040.0671.020708
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 հունիսի 2008 թվականի N 671-Ն
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԵՎ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել գյուղատնտեսական կենդանիների կարանտինի սահմանման և չեղյալ հայտարարման կարգը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 30.03.2023 433-Ն որոշում)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
(վերնագիրն ու նախաբանը փոփ. 30.03.2023 433-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2008 թվականի հունիսի 26-ի
N 671-Ն որոշման
ԿԱՐԳ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԵՎ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գյուղատնտեսական կենդանիների վարակիչ հիվանդությունների բռնկման դեպքում կարանտին սահմանելու և չեղյալ հայտարարելու հարաբերությունները:
2. Հայաստանի Հանրապետության տարածքում կարանտինը սահմանվում է գյուղատնտեսական կենդանիների Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի N 1081-Ն որոշմամբ հաստատված կարանտինային հիվանդությունների, վարակիչ հիվանդությունների արագ տարածման վտանգի, Հայաստանի Հանրապետության տարածքում առաջին անգամ արձանագրված վարակների, էմերջենտ հիվանդությունների ախտորոշման և Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (այսուհետ` ԿԱՀԿ) կողմից սահմանված այլ դեպքերում:
2. ԿԱՐԱՆՏԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
3. Կարանտին սահմանելու մասին որոշումն ընդունում են`
1) Հայաստանի Հանրապետության կառավարությունը` կարանտինային գոտում երկու և ավելի մարզ ներառելու դեպքում.
2) տարածքային կառավարման մարմինը` կարանտինային գոտում մարզ կամ համայնք կամ բնակավայր ներառելու դեպքում:
4. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (այսուհետ` լիազոր մարմին), «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, ներկայացնում է կարանտին սահմանելու մասին առաջարկությունը (այսուհետ` առաջարկություն), որը ներառում է`
1) կարանտին սահմանելու հիմքերը` վարակի օջախի համաճարակաբանական հետազոտությունը, լաբորատոր ախտորոշման եզրակացությունը.
2) կարանտինային գոտու քարտեզագրված սահմանները` «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթներին համապատասխան.
3) կարանտին սահմանելու ժամկետը.
4) կարանտինի ընթացքում անհրաժեշտ միջոցառումների (անասնահակահամաճարակային միջոցառումները և սահմանափակումները` կենդանիների, կենդանական ծագման հումքի և մթերքի, կերի և կերային հավելումների շրջանառության վերաբերյալ) ցանկը, իրականացման ընթացակարգերը, ժամկետները` Հայաստանի Հանրապետության օրենսդրության և ԿԱՀԿ պահանջներին համապատասխան:
5. Լիազոր մարմինը սույն կարգի 3-րդ կետով սահմանված դեպքերում առաջարկությունը ներկայացնում է տարածքային կառավարման մարմիններ` հիվանդության ախտորոշումը հաստատելուց հետո 6 ժամվա ընթացքում: Լիազոր մարմինն առաջարկության վերաբերյալ տեղեկատվությունը միաժամանակ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի և առողջապահության նախարարություններ:
6. Կարանտինային գոտում երկու և ավելի մարզ ներառելու դեպքում տարածքային կառավարման մարմինները կարանտին սահմանելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ` նախագիծ) առաջարկ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն: Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը նախագիծը սահմանված կարգով ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն:
7. Կարանտին սահմանելու մասին որոշումն ընդունվում է կարանտին սահմանելու մասին առաջարկությունը ներկայացնելուց հետո` 6 ժամվա ընթացքում:
8. Կարանտին սահմանելու կամ չեղյալ հայտարարելու մասին համապատասխան որոշումներն անհապաղ ծանուցվում են բնակչությանը` զանգվածային լրատվության միջոցներով:
9. Կարանտինային միջոցառումների կազմակերպումը, ղեկավարումն իրականացվում են Կենտրոնական անասնահամաճարակային միջգերատեսչական խորհրդի, տարածքային անասնահամաճարակային մշտական գործող հանձնաժողովի կողմից, որոնք ապահովում են Հայաստանի Հանրապետության կառավարությանը և շահագրգիռ պետական կառավարման այլ մարմիններին կարանտինի սահմանման, կարանտինային գոտիների սահմանների փոփոխության, կարանտինի երկարաձգման և չեղյալ հայտարարման մասին տեղեկացումը` 24 ժամվա ընթացքում:
10. Կենտրոնական անասնահամաճարակային միջգերատեսչական խորհրդի կազմը և աշխատակարգը հաստատվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ, տարածքային անասնահամաճարակային մշտական գործող հանձնաժողովի կազմը և լիազորությունները` մարզպետի կողմից:
11. Կարանտինային միջոցառումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:
12. Կարանտինային գոտում վարակի օջախի վերացման, տարածման ու կանխման միջոցառումներն իրականացվում են «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթներին համապատասխան:
13. Կարանտինային գոտիների սահմաններից դուրս հիվանդության նոր դեպքեր արձանագրելու կամ հիվանդության տարածման վտանգի դեպքերում լիազոր մարմինը ներկայացնում է առաջարկություն` կարանտինային գոտիների սահմանները փոփոխելու մասին:
14. Սույն կարգի 13-րդ կետով սահմանված առաջարկությունը ներառում է ներկայացված փոփոխության անհրաժեշտությունը հավաստող փաստեր` Հայաստանի Հանրապետության օրենսդրության և ԿԱՀԿ պահանջների համաձայն:
15. Սույն կարգի 3-րդ կետով սահմանված մարմինները կարանտինային գոտիների սահմանները փոփոխելու մասին որոշումն ընդունում են լիազոր մարմնի կողմից առաջարկությունը ներկայացնելուց հետո` 6 ժամվա ընթացքում:
3. ԿԱՐԱՆՏԻՆԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ԿԱՄ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
16. Լիազոր մարմնի եզրակացության (այսուհետ` եզրակացություն) հիման վրա կարանտինը երկարաձգելու կամ չեղյալ հայտարարելու մասին որոշումն ընդունում են`
1) Հայաստանի Հանրապետության կառավարությունը` կարանտինային գոտում երկու և ավելի մարզ ներառելու դեպքում.
2) տարածքային կառավարման մարմինը` կարանտինային գոտում մարզ կամ համայնք կամ բնակավայր ներառելու դեպքում:
17. Լիազոր մարմնի կողմից եզրակացությունը ներառում է`
1) կարանտին սահմանելու մասին որոշման համարը, տարին, ամիսը, ամսաթիվը և ընդունող մարմնի անվանումը.
2) կարանտին սահմանելու մասին որոշմամբ հաստատված կարանտինի ընթացքում իրականացվող միջոցառումների կատարման վերաբերյալ արձանագրությունը.
3) կարանտինը երկարաձգելու կամ չեղյալ հայտարարելու հիմքերը` կարանտինային գոտու առողջացման (անասնահամաճարակային իրավիճակի) վերաբերյալ արձանագրությունը` օրենսդրությամբ սահմանված և Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության պահանջներին համապատասխան:
18. Կարանտինը երկարաձգելու վերաբերյալ եզրակացությունը ներկայացվում է կարանտինի սահմանված ժամկետի ավարտից առնվազն 48 ժամ առաջ:
19. Կարանտինը երկարաձգելու և չեղյալ հայտարարելու մասին որոշումներն ընդունվում են եզրակացությունը ներկայացնելուց հետո` 24 ժամվա ընթացքում:
20. Կարանտինային միջոցառումների իրականացման շրջանակներում սույն կարգով նախատեսված մարմինների ընդունած որոշումները, գործողությունները (անգործությունը) կարող են բողոքարկվել` օրենսդրությամբ սահմանված կարգով:
(հավելվածը խմբ. 30.03.2023 433-Ն որոշում)