ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
10 հունիսի 2021 թվականի N 931-Լ
«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-934-15.04.2021-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետի պաշտոնակատար Տ. Ավինյան
2021 թ. հունիսի
Երևան
«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
(Պ-934-15.04.2021-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծով (այսուհետ` նախագիծ) առաջարկվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 120-րդ հոդվածում կատարել փոփոխություն և լրացում` արդյունքում նախատեսելով, որ Կանոնակարգի 36-րդ հոդվածի 1-ին մասում նշված ժամկետներում գումարվող յուրաքանչյուր հերթական նիստերի չորեքշաբթի օրվա վերջին հիմնական նիստում Կառավարության անդամները պարտադիր կերպով պետք է մոտենան Ազգային ժողովի ամբիոնին և բանավոր պատասխանեն պատգամավորների բանավոր հարցերին կամ բանավոր ներկայացնեն հիմնավորում` պատգամավորների բանավոր հարցերին բանավոր չպատասխանելու պատճառների մասին:
Նախագծին կից ներկայացված հիմնավորման համաձայն` «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 120-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված է, որ Կանոնակարգի 36-րդ հոդվածի 1-ին մասում նշված ժամկետներում գումարվող յուրաքանչյուր հերթական նիստերի չորեքշաբթի օրվա վերջին հիմնական նիստում Կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների բանավոր հարցերին: Սակայն գործնականում Կառավարության անդամները, գտնվելով ԱԺ նիստերի դահլիճում, երբեմն բանավոր չեն պատասխանում պատգամավորների բանավոր հարցերին` փոխարենը նիստը վարողի միջոցով առաջարկելով հարցը ներկայացնել գրավոր: Ուստի, ներկայացված նախագծի ընդունումը նպատակ ունի սահմանել պարտադիր պահանջ Կառավարության անդամների համար` ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «պարտադիր մոտենալ ԱԺ ամբիոնին և բանավոր պատասխանել պատգամավորների հարցերին կամ բանավոր ներկայացնել հիմնավորում` պատգամավորների հարցերին բանավոր չպատասխանելու պատճառների մասին...:»:
Այս առումով հարկ ենք համարում նշել, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` փորձաքննության ներկայացվող նորմատիվ իրավական ակտին կցվող հիմնավորման մեջ շարադրվում են կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը, առկա իրավիճակը (եթե կիրառելի է), կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը, ակտի նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը:
Վերոգրյալ իրավակարգավորման բովանդակությունից պարզ է դառնում, որ նորմատիվ իրավական ակտի ընդունման հիմնավորման ճիշտ կառուցվածքն ու բովանդակությունն ունեն առանցքային և կարևոր նշանակություն, հետևաբար, նորմատիվ իրավական ակտի նախագծի հիմնավորման մեջ պետք է ներառվեն նախագծով առաջարկվող կարգավորումների նպատակի վերաբերյալ համապատասխան վերլուծություններ, մինչդեռ ներկայացված նախագծի հիմնավորումից պարզ չէ, թե նախագծով առաջարկվող կարգավորումներն ինչ իրավաչափ նպատակ են հետապնդում և ոլորտում առկա ինչ խնդրի լուծմանն են ուղղված:
Այս առումով հարկ ենք համարում նշել, որ երբեմն պատգամավորների հնչեցրած հարցերին առավել պատշաճ պատասխանելու համար կառավարության անդամների կողմից պատգամավորներին առաջարկվում է նշված հարցով կառավարությանը դիմել գրավոր տարբերակով: Հիշյալ հանգամանքը սովորաբար պայմանավորված է լինում տրված հարցերի բնույթով (երբ օրինակ հարցի ակնկալվող պատասխանը պահանջում է լրացուցիչ տեղեկատվություն): Հարկ է նշել նաև, որ հիշյալ պրակտիկան կիրառվել է նաև 6-րդ գումարման Ազգային ժողովում:
Բացի այդ, մեր կարծիքով պատգամավորի կողմից տրված հարցին ցանկացած եղանակով (բանավոր, գրավոր) պատասխանելու արդյունքն առաջին հերթին հայցվող տեղեկատվության փոխանցումն է պատգամավորին և հասարակությանը բովանդակային առումով, այլ ոչ թե զուտ ձևական կողմի պահպանումը: Ուստի Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ նախագծով առաջարկվող կարգավորումների ընդունումը պատշաճ չափով հիմնավորված չէ և առաջարկում է նախագծով քննարկվող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ:
_______________
ԻՐՏԵԿ - Ընդունող մարմնի կայքէջում (www.e-gov.am) հրապարակման ամսաթիվ տրված չէ («Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդ. 23, մաս 7):