(ուժը կորցրել է 25.06.15 թիվ 700-Ն որոշում)
i
040.1081.240907
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 սեպտեմբերի 2007 թվականի N 1081-Ն
i
ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՈՒՉԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 7-րդ կետի դրույթներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
1) բուսասանիտարիայի պետական տեսուչի համազգեստը կրելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) բուսասանիտարիայի պետական տեսուչի համազգեստի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
(որոշումը փոփ. 03.06.10 թիվ 684-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2007 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2007 թվականի սեպտեմբերի 13-ի
N 1081-Ն որոշման
ԿԱՐԳ
ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՈՒՉԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ ԿՐԵԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում են բուսասանիտարիայի պետական տեսուչի ամառային և ձմեռային համազգեստները կրելու կարգը և օգտագործման ժամկետները:
2. Համազգեստը կրում են բուսասանիտարիայի բոլոր պետական տեսուչները:
3. Բուսասանիտարիայի պետական տեսուչները համազգեստը կրում են ամենօրյա ծառայողական պարտականությունների կատարման, ատեստավորման, ուսուցման և վերապատրաստման ժամանակ:
4. Բուսասանիտարիայի պետական տեսուչի` կնոջ և տղամարդու համազգեստների ձևերից յուրաքանչյուրը բաղկացած է ամառային և ձմեռային տեսակներից:
5. Բուսասանիտարիայի պետական տեսուչի համազգեստը պետք է համապատասխանի սույն կարգի պահանջներին և պահվի անթերի վիճակում:
6. Բուսասանիտարիայի պետական տեսուչի մեղքով` սահմանված ժամկետներից շուտ օգտագործման համար ոչ պիտանի դարձած համազգեստը փոխարինվում է նորով` բուսասանիտարիայի պետական տեսուչի սեփական միջոցների հաշվին:
7. Բուսասանիտարիայի պետական տեսուչի համազգեստի առանձին մասերը կրելու առանձնահատկություններն են`
1) գլխարկ կրելու կարգը` ամենօրյա կիսաբրդե գլխարկը կամ ձմեռային ականջակալներով գլխարկը կրում են ուղիղ և ազատ ոճով: Թույլատրվում է ականջակալներով գլխարկի ականջակալներն իջեցնել օդի ջերմաստիճանը ցածր լինելու դեպքում.
2) վերնազգեստը կրելու կարգը`
ա. ձմեռային վերարկուն բուսասանիտարիայի տղամարդ պետական տեսուչները կրում են բոլոր կոճակները դեպի աջ կոճկված վիճակում, իսկ բուսասանիտարիայի կին պետական տեսուչները` բոլոր կոճակները դեպի ձախ կոճկված վիճակում,
բ. ամենօրյա ձմեռային բաճկոնը կոճկվում է ամրակներով և բոլոր կոճակներով, իսկ ամառային ամենօրյա բաճկոնը թույլատրվում է կրել չկոճկված,
գ. նշված բոլոր վերնազգեստները, ինչպես նաև տաբատը պետք է կրել մաքուր, հարդարված և արդուկված վիճակում,
դ. այդ համազգեստների գրպանների կափույրները պետք է դուրս հանված լինեն.
3) վերնաշապիկը և փողկապը կրելու կարգը`
ա. վերնաշապիկը կրում են բաճկոնի հետ: Վերնաշապիկի օձիքի հետևի մասը պետք է լինի բաճկոնի օձիքի հետ հավասար կամ 0.5 սմ-ից ոչ ավելի բարձրությամբ,
բ. թույլատրվում է վերնաշապիկը կրել առանց բաճկոնի` փողկապով, իսկ կարճաթև վերնաշապիկը` առանց փողկապի,
գ. վերնաշապիկը պետք է լինի մաքուր, արդուկված: Վերնաշապիկը կոճկվում է դեպի աջ (կին տեսուչների համար` դեպի ձախ),
դ. փողկապն ամրացվում է վերնաշապիկին: Այն պետք է միշտ լինի մաքուր և կոկիկ վիճակում.
4) կոշիկներ կրելու կարգը` համազգեստ կրելու դեպքում կոշիկները պետք է լինեն սահմանված նմուշի, պատշաճ և մշտապես մաքուր վիճակում, կիսաճտքավոր կոշիկների քուղերը` կապված:
8. Բուսասանիտարիայի պետական տեսուչի ձմեռային և ամառային համազգեստը կրելու ժամկետներն են`
._________________________________________________________________________.
|NN | Համազգեստի տարրերը |Կրելու ժամկետը|Քանակը` մեկ |
|ը/կ| | (տարի) |մարդու համար|
| | | | (հատ) |
|___|_________________________________________|______________|____________|
|1 | 2 | 3 | 4 |
|_________________________________________________________________________|
| Բուսասանիտարիայի տղամարդ պետական տեսուչ |
|_________________________________________________________________________|
|1. |Գլխարկ` ձմեռային |3 |1 |
|___|_________________________________________|______________|____________|
|2. |Կիսավերարկու` ձմեռային |3 |1 |
|___|_________________________________________|______________|____________|
|3. |Բաճկոն` ձմեռային |3 |1 |
|___|_________________________________________|______________|____________|
|4. |Վերնաշապիկ` երկարաթև, ձմեռային |1 |2 |
|___|_________________________________________|______________|____________|
|5. |Տաբատ` ձմեռային |3 |2 |
|___|_________________________________________|______________|____________|
|6. |Կիսաճտքավոր կոշիկ` ձմեռային |1 |1 զույգ |
|___|_________________________________________|______________|____________|
|7. |Գլխարկ (կեպի)` ամառային |1 |1 |
|___|_________________________________________|______________|____________|
|8. |Բաճկոն` ամառային |3 |2 |
|___|_________________________________________|______________|____________|
|9. |Տաբատ` ամառային |2 |2 |
|___|_________________________________________|______________|____________|
|10.|Վերնաշապիկ` կարճաթև, ամառային |1 |2 |
|___|_________________________________________|______________|____________|
|11.|Կոշիկ` ամառային |1 |2 զույգ |
|___|_________________________________________|______________|____________|
|12.|Փողկապ |1 |2 |
|___|_________________________________________|______________|____________|
|13.|Գոտի` կաշվե |1 |2 |
|_________________________________________________________________________|
| Բուսասանիտարիայի կին պետական տեսուչ |
|_________________________________________________________________________|
|14.|Գլխարկ` ձմեռային |3 |1 |
|___|_________________________________________|______________|____________|
|15.|Կիսավերարկու` ձմեռային |3 |1 |
|___|_________________________________________|______________|____________|
|16.|Բաճկոն` ձմեռային |3 |1 |
|___|_________________________________________|______________|____________|
|17.|Կիսաշրջազգեստ` ձմեռային |3 |2 |
|___|_________________________________________|______________|____________|
|18.|Տաբատ` ձմեռային |3 |2 |
|___|_________________________________________|______________|____________|
|19.|Վերնաշապիկ` երկարաթև, ձմեռային |1 |2 |
|___|_________________________________________|______________|____________|
|20.|Կիսաճտքավոր կոշիկ` ձմեռային |1 |1 զույգ |
|___|_________________________________________|______________|____________|
|21.|Գլխարկ` ամառային |1 |1 |
|___|_________________________________________|______________|____________|
|22.|Բաճկոն` ամառային |3 |2 |
|___|_________________________________________|______________|____________|
|23.|Կիսաշրջազգեստ` ամառային |3 |2 |
|___|_________________________________________|______________|____________|
|24.|Տաբատ` ամառային |3 |2 |
|___|_________________________________________|______________|____________|
|25.|Վերնաշապիկ` կարճաթև, ամառային |1 |2 |
|___|_________________________________________|______________|____________|
|26.|Կոշիկ` ամառային |1 |2 զույգ |
|___|_________________________________________|______________|____________|
|27.|Փողկապ |1 |2 |
|___|_________________________________________|______________|____________|
|28.|Գոտի` կաշվե |1 |2 |
._________________________________________________________________________.
