ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
12 փետրվարի 2021 թվականի N 186-Լ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԿԱՄ ՓԱՍՏԱՑԻ ԲՆԱԿՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ 4 ԱՄԻՍ ԺԱՄԿԵՏՈՎ ԱՄՍԱԿԱՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83-րդ հոդվածը և 146-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Արցախի Հանրապետությունում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիներին 4 ամիս ժամկետով ամսական դրամական օգնություն տրամադրելու միջոցառումը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`
ա) մինչև 2021 թվականի փետրվարի 17-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն` Արցախի Հանրապետության բնակավայրի հասցեով հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիներին 4 ամիս ժամկետով ամսական դրամական օգնություն տրամադրելու միջոցառումը ֆինանսավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացում կատարելու վերաբերյալ,
բ) մինչև 2021 թվականի փետրվարի 25-ը ներկայացնել սույն որոշմամբ սահմանված աջակցության տրամադրման կարգը:
3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` մինչև 2021 թվականի փետրվարի 19-ը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությանը տրամադրել փետրվարի 10-ի դրությամբ` Արցախի Հանրապետության բնակավայրի հասցեով հաշվառված անձանց (այդ թվում` մինչև 18 տարեկան երեխաների) տվյալները:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2021 թ. փետրվարի
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2021 թվականի փետրվարի 12-ի
N 186-Լ որոշման
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԿԱՄ ՓԱՍՏԱՑԻ ԲՆԱԿՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ 4 ԱՄԻՍ ԺԱՄԿԵՏՈՎ ԱՄՍԱԿԱՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ
1. Միջոցառման նպատակն է սոցիալական աջակցություն տրամադրել 2021 թվականի փետրվարի 10-ի դրությամբ Արցախի Հանրապետությունում հաշվառված կամ սույն հավելվածի 2-րդ կետում նշված` փաստացի բնակված քաղաքացիներին` Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի տնտեսական և սոցիալական հետևանքները մեղմելու համար:
2. Սույն միջոցառման իմաստով Արցախի Հանրապետությունում փաստացի բնակված քաղաքացիներ են համարվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 21-ի N 1820-Լ կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 2021-Լ որոշումներով հաստատված միջոցառումների այն շահառուները, որոնք հանդիսացել են մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը առնվազն վերջին 3 ամիսը փաստացի բնակված քաղաքացիներ (այսուհետ` փաստացի բնակված քաղաքացիներ):
3. Սոցիալական աջակցությունը տրամադրվում է ամենամսյա դրամական օգնության ձևով` ոչ ավելի, քան 4 ամսվա համար` սկսած 2021 թվականի մարտ ամսվանից:
4. Դրամական օգնության ամսական չափը 68000 դրամ է:
5. Սույն միջոցառման շահառու են Արցախի Հանրապետությունում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիները, բացառությամբ 18-63 տարեկան արական սեռի այն անձանց, ովքեր չեն հանդիսանում հաշմանդամություն ունեցող անձ կամ չունեն կենսաթոշակ կամ պարգևավճար ստանալու իրավունք:
(5-րդ կետը փոփ. 22.04.2021 թիվ 640-Լ որոշում)
6. Սույն միջոցառման շահառու մինչև 18 տարեկան երեխային ամսական դրամական օգնությունը տրամադրվում է նրա ծնողին, իսկ երեխայի նկատմամբ խնամակալություն սահմանված լինելու դեպքում` խնամակալին (այսուհետ` ծնող), անկախ ծնողի` սույն միջոցառման շահառու լինելու հանգամանքից:
(6-րդ կետը փոփ. 22.04.2021 թիվ 640-Լ որոշում)
_______________
ԻՐՏԵԿ - Ընդունող մարմնի կայքէջում (www.e-gov.am) հրապարակման ամսաթիվ
տրված չէ («Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդ. 23,
մաս 7):