Սեղմել Esc փակելու համար:
ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱ ...

 

27.03.2021 -

ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը:    

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 ապրիլի 2020 թվականի N 670-Լ

 

ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 12-ի N 493-Ն որոշման 1.1-ին կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության տրամադրման և օտարերկրացիների հետ կնքված աշխատանքային պայմանագրերի հաշվառման էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության տրամադրման և օտարերկրացիների հետ կնքված աշխատանքային պայմանագրերի հաշվառման էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման ծրագրի միջոցառումների ժամանակացույցը` համաձայն N 2 հավելվածի:

3. Սույն որոշման 1-ին կետով սահմանված ծրագրի իրականացման պատասխանատու նշանակել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

    Ն. Փաշինյան


2020 թ. մայիսի 7
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության
2020 թվականի ապրիլի 30-ի
N 670-Լ որոշման

 

 ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԾՐԱԳԻՐ

 

I. ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

 1. Օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության տրամադրման և օտարերկրացիների հետ կնքված աշխատանքային պայմանագրերի հաշվառման էլեկտրոնային կառավարման համակարգի (այսուհետ` համակարգ) ներդրման նպատակներն են.

1) Հայաստանում օտարերկրացիների աշխատանքային գործունեության ոլորտում ներքին աշխատաշուկայի պաշտպանությունը և ազգային անվտանգության ապահովումը.

2) իմիգրացիոն նոր հոսքերի կառավարման արդյունավետ մեխանիզմների ներդրումը, քանի որ օտարերկրացի աշխատողների ներհոսքը հարաբերականորեն նոր ձևավորված իմիգրացիոն միտում է, որը պահանջում է հստակ գործիքակազմի հիման վրա գործընթացի կարգավորում.

i

3) ՀՀ կառավարության 2019 թ. փետրվարի 8-ի N 65-Ա որոշմամբ հավանության արժանացած` «ՀՀ կառավարության ծրագրի» ՀՀ կառավարության գործունեության հիմնարար ուղենիշները բաժնի «Կառավարության խնդիրներ» ենթաբաժնի 2-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրման ապահովումը.

4) շտկել ոլորտը կարգավորող իրավական ակտերում և գործառնական մեխանիզմներում առկա թերությունները.

5) թեթևացնել օտարերկրացի աշխատողներ ներգրավող գործատուների բեռը.

6) ապահովել համապատասխան վարչական վիճակագրության հավաքագրման և մշակման գործընթացը:

 

II. ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

 2. Նշված նպատակներին հասնելու և ոլորտը կարգավորող արդի համակարգ ներդնելու համար անհրաժեշտ է լուծել հետևյալ խնդիրները, որոնք ըստ բնույթի տարանջատված են 3 հիմնական խմբերում.

1) օրենսդրական բարեփոխումների իրականացում.

2) ՀՀ-ում օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության տրամադրման գործընթացում ներգրավված պետական մարմինների լիազորությունների շրջանակի հստակեցում.

3) ՀՀ-ում օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության տրամադրման էլեկտրոնային համակարգի մշակում և ներդրում:

 

III. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

3. Կիրականացվի ՀՀ ազգային աշխատաշուկայի պաշտպանության ապահովումը:

4. Կհեշտացվի վարչարարության իրականացումը` կդյուրինացվի աշխատանքի թույլտվության տրամադրման կարգը:

5. Կապահովվի համապատասխան վարչական վիճակագրության հավաքագրման և մշակման գործընթացը: Ստացված արդյունքների վերլուծությունը հնարավորություն կստեղծի համապատասխան փոփոխություններ կատարելու աշխատանքի կառավարման քաղաքականությունում:

6. Կապահովվի աշխատելու նպատակով ՀՀ մուտք գործող օտարերկրացիների համապատասխան հաշվառումը, աշխատանքի թույլտվություն ստացած օտարերկրացիները կնույնականացվեն:

7. Աշխատանքի թույլտվությունը կծառայի որպես ՀՀ-ում օրինական բնակվելու հիմք: Նպատակահարմարության դեպքում աշխատանքի թույլտվության տրամադրման ժամկետն անհրաժեշտ է սահմանել կոնկրետ աշխատանքային պայմանագրի ժամկետով, բայց ոչ ավելի, քան մեկ տարի: Վավերականության ժամկետից հետո անհրաժեշտ կլինի նախատեսել կարգավորումներ` նոր աշխատանքի թույլտվության տրամադրման կամ ժամկետի երկարաձգման վերաբերյալ:

8. Կապահովվի առանց աշխատանքի թույլտվության ՀՀ-ում աշխատելու իրավունք ունեցող օտարերկրացիների վերաբերյալ տեղեկությունների ստացումը, քանի որ վերջիններս առկա կարգավորումներով ստիպված են իրենց իրավունքի իրացման համար լրացուցիչ վարչարարական օղակներով անցնել, մասնավորապես` ձեռք բերել լրացուցիչ կացության կարգավիճակ:

 

 IV. ԹԻՐԱԽԱՅԻՆ ԽՄԲԵՐԸ

 

 9. Համակարգի թիրախային խմբերի կամ շահառուների շրջանակում ներառված են հետևյալ խմբերը, որոնցից յուրաքանչյուրի մասով առաջարկվող համակարգը տալիս է յուրահատուկ լուծումներ.

1) Մուտքի արտոնագրի (վիզա) հիման վրա ՀՀ մուտքի իրավունք ունեցող օտարերկրացիներ

i

«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածով սահմանված են ՀՀ մուտքի վիզաների տեսակները, որոնցում բացակայում է «աշխատանքի վիզա» տեսակը: Միաժամանակ, գործող կարգավորումները չեն նախատեսում հնարավորություն` դիմելու աշխատանքի թույլտվություն ստանալու այն օտարերկրացիների համար, որոնք դեռևս չեն գտնվում ՀՀ-ում: Այս կարգավորումները ժամանակի և ֆինանսական լրացուցիչ ծախսեր են առաջացնում թե՛ գործատուի, և թե՛ օտարերկրացու համար, որոնք առանց աշխատանքի թույլտվություն ստանալու որևէ երաշխիքի ստիպված են դիմել և ստանալ վիզա, հասնել ՀՀ և հետո նոր դիմել աշխատանքի թույլտվություն ստանալու համար:

Նախատեսվող համակարգը ենթադրում է ՀՀ մուտքի արտոնագրի նոր տեսակի` «Ա-վիզա», աշխատանքային վիզայի ներդրում, որի տրամադրումը կլինի աշխատանքի թույլտվության տրամադրման գործընթացի մաս, կթեթևացնի վարչարարությունը և որոշակի երաշխիքներ կապահովի օտարերկրյա պետություններից ՀՀ աշխատանքային գործունեություն իրականացնելու մտադրությամբ ժամանող օտարերկրացիների համար:

Մյուս կողմից օտարերկրացու համար մուտքի «Ա-վիզա» տրամադրելու գործընթացը դարձնելով աշխատանքի թույլտվության տրամադրման մաս` հնարավորություն է ընձեռվում մինչ օտարերկրացու` ՀՀ մուտք գործելն ապահովել ազգային անվտանգության համատեքստում տվյալ անձի ստուգումը.

2) Առանց մուտքի վիզայի Հայաստանի Հանրապետություն ժամանելու իրավունք ունեցող, ինչպես նաև մուտքի վիզայով ՀՀ-ում օրինական գտնվող օտարերկրացիներ

Առանց մուտքի վիզայի ՀՀ տարածք մուտք գործելու իրավունք ունեցող, ինչպես նաև մուտքի վիզայով ՀՀ-ում օրինական գտնվող օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության տրամադրման գործընթացի կազմակերպման և կառավարման համատեքստում համակարգի ներդրումը հնարավորություն կընձեռի իրականացնելու այդ օտարերկրացիների անձի ստուգում (նույնականացում)` հաշվի առնելով ազգային անվտանգության սպառնալիքները, ինչպես նաև կարգավորելու նրանց մուտքը աշխատաշուկա.

ա. ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիներ

Համաձայն ԵԱՏՄ կարգավորումների` անդամ պետությունների քաղաքացիներն ազատված են ԵԱՏՄ տարածքում աշխատանքի թույլտվություն ստանալու պարտավորությունից: Սակայն օտարերկրացիների հաշվառման համակարգի բացակայության պայմաններում այս քաղաքացիների մուտքը ՀՀ աշխատաշուկա դուրս է մնում հսկողությունից:

Մյուս կողմից` այս խմբի օտարերկրացիները ՀՀ-ում կարող են բնակվել տարվա ընթացքում առավելագույնը 180 օր, ինչը ենթադրում է, որ դրանից ավելի ժամկետով ՀՀ-ում բնակվելու և աշխատանքային գործունեություն իրականացնելու համար նրանք պետք է ստանան ՀՀ-ում օրինական բնակվելու իրավական հիմքեր, ինչը լրացուցիչ ժամանակի կորուստ է: Առաջարկվող համակարգի շրջանակներում հնարավորություն կստեղծվի, գրանցելով աշխատանքային պայմանագիրը ինտերնետային (առցանց) հաշվառման համակարգում, առանց լրացուցիչ փաստաթղթեր` մասնավորապես կացության կարգավիճակ ձեռքբերելու անհրաժեշտության, օրինական հիմունքներով բնակվելու ՀՀ-ում: Բացի այդ, պայմանագրերի հաշվառումը թույլ կտա իրականացնել հսկողություն: Արդյունքում, առանց լրացուցիչ վարչարարության, ԵԱՏՄ քաղաքացիները հնարավորություն կստանան օգտվելու ԵԱՏՄ-ի մասին պայմանագրով սահմանված արտոնություններից.

բ. Բացառությունների ցանկում ներառված խմբերի օտարերկրացիներ

i

«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով նախատեսված բացառությունների ցանկում ընդգրկված խմբերի օտարերկրացիները, համակարգում գրանցելով իրենց աշխատանքային պայմանագրերը, հնարավորություն կստանան ՀՀ-ում բնակվելու և իրականացնելու աշխատանքային գործունեություն անգամ իրենց մուտքի վիզաների ժամկետների սպառվելուց հետո` մինչև աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետի ավարտը: Բացի այդ, ՀՀ համապատասխան մարմինները հնարավորություն կունենան հսկողություն իրականացնելու այս անձանց կողմից ծավալվող աշխատանքային գործունեության նկատմամբ:

Ծրագրի շրջանակներում նախատեսվելիք օրենսդրական փոփոխությունների ժամանակ անհրաժեշտ է անդրադառնալ նաև բացառությունների ցանկում ընդգրկված խմբերի հստակեցմանը.

3) Աշխատանքի թույլտվության տրամադրման և օտարերկրացիների հետ կնքված աշխատանքային պայմանագրերի հաշվառման գործընթացում ներգրավված պետական կառավարման համակարգի մարմինները

Օտարերկրացիներին ՀՀ-ում աշխատանքի թույլտվության տրամադրման և օտարերկրացիների հետ կնքված աշխատանքային պայմանագրերի հաշվառման համակարգի արդյունավետ գործարկման համար գործընթացներում պետք է ներգրավված լինեն հետևյալ պետական կառավարման համակարգի մարմինները և նրանց վերապահվեն հետևյալ գործառույթները.

ա. ՀՀ արտաքին գործերի նախարարություն

ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով օտարերկրացիներին տրամադրում է Ա-վիզա` աշխատանքային վիզա.

բ. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Իրականացնում է ՀՀ աշխատաշուկայի վիճակի վերլուծություն և ներկայացնում դիրքորոշում օտարերկրացիների` ՀՀ աշխատաշուկա մուտք գործելու վերաբերյալ: Մասնավորապես, նման վերլուծության արդյունքում կարող է արգելվել ընդհանրապես օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության տրամադրումը որոշակի ժամանակով կամ տնտեսության որևէ կոնկրետ ոլորտում նրանց ներգրավումը:

Ապահովում է հասանելիություն համակարգից ՀՀ ԱՍՀՆ ԶՊԳ տվյալների շտեմարանին ավտոմատացված հարցումներ ուղարկելու համար` գործատուի կողմից մուտքագրված թափուր աշխատատեղի պահանջներին համապատասխանող ՀՀ քաղաքացի հայտնաբերելու համար:

Թափուր աշխատատեղի պահանջներին համապատասխանող ՀՀ քաղաքացի հայտնաբերելու դեպքում իրականացնում է օրենքով սահմանված իր գործառույթները:

ՀՀ քաղաքացու կողմից տվյալ թափուր աշխատատեղը չզբաղեցնելու դեպքում տալիս է դրական եզրակացություն օտարերկրացու հետ պայմանագիր կնքելու համար.

գ. ՀՀ ոստիկանություն

Հայտնում է իր դիրքորոշումը օտարերկրացուն Ա-վիզա տրամադրելու վերաբերյալ (նախատեսել ըստ անհրաժեշտության օրենսդրական բարեփոխումների իրականացման փուլում):

Հայտնում է իր դիրքորոշումը օտարերկրացուն աշխատանքի թույլտվություն տրամադրելու վերաբերյալ (նախատեսել ըստ անհրաժեշտության օրենսդրական բարեփոխումների իրականացման փուլում):

Ապահովում է աշխատանքի թույլտվության հիման վրա ՀՀ-ում բնակվող և դրա վավերականության ժամկետը լրանալուց կամ անվավեր ճանաչվելուց հետո ՀՀ-ում բնակվելու այլ իրավական հիմք ձեռք չբերած և ՀՀ տարածքը կամավոր չլքած օտարերկրացու արտաքսումը ՀՀ-ից:

Ապահովում է հասանելիություն համակարգից ՀՀ բնակչության պետական ռեգիստրին ավտոմատացված հարցումներ ուղարկելու համար` օտարերկրացիների կողմից ՀՀ-ում կացության կարգավիճակ կամ ՀՀ քաղաքացիություն ունենալու վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար.

դ. ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

Հայտնում է իր դիրքորոշումը օտարերկրացուն Ա-վիզա տրամադրելու վերաբերյալ:

Հայտնում է իր դիրքորոշումը օտարերկրացուն աշխատանքի թույլտվություն տրամադրելու վերաբերյալ:

Ապահովում է հասանելիություն համակարգից ՍԷԿՏ համակարգին ավտոմատացված հարցումներ ուղարկելու համար` օտարերկրացու կողմից աշխատանքի թույլտվության կամ աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտից հետո ՀՀ տարածքը լքելու վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար.

ե. ՀՀ պետական եկամուտների կոմիտե

Ապահովում է հասանելիություն համակարգից ՀՀ ՊԵԿ տվյալների շտեմարանին ավտոմատացված հարցումներ ուղարկելու համար` օտարերկրացու կողմից վճարված եկամտային հարկերի չափի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար:

Հնարավորության դեպքում ապահովել համակարգի և «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման» համակարգի փոխկապակցվածությունը` ապահովելով նաև համակարգում հաշվառված օտարերկրացիների վերաբերյալ տվյալների առցանց հասանելիությունը «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման» համակարգում, որը հնարավորություն կընձեռի նվազագույնի հասցնել առանց աշխատանքի թույլտվության օտարերկրացիների աշխատանքի ընդունման դեպքերը.

զ. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայություն (այսուհետ` միգրացիոն ծառայություն)

Համակարգում է սույն ծրագրով նախատեսվող համակարգի ներդնումը:

Ապահովում է համակարգի անընդմեջ շահագործումը, թարմացումը և տեխնիկական սպասարկումը:

Կայացնում է վերջնական որոշումներ օտարերկրացուն ՀՀ-ում աշխատանքի թույլտվության տրամադրման վերաբերյալ և տրամադրում «Աշխատանքի թույլտվություն»:

Կայացնում է որոշում օտարերկրացուն ՀՀ-ում աշխատանքի թույլտվության տրամադրման հնարավորության վերաբերյալ և դրական որոշման դեպքում օտարերկրացուն տրամադրում համապատասխան տեղեկանք:

ՀՀ-ում առանց աշխատանքի թույլտվության աշխատելու իրավունք ունեցող օտարերկրացիներին տալիս է համապատասխան տեղեկանքներ:

Մշակում է տրամադրվող փաստաթղթերի էլեկտրոնային ձևաչափը և վարում դրանց էլեկտրոնային շտեմարանը:

Իրականացնում է վարչական վիճակագրության հավաքագրման, մշակման և այլ շահագրգիռ մարմիններին ներկայացման գործառույթը:

Իրականացնում է հսկողություն ՀՀ-ում «Աշխատանքի թույլտվության» կամ համակարգում հաշվառված աշխատանքային պայմանագրի հիման վրա ՀՀ-ում օրինական բնակվելու իրավունք ունեցող օտարերկրացիների` ՀՀ-ում բնակվելու և աշխատանքային գործունեություն իրականացնելու օրինականության մասով.

է. ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին

Օտարերկրացի աշխատողների իրավունքների պաշտպանության և հնարավոր չարաշահումների բացահայտման նպատակով` իր իրավասությունների շրջանակներում իրականացնում է վերահսկողություն:

Համակարգից ստանում է ՀՀ-ում աշխատանքի թույլտվություն ստացած, ինչպես նաև համակարգում գրանցված օտարերկրացիների վերաբերյալ անձնական տեղեկատվություն` իր իրավասությունների շրջանակում նրանց գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով:

Օրենսդրական բարեփոխումների իրականացման փուլում նպատակահարմարության դեպքում կարող է նախատեսել, որ տալիս է դիրքորոշում Միգրացիոն ծառայության կողմից օտարերկրացուն շնորհված աշխատանքի թույլտվությունը ուժը կորցրած ճանաչելու որոշման նախագծի վերաբերյալ:

Իր լիազորությունների շրջանակում իրականացված ստուգումների արդյունքում կարող է Միգրացիոն ծառայությանը ներկայացնել առաջարկ` օտարերկրացուն տրամադրված աշխատանքի թույլտվությունը ուժը կորցրած ճանաչելու որոշում կայացնելու կամ առանց աշխատանքի թույլտվության ՀՀ-ում աշխատելու և համակարգում գրանցված լինելու հիմքով ՀՀ-ում օրինական բնակվող օտարերկրացուն համապատասխան տեղեկանք տալը մերժելու վերաբերյալ.

ը. «ԷԿԵՆԳ» ՓԲԸ

i

Իր իրավասությունների շրջանակում ապահովում է ՀՀ ՊԵԿ-ի տվյալների շտեմարաններ, ՀՀ ԱԱԾ ՍԷԿՏ համակարգ, ՀՀ ոստիկանության բնակչության պետական ռեգիստր համակարգից ուղարկվող և ստացվող ինքնաշխատ հարցումների անխափան աշխատանքը` ՀՀ կառավարության փոխգործելիության հարթակի միջոցով, համաձայն ՀՀ կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի «Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից էլեկտրոնային ծառայությունների մատուցման կամ գործողությունների կատարման համար օգտագործվող էլեկտրոնային համակարգերի անվտանգության, փոխգործելիության և տեխնիկական ընդհանուր պահանջները սահմանելու մասին» N 1093-Ն որոշման:

 

 V. ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

10. Համակարգի ներդրման և արդյունավետ կիրարկման համար նախապայման է օրենսդրական բարեփոխումների արդյունքում «Աշխատանքի թույլտվության»` որպես ՀՀ-ում օրինական բնակվելու հիմքի ճանաչումը, ինչը կթեթևացնի օտարերկրացի աշխատողների և նրանց հետ աշխատանքային պայմանագիր կնքելու մտադրություն ունեցող գործատուների վարչարարական բեռը և կապահովի «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի կիրառումը: «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի կիրառումը հնարավորություն կտա օտարերկրացիներին և գործատուներին խուսափելու կրկնակի ֆինանսական ծախսերից (ներկայումս գործող կարգավորումներով անհրաժեշտ է վճարել պետական տուրք ինչպես աշխատանքի թույլտվության, այնպես էլ ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու համար):

1) Մուտքի արտոնագրի (վիզա) հիման վրա ՀՀ մուտքի իրավունք ունեցող օտարերկրացիներ

Աշխատանքի նպատակով ՀՀ ժամանող օտարերկրացիները պետք է ստանան հատուկ աշխատանքային վիզա` (Ա-վիզա): Ա-վիզա տրամադրվում է միայն ՀՀ հյոպատոսական հիմնարկների կողմից: Սահմանի վրա օտարերկրացիները կարող են ստանալ միայն այցելության վիզա: Ա-վիզա ստանալու համար օտարերկրացին, բացի գործող ընթացակարգով նախատեսված փաստաթղթերից, ՀՀ հյուպատոսական հիմնարկ պետք է ներկայացնի նաև Միգրացիոն ծառայության կողմից տրամադրված «Աշխատանքի թույլտվության տրամադրումը հնարավոր է» տեղեկանքը:

Քայլ 1.

Գործատուն գրանցվում է համակարգում և լրացնում թափուր պաշտոնի նկարագիրը:

Քայլ 2.

Համակարգը իրականացնում է ավտոմատացված համադրում ՀՀ ԱՍՀՆ տվյալների շտեմարանի հետ` ՀՀ քաղաքացի աշխատանք որոնող գտնելու նպատակով:

. Եթե համակարգը չի հայտնաբերում համընկնումներ, գործատուն անմիջապես տեղեկացվում է օտարերկրացու հետ աշխատանքային պայմանագիր կնքելու հնարավորության մասին:

. Եթե համակարգը հայտնաբերում է համընկնում, ՀՀ ԱՍՀՆ-ի համապատասխան ստորաբաժանումը համակարգից ստանում է ծանուցում առկա թափուր աշխատատեղի մասին: Սահմանված ժամկետում թափուր աշխատատեղը ՀՀ քաղաքացիով չհամալրվելու դեպքում գործատուն ստանում է ծանուցում օտարերկրացու հետ պայմանագիր կնքելու հնարավորության մասին: Աշխատատեղը ՀՀ քաղաքացիով համալրելու պարագայում ԱՍՀՆ-ի կողմից կատարվում է համապատասխան նշում համակարգում, ինչից հետո գործատուի կողմից բացված «Հայց»-ը փակվում է և հեռացվում համակարգից:

Քայլ 3.

Գործատուն մուտքագրում է համակարգ օտարերկրացու տվյալները` կցելով պահանջվող փաստաթղթերը:

Քայլ 4.

ՀՀ ԱԱԾ-ի, ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները ստանում են ծանուցում` համակարգ մուտքագրված օտարերկրացու տվյալների վերաբերյալ:

Սահմանված ժամկետում ՀՀ ԱԱԾ-ն և ՀՀ ոստիկանությունը հայտնում են իրենց դիրքորոշումը կոնկրետ օտարերկրացու վերաբերյալ` կողմ կամ դեմ:

Քայլ 5.

Միգրացիոն ծառայությունը ստացված կարծիքների հիման վրա կայացնում է որոշում` «Աշխատանքի թույլտվության տրամադրումը հնարավոր է» կամ «Մերժել աշխատանքի թույլտվության տրամադրումը»:

Քայլ 6.

Օտարերկրացին ստանում է Միգրացիոն ծառայության էլեկտրոնային ստորագրությամբ հաստատված` «ՀՀ-ում աշխատանքի թույլտվություն ստանալու հնարավորության մասին» տեղեկանք, որն այլ պահանջվող փաստաթղթերի հետ ներկայացնում է ՀՀ հյուպատոսական հիմնարկ և ստանում Ա-վիզա: Անհրաժեշտ է սահմանել տեղեկանքի գործողության ժամկետ: Եթե նշված ժամանակահատվածում օտարերկրացին չի դիմում Ա-վիզա ստանալու համար, տեղեկանքը համարվում է ուժը կորցրած և գործընթացը անհրաժեշտ է սկսել նորից:

Քայլ 7.

ՀՀ ժամանելուց հետո օտարերկրացին կնքում է աշխատանքային պայմանագիր և դրա պատճենը, ինչպես նաև առողջության ապահովագրությունը, ի թիվս այլ պահանջվող փաստաթղթերի, անձամբ ներկայացնում միգրացիոն ծառայություն, ինչից հետո սահմանված ժամկետում ծառայությունն ընդունում է օտարերկրացուն ՀՀ-ում աշխատանքի թույլտվության տրամադրման մասին որոշում:

Առողջության ապահովագրության ձեռքբերումը կատարվում է աշխատողի կամ գործատուի միջոցներով` փոխադարձ համաձայնությամբ, ինչը ամրագրվում է աշխատանքային պայմանագրում:

2) Առանց մուտքի վիզայի Հայաստանի Հանրապետություն ժամանելու իրավունք ունեցող, ինչպես նաև մուտքի վիզայով ՀՀ-ում օրինական գտնվող օտարերկրացիներ

Քայլ 1.

Գործատուն գրանցվում է համակարգում և լրացնում թափուր պաշտոնի նկարագիրը:

Քայլ 2.

Համակարգն իրականացնում է ավտոմատացված համադրում ՀՀ ԱՍՀՆ-ի տվյալների շտեմարանի հետ` ՀՀ քաղաքացի աշխատանք որոնող գտնելու նպատակով:

Եթե համակարգը չի հայտնաբերում համընկնումներ, գործատուն անմիջապես տեղեկացվում է օտարերկրացու հետ աշխատանքային պայմանագիր կնքելու հնարավորության մասին:

Եթե համակարգը հայտնաբերում է համընկնում, ՀՀ ԱՍՀՆ համապատասխան ստորաբաժանումը ստանում է ծանուցում առկա թափուր աշխատատեղի մասին: Սահմանված ժամկետում թափուր աշխատատեղը ՀՀ քաղաքացիով չհամալրվելու դեպքում գործատուն ստանում է ծանուցում օտարերկրացու հետ պայմանագիր կնքելու հնարավորության մասին: Աշխատատեղը ՀՀ քաղաքացիով համալրելու պարագայում ԱՍՀՆ-ի կողմից կատարվում է համապատասխան նշում համակարգում, ինչից հետո գործատուի կողմից բացված «Հայց»-ը փակվում է և հեռացվում համակարգից:

Քայլ 3.

ՀՀ ԱԱԾ-ի և ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները ստանում են ծանուցում համակարգ մուտքագրված օտարերկրացու տվյալների վերաբերյալ:

Սահմանված ժամկետում նշված մարմինները հայտնում են իրենց դիրքորոշումը կոնկրետ օտարերկրացու վերաբերյալ` կողմ կամ դեմ:

Քայլ 4.

Միգրացիոն ծառայությունը ստացված կարծիքների հիման վրա կայացնում է որոշում` «Տրամադրել աշխատանքի թույլտվություն» կամ «Մերժել աշխատանքի թույլտվության տրամադրումը»:

Քայլ 5.

Oտարերկրացին կնքում է աշխատանքային պայմանագիր և դրա պատճենը, ինչպես նաև առողջության ապահովագրությունը, ի թիվս այլ պահանջվող փաստաթղթերի, անձամբ ներկայացնում միգրացիոն ծառայություն, ինչից հետո սահմանված ժամկետում ծառայությունը նրան տրամադրում է համապատասխան փաստաթուղթը:

Առողջության ապահովագրության ձեռքբերումը կատարվում է աշխատողի կամ գործատուի միջոցներով` փոխադարձ համաձայնությամբ, ինչն ամրագրվում է աշխատանքային պայմանագրում:

3) ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիներ

Քանի որ ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիներն ազատված են աշխատանքի թույլտվություն ստանալու պահանջից ԵԱՏՄ-ի տարածքում, այս պարագայում համակարգը ոչ թե կտրամադրի աշխատանքի թույլտվություն, այլ հանդես կգա որպես գրանցման և հաշվառման հարթակ:

Քայլ 1.

ՀՀ-ում աշխատանքային պայմանագրի կամ ծառայությունների մատուցման մասին պայմանագիրը կնքելուց հետո` սահմանված ժամկետում ԵԱՏՄ անդամ պետության քաղաքացին գրանցվում է համակարգում` լրացնելով համապատասխան ձևաթուղթը և կցելով աշխատանքային պայմանագրի պատճենը:

Քայլ 2.

ԵԱՏՄ անդամ պետության քաղաքացուն տրվում է Միգրացիոն ծառայության կողմից հաստատված տեղեկանք` առ այն, որ անձի աշխատանքային պայմանագիրը գրանցված է համակարգում: Տեղեկանքը կարող է ներկայացվել համապատասխան մարմիններ` որպես ՀՀ-ում օրինական բնակվելու իրավական հիմնավորում:

4) Բացառությունների ցանկում ներառված կատեգորիաների օտարերկրացի աշխատուժ

Քայլ 1.

Բացառությունների ցանկում ներառված համապատասխան խմբերի օտարերկրացիներն աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո` սահմանված ժամկետում գրանցվում են համակարգում` լրացնելով համապատասխան ձևաթուղթը և կցելով աշխատանքային պայմանագրի պատճենը:

Քայլ 2.

ՀՀ մուտքի արտոնագրի ժամկետը սպառվելուց հետո, ՀՀ-ում բնակվելու այլ իրավական հիմք ձեռքբերած չլինելու դեպքում, նրանք կարող են դիմել և ստանալ Միգրացիոն ծառայության կողմից հաստատված տեղեկանք` առ այն, որ անձի աշխատանքային պայմանագիրը գրանցված է համակարգում: Տեղեկանքը կարող է ներկայացվել համապատասխան մարմիններ` որպես ՀՀ-ում օրինական բնակվելու իրավական հիմնավորում:

5) Գործընթացի հսկողություն

Քայլ 1.

Աշխատանքի թույլտվություն ստացած օտարերկրացու կողմից կոնկրետ գործատուի մոտ կոնկրետ աշխատանք կատարելու փաստը ենթակա է մշտադիտարկման: Սահմանված ժամկետում համակարգը ավտոմատացված իրականացնում է ստուգում ՀՀ ՊԵԿ-ի տվյալների շտեմարանի հետ` աշխատանքի թույլտվություն ունեցող օտարերկրացու կողմից վճարված եկամտային հարկի մասով: Եթե հայտնաբերվում է, որ պայմանագրում նշված աշխատավարձի չափին համապատասխան եկամտային հարկեր չեն վճարվել, ապա միգրացիոն ծառայությունը գրավոր ծանուցում է օտարերկրացուն և գործատուին` աշխատանքի թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ որոշում կայացնելու մտադրության մասին:

Քայլ 2.

Աշխատանքի թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու որոշում ընդունելու մտադրության մասին գործատուին և օտարերկրացի աշխատողին տեղեկացնելուց հետո` սահմանված ժամկետում պարզաբանումներ չստանալու դեպքում միգրացիոն ծառայությունն աշխատանքի թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու որոշման նախագիծը ներկայացնում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին` դիրքորոշում ստանալու համար: Աշխատանքի թույլտվությունը համարում է ուժը կորցրած: Համակարգը ավտոմատացված այդ մասին տեղեկացնում ՀՀ ԱԱԾ-ին և ՀՀ ոստիկանությանը:

Քայլ 3.

Աշխատանքի թույլտվության ժամկետը լրանալուց և նոր թույլտվություն չստանալու դեպքում համակարգն ավտոմատ ստուգում է օտարերկրացու` ՀՀ-ում բնակվելու հանգամանքը` կապ հաստատելով ՀՀ ԱԱԾ ՍԷԿՏ համակարգի հետ: Եթե օտարերկրացին լքել է ՀՀ տարածքը, ապա գործը փակվում և հեռացվում է համակարգից: Եթե օտարերկրացին չի հեռացել ՀՀ-ից, ապա համակարգն ավտոմատացված կարգով ստուգում է ՀՀ-ում բնակվելու այլ իրավական հիմքերի ձեռքբերման հանգամանքը` կապ հաստատելով ՀՀ բնակչության պետական ռեգիստրի հետ: Եթե օտարերկրացին չի ստացել համապատասխան կացության կարգավիճակ կամ օրինական բնակվելու այլ հիմք, ապա համակարգն ավտոմատ ծանուցում է ՀՀ ԱԱԾ-ին և ՀՀ ոստիկանությանը խախտման մասին: Կարող են նախատեսվել հսկողական այլ մեխանիզմներ ևս:

 

VI. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

 11. Համակարգի տեխնիկական ներդրման համար ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել դոնոր կազմակերպությունների աջակցությամբ:

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2020 թվականի ապրիլի 30-ի
N 670-Լ որոշման

 

ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

 

 

  Իրականացվելիք միջոցառումները   Գործողությունը Պատասխանատու
կատարողը
(կատարողները
)
Ժամկետը
1. ՀՀ-ում օտարերկրացիների աշխատանքի թույլտվության տրամադրման վերաբերյալ նորմատիվ իրավական ակտերն օտարերկրացիներին
աշխատանքի թույլտվության տրամադրման և
օտարերկրացիների հետ կնքված աշխատանքային
պայմանագրերի հաշվառման էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման ծրագրին համապատասխանեցնելուն ուղղվածնախագծերի մշակում
1.1. Մշակել և ՀՀ վարչապետի
աշխատակազմ ներկայացնել
«Օտարերկրացիների
մասին» ՀՀ օրենքում
լրացումներ և
փոփոխություններ
կատարելու մասին»
ՀՀ օրենքի նախագիծը
ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն
ծառայություն
ՀՀ աշխատանքի
և սոցիալական
հարցերի
նախարարություն
ՀՀ ոստիկանություն
ՀՀ արտաքին գործերի
նախարարություն
ՀՀ ազգային
անվտանգության
ծառայություն
2020 թ.
սեպտեմբերի
3-րդ տասնօրյակ
    1.2. Մշակել և ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում
փոփոխություններ և
լրացումներ կատարելու
մասին» ՀՀ օրենքի նախագիծը
ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն
ծառայություն
ՀՀ աշխատանքի
և սոցիալական
հարցերի
նախարարություն
ՀՀ ոստիկանություն
ՀՀ արտաքին գործերի
նախարարություն
ՀՀ արդարադատության
նախարարություն
2020 թ.ս
եպտեմբերի
3-րդ տասնօրյակ
2. ՀՀ-ում օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության տրամադրման գործընթացում ներգրավված պետական մարմինների
լիազորությունների շրջանակի հստակեցում
2.1. Մշակել և ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնել
«Հայաստանի
Հանրապետության
վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 706-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ վարչապետի
որոշման նախագիծը
ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն
ծառայություն
ՀՀ աշխատանքի և
սոցիալական հարցերի
նախարարություն
2021 թ.
հոկտեմբերի
2-րդ տասնօրյակ
    2.2. Մշակել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի 2018 թվականի հունիսի 11-ի N 158-Լ հրամանում փոփոխություններ ևլրացումներ կատարելումասին» ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանի նախագիծը և ներկայացնել ՀՀ ՏԿԵՆ-ի հաստատմանը ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն
ծառայություն
2021 թ.
հոկտեմբերի
2-րդ
տասնօրյակ
    2.3. Մշակել և ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնե «Հայաստանի Հանրապետության աշխատանքի ևսոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գրասենյակի
կանոնադրությունը հաստատելումասին» ՀՀ վարչապետի որոշման
նախագիծը
ՀՀ աշխատանքի
և սոցիալական
հարցերի
նախարարություն
2021 թ.
հոկտեմբերի
2-րդ
տասնօրյակ
3. Օտարերկրացիներին
աշխատանքի թույլտվության տրամադրման
էլեկտրոնային
կառավարման
համակարգի
մոդելավորում` «Մեկ կանգառ, մեկ
պատուհան» սկզբունքի ներդրման հիման վրա
3.1. Օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության տրամադրման և օտարերկրացիների հետ կնքված աշխատանքային պայմանագրերի հաշվառման էլեկտրոնային կառավարման համակարգի տեխնիկական նկարագրի մշակում ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն
ծառայություն
2020 թ.
ապրիլի
1-ին
տասնօրյակ
    3.2. Օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության տրամադրման և օտարերկրացիների հետ կնքված աշխատանքային պայմանագրերի հաշվառման էլեկտրոնային կառավարման համակարգի ստեղծման տեխնիկական առաջադրանքի մշակում ումրցույթի անցկացում ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն
ծառայություն
Միջազգային
կազմակերպություններ
(համաձայնությամբ)
2020 թ. ապրիլի
2-րդ
տասնօրյակ
    3.3. Սերվերների և այլ
տեխնիկական բաղադրիչների ձեռքբերում և կարգաբերում, ծրագրային ապահովման մշակում
ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն
ծառայություն
Մրցույթի արդյունքում
հաղթող ճանաչված
ընկերություն
(համաձայնությամբ)
2020 թ.
հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ
  Օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության տրամադրման էլեկտրոնային կառավարման
համակարգի
մոդելավորում` «Մեկ կանգառ, մեկ
պատուհան» սկզբունքի ներդրման հիման վրա
3.4. ՀՀ քաղաքացիների
անձնագրերի
տեղեկատվական բազային օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության տրամադրման և օտարերկրացիների հետ
կնքված աշխատանքային պայմանագրերի հաշվառման էլեկտրոնային կառավարման համակարգից հավելվածի ծրագրային գործելակարգ հարցումներ (API call) ուղարկելու հնարավորության ապահովում` ՀՀ կառավարության փոխգործելիության
հարթակի միջոցով`
համաձայն 2015 թվականի օգոստոսի 31-իN 1093-Ն
որոշման
ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն
ծառայություն
ՀՀ ոստիկանություն
«ԷԿԵՆԳ» ՓԲԸ
(համաձայնությամբ)
2021 թ. մայիսի
3-րդ տասնօրյակ
    3.5. Օտարերկրացիների աշխատանքի թույլտվության տրամադրման և օտարերկրացիների հետ
կնքված աշխատանքային պայմանագրերի հաշվառման էլեկտրոնային կառավարման համակարգից ՀՀ ԱԱԾ ՍԷԿՏ համակարգ իրական ժամանակում տվյալների տրամադրման և ստացման հավելվածի ծրագրային գործելակարգ հարցումներ (API call) իրականացնելու հնարավորության ապահովում` ՀՀ կառավարության փոխգործելիության հարթակի միջոցով` համաձայն 2015 թվականի օգոստոսի 31-ի
N 1093-Ն որոշման
ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն
ծառայություն
ՀՀ ազգային
անվտանգության
ծառայություն
«ԷԿԵՆԳ» ՓԲԸ
(համաձայնությամբ)
2021 թ. մայիսի 3-րդ տասնօրյակ
    3.6. ՀՀ ՊԵԿ-ի տվյալների բազային օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության տրամադրման և օտարերկրացիների հետ կնքված աշխատանքային պայմանագրերի հաշվառման էլեկտրոնային կառավարման համակարգի ցհավելվածի ծրագրային գործելակարգ հարցումներ (APIcall)
ուղարկելու հնարավորության ապահովում` ՀՀ կառավարության փոխգործելիության հարթակի միջոցով` համաձայն2015 թվականի օգոստոսի 31-ի N 1093-Ն որոշման
ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն
ծառայություն
ՀՀ պետական
եկամուտների կոմիտե
«ԷԿԵՆԳ» ՓԲԸ
(համաձայնությամբ)
2021 թ. մայիսի 3-րդ տասնօրյակ
    3.7. Ծրագրային ապահովման տեղադրում սերվերների վրա և փորձարկում ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն
ծառայություն
Մրցույթի արդյունքում
հաղթող ճանաչված
ընկերություն
(համաձայնությամբ)
2021 թ.
օգոստոսի
2-րդ
տասնօրյակ
    3.8. Օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության տրամադրման և օտարերկրացիների հետ կնքված աշխատանքային պայմանագրերի հաշվառման էլեկտրոնային կառավարման համակարգը կառավարելու ձեռնարկի մշակում և պետական կառավարման համակարգի համապատասխան մարմինների ներկայացուցիչների համար դասընթացի կազմակերպում ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն
ծառայություն
Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված
ընկերություն(համաձայնությամբ)
2021 թ.
օգոստոսի
2-րդ
տասնօրյակ
    3.9. Օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության տրամադրման և օտարերկրացիների հետ կնքված աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային կառավարման համակարգի մեկնարկ ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն
ծառայություն
2022 թ.
հունվարի
1-ին
տասնօրյակ

 

(2-րդ հավելվածը փոփ. 10.09.20 թիվ 1495-Լ, 25.03.21 թիվ 401-Լ որոշումներ)

 

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.04.2020
N 670-Լ
Որոշում