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2007 թվականի սեպտեմբերի 13-ի
N 1081-Ն որոշման
ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՈՒՉԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՁԵՎԸ
I. ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՏՂԱՄԱՐԴ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՈՒՉԻ ՁՄԵՌԱՅԻՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ
1. Ականջակալներով գլխարկ` մահուդից, բաղկացած է թասակից, ականջակալներից և ճակատային մասից (հովհար): Ականջակալները և հովհարը մշակված են արհեստական մորթուց` թասակը չորստապականի է (N 1 նկար):
2. Կիսավերարկու` կանաչավուն բրդյա կտորից, տաք ներդիրով, կոճկվում է կափույրով ծածկվող շղթայով: Լանջափեշերի ներքևի մասում մեծ վրադիր կափույրներով գրպաններ են, իսկ վերևի մասում` թեք ներկարված փոքր գրպաններ: Աստառը մետաքսյա է, ձախ կողմում ունի ծոցագրպան (N 1 նկար):
3. Տաբատ` կանաչավուն բրդյա կտորից, տաք ներդիրով, ուղիղ ուրվագծով, գոտին` գոտեմակօղերով, մետաքսե աստառով, կոճկվում է կոճակով և շղթայով: Արտաքին գրպաններն ուղիղ են: Հետևամասի աջ կողմում ունի կոճակով կոճկվող կափույրով գրպան (N 1 նկար):
4. Երկարաթև վերնաշապիկ` բաց կանաչավուն բրդյա կտորից, ծալովի օձիքով, ձախ կրծքամասում` կոճակով կոճկվող արտաքին գրպան, կոճկվում է 8 կոճակով: Թևքերը երկար են, ուղիղ թևքածալերով (N 1 նկար):
5. Բաճկոն` կանաչավուն բրդյա կտորից, միափեշ, միակողմ 4 կոճակով, հետ ծալված օձիքով: Կրծքամասի երկու կողմում տեղադրված են ներկարված շերտակարերով, իսկ փեշերի ներքևի մասում` վրադիր գրպաններ` կափույրներով: Աստառը մետաքսյա է, ձախ կողմում ունի ծոցագրպան (N 1 նկար):
6. Ձմեռային կիսաճտքավոր կոշիկ` սև գույնի կաշվից, տաք, բնական մորթուց (ոչխարի) ներդիրով: Ներբանները` ռելիեֆային, կոճկվում է շղթայով (N 1 նկար):
II. ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՏՂԱՄԱՐԴ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՈՒՉԻ ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ
7. Գլխարկ` բրդյա, ամենօրյա` մուգ կանաչավուն կտորից, դարչնագույն երիզով և գլխարկաբոլորքով: Բաղկացած է սև, լաքապատ գլխարկահովհարից և գլխարկաբոլորքից: Գլխարկաբոլորքը դարչնագույն է` 2 մմ լայնքով կարմիր մահուդից կարված երիզով: Գլխարկահովհարը սև է, լաքապատ (N 3 նկար):
8. Ամառային տաբատ` կանաչ բամբակյա կտորից, ուղիղ ուրվագծով: Գոտին` գոտեմակօղերով, կոճկվում է 2 կոճակով և շղթայով: Արտաքին գրպաններն ուղիղ են: Հետևամասի աջ կողմում ունի կոճակով կոճկվող կափույրով գրպան (N 3 նկար):
9. Կարճաթև վերնաշապիկ` կանաչ բամբակյա կտորից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով կոճկվող կափույրով գրպան, կոճկվում է 8 կոճակով, թևքերը կարճ են, ուղիղ թևքածալով (N 3 նկար):
10. Գարնանային-աշնանային բաճկոն` կանաչ բամբակյա կտորից, ուղիղ ուրվագծով, կոճկվում է 4 կոճակով: Օձիքը` ծալովի, լանջափեշերի ներքևի մասերում վրադիր կափույրներով գրպաններ են, իսկ վերևի մասում` թեք ներկարված փոքր գրպաններ: Աստառը մետաքսյա է, ձախ կողմում ունի ծոցագրպան (N 3 նկար):
11. Ամառային կոշիկ` սև կամ մուգ դարչնագույն կաշվից, երեսամասը` ամբողջական առաջամասով (N 3 նկար):
III. ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ԿԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՈՒՉԻ ՁՄԵՌԱՅԻՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ
12. Ականջակալներով գլխարկ` մահուդից, բաղկացած է թասակից, ականջակալներից և ճակատային մասից (հովհար): Ականջակալները և հովհարը մշակված արհեստական մորթուց են: Թասակը չորստապականի է (N 2 նկար):
13. Ձմեռային կիսավերարկու` մուգ կանաչավուն կտորից, հանովի մորթե օձիքով, ուղիղ ուրվագծով և տաք ներդիրով: Կոճկվում է կափույրով ծածկվող շղթայով: Լանջափեշերի ներքևի մասերում մեծ, վրադիր գրպաններ են, իսկ վերևի մասում` թեք ներկարված փոքր գրպաններ: Աստառը մետաքսից է, ձախ կողմում ունի ծոցագրպան (N 2 նկար):
14. Կիսաշրջազգեստ` կանաչավուն բրդյա կտորից, ուղիղ կտրվածքով, երկկողմանի սեղմոններով, հետևամասում կափույրով ճեղքվածքով: Աստառը մետաքսից է: Ձախ կողմից կոճկվում է շղթայով (N 2 նկար):
15. Բաճկոն` մուգ կանաչավուն բրդյա կտորից: Միափեշ, միակողմ 3 ոսկեգույն կոճակով, վրադիր օձիքով: Կրծքամասը` սեղմոններով, փեշերի ներքևի մասերում ունի ներկարվող, կափույրով թեք գրպաններ: Աստառը մետաքսյա է, ձախ կողմում ունի ծոցագրպան (N 2 նկար):
16. Տաբատ` կանաչավուն բրդյա կտորից, տաք ներդիրով, ուղիղ ուրվագծով, գոտին` գոտեմակօղերով, մետաքսե աստառով, կոճկվում է կոճակով և շղթայով: Արտաքին գրպաններն ուղիղ են: Հետևամասի աջ կողմում ունի կոճակով կոճկվող կափույրով գրպան (N 5 նկար):
17. Երկարաթև վերնաշապիկ` սպիտակ մետաքսից, օձիքը` հետ ծալված, կրծքամասը` սեղմոններով, կոճկվում է կափույրով ծածկված 8 կոճակով (N 4 նկար):
18. Կիսաճտքավոր կոշիկ` սև, բնական կաշվից, երեսամասը` ամբողջական կամ կտրված քթամասով, երկարացված ձևավոր հետևամասով, կրունկը` մինչև 5,5 սմ բարձրությամբ: Լեզվակը միացված է առաջամասին (N 4 նկար):
IV. ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ԿԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՈՒՉԻ ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ
19. Գլխարկ` մուգ կանաչավուն բրդյա կտորից, լայնեզր, սև երիզով, բաղկացած է թասակից և դեպի վերև ծալված գլխարկաբոլորքից: Գլխարկաբոլորքը ճակատային մասում ունի 10 սմ լայնություն, իսկ հետևի մասում` 7 սմ: Գլխարկաբոլորքի եզրը կարված է 2 մմ լայնքով մահուդից (N 4 նկար):
20. Բաճկոն` սինթետիկ, մուգ կանաչավուն գույնի: Միափեշ, միակողմ 3 ոսկեգույն կոճակով, վրադիր օձիքով: Կրծքամասը` սեղմոններով, փեշերի ներքևի մասերում ունի ներկարվող, կափույրով թեք գրպաններ: Աստառը մետաքսյա է, ձախ կողմում ունի ծոցագրպան (N 4 նկար):
21. Տաբատ` կանաչ բամբակյա կտորից, ուղիղ ուրվագծով: Գոտին` գոտեմակօղերով, կոճկվում է 2 կոճակով և շղթայով: Արտաքին գրպաններն ուղիղ են: Հետևամասի աջ կողմում ունի կոճակով կոճկվող կափույրով գրպան (N 6 նկար):
22. Կիսաշրջազգեստ` բամբակյա, մուգ կանաչավուն գույնի, ուղիղ կարվածքով, երկկողմանի սեղմոններով, աստառով: Գոտին` գոտեմակօղերով, կողամասում կոճկվում է մեկ կոճակով և շղթայով (N 4 նկար):
23. Կարճաթև վերնաշապիկ` սպիտակ մետաքսից, օձիքը` հետ ծալված, կրծքամասը` սեղմոններով, կոճկվում է կափույրով ծածկված 8 կոճակով (N 4 նկար):
24. Կոշիկ` սև կաշվից, երեսամասը` ամբողջական, հետևամասի և առաջամասի հետ ծալված եզրերով: Ներբանը ձևավորված է պոլիուրէթանից` սոսնձով միացման մեթոդով: Կրունկն ունի մինչև 5 սմ բարձրություն, փաթաթված է երեսամասի նյութով (N 4 նկար):
_____________________________
ԻՐՏԵԿ - նկարները չեն բերվում