010.0058.310508
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2008 թվականի ապրիլի 30-ին
«ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-79 օրենքի 7-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-րդ, 1.2-րդ և 1.3-րդ մասերով.
«1.1. Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ապրանքների դրոշմավորման համար ակցիզային դրոշմանիշեր ձեռք բերելու համար հարկային տեսչություն ներկայացվում են`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձևին համապատասխան դիմում` 2 օրինակից.
2) ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման համար վճարված գումարը հաստատող փաստաթղթի պատճենը.
3) հաշվետվություն` նախկինում ձեռք բերված ակցիզային դրոշմանիշերի օգտագործման մասին, հարկային մարմնի սահմանած ձևով.
4) արտադրողների (ներառյալ` շշալցում իրականացնողների) կողմից որպես հումք ձեռք բերված սպիրտի ձեռքբերման հաշվարկային փաստաթղթերի պատճենները.
5) լիցենզիայի և տարեկան պետական տուրքի վճարման անդորրագրի ու համապատասխանության սերտիֆիկատի (պարտադիր լինելու դեպքում) պատճենները: Լիցենզիայի և տարեկան պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենները կարող են չներկայացվել, եթե դրանք տվյալ տարվա համար մեկ անգամ արդեն ներկայացվել են: Համապատասխանության սերտիֆիկատը գործողության յուրաքանչյուր ժամանակահատվածի համար ներկայացվում է մեկ անգամ: Այս դեպքում սույն կետում նշված փաստաթղթերին կից ներկայացվող գրությունում նշվում են այն գրության ամսաթիվը և համարը, որին կից ներկայացվել են այդ պատճենները:
1.2. Ակցիզային դրոշմանիշերը տրամադրվում են սույն հոդվածի 1.1-րդ մասում նշված փաստաթղթերի և արտադրողների մոտ հարկային տեսչությունների կողմից արտադրական կարողությունների ուսումնասիրության վերաբերյալ կազմված տեղեկանքի հիման վրա: Հարկային տեսչությունն ակցիզային դրոշմանիշերը տրամադրում է փաստաթղթերը ներկայացնելու օրվան հաջորդող յոթ աշխատանքային օրվա ընթացքում: Ակցիզային դրոշմանիշեր չեն տրամադրվում, եթե դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ ակցիզային հարկի գծով գերավճարը քիչ է պահանջվող դրոշմանիշերի համար վճարման ենթակա գումարից, կամ արտադրական հզորությունները չեն համապատասխանում պահանջվող դրոշմանիշերի քանակին: Այս դեպքում հայտը կարող է բավարարվել մասնակի` գերավճարի գումարին կամ արտադրական հզորություններին համապատասխան:
1.3. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ոգելից խմիչքի և ծխախոտի արտադրանքի մանրածախ առևտրի ոլորտում իրացման համար տարաների թույլատրելի չափերը:»:
ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
31 մայիսի 2008 թվականի
ՀՕ-58-Ն