040.0026.140109
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 հունվարի 2009 թվականի N 26-Ն
ԼՈՒԾԱՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՊԵՏՈՒԹՅԱՆՆ ԱՆՑԱԾ ԳՈՒՅՔԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-Ի N 911-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 752 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Պետական գույքի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել լուծարումից հետո պետությանն անցած գույքի տնօրինման կարգը` համաձայն հավելվածի:
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 13-ի «Լուծարումից հետո մնացած` պետական բաժնեմաս համարվող շարժական գույքի մասնավորեցման կարգը հաստատելու մասին» N 911-Ն որոշումը և 1999 թվականի դեկտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված ծրագրում ընդգրկված իրավաբանական անձանց լուծարման գործընթացը կանոնակարգելու մասին» N 752 որոշման 3-րդ կետը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2009 թվականի հունվարի 8-ի
N 26-Ն որոշման
ԿԱՐԳ
ԼՈՒԾԱՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՊԵՏՈՒԹՅԱՆՆ ԱՆՑԱԾ ԳՈՒՅՔԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում է մասնավորեցման ծրագրերի ցանկերում ընդգրկված` պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների լուծարումից հետո պետությանն անցած շարժական և անշարժ գույքի (այսուհետ` գույք) տնօրինման գործընթացը:
2. Լուծարման հանձնաժողովը վարչական ակտի հիման վրա գույքը հանձնում է «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին, եթե լուծարման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան նախատեսված չէ:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ գույքն այլ պետական կառավարչական հիմնարկին (այսուհետ` հիմնարկ) հանձնվելու դեպքում հիմնարկի ղեկավարը գույքը հիմնարկի հաշվեկշռում հաշվառելուց հետո տասնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն (այսուհետ` վարչություն) է ներկայացնում`
1) տեղեկություններ գույքի մասին, այդ թվում` գույքի անվանումը, գտնվելու վայրը, գնահատված արժեքը, շարժական գույքի դեպքում` նաև գույքի քանակը և չափի միավորը, լուծարման ընթացքում գույքի վաճառքի նպատակով կազմակերպված վերջին աճուրդի մեկնարկային գինը և այլ տեղեկություններ.
2) առաջարկություններ գույքի հետագա տնօրինման վերաբերյալ:
i
4. Վարչությունը սույն կարգի 2-րդ կետով սահմանված գույքն ընդունելուց կամ սույն կարգի 3-րդ կետով սահմանված տեղեկություններն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում` գույքի մասնավորեցման նպատակով (բացառությամբ անշարժ գույքի և տրանսպորտային միջոցների) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունիսի 25-ի «Պետական գույքի աճուրդով մասնավորեցման կարգը հաստատելու մասին» N 387 որոշմամբ սահմանված կարգով կազմակերպում և անցկացնում է աճուրդ` գույքի մեկնարկային գինը սահմանելով լուծարման ընթացքում տվյալ գույքի վաճառքի նպատակով կազմակերպված վերջին աճուրդի մեկնարկային գնի 80 տոկոսի չափով (եթե լուծարման ընթացքում գույքը ներկայացվել է աճուրդի գույքային համալիրի կազմում` գույքի գնահատված արժեքի չափով), կամ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնում է առաջարկություն գույքի տնօրինման վերաբերյալ, եթե սույն կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետով առաջարկվում է գույքի տնօրինման առավել ընդունելի պայման:
(4-րդ կետը փոփ. 14.07.11 թիվ 965-Ն որոշում)
5. Գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման նպատակով վարչությունն աճուրդի անցկացման օրվանից առնվազն 15 օր առաջ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մամուլում հրապարակում է գույքը դասական աճուրդով մասնավորեցնելու մասին հայտարարություն, որն այլ տեղեկություններից բացի պետք է պարունակի տեղեկություններ գույքը չվաճառվելու դեպքում հաջորդ աճուրդի (աճուրդների) կազմակերպման օրվա մասին, որը չի կարող լինել ավելի շուտ, քան վերջին աճուրդի օրվան հաջորդող տասներորդ օրը:
i
6. Գույքի վաճառքի նպատակով կազմակերպված աճուրդների անցկացման տևողությունը չի կարող գերազանցել 9 ամիսը, իսկ յուրաքանչյուր հերթական աճուրդի անցկացման ժամանակ մեկնարկային գնի իջեցման չափը չի կարող լինել վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսից ավելի:
(6-րդ կետը փոփ. 14.07.11 թիվ 965-Ն որոշում)
i
6.1. Լուծարումից հետո պետությանն անցած անշարժ գույքի և տրանսպորտային միջոցների մասնավորեցման մասին որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(6.1-րդ կետը լրաց. 14.07.11 թիվ 965-Ն որոշում)
7. Վարչությունը լուծարումից հետո պետությանն անցած գույքի պահպանման համար անհրաժեշտ ծախսերի վերաբերյալ յուրաքանչյուր տարի առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն, որը նշված ծախսերը համապատասխան տողով ներառում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում:
8. Գույքի պահպանությունն իրականացնող կազմակերպության ընտրությունն իրականացվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: