1) համակարգի տեղադրման, կարգաբերման և շահագործման մատչելիությունը.
2) տարածական տեղեկատվության պահպանման, մշակման և արտապատկերման հնարավորությունները.
3) տարբեր ֆորմատների գրաֆիկական տվյալների մշակման և մի ֆորմատից մեկ այլ ֆորմատի փոխակերպման ֆունկցիոնալ հնարավորությունները.
4) թեմատիկ քարտեզների և գծագրերի ստեղծման, տպագրման և արտապատկերման հնարավորությունները.
5) տարածական տեղեկատվության կառավարման, խմբագրման, որոնման և արտապատկերման հնարավորությունները.
6) ինտերնետ/ինտերնետ միջավայրում աշխատելու հնարավորությունները.
7) Հայաստանի Հանրապետությունում համապատասխան կադրերի առկայությունը և կադրերի ուսուցման մատչելիությունը.
8) ֆունկցիոնալ հնարավորություն-գին հարաբերությունը:
(20-րդ կետը լրաց. 11.04.13 թիվ 363-Ն որոշում)
21. Հուշարձանների կադաստրի վարման տեխնիկական ապահովման համար անհրաժեշտ միջոցներն են`
1) տվյալների շտեմարանի հիմնական և պահուստային սերվերները` ներառյալ տեղեկատվության պահպանման արտաքին սարքերը.
2) ինտերնետի հիմնական և պահուստային սերվերները.
3) տեղեկատվական կենտրոնի տեղային ցանցի սարքավորումները.
4) համակարգի անվտանգության ապահովման սարքավորումները.
5) աշխատանքային տեղերի համակարգիչները.
6) տարբեր ֆորմատի տպիչները, տեսաներածիչները:
(21-րդ կետը լրաց. 11.04.13 թիվ 363-Ն որոշում)
22. Տվյալների փոխանակման համակարգը պետք է բավարարի հետևյալ պայմանները`
1) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների համար տվյալների շտեմարանի հասանելիություն.
2) Հայաստանի Հանրապետության հեռահաղորդակցության ենթակառուցվածքի առկա հնարավորություններին համապատասխանություն.
3) տեղեկատվության հավաստիություն և ամբողջականություն.
4) տվյալների շտեմարանի անվտանգություն:
(22-րդ կետը լրաց. 11.04.13 թիվ 363-Ն որոշում)
IV. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՏԵՂԵԿՈՒՅԹԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
i
(IV գլուխը լրաց. 11.04.13 թիվ 363-Ն որոշում)
23. Հուշարձանների պետական կադաստրի վերաբերյալ փաստաթղթերը պահվում են Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայության` հուշարձանների պետական կադաստր վարող կազմակերպությունում:
24. Հուշարձանների պետական կադաստրի տվյալների շտեմարանի էլեկտրոնային տարբերակի բոլոր փաստաթղթերի պահուստային տարբերակները (կրկնօրինակները) պահպանվում են Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունում:
25. Հուշարձանների պետական կադաստրի տեղեկույթն օգտագործողներ են`
1) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, իրավաբանական անձինք և քաղաքացիները.
2) օտարերկրյա պետությունները, միջազգային կազմակերպությունները, օտարերկրյա իրավաբանական անձինք և քաղաքացիները` միջազգային պայմանագրերով սահմանված դեպքերում և կարգով:
26. Հուշարձանների պետական կադաստրի տեղեկույթը, բացի պետական գաղտնիք պարունակող տեղեկույթից, բաց է և տրամադրվում է ցանկացած շահագրգիռ անձի, որը տեղադրվում է նաև Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության պաշտոնական կայքէջում:
27. Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին հուշարձանների պետական կադաստրի տեղեկույթի տրամադրումն անվճար է, և այդ գործառույթի համար անհրաժեշտ միջոցները ներառվում են հուշարձանների պետական կադաստրի վարման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից կատարվող հատկացումներում:
28. Անշարժ գույքի և բազմաբնույթ կադաստր (քաղաքաշինական, բնապահպանական, գյուղատնտեսական և այլն) վարող պետական այլ մարմիններին հուշարձանների պետական կադաստրի տեղեկույթը տրամադրվում է էլեկտրոնային կապով` համապատասխան պետական մարմնի հետ համաձայնեցնելով տեղեկույթի բնույթն ու տրամադրման ժամկետները:
29. Բազմաբնույթ կադաստր չվարող պետական մարմիններին, տեղական ինքնակառավարման մարմիններին, քաղաքացիներին և իրավաբանական անձանց հուշարձանների պետական կադաստրի տեղեկույթը տրամադրվում է թղթե կամ էլեկտրոնային կրիչներով կամ էլեկտրոնային կապով:
30. Սույն կարգի 29-րդ կետում նշված մարմինները կամ անձինք մանրամասն և ամբողջական տեղեկույթ ստանալու համար հուշարձանների պետական կադաստր վարող իրավասու կազմակերպությանը ներկայացնում են հայտ, որում նշվում են`
1) այն տեղեկույթը, որը ցանկանում են ստանալ (տեղեկույթի տեքստային և (կամ) գրաֆիկական մասը).
2) տեղեկույթի ձևը (թղթե կամ էլեկտրոնային կրիչով կամ ուղղակի մուտքով տվյալների բանկ):
31. Տեղեկույթը տրամադրվում է հայտը ներկայացնելու օրվանից հետո` 5-օրյա ժամկետում, եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը դիմողին է տրվում հայտը ներկայացնելուց հետո` 10-օրյա ժամկետում` համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների:
32. Հուշարձանների պետական կադաստրի փաստաթղթերի բնօրինակների տրամադրումը, բացի օրենքով նախատեսված դեպքերից, չի թույլատրվում: Օրենքով նախատեսված դեպքերում փաստաթղթի բնօրինակի տրամադրման ժամանակ այն պատճենահանվում և պահվում է հուշարձանների պետական կադաստր վարող կազմակերպությունում` մինչև բնօրինակը վերադարձնելը: Բնօրինակը տրամադրելու ժամանակ դրա պատճենի վրա նշվում է, թե բնօրինակը ում, երբ, ինչ նպատակով է տրամադրվում և երբ է վերադարձվելու և այն ստորագրվում է բնօրինակը տրամադրող պաշտոնատար անձի կողմից, իսկ եթե գործընթացն իրականացվելու է էլեկտրոնային եղանակով, ապա նշումները կատարվում են էլեկտրոնային կարգով:
33. Տեղեկույթը տրամադրվում է հուշարձանների պետական կադաստրի տվյալների շտեմարանի փաստաթղթերի պատճենների կամ դրանցից կատարված քաղվածքների տեսքով:
34. Տեղեկույթի տեքստային նյութերը հայտատուին տրամադրվում են բնօրինակի լեզվով:
35. Հուշարձանների պետական կադաստրի տեղեկատվական շտեմարանի` պետական և ծառայողական գաղտնիք պարունակող փաստաթղթերի պահպանման և օգտագործման կարգը սահմանվում է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
36. Հուշարձանների պետական կադաստրի տեղեկատվական շտեմարանի փաստաթղթերը փչացնելու, ոչնչացնելու, հափշտակելու, կորցնելու, անփույթ պահպանելու, ինչպես նաև փաստաթղթերում պարունակվող պետական, ծառայողական և առևտրային գաղտնիքները կամ հրապարակման ոչ ենթակա տեղեկությունները հրապարակելու դեպքում պաշտոնատար անձինք կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով»: