(ուժը կորցրել է 20.05.02 ՀՕ-327 օրենք)
i
010.0109.150597
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է Ազգային Ժողովի կողմից
«16» ապրիլի 1997 թ.
ՕԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ
i
Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության օդային տարածքի (այսուհետ` օդային տարածք) օգտագործման իրավական, տնտեսական և կազմակերպական հիմնադրույթները:
Օդային տարածքի օգտագործման պետական կարգավորումն ուղղված է օդային փոխադրումների, ավիացիոն աշխատանքների և այլ ծառայությունների մատուցման բնագավառում պետության, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիների կարիքների բավարարմանը, թռիչքների անվտանգության, պետության պաշտպանունակության և անվտանգության ապահովմանը:
ԳԼՈՒԽ I
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ՀՈԴՎԱԾ 1. |
ՕԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ |
Հայաստանի Հանրապետության օդային տարածքը գտնվում է Հայաստանի Հանրապետության լիակատար և բացառիկ ինքնիշխանության ներքո:
Օդային տարածքը Հայաստանի Հանրապետության ցամաքային և ջրային տարածքի վրայի օդային տարածությունն է, որը համարվում է Հայաստանի Հանրապետության տարածքի անբաժանելի մասը:
ՀՈԴՎԱԾ 2. |
ՕԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ |
Օդային տարածքի օգտագործումը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենքով և այլ իրավական ակտերով:
ՀՈԴՎԱԾ 3. |
ՕՐԵՆՔԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ |
Սույն օրենքի գործողությունը տարածվում է ողջ օդային տարածքի վրա, ինչպես նաև դրանից դուրս այն օդային տարածքների վրա, որտեղ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի համաձայն, օդային երթևեկության կազմակերպման պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը:
Սույն օրենքի գործողությունը տարածվում է վերոհիշյալ օդային տարածքներն օգտագործող` Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա բոլոր սուբյեկտների, օդային տարածքի օգտագործման կազմակերպումն ու օդային երթևեկության սպասարկումն իրականացնող բոլոր մարմինների վրա:
ՀՈԴՎԱԾ 4. |
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ |
Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են պայմանագրերի նորմերը:
ԳԼՈՒԽ II
ՕԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
ՀՈԴՎԱԾ 5. |
ՕԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ |
Օդային տարածքի օգտագործումը ներառում է` օդանավերի թռիչքները, հրթիռների արձակումը, ինչպես նաև պայթեցման աշխատանքները, օդային տարածքում օբյեկտների անշարժ և շարժման մեջ գտնվելու հետ կապված այլ գործունեություն, որը կարող է սպառնալ օդային երթևեկությանը:
Օդային տարածքի օգտագործողներն օդային տարածքի օգտագործման իրավունք են ստանում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
i
ՀՈԴՎԱԾ 6. |
ՕԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ |
Օդային տարածքի օգտագործման պետական կարգավորումն իրականացնում է քաղաքացիական ավիացիայի ոլորտում լիազորված պետական կառավարման մարմինը, որը սահմանում է օդային տարածքի օգտագործման կարգը և իրականացնում է այդ կարգի պահպանման նկատմամբ պետական հսկողությունը:
Օդային տարածքի օգտագործման հատուկ պայմաններում օդային տարածքի օգտագործման պետական կարգավորումն իրականացնում է պաշտպանության ոլորտում լիազորված պետական կառավարման մարմինը:
ՀՈԴՎԱԾ 7. |
ՕԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ |
Օդային տարածքի օգտագործման պայմանները համարվում են հատուկ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ռազմական դրության հայտարարման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վրա օդային հարձակմանը հակահարված տալու, պետական սահմանի և օդային տարածքի օգտագործման կարգի խախտումները կանխարգելելու կամ խափանելու ուղղությամբ գործողություններ ձեռնարկելու անհրաժեշտության դեպքերում:
ՀՈԴՎԱԾ 8. |
ՍԵՐՏԻՖԻԿԱՑՈՒՄՆ ՈՒ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ ՕԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ |
Օդային տարածքի օգտագործման կազմակերպման և օդային երթևեկության կառավարման գործունեությունը, ինչպես նաև այդ բնագավառում աշխատող մասնագետները ենթակա են լիցենզավորման:
Օդային տարածքի օգտագործման կազմակերպման և օդային երթևեկության կառավարման բնագավառում օգտագործվող սարքավորումները և օդային մայրուղիները ենթակա են պարտադիր սերտիֆիկացման: Համապատասխան սերտիֆիկատների բացակայության դեպքում դրանց շահագործումն արգելվում է:
Լիցենզավորումը և սերտիֆիկացումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
ԳԼՈՒԽ III
ՕԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
ՀՈԴՎԱԾ 9. |
ՕԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ |
Օդային տարածքի օգտագործումը կազմակերպում են քաղաքացիական ավիացիայի ոլորտում լիազորված պետական կառավարման մարմինը և օդային տարածքի օգտագործումը և օդային երթևեկությունը կազմակերպող մասնագիտացված կազմակերպությունը:
ՀՈԴՎԱԾ 10. |
ՕԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ |
Օդային տարածքի օգտագործման կազմակերպական խնդիրներն են`
ա) օդային տարածքի կառուցվածքի որոշումը.
բ) օդային տարածքի օգտագործման գերակայությունների համակարգի կիրառման ապահովումը.
գ) օդային տարածքի օգտագործման պլանավորումը և համակարգումը.
դ) օդային երթևեկության կազմակերպումը.
ե) օդային տարածքի օգտագործման կարգի իրականացման նկատմամբ հսկողությունը.
զ) օդային տարածքի օգտագործման սահմանափակումների և արգելքների իրականացումը:
ՀՈԴՎԱԾ 11. |
ՕԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ |
Օդային տարածքի կառուցվածքը ներառում է` օդային երթևեկության սպասարկման շրջանները, գոտիներն ու երթուղիները, աերոդրոմների և աերոդրոմային հանգույցների շրջանները, օդանավերի թռիչքների հատուկ գոտիներն ու հատուկ երթուղիները, արգելված, վտանգավոր և սահմանափակ օգտագործման գոտիները, պայթեցման աշխատանքների, հրաձգարանների շրջանները, օդային տարածքում գործունեության իրականացման նպատակով սահմանվող այլ տարրեր:
Օդային տարածքի կառուցվածքի որոշման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
ՀՈԴՎԱԾ 12. |
ՕԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ |
Տարբեր օգտագործողների կողմից օդային տարածքի միաժամանակ օգտագործման անհրաժեշտության դեպքում կիրառվում է օդային տարածքի օգտագործման գերակայությունների հետևյալ հաջորդական համակարգը`
ա) Հայաստանի Հանրապետության վրա օդային հարձակմանը հակահարված տալը, պետական սահմանի խախտումների կանխարգելումը կամ խափանումը.
բ) տարերային և այլ աղետների ու վթարների կանխարգելումը, դրանց հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակների վերացումը կամ այդպիսի դեպքերում մարդկանց կյանքը փրկելու նպատակով օգնության ցուցաբերումը.
գ) օդային տարածքի օգտագործման կարգի խախտումների կանխարգելումը կամ խափանումը.
դ) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների կամ սահմանված կարգի համաձայն կատարվող թռիչքները և այլ գործունեություն.
ե) զինված ուժերի պատրաստականության հանկարծակի ստուգման նպատակով իրականացվող ռազմական թռիչքները.
զ) ուղևորների կանոնավոր փոխադրումները.
է) պետական օդանավերի թռիչքները.
ը) բեռների և փոստի կանոնավոր փոխադրումները.
թ) ոչ կանոնավոր օդային փոխադրումները, ավիացիոն և այլ աշխատանքների կատարումը.
ժ) փորձնական ավիացիայի թռիչքները.
ժա) ուսումնական, սպորտային, ցուցադրական թռիչքները և այլ միջոցառումներ.
ժբ) քաղաքացիների անձնական պահանջմունքների բավարարման հետ կապված թռիչքները և այլ գործունեություն:
ՀՈԴՎԱԾ 13. |
ՕԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄՆ ՈՒ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԸ |
Օդային տարածքի օգտագործման պլանավորումը և համակարգումը, այդ թվում` օդային երթևեկության հոսքերի կազմակերպումը, իրականացնում են օդային տարածքի օգտագործումը կազմակերպող մարմինները:
Օդային տարածքի օգտագործման պլանավորումը և համակարգումն իրականացվում են սույն օրենքի 12 հոդվածով սահմանված գերակայությունների համակարգի հիման վրա:
ՀՈԴՎԱԾ 14. |
ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ |
Օդային երթևեկության կազմակերպումը, ներառյալ օդային երթևեկության սպասարկումը, իրականացնում է օդային տարածքի օգտագործումն ու օդային երթևեկությունը կազմակերպող մասնագիտացված կազմակերպությունը: Օդային տարածքի առանձին մասերում օդային երթևեկության սպասարկումը կարող է իրականացվել այլ սուբյեկտների պատկանող օդային երթևեկության կառավարում իրականացնող մարմինների կողմից` իրենց հատկացված գոտիներում և շրջաններում:
Օդային երթևեկության կազմակերպումը իրականացվում է քաղաքացիական ավիացիայի ոլորտում լիազորված պետական կառավարման մարմնի սահմանած կարգով:
ՀՈԴՎԱԾ 15. |
ՕԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ |
Օդային տարածքի օգտագործման կարգի իրականացման նկատմամբ հսկողությունն իրականացնում են`
ա) օդային տարածքի օգտագործումը կազմակերպող և օդային երթևեկությունը կառավարող մարմինները.
բ) պաշտպանության ոլորտում լիազորված պետական կառավարման մարմինը` օդային տարածքի օգտագործման կարգը խախտած օդանավերի հայտնաբերման, այդ խախտումների կանխման կամ խափանման նպատակով.
գ) օդային տարածքի օգտագործողները` իրենց հատկացված օդային գոտիներում և շրջաններում:
Օդային տարածքի օգտագործման կարգի խախտում թույլ տված օդային տարածքի օգտագործողներն օդային տարածքի օգտագործման կարգի իրականացման նկատմամբ հսկողություն իրականացնող մարմինների պահանջով անհապաղ վերացնում են խախտումը կամ դադարեցնում են օդային տարածքի օգտագործման գործունեությունը:
ՀՈԴՎԱԾ 16. |
ՕԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԱՐԳԵԼՔՆԵՐԸ |
Հայաստանի Հանրապետության պետական անվտանգության, պաշտպանունակության, թռիչքների անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով` օդային տարածքի կամ նրա առանձին մասերի օգտագործումը կարող է սահմանափակվել կամ արգելվել օդային տարածքի օգտագործողների կամ նրանց մի մասի համար: Օդային տարածքի օգտագործման սահմանափակումների և արգելքների իրականացման իրավունքը տրվում է օդային տարածքի օգտագործումը կազմակերպող մարմիններին, իսկ հատուկ պայմաններում` պաշտպանության ոլորտում լիազորված պետական կառավարման մարմնին:
Օդային տարածքի օգտագործման սահմանափակումների և արգելքների պայմանները պետք է նույնը լինեն օդային տարածքում համանման գործունեություն իրականացնող օդային տարածքի բոլոր օգտագործողների համար:
Նշված սահմանափակումները և արգելքները սահմանվում և իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
ՀՈԴՎԱԾ 17. |
ՕԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՈՎԻՈՒԹՅՈՒՆԸ |
Օդային տարածքի օգտագործումը և օդային երթևեկությունը կազմակերպող մասնագիտացված կազմակերպության կողմից, ինչպես նաև քաղաքացիական օդանավակայաններում, օդային տարածքի օգտագործման ապահովման և օդային երթևեկության սպասարկման ոլորտում մատուցվող ծառայությունները վճարովի են:
Ծառայությունների սակագները և վճարների գանձման կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
