ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2 հուլիսի 2020 թվականի N 1133-Ն
«ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ
177-րդ ՀՈԴՎԱԾՈՒՄ ՆՇՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՄԱՔՍԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ
ԱՐՏՈՆՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԲՆԱԻՐԱՅԻՆ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի N 1312-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 174-րդ հոդվածի 12-րդ և 177-րդ հոդվածի 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
1) Հայաստանի Հանրապետության տարածք մշտական բնակության տեղափոխվող ճանաչված կամ փախստականի, հարկադիր տեղահանվածի կարգավիճակ ստացած օտարերկրյա ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող (անկախ ներմուծման ձևից) անձնական օգտագործման ապրանքների բնաիրային չափերը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայր ունեցող և մինչև Հայաստանի Հանրապետություն ժամանումը` առնվազն 12 ամիս օտարերկրյա պետությունում ժամանակավորապես բնակված Հայաստանի Հանրապետության ֆիզիկական անձանց կողմից ուղեկցվող և (կամ) չուղեկցվող ուղեբեռով ներմուծվող` 5000 եվրոն չգերազանցող արժեքով անձնական օգտագործման ապրանքների բնաիրային չափերը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած գործունեության ոլորտներում Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի թույլտվություն ստացած օտարերկրյա ֆիզիկական անձինք Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ժամանակահատվածում ուղեկցվող և (կամ) չուղեկցվող ուղեբեռով ներմուծում են անձնական օգտագործման օգտագործված ապրանքներ` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի N 107 որոշման N 4 հավելվածով հաստատված ցանկին և չափաքանակներին համապատասխան:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 15-ի «Մշտական բնակության նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող անձանց կողմից ներմուծվող անձնական օգտագործման գույքի բնաիրային չափերը սահմանելու մասին» N 1312-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
(վերնագիրն ու նախաբանը փոփ. 30.03.2023 թիվ 398-Ն որոշում)
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. հուլիսի 7
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2020 թվականի հուլիսի 2-ի
N 1133-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ՃԱՆԱՉՎԱԾ ԿԱՄ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ, ՀԱՐԿԱԴԻՐ ՏԵՂԱՀԱՆՎԱԾԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՍՏԱՑԱԾ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ (ԱՆԿԱԽ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՁԵՎԻՑ) ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԲՆԱԻՐԱՅԻՆ ՉԱՓԵՐԸ
1. կենցաղային և անձնական օգտագործման` օգտագործված սարքեր` յուրաքանչյուր տեսակից 3 հատ.
2. օգտագործված կահույք` յուրաքանչյուր տեսակից մեկ լրակազմ.
3. անձնական գործածության օգտագործված իրեր և այլ տնային օգտագործված գույք` առանց քանակային սահմանափակումների.
4. անձնական օգտագործման տրանսպորտային միջոց հանդիսացող ավտոտրանսպորտային և մոտոտրանսպորտային միջոցներ, դրանց կցորդներ` յուրաքանչյուր տեսակից մեկ միավորից ոչ ավելի քանակությամբ:
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2020 թվականի հուլիսի 2-ի
N 1133-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ՄԻՆՉԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԺԱՄԱՆՈՒՄԸ` ԱՌՆՎԱԶՆ 12 ԱՄԻՍ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԲՆԱԿՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՈՒՂԵԿՑՎՈՂ ԵՎ (ԿԱՄ) ՉՈՒՂԵԿՑՎՈՂ ՈՒՂԵԲԵՌՈՎ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ` 5000 ԵՎՐՈՆ ՉԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԱՐԺԵՔՈՎ ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԲՆԱԻՐԱՅԻՆ ՉԱՓԵՐԸ
1. կենցաղային և անձնական օգտագործման սարքեր` յուրաքանչյուր տեսակից 2 հատ.
2. անձնական գործածության իրեր` յուրաքանչյուր տեսակից 10 հատ.
3. այլ տնային գույք` յուրաքանչյուր տեսակից 6 հատ: