Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՈՐԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ...

30.05.2000 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   16.07.1999  -ից մինչեւ   30.05.2000  -ը:
 

(ուժը կորցրել է 17.04.00 թիվ 53 հրաման)

i

118.0046.220498

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

24 փետրվարի 1998 թ. թիվ 46

 

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 7-ի թիվ 3 որոշմամբ հաստատված «Արժեթղթերի շուկայում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգի» 13-րդ կետի պահանջներից և առաջնորդվելով արժեթղթերի շուկայում գործառնություններ իրականացնող անձանց որակավորման գործընթացը կանոնակարգելու անհրաժեշտությունից.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել «Արժեթղթերի շուկայի մասնագետների որակավորման կարգը» (կցվում է):

2. Հաստատել արժեթղթերի շուկայի մասնագետների որակավորման հանձնաժողովի կազմը (կցվում է):

3. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ ֆինանսների նախարարության 1995 թվականի մայիսի 12-ի թիվ 148 հրամանով հաստատված «Արժեթղթերի շուկայում գործառնություններ իրականացնող անձանց և ինվեստիցիոն հիմնադրամների կառավարիչների տնօրենների որակավորման կարգը»:

 

«ՀԱՍՏԱՏՎԱԾ Է»

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «24» 02 1998 Թ.

ԹԻՎ 46 ՀՐԱՄԱՆՈՎ

 

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ

 

        1. Է. Մուրադյան          -   նախագահ, ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի

                                     փոխնախարար

 

        2. Ա. Սալնազարյան        -   տեղակալ, ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի

                                     նախարարության Արժեթղթերի և բորսաների

                                     գործակալության պետ

 

ԱՆԴԱՄՆԵՐ

 

        3. Ց. Կարապետյան         -   ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի

                                     նախարարության արժեթղթերի շուկայի

                                     կարգավորման քաղաքականության

                                     վարչության պետ

 

        4. Ռ. Բարսեղյան          -   նախարարության արժեթղթերի շուկայի

                                     վերահսկման վարչության պետ

 

        5. Ա. Մինասյան           -   արժեթղթերի շուկայի լիցենզավորման,

                                     արժեթղթերի և թողարկման ազդագրերի

                                     գրանցման վարչության պետ

 

        6. Խ. Խաչատրյան          -   նախարարության արժեթղթերի շուկայի

                                     մասնակիցների լիցենզավորման բաժնի պետ

 

        7. Տ. Դավթյան            -   ՀՀ կենտրոնական բանկ, բաժնի պետ

 

        8. Ս. Սեդրակյան          -   Երևանի  ֆոնդային բորսայի տնօրեն

 

        9. Գ. Վարդիկյան          -   Երևանի  «Ադամանդ» ապրանքաֆոնդային

                                     բորսայի տնօրեն

 

       10. Ս. Մխիթարյան          -   Գյումրիի ֆոնդային բորսայի տնօրեն

 

       11. Ա. Ազիզյան            -   քարտուղար, նախարարության արժեթղթերի

                                     շուկայի մասնակիցների լիցենզավորման

                                     բաժնի երկրորդ կարգի տնտեսագետ

 

«ՀԱՍՏԱՏՎԱԾ Է»

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «24» 02 1998 Թ.

ԹԻՎ 46 ՀՐԱՄԱՆՈՎ

 

ԿԱՐԳ

 

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ

 

Սույն կարգը մշակված է ՀՀ կառավարության 07.01.98 թ. թիվ 3 որոշմամբ հաստատված «Արժեթղթերի շուկայում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգի» համաձայն և կանոնակարգում է արժեթղթերի շուկայի մասնագետների որակավորման գործընթացը:

ՀՀ օրենսդրության համաձայն արժեթղթերի շուկայում գործունեություն իրականացնելու համար ձեռնարկության (այդ թվում բաժնետիրական ընկերության) գործադիր տնօրենը, նրա տեղակալները, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները (բացառությամբ տեխնիկական սպասարկմամբ զբաղված կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների ու գլխավոր հաշվապահի) և այն աշխատակիցները, որոնք իրականացնելու են գործառնություններ արժեթղթերի հետ ու մատուցելու են խորհրդատվական ծառայություններ, ինչպես նաև անկախ ինվեստիցիոն բրոքերներն ու դիլերները պետք է լիազորված մարմնի կողմից որակավորված լինեն որպես արժեթղթերի շուկայի մասնագետ:

Սույն կետի պահանջները տարածվում են նաև լիազորված բանկերի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և այն աշխատողների վրա, որոնք իրականացնում են գործառնություններ արժեթղթերի հետ:

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Սույն կարգում օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունները.

i

1. Լիազորված պետական կառավարման մարմին` ՀՀ արժեթղթերի շուկայի տեսչություն:

(1-ին կետը փոփ. 09.02.99 թիվ 58 հրաման)

i

2. Լիազորված ստորաբաժանում` ՀՀ արժեթղթերի շուկայի տեսչության կարգավորման վարչություն:

(2-րդ կետը փոփ. 09.02.99 թիվ 58 հրաման)

3. Որակավորման հավաստագիր` արժեթղթերի շուկայում գործառնություններ իրականացնող մասնագետին, սույն կարգի համաձայն, տրված որակավորման վկայական:

4. Հանձնաժողով` սույն կարգի համաձայն ստեղծված արժեթղթերի շուկայի մասնագետների որակավորման քննություն անցկացնող հանձնաժողով:

 

II. ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

i

5. Արժեթղթերի շուկայում գործառնություն իրականացնելու թույլտվություն ստանալու համար դիմորդը լիազորված մամին է ներկայացնում հայտ` հավելված 1-ում բերված ձևի համաձայն, ինչպես նաև օրենքով նախատեսված կարգով պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը:

(5-րդ կետը փոփ. 09.02.99 թիվ 58 հրաման)

6. Լիազորված ստորաբաժանումն իրավունք ունի հարցման միջոցով ստուգել դիմորդի ներկայացված փաստաթղթերում բերված տեղեկությունների արժանահավատությունը:

7. Դիմորդի հայտը մերժվում է, եթե ներկայացված փաստաթղթերը ամբողջական չեն կամ դրանց մեջ տեղ է գտել ակնհայտ ապատեղեկատվություն:

8. Ներկայացված փաստաթղթերի վերաբերյալ առարկություններ չլինելու դեպքում դիմորդին թույլատրվում է մասնակցել որակավորման առաջիկա քննությանը:

9. Լիազորված ստորաբաժանումը կազմում է հայտեր ներկայացրած անձանց ցուցակը և որակավորման քննության օրը` քննությունից առաջ ներկայացնում հանձնաժողովին:

Հայտ ներկայացրած անձանց ցուցակում ընդգրկվում են քննության անցկացման օրից առնվազն 3 օր առաջ հայտ ներկայացրած դիմորդները:

10. Քննություններն անց են կացվում յուրաքանչյուր ամսվա առաջին շաբաթվա չորեքշաբթի օրը:

11. Քննություններն անց են կացվում համակարգչի միջոցով:

i

12. Քննական տեստերի (այսուհետև` տեստ) տարբերակները նախապես կազմվում են լիազորված ստորաբաժանման կողմից և հաստատվում լիազորված մարմնի ղեկավարի կողմից:

(12-րդ կետը փոփ. 09.02.99 թիվ 58 հրաման)

13. Տեստերում ընդգրկված հարցերը կազմվում են ելնելով.

ա) արժեթղթերի շուկայի վերաբերյալ ՀՀ օրենսդրական և ենթաօրենսդրական փաստաթղթերի պահանջներից`

- արժեթղթերի պետական գրանցման,

- արժեթղթերի թողարկման ազդագրի, նրա հիմնական բովանդակության և կազմման ու գրանցման կարգի,

- արժեթղթերի հետ կապված գործառնություններից գանձվող հարկի որոշման և վճարման կարգի,

- արժեթղթերի հետ կատարվող գործառնությունների հաշվապահական հաշվառման հիմունքների,

- արժեթղթերի շուկայի մասնակիցների և նրանց կազմում աշխատող մասնագետների հաճախորդի առջև պատասխանատվության,

- մասնագիտական էթիկայի և գաղտնի տեղեկատվության պահպանման,

- արժեթղթերի շուկայի մասնակիցների կողմից չարաշահումներ և սխալներ թույլ տալու դեպքում սահմանված և կիրառվող պատասխանատվության,

բ) արժեթղթերի շուկայի, նրա բովանդակության, ֆունկցիաների, շրջանառող արժեթղթերի տեսակների, նրանց շրջանառության առանձնահատկությունների, ֆոնդային բորսայի, նրա գործելու մեխանիզմի, արժեթղթերի հետ կապված գործարքների տեսակների վերաբերյալ տեսությունից:

14. Մինչև քննության սկիզբը դիմորդը ծանոթացվում է համակարգչի միջոցով որակավորման քննության անցկացման կանոններին:

15. Տեստը բաղկացած է 16 հարցերից, որոնց պատասխանելու համար դիմորդին տրվում է 30 րոպե ժամանակ:

16. Դիմորդը քննության է ներկայանում անձը հաստատող փաստաթղթով:

17. Քննության ավարտից հետո օպերատորը դիմորդի ներկայությամբ տպող սարքի միջոցով տպում է քննության արդյունքները երկու օրինակից, որոնց հիման վրա կազմվում է հանձնաժողովի նիստի արձանագրությունը: Արդյունքների մեկ օրինակը դիմորդի ստորագրությամբ հանձնվում է հանձնաժողովին, իսկ մյուսը տրվում է դիմորդին:

18. Քննության արդյունքները հաստատվում են և հայտարարվում հանձնաժողովի կողմից:

19. Դիմորդն իրավունք ունի քննության արդյունքը հայտարարելուց անմիջապես հետո բողոքարկել հանձնաժողովին: Հանձնաժողովի կողմից որոշում կայացնելուց հետո կրկնակի բողոքարկումները չեն քննարկվում:

20. Տվյալ քննությանը չներկայացած դիմորդն ընդգրկվում է հաջորդ քննության ցուցակում:

i

21. Քննության արդյունքներով անբավարար գնահատված դիմորդը կարող է մասնակցել հաջորդ քննությանը նոր հայտ ներկայացնելու միջոցով` մուծելով պետական տուրքը:

(21-րդ կետը խմբ. 16.07.99 թիվ 261 հրաման)

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ

 

22. Հանձնաժողովի կազմը հաստատվում է լիազորված մարմնի կողմից:

i

Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և լիազորված մարմնի առնվազն 5 աշխատակիցներ: Հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել նաև ՀՀ Կենտրոնական բանկից, Բանկերի ասոցիացիայից, ֆոնդային բորսաներից և ֆոնդային ստորաբաժանում ունեցող այլ բորսաներից:

(22-րդ կետը փոփ. 09.02.99 թիվ 58 հրաման)

23. Հանձնաժողովի նիստերը գումարվում են յուրաքանչյուր քննության օրը` առավոտյան ժամը 10.00-ին: Հանձնաժողովը հետևում է որակավորման քննության ընթացքին և հաստատում քննության արդյունքները` համապատասխան որոշմամբ:

24. Հանձնաժողովի աշխատանքներն իրականացվում են որակավորման քննության օրերին հրավիրված նիստերի միջոցով: Հանձնաժողովի նիստը համարվում է կայացած, եթե նիստին ներկա են հանձնաժողովի անդամների կեսից ավելին:

25. Հանձնաժողովի նիստերին ավելի քան երեք անգամ անընդմեջ չներկայացող անդամները հանձնաժողովի նախագահի գրավոր ներկայացմամբ կարող են հեռացվել հանձնաժողովի կազմից:

26. Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները, ինչպես նաև հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները պարտադիր ստորագրվում են հանձնաժողովի նախագահի և քարտուղարի կողմից:

 

IV. ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐԸ ԵՎ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉՈՒՄԸ

 

27. Քննության արդյունքներով բավարար գնահատված դիմորդների համար սահմանվում են` մասնագետների որակավորման հետևյալ կարգերը.

ա) 1-ին կարգի մասնագետ, երբ դիմորդը ճիշտ է պատասխանել հարցերի ընդհանուր քանակի 90 % -ից ավելին (15, 16 հարց),

բ) 2-րդ կարգի մասնագետ, երբ դիմորդը ճիշտ է պատասխանել ընդհանուր հարցերի առնվազն 75 % -ին (12 - 15 հարց):

i

28. Դիմորդը քննության արդյունքներով համարվում է անբավարար գնահատված, եթե ճիշտ չի պատասխանել ընդհանուր հարցերի ավելի քան 25 %-ին:

(28-րդ կետըն փոփ. 16.07.99 թիվ 261 հրաման)

i

29. Առաջին կարգի մասնագետի որակավորում է շնորհվում նաև հանձնաժողովի անդամներին և լիազորված մարմնի այն աշխատակիցներին, որոնք ունեն առնվազն մեկ տարվա անընդհատ մասնագիտական աշխատանքային ստաժ:

(29-րդ կետը փոփ. 09.02.99 թիվ 58 հրաման)

30. Արժեթղթերի շուկայում գործունեություն իրականացնելու համար ձեռնարկության (այդ թվում բաժնետիրական ընկերության) գործադիր տնօրենը (ղեկավարը) և նրա տեղակալները պարտադիր պետք է որակավորված լինեն որպես առաջին կարգի մասնագետ:

31. Սույն կարգի 27-րդ կետում նշված անձանց տրվում են որակավորման հավաստագրեր երեք տարի ժամկետով, բացառությամբ 29-րդ կետում նշված անձանց:

32. Որակավորման հավաստագիրը պետք է ներառի.

մասնագետի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, որակավորման կարգը, հավաստագրի հերթական համարը, տրման ամսաթիվը և այլ անհրաժեշտ տվյալներ: Ինչպես նաև հատուկ նշում այն մասին, որ հավաստագիրը ենթակա չէ փոխանցման կամ այլ ձևով այլ անձանց օտարման:

i

33. Որակավորման հավաստագիրը հաստատվում է հանձնաժողովի նախագահի և լիազորված մարմնի ղեկավարի կողմից և կնքվում լիազորված մարմնի կնիքով:

(33-րդ կետը փոփ. 09.02.99 թիվ 58 հրաման)

34. Որակավորման հավաստագրի ձևակերպումը և դրա հանձնումը մասնագետին իրականացվում է սույն կարգի 27-րդ կետում նշված քննությունից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:

35. Լիազորված ստորաբաժանումը, հավաստագրերի համար վարում է գրանցամատյան, որի մեջ գրի են առնվում մասնագետի անունը, ազգանունը, որակավորման կարգը, տրման ամսաթիվը և հերթական համարը:

36. Արգելվում է որակավորման հավաստագրի փոխանցումը կամ օտարումը:

i

37. Հանձնաժողովը, իսկ սույն կետի գ) ենթակետում նշված դեպքում լիազորված մարմինը, մասնագետին տրված որակավորման հավաստագիրը ուժը կորցրած է ճանաչում եթե.

ա) մասնագետը դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել հաճախորդների գաղտնիք հանդիսացող տեղեկությունների անօրինական օգտագործման կամ փաստաթղթերի, փողի և արժեթղթերի կեղծման համար,

բ) ներկայացված փաստաթղթերում հայտնաբերվել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ,

գ) լրացել է տվյալ որակավորման հավաստագրի ժամկետը:

(37-րդ կետը փոփ. 09.02.99 թիվ 58 հրաման)

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1

 

ՀԱՅՏ

 

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ

 

I. Ընդհանուր տեղեկություններ.

 

Անուն, ազգանուն

Հասցե, հեռախոսահամարներ

Ծննդյան թիվը (ամիս, ամսաթիվ)

Քաղաքացիությունը

Անձնագրի սերիան և համարը

 

II. Կրթությունը (ուսումնական հաստատության անվանումը,

մասնագիտությունը և ավարտելու տարին)

 

III. Վերջին հինգ տարիներին աշխատանքային փորձը (կազմակերպության

անվանումը, պաշտոնը)

 

IV. Դատարանի կողմից ճանաչվե՞լ եք մեղավոր հաճախորդների գաղտնիք

հանդիսացող տեղեկությունների անօրինական օգտագործման կամ

փաստաթղթերի, փողի և արժեթղթերի կեղծման համար

 

V. Նշեք առնվազն երեք անձանց անունը, ազգանունը, հասցեն և

հեռախոսահամարները, որոնք անձամբ ճանաչում են Ձեզ և որևէ

ձևով կապված չեն այս առաջարկի հետ.

 

1.

2.

3.

 

VI. Ես հավաստիացնում եմ, որ սույն հայտում պարունակվող

տեղեկությունները ստույգ են և լիակատար գիտակցում եմ, որ

նրանում որևէ էական փաստի սխալ ներկայացում կամ բացթողում

կարող է հանգեցնել հայտի մերժմանը կամ որակավորման հավաստագրի

ուժը կորցրած ճանաչելուն:

 

             ԴԻՄՈՐԴԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ              «____» _________ 199  Թ.

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «22»  04  1998 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 209800119

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
24.02.1998
N 46
Հրաման