(ուժը կորցնելու է 12.03.13 թվականից` 27.12.12 թիվ 1673-Ն որոշում)
i
040.0953.260808
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
21 օգոստոսի 2008 թվականի N 953-Ն
i
ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ԱՂՏՈՏՄԱՆ ԱՆՇԱՐԺ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, 14-րդ, 15-րդ ու 16-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 30-ի N 192 որոշման 2-րդ, 3-րդ ու 5-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել մթնոլորտային օդի աղտոտման անշարժ աղբյուրներ ունեցող կազմակերպությունների սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների նախագծերի քննության և արտանետումներ կատարելու թույլտվություն տալու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2008 թվականի օգոստոսի 21-ի
N 953-Ն որոշման
ԿԱՐԳ
ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ԱՂՏՈՏՄԱՆ ԱՆՇԱՐԺ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում է մթնոլորտային օդի աղտոտման անշարժ աղբյուրներ ունեցող կազմակերպությունների սահմանային թույլատրելի արտանետումների (այսուհետ` ՍԹԱ) նորմատիվների նախագծերի քննության և արտանետումներ կատարելու թույլտվություն տալու ընթացակարգը:
2. ՍԹԱ-ի նորմատիվների նախագծերը (այսուհետ` նախագիծ) մշակվում են մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործություն ունեցող` Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 22-ի N 259 որոշման և այլ իրավական ակտերի համաձայն պետական հաշվառման ենթակա կազմակերպությունների և ֆիզիկական անձ չհանդիսացող անհատ ձեռներեցների (այսուհետ` տնտեսավարող սուբյեկտներ) համար:
3. Տնտեսավարող սուբյեկտը նախագծերը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն (այսուհետ` նախարարություն)` արտանետումներ կատարելու թույլտվություն (այսուհետ` թույլտվություն) ստանալու նպատակով:
4. Նախագիծը ներկայացվում է թղթային տարբերակով (երեք օրինակից)` ուղեկցող նամակի հետ միասին, կամ էլեկտրոնային տարբերակով` այն տեղադրելով նախարարության ինտերնետային www.mnp.am կայքում` դրա մասին ծանուցելով նախարարության աշխատակազմի քարտուղարության [email protected] էլեկտրոնային հասցեով:
5. Թղթային տարբերակով ներկայացված նախագծի քննության համար սահմանվում է 30-օրյա, իսկ էլեկտրոնային տարբերակով ներկայացված նախագծի դեպքում` 15-օրյա ժամկետ` սույն կարգի 4-րդ կետում նշված կայքում նախագծի տեղադրման մասին ծանուցման օրվանից:
6. Նախարարությունը`
1) թղթային տարբերակով ներկայացված նախագիծը 3 օրվա ընթացքում տրամադրում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը, իսկ էլեկտրոնային տարբերակով ներկայացված նախագծի դեպքում` ծանուցում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` [email protected] էլեկտրոնային հասցեով.
2) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը թղթային տարբերակով ներկայացված նախագիծը 15 օրվա ընթացքում, իսկ էլեկտրոնային տարբերակով ներկայացված նախագիծը 5 օրվա ընթացքում ուսումնասիրում և իր իրավասությունների սահմաններում նախարարություն է ներկայացնում եզրակացություն նախագծի վերաբերյալ: Եզրակացությունը կարող է տեղադրվել նաև www.mnp.am կայքի համապատասխան էջում:
7. Նախագծի քննությունն ավարտվելուց հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի գրությամբ տնտեսավարող սուբյեկտին`
1) նախագծի վերաբերյալ դիտողությունների բացակայության դեպքում տրվում է թույլտվություն` 5 տարի ժամկետով.
2) նախագծի վերաբերյալ դիտողությունների առկայության դեպքում տեղեկացվում է ներկայացված նախագծում թերությունների վերացման անհրաժեշտության մասին: Տնտեսավարող սուբյեկտի կողմից 10-օրյա ժամկետում թերությունները չվերացվելու դեպքում թույլտվություն չի տրվում.
3) մերժում ստացած տնտեսավարող սուբյեկտը թույլտվություն ստանալու համար նախագիծը կրկին ներկայացնում է սույն կարգով սահմանված ընթացակարգով:
8. Թույլտվություն տալը մերժելը տնտեսավարող սուբյեկտը կարող է բողոքարկել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
9. Թույլտվության ժամկետի ավարտից մեկ ամիս առաջ տնտեսավարող սուբյեկտն աղտոտման անշարժ աղբյուրների և աղտոտող նյութերի, ինչպես նաև ֆոնային աղտոտվածության մասով փոփոխությունների բացակայության դեպքում դիմում է նախարարություն` թույլտվությունը 5 տարով երկարաձգելու մասին խնդրանքով, իսկ փոփոխությունների առկայության դեպքում թույլտվություն ստանալու համար տնտեսավարող սուբյեկտը քննության է ներկայացնում նոր կամ լրամշակված նախագիծ` սույն կարգով սահմանված ընթացակարգով:
10. Թույլտվությունը կազմվում է մեկ օրինակից, որը տրվում է տնտեսավարող սուբյեկտին, իսկ դրա պատճենը պահվում է նախարարությունում: Թղթային տարբերակով ընդունված նախագծի մեկ օրինակը վերադարձվում է տնտեսավարող սուբյեկտին, իսկ մյուսը պահվում է նախարարությունում: Էլեկտրոնային տարբերակով ընդունված նախագիծը պատճենահանվում է առանձին էլեկտրոնային կրիչի վրա և պահվում նախարարությունում:
11. Նոր կառուցվող, ընդլայնվող և վերակառուցվող օբյեկտների համար տնտեսավարող սուբյեկտներին թույլտվությունը տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 30-ի N 192 որոշման 5-րդ կետի համաձայն: