040.0703.220607
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
14 հունիսի 2007 թվականի N 703-Ն
i
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ Մ. ՀԵՐԱՑՈՒ ՓՈՂՈՑԻՆ ԵՎ ՄՅԱՍՆԻԿՅԱՆ ՊՈՂՈՏԱՅԻՆ ՀԱՐՈՂ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Երևանի քաղաքապետի միջնորդությունը և ղեկավարվելով «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, 7-րդ ու 18-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հիմք ընդունելով Երևան քաղաքի գլխավոր հատակագիծն ու դրա հիման վրա ձևավորված` քաղաքի զարգացման հեռանկարները` սույն որոշման հավելվածում նշված տարածքում` համաձայն հավելվածի, իրականացվող քաղաքաշինական (ճանապարհաշինական) ծրագրի նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ` հետևյալ հիմնավորումներով`
1) նշված քաղաքաշինական (ճանապարհաշինական) ծրագրի (Երևան քաղաքի հյուսիսը հարավին միացնող մայրուղու` Մ. Հերացու փողոցին, Մյասնիկյան պողոտային և Սարալանջի փողոցին հարող մասի կառուցապատման) իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերից և ծրագրի արդյունավետ իրագործումը չի կարող ապահովվել առանց նշված սեփականության օբյեկտների օտարման, քանի որ`
ա. մայրուղու կառուցմամբ մասնակիորեն (քաղաքի տվյալ հատվածում) կլուծվի Երևան քաղաքում ավտոմեքենաների թվի կտրուկ ավելացման պատճառով առաջացած ավտոճանապարհների գերբեռնվածության բեռնաթափման խնդիրը, որը հետևյալն է`
բ. Երևանի կազմավորված մայրուղային ցանցը, որի ընդհանուր տարածականությունը կազմում է 214 կմ, խտությունը` 1.7 կմ2 (նորմատիվը` 2.2 կմ2) այսօր պայմանավորված է քաղաքի կենտրոնով տարանցիկ տրանսպորտային կապերի իրականացմամբ, ինչը հանգեցրել է քաղաքի կենտրոնական մասում տրանսպորտային հոսքերի անթույլատրելի խտացմանը և դրա հիմնական մայրուղիների գերբեռնվածությանը,
գ. չեն ապահովված հյուսիս-հարավ, արևմուտք-արևելք ուղիղ մայրուղային տրանսպորտային կապերը, որոնք այսօր հիմնականում իրականացվում են հարակից ծայրամասային բնակելի տարածաշրջանները միմյանց կապող շառավղային մայրուղիներով և որոնք իրար են կապված քաղաքի կենտրոնական մասով: Այդ պատճառով քաղաքի գլխավոր փողոցների մեծ մասը գերծանրաբեռնված է, իսկ կարևորագույն տրանսպորտային հանգույցներն ու խաչմերուկները գործնականում կանոնակարգված չեն: Քաղաքի ճանապարհային ցանցի այդպիսի իրավիճակը կտրուկ նվազեցնում է տրանսպորտի երթևեկության անվտանգության մակարդակը, նպաստում է խցանումների առաջացմանը, և, որպես հետևանք, հաճախակի հանգեցնում է տրանսպորտի երթևեկության կաթվածահարմանը և շրջակա միջավայրի էկոլոգիական վիճակի վատթարացմանը,
դ. հյուսիսային և հյուսիս-արևելյան տարածաշրջաններից եկող տրանսպորտային հոսքերը, փաստորեն, իրենց վրա են վերցնում, բացառապես, Բաղրամյան և Ազատության պողոտաները և Սարալանջի փողոցը, որոնք իրենց բոլոր պարամետրերով արդեն չեն համապատասխանում ժամանակի պահանջներին: Մշտական խցանումներ են առաջանում օպերայի ու Աբովյանի պուրակի շրջակայքում և քաղաքի կենտրոնի տրանսպորտային այլ հանգույցներում: Գերբեռնված ռեժիմով են գործում Աբովյան, Տերյան, Նալբանդյան փողոցները: Ավտոմեքենաների թվի ավելացման պայմաններում առանց նոր, արմատական, համակարգային լուծումների, տրանսպորտային շարժման կանոնակարգումն արդեն անհնար է,
ե. հաշվի առնելով նշված հանգամանքը, որպես մայրուղային ցանցի հիմնական կառուցվածքաստեղծ հիմնակմախք` Երևանի նոր` 2005 թվականի գլխավոր հատակագծում նախատեսված է «Օղակաձև արագընթաց ճանապարհների համակարգը», որը եզերում է քաղաքի կենտրոնական մասը, տարբեր մակարդակներում տրանսպորտի երթևեկության ուղեբաժանքներով` քաղաքի կենտրոնը ծայրամասային բնակելի շրջանների հետ կապող շառավղային մայրուղիների հատումներում, օրգանապես ներառվում է գոյություն ունեցող մայրուղային ցանցի մեջ,
զ. նոր օղակաձև ճանապարհի իրականացման համար, որի ընդհանուր երկարությունը 7.3 կմ է, առաջնահերթ խնդիր է Մ. Հերացու, Սարալանջի և Ավետիսյան փողոցները միացնող նոր ճանապարհի կառուցումը, որի երկարությունը 2.3 կմ է: Նոր ճանապարհն սկսվում է Ավետիսյան փողոցից և ավարտվում Մյասնիկյան փողոցի վրա գտնվող երկաթգծի կամրջով` տարբեր մակարդակի ուղիներով կապելով Սարալանջի և Մ. Հերացու փողոցները,
է. նշված արագընթաց ճանապարհն արդյունքում կունենա պարփակ ձև, ինչը թույլ կտա տարանցիկ հոսքի մեծ մասը հանել քաղաքի կենտրոնական մասից և զգալիորեն նվազեցնել Բաղրամյան, Սարալանջի փողոցների, Ազատության և Մյասնիկյան պողոտաների տրանսպորտային բեռնվածության մակարդակը,
ը. միաժամանակ արագընթաց ճանապարհի կառուցումը կունենա նաև մեծ բնապահպանական նշանակություն: Հայտնի է, որ այսօր Երևանում օդի աղտոտվածության և աղմուկի հիմնական աղբյուրը հանդիսանում է ավտոտրանսպորտը: Քաղաքի կենտրոնական մասի օդի աղտոտվածությունը թույլատրելի մակարդակը գերազանցում է երեք անգամ, իսկ աղմուկի մակարդակը` 5 դԲԱ-ով,
թ. ճանապարհի կառուցումից հետո 15-20 տոկոսով կկրճատվի ուղևորության ժամանակը` զգալիորեն նվազեցնելով վառելիքի ծախսը, և տրանսպորտային միջոցների արտանետումների քանակը: Օդի աղտոտվածության և աղմուկի մակարդակները կնվազեն մոտավորապես 30 տոկոսով: ԵՎ հակառակը` նախագծի իրականացման ուշացման դեպքում բնապահպանական վիճակը կարող է վատթարանալ մոտավորապես երկու անգամ` հաշվի առնելով մոտակա տասը տարում տրանսպորտի զարգացման տեմպերը,
ժ. հաշվի առնելով նշվածները` մշակվել է Տիգրան Մեծ - Նորք - Մ. Հերացի - Սարալանջի - Ավետիսյան - Ռիգայի - Վաղարշյան - Կոմիտաս - Դավթաշենի կամուրջ - Աշտարակ հետագծով ավտոմայրուղու նախագիծ,
ժա. առաջին հերթին նախատեսված է իրականացնել Մ. Հերացի - Սարալանջի - Ավետիսյան - Փափազյան հատվածներով մայրուղին, որի պարամետրերը` լայնություն, ուղղագիծ-հորիզոնական նիշերն ընդունված են այն հաշվով, որպեսզի, առանց որևէ պարամետրի վերափոխման և վերակառուցման, ապահովվի մայրուղու 1-ին հերթի 2-րդ փուլի խիստ կարևոր Նորք - վերակառուցված քարե կամուրջ - նոր մայրուղի կապի իրականացումը: Տվյալ կապի իրականացումը Նորք-Մարաշ թաղամասից եկող տրանսպորտային հիմնական հոսքն ուղղակիորեն կկապվի Սարալանջի, Ազատության, Կոմիտասի փողոցների հետ` նվազեցնելով Մ. Հերացի, Աբովյանի պուրակ տրանսպորտային բեռնվածությունը:
2. Սահմանել, որ`
1) սույն որոշման 1-ին կետում նշված տարածքների ձեռք բերող է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս Երևանի քաղաքապետը,
2) գերակա հանրային շահ ճանաչված տարածքների և դրանցում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման և սեփականության օտարման գործառույթներն իրականացնում է Երևանի քաղաքապետը,
3) սեփականության ձեռքբերման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը 2008 թվականի հունվարի 1-ն է,
4) գերակա հանրային շահ ճանաչված տարածքների և դրանցում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի N 108-Ն որոշմամբ սահմանված կարգով և որոշմամբ սահմանված նկարագրության արձանագրության օրինակելի ձևով:
3. Երևանի քաղաքապետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող 7-օրյա ժամկետում որոշումը պատշաճ ձևով ուղարկել օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշմամբ նախատեսված իրացման աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ 310 815100 դրամ գումարի վերաբերյալ:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2007 թվականի հունիսի 14-ի
N 703-Ն որոշման
ՑԱՆԿ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ Մ. ՀԵՐԱՑՈՒ ՓՈՂՈՑԻՆ ԵՎ ՄՅԱՍՆԻԿՅԱՆ ՊՈՂՈՏԱՅԻՆ ՀԱՐՈՂ, ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
._________________________________________________________________________.
| Գտնվելու վայրը և նկարագիրը |Նկարագրության |
| |արձանագրության |
| |կազմման ժամկետը|
|_________________________________________________________|_______________|
|Ամառանոցային 1 հասցեում գտնվող բնակելի տուն, Մյասնիկյան 4| 4 ամիս |
|հասցեում գտնվող բենզալցակայան, Մյասնիկյան 4/26 հասցեում | |
|գտնվող բնակելի տուն (ինքնակամ), Մյասնիկյան 4/12 հասցեում | |
|գտնվող բնակելի տուն (ինքնակամ), Աբովյան պուրակ (վերին | |
|ջրամբար), Մյասնիկյան 9/4 հասցեում գտնվող բնակելի տուն, | |
|Նորքի 1 հասցեում գտնվող բնակելի տուն (սխեման կցվում է) | |
._________________________________________________________________________.
___________________________
ԻՐՏԵԿ - սխեման չի բերվում