(ուժը կորցրել է 01.01.13թ` 22.12.10 ՀՕ-246-Ն օրենք)
010.0477.261202
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2002 թվականի դեկտեմբերի 11-ին
«ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-183) 28-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասերով`
«Անհատ ձեռնարկատիրոջ տարեկան եկամտահարկի վճարած գումարը չի կարող պակաս լինել 30000 դրամից (եկամտահարկի նվազագույն գումար):
Հաշվետու տարվա հաշվարկված եկամտահարկը նշված գումարից պակաս լինելու դեպքում դրանց տարբերությունը ենթակա չէ վերադարձման (այդ թվում` անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցման դեպքում), և այն հաշվանցվում է միայն հարկատուի` գալիք ժամանակաշրջանի համար հաշվարկված եկամտահարկի գումարներից:
Հաշվետու տարում պետական գրանցում ստացած անհատ ձեռնարկատիրոջ այդ տարվա եկամտահարկի նվազագույն գումարը հաշվարկվում է պետական գրանցում ստանալու ամսվանից մինչև տվյալ տարվա վերջն ընկած ժամանակահատվածի ամիսներին համամասնորեն:
Հաշվետու տարում օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցող մարմին գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ դիմում ներկայացրած անհատ ձեռնարկատիրոջ այդ տարվա եկամտահարկի նվազագույն գումարը հաշվարկվում է տվյալ տարվա սկզբից մինչև գործունեության դադարեցման պետական գրանցման ամիսն ընկած ժամանակահատվածի ամիսներին համամասնորեն:»:
ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2003 թվականի հունվարի 1-ից:
Սույն օրենքի 1-ին հոդվածի դրույթները չեն տարածվում ձեռնարկատիրական գործունեություն չիրականացնելու մասին հարկային մարմիններին հայտարարություն (հաշվարկ, հայտարարագիր) ներկայացրած այն անհատ ձեռնարկատերերի վրա, ովքեր մինչև 2003 թվականի ապրիլի 1-ը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դիմում են ներկայացրել պետական գրանցող մարմին` գործունեությունը դադարեցնելու մասին:
2002 թվականի դեկտեմբերի 26
ՀՕ-477-Ն