ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
24 մարտի 2022 թվականի N 382-Լ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի
(Պ-175-25.02.2022-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկություններին:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. մարտի
Երևան
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
(Պ-175-25.02.2022-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` նախագիծ) առաջարկվում է վերանայել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 205-րդ հոդվածի հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը) 3-րդ մասում ամրագրված խոշոր և առանձնապես խոշոր չափերը: Այսպես` առաջարկվում է`
ա. խոշոր չափ համարել տասնհինգհազարապատիկից հիսունհազարապատիկը չգերազանցող գումարը (չորսհազարապատիկից տասնհինգհազարապատիկի փոխարեն),
բ. առանձնապես խոշոր չափ համարել հիսունհազարապատիկը գերազանցող գումարը (տասնհինգհազարապատիկի փոխարեն):
Վերոնշյալի կապակցությամբ` նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ մատնանշվել է, որ բազմաթիվ են դեպքերը և տնտեսավարող սուբյեկտների օբյեկտիվ դժգոհություններն առ այն, որ հարկային մարմինները չարաշահում են քրեական գործ հարուցելու իրենց լիազորությունը` անուղղակի ճնշում գործադրելով և հարկադրելով հարկատուներին վճարել իրենց կողմից չվճարված հարկերը: Մատնանշվել են վիճակագրական տվյալներ, իսկ որպես արդյունք նշվել է, որ Կառավարությունը մեծապես կարևորում է փոքր և միջին ձեռնարկատիրությունը, ուստի այս փոփոխությամբ կնպաստենք այդ ուղղությամբ բարելավումներ իրականացնելու, քանի որ հոդվածն առավելապես առնչվում է փոքր և միջին ձեռնարկատիրությամբ զբաղվողներին: Նախագծի ընդունմամբ հնարավորինս կբացառվի հարկային մարմինների կողմից հարկ վճարողի վրա ճնշման գործադրման կամ/և ռեպրեսիվ միջոցների կիրառմամբ, այն է` քրեական գործի հարուցմամբ կամ դրա հարուցման սպառնալիքով հարկերի հավաքման պրակտիկան: Նախագծի ընդունումը դրական ազդեցություն կունենա նաև գործարար և ներդրումային միջավայրի վրա:
Որպես Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված շեմի փոփոխության հիմնավորում նշվել են հետևյալ հանգամանքները`
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում 2017-2021 թթ. ժամանակահատվածում քննված քրեական գործերի և պետական բյուջե վերականգնված պետությանը պատճառված վնասի վերաբերյալ վիճակագրական տվյալները,
2. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից փոքր և միջին ձեռնարկատիրությանը (ՓՄՁ) օժանդակելու կարևորությունը:
Նախ անհասկանալի է, թե ինչ ազդեցություն կարող են ունենալ քննվող քրեական գործերի և պետությանը պատճառված վնասի պետական բյուջե վերականգնված գումարի ծավալների վերաբերյալ տեղեկություններն առաջարկվող օրենսդրական փոփոխության հետ: Եթե հիմք է ընդունվում զուտ այն հանգամանքը, որ տարեցտարի դրանց թիվն աճել է, ապա այդ հանգամանքը ևս որևէ ազդեցություն չունի առաջարկվող փոփոխության հետ, այլ այն կարող է ունենալ տարբեր պատճառներ, մասնավորապես, կատարված հանցագործությունների աճը, դրանց բացահայտմանն ուղղված գործողությունների արդյունավետությունը և այլն: Այսինքն, եթե զուտ վերը նշված տեղեկությունների հիմքով առաջարկվում է կատարել վերը նշված օրենսդրական փոփոխությունը և, եթե այն ընդունվի, ապա իրականում կլուծվի ոչ թե հանցագործությունների դեմ պայքարի խնդիրը, այլ միայն արհեստականորեն կկրճատվի հարուցված քրեական գործերի քանակը:
3. Միաժամանակ, հարկ ենք համարում նշել, որ նախագծի հիմնավորման մեջ ներկայացված վիճակագրական տվյալները չեն համապատասխանում իրականությանը:
Նախագծի հիմնավորմամբ անդրադարձ է կատարվել նաև վարույթը կարճված քրեական գործերին: Այս մասով հարկ ենք համարում նշել, որ դրանց մի մասը կարճվել են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված խրախուսական նորմի հիման վրա, այսինքն քրեական գործի նախաքննության ընթացքում տնտեսավարող սուբյեկտներն ընդունել են արձանագրված խախտումները, պատրաստակամություն են հայտնել վերականգնել պետությանը պատճառված վնասը և համաձայնել են, որ քրեական գործով վարույթը կարճվի:
Նախագծի հիմնավորման մեջ շեշտվում է նաև «փոքր և միջին ձեռնարկատիրությանը օժանդակելու» կարևորությունը: Կիսելով հեղինակի կարծիքն առ այն, որ այն անհրաժեշտ է պետության բնականոն գործունեության համար, պետք է հաշվի առնել, որ նշված նպատակին կարելի է հասնել մի շարք այլ գործիքների միջոցով, որոնց ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից արդեն իսկ իրականացվել են քայլեր (օրինակ` միկրոբիզնեսն ազատվել է հարկերից), ինչպես նաև համապատասխան գործողություններ են ամրագրվել Կառավարության` 2021-2026 թվականների ծրագրում (այսուհետ` ծրագիր): Այսպես` Կառավարությունը շարունակելու է հարկային քաղաքականության այնպիսի բարեփոխումներ, որոնք նպաստելու են բիզնես միջավայրի մրցունակության բարձրացմանը և միաժամանակ պետական բյուջեով սահմանված հարկային եկամուտների ապահովմանը:
Ինչ վերաբերում է գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանը, ապա հարկ է նշել, որ ծրագրում այս ուղղությունը զարգացնելու նպատակով նախատեսվել են մի շարք թիրախային միջոցառումներ: Մասնավորապես, Կառավարության ներդրումային քաղաքականության նպատակներից են ապահովել ներդրումների պաշտպանության անհրաժեշտ երաշխիքներ` միջազգային լավագույն պրակտիկաների ձևաչափով` կարևորելով ազատ ու հավասար մրցակցությունը, բիզնեսի համար կանխատեսելիությունը և առաջնային դիրքի պահպանման նպատակով դրա շարունակական բարելավումը: Ներդրումային քաղաքականության առաջնահերթ թիրախը նորարարական, նոր գիտելիք ստեղծող ծրագրերի իրագործման համար առավել արագ և ճկուն գործընթացների, ինչպես նաև մրցունակության գործոնների առավելագույն հասանելիության ապահովումն է:
Ընդ որում, հարկ է նկատել, որ նշված օժանդակության միջոցները, թեև ունեն խթանիչ նպատակ, չեն կարող ձևավորել անպատժելիության մթնոլորտ:
4. Միաժամանակ նախագծով առաջարկվող կարգավորումը հարկ ենք համարում քննարկել պատժի արդարության և քննարկվող հանցագործության հանրային վտանգավորության հարցերի համատեքստում`
Պատժի արդարությունը դրսևորվում է հանցագործությանը քրեաիրավական միջոցներով արձագանքելու պարտադիրությամբ, ինչպես նաև հանցագործության և քրեաիրավական ներգործության միջոցների (պատժի) համաչափության ապահովմամբ: Պատիժն արդարացի է, եթե համաչափ է կատարված հանցագործությանը, ինչպես նաև բավարար` պատժի նպատակներին հասնելու տեսանկյունից:
Հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելու հանցակազմը կրիմինոլոգիական իմաստով շահադիտական շարժառիթով կատարվող առավել վտանգավոր հանցատեսակներից է, ամենատարածված և հանրային բարձր վտանգավորություն ունեցող հարկային հանցագործություններից է: Քննարկվող հանցակազմը կոչված է ապահովելու պետության ֆիսկալ գործառույթի բնականոն ընթացքը, որի խափանումը կարող է անդառնալի հետևանքների հանգեցնել ոչ միայն տնտեսության, այլև առհասարակ` երկրի անվտանգության ոլորտում: Հարկերից, տուրքերից կամ պարտադիր այլ վճարից խուսափելու ցանկացած դեպք անմիջականորեն ազդում է պետական բյուջեի բնականոն համալրման գործընթացների վրա: ՈՒստի, նախագծի ընդունման հիմնավորումը պետք է բավարարի փոփոխությունների իրականացման անհրաժեշտությանը:
Միաժամանակ, չենք կիսում նախագծի հիմնավորման մեջ նշված այն կարծիքը, որ հարկային մարմինը չարաշահում է քրեական գործ հարուցելու իր լիազորությունը: Հարկ ենք համարում նշել, որ հարկ վճարողների նկատմամբ քրեական վարույթն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քրեական և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքերին համապատասխան, որի նկատմամբ սահմանված է նաև դատախազական հսկողություն:
Միաժամանակ, նկատի ունենալով Եվրասիական տնտեսական միության երկրներում բիզնես միջավայրի մոտարկմամբ պայմանավորված նոր հնարավորությունները, կարծում ենք, որ խնդրո առարկա հանցակազմի խոշոր չափի փոփոխությունն առնվազն 8 մլն Հայաստանի Հանրապետության դրամ գումարով, իսկ առանձնապես խոշոր չափինն առնվազն 20 մլն Հայաստանի Հանրապետության դրամ գումարով կարող է հիմնավորված համարվել:
Ուստի, առաջարկում ենք նախագծով առաջարկվող փոփոխությունների կատարումը նախաձեռնել 2021 թվականի մայիսի 5-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունված` Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգրքում (այսուհետ` նոր օրենսգիրք) և ամբողջովին վերանայել ներկայացված օրենքի նախագծի հիմքում դրված հիմնավորումները:
Նոր օրենսգրքով, որն ուժի մեջ է մտնելու 2022 թվականի հուլիսի 1-ից, «հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը» հանցակազմով նախատեսված` խոշոր և առանձնապես խոշոր չափերին առնչվող 4-րդ մասը շարադրվել է նոր խմբագրությամբ: Նոր օրենսգրքի 290-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` խոշոր չափ է համարվում 5 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող գումարը, իսկ առանձնապես խոշոր չափ` 15 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող գումարը:
_______________
ԻՐՏԵԿ - Ընդունող մարմնի կայքէջում (www.e-gov.am) հրապարակման ամսաթիվ տրված չէ («Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդ. 23, մաս 7):