Սեղմել Esc փակելու համար:
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ՍԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 դեկտեմբերի 2020 թվականի N 2073-Լ

 

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՎՆԱՍՎԱԾՔ ԿԱՄ ԽԵՂՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83-րդ հոդվածը և 146-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողների աջակցության միջոցառումը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման իմաստով վնասվածք կամ խեղում ստացած զինծառայող է համարվում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված անձը, ում վրա տարածվում են Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի խորհրդի 2017 թվականի մարտի 2-ի N 9 որոշման 9-17-րդ կետերի դրույթները կամ այն զինծառայողը, ով առողջական վիճակի պատճառով հանդիսանում է առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ, սակայն դեռևս չի ճանաչվել Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի շահառու:

(2-րդ կետը փոփ. 18.02.2021 թիվ 206-Լ որոշում)

3. Սահմանել, որ սույն միջոցառման ֆինանսավորման համար անհրաժեշտ միջոցները Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամին է տրամադրում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, 500,000.0 հազ. դրամի չափով, որից հետո` եռամսյա պարբերականությամբ` հիմք ընդունելով Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի ներկայացրած հաշվետվությունը սույն միջոցառման շրջանակներում կատարված փաստացի ծախսերի վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. դեկտեմբերի 18

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2020 թվականի դեկտեմբերի 17-ի

N 2073-Լ որոշման

 

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՎՆԱՍՎԱԾՔ ԿԱՄ ԽԵՂՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

 

1. Միջոցառման նպատակն է սոցիալական աջակցություն տրամադրել Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողներին (այսուհետ` շահառու): Շահառուի կողմից առողջական վիճակով պայմանավորված ամենամսյա դրամական վճարն ստանալու անհնարինության դեպքում դրամական վճարը տրամադրվում է շահառուի ընտանիքի անդամներին` ամուսնուն կամ զավակին կամ ծնողին, որի վերաբերյալ նշված անձինք (առկայության դեպքում) ներկայացնում են համատեղ ստորագրված դիմում` դրամական վճարը նրանցից որևէ մեկի անունով բացված հաշվին փոխանցելու մասին:

(1-ին կետը փոփ. 29.04.2021 թիվ 660-Լ որոշում)

2. Սոցիալական աջակցությունը տրամադրվում է ամենամսյա դրամական վճարի ձևով` Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի (այսուհետ` հիմնադրամ) միջոցով, բայց ոչ ավելի, քան 6 ամսվա համար`

1) ամսական 200000 դրամի չափով` հիմնադրամի խորհրդի 2017 թվականի մարտի 2-ի N 9 որոշման 9-րդ կետով սահմանված 100000 դրամ ստացող զինծառայողին.

2) ամսական 300000 դրամի չափով` այն զինծառայողին, ով առողջական վիճակի պատճառով հանդիսանում է առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ, սակայն դեռևս չի ճանաչվել հիմնադրամի շահառու: Ընդ որում, եթե սույն ենթակետում նշված անձն ստացել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունվարի 27-ի N 90-Լ որոշմամբ նախատեսված միանվագ դրամական օգնությունը, ապա սույն ենթակետում նշված ամենամսյա դրամական վճարը նվազեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունվարի 27-ի N 90-Լ որոշման համաձայն ստացված միանվագ դրամական օգնության չափով` յուրաքանչյուր ամսվա համար նվազեցնելով 100000 դրամի չափով: Նվազեցումը կատարվում է օգնությունն ստացած անձանց վերաբերյալ հիմնադրամին տրամադրված ցուցակներում նվազեցման վերաբերյալ նշումների հիման վրա:

(2-րդ կետը փոփ. 18.02.2021 թիվ 206-Լ, 29.04.2021 թիվ 660-Լ որոշումներ)

3. (3-րդ կետն ուժը կորցրել է 18.02.2021 թիվ 206-Լ որոշում)

4. Ամենամսյա դրամական վճարի տրամադրումը դադարեցվում է, եթե`

1) վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողը ճանաչվել է հիմնադրամի շահառու, շահառու ճանաչվելու ամսվա 1-ից.

2) ամենամսյա դրամական վճարը վճարվել է 6 ամսվա համար` 6-րդ ամսվան հաջորդող ամսվա 1-ից,

3) ամենամսյա դրամական վճար տրամադրելու վերաբերյալ որոշում կայացնելուց հետո քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացվել են տեղեկություններ, որ զինծառայողը վնասվածքը կամ խեղումն ստացել է զորամասը կամ ծառայության վայրը ինքնակամ թողնելու կամ դասալքության կամ կամովին գերի հանձնվելու կամ մարտադաշտն ինքնակամ լքելու հետևանքով:

5. Եթե ամենամսյա դրամական վճարի տրամադրումը դադարեցվում է սույն հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետի հիման վրա, ապա վճարված գումարները նվազեցվում են շահառուին հիմնադրամից վճարման ենթակա միանվագ գումարից:

6. Եթե ամենամսյա դրամական վճարի տրամադրումը դադարեցվում է սույն հավելվածի 4-րդ կետի 2-րդ ենթակետի հիման վրա, ապա վճարված գումարները շահառուից ետ չեն պահանջվում և դիտարկվում են որպես հիմնադրամի ծախս:

7. Եթե ամենամսյա դրամական վճարի տրամադրումը դադարեցվում է սույն հավելվածի 4-րդ կետի 3-րդ ենթակետի հիման վրա, ապա վճարված գումարները կարող են վերադարձվել զինծառայողի կամ այլ անձի կողմից կամ հիմնադրամի կողմից գանձվել դատական կարգով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.12.2020
N 2073-Լ
Որոշում