ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 ապրիլի 2021 թվականի N 653-Լ
«ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-912-29.03.2021-ԳԿ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետի պաշտոնակատար Տ. Ավինյան
2021 թ. ապրիլի
Երևան
«ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-912-29.03.2021-ԳԿ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
«Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` նախագիծ) նախատեսվում է «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 26-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 1.1-ին կետով, համաձայն որի` առնվազն 2 անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին բավարարող անձի կողմից չհամալրվելու դեպքում, ուսուցչի տվյալ թափուր տեղի համար կարող է դիմել նաև տվյալ առարկայի մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից երաշխավորված կազմակերպության (կազմակերպությունների), այդ թվում` բարձրագույն ուսումնական հաստատության առաջարկած համապատասխան կրթական ծրագրին մասնակցության միջոցով մանկավարժության առնվազն երեսուն կրեդիտ ունեցող անձը:
Նախագծին կից ներկայացված հիմնավորման բովանդակային վերլուծությունից պարզ է դառնում, որ նախագծի ընդունման նպատակն է ուսուցչական կադրերի համալրման և մասնագետների ընտրության այլընտրանքային տարբերակի ներդրումը և որակյալ մրցակցություն ունենալու հնարավորության ստեղծումը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ուսուցիչների բացակայությամբ պայմանավորված առարկաների դասավանդման անհնարինության արդյունքում խախտվում է երեխաների կրթության իրավունքը, և բացի այդ, վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ ոլորտը մարդկային ռեսուրսների երիտասարդացման կարիք ունի:
Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է.
1. 1-ին հոդվածում «26-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 1.1-րդ կետով» բառերը փոխարինել «26-րդ հոդվածը լրացնել 1.1-ին մասով» բառերով:
2. 1-ին հոդվածով լրացվող 1.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրմամբ'
«1.1. Առնվազն 2 անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին բավարարող անձի կողմից չհամալրվելու դեպքում ուսուցչի տվյալ թափուր տեղի համար կարող է դիմել նաև համապատասխան որակավորում (բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճանով) և սույն օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից երաշխավորված կազմակերպության (կազմակերպությունների), այդ թվում` բարձրագույն ուսումնական հաստատության առաջարկած համապատասխան կրթական ծրագրին մասնակցության միջոցով մանկավարժության առնվազն երեսուն կրեդիտ ունեցող անձը:»:
3. Նախագծի 2-րդ հոդվածն առաջարկում ենք հանել, քանի որ մանկավարժական կրեդիտները կուտակելու համար օրենքով սահմանված կրթական ծրագրում ընդգրկված լինելու հանգամանքը դեռ չի երաշխավորում, որ անձը պարտադիր հավաքելու է համապատասխան կրեդիտները, որը հիմք է տվյալ առարկայի մասնագիտական որակավորում ունեցող անձին ուսուցչի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին մասնակցելու համար:
4. Առաջարկում ենք նախագիծը լրացնել նոր հոդվածով, որով կնախատեսվի փոփոխություն կատարել օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասում` «ստաժ» բառից հետո լրացնելով «բացառությամբ սույն հոդվածի 1.1-ին մասով նախատեսված դեպքերի» բառերը:
Հայտնում ենք նաև, որ սույն օրենքի առաջարկվող փոփոխությունից հետո անհրաժեշտություն կառաջանա երկամսյա ժամկետում համապատասխան փոփոխություն կատարել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության հիմնական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկը և նկարագրերը հաստատելու մասին» N 1391-Ն որոշման մեջ: