ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
2 հոկտեմբերի 2020 թվականի N 86
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼԻՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՏԱՐՈՒՄԻՑ ԱՌԱՋԱՑՈՂ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարց
Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը սեփականության իրավունքով իրեն պատկանող անշարժ գույքը ցանկանում է վաճառել շրջանառության հարկ վճարող համարվող անհատ ձեռնարկատիրոջ: Ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում տվյալ դեպքում:
Պատասխան
Հարկային օրենսգրքի`
i
- 143-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար եկամտային հարկով հարկման բազա է համարվում հարկվող եկամուտը, որը որոշվում է որպես օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված համախառն եկամտի և օրենսգրքի 147-րդ հոդվածով սահմանված նվազեցվող եկամուտների դրական տարբերություն,
i
- 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետին համապատասխան` եկամտային հարկով հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտներ են համարվում սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքի (բացառությամբ ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի) օտարումից անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանցից ստացվող եկամուտները: Նույն կետի կիրառության իմաստով` նույն կետի «բ» ենթակետի համաձայն` նվազեցվող եկամուտներ չեն համարվում օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` կառուցապատող համարվող ֆիզիկական անձին պատկանող գույքի օտարումից հարկային գործակալ չհանդիսացողներից ստացվող եկամուտները,
i
- 147-րդ հոդվածի 1-ին մասի 38-րդ կետին համապատասխան` եկամտային հարկով հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտներ են համարվում հողամասի (անկախ հողամասի նպատակային նշանակությունից) օտարումից ստացվող եկամուտները,
i
- 150-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն` գույքի օտարումից հարկային գործակալներից ստացվող ամբողջ եկամուտների մասով (բացառությամբ նույն հոդվածի 11-րդ մասով սահմանված դեպքերի) եկամտային հարկը հաշվարկվում է տասը տոկոս դրույքաչափով,
i
- 152-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ֆիզիկական անձանց եկամուտների մասով եկամտային հարկը հաշվարկում և պահում է հարկային գործակալը` հիմք ընդունելով օրենսգրքի 150-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերը, եթե օրենսգրքի 153-րդ հոդվածով այլ բան սահմանված չէ:
Հաշվի առնելով վերոգրյալը, հայտնում ենք, որ օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան կառուցապատող չհամարվող ֆիզիկական անձի կողմից հարկային գործակալին շինությունների օտարումից առաջանում է եկամտային հարկի պարտավորություն` 10% դրույքաչափով, իսկ հողամասի օտարումից եկամուտների մասով եկամտային հարկի պարտավորություն չի առաջանում (եկամտային հարկով հարկման բազայի որոշման նպատակով հողամասի օտարումից եկամուտները համարվում են նվազեցվող եկամուտներ): Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ ֆիզիկական անձին վճարվող եկամուտների մասով եկամտային հարկի հաշվարկման, պահման և պետական բյուջե փոխանցման պարտավորությունը` որպես հարկային գործակալ, կրում է շրջանառության հարկ վճարող անհատ ձեռնարկատերը:
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