ԳԼՈՒԽ IV
ՕԴԱՆԱՎԵՐԻ ԹՌԻՉՔՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
ՀՈԴՎԱԾ 18. |
ՕԴԱՆԱՎԵՐԻ ԹՌԻՉՔՆԵՐԸ |
Բնակավայրերի վրայով օդանավերի թռիչքները իրականացվում են միայն այնպիսի բարձրությունների վրա, որ հնարավոր լինի օդանավի անսարքության դեպքում վայրէջք կատարել բնակավայրից դուրս կամ մոտակա աերոդրոմում: Այդ կարգից շեղումներ թույլատրվում են միայն այն դեպքերում, երբ թռիչքադաշտի դիրքը հնարավորություն չի տալիս թռիչքը կամ վայրէջքը կատարել բնակավայրը շրջանցելով:
Օդանավերի ցուցադրական և սպորտային թռիչքները կարող են իրականացվել քաղաքացիական ավիացիայի ոլորտում լիազորված պետական կառավարման մարմնի սահմանած կարգով:
ՀՈԴՎԱԾ 19. |
ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ |
Օդային երթևեկության աերոնավիգացիոն, օդերևութաբանական, վթարային տեղեկատվության ապահովումն օդային երթևեկության սպասարկման մասն է: Տեղեկատվության ապահովումն իրականացվում է քաղաքացիական ավիացիայի ոլորտում լիազորված պետական կառավարման մարմնի սահմանած կարգով:
ՀՈԴՎԱԾ 20. |
ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՌԱԴԻՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ |
Օդային երթևեկության ռադիոտեխնիկական ապահովման համար, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, հատկացվում են անհրաժեշտ ռադիոհաճախականություններ, որոնք անհրաժեշտության դեպքում համաձայնեցվում են Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) հետ:
Թռիչքների ռադիոտեխնիկական ապահովմանը խանգարող սարքեր կամ սարքավորումներ ունեցող իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները, քաղաքացիները ռադիոհաճախականությունների տիրույթի օգտագործման կարգն իրականացնող մարմնի պահանջով պարտավոր են սեփական միջոցների հաշվին վերացնել խանգարումները: Մինչև խանգարումների վերացումը նրանք պարտավոր են ընդհատել նշված սարքերի և սարքավորումների աշխատանքը:
Աերոդրոմների շրջաններում, ռադիոնավիգացիոն և ռադիոլոկացիոն սարքավորումների գործողության տիրույթում շինությունների, կապի և էլեկտրահաղորդման բարձր լարման գծերի, ռադիոճառագայթիչ սարքերի տեղադրումը, որոնք կարող են սպառնալ թռիչքների անվտանգությանը կամ դրանց ռադիոտեխնիկական ապահովմանը, իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և համաձայնեցվում են օդային տարածքի օգտագործումը կազմակերպող մարմինների, ինչպես նաև այդ աերոդրոմների կամ սարքավորումների սեփականատերերի հետ:
ՀՈԴՎԱԾ 21. |
ՎԵՐԳԵՏՆՅԱ ԿԱՊԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ |
Կապի մարմինները պայմանագրային հիմունքներով օդային երթևեկության սպասարկման մարմիններին տրամադրում են անհրաժեշտ կապուղիներ և կապի միջոցներ` օդային տարածքի օգտագործմանն ուղղված գործունեությունն ապահովելու համար:
ՀՈԴՎԱԾ 22. |
ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԼԵԶՎԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ |
Օդային երթևեկությունը սպասարկող մարմինների և օդանավերի հաղորդակցությունն իրականացվում է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կողմից ճանաչված հաղորդակցման լեզուներով:
ԳԼՈՒԽ V
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ՕԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՀՈԴՎԱԾ 23. |
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ՕԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ |
Օդային տարածքի օգտագործման մասին օրենսդրության խախտումներն առաջացնում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
15 մայիսի 1997 թ.
ՀՕ-109