26.07.2024 -
040.0024.130109
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 հունվարի 2009 թվականի N 24-Ն
ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍՏԱԺԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնում ծառայության ընդհանուր ստաժի հաշվարկման կարգն ու պայմանները` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2009 թվականի հունվարի 8-ի
N 24-Ն որոշման
ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍՏԱԺԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
1. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող` ոստիկանության, ազգային անվտանգության, պետական պահպանության, հարկային, մաքսային մարմինների (մաքսանենգության և այլ հանցագործությունների խափանման ու բացահայտման նպատակով), քրեակատարողական ծառայության (միայն քրեակատարողական հիմնարկներում) պաշտոնատար անձանց` կազմակերպված հանցավոր խմբերում հատուկ առաջադրանքներ կատարելու, ինչպես նաև հաստիքային գաղտնի աշխատողների կարգավիճակով ծառայության ժամանակահատվածն արտոնյալ հաշվարկով մտնում է օպերատիվ-հետախուզական գործունեության մարմնում ծառայության ընդհանուր ստաժի մեջ:
(1-ին կետը փոփ. 25.07.2024 թիվ 1151-Ն /տարածվում է 2023 թվականի մարտի 30-ից ծագած հարաբերությունների վրա / որոշում)
2. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնում ծառայության ժամանակահատվածից արտոնյալ պայմաններով հաշվարկվում են հետևյալ տեսակները`
1) օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց կազմակերպված հանցավոր խմբերում հատուկ առաջադրանքներ կատարելու ժամանակահատվածը` մեկ օրվա ծառայությունը երկու օր հաշվելու պայմանով.
2) օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի հաստիքային գաղտնի աշխատողների կարգավիճակով ծառայության ժամանակահատվածը` մեկ օրվա ծառայությունը մեկ և կես օր հաշվելու պայմանով:
3. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված աշխատանքային ստաժի հաշվարկման մեկ այլ արտոնությունից օգտվելու դեպքում աշխատանքային ստաժը հաշվարկվում է ոչ ավելի, քան առավելագույնը` մեկ օրվա ծառայությունը երկու օր հաշվելու պայմանով:
4. Ծառայության ժամանակահատվածի արտոնյալ հաշվարկին վերաբերող փաստաթուղթը տրվում է համապատասխան մարմնի իրավասու անձի կողմից: