01.01.2025 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
1 հունիսի 2023 թվականի N 864-Ն
ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇՎՈՒՄ ԿԱՄ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇՎՈՒՄ ԱՌԿԱ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԱՅԼ ՀԱՇՎԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել միասնական հաշվում կամ վարչական ակտի միասնական հաշվում առկա գումարների վերադարձը հարկային մարմին ներկայացված այլ հաշվին իրականացնելու դեպքերը և կարգը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 07.12.2023 թիվ 2114-Ն որոշում)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երրորդ ամսվա 1-ից, բացառությամբ սույն որոշման հավելվածի 7-րդ և 8-րդ կետերի, որոնք ուժի մեջ են մտնում նույն կետերում նշված` առցանց եղանակով (WEB ծառայության միջոցով) տվյալների փոխանակման համապատասխան համակարգի գործարկման օրվանից:
(վերնագիրը փոփ. 07.12.2023 թիվ 2114-Ն որոշում)
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Մ. Գրիգորյան
2023 թ. հունիսի 1
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2023 թվականի հունիսի 1-ի
N 864-Ն որոշման
ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇՎՈՒՄ ԿԱՄ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇՎՈՒՄ ԱՌԿԱ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԱՅԼ ՀԱՇՎԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ
(վերնագիրը փոփ. 07.12.2023 թիվ 2114-Ն որոշում)
1. Սույն կարգով կարգավորվում են միասնական հաշվում կամ վարչական ակտի միասնական հաշվում առկա գումարների վերադարձը հարկային մարմին ներկայացված այլ հաշվին իրականացնելու դեպքերը և կարգը սահմանելու հետ կապված հարաբերությունները:
(1-ին կետը փոփ. 07.12.2023 թիվ 2114-Ն որոշում)
2. Սույն կարգի 3-րդ կետում չնշված դեպքերում` հարկ վճարողներին միասնական հաշվում կամ վարչական ակտի միասնական հաշվում առկա գումարների վերադարձն իրականացվում է իրենց անվամբ բացված բանկային հաշիվներին:
(2-րդ կետը փոփ. 07.12.2023 թիվ 2114-Ն որոշում)
3. Միասնական հաշվում կամ վարչական ակտի միասնական հաշվում առկա գումարների վերադարձը հարկ վճարողի կողմից հարկային մարմին ներկայացված` իր բանկային հաշվից տարբերվող այլ հաշվին իրականացվում է հետևյալ դեպքերում`
1) բանկային հաշիվներ չունեցող կազմակերպություններին գումարների վերադարձն իրականացվում է`
ա. կազմակերպությունների վերակազմակերպման դեպքում` իրավահաջորդ կազմակերպության բանկային հաշվին,
բ. լուծարված կազմակերպությունների դեպքում` կազմակերպության մասնակցի բանկային հաշվին` մյուս մասնակիցների համաձայնությամբ (եթե առկա են մեկից ավելի մասնակիցներ),
գ. լուծարված պետական կառավարման համակարգի մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնադրամների, հասարակական կազմակերպությունների դեպքում` համապատասխան գանձապետական հաշիվներին.
դ. հաշվառումից հանված` ոչ ռեզիդենտ կազմակերպությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների դեպքում` դրանց հիմնադրի կամ հիմնադրի կողմից լիազորված անձի բանկային հաշվին` մյուս հիմնադիրների համաձայնությամբ (եթե առկա են մեկից ավելի հիմնադիրներ).
2) անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի մահվան դեպքում` ժառանգի անձնագրային տվյալներով բացված բանկային հաշվին` մյուս ժառանգների համաձայնությամբ (եթե առկա են մեկից ավելի ժառանգներ).
3) բանկային հաշիվներ չունեցող հաշվառումից հանված անհատ ձեռնարկատերերին և պաշտոնից ազատված նոտարներին գումարների վերադարձն իրականացվում է վերջիններիս` որպես ֆիզիկական անձ, անձնագրային տվյալներով բացված բանկային հաշիվներին.
4) պետական ոչ առևտրային կազմակերպություններին և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին գումարների վերադարձը կարող է իրականացվել նաև նրանց գանձապետական հաշիվներին:
(3-րդ կետը փոփ. 17.11.2023 թիվ 1973-Ն, 07.12.2023 թիվ 2114-Ն որոշումներ)
4. Միասնական հաշվում կամ վարչական ակտի միասնական հաշվում առկա գումարները վերադարձվում են սույն կարգին համապատասխան այդ գումարներն ստանալու իրավասություն ունեցող անձանց` նրանց կողմից հարկային մարմին ներկայացված` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2017 թվականի հուլիսի 27-ի N 246-Ն հրամանով հաստատված դիմումի հիման վրա, բացառությամբ սույն կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությունում նշված դեպքի:
(4-րդ կետը փոփ. 07.12.2023 թիվ 2114-Ն որոշում)
5. Սույն կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետի «ա», «բ» և «դ» պարբերություններում և 2-րդ ենթակետում նշված դեպքերում սույն կարգի 4-րդ կետում նշված դիմումը հարկային մարմին է ներկայացվում թղթային տարբերակով, և դիմումին կից ներկայացվում են նաև իրավահաջորդությունը, մասնակից, հիմնադիր (ոչ ռեզիդենտ կազմակերպությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների դեպքում` դրանց հիմնադիր կամ հիմնադրի կողմից լիազորված անձ) հանդիսանալու փաստը, ժառանգությունը և անձի նույնականացումը հավաստող համապատասխան փաստաթղթերը, ինչպես նաև բանկի կողմից տրված տեղեկանք, որը կհավաստի, որ ներկայացված բանկային հաշիվը պատկանում է դիմումատուին:
(5-րդ կետը փոփ. 17.11.2023 թիվ 1973-Ն որոշում)
6. Սույն կարգի 3-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերում նշված դեպքերում սույն կարգի 4-րդ կետում նշված դիմումը հարկային մարմին է ներկայացվում էլեկտրոնային տարբերակով:
7. Էլեկտրոնային տարբերակով ներկայացված դիմումում նշված հաշվի` դիմումատուին պատկանելիության և վավերականության հավաստման նպատակով սույն կարգի 3-րդ կետի 3-րդ ենթակետում նշված դեպքում դիմումատուի համաձայնությամբ հարկային մարմինն առցանց եղանակով (WEB ծառայության միջոցով) հարցում է կատարում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ:
(7-րդ կետը փոփ. 07.12.2023 թիվ 2114-Ն որոշում)
8. Էլեկտրոնային տարբերակով ներկայացված դիմումում նշված հաշվի` դիմումատուին պատկանելիության և վավերականության հավաստման նպատակով սույն կարգի 3-րդ կետի 4-րդ ենթակետում նշված դեպքում հարկային մարմինն առցանց եղանակով (WEB ծառայության միջոցով) հարցում է կատարում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:
Պաշտոնական հրապարակման օրը` 1 հունիսի 2023 թվական: