Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑ ...

 

 

040.0899.130807

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 օգոստոսի 2007 թվականի N 899-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՍՈՂԱՆՔԱՅԻՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1851-Ն որոշման 13.1-ին կետին համապատասխան «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված «Սողանքային գոտիներում գտնվող բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրների լուծման ծրագիր» ծախսային ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 խմբի 02 ենթախմբի «05. Սողանքային գոտիներում գտնվող բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրների լուծման ծրագիր» ծախսային ծրագրով նախատեսված 215,000.0 հազ. դրամ հատկացումներից ուղղել`

1) 4,500.0 հազ. դրամը` Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Մարտիրոս գյուղի տարածքի նախնական տեղազննության և բնակելի տների տեխնիկական վիճակի հետազննության աշխատանքների կատարմանը.

2) 210,500.0 հազ. դրամը` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ողջաբերդ, Սյունիքի մարզի Քարահունջ և Վայոց ձորի մարզի Մարտիրոս գյուղերի սողանքային գոտիներում գտնվող բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրների կարգավորման միջոցառումների իրականացմանը:

2. Սահմանել, որ`

1) «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 խմբի 02 ենթախմբի «05. Սողանքային գոտիներում գտնվող բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրների լուծման ծրագիր» ծախսային ծրագրի շրջանակներում ենթակա են լուծման`

ա. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 13-ի N 52 արձանագրային որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի առաջնահերթ պետական աջակցություն ստացող բնակիչների ցանկում ընդգրկված և նախորդ տարիներին պետական միջոցների հաշվին իրականացված ծրագրերի շրջանակներում աջակցություն չստացած անձանց բնակարանային խնդիրները` վկայագրի միջոցով շուկայից բնակելի տուն (բնակարան) ձեռք բերելու համար աջակցության տրամադրմամբ,

բ. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի բնակավայրերի սողանքային գոտիներում գտնվող բնակելի տների տեխնիկական վիճակի վերաբերյալ «Կառուցապատում և սպասարկում ԳԱԿ» փակ բաժնետիրական ընկերության կողմից 2004 թվականի ընթացքում կատարված ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի 4-րդ և 5-րդ աստիճանների վնասվածության` գնահատված բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրները` վկայագրի միջոցով շուկայից բնակելի տուն (բնակարան) ձեռք բերելու համար աջակցության տրամադրմամբ` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի ներկայացմամբ` Քարահունջի գյուղական համայնքի ղեկավարի կողմից հաստատված ցուցակի համաձայն,

գ. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Մարտիրոս գյուղի սողանքային գոտում գտնվող բնակելի տների տեխնիկական վիճակի վերաբերյալ սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված հետազննության աշխատանքների արդյունքների հիման վրա 4-րդ և 5-րդ աստիճանների վնասվածության` գնահատված բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրները` ուղղակի ֆինանսավորման միջոցով անհատական բնակարանային շինարարության իրականացմամբ` Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի ներկայացմամբ` Մարտիրոսի գյուղական համայնքի ղեկավարի կողմից հաստատված ցուցակի համաձայն` արդյունքները Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնելու համար.

2) ուղղակի ֆինանսավորմամբ անհատական բնակարանային շինարարության իրականացման միջոցով սողանքային գոտիներում գտնվող բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրների լուծման տարբերակի կիրառման համար հիմք է հանդիսանում բնակավայրի վարչական սահմաններում կառուցապատման համար առաջարկվող տարածքները` անհրաժեշտության դեպքում ինժեներապաշտպան միջոցառումների իրականացմամբ ինժեներաերկրաբանական տեսանկյունից բարենպաստ լինելու վերաբերյալ մասնագիտական կազմակերպության կողմից տրված դրական եզրակացության առկայությունը, և այդ տարածքում անհատական բնակարանային շինարարությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ծրագրերի բնակելի տների նախագծերի և կատալոգի կիրառման կարգը հաստատելու մասին» N 1136-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգին համապատասխան` նախագծային փաստաթղթերի հիման վրա.

3) շուկայից բնակելի տուն (բնակարան) ձեռք բերելու համար վկայագրի միջոցով աջակցության տրամադրմամբ` սողանքային գոտիներում գտնվող բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրների լուծման տարբերակի կիրառման դեպքում աջակցություն ստանալու իրավունք ունեցող (այսուհետ` հավակնող) անձանց`

ա. վկայագրի միջոցով աջակցությունը տրամադրվում է սողանքային գոտիներում գտնվող բնակելի տների քանդման պարտադիր պայմանով,

բ. վկայագրերի և դրանց միջոցով աջակցության տրամադրման գործընթացն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով բնակարանային ապահովման ծրագրի մասին» N 309-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգին համապատասխան` առանց Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հետ վկայագրի միջոցով աջակցություն ստանալու հավակնող անձանց սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան առկայության մասին տեղեկատվության ճշտման: Վկայագրի միջոցով բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման ժամկետը սահմանվում է 4 ամիս` առանց ժամկետի երկարաձգման հնարավորության,

գ. վկայագրի միջոցով տրամադրվող աջակցության սահմանային չափը որոշվում է` ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 309-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 9-րդ կետով սահմանված նորմերով աջակցություն ստանալու իրավունք ունեցող անձի ընտանիքին (անձերի թվով) հասանելիք բնակարանի չափից և աջակցության տրամադրման պահին նախորդող եռամսյակի դրությամբ տվյալ տարածաշրջանի նախկին շրջկենտրոնում բնակելի տան մեկ քառ. մետր ընդհանուր մակերեսի ձևավորված շուկայական միջին արժեքից` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրամադրված տվյալների հիման վրա,

դ. վկայագրի միջոցով ձեռք բերվող բնակելի տան (բնակարանի) արժեքը փոխանցվում է վաճառողի կողմից ընտրված բանկում բացված ցպահանջ ավանդային հաշվին` կնքված առուվաճառքի պայմանագրի հիման վրա` 60 տոկոսի և 40 տոկոսի համամասնությամբ: Ընդ որում, վաճառված բնակարանի արժեքի 40 տոկոսին համապատասխանող գումարը փոխանցվում է վաճառողի կողմից վաճառված բնակելի տան (բնակարանի)` սահմանված կարգով ստորագրված հանձնման-ընդունման ակտն ստանալուց և վկայագրի միջոցով աջակցություն ստացողի կողմից սողանքային գոտում գտնվող բնակելի տան քանդման մասին համայնքի ղեկավարի կողմից տրված տեղեկանքը ներկայացվելուց հետո,

ե. աջակցության տրամադրման պայմանների կատարման և տրամադրվող գումարի նպատակային օգտագործման նկատմամբ կողմերի պարտավորություններն ու իրավունքները կարգավորվում են համապատասխան մարզպետի և քաղաքացու միջև` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` վկայագրի միջոցով բնակելի տուն (բնակարան) ձեռք բերելու համար աջակցություն ստանալու մասին կնքված պայմանագրով.

4) սողանքային գոտիներում բնակեցումից ազատված բնակելի տները ենթակա են քանդման` սեփականատերերի միջոցներով և ուժերով` աջակցության միջոցով բնակելի տան (բնակարանի) ձեռքբերումից կամ անհատական բնակելի տան շինարարական աշխատանքների ավարտման փաստագրումից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում.

5) բնակելի տների քանդումից և սահմանված կարգով գույքային իրավունքների պետական գրանցումից հետո դրանց զբաղեցրած հողամասի նպատակային նշանակությունը համարվում է փոփոխված` գյուղատնտեսականի, և քաղաքացիներն այդ հողամասի նկատմամբ պահպանում են բոլոր գույքային իրավունքները:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին`

1) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի «ա» և «բ» պարբերությունների համաձայն վկայագրի միջոցով շուկայից բնակելի տուն (բնակարան) ձեռք բերելու համար աջակցություն ստանալու հավակնող անձանց վկայագրերի տրամադրման գործընթացն ավարտել 2007 թվականի օգոստոսի 30-ին.

2) մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված աշխատանքների կատարումը և դրանց ավարտից հետո Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Մարտիրոս գյուղի վարչական սահմաններում համալիր ինժեներաերկրաբանական հետազննության աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների վերաբերյալ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.08.2007
N 899-Ն
Որոշում