(ուժը կորցրել է 20.02.02 ՀՕ-308 օրենք)
i
010.0213.100598
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է Ազգային Ժողովի
կողմից «14» ապրիլի 1998 թ.
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 70 հոդվածի երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ երկու առանձին մասերով.
«Եթե ներկայացված օրենքի նախագիծը նախատեսում է ընթացիկ տարվա պետական բյուջեով հաստատված եկամուտների կամ ծախսերի փոփոխություն, ապա կառավարությունը դրան զուգահեռ ներկայացնում է նաև օրենքի նախագիծ` պետական բյուջեում փոփոխություն և (կամ) լրացում կատարելու մասին:
Օրենքի նախագծի հետ կառավարությունը ներկայացնում է դրա տեքստն էլեկտրոնային կրիչի վրա կամ էլեկտրոնային փոստի միջոցով այն ուղարկում է Ազգային Ժողովի աշխատակազմ»:
Հոդված 2. Օրենքի 130 հոդվածում`
i
ա) երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Ազգային Ժողովի նախագահը պետական բյուջեի մասին օրենքի նախագիծն ստանալուց հետո` երկօրյա ժամկետում ուղարկում է պատգամավորներին և Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովներ: Պետական բյուջեի պետական և ծառայողական գաղտնիք պարունակող ծախսային հոդվածներին վերաբերող փակ ծրարի բովանդակությանը, օրենսդրությամբ սահմանված կարգով, ծանոթացվում են Ազգային Ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի, ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների մշտական անդամները».
բ) երրորդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր չորրորդ մաս`
«Պետական բյուջեի պետական և ծառայողական գաղտնիք պարունակող ծախսային հոդվածներին վերաբերող փակ ծրարի նյութերը քննարկվում են Ազգային Ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի, ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ դռնփակ նիստում, որին կարող են մասնակցել միայն այդ հանձնաժողովների մշտական անդամները և կառավարության կողմից լիազորված անձինք»:
Այդ կապակցությամբ հոդվածի չորրորդ մասը համարել հինգերորդ մաս:
i
Հոդված 3. Օրենքի 132 հոդվածի երկրորդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3-րդ կետով.
«3) Ազգային Ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովը` պետական բյուջեի պետական և ծառայողական գաղտնիք պարունակող ծախսերի օրինականության և հիմնավորվածության հավաստմամբ»:
Այդ կապակցությամբ հոդվածի երկրորդ մասի 3-րդ կետը համարել 4-րդ կետ:
i
Հոդված 4. Օրենքի 133 հոդվածի երրորդ մասում «48 ժամով» բառերը փոխարինել «չորս օրով» բառերով:
i
Հոդված 5. Օրենքը 134 հոդվածից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 135 հոդվածով.
«Հոդված 135. Պետական բյուջեի քննարկումը վերսկսվելուց առնվազն 24 ժամ առաջ կառավարությունն Ազգային Ժողովի աշխատակազմ է հանձնում պետական բյուջեի նախագծի վերջնական տարբերակը և պատգամավորների մշտական հանձնաժողովների առաջարկությունների և դիտողությունների հիման վրա կազմված ամփոփաթերթիկը` պատգամավորների թվին համապատասխան պատճեններով:
Ազգային Ժողովի աշխատակազմը ստացված փաստաթղթերը հնարավոր սեղմ ժամկետում հանձնում է պատգամավորներին»:
i
Այդ կապակցությամբ 135-137 հոդվածները համապատասխանաբար համարել 136-138 հոդվածներ:
Հոդված 6. Օրենքի 136 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«Հոդված 136. Քննարկումները վերսկսվելուց հետո վարչապետը կամ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարը մինչև 30 րոպե տևողությամբ զեկուցումով տեղեկանք է ներկայացնում կառավարության կողմից ընդունված կամ մերժված առաջարկությունների մասին:
Պատգամավորները զեկուցողին հարցեր են տալիս կանոնակարգով նախատեսված կարգով:
Վարչապետի կամ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի եզրափակիչ ելույթից առաջ, սահմանված կարգով հայտ ներկայացնելու դեպքում, մինչև 10 րոպե տևողությամբ ելույթի իրավունք ունեն`
ա) Ազգային Ժողովի խմբակցությունները և խմբերը.
բ) Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովները.
գ) Ազգային Ժողովի նախագահը և նրա տեղակալները:
Ելույթներն ավարտվելուց հետո մինչև 30 րոպե տևողությամբ եզրափակիչ ելույթի համար ձայնը տրվում է վարչապետին կամ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին, որից հետո պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը կառավարության կողմից ընդունված ուղղումներով դրվում է քվեարկության` ամբողջությամբ ընդունելու համար: Այլ առաջարկություններ քվեարկության չեն դրվում:
Բյուջեի հաստատման առնչությամբ կառավարությունը կարող է դնել իր վստահության հարցը: Եթե Ազգային Ժողովը Սահմանադրության 74 հոդվածով նախատեսված կարգով կառավարությանն անվստահություն չի հայտնում, ապա պետական բյուջեն` կառավարության կողմից ընդունված ուղղումներով, համարվում է հաստատված»:
Հոդված 7. Օրենքի 138 հոդվածից հանել երկրորդ մասը:
i
Հոդված 8. Օրենքը գլուխ 17-ից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր գլխով`
«ԳԼՈՒԽ 18.
ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ
Հոդված 139. Սահմանադրության 77 հոդվածին համապատասխան` Ազգային Ժողովը պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը քննարկում և հաստատում է Ազգային Ժողովի վերահսկիչ պալատի եզրակացության առկայությամբ:
Պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունն Ազգային Ժողովում քննարկվում և հաստատվում է մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հունիսի երկրորդ չորեքշաբթին:
Հոդված 140. Կառավարությունը յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունն Ազգային Ժողով է ներկայացնում մինչև հաջորդ տարվա մայիսի 1-ը:
Ազգային Ժողովի նախագահը պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունն ստանալուց հետո երկօրյա ժամկետում ուղարկում է պատգամավորներին, Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովներ և Ազգային Ժողովի վերահսկիչ պալատ: Բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության պետական և ծառայողական գաղտնիք պարունակող ծախսային հոդվածներին վերաբերող փակ ծրարի բովանդակությանը, օրենսդրությամբ սահմանված կարգով, ծանոթացվում են Ազգային Ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի, ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների մշտական անդամները, Ազգային Ժողովի վերահսկիչ պալատի նախագահը:
Հաշվետվության նախնական քննարկումները տեղի են ունենում հանձնաժողովներում և հանձնաժողովների համատեղ նիստում, որոնց մասնակցում են նաև կառավարության անդամները և ներկայացուցիչները:
Պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության պետական և ծառայողական գաղտնիք պարունակող ծախսային հոդվածներին վերաբերող փակ ծրարի նյութերը քննարկվում են Ազգային Ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի, ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ դռնփակ նիստում, որին կարող են մասնակցել միայն այդ հանձնաժողովների մշտական անդամները, Ազգային Ժողովի վերահսկիչ պալատի նախագահը, կառավարության կողմից լիազորված անձինք:
Հոդված 141. Նախնական քննարկումների ժամանակ բյուջեի կատարման տարեկան հաշվետվության նախագծում փոփոխություններ մտցնելու առաջարկությունները պատգամավորները և մշտական հանձնաժողովներն Ազգային Ժողովի աշխատակազմի միջոցով ներկայացնում են կառավարություն:
Կառավարությունն Ազգային Ժողովի հանձնաժողովներում նախնական քննարկումների արդյունքով կարող է փոփոխություններ մտցնել բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունում: Կառավարությունը հաշվետվության քննարկումն սկսվելուց առնվազն 48 ժամ առաջ Ազգային Ժողովի աշխատակազմ է հանձնում պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության վերջնական տարբերակը, ինչպես նաև հիմնավորումներ` առաջարկությունների նկատմամբ անհամաձայնության վերաբերյալ:
Հոդված 142. Ազգային Ժողովի նիստում բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության նախագծի ներկայացման համար կառավարությանը տրվում է մինչև երեք զեկուցում մեկ ժամ 30 րոպեից ոչ ավելի ընդհանուր տևողությամբ: Զեկուցողները ներկայացնում են նաև նախնական քննարկումների արդյունքում նախագծում արված փոփոխությունները:
Մինչև 30 րոպե տևողությամբ հարակից զեկուցումներով ելույթ են ունենում`
1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահը.
2) Ազգային Ժողովի վերահսկիչ պալատի նախագահը` հաշվետվության վերաբերյալ վերահսկիչ պալատի եզրակացությամբ.
3) Ազգային Ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը.
4) Ազգային Ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովը` պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունում պետական և ծառայողական գաղտնիք պարունակող ծախսերի օրինականության և հիմնավորվածության հավաստմամբ.
5) Ազգային Ժողովի մյուս մշտական հանձնաժողովները` ըստ ցանկության:
Պատգամավորները զեկուցողներին հարցեր են տալիս կանոնակարգով նախատեսված կարգով:
Հոդված 143. Մտքերի փոխանակության համար կատարվում է հերթագրում:
Մինչև խմբերի և խմբակցությունների ելույթները վարչապետի ներկայացմամբ` նախարարներին, Երևանի քաղաքապետին և մարզպետներին տրվում է 7 արտահերթ ելույթի իրավունք:
Մտքերի փոխանակությունն ավարտվելուց հետո նախագահողը քվեարկության է դնում հաշվետվությունը հաստատելու վերաբերյալ օրենքի նախագիծը:
Հոդված 144. Եթե պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը քվեարկությամբ չի հաստատվում, ապա դրվում է կառավարության անվստահության հարցը:
Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը կարող է ներկայացվել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կողմից` վստահության հարցը դնելուց հետո 24 ժամվա ընթացքում` միաժամանակ հարցը քննարկելու համար պահանջելով Ազգային Ժողովի արտահերթ նիստ:
Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը քննարկման է դրվում այն ներկայացվելուց ոչ շուտ, քան 48 և ոչ ուշ, քան 72 ժամվա ընթացքում: Հարցը ներկայացնում է կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծ ներկայացրած պատգամավորների կողմից լիազորված պատգամավորը:
Կառավարությունը հրավիրում է և, սույն կանոնակարգի 147 հոդվածով սահմանված կարգով, մասնակցում իր նկատմամբ անվստահության հարցի քննարկմանը:
Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծ չներկայացվելու կամ նման որոշում չընդունվելու դեպքում պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը համարվում է հաստատված:
Անվստահություն հայտնելու մասին որոշում ընդունվելու դեպքում պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը համարվում է հաստատված»:
i
Այդ կապակցությամբ 18-23 գլուխները համապատասխանաբար համարել 19-24 գլուխներ, իսկ 138-162 հոդվածները` 145-169 հոդվածներ:
i
Հոդված 9. Օրենքի 151 հոդվածի երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Կառավարությունը, յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո 40 օրվա ընթացքում Ազգային Ժողով է ներկայացնում պետական բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն»:
10 մայիսի 1998 թ.
ՀՕ-213